Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 դեկտեմբերի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 60013476
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
1 նոյեմբերի 2013 թ. ք. Երևան |
N 374-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել՝
1) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունվարի 30-ի « Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» N 4 որոշումը,
2) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունիսի 20-ի «ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունվարի 30-ի N 4 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 42-Ն որոշումը,
3) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի մարտի 25-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունվարի 30-ի N 4 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 32-Ն որոշումը,
4) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի նոյեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունվարի 30-ի N 4 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 168-Ն որոշումը,
5) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունվարի 30-ի N 4 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 330-Ն որոշումը,
6) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունվարի 30-ի N 4 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 280-Ն որոշումը,
7) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունվարի 30-ի N 4 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 351-Ն որոշումը,
8) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի սեպտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունվարի 30-ի N 4 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 450-Ն որոշումը,
9) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2012 թվականի հունիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունվարի 30-ի N 4 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 204-Ն որոշումը,
10) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2012 թվականի նոյեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունվարի 30-ի N 4 որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» N 432-Ն որոշումը,
11) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի մայիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունվարի 30-ի N 4 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 174-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Ռ. Նազարյան |
Հաստատված է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի N 374-Ն որոշմամբ |
Կ Ա Ր Գ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը սահմանում է էներգետիկայի բնագավառում սույն կարգով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների իրականացման համար լիցենզիայի տրամադրման, գործողության ժամկետի (ժամանակահատվածի) երկարաձգման, ժամանակահատվածների ամրագրման և ճշգրտման, վերաձևակերպման, գործողության կասեցման, կասեցման վերացման և դադարեցման ընթացակարգերը։
(1-ին կետը լրաց. 19.06.24 N 193-Ն)
1.1 Սույն կարգում հասկացություններն ունեն «Էներգետիկայի մասին» և «Լիցենզավորման մասին» օրենքներով սահմանված նշանակությունը։
(1.1-ին կետը լրաց. 13.04.22 N 140-Ն)
2. Լիցենզիան տրվում է իրավաբանական կամ ֆիզիկական անձանց։
3. Էներգետիկայի բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներն են.
1) էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրություն, ջերմային էներգիայի արտադրություն կամ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրություն.
2) էլեկտրական էներգիայի հաղորդում, ջերմային էներգիայի փոխադրում կամ բնական գազի փոխադրում.
3) էլեկտրական էներգիայի բաշխում, ջերմային էներգիայի բաշխում կամ բնական գազի բաշխում.
4) էլեկտրական էներգիայի մատակարարում, էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարում.
5) էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի կամ գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայություն.
6) էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի ծառայություն.
7) էլեկտրական էներգիայի մեծածախ առևտուր.
8) բնական գազի ներկրում կամ բնական գազի արտահանում:
4. Կարգավորման (այդ թվում՝ լիցենզավորման) ենթակա չեն՝
1) բացառապես սեփական կարիքների համար ջերմային և էլեկտրական էներգիայի համակցված և էլեկտրական էներգիայի արտադրության գործունեությունը՝ արտադրության ժամանակահատվածում, ինչպես նաև ջերմային էներգիայի արտադրության գործունեությունը՝ կառուցման և արտադրության ժամանակահատվածում.
2) ջերմային էներգիայի արտադրության, փոխադրման և բաշխման գործունեությունները, եթե այդ համակարգերի դրվածքային հզորությունը չի գերազանցում 5.8 ՄՎտը.
3) անօրգանական և օրգանական վառելիք օգտագործող մինչև 1 ՄՎտ դրվածքային հզորությամբ կայանում էլեկտրական էներգիայի արտադրության գործունեությունը՝ կառուցման ժամանակահատվածում.
4) միկրոէներգաարտադրողի գործունեությունը՝ կառուցման ժամանակահատվածում, բացառությամբ հիդրոէլեկտրակայանների, և էլեկտրական էներգիայի արտադրության ժամանակահատվածում.
5) ինքնավար էներգաարտադրողի գործունեությունը՝ կառուցման և էլեկտրական էներգիայի արտադրության ժամանակահատվածում։
(4-րդ կետը խմբ. 13.04.22 N 140-Ն)
5. Սույն կարգի 3-րդ կետով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեությունների էությունը կազմող գործառույթները սահմանվում են համապատասխան գործունեության լիցենզիաներով: Լիցենզիայի անբաժանելի մասն են համարվում լիցենզավորված գործունեության իրականացման պայմանները:
6. Լիցենզիայի գործողության ժամկետը (ժամանակահատվածը) և գործունեության իրականացման աշխարհագրական տարածքը (բնական գազի արտահանման կամ ներկրման լիցենզիաների դեպքում՝ համապատասխանաբար արտահանման կամ ներկրման վայրերը (երկրները) սահմանվում է Հանձնաժողովի որոշմամբ և ամրագրվում տվյալ լիցենզիայում:
7. Էլեկտրական և ջերմային էներգիայի, բնական գազի առք ու վաճառք իրականացնել (վաճառքի նպատակով գնել) կարող են միայն համապատասխան գործունեության լիցենզիա ունեցող անձինք, եթե այլ բան նախատեսված չէ «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ Օրենք):
8. Էլեկտրական էներգիայի ներկրումը և (կամ) արտահանումը կարող են իրականացվել միայն Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) տրված գործունեության այն տեսակի լիցենզիայի շրջանակում, որը, Օրենքի համաձայն, ներառում է էլեկտրական էներգիայի ներկրում և (կամ) արտահանում իրականացնելու իրավունքը՝ Օրենքին և շուկայի կանոններին համապատասխան: Էլեկտրական էներգիայի ներկրում կարող է իրականացնել նաև որակավորված սպառողը։
9. Էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության, ջերմային էներգիայի արտադրության, էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության լիցենզիաները տրվում են՝ հաշվի առնելով տեղական պաշարների արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը, ներքին շուկայի սպառողների շահերի պաշտպանությունը՝
1) մինչև 30 ՄՎտ դրվածքային հզորությամբ վերականգնվող էներգետիկ ռեսուրս օգտագործող կայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիաների պարագայում՝ նաև հաշվի առնելով էներգետիկայի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրերից բխող առաջարկությունները՝ տվյալ կայանների տարեկան գումարային հզորությունների առավելագույն չափաքանակների վերաբերյալ, բացառությամբ սույն կարգի 9․1-րդ կետով նախատեսված դեպքի.
2) 30 ՄՎտ և ավելի դրվածքային հզորությամբ էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիաների պարագայում՝ նաև ստանալով էներգետիկայի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի համաձայնությունը:
(9-րդ կետը լրաց. 13.04.22 N 140-Ն)
9.1 Վերականգնվող էներգետիկ ռեսուրս օգտագործող կայանում Էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա կարող է տրամադրվել նաև, երբ անկախ այդ կայանի համար սույն կարգի 9-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված տարեկան գումարային հզորությունների առավելագույն չափաքանակների առկայության հանգամանքից, կառուցման ժամանակահատված ներառող էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստանալու համար հայտատուն գրավոր կարգով Հանձնաժողովին ուղղված դիմումով հրաժարվում է Օրենքով սահմանված էլեկտրաէներգիայի գնման երաշխիքից, որից հետագայում այլևս օգտվել չի կարող:
(9.1-ին կետը լրաց. 13.04.22 N 140-Ն)
9.2 Բացառապես սեփական կարիքների համար էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստացած անձին էլեկտրական էներգիայի վաճառքի իրավունք կարող է տրվել, երբ, անկախ այդ կայանի համար սույն կարգի 9-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված տարեկան գումարային հզորությունների առավելագույն չափաքանակների առկայության հանգամանքից, բացառապես սեփական կարիքների համար էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստացած անձը գրավոր կարգով Հանձնաժողովին ուղղված դիմումով հրաժարվում է Օրենքով սահմանված էլեկտրաէներգիայի գնման երաշխիքից, որից հետագայում այլևս օգտվել չի կարող: Էլեկտրական էներգիայի վաճառքի իրավունքը տրվում է բացառապես սեփական կարիքների համար տրամադրված էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայում սույն կարգին համապատասխան փոփոխություն կատարելու միջոցով, իսկ բացառապես սեփական կարիքների համար էլեկտրական էներգիա արտադրող անձին էլեկտրական էներգիայի վաճառքի իրավունքը տրվում է կառուցման ժամանակահատված չներառող էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայի տրամադրման միջոցով։
(9.2-րդ կետը լրաց. 13.04.22 N 140-Ն)
10. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու իրավունք ունեցող անձինք կարող են զբաղվել այդ գործունեությամբ լիցենզիան ուժի մեջ մտնելու պահից մինչև դրա գործողության ժամկետի ավարտը, իսկ ժամանակահատված ամրագրված լինելու դեպքում՝ այդ ժամանակահատվածում։ Լիցենզիան ուժի մեջ է մտնում «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետում։
11. Լիցենզիան չի կարող այլ անձանց օգտագործման տրվել‚ օտարվել կամ գրավադրվել՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։ Լիցենզիայի պայմաններով նախատեսված դեպքերում լիցենզիայի էությունը կազմող գործառույթները կարող են պատվիրակվել այլ անձանց միայն Հանձնաժողովի համաձայնությունը ստանալուց հետո։
12. Լիցենզիայի գործողությունը չի տարածվում լիցենզավորված անձի հետ համատեղ, այդ թվում` համատեղ գործունեության պայմանագրով գործունեություն իրականացնող այլ անձանց, ինչպես նաև լիցենզավորված անձի մասնակցությամբ հիմնադրված կամ գործող անձանց վրա:
13. Լիցենզիայի տրման (ժամանակահատվածի ամրագրման), լիցենզիայի գործողության ժամկետի (ժամանակահատվածի) երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, լիցենզիայի կրկնօրինակի տրման համար գանձվում է պետական տուրք՝ օրենքով սահմանված կարգով և չափով: Հայտատուի (լիցենզավորված անձի) կողմից պետական տուրքի վճարման և օրենքով սահմանված ժամկետում այն չվճարելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Լիցենզավորման մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով:
14. Օտարերկրյա իրավաբանական անձինք Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող են իրականացնել լիցենզավորման ենթակա գործունեություն օտարերկրյա պետությունների տված համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում:
15. Սույն կարգով նախատեսված իրազեկումը, այդ թվում՝ փաստաթղթերի հանձնումը, կատարվում է օրենքով սահմանված կարգով և ժամկետում՝ հաշվի առնելով սույն կարգով նախատեսված առանձնահատկությունները։
15․1․ (կետն ուժը կորցրել է 13.04.22 N 140-Ն)
15.2. Սույն կարգով նախատեսված հայտը (դիմումը) մերժվելուց հետո կրկին ներկայացման դեպքում համարվում է նոր հայտ (նոր դիմում)։
(15.2-րդ կետը լրաց. 31.03.21 N 95-Ն, փոփ. 19.06.24 N 193-Ն)
ԳԼՈՒԽ 2. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ
16. Լիցենզիա ստանալու համար Հանձնաժողով է ներկայացվում հայտ, որը պետք է լրացված լինի սույն կարգի N 1 հավելվածի համաձայն և պարունակի սույն կարգի N 2 հավելվածով տվյալ տեսակի լիցենզիայի համար նախատեսված փաստաթղթերը։
17. Հայտատուն, օրենքով սահմանված կարգով, պատասխանատվություն է կրում Հանձնաժողով ներկայացրած տեղեկատվության հավաստիության համար:
18. Հայտը և նրանում ընդգրկված փաստաթղթերը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կարգով սահմանված պահանջներին:
19. Հայտը Հանձնաժողով մուտքագրվելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում Հանձնաժողովի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումները ստուգում են հայտի ամբողջականությունը, նրանում ընդգրկված փաստաթղթերի ձևակերպման ճշտությունը և համապատասխանությունը սույն կարգի պահանջներին, և ամբողջական չլինելու, ձևակերպման անճշտություններ և սույն կարգի պահանջներին անհամապատասխանություններ հայտնաբերելու դեպքում Հանձնաժողովը գրավոր առաջարկում է հայտատուին 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել դրանք։
(19-րդ կետը լրաց. 19.06.24 N 193-Ն)
20. (կետն ուժը կորցրել է 17.06.20 N 212-Ն)
21. (կետն ուժը կորցրել է 19.06.24 N 193-Ն)
22. (կետն ուժը կորցրել է 19.06.24 N 193-Ն)
23. (կետն ուժը կորցրել է 19.06.24 N 193-Ն)
24. Հանձնաժողովն սկսում է հայտի քննարկման գործընթացը և կայացնում համապատասխան որոշում՝ սկսած հայտատուի կողմից բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը Հանձնաժողով ներկայացնելու պահից 80 աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ փոքր հիդրոէլեկտրակայանների և էներգիայի վերականգնվող այլ աղբյուրների կիրառմամբ գործող կայաններում էլեկտրական էներգիայի արտադրության, որոնց դեպքում համապատասխան որոշումը կայացվում է սկսած հայտատուի կողմից բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը Հանձնաժողով ներկայացնելու պահից 25 աշխատանքային օրվա ընթացքում:
(24-րդ կետը փոփ.19.06.24 N 193-Ն)
25. Հանձնաժողովը հայտը մերժում է, եթե՝
1) հայտատուի ներկայացրած փաստաթղթերը կամ տեղեկությունները չեն համապատասխանում սույն կարգի պահանջներին, կամ սույն կարգի 19-րդ կետում նշված ժամկետում հայտատուն չի վերացրել հայտնաբերված անհամապատասխանությունները.
2) լիցենզիա տալու դեպքում սահմանափակվում է մեկ այլ լիցենզավորված անձին տրված իրավունքը.
3) լիցենզավորվող գործունեության իրականացումը կհանգեցնի էներգետիկայի բնագավառի հուսալիության և անվտանգության ցուցանիշների խաթարման կամ Հայաստանի Հանրապետության բնական պաշարների անարդյունավետ օգտագործման, ներքին շուկայի սպառողների շահերի խախտման.
4) հայտատուն օրենքի, այլ իրավական ակտերի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվել հայցվող լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով, կամ գտնվում է սնանկության կամ լուծարման գործընթացում.
5) բնական գազի ներկրման կամ արտահանման լիցենզավորվող գործունեության իրականացումը հնարավոր չէ ներկրման կամ արտահանման առաջարկվող ռեժիմների պայմաններում կամ հանգեցնում է, կամ կարող է հանգեցնել էներգետիկայի բնագավառի հուսալիության և անվտանգության խաթարման կամ հակասում է, կամ կարող է հակասել ներքին շուկայի սպառողների շահերին.
6) մինչև 30 Մվտ դրվածքային հզորությամբ վերականգնվող էներգետիկ ռեսուրս օգտագործող կայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիաների պարագայում՝ տվյալ կայանների տարեկան գումարային հզորությունների առավելագույն չափաքանակները լրացել են, կամ լիցենզիան տրամադրելու պարագայում կլրանան, բացառությամբ սույն կարգի 9․1-ին կետով նախատեսված դեպքի.
7) 30 ՄՎտ և ավելի դրվածքային հզորությամբ էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիաների պարագայում՝ չի ստացվել էներգետիկայի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի համաձայնությունը.
8) էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության սակագնային կարգավորման ենթակա լիցենզավորված գործունեություն իրականացնելու դեպքում Հանձնաժողով ներկայացված՝ կայանից առաքվող էլեկտրական էներգիայի (հզորության) սակագնի սահմանման հայտը ուսումնասիրության չի ընդունել, մերժվել է, ենթակա է մերժման կամ տվյալ հայտը չի ներկայացվել:
(25-րդ կետը խմբ. 17.06.20 N 212-Ն, փոփ., լրաց. 13.04.22 N 140-Ն, լրաց. 19.06.24 N 193-Ն)
26. Հայտի մերժման մասին Հանձնաժողովի որոշումը չի կարող ազդեցություն ունենալ անձի` հաջորդ հայտերի քննարկման վրա:
27. Հանձնաժողովը լիցենզիայի տրման կամ հայտի մերժման մասին որոշման պատճենը «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետում հանձնում է հայտատուին:
28. Հանձնաժողովը լիցենզիա տրամադրելու մասին որոշում ընդունելուց հետո լիցենզավորված անձի ներկայանալու դեպքում լիցենզիան՝ մեկ օրինակից անմիջապես առձեռն հանձնում է վերջինիս, իսկ չներկայանալու դեպքում՝ լիցենզիան պահվում է Հանձնաժողովի համապատասխան ստորաբաժանումում՝ մինչև լիցենզավորված անձի ներկայանալը։ Լիցենզիա ստացած անձի ստորագրությամբ լիցենզիայի ստացման կտրոնը (հավելված N 6) պահվում է Հանձնաժողովում։
29. Հանձնաժողովում յուրաքանչյուր լիցենզավորված անձի համար վարվում է հաշվառման գործավարություն և կազմվում անհատական գործ: Լիցենզիայի գործողությունը դադարեցվելու դեպքում անհատական գործը պահվում է Հանձնաժողովում օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:
ԳԼՈՒԽ 3. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ (ՀԶՈՐՈՒԹՅԱՆ), ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԿԱՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԵՎ ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՄԱԿՑՎԱԾ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ
30. Էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձին տրվում է լիցենզիայով սահմանված տարածքում էլեկտրական էներգիա արտադրող կայան (ներառյալ՝ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության կայան) կառուցելու (վերակառուցելու), էլեկտրական էներգիա (հզորություն) արտադրելու և շուկայի կանոնների համաձայն մեծածախ շուկայում այն վաճառելու կամ արտահանելու, շուկայի կանոններով և լիցենզիայի պայմաններով սահմանված կարգով և դեպքերում էլեկտրական էներգիան էլեկտրաէներգետիկական համակարգի մեկ կամ ավելի կետերում արտադրելու և նույն կամ տարբեր կետերում սպառելու իրավունք, ինչպես նաև այն դեպքերում, երբ արտադրողը սեփական արտադրության էլեկտրական էներգիայով չի կարողանում կատարել իր պայմանագրային պարտականությունները՝ այդ նպատակով էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում էլեկտրական էներգիա գնելու իրավունք:
(30-րդ կետը լրաց. 13.04.22 N 140-Ն)
31. Էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձինք Հանձնաժողովի սահմանած սակագներով պարտավոր են էլեկտրական էներգիան վաճառել երաշխավորված մատակարարին, այլ մատակարարներին և որակավորված սպառողներին՝ շուկայի կանոններով սահմանված դեպքերում և կարգով: Մնացած դեպքերում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձինք էլեկտրական էներգիան կարող են վաճառել շուկայի մասնակիցներին կամ արտահանել չկարգավորվող գներով:
32. Ջերմային էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձին տրվում է լիցենզիայով սահմանված տարածքում ջերմային էներգիա արտադրող կայան կառուցելու (վերակառուցելու), ջերմային էներգիա արտադրելու և Հանձնաժողովի սահմանած կարգով դա վաճառելու իրավունք: Ջերմային էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձի համար սակագինը սահմանվում է կայանի կառուցման ավարտից հետո:
32.1. Կառուցման ժամանակահատված ներառող էլեկտրական էներգիայի արտադրության (ներառյալ՝ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության) լիցենզիայի գործողության ժամկետ է հանդիսանում կառուցման և արտադրության ժամանակահատվածների գումարը, իսկ բացառապես սեփական կարիքների համար և փոքր հիդրոէլեկտրակայան շահագործող միկրոէներգաարտադրողներին էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիաների տրամադրման դեպքում՝ կառուցման ժամանակահատվածը:
(32.1-ին կետը լրաց. 19.06.24 N 193-Ն)
33. Կայանի կառուցումը, բացառությամբ սույն կարգով նախատեսված չլիցենզավորման դեպքերի, կարող է իրականացվել արտադրության լիցենզիայում կառուցման ժամանակահատվածի ամրագրման դեպքում։
(33-րդ կետը փոփ. 28.08.19 N 318-Ն)
33.1. էլեկտրական էներգիայի արտադրության (ներառյալ՝ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության) լիցենզիայում, բացառությամբ սույն կարգի 33.2-րդ կետում նշված դեպքի, կառուցման ժամանակահատված սահմանվում է՝
1) 2 տարի՝ մինչև 5 ՄՎտ տեղակայվող հզորությամբ արևային կայանի, մինչև 30 ՄՎտ տեղակայվող հզորությամբ՝ Օրենքով սահմանված էլեկտրաէներգիայի գնման երաշխիքից հրաժարված կամ բացառապես սեփական կարիքների արտադրության նպատակով կառուցվող արևային էլեկտրակայանի և մինչև 30 ՄՎտ տեղակայվող (հաշվարկային) հզորությամբ վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող այլ կայանի դեպքերում, բացառությամբ փոքր հիդրոէլեկտրակայանի և սույն կետի 4-րդ ենթակետով նախատեսված դեպքի,
2) 3 տարի՝ փոքր հիդրոէլեկտրակայանի դեպքում, բացառությամբ սույն կետի 4-րդ ենթակետով նախատեսված դեպքի,
3) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով չնախատեսված այլ տեսակի կայանի, ինչպես նաև 30 ՄՎտ-ը գերազանցող՝ վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող կայանի դեպքում՝ համաձայն հայցվող ժամկետի և գործարար ծրագրի (կայանի կառուցման նախագծի),
4) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նշված կայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստանալու համար ներկայացված հայտով հայցվող ժամկետով, եթե այն պակաս է նշված ենթակետերով սահմանված ժամկետներից։
(33.1-ին կետը լրաց. 28.08.19 N 318-Ն, փոփ. 31.03.21 N 95-Ն, լրաց., փոփ. 19.06.24 N 193-Ն)
33.2. Պետություն-մասնավոր գործընկերություն գործարքի շրջանակում տրամադրվող էլեկտրական էներգիայի արտադրության (ներառյալ՝ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության) լիցենզիայում կառուցման ժամանակահատվածը ամրագրվում է համաձայն այդ գործարքի։
(33.2-րդ կետը լրաց. 28.08.19 N 318-Ն)
34. Արևային էլեկտրակայանում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա տրամադրվում է՝
1) մինչև 2018 թվականի նոյեմբերի 1-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ մինչև 1 ՄՎտ տեղակայվող (տեղակայված) հզորությամբ կայաններում էլեկտրական էներգիայի արտադրության գործունեության համար.
2) 2018 թվականի նոյեմբերի 2-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ մինչև 5 ՄՎտ տեղակայվող (տեղակայված) հզորությամբ կայաններում էլեկտրական էներգիայի արտադրության գործունեության համար.
3) սույն կարգի 38-րդ կետով նախատեսված դեպքում.
4) համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամին՝ մինչև 1 ՄՎտ տեղակայվող (տեղակայված) հզորությամբ կայաններում էլեկտրական էներգիայի արտադրության գործունեության համար:
(34-րդ կետը փոփ. 09.10.19 N 371-Ն, լրաց. 31.03.21 N 95-Ն, 25.01.23 N 27-Ն)
35. Սույն կարգի 34-րդ կետի 1-ին, 2-րդ և 4-րդ ենթակետերով նախատեսված արևային էլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա չի տրամադրվում և սակագին չի սահմանվում, եթե լիցենզիայի տրամադրման արդյունքում արևային էլեկտրակայանների գումարային հզորությունները գերազանցում են հետևյալ սահմանաչափերը՝
1) 2018 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ՝ 10 ՄՎտ-ը.
2) 2018 թվականի նոյեմբերի 2-ից մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ 50 ՄՎտ-ը.
3) 2019 թվականի հունվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ 100 ՄՎտ-ը.
4) 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ 50 ՄՎտ-ը.
5) համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի դեպքում՝ 15 ՄՎտ-ը։
(35-րդ կետը փոփ., լրաց. 09.10.19 N 371-Ն, 31.03.21 N 95-Ն, լրաց. 25.01.23 N 27-Ն, փոփ. 19.06.24 N 193-Ն)
36. Սույն կարգի 35-րդ կետի 2-3-րդ կետերով նախատեսված հզորությունները նույն ենթակետերում նշված ժամանակահատվածներում չտրամադրվելու դեպքում չլրացված մասը գումարվում է յուրաքանչյուր հաջորդող ենթակետում նշված ժամանակահատվածի համար նախատեսված հզորություններին՝ 2018 թվականի նոյեմբերի 2-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար կազմելով առավելագույնը 200 ՄՎտ։
(36-րդ կետը խմբ. 09.10.19 N 371-Ն)
37. Հողմային էլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա տրամադրվում և սակագին սահմանվում է՝
1) եթե լիցենզիայի տրամադրման արդյունքում հողմային էլեկտրակայանների գումարային հզորությունը 2018 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ չի գերազանցում 8,5 ՄՎտ-ը.
2) 2018 թվականի նոյեմբերի 2-ից հետո՝ առանց գումարային հզորության սահմանափակման՝ մինչև 30 ՄՎտ տեղակայվող (տեղակայված) հզորությամբ կայանների համար:
(37-րդ կետը փոփ. 09.10.19 N 371-Ն, 26.05.21 N 197-Ն, 13.04.22 N 140-Ն, 19.06.24 N 193-Ն)
37.1. Կենսազանգվածից (կենսագազից) էլեկտրական էներգիա արտադրող կայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա տրամադրվում և սակագին սահմանվում է՝
1) եթե լիցենզիայի տրամադրման արդյունքում կենսազանգվածից (կենսագազից) էլեկտրական էներգիա արտադրող կայանների գումարային հզորությունը 2020 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ չի գերազանցում 0.9 ՄՎտ-ը.
2) 2021 թվականի հունվարի 1-ից հետո՝ առանց գումարային հզորության սահմանափակման՝ մինչև 30 ՄՎտ տեղակայվող (տեղակայված) հզորությամբ կայանների համար:
(37.1-ին կետը լրաց. 26.05.21 N 197-Ն, փոփ., լրաց. 13.04.22 N 140-Ն, փոփ. 19.06.24 N 193-Ն)
38. 30 ՄՎտ-ը գերազանցող հզորությամբ կենսազանգվածից (կենսագազից) էլեկտրական էներգիա արտադրող կայաններում, 30 ՄՎտ-ը գերազանցող հզորությամբ հողմային և 5 ՄՎտ-ը գերազանցող հզորությամբ արևային էլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիաներ տրամադրվում են պետություն-մասնավոր գործընկերություն գործարքների շրջանակում, բացառությամբ սույն կարգի 9.1-րդ կետով նախատեսված և բացառապես սեփական կարիքների համար էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայի ստացման հայտ ներկայացնելու դեպքերի։
(38-րդ կետը լրաց. 26.05.21 N 197-Ն, 13.04.22 N 140-Ն, փոփ. 19.06.24 N 193-Ն)
39. Փոքր հիդրոէլեկտրակայաններում և սույն կարգի 35-րդ, 37-րդ և 37.1-ին կետերում չնշված վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող այլ էլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիաները տրամադրվում են առանց գումարային հզորության սահմանափակման։
(39-րդ կետը փոփ. 09.10.19 N 371-Ն, 26.05.21 N 197-Ն, 13.04.22 N 140-Ն)
40. Արևային և հողմային էլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստանալու մեկից ավելի հայտերի ներկայացման դեպքում, որոնց բավարարումը կհանգեցնի յուրաքանչյուր ժամանակահատվածի համար ամրագրված գումարային հզորության սահմանաչափի գերազանցման, հայտերը ուսումնասիրվում, քննարկվում են ըստ ներկայացման հաջորդականության։
41. Սույն կարգի 35-րդ, 37-րդ և 37.1-րդ կետերով սահմանված սահմանաչափերի շրջանակում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձանց՝ լիցենզիաներով ամրագրված հզորությունների փոփոխման դիմումները Հանձնաժողովը քննարկում է ըստ դիմումների ներկայացման հաջորդականության և յուրաքանչյուր ժամանակահատվածի համար սահմանված սահմանաչափի շրջանակում։
(41-րդ կետը փոփ. 26.05.21 N 197-Ն)
42. Սույն կարգի 34-րդ, 35-րդ, 37-րդ, 37.1-ին և 38-րդ կետերով ամրագրված կարգավորումները չեն տարածվում սույն կարգի 9․1-ին կետով սահմանված դեպքում, ինչպես նաև բացառապես սեփական կարիքների համար էլեկտրական էներգիայի արտադրության և միկրոէներգաարտադրողների գործունեության վրա։
(42-րդ կետը փոփ. 26.05.21 N 197-Ն, խմբ. 13.04.22 N 140-Ն)
42.1. 2024 թվականի հուլիսի 1-ից հետո կառուցման և արտադրության ժամանակահատված ներառող էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայի (բացառությամբ էլեկտրական էներգիայի գնման երաշխիքով լիցենզիայի) կամ բացառապես սեփական կարիքի համար միայն կառուցման ժամանակահատված ներառող էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայի (ներառյալ՝ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության լիցենզիայի) համար դիմած անձանց համապատասխան լիցենզիան տրամադրելիս այդ լիցենզիայի պայմաններում ամրագրվում են Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի հաղորդման ցանցային կանոններով սահմանված կարգով կայանից էլեկտրական էներգիայի՝ էլեկտրական ցանց առաքման դադարեցման կամ սահմանափակման, ինչպես նաև կայանը մշտապես հեռակառավարման սարքավորման միջոցով էլեկտրական ցանցից անջատման հնարավորությամբ ապահովված լինելու պայմաններ:
(42.1-ին կետը լրաց. 19.06.24 N 193-Ն)
43. Կառուցման ժամանակահատված ներառող արտադրության լիցենզիա ունեցող անձը պարտավոր է այդ լիցենզիայով ամրագրված ժամկետում Հանձնաժողով ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան փորձաքննություն անցած կայանի կառուցման նախագիծը` դրական փորձագիտական եզրակացություններով (այսուհետ՝ Նախագիծ), մինչև լիցենզիայով սահմանված կառուցման ժամանակահատվածի ավարտը կատարել կարգաբերման-գործարկման աշխատանքներ և լիցենզիայում փոփոխություններ կատարելու համար դիմել Հանձնաժողով՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.
1) ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտի և ավարտական ակտի (շահագործման թույլտվության) պատճենները, իսկ օրենսդրությամբ նախատեսված այն դեպքերում, երբ շինարարական աշխատանքների ավարտը ենթակա չէ փաստագրման ավարտական ակտով (շահագործման թույլտվությամբ)՝ իրավասու մարմնի կողմից տրված համապատասխան հիմնավորումներ.
2) կայանի (հիդրոէլեկտրակայանների դեպքում ներառյալ գլխամասային հանգույցի) նկատմամբ լիցենզավորված անձի սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականի (վկայականների) պատճենը (պատճենները), եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվում է նշված իրավունքների պետական գրանցում, իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն նշված իրավունքների պետական գրանցում չպահանջվելու դեպքում՝ իրավասու մարմնի կողմից տրված համապատասխան հիմնավորումներ.
3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ էներգատեղակայանքի գործարկման եզրակացության պատճենը.
4) կայանում տեղակայված սարքավորումների (ագրեգատների) վերաբերյալ տեղեկանք՝ դրանց մակնիշի, հզորության, արտադրության տարեթվի նշումով՝ կցելով անհրաժեշտ հիմնավորումներ.
4.1) սույն կարգի 42.1-ին կետում նշված լիցենզավորված անձինք նաև էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի կողմից տրված տեղեկանք՝ կայանը հեռակառավարման սարքավորման միջոցով էլեկտրական ցանցից անջատման հնարավորությամբ ապահովված լինելու վերաբերյալ:
5) (ենթակետն ուժը կորցրել է 19.06.24 N 193-Ն)
(43-րդ կետը լրաց. 25.01.23 N 27-Ն, փոփ., լրաց 19.06.24 N 193-Ն)
43.1. Նախագծի (Նախագծի փոփոխությունների) հետ միասին Հանձնաժողով է ներկայացվում նաև Նախագծի վերաբերյալ տեղեկանք՝ համաձայն սույն կարգի N 7 հավելվածի։ Եթե օրենսդրությամբ առկա չէ կայանի նախագծային աշխատանքներ իրականացնելու պահանջ՝ ապա Հանձնաժողով է ներկայացվում իրավասու մարմնի կողմից տրված համապատասխան հիմնավորումներ:
(43.1-ին կետը լրաց. 17.06.20 N 212-Ն, 19.06.24 N 193-Ն)
43․2․ Նախագծի ներկայացման՝ լիցենզավորված անձի՝ սույն կարգի 43-րդ կետով նախատեսված պարտավորության պատշաճ կատարումը Հանձնաժողովը գնահատում է սույն կարգի N 7 հավելվածով սահմանված տվյալների շրջանակում։
(43.2-րդ կետը լրաց. 17.06.20 N 212-Ն)
44. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում արտադրության լիցենզիա ունեցող անձինք Նախագծի և 43-րդ կետի 1-ին ենթակետում նշված փաստաթղթերի փոխարեն Հանձնաժողով են ներկայացնում ինքնակամ կառույցների օրինականացման, առկայության դեպքում՝ նաև տնօրինման մասին որոշումների պատճենները։
45. (կետն ուժը կորցրել է 13.04.22 N 140-Ն)
46. Սույն կարգի 43-րդ կետով սահմանված փաստաթղթերը ներկայացնելուց հետո Հանձնաժողովը սույն կարգի 24-րդ կետով սահմանված ժամկետում կայացնում է կայանի փաստացի տեղակայված հզորությունն ու կայանում տեղակայված սարքավորումների (ագրեգատների) տվյալները արտադրության լիցենզիայում ամրագրելու վերաբերյալ որոշում (բացառությամբ արևային էլեկտրակայանների)՝ անհրաժեշտության դեպքում ճշգրտելով լիցենզիայով ամրագրված ժամանակահատվածը (ժամանակահատվածները)՝ համապատասխան փոփոխություն կատարելով նաև լիցենզիայի ժամկետում, կամ գրավոր մերժում է դիմումը` սույն կարգի 25-րդ կետով սահմանված հիմքերով, բացառությամբ լիցենզավորված անձի սնանկության գործընթացում գտնվելու հիմքի, բացառությամբ բացառապես սեփական կարիքների համար, ինչպես նաև փոքր հիդրոէլեկտրակայան շահագործող միկրոէներգաարտադրողներին տրամադրված էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիաների:
(46-րդ կետը լրաց. 31.03.21 N 95-Ն, 13.04.22 N 140-Ն)
46․1․ Բացառապես սեփական կարիքների համար, ինչպես նաև փոքր հիդրոէլեկտրակայան շահագործող միկրոէներգաարտադրողներին տրամադրված էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիաների պարագայում սույն կարգի 43-րդ կետով սահմանված փաստաթղթերը ներկայացնելուց հետո Հանձնաժողովը սույն կարգի 24-րդ կետով սահմանված ժամկետում ուժը կորցրած է ճանաչում այդ լիցենզիայի տրամադրման մասին իր որոշումը, ինչով փաստվում է լիցենզավորված անձի՝ կայանի կառուցման պարտավորության պատշաճ կատարումը, կամ գրավոր մերժում է դիմումը, եթե հայտատուի ներկայացրած փաստաթղթերը կամ տեղեկությունները չեն համապատասխանում սույն կարգի պահանջներին:
(46.1-ին կետը լրաց. 13.04.22 N 140-Ն)
47. Արտադրության լիցենզիա ունեցող անձի կողմից լիցենզիայով ամրագրված ժամկետում Նախագիծը Հանձնաժողով չներկայացնելու դեպքում նշված ժամկետը համարվում է երկարաձգված նախկին ժամկետի չափով, բայց ոչ ավելի, քան մինչև լիցենզիայով ամրագրված կառուցման ժամանակահատվածի ավարտը՝ հետևյալ պայմաններով.
1) 1-ին անգամ երկարաձգվելու դեպքում՝ առանց որևէ վարչական և ֆինանսական պատասխանատվության.
2) 2-րդ անգամ երկարաձգվելու դեպքում՝ սույն կարգի N 3 հավելվածի համաձայն երաշխիքով սահմանված գումարի կեսը փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե.
3) սույն կետի 2-րդ ենթակետի համաձայն 2-րդ անգամ երկարաձգված ժամկետում Նախագիծը Հանձնաժողով չներկայացնելու դեպքում արտադրության լիցենզիայի գործողությունը կասեցվում է:
48. Կայանի վերակառուցման այն դեպքերում, երբ կատարվելու են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ շինարարության թույլտվություն պահանջող աշխատանքներ, և որոնք հանգեցնելու են կայանի՝ լիցենզիայով ամրագրված հաշվարկային (արևային և հողմային էլեկտրակայանների դեպքում՝ տեղակայված) հզորության փոփոխության, արտադրության լիցենզիա ունեցող անձը լիցենզիայի պայմաններում վերակառուցման ժամանակահատված ամրագրելու համար դիմում է Հանձնաժողով՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան փորձաքննություն անցած նախագիծը` դրական փորձագիտական եզրակացություններով, ինչպես նաև Էլեկտրական էներգիայի բաշխման կամ հաղորդման լիցենզիա ունեցող անձից էլեկտրական ցանցին պահանջվող հզորությամբ միանալու տեխնիկական պայմաններ՝ էլեկտրական ցանցին միացման կետի վերաբերյալ տեղեկատվության նշումով՝ էլեկտրական էներգիայի արտադրության կամ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության լիցենզիաների պարագայում.
2) Կայանի հաշվարկային (արևային և հողմային էլեկտրակայանների դեպքում՝ տեղակայված) հզորության ավելացման դեպքում՝ ավելացող հզորության չափով երաշխիք՝ համաձայն սույն կարգի N 3 հավելվածի.
3) լիցենզավորված գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ համապատասխան նպատակային (գործառական) նշանակությամբ հողամասի (շենք, շինության) նկատմամբ լիցենզավորված անձի սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը և համապատասխան որակավորում ունեցող անձի կողմից կազմված հողամասի հատակագիծը, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ իրավասու մարմնի կողմից տրված հատակագծի պատճենը։ Հողամասի (շենք, շինության) վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման դեպքում, եթե սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականում առկա չէ նշում վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման ժամկետի վերաբերյալ, անհրաժեշտ է ներկայացնել նաև վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման պայմանագրի պատճենը, ընդ որում, ենթավարձակալության դեպքում՝ նաև հիմնական վարձակալության պայմանագրի պատճենը: Այդ ժամկետները պետք է լինեն լիցենզիայի գործողության ժամկետից ոչ պակաս: Լողացող արևային կայանների դեպքում սույն ենթակետում նշված փաստաթղթերի փոխարեն կարող է ներկայացվել ջրային օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ լիցենզավորված անձի սեփականության (օգտագործման) իրավունքը հավաստող փաստաթղթի պատճենը (ջրային օբյեկտի վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման դեպքում, եթե սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականում առկա չէ նշում վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման ժամկետի վերաբերյալ, անհրաժեշտ է ներկայացնել նաև վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման պայմանագրի պատճենը, ընդ որում, ենթավարձակալության դեպքում՝ նաև հիմնական վարձակալության պայմանագրի պատճենը. այդ ժամկետները պետք է լինեն լիցենզիայի գործողության ժամկետից ոչ պակաս), իսկ դրա բացակայության դեպքում այդ օբյեկտի սեփականատիրոջ գրավոր համաձայնությունը կամ թույլտվությունը ջրային օբյեկտի վրա հայցվող պարամետրերով և ժամկետով (ժամանակահատվածներով) կայան կառուցելու և շահագործելու վերաբերյալ, և համապատասխան որակավորում ունեցող անձի կողմից կազմված ջրային օբյեկտի հատակագիծը.
4) հիդրոէլեկտրակայանի վերակառուցման դեպքում՝ հաշվարկային ելքի և (կամ) ջրառի և ջրօգտագործման նիշերի փոփոխության դեպքում՝ ջրօգտագործման թույլտվության պատճեն:
(48-րդ կետը փոփ. 30.09.20 N 350-Ն, լրաց. 25.01.23 N 27-Ն, փոփ. 19.06.24 N 193-Ն)
49. Հանձնաժողովը սույն կարգի 24-րդ կետով սահմանված ժամկետում կայացնում է էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայի պայմաններում վերակառուցման ժամանակահատված ամրագրելու վերաբերյալ որոշում, կամ գրավոր մերժում է դիմումը՝ սույն կարգի 25-րդ կետով սահմանված հիմքերով:
50. Էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձինք պարտավոր են մինչև լիցենզիայով սահմանված վերակառուցման ժամանակահատվածի ավարտը լիցենզիայի պայմաններում փոփոխություններ կատարելու համար դիմել Հանձնաժողով՝ ներկայացնելով սույն կարգի 43-րդ կետի 1-4-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև սակագնի սահմանման հայտ:
51. Սույն կարգի 50-րդ կետով սահմանված փաստաթղթերը ներկայացնելուց հետո Հանձնաժողովը որոշում է ընդունում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ՝ անհրաժեշտության դեպքում ճշգրտելով վերակառուցման ժամանակահատվածը, կամ գրավոր մերժում է դիմումը՝ սույն կարգի 25-րդ կետով սահմանված հիմքերով, բացառությամբ լիցենզավորված անձի սնանկության գործընթացում գտնվելու հիմքի:
51.1․ Փոքր հիդրոէլեկտրակայաններում էլեկտրական էներգիա արտադրող միկրոէներգաարտադրողները և բացառապես սեփական կարիքների համար էլեկտրական էներգիայի արտադրության գործունեություն իրականացնող անձինք Կայանի վերակառուցման այն դեպքերում, երբ կատարվելու են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ շինարարության թույլտվություն պահանջող աշխատանքներ, և որոնք հանգեցնելու են Կայանի՝ լիցենզիայով ամրագրված հաշվարկային (արևային և հողմային էլեկտրակայանների դեպքում՝ տեղակայված) հզորության փոփոխության, հայտ են ներկայացնում Հանձնաժողով, որը պետք է լրացված լինի սույն կարգի N 1 հավելվածի համաձայն և պարունակի սույն կարգի 48-րդ կետով նախատեսված փաստաթղթերը: Այդ պարագայում գործում են կառուցման ժամանակահատված ներառող էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիային առնչվող սույն կարգով սահմանված կարգավորումները։
(51.1-ին կետը լրաց. 13.04.22 N 140-Ն)
ԳԼՈՒԽ 4. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ, ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ
52. Էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման լիցենզիա ունեցող անձին տրվում է Հայաստանի Հանրապետության տարածքում էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման ծառայություն իրականացնելու, էլեկտրական էներգիայի հաղորդման ցանց կառուցելու (վերակառուցելու), ինչպես նաև կորուստների և սեփական կարիքների փոխհատուցման նպատակով էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում էլեկտրական էներգիա գնելու իրավունք: Էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման լիցենզիա ունեցող անձը պարտավոր է իր գործունեությունն իրականացնել շուկայի կանոններին և պայմանագրերին համապատասխան:
(52-րդ կետը լրաց. 13.04.22 N 140-Ն)
53. Էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման լիցենզիա ունեցող անձանց, էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի, էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի և շուկայի մասնակիցների փոխհարաբերությունները կարգավորվում են շուկայի կանոններով և պայմանագրերով:
54. Բնական գազի փոխադրման լիցենզիա ունեցող անձին տրվում է Հանձնաժողովի սահմանած կարգով Հայաստանի Հանրապետության տարածքում բնական գազի փոխադրման ցանց կառուցելու (վերակառուցելու, ընդլայնելու), բնական գազ փոխադրելու, արտադրողից (արդյունահանողից) կամ ներկրողից բնական գազ գնելու, բաշխման, արտահանման լիցենզիա ունեցող անձանց կամ անմիջապես սպառողին բնական գազ վաճառելու, Հայաստանի Հանրապետության տարածքով երրորդ երկրներ բնական գազ տարանցելու իրավունք:
55. Ջերմային էներգիայի փոխադրման լիցենզիա ունեցող անձին տրվում է Հանձնաժողովի սահմանած կարգով լիցենզիայով սահմանված տարածքում ջերմային էներգիայի փոխադրման ցանց կառուցելու (վերակառուցելու, ընդլայնելու), արտադրողից ջերմային էներգիա ստանալու կամ գնելու, բաշխման լիցենզիա ունեցող անձանց առաքելու կամ անմիջապես սպառողին ջերմային էներգիա վաճառելու և կարգավարական ծառայություն իրականացնելու իրավունք: Ջերմային էներգիայի փոխադրման գործունեության իրավունքը, պայմանավորված ջերմային էներգիայի առաքման տեխնոլոգիայով, կարող է տրվել ջերմային էներգիայի արտադրության կամ բաշխման լիցենզիա ունեցող անձին միևնույն լիցենզիայով:
ԳԼՈՒԽ 5. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ, ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԲԱՇԽՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ
56. Էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձն ունի Հայաստանի Հանրապետության որոշակի տարածքում սպառողներին էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման և բաշխման ցանցի կարգավարման բացառիկ իրավունք, ինչպես նաև էլեկտրական էներգիայի բաշխման ցանց կառուցելու (վերակառուցելու), ինչպես նաև կորուստների և սեփական կարիքների փոխհատուցման նպատակով էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում էլեկտրական էներգիա գնելու իրավունք:
(56-րդ կետը լրաց. 13.04.22 N 140-Ն)
57. Էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձին արգելվում է զբաղվել էլեկտրական էներգիայի արտադրության, ինչպես նաև մատակարարման լիցենզավորվող գործունեությամբ (բացառությամբ էլեկտրաէներգիայի երաշխավորված մատակարարման):
58. Բնական գազի բաշխման լիցենզիա ունեցող անձին տրվում է Հայաստանի Հանրապետության որոշակի տարածքում սպառողներին բնական գազ բաշխելու բացառիկ իրավունք, ինչպես նաև բաշխման ցանց կառուցելու (վերակառուցելու, ընդլայնելու), Հանձնաժողովի սահմանած կարգով բնական գազ գնելու և վաճառելու իրավունք:
59. Ջերմային էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձին տրվում է լիցենզիայով սահմանված տարածքում սպառողներին ջերմային էներգիա բաշխելու իրավունք, ինչպես նաև ջերմային էներգիայի բաշխման ցանց կառուցելու (վերակառուցելու, ընդլայնելու), Հանձնաժողովի սահմանած կարգով ջերմային էներգիա գնելու և վաճառելու իրավունք:
ԳԼՈՒԽ 6. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ
60. Էլեկտրական էներգիայի մատակարարման լիցենզիա ունեցող անձն ունի շուկայի կանոններով սահմանված դեպքերում և կարգով էլեկտրական էներգիա (հզորություն) մեծածախ շուկայում գնելու և (կամ) ներկրելու իրավունք, և պարտավոր է լիցենզիայի պայմաններին ու կնքված պայմանագրերին համապատասխան՝ այն վաճառել իր հետ մատակարարման պայմանագիր կնքած սպառողներին, իսկ ավելցուկը՝ էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի մասնակիցներին:
(60-րդ կետը փոփ. 13.04.22 N 140-Ն)
61. Էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարի լիցենզիա ունեցող անձին իրավունք է տրվում և պարտավորեցվում է մատուցելու էլեկտրական էներգիայի մատակարարման ծառայություն բոլոր այն սպառողներին, որոնք չեն օգտվում այլ մատակարարի ծառայությունից, կամ որոնց ընտրած մատակարարի կողմից էլեկտրական էներգիայի մատակարարում չի իրականացվում՝ սպառողից անկախ պատճառներով:
62. Էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարի լիցենզիա ունեցող անձն ունի շուկայի կանոններով սահմանված դեպքերում և կարգով էլեկտրական էներգիա (հզորություն) էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում, ինչպես նաև ինքնավար էներգաարտադրողից գնելու և (կամ) ներկրելու իրավունք, իսկ ավելցուկը վաճառելու էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի մասնակիցներին:
63. Էլեկտրական էներգիայի մատակարարման և երաշխավորված մատակարարման լիցենզիաներ ունեցող անձինք պարտավոր են երաշխավորել մեծածախ շուկայում գնված էլեկտրական էներգիայի (հզորության) դիմաց վաճառողների օգտին վճարումները Հանձնաժողովի սահմանած կարգով։
ԳԼՈՒԽ 7. ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԵՎ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ
64. Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի լիցենզիա ունեցող անձին իրավունք է տրվում և պարտավորեցվում է էլեկտրաէներգետիկական համակարգում մատուցելու էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայություն՝ հետևյալ բացառիկ գործառույթներով.
1) էլեկտրաէներգետիկական համակարգում կարճաժամկետ պլանավորում և կարգավարում.
2) էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատիվ կառավարում.
3) էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի զարգացման պլանավորում.
4) տարածաշրջանային էլեկտրաէներգետիկական համակարգերի հետ Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի զուգահեռ աշխատանքի ապահովում, ինչպես նաև լիցենզիայի պայմաններով և շուկայի կանոններով նախատեսված այլ ոչ բացառիկ գործառույթների իրականացման իրավունքներ:
65. Էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձանց կարգավարելիս էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները, որոնք կհանգեցնեն սպառողների համար էլեկտրական էներգիայի (հզորության) նվազագույն ծախսումներով արտադրությանը և հաղորդմանը՝ հաշվի առնելով արտադրողներին տրված էլեկտրական էներգիայի գնման երաշխիքները։
66. Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի լիցենզիա ունեցող անձին արգելվում է զբաղվել այլ լիցենզավորվող գործունեությամբ էներգետիկայի բնագավառում, բացառությամբ էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման գործունեության՝ համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում:
67. Գազամատակարարման համակարգի օպերատորի լիցենզիա ունեցող անձին տրվում են բնական գազի ներկրման, փոխադրման (ներառյալ` պահեստավորման) և տարանցման օպերատիվ տեխնոլոգիական կարգավարման բացառիկ իրավունքներ:
68. Գազամատակարարման համակարգի օպերատորը պլանավորման, կոորդինացման և կարգավարման գործընթացներում պետք է լիցենզիայի պայմաններին համապատասխան ապահովի բնական գազի ներկրման, փոխադրման (ներառյալ` պահեստավորման) և տարանցման հուսալիությունն ու անվտանգությունը:
ԳԼՈՒԽ 8. ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԼԻՑԵՆԶԻԱ
69. Էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի լիցենզիա ունեցող անձին իրավունք է տրվում և պարտավորեցվում է էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում մատուցելու էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի ծառայություն հետևյալ բացառիկ գործառույթներով.
1) էլեկտրաէներգետիկական շուկայի գործունեության կազմակերպում.
2) էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցների հաշվառում.
3) էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի մասնակիցների միջև կնքված պայմանագրերի, էլեկտրական էներգիայի (հզորության) ներկրում կամ արտահանում նախատեսող պայմանագրերի հաշվառման վարում.
4) էլեկտրաէներգետիկական շուկայում կնքված պայմանագրերի, ինչպես նաև ներկրում կամ արտահանում նախատեսող պայմանագրերի համաձայն գնված և վաճառված էլեկտրական էներգիայի (հզորության) հաշվառում, փաստաթղթերի կազմում և մեծածախ շուկայի առևտրի մասնակիցներին և ծառայություն մատուցողներին դրանք ներկայացում.
5) լիցենզիայի պայմաններով և շուկայի կանոններով նախատեսված այլ ոչ բացառիկ գործառույթների իրականացման իրավունք:
70. Էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի լիցենզիա ունեցող անձին արգելվում է զբաղվել այլ լիցենզավորվող գործունեությամբ էներգետիկայի բնագավառում:
ԳԼՈՒԽ 9. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԵԾԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԼԻՑԵՆԶԻԱ
71. Էլեկտրական էներգիայի մեծածախ առևտրի լիցենզիա ունեցող անձին տրվում է շուկայի կանոններով սահմանված դեպքերում և կարգով չկարգավորվող գներով էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի մասնակիցներից էլեկտրական էներգիա գնելու, էլեկտրական էներգիա ներկրելու, մեծածախ շուկայում այն վաճառելու և արտահանելու իրավունք:
(71-րդ կետը փոփ. 13.04.22 N 140-Ն)
72. Էլեկտրական էներգիայի մեծածախ առևտրի լիցենզիա ունեցող անձը պարտավոր է երաշխավորել մեծածախ շուկայում գնված էլեկտրական էներգիայի (հզորության) դիմաց վաճառողների օգտին վճարումները՝ Հանձնաժողովի սահմանած կարգով։
73. Էլեկտրական էներգիայի մեծածախ առևտրի լիցենզիա չի կարող տրվել երաշխավորված մատակարարին, էլեկտրական էներգիայի արտադրության, էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի, էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի, ինչպես նաև էլեկտրական էներգիայի հաղորդման ու Էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձանց:
ԳԼՈՒԽ 10. ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՆԵՐԿՐՄԱՆ ԿԱՄ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ
74. Բնական գազի ներկրման լիցենզիա ունեցող անձն ունի բնական գազ ներկրելու և փոխադրման լիցենզիա ունեցող անձանց և (կամ) բնական գազի բաշխման լիցենզիա ունեցող անձանց և (կամ) բնական գազի արտահանման լիցենզիա ունեցող անձանց և (կամ) անմիջապես սպառողին այն վաճառելու իրավունք` համաձայն Հանձնաժողովի սահմանած կարգի:
75. Բնական գազի արտահանման լիցենզիա ունեցող անձն ունի բնական գազի ներկրման, փոխադրման կամ բաշխման լիցենզիա ունեցող անձից բնական գազ գնելու և արտահանելու իրավունք՝ համաձայն Հանձնաժողովի սահմանած կարգի:
75.1. Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» էլեկտրոնային համակարգի պաշտոնական գործարկման օրվանից Հայտատուի կողմից բնական գազի ներկրման ու արտահանման լիցենզիաների ստացման հայտի և դրան կից փաստաթղթերի ներկայացումը, հայտի մերժումը, այդ լիցենզիայի տրամադրումը, դրա ժամկետի երկարաձգումը, վերաձևակերպումը, փոփոխությունը, գործողության կասեցումը և դադարեցումը կարող է կատարվել նաև «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» էլեկտրոնային համակարգի միջոցով՝ սույն կարգով սահմանված ընթացակարգով և ժամկետներում:
(75.1-ին կետը լրաց. 31.03.21 N 95-Ն, փոփ. 08.06.22 N 245-Ն, 19.06.24 N 193-Ն)
ԳԼՈՒԽ 11. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ (ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ) ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ
76. Լիցենզիայում ամրագրված ժամկետի (կառուցման, վերակառուցման ժամանակահատվածի) երկարաձգման համար լիցենզավորված անձը լիցենզիայի գործողության ժամկետի (կառուցման, վերակառուցման ժամանակահատվածի) ավարտից ոչ շուտ, քան 3 ամիս, և ոչ ուշ, քան 15 աշխատանքային օր առաջ հայտով դիմում է Հանձնաժողով՝ նշելով հայցվող ժամկետը:
(76-րդ կետը լրաց. 19.06.24 N 193-Ն)
77. Հայտն իր մեջ պետք է պարունակի՝
1) կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածի երկարաձգման դեպքում՝ կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածի համար իրականացված աշխատանքների մասին տեղեկություններ, որտեղ պետք է նշվեն նաև աշխատանքների չիրականացման պատճառները, պետություն-մասնավոր գործընկերություն գործարքի շրջանակում տրամադրված էլեկտրական էներգիայի, ջերմային էներգիայի կամ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության լիցենզիաների դեպքում նաև հայցվող ժամկետի առնչությամբ գործարքի շրջանակում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի դրական դիրքորոշումը.
2) հիդրոէլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայով ամրագրված արտադրության ժամանակահատվածի երկարաձգման դեպքում՝ նաև ջրօգտագործման թույլտվության պատճենը, իսկ խմելու ջրատարների կամ ոռոգման համակարգերի վրա կառուցված հիդրոէլեկտրակայանների դեպքում՝ նաև այլ անձի (անձանց) պատկանող հիդրոկառույցը օգտագործելու (հիդրոկառույցից օգտվելու) վերաբերյալ պայմանագիր կամ հիդրոկառույցին միացման թույլտվություն.
3) Բնական գազի ներկրման կամ արտահանման լիցենզիաների երկարաձգման դեպքում՝
ա. համակարգի օպերատորի եզրակացությունը՝ ներկրման կամ արտահանման առաջարկվող ռեժիմների իրականացման հնարավորության և էներգետիկայի բնագավառի հուսալիության ու անվտանգության ցուցանիշների վրա ազդեցության վերաբերյալ,
բ․ բնական գազի ներկրման կամ արտահանման պայմանագիր (պայմանագրի փոփոխություն), իսկ դրա ներկայացման անհնարինության դեպքում՝ համապատասխան հիմնավորումներ։
(77-րդ կետը խմբ. 17.06.20 N 212-Ն, լրաց. 31.03.21 N 95-Ն, փոփ. 13.04.22 N 140-Ն, 19.06.24 N 193-Ն)
78. Հանձնաժողովը որոշում է ընդունում լիցենզիայի գործողության ժամկետը (ժամանակահատվածը) երկարաձգելու կամ հայտը մերժելու մասին հայտի մուտքագրման օրվանից 25 աշխատանքային օրվա ընթացքում՝ բայց ոչ ուշ, քան մինչև լիցենզիայի գործողության ժամկետի (ժամանակահատվածի) ավարտը: Կառուցման ժամանակահատվածի երկարաձգման դեպքում միաժամանակ նույն ժամկետի չափով ճշգրտվում է նաև արտադրության ժամանակահատվածը՝ համապատասխան փոփոխություն կատարելով լիցենզիայի ժամկետում։
(78-րդ կետը լրաց. 31.03.21 N 95-Ն)
79. Հանձնաժողովը հայտը մերժում է, եթե՝
1) հայտատուի ներկայացրած փաստաթղթերը կամ տեղեկությունները թերի են կամ չեն համապատասխանում սույն կարգի պահանջներին.
2) լիցենզավորվող գործունեության իրականացումը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել էներգետիկայի բնագավառի հուսալիության և անվտանգության խաթարման կամ Հայաստանի Հանրապետության բնական պաշարների անարդյունավետ օգտագործման.
3) հայտատուն օրենքի, այլ իրավական ակտերի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվել հայցվող լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով.
4) (ենթակետն ուժը կորցրել է 13.04.22 N 140-Ն)
5) բնական գազի ներկրման կամ արտահանման լիցենզիաների դեպքում լիցենզավորվող գործունեության իրականացումը հնարավոր չէ ներկրման կամ արտահանման առաջարկվող ռեժիմների պայմաններում կամ հանգեցնում է, կամ կարող է հանգեցնել էներգետիկայի բնագավառի հուսալիության և անվտանգության խաթարման, կամ հակասում է, կամ կարող է հակասել ներքին շուկայի սպառողների շահերին։
(79-րդ կետը փոփ. 13.04.22 N 140-Ն)
80. Եթե լիցենզիայի գործողության ժամկետի (կառուցման, վերակառուցման ժամանակահատվածի) երկարաձգման հայտը ներկայացվել է լիցենզիայի գործողության կասեցման ժամանակահատվածում, ապա այդ ժամկետի (կառուցման, վերակառուցման ժամանակահատվածի) երկարաձգման հարցը քննարկվում է միայն կասեցումը վերացվելուց հետո:
(80-րդ կետը լրաց. 19.06.24 N 193-Ն)
81. Տեղական էներգետիկական պաշարների, էներգիայի վերականգնվող աղբյուրների արդյունավետ օգտագործման, ռեսուրսների արդյունավետ օգտագործման խթանման նպատակով էլեկտրական էներգիայի, ջերմային էներգիայի կամ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության լիցենզիայով ամրագրված կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածը, բացառությամբ պետություն-մասնավոր գործընկերություն գործարքների շրջանակում տրամադրված համապատասխան լիցենզիաների, երկարաձգվում է.
1) 1-ին անգամ երկարաձգվելու դեպքում՝ լիցենզիայում ամրագրված ժամանակահատվածից 2 ամիս պակաս ժամկետով, բացառությամբ սույն կետի 3-րդ, 4-րդ ենթակետերով և 81.1-րդ կետով նախատեսված դեպքերի.
2) 2-րդ և յուրաքանչյուր հաջորդ անգամ երկարաձգվելու դեպքում՝ նախորդ երկարաձգման ժամկետից 2 ամիս պակաս ժամկետով, բացառությամբ սույն կետի 3-րդ, 4-րդ ենթակետերով և 81.1-րդ կետով նախատեսված դեպքերի.
3) Լիցենզավորված անձի կողմից Նախագիծը ներկայացնելու դեպքում՝ կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածից կամ նախորդ երկարաձգման ժամկետից կրճատելով Նախագծի ներկայացման համար լիցենզիայի պայմաններով՝ լիցենզիայի տրամադրման պահին սահմանված ժամկետը՝ հաշվի չառնելով դրա հետագա երկարաձգումները (եթե այն պակաս չէ 2 ամսից)՝ բացառությամբ սույն կետի 4-րդ ենթակետով և 81.1-րդ կետով նախատեսված դեպքերի.
4) Լիցենզավորված անձի դիմումով հայցվող ժամկետով, եթե այն պակաս է սույն կետի 1-3-րդ ենթակետերի համաձայն հաշվարկված ժամկետից։
(81-րդ կետը խմբ. 28.08.19 N 318-Ն, լրաց., փոփ. 17.06.20 N 212-Ն)
81.1. Սույն կարգի 81-րդ կետով սահմանված կարգավորումը կիրառելի չէ կառուցման (վերակառուցման) 6 ամիս և (կամ) պակաս ժամանակահատվածի պարագայում, իսկ եթե կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածը նույն կետի համաձայն կրճատվելու դեպքում կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածը կկազմի 6 ամսից պակաս, ապա այն կրճատվում է այնքանով, որ տվյալ ժամանակահատվածը կազմի 6 ամիս, բացառությամբ սույն կարգի 81-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն ավելի պակաս ժամկետի հայցման դեպքի։ Լիցենզավորված անձի դիմումի հիման վրա կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածը սույն կարգի 81-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն 6 ամսից պակաս ժամկետով երկարաձգվելուց հետո հաջորդ անգամը կարող է երկարաձգվել առավելագույնը 6 ամսով։
(81.1-ին կետը լրաց. 28.08.19 N 318-Ն, 31.03.21 N 95-Ն)
81.2. Պետություն-մասնավոր գործընկերություն գործարքի շրջանակում տրամադրված էլեկտրական էներգիայի, ջերմային էներգիայի կամ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության լիցենզիայով ամրագրված կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածը երկարաձգվում է լիցենզավորված անձի դիմումով հայցվող և գործարքի շրջանակում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի հետ համաձայնեցված ժամկետով, սակայն նախկինում սահմանված կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածից, իսկ այն երկարաձգված լինելու պարագայում` նախորդ երկարաձգման ժամկետից ոչ ավելի ժամկետով։
(81.2-րդ կետը լրաց. 17.06.20 N 212-Ն)
ԳԼՈՒԽ 12. ԼԻՑԵՆԶԻԱՅՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
82. Լիցենզիայում փոփոխություններ կարող են կատարվել ինչպես լիցենզավորված անձի, այնպես էլ Հանձնաժողովի նախաձեռնությամբ:
83. Լիցենզավորված անձը լիցենզիայում փոփոխություններ կատարելու համար դիմում է Հանձնաժողով` ներկայացնելով առաջարկվող փոփոխությունների անհրաժեշտությունը և դրանք հիմնավորող փաստաթղթերը:
83․1․ Բացառապես սեփական կարիքների համար էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստացած անձը էլեկտրական էներգիայի վաճառքի իրավունք ստանալու նպատակով լիցենզիայում փոփոխություններ կատարելու համար դիմում է Հանձնաժողով՝ ներկայացնելով հաղորդման կամ բաշխման ցանցին միացման համապատասխան տեխնիկական պայմաններ, գրավոր կարգով հրաժարվելով Օրենքով սահմանված էլեկտրաէներգիայի գնման երաշխիքից և նշելով հայցվող արտադրության ժամանակահատվածը։
(83.1-ին կետը լրաց. 13.04.22 N 140-Ն, 19.06.24 N 193-Ն)
84. Հանձնաժողովը, սույն կարգի 24-րդ կետով սահմանված ժամկետում կայացնում է լիցենզավորված անձի լիցենզիայի պայմաններում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին համապատասխան որոշում կամ գրավոր մերժում է դիմումը` սույն կարգի 25-րդ կետով սահմանված հիմքերով, բացառությամբ լիցենզավորված անձի սնանկության գործընթացում գտնվելու հիմքի:
84․1. Սույն կարգի 83․1-ին կետով նախատեսված դիմումի ներկայացման պարագայում Հանձնաժողովը սույն կարգի 24-րդ կետում սահմանված ժամկետում կայացնում է լիցենզավորված անձի լիցենզիայի պայմաններում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին որոշում՝ լիցենզիայում ամրագրելով նաև էլեկտրական էներգիայի արտադրության ժամանակահատված և ճշգրտելով լիցենզիայի ժամկետը, կամ գրավոր մերժում է դիմումը, եթե այն չի համապատասխանում սույն կարգի 83․1-ին կետի պահանջներին:
(84.1-ին կետը լրաց. 13.04.22 N 140-Ն)
85. Հանձնաժողովի նախաձեռնությամբ լիցենզիայում փոփոխություններ կատարվում են լիցենզավորված անձի համաձայնությամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ նախատեսվող փոփոխություններն անհրաժեշտ են Հայաստանի Հանրապետության օրենքների և նորմատիվ իրավական ակտերի պատշաճ կատարումն ապահովելու համար:
86. Հանձնաժողովի նախաձեռնությամբ լիցենզիայում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության դեպքում Հանձնաժողովը պատշաճ ձևով այդ մասին տեղեկացնում է լիցենզավորված անձին՝ հիմնավորելով փոփոխությունների անհրաժեշտությունը:
87. Լիցենզավորված անձն իր դիրքորոշումը Հանձնաժողովին հայտնում է Հանձնաժողովի սահմանած ժամկետում՝ անհամաձայնության դեպքում ներկայացնելով իր հիմնավորումները:
88. Լիցենզիայի գործողության կասեցումը կամ դադարեցումն իրականացվում է «Էներգետիկայի մասին» և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, ինչպես նաև սույն կարգի 47-րդ և կարգի N 3 հավելվածի 8.1-րդ կետերով սահմանված դեպքերում և օրենսդրությամբ սահմանված կարգով:
(88-րդ կետը փոփ. 17.06.20 N 212-Ն)
89. Ի լրումն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված լիցենզավորված անձի նախաձեռնությամբ լիցենզիայի գործողության կասեցման դեպքերի՝ լիցենզիայի գործողության կասեցման վերաբերյալ դիմումը Հանձնաժողովը կարող է մերժել նաև, եթե կասեցումը կարող է հանգեցնել Հայաստանի Հանրապետության բնական պաշարների անարդյունավետ օգտագործման կամ էներգետիկայի բնագավառում հուսալիության և անվտանգության խաթարման կամ ներքին շուկայի սպառողների շահերի խախտման:
89․1․ Լիցենզիայի գործողության կասեցումը վերացված է համարվում կասեցման ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրվանից: Եթե լիցենզիայի գործողության կասեցման ժամկետը Հանձնաժողովի կողմից սահմանվել է մինչև խախտման պատճառի վերացումը, ապա լիցենզիայի գործողության կասեցումը վերացված է համարվում լիցենզավորված անձի` խախտումները վերացնելու մասին հայտարարությունը (համապատասխան հիմնավորող փաստաթղթերով) Հանձնաժողովում մուտքագրվելու օրվանը հաջորդող 10-րդ աշխատանքային օրը, եթե այդ ժամկետում Հանձնաժողովը այլ որոշում չի կայացնում կամ այլ ավելի կարճ ժամկետ չի սահմանում և դրա մասին պատշաճ ձևով լիցենզավորված անձին չի հայտնում:
(89.1-ին կետը լրաց. 19.06.24 N 193-Ն)
ԳԼՈՒԽ 13. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ
90. Լիցենզավորված անձի վերակազմակերպման կամ նրա անվանման, կամ գտնվելու վայրի փոփոխման դեպքում լիցենզավորված անձը պարտավոր է այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից սկսած տասնհինգօրյա ժամկետում լիցենզիայի վերաձևակերպման համար հայտ ներկայացնել Հանձնաժողով՝ կցելով տեղեկություններ պետական գրանցման համարի (պետական հաշվառման համարի) վերաբերյալ՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
91. Հայտերը բավարարվում կամ մերժվում են Հանձնաժողովի կողմից ոչ ուշ, քան հայտն ստանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում:
92. Հայտը մերժվում է, եթե՝
1) հայտատուի ներկայացրած փաստաթղթերը թերի են.
2) (ենթակետն ուժը կորցրել է 13.04.22 N 140-Ն)
3) հայտատուն օրենքի, այլ իրավական ակտերի կամ իր կանոնադրության համաձայն զրկվել է հայցվող գործունեության տեսակով զբաղվելու իրավունքից։
(92-րդ կետը փոփ. 13.04.22 N 140-Ն)
ԳԼՈՒԽ 14. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
(գլուխն ուժը կորցրել է 13.04.22 N 140-Ն)
ԳԼՈՒԽ 15. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
(գլուխը լրաց. 19.06.24 N 193-Ն)
93. Սույն կարգի 42.1-ին կետի և 43-րդ կետի 4.1-ին ենթակետի գործողությունը չի տարածվում մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստանալու հայտ ներկայացրած այն անձանց վրա, որոնց հայտը էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգի համաձայն բավարարվել է, բացառությամբ նշված անձանց կողմից 2024 թվականի հուլիսի 1-ից հետո էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայի տրամադրման համար հիմք հանդիսացած անհրաժեշտ հողատարածքի փոփոխման (ընդլայնման) արդյունքում կայանի հզորության ավելացման կամ էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայում վերակառուցման ժամանակահատված ամրագրելու դեպքերի։
Հավելված N 1 Էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգի |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ
ՀԱՅՏ
ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ
(վերնագիրը խմբ. 17.06.20 N 212-Ն)
1. Խնդրում եմ տրամադրել ___________________________________________________ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը ________________________________________________________________ լիցենզիա (արտադրության լիցենզիաների դեպքում նշվում է նաև կայանի տեսակը և հզորությունը)
2. Լիցենզավորման ենթակա գործունեության վայրը (աշխարհագրական տարածքը) ______________________________________________________________________ մարզ, համայնք (բնակավայր)
3. Հայտատու իրավաբանական (ֆիզիկական) անձի անվանումը, (անունը, ազգանունը), կազմակերպական-իրավական ձևը ___________________________________________________________________ ___________________________________________________________________
4. Գտնվելու (բնակության) վայրը ________________________________________ 5. Հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն ______________________ 6. Պետական գրանցման (հաշվառման) համարը, հարկ վճարողի հաշվառման համարը ________________________________________________________________
7. Լիցենզիայի գործողության հայցվող ժամկետը՝ ________________________________________________________________ (կառուցման ժամանակահատված ներառող արտադրության լիցենզիաների դեպքում՝ առանձին նշվում են նաև հայցվող կառուցման և արտադրության ժամանակահատվածները, իսկ սույն կարգով նախատեսված դեպքերում միայն կառուցման կամ միայն արտադրության ժամանակահատվածները)
8. Հայտին կցվում են՝ 1) __________________________________________________________________ 2) __________________________________________________________________ 3) __________________________________________________________________ 4) __________________________________________________________________ 5) __________________________________________________________________ 6) __________________________________________________________________ 7) __________________________________________________________________ 8) __________________________________________________________________ 9) __________________________________________________________________ 10) _________________________________________________________________
9. Սույն հայտով ներկայացված տեղեկությունների և փաստաթղթերի իսկությունը հաստատում եմ։ 10. Սույնով տալիս եմ իմ համաձայնությունն առ այն, որ լիցենզավորման ողջ գործընթացին առնչվող իրազեկումն իրականացվի սույն հայտով ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեով։
___________________________________________________________________ (Հայտատուի (գործադիր մարմնի ղեկավարի) անուն, ազգանուն, ստորագրություն)
————————— (օրը, ամիսը, տարին) |
(հավելվածը խմբ. 17.06.20 N 212-Ն, փոփ. 19.06.24 N 193-Ն)
Հավելված N 2 Էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգի |
ՑԱՆԿ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
1. Կայանի կառուցման ժամանակահատված ներառող էլեկտրական էներգիայի, ջերմային էներգիայի կամ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության լիցենզիայի ստացման հայտը պետք է պարունակի հետևյալ փաստաթղթերը.
1) գործարար ծրագիր՝ համաձայն սույն կարգի N 4 հավելվածի կամ կայանի կառուցման նախագիծը,
2) լիցենզավորված գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ համապատասխան նպատակային (գործառական) նշանակությամբ հողամասի (շենք, շինության) նկատմամբ հայտատուի սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը և համապատասխան որակավորում ունեցող անձի կողմից կազմված հողամասի հատակագիծը, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ իրավասու մարմնի կողմից տրված հատակագծի պատճենը։ Լողացող արևային կայանների դեպքում սույն ենթակետում նշված փաստաթղթերի փոխարեն կարող է ներկայացվել ջրային օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ հայտատուի սեփականության (օգտագործման) իրավունքը հավաստող փաստաթղթի պատճենը (ջրային օբյեկտի վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման դեպքում, եթե սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականում առկա չէ նշում վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման ժամկետի վերաբերյալ, անհրաժեշտ է ներկայացնել նաև վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման պայմանագրի պատճենը, ընդ որում, ենթավարձակալության դեպքում՝ նաև հիմնական վարձակալության պայմանագրի պատճենը. այդ ժամկետները պետք է լինեն լիցենզիայի գործողության ժամկետից ոչ պակաս), իսկ դրա բացակայության դեպքում այդ օբյեկտի սեփականատիրոջ գրավոր համաձայնությունը կամ թույլտվությունը ջրային օբյեկտի վրա հայցվող պարամետրերով և ժամկետով (ժամանակահատվածներով) կայան կառուցելու և շահագործելու վերաբերյալ, և համապատասխան որակավորում ունեցող անձի կողմից կազմված ջրային օբյեկտի հատակագիծը,
3) (ենթակետն ուժը կորցրել է 28.08.19 N 318-Ն)
4) հայտարարություն Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային http://www.azdarar.am/ կայքում՝ համաձայն սույն կարգի N 5 հավելվածի,
5) երաշխիք՝ համաձայն սույն կարգի N 3 հավելվածի,
6) ջրօգտագործման թույլտվության պատճեն՝ հիդրոէլեկտրակայաններում, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ այլ կայաններում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության համար,
7) այլ անձի (անձանց) պատկանող հիդրոկառույցը օգտագործելու (հիդրոկառույցից օգտվելու) վերաբերյալ պայմանագիր կամ հիդրոկառույցին միացման թույլտվություն՝ միայն խմելու ջրատարների կամ ոռոգման համակարգերի վրա կառուցվող հիդրոէլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության համար,
8) Էլեկտրական էներգիայի բաշխման կամ հաղորդման լիցենզիա ունեցող անձից էլեկտրական ցանցին պահանջվող հզորությամբ միացման հնարավորության վերաբերյալ տեղեկանք՝ էլեկտրական էներգիայի արտադրության կամ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության լիցենզիայի դեպքում,
9) պետություն-մասնավոր գործընկերություն գործարքի դեպքում՝ պետություն-մասնավոր գործընկերության պայմանագրի պատճեն,
10) Օրենքով սահմանված՝ էլեկտրաէներգիայի գնման երաշխիքից հրաժարվելու դեպքում համապատասխան գրություն, որով հայտատուն տվյալ հայտի շրջանակում հրաժարվում է Օրենքի 35-րդ հոդվածի 1.2-րդ մասով սահմանված էլեկտրական էներգիայի գնման երաշխիքից,
11) Բացառապես սեփական կարիքների նպատակով էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիայի դեպքում՝ տվյալ սպառման համակարգի առավելագույն հզորությունը հիմնավորող փաստաթուղթ՝ միացման պայմանագրի պատճենը, հաշվառման քարտից կամ էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակցի պրոֆիլից արտատպված տեղեկատվություն)։ Ընդ որում կառուցվող կայանի հայցվող հզորությունը չպետք է գերազանցի սպառման համակարգի առավելագույն հզորությունը:
(1-ին կետը փոփ. 28.08.19 N 318-Ն, լրաց. 17.06.20 N 212-Ն, փոփ. 30.09.20 N 350-Ն, լրաց. 31.03.21 N 95-Ն, 25.01.23 N 27-Ն, փոփ., լրաց. 19.06.24 N 193-Ն)
2. Կայանի կառուցման ժամանակահատված չներառող էլեկտրական էներգիայի, ջերմային էներգիայի կամ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության լիցենզիայի ստացման հայտը պետք է պարունակի հետևյալ փաստաթղթերը.
1) կառուցված (վերակառուցված) կայանի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը հավաստող փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները), եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվում է նշված իրավունքների պետական գրանցում, իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն նշված իրավունքների պետական գրանցում չպահանջվելու դեպքում՝ իրավասու մարմնի կողմից տրված համապատասխան հիմնավորումներ,
2) կայանում տեղակայված սարքավորումների (ագրեգատների) վերաբերյալ տեղեկանք՝ դրանց մակնիշի, հզորության, արտադրության տարեթվի նշումով՝ կցելով անհրաժեշտ հիմնավորումներ,
3) ջրօգտագործման թույլտվության պատճեն՝ հիդրոէլեկտրակայաններում, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև այլ կայաններում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության համար,
4) այլ անձի (անձանց) պատկանող հիդրոկառույցը օգտագործելու (հիդրոկառույցից օգտվելու) վերաբերյալ պայմանագիր կամ հիդրոկառույցին միացման թույլտվություն՝ միայն խմելու ջրատարների կամ ոռոգման համակարգերի վրա կառուցված հիդրոէլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության համար,
5) Էլեկտրական էներգիայի բաշխման կամ հաղորդման լիցենզիա ունեցող անձից էլեկտրական ցանցին պահանջվող հզորությամբ միացման հնարավորության վերաբերյալ տեղեկանք՝ էլեկտրական էներգիայի արտադրության կամ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության լիցենզիայի դեպքում,
6) պետություն-մասնավոր գործընկերություն գործարքի դեպքում՝ պետություն-մասնավոր գործընկերության պայմանագրի պատճեն,
7) Օրենքով սահմանված՝ էլեկտրաէներգիայի գնման երաշխիքից հրաժարվելու դեպքում համապատասխան գրություն, որով հայտատուն տվյալ հայտի շրջանակում հրաժարվում է Օրենքի 35-րդ հոդվածի 1.2-րդ մասով սահմանված էլեկտրական էներգիայի գնման երաշխիքից:
(2-րդ կետը լրաց. 17.06.20 N 212-Ն, փոփ. 30.09.20 N 350-Ն, լրաց. 25.01.23 N 27-Ն, փոփ., լրաց. 19.06.24 N 193-Ն)
3. Էլեկտրական էներգիայի հաղորդման, ջերմային էներգիայի փոխադրման, բնական գազի փոխադրման, էլեկտրական էներգիայի, ջերմային էներգիայի և բնական գազի բաշխման, էլեկտրական էներգիայի մատակարարման, էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարման, Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի, գազամատակարարման համակարգի օպերատորի, Էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի, ինչպես նաև Էլեկտրական էներգիայի մեծածախ առևտրի լիցենզիաների ստացման հայտը պետք է պարունակի հետևյալ փաստաթղթերը.
1) գործարար ծրագիր,
2) լիցենզավորված գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ գույքի նկատմամբ իրավունքները հաստատող փաստաթղթեր, բացառությամբ Էլեկտրական էներգիայի մեծածախ առևտրի, էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարման և էլեկտրական էներգիայի մատակարարման լիցենզիաների հայտերի,
3) հայտարարություն Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային http://www.azdarar.am/ կայքում՝ համաձայն սույն կարգի N 5 հավելվածի։
4. Բնական գազի ներկրման, արտահանման լիցենզիաների ստացման հայտը պետք է պարունակի հետևյալ փաստաթղթերը.
1) գազամատակարարման համակարգի օպերատորի եզրակացությունը ներկրման կամ արտահանման առաջարկվող ռեժիմների իրականացման հնարավորության և էներգետիկայի բնագավառի հուսալիության ու անվտանգության վրա ազդեցության վերաբերյալ,
2) բնական գազի ներկրման գործունեություն իրականացնելու համար՝ օտարերկրյա առաքողի հետ կնքված ներկրման պայմանագիր,
3) բնական գազի արտահանման գործունեություն իրականացնելու համար՝ բնական գազի փոխադրման լիցենզիա ունեցող անձի հետ կնքված բնական գազի փոխադրման պայմանագիր, եթե հայտատուն չունի բնական գազի փոխադրման լիցենզիա,
4) բնական գազի արտահանման գործունեություն իրականացնելու համար՝ բնական գազի բաշխման, փոխադրման կամ ներկրման լիցենզիա ունեցող անձի հետ կնքված բնական գազի առուվաճառքի պայմանագիր, եթե հայտատուն չունի բնական գազի բաշխման, փոխադրման կամ ներկրման լիցենզիա, ինչպես նաև օտարերկրյա գնորդի հետ կնքված արտահանման պայմանագիր:
(հավելվածը փոփ. 28.08.19 N 318-Ն, լրաց. 17.06.20 N 212-Ն, փոփ. 30.09.20 N 350-Ն, լրաց. 31.03.21 N 95-Ն, 25.01.23 N 27-Ն, փոփ., լրաց. 19.06.24 N 193-Ն)
Հավելված N 3 Էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգի |
ԿԱՐԳ
ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՓՈԽԱՆՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Կառուցման ժամանակահատված ներառող էլեկտրական կամ ջերմային էներգիայի արտադրության (ներառյալ՝ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության) լիցենզիա (այսուհետ՝ արտադրության լիցենզիա) ստանալու, կամ արտադրության լիցենզիայում վերակառուցման ժամանակահատված ամրագրելու, ինչպես նաև նշված ժամանակահատվածները երկարաձգելու նպատակով հայտատուն Հանձնաժողով է ներկայացնում Հայաստանի Հանրապետությունում գործող որևէ բանկի կողմից տրամադրված երաշխիք, որով բանկը գրավոր պարտավորություն է ստանձնում հայտատուի կողմից լիցենզիայի պայմանները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում սույն կարգի 3-րդ կետի համաձայն հաշվարկված գումարը, Հանձնաժողովի որոշման կամ գրության հիման վրա, Հանձնաժողովի սահմանած ժամկետում, անվիճելի և անառարկելի կարգով փոխանցել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
2. Հայտատուն պարտավոր է երաշխիքը ներկայացնել արտադրության լիցենզիայի կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածի համար իր կողմից հայցվող, իսկ ժամանակահատվածի երկարաձգման դեպքում՝ երկարաձգման ժամկետից առնվազն քառասունհինգ օր ավելի գործողության ժամկետով:
3. Երաշխիքով սահմանման ենթակա գումարի հաշվարկման բազա է համարվում «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված բազային տուրքի չափը: Երաշխիքով սահմանման ենթակա գումարի մեծությունը (այսուհետ՝ երաշխիքով սահմանված գումար) պետք է հավասար լինի կառուցվող կայանի, իսկ կայանի վերակառուցման դեպքում դրա արդյունքում ավելացող հաշվարկային (տեղակայվող) հզորության (արտահայտված կիլովատտերով) և «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված բազային տուրքի երկուսուկեսապատիկի արտադրյալին, սակայն ոչ պակաս, քան 500 000 դրամը: Էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության կայանի դեպքում կայանի հաշվարկային հզորությունը հաշվարկվում է որպես էլեկտրական և ջերմային հաշվարկային հզորությունների գումար:
(3-րդ կետը խմբ. 17.06.20 N 212-Ն, լրաց. 13.04.22 N 140-Ն)
4. Սույն կարգով սահմանված երաշխիքը չի պահանջվում, եթե հայտատուն Հանձնաժողով է ներկայացրել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տրված բյուջետային երաշխիք:
5. Լիցենզիայի պայմանները սահմանված ժամկետում կամ վաղաժամկետ կատարելու դեպքում Հանձնաժողովը, լիցենզավորված անձի դիմումի համաձայն, համապատասխան որոշմամբ կամ գրությամբ երաշխիք տված անձին ազատում է երաշխիքային պարտավորություններից:
2. ԵՐԱՇԽԻՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԳՈՒՄԱՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ
6. Հանձնաժողովը որոշում է ընդունում երաշխիքով սահմանված գումարն ամբողջությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու մասին, եթե`
1) Հանձնաժողովը որոշում է ընդունել արտադրության լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին, բացառությամբ սույն կարգի 46․1-ին կետի համաձայն՝ լիցենզիայի տրամադրման մասին որոշումն ուժը կորցրած ճանաչելու դեպքի,
2) արտադրության լիցենզիա ունեցող անձը լիցենզիայով սահմանված վերակառուցման ժամանակահատվածում չի ավարտել կայանի վերակառուցման աշխատանքները և չի դիմել լիցենզիայի պայմաններում փոփոխություններ կատարելու համար կամ Հանձնաժողովը մերժել է փոփոխություններ կատարելու դիմումը, և արտադրության լիցենզիա ունեցող անձը մինչև վերակառուցման ժամանակահատվածի ավարտը չի վերացրել մերժման հիմքերը և Հանձնաժողով չի ներկայացրել համապատասխան հիմնավորող փաստաթղթեր,
3) արտադրության լիցենզիա ունեցող անձը լիցենզիայով սահմանված վերակառուցման ժամանակահատվածում չի ավարտել կայանի վերակառուցման աշխատանքները և չի դիմել լիցենզիայով սահմանված վերակառուցման ժամանակահատվածը երկարաձգելու հայտով կամ Հանձնաժողովը մերժել է ներկայացված հայտը և արտադրության լիցենզիա ունեցող անձը մինչև վերակառուցման ժամանակահատվածի ավարտը չի վերացրել մերժման հիմքերը և Հանձնաժողով չի ներկայացրել համապատասխան հիմնավորող փաստաթղթեր:
(6-րդ կետը լրաց. 13.04.22 N 140-Ն)
7. Հանձնաժողովը որոշում է ընդունում երաշխիքով սահմանված գումարի կեսը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու մասին, եթե`
1) Հանձնաժողովը որոշում է ընդունել արտադրության լիցենզիայով սահմանված կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածը երկարաձգելու մասին,
2) արտադրության լիցենզիա ունեցող անձի կողմից Նախագիծը Հանձնաժողով ներկայացնելու` լիցենզիայի պայմաններով ամրագրված ժամկետը Հանձնաժողովի հաստատած էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգի համաձայն 2-րդ անգամ երկարաձգվել է:
8. Սույն կարգի 7-րդ կետում սահմանված դեպքերում` Հանձնաժողովի որոշմամբ կամ գրությամբ սահմանված ժամկետում, լիցենզավորված անձը Հանձնաժողով է ներկայացնում սույն կարգի 3-րդ կետին համապատասխան հաշվարկված երաշխիք:
8.1. Սույն կարգի 8-րդ կետին համապատասխան լիցենզավորված անձի կողմից երաշխիք Հանձնաժողով չներկայացվելու դեպքում լիցենզիայի գործողությունը կասեցվում է։
(8.1-ին կետը լրաց. 17.06.20 N 212-Ն)
9. Սույն կարգի 6-րդ կամ 7-րդ կետերով նախատեսված որոշման ընդունման դեպքում, եթե լիցենզավորված անձի կողմից նախկինում Հանձնաժողով երաշխիք չի ներկայացվել, ներկայացված երաշխիքի գործողության ժամկետը լրացել է կամ դրանով ամրագրված (դրա շրջանակում առկա) գումարի չափը չի բավարարում նույն որոշման պահանջի ամբողջական ապահովման համար, սույն կարգի 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված գումարի՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու պարտավորությունն ամբողջությամբ կամ չբավարարող մասով կրում է լիցենզավորված անձը:
(9-րդ կետը խմբ. 17.06.20 N 212-Ն)
3. ՖՈՐՍ ՄԱԺՈՐԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ
10. Լիցենզավորված անձի ներկայացրած երաշխիքով սահմանված գումարը սույն կարգով սահմանված դեպքերում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե չի փոխանցվում, եթե նրա կողմից լիցենզիայի պայմանների չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը հետևանք է ֆորս մաժորի: Սույն կարգի իմաստով ֆորս մաժոր է համարվում ցանկացած հանգամանք կամ դեպք (դրա հետևանք), որը հանգեցրել է (հանգեցնում կամ կարող է հանգեցնել) լիցենզավորված անձի պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման և միաժամանակ բավարարում է հետևյալ պայմաններին՝
1) չի գտնվում լիցենզավորված անձի վերահսկողության ներքո.
2) լիցենզավորված անձը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցները և ջանքերը (այդ թվում՝ նախազգուշական, այլընտրանքային, օրենսդրությամբ նախատեսված) նշված հանգամանքները (հետևանքները) կանխելու, վերացնելու, մեղմելու կամ դրանցից խուսափելու համար:
3) (ենթակետն ուժը կորցրել է 31.03.21 N 95-Ն)
(10-րդ կետը փոփ. 31.03.21 N 95-Ն)
10.1. Լիցենզիայի պայմանների չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը ֆորս մաժորի հետևանք լինելու հանգամանքը ենթակա է հիմնավորման լիցենզավորված անձի կողմից։
(10.1-ին կետը լրաց. 31.03.21 N 95-Ն)
11. Սույն կարգի իմաստով, մասնավորապես, ֆորս մաժոր են՝
1) բնական և տեխնածին աղետները, համաճարակները, բնության ուժերի արտասովոր դրսևորումները (այդ թվում՝ ջրհեղեղներ, երկրաշարժեր, փոթորիկներ, պտտահողմեր, կայծակով և ամպրոպով ուղղորդվող հորդառատ անձրևներ, ձնաբքեր, սողանքներ), ատոմային, քիմիական կամ կենսաբանական աղտոտում, գործադուլները, հասարակական անկարգությունները.
2) ապստամբությունները, ահաբեկչությունները, պատերազմները, ներխուժումները, զինված հակամարտությունները, արտաքին թշնամու գործողությունները կամ շրջափակումը, որոնցից յուրաքանչյուրը տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության տարածքում, կամ ներգրավում է այն, ինչը գոյություն չի ունեցել կամ չէր կարող ողջամտորեն կանխատեսվել.
3) պետական և տեղական ինքնակառավարման մարմնի կամ այլ իրավասու կազմակերպության ակտը, գործողությունը կամ անգործությունը այն դեպքում, երբ դրա արդյունքում չի տրամադրվել, երկարաձգվել սույն կարգով ամրագրված պարտավորության կատարման համար անհրաժեշտ որևէ թույլտվություն կամ իրավունք կամ խոչընդոտվել է այդ պարտավորության կատարումը, պայմանով, որ լիցենզավորված անձը գործել է համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության:
(11-րդ կետը փոփ. 17.06.20 N 212-Ն)
12. Սույն կարգի 11-րդ կետը չի սահմանափակում լիցենզավորված անձի իրավունքը նկարագրվածից բացի այլ արտակարգ և անկանխելի դեպքեր ու հանգամանքներ ի հայտ գալու պարագայում դիմել Հանձնաժողով՝ սույն գլխի պահանջներին բավարարելու դեպքում դրանք ևս ֆորս մաժոր ճանաչելու համար։
(հավելվածը խմբ., լրաց., փոփ. 17.06.20 N 212-Ն, փոփ., լրաց. 31.03.21 N 95-Ն, լրաց. 13.04.22 N 140-Ն)
Հավելված N 4 Էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգի |
ԳՈՐԾԱՐԱՐ ԾՐԱԳՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
(վերնագիրը խմբ. 19.06.24 N 193-Ն)
1. Գործարար ծրագիրը պարունակում է առնվազն հետևյալ տեղեկությունները՝
1) Կառուցման նպատակը, կառուցվող օբյեկտի անունը, ընդհանուր բնութագիրը և տեխնիկատնտեսական ամփոփ ցուցանիշները, շինությունների և կառույցների հիմնական բնութագրերը․
2) Շուկայի ուսումնասիրություն, արտադրանքի (ծառայության) իրացման հնարավորությունները․
3) Տեղեկություններ տեղադրվող հիմնական սարքավորումների վերաբերյալ (այդ թվում՝ մակնիշ, հզորություն), այդ սարքավորումների արտադրողների և դրանց արժեքների մասին, տեխնիկական և տնտեսական հիմնավորում․
4) Ռեսուրսների արդյունավետ օգտագործման նպատակով օբյեկտի տեխնիկատնտեսական ցուցանիշների համալիր վերլուծության արդյունքներով օպտիմալ տարբերակի ընտրության հիմնավորումը․
5) Կառուցվող օբյեկտի տեղաբաշխման սխեման, որի վրա նշված են տրանսպորտային հաղորդակցության ուղիներին և ճարտարագիտական ցանցերին միացման կետերը, օբյեկտի հատակագիծը․
6) Կառուցման ժամանակացույցը՝ ըստ փուլերի (ներառյալ՝ կայանի կառուցման նախագծի կազմման և փորձաքննությունների անցկացման ժամկետները)․
7) Կառուցման աշխատանքների արժեքը բացված տեսքով․
8) Ֆինանսավորման հնարավոր աղբյուրները և ֆինանսավորման պայմանները․
9) Հիմնական արտադրանքի ինքնարժեքի հաշվարկը․
10) Ներդրումների արդյունավետության գնահատման ցուցանիշներ (այդ թվում՝ շահութաբերության ներքին նորմա, մաքուր բերված արժեք, հետգնման ժամկետ)։
(հավելվածը լրաց. 28.08.19 N 318-Ն, խմբ. 19.06.24 N 193-Ն)
Հավելված N 5 Էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգի |
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ
_________________________________________________________________________________ (Լիցենզավորվող անձի անվանումը (անունը, ազգանունը))
մտադիր է դիմել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝
_________________________________________________________________________________ (գործունեության վայրը (աշխարհագրական տարածքը)
_________________________________________________________________________________(լիցենզավորվող գործունեության տեսակը)
ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար։
_________________________________________________________________________________(Լիցենզավորվող անձի գտնվելու (բնակության) վայրը, հեռախոսը, էլեկտրոնային փոստի հասցեն) |
Հավելված N 6 Էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգի |
ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՍՏԱՑՄԱՆ ԿՏՐՈՆ
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 20__ թվականի __________ «___»-ի N____ -Ա որոշում
2. Լիցենզավորված գործունեության տեսակը
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
3. Լիցենզիայի տրամադրման ամսաթիվը «___»_____________20 __ թվական
4. Լիցենզիայի համարը ԼԷ N_________
5. Ստացված էջերի քանակը՝ ________________
6. Լիցենզավորված անձի անվանումը (անունը, ազգանունը)
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
7. Լիցենզիա ստացող անձի անունը, ազգանունը, անձնագրի կամ այն փոխարինող փաստաթղթի սերիան և համարը, ում կողմից և երբ է տրված
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
8. Լիցենզիան ստացվել է՝ «____»________________20__ թվական
9. Լիցենզիա ստացողի ստորագրությունը _____________________________
Հավելված N 7 Էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգի |
ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔ
1. Լիցենզավորված անձի անվանումը (անունը, ազգանունը) ___________________________________ 2. Գործունեության տեսակը _________________________________ 3. Կայանի անվանումը և տեսակը/տիպը ________________________ 4. Կայանը նախագծող կազմակերպության (կազմակերպությունների) անվանումը (կցելով համապատասխան լիցենզիան և ներդիրը)__________________________________________________________ 5. օրենսդրության պահանջներին համապատասխան փորձաքննություն իրականացնող մարմնի (մարմինների) անվանումը _________________________ ________________________________ 6. Նախագծի համաձայն՝ կայանի հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշները (լրացվում են՝ ելնելով կայանի տեսակից)՝ 1) հաշվարկային հզորություն՝ ______________________ 2) տեղակայվող հզորություն՝ _______________________ 3) հաշվարկային ճնշում՝ ___________________________ 4) հաշվարկային ելք՝ ______________________________ 5) հիդրոագրեգատների քանակը և հզորություն (տուրբին, գեներատոր)՝ ___________________ 6) արևային վահանակների քանակ և հզորություն՝ _________________________ 7) փոխակերպիչների քանակը և հզորություն՝ ______________________________ 8) հողմային աշտարակների քանակ և հզորություն՝ _______________________ ______________________________________ 9) հողմային աշտարակի բարձրություն՝ ___________________________________ 10) հողմային աշտարակի ռոտորի թևի երկարություն՝ _______________________ 7. Հավաստում եմ, որ Հանձնաժողով ներկայացված՝ լիցենզավորված գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ համապատասխան նպատակային (գործառական) նշանակությամբ հողամասը, ըստ ներկայացվող նախագծի տվյալների, բավարար է _________ կայանի կառուցման և շահագործման համար։ 8. Հաստատում եմ, որ ներկայացվող նախագիծը կազմվել է համաձայն ___________________________ տեխնիկական պայմանների, անցել է Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան փորձաքննություններ և ստացել ___________ (դրական/բացասական) փորձագիտական եզրակացություններ, իսկ ներկայացված տեղեկությունները հավաստի են։
___________________________________________________________________ (Լիցենզավորված անձի (գործադիր մարմնի ղեկավարի) անուն, ազգանուն, ստորագրություն)
—————————— (օրը, ամիսը, տարին) |
(հավելվածը լրաց. 17.06.20 N 212-Ն)
(կարգը լրաց., փոփ., խմբ. 04.06.14 N 153-Ն, 25.11.15 N 389-Ն, լրաց. 07.03.17 N 57-Ն, լրաց., փոփ., խմբ. 10.05.17 N 153-Ն, 22.11.17 N 500-Ն, լրաց. 30.05.18 N 192-Ն, խմբ., լրաց., փոփ. 24.10.18 N 394-Ն, խմբ. 21.11.18 N 429-Ն, փոփ., լրաց., խմբ. 28.08.19 N 318-Ն, 09.10.19 N 371-Ն, 17.06.20 N 212-Ն, լրաց., փոփ. 30.09.20 N 350-Ն, 31.03.21 N 95-Ն, 26.05.21 N 197-Ն, լրաց., խմբ., փոփ. 13.04.22 N 140-Ն, փոփ. 08.06.22 N 245-Ն, լրաց. 25.01.23 N 27-Ն, լրաց., փոփ., խմբ. 19.06.24 N 193-Ն)