Գլխավոր տեղեկություն
Номер
N 875-Լ
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (21.07.2019-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2018.05.30/44(1402) 20.07.2019
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
11.07.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.07.2019
Дата вступления в силу
21.07.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հուլիսի 2019 թվականի N 875-Լ

 

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ (Խ-192-14.06.2019-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Խ-192-14.06.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

   

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. հուլիսի 16

Երևան

     

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ (Խ-192-14.06.2019-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

    

«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով առաջարկվում է նախատեսել կարգավորում, որի համաձայն՝ ոստիկանության պետի և ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնները հանվում են ոստիկանության և ազգային անվտանգության մարմինների պաշտոնների անվանացանկերից՝ ներառվելով քաղաքական պաշտոնների անվանացանկում, և վերջիններիս վրա տարածվում են պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջները:

Նախագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն՝ պետության ղեկավարը կաշկանդված է գործող կարգավորումներով կարևոր ուժային կառույցների ղեկավարներին նշանակելու նույն համակարգում ծառայություն անցած անձանց շրջանակից, ինչը բացարձակապես անընդունելի կարգավորում է:

 Այդ համատեքստում անհրաժեշտ ենք համարում դիտարկել հետևյալ իրավական կարգավորումները: Այսպես`

«Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝

«Ազգային անվտանգության մարմինների գործունեությունը հիմնված է օրինականության, ժողովրդավարության, օրենքի առաջ բոլորի հավասարության, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները հարգելու և պահպանելու, կուսակցությունների ու հասարակական միավորումների գործունեությունից անկախության (…) սկզբունքների հիման վրա»:

«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝

«1. Ազգային անվտանգության մարմիններում ծառայությունը զինվորական ծառայություն է, որի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով:

2. Ազգային անվտանգության մարմիններում ծառայությունն իրականացվում է (…) հասարակական միավորումների գործունեությունից անկախության սկզբունքների պահպանմամբ՝ միանձնյա և կենտրոնացված ղեկավարման միջոցով (…)»:

Նույն օրենքի 19-րդ հոդվածի համաձայն՝

«1. Պետական լիազոր մարմնի ղեկավար կարող է նշանակվել ազգային անվտանգության մարմինների այն ծառայողը, ով մինչև նշանակումն զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն կամ առնվազն 3 տարի զբաղեցրել է գլխավոր խմբի պաշտոն և ունի գնդապետից ոչ ցածր կոչում:»:

«Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝

«Օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ոստիկանությունը պաշտպանում է մարդու իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաև օրինական շահերը` անկախ (…) նրա քաղաքական կամ այլ հայացքներից, (…)»:

«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի համաձայն՝

«1. Ոստիկանության պետ կարող է նշանակվել ոստիկանության այն ծառայողը, որը մինչև նշանակումն զբաղեցրել է ոստիկանության բարձրագույն կամ առնվազն 3 տարի գլխավոր խմբի պաշտոն և ունի ոստիկանության գնդապետից ոչ ցածր ոստիկանության կոչում:»:

Այս առումով՝ հարկ ենք համարում անդրադառնալ նաև «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին առնչվող որոշ կարգավորումների: Այսպես՝

«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝

 «1. Հանրային ծառայությունը հանրային իշխանության մարմինների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված լիազորությունների իրականացումն է, որն ընդգրկում է պետական ծառայությունը, համայնքային ծառայությունը և հանրային պաշտոնները:»:

Նույն օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝

«1. Քաղաքական պաշտոնը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված ընտրովի կամ նշանակովի պաշտոն է, որն զբաղեցնող անձն օժտված է քաղաքական որոշումներ կայացնելու իրավասությամբ և քաղաքական պատասխանատվություն է կրում այդ որոշումների համար:»:

Նույն օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝

 «1. Վարչական պաշտոնը հանրային իշխանության մարմիններում նշանակովի պաշտոն է, որն զբաղեցնող պաշտոնատար անձն ապահովում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով տվյալ մարմնին վերապահված լիազորությունների արդյունավետ իրականացումը և պատասխանատվություն է կրում իր պաշտոնից բխող նպատակների և խնդիրների իրականացման համար:»:

Շարադրված հոդվածների բովանդակային և համակարգային վերլուծությունից պարզ է դառնում, որ նախագծերով նախատեսված կարգավորումների պարագայում խախտվում է տվյալ հասարակական հարաբերությունների կարգավորման իրավական նորմերի ներդաշնակությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործնականում խնդրահարույց է նշված ծառայությունների՝ հասարակական միավորումներից ու կուսակցություններից անկախ գործունեությունն այն պարագայում, երբ այն ղեկավարվում է քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի կողմից:

Բացի դրանից, հարկ է նշել, որ նախագծերով նախատեսված կարգավորումների պարագայում ոստիկանության պետը և ազգային անվտանգության ծառայության տնօրենն առավելապես կաշկանդված են լինելու քաղաքական գործընթացներով, քաղաքական մեծամասնության դիրքորոշումներով և քաղաքական ուժի վարած քաղաքականությամբ: Մինչդեռ գտնում ենք, որ նշված ծառայությունները՝ ի դեմս իրենց ղեկավարների, չեն կարող ու չպետք է զբաղվեն քաղաքականությամբ, նրանք պետք է զերծ մնան քաղաքական զարգացումներից և, անկախ քաղաքական իրավիճակից, անաչառորեն կատարեն իրենց առջև դրված խնդիրները և գործառույթները:

Այս առումով՝ անհրաժեշտ է կարևորել նաև այն առանձնահատկությունները, որոնք ընդգծել է օրենսդիրը՝ վարչական և քաղաքական պաշտոնների եզրույթները սահմանելիս: Մասնավորապես, եթե քաղաքական պաշտոն զբաղեցնող անձն օժտված է քաղաքական որոշումներ կայացնելու իրավասությամբ և քաղաքական պատասխանատվություն է կրում այդ որոշումների համար, ապա վարչական պաշտոն զբաղեցնող անձն ապահովում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով տվյալ մարմնին վերապահված լիազորությունների արդյունավետ իրականացումը և պատասխանատվություն է կրում իր պաշտոնից բխող նպատակների, տվյալ դեպքում՝ ազգային անվտանգության և ոստիկանության բնագավառներում պետության կողմից վարած քաղաքականության, վերջիններիս առջև դրված խնդիրների իրականացման համար:

Ինչ վերաբերում է նախագծի հեղինակների կողմից վկայակոչված այն փաստարկներին, որ գործող կարգավորումների պարագայում անընդունելի է այն, որ պետության ղեկավարը կաշկանդված է ուժային կառույցների ղեկավարներին նշանակելու նույն համակարգում ծառայության անցած անձանց շրջանակից, գտնում ենք, որ դրանք անհիմն են, քանի որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ համանման կերպով են կարգավորված նաև զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմի, հարկադիր կատարումն ապահովող ծառայության, քրեակատարողական ծառայության, փրկարար ծառայության մարմինների ղեկավարներին պաշտոնների նշանակելու գործընթացները, և նշված ոլորտներում ևս Հայաստանի Հանրապետության նախագահի կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից նշանակումներն իրականացվում են՝ որոշակի օրենսդրական սահմանափակումներին համապատասխան:

Միաժամանակ առաջարկում ենք հետագայում քննարկման առարկա դարձնել ոստիկանության պետի և ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոններին ներկայացվող պահանջների վերանայման հարցը՝ արդեն իսկ սահմանված պահանջներից, մասնավորապես, միայն տվյալ ծառայություններում զբաղեցրած պաշտոնի կամ համապատասխան կոչումի առկայությունից բացի, որպես այլընտրանքային պահանջ նախատեսելով նաև հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց համար ներկայացված այլ պահանջներ ևս՝ տվյալ պաշտոններում նշանակումներ կատարելիս առավել ճկունություն ապահովելու և տվյալ մարմինների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված լիազորությունների արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով:

Ամփոփելով շարադրվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է նախագծերի փաթեթով քննարկվող՝ գործող օրենքների հոդվածները թողնել անփոփոխ:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան