ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2007 թվականի փետրվարի 22-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքը (այսուհետ` օրենսգիրք) ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, բացառությամբ այն դրույթների, որոնց համար սույն օրենքով սահմանված են ուժի մեջ մտնելու այլ ժամկետներ կամ պայմաններ:
Հոդված 2. Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել`
1) 1998 թվականի հունիսի 17-ի «Դատավորի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը.
2) 1998 թվականի հունիսի 18-ի «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը.
3) 1995 թվականի հոկտեմբերի 23-ի «Արդարադատության խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:
Հոդված 2.1. Դատավորի պաշտոնում 10 և ավելի տարի աշխատած և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 5-րդ կետերով, ինչպես նաև 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերով պաշտոնից ազատված անձի կենսաթոշակի նկատմամբ սահմանվում է ամենամսյա հավելավճար նրա` որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար ստացած աշխատավարձի 75 տոկոսի և պետական կենսաթոշակի տարբերության չափով, որը վճարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հավելավճարի իրավունքից օգտվում են նաև դատավորի պաշտոնից կենսաթոշակի անցած նախկին գերագույն դատարանի անդամ դատավորները, նախկին պետական արբիտրաժի պետական արբիտրները և նախկին ժողովրդական դատավորները:
Նախկին գերագույն դատարանի անդամ դատավորների կենսաթոշակները հաշվարկելիս հիմք են ընդունվում Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորների համար գործող պաշտոնային դրույքաչափերը:
Նախկին պետական արբիտրաժի պետական արբիտրների կենսաթոշակները հաշվարկելիս հիմք են ընդունվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական վերաքննիչ դատարանի դատավորների համար գործող պաշտոնային դրույքաչափերը:
Նախկին ժողովրդական դատավորների կենսաթոշակները հաշվարկելիս հիմք են ընդունվում Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության դատարանի դատավորների համար գործող պաշտոնային դրույքաչափերը:
(2.1-րդ հոդվածը լրաց. 26.05.08 ՀՕ-72-Ն)
Հոդված 3. Սույն օրենսգրքի այն նորմերը, որոնք կարգավորում են դատավարական իրավահարաբերություններ, ուժի մեջ են մտնում համապատասխան դատավարական օրենսգրքերն ուժի մեջ մտնելու պահից, բայց ոչ ուշ, քան մինչև 2008 թվականի հունվարի 1-ը: Սույն կանոնը չի տարածվում դատարանի կողմից կիրառվող սանկցիաները կանոնակարգող նորմերի վրա:
Հոդված 4. Օրենսգրքով նախատեսված Հայաստանի Հանրապետության դատարանները սկսում են գործել 2008 թվականի հունվարի 1-ից:
Հոդված 5. Դատավորների, դատարանների և պալատների նախագահների նշանակման` Օրենսգրքով նախատեսված կարգը գործում է 2008 թվականի հունվարի 1-ից:
Հոդված 6. Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանները 2008 թվականի հունվարի 1-ից վերանվանվում են ընդհանուր իրավասության դատարանների (ըստ դատական տարածքների): Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների դատավորները և դատարանների նախագահները 2008 թվականի հունվարի 1-ից շարունակում են պաշտոնավարել համապատասխան ընդհանուր իրավասության դատարանների դատավորների և դատարանների նախագահների պաշտոններում:
2008 թվականի հունվարի 1-ից Վայոց ձորի մարզի առաջին ատյանի դատարանի գործունեությունը դադարում է: Վայոց ձորի մարզի առաջին ատյանի դատարանի դատավորները (դատարանի նախագահը) շարունակում են պաշտոնավարել որպես Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ: Արարատի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահը շարունակում է պաշտոնավարել որպես Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ:
Հոդված 7. Վերաքննիչ դատարանների դատավորները շարունակում են պաշտոնավարել համապատասխան վերաքննիչ դատարանի դատավորների պաշտոններում:
Հոդված 8. Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանը գործում է մինչև 2008 թվականի հունվարի 1-ը, որից հետո դրա գործունեությունը դադարում է:
Հոդված 9. 2008 թվականի հունվարի 1-ից տնտեսական դատարանի և առաջին ատյանի դատարանների վարույթում գտնվող առաջին ատյանի կանոններով քննվող գործերը ենթակայության և ընդդատության կանոնների պահպանմամբ փոխանցվում են համապատասխան դատարաններին, իսկ վերաքննիչ վարույթի կանոններով քննվող գործերը` վերաքննիչ քաղաքացիական դատարանին:
Հոդված 10. Օրենսգրքով նախատեսված նոր ստեղծվող դատարաններում և գործող դատարաններում թափուր և ավելացող դատավորների և դատարանների նախագահների պաշտոններում նշանակումները կատարվում են ոչ ուշ, քան մինչև 2007 թվականի դեկտեմբերի 20-ը:
Նշված պաշտոններում նշանակումները կատարվում են հետևյալ կարգով.
1) ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարաններում նշանակումը կատարվում է գործող (պաշտոնավարող) դատավորների թվից և դատավորների թեկնածությունների 2007 թվականի ցուցակից.
2) վերաքննիչ դատարանում թափուր տեղ առաջանալու դեպքում նշանակումը կատարվում է առաջին ատյանի դատավորների, ինչպես նաև վերաքննիչ և տնտեսական դատարանների դատավորների ծառայողական առաջխաղացման 2007 թվականի ցուցակներից:
Ընդհանուր իրավասության, մասնագիտացված և վերաքննիչ դատարաններում դատավորների և դատարանների նախագահների թափուր պաշտոններում նշանակումներ կատարելու համար արդարադատության խորհրդին եզրակացության կամ առաջարկության ձևավորման նպատակով թեկնածություններ կարող են ներկայացնել վճռաբեկ դատարանի նախագահը, ինչպես նաև արդարադատության խորհրդի յուրաքանչյուր անդամ:
Արդարադատության խորհուրդը եզրակացություն կամ առաջարկություն ձևավորելու նպատակով անցկացնում է քվեաթերթիկներով գաղտնի քվեարկություն։ Քվեաթերթիկում ընդգրկվում են բոլոր ներկայացված թեկնածությունները: Յուրաքանչյուր թեկնածուի անուն-ազգանունից հետո գրվում են «կողմ եմ» բառերը` նշումի համար նախատեսված դատարկ քառանկյունով:
Արդարադատության խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Նախընտրած թեկնածուին կողմ քվեարկելիս նշում է կատարվում «կողմ եմ» բառերին համապատասխանող քառանկյան մեջ: Մեկ ձայնից ավելի ձայներ պարունակող քվեաթերթիկները համարվում են անվավեր:
Եթե թափուր տեղի համար քվեարկվում են մեկից ավելի թեկնածուներ, ապա քվեարկության արդյունքներով Հանրապետության Նախագահին է առաջարկվում առավել «կողմ» ձայներ ստացած անձը: Ձայների հավասարության դեպքում անցկացվում է լրացուցիչ քվեարկություն՝ քվեաթերթիկում ընդգրկելով միայն հավասար ձայներ ստացած անձանց: Լրացուցիչ քվեարկության արդյունքում ձայների հավասարության դեպքում առավելությունը տրվում է տարիքով ավագին:
Եթե թափուր տեղի համար քվեարկվում է մեկ թեկնածու, ապա նա Հանրապետության Նախագահին է առաջարկվում, եթե ստացել է արդարադատության խորհրդի` քվեարկությանը մասնակցած անդամների ձայների կեսից ավելին:
Հոդված 11. Դատավորների թեկնածությունների 2007 թվականի ցուցակը պահպանում է իր ուժը մինչև Հայաստանի Հանրապետության դատական դպրոցի կողմից առաջին շրջանավարտները տալու պահը:
Հոդված 12. Դատավորների ծառայողական առաջխաղացման 2007 թվականի ցուցակները պահպանում են իրենց ուժը մինչև Օրենսգրքով սահմանված կարգով նոր ցուցակի կազմումը:
Հոդված 13. Ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղի համար թեկնածու առաջարկելու` Օրենսգրքի 122-րդ հոդվածով նախատեսված կարգը Հայաստանի Հանրապետության դատական դպրոցն ավարտած թեկնածուների, ինչպես նաև նախկին դատավորների, դատախազների, փաստաբանների և քննիչների մասով ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության դատական դպրոցի կողմից առաջին շրջանավարտները տալու պահից:
Դատավորների թեկնածությունների և առաջխաղացման ցուցակներում նախկին դատավորների, դատախազների, փաստաբանների և քննիչների ընդգրկման` Օրենսգրքով նախատեսված կարգը գործում է Հայաստանի Հանրապետության դատական դպրոցի կողմից առաջին շրջանավարտները տալուց հետո` Օրենսգրքով սահմանված կարգով:
Հոդված 14. Մինչև Օրենսգրքով սահմանված կարգավիճակով դատական դպրոցի կազմավորումը դատական դպրոցին Օրենսգրքով վերապահված լիազորություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի դատական դպրոց առանձնացված ստորաբաժանումը:
Հոդված 15. Մինչև 2008 թվականի հունվարի 1-ը դատավորի պաշտոն զբաղեցնող այն դատավորները, որոնք հաստիքի կրճատման կամ դատարանի գործունեության դադարման պատճառով իրենց ցանկությամբ նշանակվում են ստորադաս դատարանի դատավորի պաշտոնում, պահպանում են նախկին պաշտոնում ստացած աշխատավարձը, այդ թվում` հավելավճարները (բացի դատարանի նախագահի պաշտոնի համար տրվող հավելավճարներից), իսկ հետագայում դատավորի վարձատրության ավելացման դեպքում նրանց աշխատավարձը աճում է այն ավելացմանը համամասնորեն:
Հոդված 16. Արդարադատության խորհրդի գործող դատավոր անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների ժամկետի ավարտը:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների ընդունումից հետո նշանակված արդարադատության խորհրդի իրավաբան-գիտնական անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների` Օրենսգրքին համապատասխան դադարումը:
Հոդված 17. Սույն օրենսգրքով սահմանված` տարբեր դատական ատյանների դատավորների պաշտոնային դրույքաչափերի համար սահմանված համամասնություններն ուժի մեջ են մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:
Հոդված 18. Մինչ այդ դատավորների պաշտոնային դրույքաչափերը հաշվարկվում են մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը սահմանված կարգով:
Հոդված 19. Դատավորին կցվող` Օրենսգրքով նախատեսվող լրացուցիչ հաստիքները կարող են համալրվել 2008 թվականի հունվարի 1-ից:
Հոդված 20. Օրենսգրքով նախատեսված դատական կարգադրիչների ծառայությունը ստեղծվում է ոչ ուշ, քան մինչև 2008 թվականի հունվարի 1-ը:
Հոդված 21. Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանի դատական ծառայողներին դատարանի գործունեության դադարումից հետո առաջարկվում է նրանց պաշտոնի անձնագրի պահանջներին համապատասխանող դատական ծառայության այլ` տվյալ պահին թափուր պաշտոն: Նման առաջարկը հնարավորության դեպքում արվում է այն տարածքում գործող դատական ծառայության ստորաբաժանումում, որը մոտ է եղել դատական ծառայողի նախկին աշխատավայրին: Այս կանոնը չի տարածվում դատավորին կցվող դատական ծառայողների վրա: Եթե դատական ծառայողը չի համաձայնվում զբաղեցնել իրեն առաջարկված դատական ծառայության պաշտոնը, ապա նա ընդգրկվում է դատական ծառայության կադրերի ռեզերվում:
Դատավորին կցվող դատական ծառայողների հաստիքները համարվում են կրճատված, և վերջիններս ընդգրկվում են դատական ծառայության կադրերի ռեզերվում:
Հոդված 22. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|