ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի որոշում Վարչական գործ թիվ ՎԴ/1998/05/10 |
Վարչական գործ թիվ ՎԴ/1998/05/10 2010թ. |
Նախագահող դատավոր՝ Ռ. Հակոբյան | |
Դատավոր՝ Ա. Առաքելյան Ա. Ղազարյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ Ս. Անտոնյանի Վ. Աբելյանի Վ. Ավանեսյանի Ա. Բարսեղյանի Մ. ԴՐՄԵՅԱՆԻ Տ. Պետրոսյանի Ե. Սողոմոնյանի
2010 թվականի հոկտեմբերի 20-ին,
քննարկելով «Ջենկոն Սերվիս Ինտերնեյշնլ» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ներկայացուցիչ Արսեն Միրզոյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 30.07.2010 թվականի «Բողոքը մերժելու մասին» որոշման դեմ,
ՊԱՐԶԵՑ
1. Գործով կայացված դատական ակտի էությունը
Ընկերությունը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե)՝ խնդրելով պարտավորեցնել Կոմիտեին հավուր պատշաճին պատասխանելու Ընկերության 18.05.2010 թվականի թիվ 095 գրությանը:
ՀՀ վարչական դատարանի 16.06.2010 թվականի որոշմամբ հայցադիմումի ընդունումը մերժվել է:
ՀՀ վարչական դատարանի 06.07.2010 թվականի որոշմամբ Ընկերության բողոքը բավարարվել է մասնակի` վերացվել է ՀՀ վարչական դատարանի 16.06.2010 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը, իսկ հայցադիմումը վարույթ ընդունելու մասով` մերժվել:
ՀՀ վարչական դատարանի 20.07.2010 թվականի որոշմամբ հայցադիմումի ընդունումը մերժվել է:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 30.07.2010 թվականի որոշմամբ ՀՀ վարչական դատարանի 20.07.2010 թվականի որոշման դեմ Ընկերության բողոքը մերժվել է, և ՀՀ վարչական դատարանի 20.07.2010 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:
Դատարանի 30.07.2010 թվականի որոշման հետ չհամաձայնելով` դատավոր Ա. Ղազարյանը 30.07.2010 թվականին գրել է «Հատուկ կարծիք», որով գտել է, որ Ընկերության ներկայացուցչի բողոքը ենթակա է բավարարման, իսկ ՀՀ վարչական դատարանի 20.07.2010 թվականի որոշումը` վերացման:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 8-րդ, 79-րդ հոդվածները, 125-րդ հոդվածի 2-րդ մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ ՀՀ վարչական դատարանի 06.07.2010 թվականի որոշմամբ վերացվել է ՀՀ վարչական դատարանի 16.06.2010 թվականի որոշումը, ինչից հետո, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, հայցադիմումը համարվել է վարույթ ընդունված: Մինչդեռ ՀՀ վարչական դատարանը, խախտելով նշված նորմի պահանջը, 20.07.2010 թվականի որոշմամբ կրկին մերժել է հայցադիմումի ընդունումը:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է վերացնել Դատարանի 30.07.2010 թվականի «Բողոքը մերժելու մասին» որոշումը:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննարկելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ`
1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, այդ թվում, եթե`
ա/ խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար,
բ/ չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ՝ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտերի ուժով.
2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն.
3) նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վարչական դատարանը` 3 դատավորի կազմով, քննում է վարչական դատարանի կայացրած հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշման դեմ ներկայացված բողոքը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ, 9-րդ և 10-րդ կետերով նախատեսված միջանկյալ դատական ակտերը վերացվելու դեպքում հայցադիմումը համարվում է դատարանում ընդունված` սկզբնական ներկայացման օրը:
Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերությունը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ խնդրելով պարտավորեցնել Կոմիտեին պատշաճ պատասխանելու Ընկերության 18.05.2010 թվականի թիվ 095 գրությանը:
ՀՀ վարչական դատարանի 16.06.2010 թվականի որոշմամբ հայցադիմումի ընդունումը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ ներկայացված հայցը չի կարող դիտվել որպես ՀՀ վարչական դատարանում քննության ենթակա պարտավորեցման հայց: ՀՀ վարչական դատարանի 06.07.2010 թվականի որոշմամբ վերացվել է ՀՀ վարչական դատարանի 16.06.2010 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումն այն պատճառաբանությամբ, որ հայցվորի կողմից ներկայացված պահանջը համապատասխանում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված ոչ թե պարտավորեցման, այլ գործողության կատարման հայցատեսակին: ՀՀ վարչական դատարանի 20.07.2010 թվականի որոշմամբ հայցադիմումի ընդունումը կրկին մերժվել է այն պատճառաբանությամբ, որ ներկայացված հայցը գործողության կատարման հայց չէ: Դատարանի 30.07.2010 թվականի որոշմամբ ՀՀ վարչական դատարանի 20.07.2010 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ ՀՀ վարչական դատարանի 06.07.2010 թվականի որոշմամբ վերացվել է ՀՀ վարչական դատարանի 16.06.2010 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը, որից հետո հայցադիմումը ՀՀ վարչական դատավարության մասին օրենսգրքի 125-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով համարվում է դատարանում ընդունված սկզբնական ներկայացման օրը: Հետևաբար ՀՀ վարչական դատարանն իրավասու չէր կրկին մերժել հայցադիմումի ընդունումը: Հատկանշական է նաև այն, որ ՀՀ վարչական դատարանը հայցադիմումի ընդունումը երկրորդ անգամ մերժելիս պատճառաբանել է նաև, որ ներկայացված հայցը գործողության կատարման հայց չէ այն դեպքում, երբ ՀՀ վարչական դատարանը 16.06.2010 թվականի որոշման վերացման հիմքում դրել է այն հանգամանքը, որ ներկայացված հայցը ոչ թե պարտավորեցման, այլ գործողության կատարման հայց է:
Բացի այդ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի» (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի առաջին մասը յուրաքանչյուր անձի համար սահմանում է արդար դատաքննության իրավունք, որի բաղկացուցիչ մասն է հանդիսանում անձի դատական պաշտպանության իրավունքը, իսկ դատական պաշտպանության իրավունքը կարող է սահմանափակվել, սակայն կիրառվող սահմանափակումները չպետք լինեն այն աստիճան, որ խաթարեն այդ իրավունքի բուն էությունը: Սահմանափակումն անհամատեղելի կլինի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հավասարակշռված կապ գործադրվող միջոցների և հետապնդվող նպատակի միջև:
Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ՀՀ վարչական դատարանի 20.07.2010 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» և Դատարանի 30.07.2010 թվականի «Բողոքը մերժելու մասին» որոշումներով Ընկերությունը զրկվել է ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով ամրագրված իր իրավունքները դատական կարգով պաշտպանելու իրավունքից:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն, Դատարանի որոշումը վերացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2411-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վարչական դատարանի 30.07.2010 թվականի «Բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ. վերացնել ՀՀ վարչական դատարանի 20.07.2010 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ Դատավորներ` Ս. Անտոնյան Վ. Աբելյան Վ. Ավանեսյան Ա. Բարսեղյան Մ. ԴՐՄԵՅԱՆ Տ. Պետրոսյան Ե. Սողոմոնյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|