ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի որոշում Վարչական գործ թիվ ՎԴ/1001/05/12 |
Վարչական գործ թիվ ՎԴ/1001/05/12 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Մ. Դրմեյանի | |
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Ռ. Հակոբյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի | ||
Ն. Տավարացյանի |
2016 թվականի մարտի 23-ին
քննարկելով Արա Սարգսյանի վճռաբեկ բողոքը՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 14.05.2014 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշումը նոր հանգամանքով վերանայելու մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Երևանի քաղաքապետարանը պահանջել է արձակել վճարման կարգադրություն` Արա Սարգսյանից հօգուտ Երևան համայնքի 400.000 ՀՀ դրամ վարչական տուգանքի գումար բռնագանձելու վերաբերյալ։ՀՀ վարչական դատարանը 01.02.2012 թվականին արձակել է վճարման կարգադրություն։
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Արա Սարգսյանը պահանջել է անվավեր ճանաչել և վերացնել Երևանի քաղաքապետի (այսուհետ` Քաղաքապետ) 26.10.2011 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ Վ-35/4 որոշումը։
ՀՀ վարչական դատարանի (դատավոր Ա. Միրզոյան) (այսուհետ` Դատարան) 21.02.2012 թվականի որոշմամբ վճարման կարգադրության վարույթից անցում է կատարվել հայցային վարույթի, և հակընդդեմ հայցադիմումը վերադարձվել է:
Դատարանի 14.03.2012 թվականի որոշմամբ Արա Սարգսյանի հակընդդեմ հայցն ընդունվել է վարույթ:
Դատարանի 03.07.2013 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը բավարարվել է։
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 24.01.2014 թվականի որոշմամբ Քաղաքապետի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ որոշվել է. «Դատարանի 03.07.2013 թվականի վճիռը բեկանել և փոփոխել`վարչական գործի վարույթն ըստ հակընդդեմ հայցի Արա Սարգսյանի ընդդեմ Քաղաքապետի` 26.10.2011 թվականի թիվ Վ-35/4 որոշումն անվավեր ճանաչելու և վերացնելու պահանջի մասին, կարճել: Քաղաքապետի հայցը բավարարել: Արա Սարգսյանից հօգուտ Երևան համայնքի բռնագանձել 400.000 ՀՀ դրամ` որպես Քաղաքապետի 26.10.2011 թվականի թիվ Վ-35/4 որոշմամբ նշանակված տուգանքի գումար»։
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 12.03.2014 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 24.01.2014 թվականի որոշման դեմ Արա Սարգսյանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է` միաժամանակ սահմանվել է տասնհինգօրյա ժամկետ վճռաբեկ բողոքի սխալները շտկելու և այն կրկին ներկայացնելու համար:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 14.05.2014 թվականի որոշմամբ Արա Սարգսյանի վճռաբեկ բողոքը թողնվել է առանց քննության:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 29.04.2015 թվականի որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 14.05.2014 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ Արա Սարգսյանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է, և սահմանվել է ժամկետ` վճռաբեկ բողոքի սխալները շտկելու և այն կրկին բերելու համար:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արա Սարգսյանը։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Սույն գործով առկա է նոր հանգամանք։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
ՀՀ սահմանադրական դատարանի 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192 որոշմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասը ճանաչվել է ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր` նկատի ունենալով, որ տվյալ դրույթի կիրառումն առկա իրավակարգավորումների պայմաններում սոցիալական անհամաչափ ծանրաբեռնվածություն է առաջացնում անձանց համար` կախված նրանց ֆինանսական հնարավորություններից, չապահովելով նաև անձի արդար դատաքննության, դատական պաշտպանության արդյունավետ միջոցի և դատարանի մատչելիության իրավունքների լիարժեք իրացումը: Մինչդեռ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատն իր 12.03.2014 թվականի և 14.05.2014 թվականի որոշումներում վկայակոչել է նշված նորմը, որն էլ դրվել է 14.05.2014 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշման հիմքում:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «վերանայել 14.05.2014 թվականի թիվ ՎԴ/1001/05/12 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը և փոփոխել այն հետևյալ կերպ. բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 24.01.2014 թվականի թիվ ՎԴ/1001/05/12 վարչական գործով կայացված որոշումը և փոփոխել այն հետևյալ կերպ. վերաքննիչ բողոքը մերժել, անվավեր ճանաչել և վերացնել Երևանի քաղաքապետի 26.10.2011 թվականի թիվ Վ-35/4 որոշումը։ Հայցը մերժել։ Կամ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի համաձայն սույն գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության»։
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ առկա է նոր հանգամանք:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենսգրքով սահմանված կարգով օրինական ուժի մեջ մտած վճիռները և որոշումները կարող են վերանայվել նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե՝ Սահմանադրական դատարանը տվյալ գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող և միաժամանակ որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը՝ համարել է, որ այդ դրույթն իրավակիրառ պրակտիկայում կիրառվել է Սահմանադրությանը հակասող մեկնաբանությամբ.
Նույն օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ և վճռաբեկ դատարանների` օրինական ուժի մեջ մտած որոշումները վերանայում է վճռաբեկ դատարանը։
Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար անհրաժեշտ պայման է հանդիսանում դատարանի կողմից կիրառված հոդվածի կամ հոդվածի դրույթի հակասահմանադրական ճանաչումը կամ սահմանադրաիրավական բովանդակությունից տարբերվող` այլ մեկնաբանությամբ կիրառումը: Հետևաբար, եթե դատարանը կիրառել է այն դրույթը, որը ՀՀ սահմանադրական դատարանը ճանաչել է հակասահմանադրական կամ կիրառված դրույթի վերաբերյալ դատարանի մեկնաբանությունները և այդ դրույթի կիրառումը դրա սահմանադրաիրավական բովանդակության համատեքստում չեն, ապա դատական ակտը ենթակա է վերանայման նոր հանգամանքի հիմքով:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 154-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ֆիզիկական և իրավաբանական անձինք վճռաբեկ բողոք կարող են բերել միայն փաստաբանի միջոցով:
ՀՀ սահմանադրական դատարանը, քննելով քաղաքացիներ Արա Սարգսյանի, Դվին Իսանյանսի, Ռուդոլֆ Հովակիմյանի, Մագդա Եղիազարյանի, Արամ Սարգսյանի, Խաչատուր Մարոզյանի դիմումների հիման վրա` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասի և 158-րդ հոդվածի 5-րդ մասի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ միավորված գործը, 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192 որոշմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասը ճանաչել է 27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 14.1-րդ հոդվածին, 18-րդ հոդվածի 1-ին մասին, 19-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր` նկատի ունենալով, որ տվյալ դրույթի կիրառումն առկա իրավակարգավորումների պայմաններում սոցիալական անհամաչափ ծանրաբեռնվածություն է առաջացնում անձանց համար` կախված նրանց ֆինանսական հնարավորություններից, չապահովելով նաև անձի արդար դատաքննության, դատական պաշտպանության արդյունավետ միջոցի և դատարանի մատչելիության իրավունքների լիարժեք իրացումը։
Սույն գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը, կիրառելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 154-րդ հոդվածի 4-րդ մասը, Արա Սարգսյանի վճռաբեկ բողոքը 14.05.2014 թվականի որոշմամբ թողել է առանց քննության՝ պատճառաբանելով, որ «տվյալ դեպքում ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 12.03.2014 թվականի որոշմամբ Արա Սարգսյանի բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է` միաժամանակ սահմանվել է ժամկետ վճռաբեկ բողոքի սխալները վերացնելու և այն կրկին ներկայացնելու համար: Մինչդեռ Արա Սարգսյանը որոշմամբ արձանագրված թերությունները վերացրել է մասնակիորեն, մասնավորապես՝ վճռաբեկ բողոքը չի բերել փաստաբանի միջոցով, ինչպես նաև վճռաբեկ բողոքին կից չի ներկայացրել իր ներկայացուցչի՝ սահմանված կարգով ձևակերպված լիազորագիրը և նույն հիմքով կրկին ներկայացրել է վճռաբեկ բողոք, որի վերաբերյալ Վճռաբեկ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել»:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192 որոշմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասը 27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 14.1-րդ հոդվածին, 18-րդ հոդվածի 1-ին մասին, 19-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր ճանաչելը նոր հանգամանք է և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 14.05.2014 թվականի որոշման վերանայման հիմք։
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի ուժով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 14.05.2014 թվականի որոշումը վերանայելու և այն վերացնելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումը նոր հանգամանքով վերանայելու և վերացնելու պարագայում ենթակա է լուծման առանց քննության թողնված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը:
Նման պայմաններում անդրադառնալով թիվ ՎԴ/1001/05/12 վարչական գործով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 24.01.2014 թվականի որոշման դեմ ներկայացված վճռաբեկ բողոքին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Թիվ ՎԴ/1001/05/12 վարչական գործով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 24.01.2014 թվականի որոշման դեմ վճռաբեկ բողոքը բերվել է նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումների հիմքերով, այն է՝ Վերաքննիչ դատարանը խախտել է 27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 5-րդ, 8-րդ, 18-րդ, 19-րդ, 20-րդ, 31-րդ, 42-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 8-րդ, 13-րդ հոդվածները, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ և 42-րդ հոդվածները, մինչև 07.01.2014 թվականը գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածը։
Բողոք բերած անձը նշված հիմնավորումները պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Սույն գործով վիճարկվող Քաղաքապետի 26.10.2011 թվականի թիվ Վ35/4 որոշումը չի համապատասխանում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի պահանջներին, մասնավորապես` բացակայում է օրենքի կամ նորմատիվային ակտի որևէ դրույթի մասին նշում, ինչն իրավունք կտար հայցվորին վարչական պատասխանատվության ենթարկելու Արա Սարգսյանին։
Բացի այդ, ստորադաս դատարանի համար հակընդդեմ հայցի մերժման միակ հիմք է հանդիսացել այն, որ գործող օրենսդրությունը թույլ չի տալիս որոշակի ժամկետից հետո վիճարկել հայցվորի ապօրինի որոշումը։ Մինչդեռ Երևանի քաղաքապետարանի գործողությունները հակասում են 27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 5-րդ, 8-րդ, 31-րդ, 42-րդ հոդվածներին։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «վերանայել 14.05.2014 թվականի թիվ ՎԴ/1001/05/12 ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը և փոփոխել այն հետևյալ կերպ.
Բեկանել Վերաքննիչ դատարանի 24.01.2014 թվականի վարչական գործով կայացված որոշումը և այն փոփոխել հետևյալ կերպ.
Վերաքննիչ բողոքը մերժել, անվավեր ճանաչել և վերացնել Երևանի քաղաքապետի 26.10.2011 թվականի թիվ Վ-35/4 որոշումը։
Հայցվոր կողմի հայցապահանջը մերժել կամ գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության»։
Վճռաբեկ դատարանը, քննարկելով բողոք բերած անձի հիմնավորումները` թիվ ՎԴ/1001/05/12 վարչական գործով Վերաքննիչ դատարանի 24.01.2014 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ բերված վճռաբեկ բողոքը քննության ընդունելու մասին, գտնում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվում է, եթե բացակայում են նույն օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված հիմքերը: Նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվում է, եթե բացակայում են նույն օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե վճռաբեկ դատարանը հանգում է այն հետևության, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, կամ առերևույթ թույլ է տրվել դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, կամ առկա է նոր կամ նոր երևան եկած հանգամանք:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` վճռաբեկ բողոքը նույն օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով բերելու դեպքում վճռաբեկ բողոք բերող անձը վճռաբեկ բողոքում նշում է այն նյութական կամ դատավարական նորմը, որը խախտվել է` հիմնավորելով, որ այդ խախտումն ազդել է գործի ելքի վրա: Մինչդեռ սույն գործով բողոք բերած անձի ներկայացրած փաստարկները բավարար չեն դատական սխալի առկայությունը և գործի ելքի վրա դրա ազդեցությունը հիմնավորված համարելու համար:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, մասնավորապես, եթե տարբեր գործերով ստորադաս դատարանների առնվազն երկու դատական ակտերում միևնույն նորմը կիրառվել է հակասական մեկնաբանությամբ, բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասում բացահայտված` տվյալ նորմի սահմանադրաիրավական բովանդակությանը, բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը, բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը, վճռաբեկ դատարանը համարում է, որ բողոքարկվող դատական ակտի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոք բերած անձը վճռաբեկ բողոքում չի նշել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որևէ հիմք` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ օրենքի միատեսակ կիրառության համար վճռաբեկ դատարանի որոշման էական նշանակություն ունենալու վերաբերյալ: Հետևաբար բերված բողոքում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքը բացակայում է:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքում ներկայացված հիմնավորումները բավարար չեն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքով բողոքը քննության ընդունելու հետևության հանգելու համար: Հետևաբար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը ենթակա է մերժման:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ, 171-րդ, 183-րդ և 190-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 14.05.2014 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշումը և այն վերացնել:
2. Թիվ ՎԴ/1001/05/12 վարչական գործով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 24.01.2014 թվականի որոշման դեմ Արա Սարգսյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել։3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան |
Դատավորներ` |
Մ. Դրմեյան |
Ս. Անտոնյան | |
Վ. Ավանեսյան | |
Ա. Բարսեղյան | |
Գ. հակոբյան | |
Ռ. Հակոբյան | |
Տ. Պետրոսյան | |
Ե. Սողոմոնյան | |
Ն. Տավարացյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|