Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.07.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
29.07.2015
Подписан
Նախագահող
Дата подписания
29.07.2015
Дата вступления в силу
29.07.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վարչական վերաքննիչ

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/6262/05/14

2015 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/6262/05/14 

Նախագահող դատավոր՝ Գ. Ղարիբյան

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Գ. Հակոբյանի

Ռ. Հակոբյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

 

2015 թվականի հուլիսի 29-ին

քննարկելով ըստ հայցի Մարիաննա Խաչատրյանի ընդդեմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` Նախարարություն) և ՀՀ ֆինանսների նախարարության` Նախարարությանը 664.285,71 ՀՀ դրամ վճարելուն պարտավորեցնելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 16.02.2015 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ Մարիաննա Խաչատրյանի ներկայացուցիչ Մոնիկա Հակոբյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

12.11.2014 թվականին դիմելով դատարան` Մարիաննա Խաչատրյանը պահանջել է պարտավորեցնել Նախարարությանը վճարել 664.285,71 ՀՀ դրամ:

ՀՀ վարչական դատարանի 18.11.2014 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով, այն է` լրացել է հայցադիմում ներկայացնելու համար սահմանված ժամկետը և չի ներկայացվել այն վերականգնելու մասին միջնորդություն:

25.11.2014 թվականին Մարիաննա Խաչատրյանը բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն է ներկայացրել դատարան:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Հարությունյան) (այսուհետ` Դատարան) 27.11.2014 թվականի որոշմամբ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը մերժվել են:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 16.02.2015 թվականի որոշմամբ Մարիաննա Խաչատրյանի վերաքննիչ բողոքը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մարիաննա Խաչատրյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը և 135-րդ հոդվածի 2-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը ոչ իրավաչափորեն գտել է, որ հայցվող գործողության կատարումը Նախարարության կողմից մերժվել է դեռևս 24.07.2012 թվականին և դիմողը կարող էր հայց ներկայացնել դատարան այդ օրվանից մեկամսյա ժամկետում` 2012 թվականի օգոստոսին: Մինչդեռ 2014 թվականի հոկտեմբերին ևս Մարիաննա Խաչատրյանը կրկին դիմել է Նախարարություն և 20.10.2014 թվականին ստացել է վերջինիս մերժումը:

Թե՛ Դատարանը, թե՛ Վերաքննիչ դատարանը հաշվի չեն առել այն հանգամանքը, որ Մարիաննա Խաչատրյանի 2012 ու 2014 թվականների դիմումների և Նախարարության մերժումների հիմքերը տարբեր են:

Ըստ այդմ, ստորադաս դատարանները հաշվի չեն առել այն, որ 24.07.2012 թվականին ստանալով Նախարարության մերժումը` Մարիաննա Խաչատրյանը վճարման կարգադրություն արձակելու դիմում է ներկայացրել դատարան ընդդեմ իր գործատու «Իվտրանս» ՍՊԸ-ի: Դատարանի որոշմամբ արձակվել է վճարման կարգադրություն, որը մտել է օրինական ուժի մեջ, սակայն հարկադիր կատարման փուլում պարզվել է, որ գործատուն դատարանի կողմից ճանաչվել է սնանկ: Մարիաննա Խաչատրյանը դատարանի որոշմամբ ընդգրկվել է պարտատերերի ցուցակում` որպես ստորադաս չապահովված «Է» հերթի պարտատեր: Հետագայում Մարիաննա Խաչատրյանը, 2014 թվականին Նախարարությանը տեղեկացնելով, որ գործատուից նպաստի գումարը ստանալն անհնար է, և որ ինքը սպառել է գործատուից գումար ստանալուն ուղղված բոլոր հնարավոր միջոցները, խնդրել է վճարել իրեն հասանելիք հղիության և ծննդաբերության նպաստի գումարը, ինչին ի պատասխան՝ Նախարարությունը հայտնել է, որ Մարիաննա Խաչատրյանն արդեն ստացել է հղիության և ծննդաբերության նպաստի գումարը: Միայն նշված գրությունն ստանալուց հետո է Մարիաննա Խաչատրյանը հնարավորություն ստացել դիմելու Դատարան, որպիսի հանգամանքն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 16.02.2015 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ` վերացնել ՀՀ վարչական դատարանի 27.11.2014 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը մերժելու և հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, դրա արդյունքում նաև նույն օրենսգրքի 54-րդ և 72-րդ հոդվածների խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ դատական օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանն ըստ էության քննում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված վարչական գործերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ`

1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե`

ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար,

բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով.

2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն.

3) նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո դատավարության մասնակիցները կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը: Դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումների ընդունումը մերժվում է նույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով, եթե բաց թողնված դատավարական ժամկետները վարչական դատարանի որոշմամբ չեն վերականգնվում: Դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված այլ փաստաթղթերը վարչական դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը բավարարվում է, եթե վարչական դատարանը համարում է, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ա» ենթակետի համաձայն` հայցը վարչական դատարան կարող է ներկայացվել` գործողության կատարման հայցի դեպքում` մեկամսյա ժամկետում` վարչական մարմնի կողմից գործողության կատարումը մերժելու մասին իրազեկվելու պահից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` եթե հայցադիմումը ներկայացվել է դատավարական ժամկետը լրանալուց հետո, ապա կարող է ներկայացվել հայցվորի միջնորդությունն այն վերականգնելու մասին` դրանում նշելով բացթողնման պատճառները:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` ՄԻԵԴ) նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե՛ս, Աշինգդեյնն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով ՄԻԵԴ-ի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):

Ժամկետային սահմանափակումները, որոնք սահմանվում են պետության կողմից, հետապնդում են որոշակի կարևոր նպատակներ, մասնավորապես` իրավական որոշակիության երաշխավորումը, հավանական պատասխանողի պաշտպանությունը ժամկետանց հայցերից, որի դեպքում դժվար կլինի կանխել անարդարությունը, որը կարող է առաջանալ, եթե դատարաններից պահանջվի քննել այնպիսի դեպքեր, որոնք տեղի են ունեցել հեռավոր անցյալում այն ապացույցների հիման վրա, որոնք կարող են լինել ոչ արժանահավատ և ոչ ամբողջական` բավականաչափ ժամանակահատված անցած լինելու պատճառով: Ժամկետային սահմանափակումների առումով պետությունները նույնպես հայեցողական լիազորություն ունեն որոշելու, թե դատարանի մատչելիությունն ինչպես պետք է սահմանափակվի (տե՛ս, Ստաբբինգսը և մյուսներն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով ՄԻԵԴ-ի 22.10.1996 թվականի վճիռը, կետ 51, 55):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված սկզբունքների համատեքստում պետք է մեկնաբանվեն և կիրառվեն նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը:

Օրենսդիրը ՀՀ դատական օրենսգրքի 35-րդ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ և 10-րդ հոդվածներում սահմանել է վարչական դատարանի իրավասության շրջանակը: Ինչպես ցանկացած դատարան, վարչական դատարանն իրավասու է գործադրել օրենքով նախատեսված իր լիազորությունները միայն համապատասխան սուբյեկտների կողմից ներկայացված հայցադիմումի դեպքում, այսինքն` օժտված է հատուկ տեսակի իրավասությամբ: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա: Օրենսդիրը, սահմանելով վարչական դատարանում գործի հարուցման հիմքը` համապատասխան հայցը, միաժամանակ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածում սահմանել է այն ժամկետները, որոնց ընթացքում հայցը կարող է ներկայացվել վարչական դատարան: Օրենսդիրը, սահմանելով վարչական դատարան հայց ներկայացնելու ժամկետները, միաժամանակ, հատուկ սահմանել է բաց թողնված ժամկետների վերականգնելու իրավական հնարավորությունը համապատասխան միջնորդության և հարգելի պատճառների առկայության դեպքում, իսկ մնացած բոլոր դեպքերի համար ամրագրել, որ դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները, բողոքները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց:

Այսպիսով, օրենքով սահմանված դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները, բողոքները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը կարող է բավարարվել, եթե դատարանը գտնի, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությունից հետևում է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքեր օրենսդիրը կոնկրետ չի նշել` այդ հիմքերի ողջամիտ և բավարար լինելու հանգամանքը թողնելով դատարանների գնահատմանը: ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ գտել է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքերը պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի` օբյեկտիվ և սուբյեկտիվ:

Օբյեկտիվ հիմքերի մեջ կարելի է դասել ֆորսմաժորային դեպքերը` տարերային աղետները, ինչպես նաև արտակարգ իրավիճակը և նմանատիպ այլ` անձանց կամքից անկախ հիմքերով առաջացող պատճառները: Սուբյեկտիվ գործոնը պայմանավորված է անմիջականորեն տվյալ անձի հետ կապված և գործնականում ավելի երկար ժամանակ պահանջող ողջամիտ խնդիրների լուծմամբ, առանց որի անհնար է դատավարական գործողության կատարումը: Օրինակ` երբ ֆիզիկական անձը զրկված է դատական պրոցեսին մասնակցելու կամ ներկայացուցչի միջոցով մասնակցությունն ապահովելու հնարավորությունից երկարատև հիվանդության պատճառով:

Վերոգրյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բոլոր դեպքերում էլ, բացի ֆորսմաժորային իրավիճակներից, բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու համար ընդհանուր կանոնն այն է, որ անձը պարտավոր է ապացուցել, որ օրենքով սահմանված ժամկետի ընթացքում ձեռնարկել է իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ դատարան դիմելու, դատավարությանը մասնակցելու և այն հիմնավորող ապացույցները ներկայացնելու և այլ դատավարական գործողություններ իրականացնելու ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ պատճառներով բաց է թողել օրենքով սահմանված դատավարական ժամկետները (տե՛ս, Երևանի քաղաքապետարանն ընդդեմ Գայանե Մելքոնյանի թիվ ՎԴ/0059/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.07.2014 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշման շրջանակներում ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ անձինք իրենց դատական պաշտպանության իրավունքից կարող են օգտվել օրենքով սահմանված ժամկետներում և որպեսզի վարչական դատարանն իրավասու լինի գործադրել օրենքով սահմանված իր լիազորությունները կոնկրետ իրավական վեճն ըստ էության լուծելու համար, անհրաժեշտ է երկու պայմանների միաժամանակյա առկայություն, առաջին` համապատասխան հայցի առկայություն, երկրորդ` հայցի ներկայացում վարչական դատարան` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետներում: Դատավարական ժամկետները բաց թողնելու դեպքում երկրորդ պայմանն ապահովված կարող է համարվել միայն կոնկրետ վարչական գործում բաց թողնված դատավարական ժամկետների վերականգնման բավարարված միջնորդության առկայության դեպքում, իսկ մնացած դեպքերում անձը չի կարող օգտվել դատական պաշտպանության իրավունքից, իսկ ՀՀ վարչական դատարանն իրավասու չէ գործադրել օրենքով վարչական դատարանի համար նախատեսված լիազորությունները (տե՛ս, օրինակ` Երևանի քաղաքապետարանն ընդդեմ Արմենուհի Դալիբալթյանի թիվ ՎԴ/2499/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.12.2014 թվականի որոշումը):

Սույն գործով Մարիաննա Խաչատրյանը հայցադիմում է ներկայացրել Դատարան` պահանջելով Նախարարությանը պարտավորեցնել իրեն վճարել 664.285,71 ՀՀ դրամ` որպես հղիության և ծննդաբերության նպաստի գումար:

Դատարանն իր` 18.11.2014 թվականի և 27.11.2014 թվականի որոշումներով համապատասխանաբար հայցադիմումը վերադարձրել և հայցադիմումի ընդունումը մերժել է` պատճառաբանելով, որ հայցադիմումին կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ հայցվորի կողմից հայցվող գործողության կատարումը Նախարարության կողմից մերժվել է դեռևս 2012 թվականի հուլիսի 24-ին, այսինքն` վերջինս դեռևս 2012 թվականից ի վեր օբյեկտիվ հնարավորություն է ունեցել հենց վարչական արդարադատության շրջանակներում իրականացնելու իր իրավունքների դատական պաշտպանությունը, մինչդեռ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված ժամկետում չօգտվելով իր այդ իրավունքից` միայն 2014 թվականի նոյեմբեր ամսին է իր իրավունքների` ՀՀ վարչական դատավարության կարգով պաշտպանությանն ուղղված քայլեր ձեռնարկել:

Վերաքննիչ դատարանը, իր 16.02.2015 թվականի որոշմամբ մերժելով Մարիաննա Խաչատրյանի վերաքննիչ բողոքը, համաձայնել է Դատարանի վերը նշված եզրահանգմանը:

Մինչդեռ, վկայակոչված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն վարչական գործի փաստերին և ստորադաս դատարանների եզրահանգումներին, Վճռաբեկ դատարանը դրանք գտնում է անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` Մարիաննա Խաչատրյանի 09.07.2012 թվականի դիմումին ի պատասխան՝ Նախարարությունն իր 24.07.2012 թվականի գրությամբ հայտնել է, որ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի համաձայն` վարձու աշխատողի նպաստը հաշվարկում, նշանակում և վճարում է գործատուն, հետևաբար, Նախարարությունը վերջինիս հղիության և ծննդաբերության նպաստը վճարելու իրավասություն (լիազորություն) չունի (հատոր 1-ին, գ.թ. 32):

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 27.11.2013 թվականի թիվ ԵԿԴ/0103/04/11 որոշմամբ Մարիաննա Խաչատրյանի դիմումը բավարարվել է` հարգելի է համարվել վերջինիս կողմից պահանջը ներկայացնելու բաց թողնված ժամկետը և Մարիաննա Խաչատրյանի պահանջը գրանցվել է սնանկ ճանաչված գործատուի՝ «Իվտրանս» ՍՊԸ    պարտատերերի պահանջների վերջնական ցուցակում` 664.286 ՀՀ դրամի չափով` որպես չապահովված «Է» խմբի պահանջ (հատոր     1-ին, գ.թ. 71-74):

Մարիաննա Խաչատրյանի 08.08.2014 թվականի դիմումին ի պատասխան՝ Նախարարությունն իր 28.08.2014 թվականի գրությամբ հայտնել է. «... Ձեր գործատուն նպաստ նշանակելու պահին եղել է գործող և արդեն հաշվարկել, նշանակել ու ըստ հաշվետվությունների վճարել է նպաստը» (հատոր 1-ին, գ.թ. 39-40):

Մարիաննա Խաչատրյանի 09.10.2014 թվականի դիմումին ի պատասխան կազմված Նախարարության 20.10.2014 թվականի գրության համաձայն` «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը` որպես լիազոր մարմին, վարձու աշխատողներին նպաստ նշանակում և վճարում է գործատուի լուծարման (ֆիզիկական անձ գործատուի մահվան) դեպքում, իսկ Մարիաննա Խաչատրյանի գործատուն նպաստ նշանակելու պահին եղել է գործող և արդեն հաշվարկել ու նշանակել է նպաստը, հետևաբար, նախարարության միջոցով նպաստը նշանակելու և վճարելու վերաբերյալ պահանջը բավարարել հնարավոր չէ (հատոր 1-ին, գ.թ. 41-43):

Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Նախարարության` Մարիաննա Խաչատրյանին հասցեագրված 2012 և 2014 թվականների պատասխան գրությունների բովանդակություններն էականորեն տարբերվում են միմյանցից:

Այսպես, 09.07.2012 թվականին դիմելով Նախարարությանը` Մարիաննա Խաչատրյանը տեղեկատվական բնույթի պատասխան է ստացել, որով իրազեկվել է այն մասին, որ իր նպաստը վճարելու հարցով պետք է դիմի իր գործատուին, ինչից անմիջապես հետո վերջինս ձեռնարկել է ակտիվ քայլեր և գործուն միջոցներ` ուղղված գործատուից իրեն հասանելիք նպաստի գումարը ստանալուն: Մասնավորապես, Մարիաննա Խաչատրյանը համապատասխան դիմում-խնդրանքով դիմել է իր գործատուին, դիմում է ներկայացրել դատարան և գրանցվել է սնանկ ճանաչված գործատուի պարտատերերի պահանջների վերջնական ցուցակում: Հետագայում` 08.08.2014 թվականին և 09.10.2014 թվականին, վերջինս դիմել է Նախարարությանն արդեն հստակ ձևակերպված պահանջով, այն է` հաշվի առնելով, որ իր գործատուն սնանկ է ճանաչվել և չի կարողանում վճարել իր հղիության և ծննդաբերության նպաստի գումարը, խնդրել է Նախարարությանը կատարել այդ գործառույթը, քանի որ դա նաև պետության պարտավորությունն է, սակայն ստացել է Նախարարության մերժումը:

Ըստ այդմ, Մարիաննա Խաչատրյանի կողմից 12.11.2014 թվականին ՀՀ վարչական դատարան ներկայացված` գործողության կատարմանը պարտավորեցնելու պահանջի մասին հայցադիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ այն վերաբերում է Նախարարության ոչ թե 24.07.2012 թվականի պատասխանին (որում Նախարարությունը Մարիաննա Խաչատրյանին պարզապես իրազեկել է այն մասին, որ համապատասխան նպաստը հաշվարկում, նշանակում և վճարում է գործատուն), այլ 20.10.2014 թվականի գրությանը, որով Նախարարությունը, հիմք ընդունելով ««Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» (01.12.2014 թվականի ՀՕ-206-Ն օրենքով կատարված լրացումների և փոփոխությունների արդյունքում` «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին») ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասը, որի համաձայն` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը` որպես լիազոր մարմին, վարձու աշխատողներին նպաստ նշանակում և վճարում է գործատուի լուծարման (ֆիզիկական անձ գործատուի մահվան) դեպքում, մինչդեռ Մարիաննա Խաչատրյանի գործատուն նպաստ նշանակելու պահին եղել է գործող և արդեն հաշվարկել ու նշանակել է նպաստը», մերժել է Մարիաննա Խաչատրյանի հղիության և ծննդաբերության նպաստի վճարման վերաբերյալ պահանջի բավարարումը:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ 09.07.2012 թվականին Մարիաննա Խաչատրյանը Նախարարությունից պարզապես տեղեկատվական բնույթի պատասխան է ստացել, որը դեռևս հիմք չի հանդիսացել նման հայցապահանջով դատարան դիմելու համար, և միայն 20.10.2014 թվականին Նախարարության կողմից հստակ մերժում ստանալուց հետո է ծագել դատարան դիմելու վերջինիս իրավունքը, որպիսի հանգամանքը, սակայն, պատշաճ ուշադրության չի արժանացել ստորադաս դատարանների կողմից:

Նման պայմաններում, երբ Նախարարությունը Մարիաննա Խաչատրյանի պահանջը մերժել է իր 20.10.2014 թվականի գրությամբ, իսկ վերջինս դատարան է դիմել 12.11.2014 թվականին, ակնհայտ է դառնում, որ տվյալ իրավիճակում առհասարակ առկա չէ բաց թողնված դատավարական ժամկետ, հետևաբար, բացակայում է նաև այն վերականգնելու անհրաժեշտությունը. հայցը ՀՀ վարչական դատարան է ներկայացվել օրենքով նախատեսված ժամկետում, այն է` համապատասխան մարմնի կողմից պահանջվող գործողության կատարումը մերժելու մասին ակտի ընդունման և դրա մասին անձի իրազեկման պահից մեկամսյա ժամկետի ընթացքում:

Հաշվի առնելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Մարիաննա Խաչատրյանի կողմից Դատարան ներկայացված հայցադիմումը, որը վերաբերում է Նախարարության 20.10.2014 թվականի պատասխան գրությամբ մերժված գործողության կատարմանը պարտավորեցնելուն, բերվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի  72-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ա» ենթակետով սահմանված մեկամսյա ժամկետում:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

 

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 16.02.2015 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ` վերացնել ՀՀ վարչական դատարանի 27.11.2014 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը մերժելու և հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Վ. Ավանեսյան

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան