ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 նոյեմբերի 2023 թվականի N 1890-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՄԲ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՍՈՒԲՎԵՆՑԻԱՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի «բ» կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության համայնքներում մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության համայնքներում մասնակցային բյուջետավորման ընթացակարգի վերաբերյալ մեթոդական ուղեցույցի հրապարակումը նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում և Հայաստանի Հանրապետության համայնքներին տեղեկացումը (տրամադրումը):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության 2024 թվականի բյուջետային գործընթացի ժամանակահատվածում ծագած հարաբերությունների վրա և փորձարկվում Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան և Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքներում:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
02.11.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 2-ի N 1890-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՄԲ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՍՈՒԲՎԵՆՑԻԱՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է մասնակցային բյուջետավորման գործընթացը և կանոնակարգվում են համայնքներում մասնակցային բյուջետավորմամբ ձևավորման ծրագրերի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման հայտերի մշակման, ներկայացման, դրանց քննարկման, հաստատման և սուբվենցիաների տրամադրման գործընթացի հետ կապված հիմնական հարաբերությունները։
2. Սույն կարգում կիրառվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստը՝
1) մասնակցային բյուջետավորում՝ ծրագրային առաջարկներ ձևավորելու, մշակելու, ուղիղ քվեարկությամբ դրանց ընտրելու և իրականացնելու գործընթաց, որտեղ գործընթացին մասնակցություն ունեցող քաղաքացիներն են որոշում, թե ինչպես օգտագործել հանրային (պետական և համայնքային) բյուջետային միջոցների այդ նպատակով առանձնացված մասը.
2) մասնակցային բյուջետավորման ընթացակարգ՝ կանոնակարգված, հաջորդական փուլերով իրականացվող միջոցառումներ, որոնք նպատակաուղղված են մասնակցային բյուջետավորման կազմակերպմանը և իրականացմանը.
3) մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագիր` մասնակցային բյուջետավորման գործընթացում ծրագրային առաջարկությունների (առաջարկ-նախագծերի) ներկայացման, քննարկումների իրականացման և դրանց ուղիղ քվեարկությամբ ընտրության հիման վրա մշակված ծրագիր:
3. Հայաստանի Հանրապետության 2024 թվականի բյուջետային գործընթացում մասնակցային բյուջետավորման գործընթացների խթանման համար Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով սուբվենցիայի տեսքով նախատեսվում են ֆինանսական միջոցներ՝ գործընթացին մասնակից Հայաստանի Հանրապետության համայնքներում մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացման նպատակով: Մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերը ենթակա են կատարման նույն՝ 2024 թվականի բյուջետային տարվա ընթացքում:
4. Նախատեսված սուբվենցիայի ընդհանուր գումարը քվոտավորվում է ըստ առանձին համայնքների, որի սահմանաչափը սահմանվում է հետևյալ երկաստիճան համակարգով՝
1) 50 տոկոսը՝ հավասարաչափ.
2) 50 տոկոսը՝ ըստ առանձին համայնքների 2024 թվականին նախատեսված ֆինանսական համահարթեցման դոտացիաների ընդհանուր գումարի մեջ տվյալ համայնքի համար նախատեսված ֆինանսական համահարթեցման դոտացիայի գումարի տեսակարար կշռին ուղիղ համեմատական:
5. Ըստ առանձին համայնքների Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով մասնակցային բյուջետավորմամբ ձևավորվող ծրագրերի իրականացման համար նախատեսված սուբվենցիաների սահմանաչափերի հաշվարկն իրականացնում է տարածքային կառավարման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ՝ լիազոր մարմին): Մասնակցային բյուջետավորմամբ ձևավորվող ծրագրերի իրականացման համար նախատեսված սուբվենցիայի՝ ըստ առանձին համայնքների սահմանված սահմանաչափերը ներկայացվում են «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի հավելվածով:
6. Մասնակցային բյուջետավորումը յուրաքանչյուր համայնքում իրականացնում է կամավորության սկզբունքով: Հայաստանի Հանրապետության 2024 թվականի բյուջետային գործընթացի շրջանակներում մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացմանն ուղղված սուբվենցիաների ստացման համար գործընթացին մասնակից՝ Հայաստանի Հանրապետության համայնքներում մասնակցային բյուջետավորումն իրականացվում է սույն կարգի, Հայաստանի Հանրապետության համայնքներում մասնակցային բյուջետավորման ընթացակարգի վերաբերյալ մեթոդական ուղեցույցի, մասնակցային բյուջետավորման գործընթացի մասնակից տվյալ համայնքի ավագանու 2024 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացը սկսելու մասին որոշման և մասնակցային բյուջետավորման իրականացման միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին տվյալ համայնքի ղեկավարի որոշման համաձայն:
7. Մասնակցային բյուջետավորման ընթացակարգի վերաբերյալ մեթոդական ուղեցույցում ներկայացվում են համայնքներում մասնակցային բյուջետավորման միջոցառումների կազմակերպման և իրականացման հաջորդական փուլերի մանրամասն նկարագրությունը, գործընթացի մասնակիցների շրջանակը, նրանց լիազորությունները, համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի կողմից հաստատվող համապատասխան փաստաթղթերի ձևանմուշները։
8. Գործընթացին մասնակից համայնքում 2024 թվականին մասնակցային բյուջետավորման գործընթացը սկսելու մասին տվյալ համայնքի ավագանու որոշմամբ սահմանվում են համայնքի 2024 թվականի բյուջեից մասնակցային բյուջետավորմամբ ձևավորվող ծրագրերի իրականացման գծով նախատեսվող ֆինանսական միջոցների ընդհանուր ծավալը, առաջարկ-նախագծերի համար պահանջվող չափանիշները (այդ թվում` համայնքի տվյալ տարվա բյուջեով նախատեսված այլ ծրագրերի հետ առաջարկ-նախագծերի համընկնման բացառման) և ներկայացվող յուրաքանչյուր առաջարկ-նախագծի իրականացման համար անհրաժեշտ գումարի առավելագույն սահմանաչափը:
9. Համայնքում 2024 թվականին մասնակցային բյուջետավորման գործընթացի ժամանակացույցը հաստատում է տվյալ համայնքի ղեկավարը, որտեղ սահմանվում են մասնակցային բյուջետավորման իրականացման ընթացակարգով նախատեսված միջոցառումների ժամկետները և դրանց իրականացման պատասխանատուները:
10. Համայնքում մասնակցային բյուջետավորման գործընթացի շրջանակներում ձևավորվելիք սուբվենցիոն ծրագրերի մշակման և վերջիններիս իրականացման նպատակով առաջարկ-նախագծեր կարող են ներկայացնել «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափանիշին համապատասխանող՝ համայնքի բնակիչները՝ ինչպես անձամբ, այնպես էլ հասարակական միավորումների և քաղաքացիական նախաձեռնությունների միջոցով:
11. Ներկայացված առաջարկ-նախագծերի՝ համայնքի ավագանու կողմից սահմանված չափանիշներին համապատասխանության վերաբերյալ որոշում է կայացնում համայնքում 2024 թվականին մասնակցային բյուջետավորման գործընթացի ժամանակացույցով նախատեսված ժամկետում համայնքի ղեկավարի կողմից ձևավորված հանձնաժողովը: Հանձնաժողովի կազմը, լիազորությունները և աշխատակարգը հաստատվում են համայնքի ղեկավարի որոշմամբ: Սահմանված չափանիշներին համապատասխանող առաջարկ-նախագծերը հրապարակվում են համայնքի պաշտոնական կայքում և ներկայացվում են հանրային քննարկման: Սահմանված չափանիշներին չհամապատասխանող առաջարկ-նախագծերը մերժվում են և ծանուցմամբ տեղեկացվում են դրանց հեղինակներին՝ նշելով մերժման կոնկրետ պատճառները: Հանրային քննարկումը պարտադիր իրականացվում է համայնքի պաշտոնական կայքում: Առաջարկ-նախագծերի լրացուցիչ քննարկում կարող է կազմակերպվել սոցիալական մեդիայով և համայնքում հանրային լսումների ձևով:
12. Հրապարակված և հանրային քննարկում անցած առաջարկ-նախագծերի ընտրությունը կատարվում է համայնքի պաշտոնական կայքում քվեարկության համար նախատեսված հարթակի միջոցով: Քվեարկությունն անցկացվում է էլեկտրոնային եղանակով ուղիղ քվեարկությամբ: Քվեարկելու իրավունք ունեն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափանիշին համապատասխանող՝ համայնքի բնակիչները: Քվեարկության մասնակիցը կարող է քվեարկել առավելագույնը երեք առաջարկ-նախագծերի օգտին: Քվեարկության ընթացքը և քվեարկության արդյունքները (քվեարկության համար սահմանված ժամկետի ավարտից հետո նույն օրը) հրապարակվում են համայնքի պաշտոնական կայքում:
13. Մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի մշակման և վերջիններիս իրականացման նպատակով սուբվենցիաների ստացման հայտերի կազմման համար առանձնացվում են այն առաջարկ-նախագծերը, որոնք ուղղված են համայնքի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանը և որոնց օգտին քվեարկել են առավելագույն թվից նվազման կարգով քվեարկության մասնակիցները, բայց ոչ պակաս, քան յուրաքանչյուր առաջարկ-նախագծի օգտին քվեարկած՝ քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցողների առնվազն մեկ տոկոսը:
14. Համայնքի ղեկավարը սույն կարգի 13-րդ կետով սահմանված չափանիշները բավարարող առաջարկ-նախագծի հիման վրա մշակում է մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագիրը և կազմում է սուբվենցիայի հայտը՝ համաձայն N 1 ձևի և մինչև 2024 թվականի ապրիլի 1-ը ներկայացնում է լիազոր մարմին: Սույն կետում նշված ժամկետից հետո ներկայացված հայտերը լիազոր մարմնի կողմից չեն ընդունվում: Համայնքի ղեկավարը կարող է կազմել մեկ կամ մի քանի սուբվենցիոն ծրագրերի հայտեր, եթե այդ ծրագրերի իրականացման համար պահանջվող ընդհանուր գումարը չի գերազանցում սուբվենցիոն ծրագրերի համար նախատեսված պետական ֆինանսավորման և համայնքի կողմից ներդրվող ֆինանսավորման մասնաբաժնի հանրագումարը: Մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված յուրաքանչյուր սուբվենցիոն ծրագրի իրականացման համար համայնքի բյուջեից (ֆոնդային մասից) ֆինանսավորման մասնաբաժինը չի կարող պակաս նախատեսվել տվյալ ծրագրի սուբվենցիայի հայտով հայցվող պետական ֆինանսավորման գումարի 20 տոկոսից:
15. Լիազոր մարմինը, ստանալով սուբվենցիայի հայտը, երկու աշխատանքային օրվա ընթացքում այն ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և ըստ անհրաժեշտության՝ նաև ոլորտային պետական կառավարման մարմինների քննարկման։
16. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը և ոլորտային պետական կառավարման մարմինները, որոնց տրամադրվել է հայտը, հինգ աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմին են ներկայացնում վերջինիս վերաբերյալ դիրքորոշումը։
17. Լիազոր մարմինը հայտի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և համապատասխան ոլորտային պետական կառավարման մարմինների դիրքորոշումները ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում ամփոփում է դրանք:
18. Լիազոր մարմինը հայտի ստացման օրվանից հետո առավելագույնը 15 աշխատանքային օրվա ընթացքում ստացված հայտի կապակցությամբ կազմում է եզրակացություն և համապատասխան համայնքի ղեկավարին ծանուցում է`
1) հայտին համաձայնություն տալու մասին.
2) հայտը լրակազմման վերադարձնելու մասին, որի դեպքում սույն կետով սահմանված ժամկետը համարվում է կասեցված մինչև համայնքի ղեկավարի կողմից լրակազմված հայտի ներկայացման օրը, բայց ոչ ավելի, քան ծանուցումից հետո 10-րդ աշխատանքային օրը.
3) հայտը մերժելու մասին:
19. Լիազոր մարմինը վերադարձնում է հայտը լրակազմման, եթե դրանում ներկայացված տեղեկատվությունը թերի է կամ անհրաժեշտություն կա լրացուցիչ հիմնավորման կամ պարզաբանման:
20. Լիազոր մարմինը մերժում է հայտը, եթե`
1) հայտով նախատեսված ծրագիրը չի բխում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրով և համայնքի զարգացման ծրագրային և ռազմավարական նշանակության փաստաթղթերով սահմանված նպատակներից.
2) հայտով նախատեսված ծրագրի իրականացումը դուրս է տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների շրջանակից.
3) չեն պահպանվել սույն կարգի 14-րդ կետով նախատեսված՝ հայտի կազմման համար սահմանված պահանջները.
4) հայտով նախատեսված ծրագրի ձևավորումը չի համապատասխանում սույն կարգով սահմանված և Հայաստանի Հանրապետության համայնքներում մասնակցային բյուջետավորման կազմակերպման և իրականացման վերաբերյալ մեթոդական ուղեցույցով նախատեսված ընթացակարգին.
5) հայտով նախատեսված պետական ֆինանսավորման գումարը գերազանցում է տվյալ համայնքի համար սահմանված սուբվենցիայի սահմանաչափի մնացորդային գումարը (տվյալ հայտի քննարկման ժամանակ մինչ այդ քննարկված հայտին կամ հայտերին համաձայնություն տալուց հետո սահմանաչափի առկա մնացորդը).
6) հայտով նախատեսված ծրագրի իրականացման մեկնարկի և ավարտի համար սահմանված ժամանակահատվածը չի համընկնում 2024 թվականի բյուջետային տարվա հետ.
7) հայտը լրակազմման վերադարձնելու մասին ծանուցումը ստանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում լրակազմված հայտը լիազոր մարմին չի ներկայացվել:
21. Լիազոր մարմնի կողմից հայտի մերժման դեպքում համայնքի ղեկավարը սույն կարգի 13-րդ կետի պահանջները բավարարող հերթական առաջարկ-նախագծի հիման վրա կարող է մշակել նոր ծրագիր և կազմել սուբվենցիայի նոր հայտ, որի վրա ևս տարածվում են սույն կարգով նախատեսված ընթացակարգերը և սահմանված ժամկետները:
22. Լիազոր մարմնի կողմից հայտին համաձայնություն տալու մասին ծանուցումն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում համայնքի ղեկավարը այն հրապարակում է համայնքի պաշտոնական կայքում:
23. Հայտին համաձայնություն տալու մասին ծանուցվելուց հետո երկամսյա ժամկետում համայնքի ղեկավարը լիազոր մարմին է ներկայացնում սուբվենցիոն ծրագրի իրականացման համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նախատեսված նախագծանախահաշվային փաստաթղթերը: Նախագծանախահաշվային փաստաթղթերը ստանալուց հետո մեկամսյա ժամկետում լիազոր մարմինը մշակում և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ է ներկայացնում մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված համապատասխան ծրագրի իրականացման համար տվյալ համայնքին սուբվենցիայի տրամադրելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:
24. Սույն կարգի 23-րդ կետով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումից հետո 10-օրյա ժամկետում լիազոր մարմնի և համայնքի միջև կնքվում է սուբվենցիայի տրամադրման պայմանագիր։ Սուբվենցիայի տրամադրման պայմանագրով նախատեսված ֆինանսական միջոցները Հայաստանի Հանրապետության համայնքներին տրամադրվում են՝ հիմք ընդունելով տվյալ սուբվենցիոն ծրագրի գծով ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման նպատակով համայնքի և ընտրված մասնակցի հետ կնքված գնման պայմանագրի շրջանակում լիազոր մարմին ներկայացված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ծախսը հիմնավորող փաստաթղթերը։ Ընդ որում՝ ձեռք բերված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների դիմաց Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքին վճարումն իրականացվում է ծախսը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա, պայմանագրով սահմանված գումարի այն տոկոսային հարաբերակցությամբ, ինչ տոկոսային հարաբերակցությամբ, որ նշված է սուբվենցիայի պայմանագրում: Սուբվենցիայի տրամադրման պայմանագրով ամրագրվում են նաև սուբվենցիայի իրականացման հսկողության, մշտադիտարկման և փաստագրման հարաբերությունները։
25. Մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացման նպատակով տրամադրված սուբվենցիաների նպատակային օգտագործման նկատմամբ հսկողությունն իրականացնում է լիազոր մարմինը:
26. Մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված և սուբվենցիաներ ստացած ծրագրերի վերաբերյալ համայնքի ղեկավարը լիազոր մարմնի կողմից հաստատված ձևաչափին համապատասխան կազմում և մինչև 2025 թվականի մարտի 1-ը լիազոր մարմին է ներկայացնում տարեկան հաշվետվություն:
Ձև N 1
Հ Ա Յ Տ
Հայաստանի Հանրապետության համայնքներում մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացմանն ուղղված սուբվենցիաների
Առաջարկ-նախագիծը, որի հիման վրա մշակվել է մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագիրը |
Առաջարկ-նախագծի անվանումը, առաջարկ-նախագծի հակիրճ բովանդակությունը | |||||||||||||||||||||||||||||||||
Առաջարկ-նախագիծ ներկայացրած համայնքի բնակիչը /հասարակական միավորումը/քաղաքացիական նախաձեռնությունը |
Անուն, հայրանուն, ազգանուն,
անձը հաստատող փաստաթղթի համարը
հասարակական միավորման անվանումը, պետական գրանցման համարը | |||||||||||||||||||||||||||||||||
Առաջարկ-նախագծի հանրային քննարկումը |
Առաջարկ-նախագծի հրապարակման, հանրային քննարկման վերաբերյալ համայնքի պաշտոնական կայքի համապատասխան տեղեկատվությանը հղումը, սոցիալական մեդիայով և համայնքում հանրային լսումների ձևով առաջարկ-նախագծի լրացուցիչ քննարկման դեպքում ներկայացնել վերջինիս հավաստող տեղեկատվությունը (արձանագրություններ՝ վիդեո, ֆոտո նյութեր): | |||||||||||||||||||||||||||||||||
Առաջարկ-նախագծի օգտին քվեարկության արդյունքները |
Քվեարկության արդյունքների վերաբերյալ համայնքի պաշտոնական կայքի համապատասխան տեղեկատվությանը հղումը, նշել քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցողների ընդհանուր թվաքանակը և առաջարկ-նախագծի օգտին քվեարկածների թվաքանակը և %-ը մասնակցելու իրավունք ունեցողների ընդհանուր թվաքանակի մեջ: Ներկայացնել քվեարկության արդյունքների արձանագրությունը: | |||||||||||||||||||||||||||||||||
Ծրագրի անվանումը |
Մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրի անվանումը պետք է հնարավորինս հստակ արտացոլի առաջարկ-նախագծի հիման վրա մշակված ծրագրի էությունը: | |||||||||||||||||||||||||||||||||
Մարզը, համայնքը, բնակավայրը |
Մարզի անվանումը, համայնքի անվանումը, ծրագիրը ընդգրկող բնակավայրի անվանումը | |||||||||||||||||||||||||||||||||
Համայնքի /բնակավայրի բնակչությունը |
Համայնք՝ ․․․․ մարդ, ծրագիրն ընդգրկող բնակավայր՝ ․․․ մարդ | |||||||||||||||||||||||||||||||||
Ծրագրի նպատակը |
Ներկայացնել երկարաժամկետ կտրվածքով ընդհանուր նպատակը, որին հասնելուն միտված է տվյալ ծրագիրը | |||||||||||||||||||||||||||||||||
Ծրագրի ընդհանուր նկարագրությունը և դրա իրականացման անհրաժեշտությունը |
Մանրամասն նկարագրել, թե որոնք են այն առկա կոնկրետ խնդիրները, որոնք պետք է լուծել ծրագրի ընդհանուր նպատակին և ակնկալվող արդյունքներին հասնելու համար: Խնդիրները պետք է լինեն հնարավորինս կոնկրետ, չափելի և իրատեսական: Ներկայացնել համայնքի 2024 թվականի բյուջեով նախատեսված այլ ծրագրերի հետ հայտով ներկայացված ծրագրի համընկնման բացառումը և տվյալ ծրագրի իրականացման անհրաժեշտությունը հիմնավորող բացատրագիր: | |||||||||||||||||||||||||||||||||
Ծրագրի ակնկալվող արդյունքները, որոնց միջոցով պետք է հասնել ծրագրի իրականացման նպատակին |
Նշել այն արդյունքները, որոնց պետք է հասնել ծրագրի շրջանակներում վերջինիս իրականացման նպատակին հասնելու համար: Նշել ծրագրի համապատասխանելիությունը Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրով և համայնքի զարգացման ծրագրային և ռազմավարական նշանակության փաստաթղթերով սահմանված նպատակների հետ: Ներկայացնել ծրագրի ավարտից հետո միջնաժամկետ և երկարաժամկետ ազդեցությունները: Հիմնավորել` ցույց տալով կապը ծրագրի շրջանակներում լուծվող խնդիրների և իրականացվող գործունեության արդյունքների հետ: Սպասվող արդյունքների նկարագրությունը պետք է լինի հնարավորինս կոնկրետ, իրատեսական, գնահատելի և չափելի: | |||||||||||||||||||||||||||||||||
Ծրագրի արդյունքներին հասնելու միջոցառումները |
Մանրամասն նկարագրել ծրագրի շրջանակներում նախատեսվող միջոցառումները, դրանց ժամկետները, որոնք պետք է լինեն հստակ և չափելի: | |||||||||||||||||||||||||||||||||
Ծրագրի ազդեցությունը համայնքի և շահառուների վրա |
-Նշել ուղղակի շահառուների քանակը: -Նշել շահառուների վրա ծրագրի իրականացման արդյունքում եկամտի ավելացման, և (կամ) խնայողությունների ավելացման և (կամ) հարմարավետության ապահովման չափը: -Նշել այլ տեղեկություններ, որոնք կարող են ցույց տալ ծրագրի կարևորությունը, ակնկալվող արդյունքների ազդեցությունը համայնքի զարգացման վրա: | |||||||||||||||||||||||||||||||||
Համայնքի 2023 թվականի փաստացի և 2024 թվականի հաստատված բյուջեն |
Ներկայացնել եկամուտները, ծախսերը` առանձնացնելով բյուջեի վարչական և ֆոնդային մասերը, իսկ բյուջեի ֆոնդային մասի ծախսերը ներկայացնել առանձին բացվածքով (հազ.դրամ)
| |||||||||||||||||||||||||||||||||
Ծրագրի ընդհանուր բյուջեն, որից՝ |
............... հազ. դրամ (100%) | |||||||||||||||||||||||||||||||||
պետական ֆինանսավորման գումարը |
............... հազ. դրամ (....․%) | |||||||||||||||||||||||||||||||||
համայնքի կողմից ներդրվող մասնաբաժնի չափը |
............... հազ. դրամ (....․%) | |||||||||||||||||||||||||||||||||
Ծրագրի իրականացման տևողությունը |
Սկիզբը՝___ __________2024 թ.
Ավարտը՝ ___ __________2024 թ. | |||||||||||||||||||||||||||||||||
Ծրագրի ծախսերը |
Ներկայացնել ծրագրով նախատեսվող ծախսերի խոշորացված հաշվարկները՝ ըստ հիմնական ծախսային ուղղությունների, և վերջիններիս գնագոյացման աղբյուրները: Ծախսերը պետք է լինեն իրատեսական, ֆինանսական հաշվարկները՝ հնարավորինս հստակ և հիմնավոր: Սարք-սարքավորումների ձեռքբերման դեպքում ներկայացնել առնվազն երեք կազմակերպությունների կողմից տրված գնահարցումները: | |||||||||||||||||||||||||||||||||
Ամսաթիվ |
___ __________ 2024 թ. |
Համայնքի տնտեսական պատասխանատու
Հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստը
_____________________________________________________________________________________________
Համայնքի ղեկավար |
________________ (անունը, ազգանունը) |
Կ. Տ |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Խաչատրյան |
02.11.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 նոյեմբերի 2023 թվական: