ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 սեպտեմբերի 2023 թվականի N 1593-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1494-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգը հաստատելու մասին» N 1494-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) վերնագիրը, 1-ին կետը և որոշմամբ հաստատված կարգի վերնագիրը «ընտրության» բառից հետո լրացնել «և թափուր տեղի համալրման» բառերով:
2. Որոշման նախաբանը «օրենքի» բառից հետո լրացնել «15-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետին և» բառերով:
3. Որոշմամբ հաստատված կարգի՝
1) 1-ին կետը «ընտրության» բառից հետո լրացնել «և թափուր տեղի համալրման (այսուհետ՝ ընտրության)» բառերով.
2) 2-րդ կետից հանել «թափուր տեղի» բառերը.
3) 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7.1-ին կետով.
«7.1. Հաստատության տնօրենի թափուր տեղի մրցույթ չի հայտարարվում, եթե տվյալ տարում նախատեսված է հաստատության վերակազմակերպում կամ լուծարում: Այդ դեպքում տնօրենի պարտականությունները կատարող կամ ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվում սույն կարգի 7-րդ կետի համաձայն:».
4) 10-րդ կետը «ընթացքում» բառից հետո լրացնել «՝ համաձայն սույն կարգի 5-րդ կետի» բառերով.
5) 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«20. Եթե սահմանված ժամկետում հավակնորդներից ոչ ոք չի ներկայացել մրցույթին, ապա խորհուրդն ընդունում է մրցույթը չկայացած համարելու մասին որոշում և այն մեկ աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է լիազոր մարմնի ղեկավարին: Խորհուրդը մեկ ամսվա ընթացքում սույն կարգի համաձայն հայտարարում է նոր մրցույթ:».
6) 27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«27. Խորհուրդը հավակնորդին կարող է տալ հարցեր՝ հավակնորդի կողմից խորհրդին ներկայացված ուսումնական հաստատության զարգացման հինգ տարվա ծրագրի շրջանակներում: Խորհրդի անդամն իր կողմից տրված հարցի վերաբերյալ հավակնորդի պատասխանը գնահատում է բավարար կամ պատասխանը չբավարարելու դեպքում հայտնում է իր տեսակետը՝ հավակնորդի կողմից հարցի պատասխանը հնչեցնելուց հետո՝ բանավոր կերպով:».
7) 31-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«31. Խորհուրդը տասն աշխատանքային օրվա ընթացքում հայտարարում է նոր մրցույթ, եթե՝
1) մրցույթին մասնակցել են մեկ կամ երկու հավակնորդ, սակայն ոչ ոք հաղթող ճանաչվելու համար անհրաժեշտ ձայներ չի ստացել.
2) մրցույթին մասնակցել են երեք և ավելի հավակնորդներ, սակայն բոլորն ստացել են հավասար թվով ձայներ.
3) մրցույթին մասնակցել են երեք և ավելի հավակնորդներ, ոչ ոք հաղթող ճանաչվելու համար անհրաժեշտ ձայներ չի ստացել, ձայները բաշխվել են անհավասար և երկու առավել ձայն հավաքած հավակնորդների միջև նույն օրը մեկ ժամվա ընթացում անցկացված կրկնակի քվեարկության արդյունքում հաղթող չի ճանաչվել.
4) մրցույթին մասնակցել են երեք և ավելի հավակնորդներ, ոչ ոք հաղթող ճանաչվելու համար անհրաժեշտ ձայներ չի ստացել, մեկ հավակնորդ հավաքել է ավելի շատ ձայն, իսկ մյուսները հավասար ձայներ, հավասար ձայներ հավաքած հավակնորդների միջև մեկ ժամվա ընթացքում անցկացվել է կրկնակի քվեարկություն, այնուհետև՝ առաջին և կրկնակի քվեարկության փուլերում առավել ձայն հավաքած հավակնորդների միջև անցկացված նոր քվեարկության արդյունքում հաղթող չի ճանաչվել:»:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
15.09.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 սեպտեմբերի 2023 թվական: