ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հունիսի 2015 թվականի N 592-Ն
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԵՍՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել ժամանակավոր պահպանության պահեստներին ներկայացվող պահանջները՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հունիսի 9 |
Հավելված |
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԵՍՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. Ժամանակավոր պահպանության բաց տեսակի պահեստի ընդհանուր մակերեսը պետք է լինի առնվազն 10000 քառ. մետր, իսկ փակ տարածքներինը` 2000 քառ. մետր: Ժամանակավոր պահպանության փակ տեսակի պահեստի ընդհանուր մակերեսը պետք է լինի առնվազն 5000 քառ. մետր, այդ թվում` փակ տարածքներինը` 1000 քառ. մետր:
2. Սույն պահանջների 1-ին կետում նշված չափանիշների պահպանման համար ըստ Հայաստանի Հանրապետության մարզերի սահմանվում են գոտիականության հետևյալ չափանիշները՝
1) Երևան քաղաք, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Կոտայքի, Արմավիրի և Արարատի մարզեր՝ 100 տոկոս.
2) Հայաստանի Հանրապետության Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզեր՝ 50 տոկոս:
3. Սույն պահանջների կիրառման առումով՝ փակ տարածքում ներառվում են`
1) ժամանակավոր պահպանության պահեստի կազմակերպչի (այսուհետ` կազմակերպիչ) վարչական ապարատի զբաղեցրած տարածքը.
2) ապրանքի ժամանակավոր պահպանության համար նախատեսված պահեստային շինության տարածքը.
3) փակ շինության` զննման համար նախատեսված տարածքը.
4) մաքսային մարմիններին հատկացված տարածքը.
5) մաքսային ներկայացուցիչների և ինքնահայտարարագրման գրասենյակի տարածքը.
6) այլ տարածքներ:
4. Կազմակերպիչը պետք է ապահովի`
1) ժամանակավոր պահպանության ամբողջ տարածքում կատարվող գործողությունները հեռակառավարվող տեսախցիկներով տեսագրելու և ձայնագրելու հնարավորություն, ընդ որում, տեսագրված և ձայնագրված նյութերը պետք է պահպանվեն յուրաքանչյուր օրվա համար առանձին` համակարգչում կամ ցանկացած արտաքին կրիչի վրա, որը հնարավորություն կընձեռի պարզորոշ դիտելու և լսելու կատարված տեսագրությունն ու ձայնագրությունը` համարակալելով ըստ այդ օրերի ամսաթվերի: Տեսագրություններում պետք է նշվեն նաև տեսագրման ամսաթիվը և ժամը: Տեսագրված և ձայնագրված նյութերը պետք է պահպանվեն կազմակերպչի մոտ` առնվազն 90 օր.
2) կշռելու հնարավորություն ունեցող էլեկտրոնային (առնվազն 15000 գործարքի հիշողությամբ) տարբեր կշեռքների առկայությունը, այդ թվում` ավտոմեքենաներ կշռող` առնվազն 80 տոննա, իսկ երկաթգծի առկայության դեպքում` առնվազն 150 տոննա կշռելու հնարավորություն ունեցող կշեռք.
3) փոսորակների, հարթակների, փակ շինությունների (անգարների) առկայությունը`
ա. սույն պահանջների 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված վայրերում գործող ժամանակավոր պահպանության պահեստների դեպքում՝ առնվազն 5 ավտոմեքենայի միաժամանակյա զննման համար.
բ. սույն պահանջների 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված վայրերում գործող ժամանակավոր պահպանության պահեստների դեպքում՝ առնվազն մեկ ավտոմեքենայի զննման համար.
4) մանրակրկիտ զննման համար անհրաժեշտ սարքերի ու սարքավորումների ներդրումը (ռենտգենային, ռադիոակտիվ միջոցների հայտնաբերման և այլն)` վերադաս մաքսային մարմնի սահմանած պահանջներին համապատասխան.
5) մաքսային մարմինների աշխատողներին անհրաժեշտ կապի և էլեկտրոնային տեխնիկական սարքավորումների տրամադրումը, ինտերնետային և ռադիոհեռահաղորդման կապով ապահովումը` մաքսային ձևակերպումները տեղում կազմակերպելու համար.
6) իր կողմից մատուցվող ծառայությունների դիմաց սահմանված սակագների մասին տեղեկատվության հրապարակայնությունը` վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով.
7) ապրանքների բեռնման-բեռնաթափման համար անհրաժեշտ տրանսպորտային միջոցների և բեռների տեղափոխման կամ փոխադրման համար անհրաժեշտ այլ տեխնիկական միջոցների առկայությունը.
8) ժամանակավոր պահպանության պահեստի գործունեության վայրում հսկիչ-դրամարկղային մեքենայի առկայությունը:
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
07.09.2023, N 1519-Ն | 17.09.2023, N 592-Ն | |
16.09.2021, N 1530-Ն | 18.09.2021, N 592-Ն | |
05.04.2018, N 388-Ն | 19.04.2018, N 592-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|