Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 296-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.02.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.02.15/4(387) Հոդ.39
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
09.11.2010
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.11.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.02.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

27 հունվարի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 05011047

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

9 նոյեմբերի 2010 թ.

 թիվ 296-Ն 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԵՎ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԳՆԱՅԻՆ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐԻ ԱՐԳԵԼՈՒՄԸ, ԳՆԱՅԻՆ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐԻ ԱԶԴԱԿՆԵՐԸ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ ԳՆԱՅԻՆ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 11/01-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը, «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7.1 հոդվածի 4-րդ մասը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Արտարժույթի առուվաճառքի և արտարժույթի առուվաճառքի սակարկությունների ընթացքում գնային չարաշահումների արգելումը, գնային չարաշահումների ազդակները և Կենտրոնական բանկին գնային չարաշահումների մասին տեղեկացման կարգը» կանոնակարգ 11/01-ը` համաձայն հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2010 թ. նոյեմբերի 12
ք. Երևան

 

 

Հավելված

 

Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2010 թ. նոյեմբերի 9-ի
թիվ 296-Ն որոշմամբ

 

«ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԵՎ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԳՆԱՅԻՆ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐԻ ԱՐԳԵԼՈՒՄԸ, ԳՆԱՅԻՆ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐԻ ԱԶԴԱԿՆԵՐԸ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ ԳՆԱՅԻՆ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 11/01

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

 ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Սույն կանոնակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում արտարժույթի առուվաճառքի և արտարժույթի առուվաճառքի սակարկությունների ընթացքում գնային չարաշահումների դեպքերը, ազդակները, ինչպես նաև գնային չարաշահումների մասին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին (այսուհետ` Կենտրոնական բանկ) տեղեկացման կարգը:

2. Սույն կանոնակարգը տարածվում է Հայաստանի Հանրապետությունում արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառք, արտարժույթի առուվաճառք, արտարժույթի առուվաճառքի սակարկություններ իրականացնող անձանց, բանկերի, ներդրումային ընկերությունների, վարկային կազմակերպությունների վրա:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

 ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3. Սույն կանոնակարգում օգտագործված հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը.

1) բորսա` արտարժույթի առուվաճառքի սակարկությունների կազմակերպման լիցենզիա ունեցող անձը,

2) կասկածելի գործարք` գնային չարաշահումների վերաբերյալ կասկած հարուցող գործարք արտարժույթի առուվաճառքի կամ արտարժույթի առուվաճառքի սակարկությունների ընթացքում,

3) սակարկությունների մասնակիցներ` անձինք, որոնք բորսայի կանոնների համաձայն ձեռք են բերել բորսայի կողմից կազմակերպվող արտարժույթի առուվաճառքի սակարկություններին մասնակցության իրավունք,

4) պատվեր` արտարժույթով գործարքների կնքման նպատակով ներկայացվող հաճախորդի հանձնարարական, ինչպես նաև սակարկությունների մասնակցի կարգադրությունը, հանձնարարություն, հայտ կամ առաջարկ,

5) առևտրային համակարգ` էլեկտրոնային եղանակով արտարժույթի առուվաճառքի կամ արտարժույթի առուվաճառքի սակարկությունների կազմակերպման, անցկացման և դրա հետ կապված տեղեկատվության մշակման և պահպանման համար բորսայի կողմից օգտագործվող տեխնիկական, ծրագրային և այլ միջոցների համախումբը,

6) լավագույն փոխարժեք` առևտրային համակարգ մուտքագրված` տվյալ տեսակի արտարժույթի գնման պատվերներում նշված առավելագույն փոխարժեքը կամ վաճառքի պատվերներում նշված ամենացածր փոխարժեքը,

7) սպրեդ` առևտրային համակարգ մուտքագրված որոշակի տեսակի արտարժույթի գնման պատվերներում նշված ամենաբարձր և վաճառքի պատվերներում նշված ամենացածր փոխարժեքների տարբերությունը,

8) արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառք, արտարժույթի առուվաճառք, արտարժույթի առուվաճառքի սակարկություններ իրականացնող անձ` ըստ «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:

4. Սույն կանոնակարգում օգտագործված այլ հասկացություններն ունեն «Արժեթղթերի շուկայի մասին», «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի օգոստոսի 30-ի թիվ 444-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժույթի առուվաճառքի սակարկությունների կազմակերպման լիցենզավորումը, կարգավորումը և վերահսկողությունը» կանոնակարգ 11-ում կիրառվող նշանակությունները:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

 ԳՆԱՅԻՆ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐԸ

 

5. Արտարժույթի առուվաճառքի և արտարժույթի առուվաճառքի սակարկությունների ընթացքում գնային չարաշահումն արգելվում է:

6. Սույն կանոնակարգի իմաստով գնային չարաշահում է համարվում անձի կողմից (իր կամ հաճախորդի հաշվին)՝

1) այնպիսի գործարքների կնքումը կամ դրանց կնքման պատվեր տալը, որը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել արտարժույթի փոխարժեքի, դրա նկատմամբ պահանջարկի կամ առաջարկի ծավալի վերաբերյալ սխալ կամ ապակողմնորոշիչ պատկերի ստեղծմանը, բացառությամբ` սույն կանոնակարգի 7-րդ կետով սահմանված դեպքերի,

2) այնպիսի գործարքների կնքումը կամ դրանց կնքման պատվեր տալը, որը հանգեցնում է արտարժույթի փոխարժեքի ոչ օրինաչափ շեղումների կամ արտարժույթի փոխարժեքի արհեստական մակարդակի սահմանմանը, բացառությամբ` սույն կանոնակարգի 7-րդ կետով սահմանված դեպքերի,

3) այնպիսի գործարքների կնքումը կամ դրանց կնքման պատվեր տալը, որն իրականացվում է կեղծ, անբարեխիղճ կամ թյուրիմացություն առաջացնող և (կամ) ապակողմնորոշիչ մեխանիզմների գործադրմամբ,

4) այնպիսի տեղեկությունների տարածումը, որոնք սխալ կամ ապակողմնորոշիչ պատկեր են ստեղծում արտարժույթի փոխարժեքների վերաբերյալ, այդ թվում՝ տվյալ արտարժույթի վերաբերյալ խեղաթյուրված տեղեկությունների տարածումը, եթե այդ տեղեկությունները տարածող անձը գիտեր կամ բավարար ուշադրություն ցուցաբերելու դեպքում կարող էր իմանալ դրանց՝ իրականությանը չհամապատասխանելու փաստի մասին,

5) սույն կետի 1-ից 4-րդ ենթակետերում նշված գործողություններ չհանդիսացող, սակայն նույնաբնույթ գործողությունները:

7. Սույն կանոնակարգի 6-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված գործողությունները գնային չարաշահում չեն համարվում, եթե գործարքը կնքող կամ գործարքի կնքման պատվեր տված անձի կատարած գործողություններն ունեն իրավաչափ նպատակներ:

8. Կենտրոնական բանկն անձի նպատակների իրավաչափությունը գնահատելիս, ի թիվս այլ գործոնների, հաշվի է առնում հետևյալ հանգամանքների բացակայությունը.

1) անձը գործել է նպատակ ունենալով նվազեցնել այլ անձանց` գործարքներ կնքելու հնարավորությունը, կամ սահմանել կամ փոփոխել արտարժույթի փոխարժեքը, որի գծով անձն ունի բաց դիրք,

2) անձը գործարքն իրականացրել է որոշակի կոնկրետ ձևով` սխալ կամ ապակողմնորոշիչ պատկեր ստեղծելու նպատակով:

9. Կենտրոնական բանկն անձի նպատակների իրավաչափությունը գնահատելիս, ի թիվս այլ գործոնների, հաշվի է առնում հետևյալ հանգամանքների առկայությունը.

1) գործարքն ուղղված է երրորդ անձանց հանդեպ օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված պարտավորության կատարմանը,

2) գործարքն իրականացվել է այնպիսի եղանակով, որը հաշվի է առնում շուկայի արդար և արդյունավետ գործունեության անհրաժեշտությունը,

3) անձը ձեռնարկել է բոլոր խելամիտ քայլերը հաճախորդի համար լավագույն պայմաններով (առաջին հերթին հաշվի առնելով գինը, ծախսերը, իսկ հետո նաև այլ գործոնները) գործարքի իրականացման համար:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

 ԳՆԱՅԻՆ ՉԱՐԱՇԱՀՄԱՆ ԱԶԴԱԿՆԵՐԸ

 

10. Գնային չարաշահման ազդակներն են.

1) որոշակի արտարժույթով գործարքների կնքումը կամ դրանց կնքման պատվեր տալը, որը կազմում է տվյալ բորսայում տվյալ արտարժույթով օրական գործարքների քանակի կամ ծավալի էական մասը, հատկապես, եթե այդ գործարքները հանգեցնում են տվյալ արտարժույթի կամ դրա վրա հիմնված` կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված արժեթղթի գնի էական փոփոխության,

2) որոշակի արտարժույթով գործարքների կնքումը կամ դրանց կնքման պատվեր տալը, որոնք իրականացվում են գործարքը կնքող կամ գործարքի կնքման պատվեր տվող անձի դիրքի փոփոխությամբ կարճ ժամանակահատվածի համար և կազմում են տվյալ բորսայում այդ արտարժույթով օրական գործարքների քանակի կամ ծավալի էական մասը, հատկապես եթե դրանք ուղեկցվում են բորսայում տվյալ արտարժույթի փոխարժեքի էական փոփոխությամբ: Սույն ենթակետի իմաստով դիրքի փոփոխություն է համարվում անձի կողմից նույն արտարժույթի համար գնման (վաճառքի), այնուհետև վաճառքի (գնման) պատվերներ ներկայացնելը,

3) որոշակի արտարժույթով գործարքների կնքումը կամ դրանց կնքման պատվեր տալը, որոնք կենտրոնացված են կարճ ժամանակահատվածում և առաջացնում են տվյալ արտարժույթի փոխարժեքի կարճաժամկետ փոփոխություն` չհանգեցնելով փոխարժեքի երկարաժամկետ փոփոխության,

4) բորսայում որոշակի արտարժույթով գործարքի կնքման պատվեր տալը, որը փոխում է տվյալ արտարժույթի գնման (վաճառքի) լավագույն փոխարժեքը և հեռացվում է առևտրային համակարգից մինչև այդ պատվերի բավարարումը,

5) բորսայում որոշակի արտարժույթով գործարքների կնքումը կամ դրանց կնքման պատվեր տալը, որոնք կենտրոնացված են առևտրային նստաշրջանի այնպիսի ժամանակահատվածում, երբ հաշվարկվում են փակման կամ այլ հաշվարկային փոխարժեքներ, և հանգեցրել են այդ փոխարժեքների էական փոփոխությունների,

6) որևէ անձի կողմից որոշակի արտարժույթով գործարքների կնքումը կամ դրանց կնքման պատվեր տալը տվյալ անձի կամ վերջինիս հետ փոխկապակցված անձի կողմից սխալ, ապակողմնորոշիչ կամ խեղաթյուրված տեղեկատվության, կամ սխալ կամ կողմնակալ հետազոտության տարածումից առաջ կամ հետո,

7) որոշակի արտարժույթով այնպիսի գործարքների կնքումը, որոնց հետևանքով արտարժույթի փոխանցում տեղի չի ունենում կամ արտարժույթի փոխանցումը տեղի է ունենում ընդամենը փոխհամաձայնության հիման վրա գործող անձանց միջև,

8) արտարժույթով գործարքի կնքումը, որի դեպքում գնման և վաճառքի պատվերները տրվում են նույն արտարժույթի էապես նույն ծավալի համար, էապես նույն փոխարժեքով և էապես նույն ժամանակահատվածում,

9) սակարկությունների մասնակցի (փոխհամաձայնության հիման վրա գործող սակարկությունների մասնակիցների) կողմից արտասովոր մեծ սպրեդի սահմանումը կամ պահպանումը,

10) արտարժույթի գնման և (կամ) վաճառքի այնպիսի փոխարժեքի հրապարակումը, որի արդյունքում կտրուկ և էականորեն մեծանում է տվյալ արտարժույթի համար իր կողմից մինչ այդ հրապարակված գնման և վաճառքի փոխարժեքների միջև եղած տարբերությունը,

11) բորսայում սահմանված տվյալ արտարժույթի գնման (վաճառքի) լավագույն փոխարժեքից էապես բարձր կամ ցածր փոխարժեքի հրապարակումը,

12) սույն կետի 1-ից 11-րդ ենթակետերում չնշված, սակայն նույնաբնույթ այլ գործողությունները:

11. Սույն կանոնակարգի 10-րդ կետում նշված գնային չարաշահման ազդակները բավարար պայման չեն դեպքը գնային չարաշահում որակելու համար:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

 ԳՆԱՅԻՆ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ ՏԵՂԵԿԱՑՈՒՄԸ

 

12. Բորսան, սակարկությունների մասնակիցները, արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառք, արտարժույթի առուվաճառք իրականացնող անձինք, Կենտրոնական բանկին անհապաղ տեղեկացնում են գնային չարաշահումների վերաբերյալ իրենց ունեցած ցանկացած հիմնավոր կասկածի մասին:

13. Սույն կանոնակարգի 12-րդ կետում նշված տեղեկացումը Կենտրոնական բանկ է ներկայացվում բանավոր, թղթային կամ էլեկտրոնային եղանակով: Բանավոր կերպով տեղեկացնելու դեպքում Կենտրոնական բանկը կարող է պահանջել, որպեսզի ոչ ուշ, քան բանավոր տեղեկացմանը հաջորդող օրվա ավարտը բանավոր հաղորդած տեղեկատվությունը ներկայացվի գրավոր ձևով: Բանավոր տեղեկացումը Կենտրոնական բանկին կատարվում է Կենտրոնական բանկի կողմից տրամադրված հեռախոսահամարներով և(կամ) Կենտրոնական բանկի համապատասխան իրավասու ստորաբաժանմանը հաղորդելու միջոցով:

14. Սույն կանոնակարգի 12-րդ կետում նկարագրված տեղեկությունները պետք է պարունակեն.

1) կասկածելի գործարքի նկարագրությունը, ներառյալ՝ արտարժույթի տեսակը, գործարքի և/կամ հանձնարարականի տեսակը,

2) կասկածի հիմնավորումը,

3) գործարքի կողմերի ինքնությունը պարզելու միջոցները,

4) կասկած հայտնող անձի կարծիքով էական համարվող այլ տեղեկություններ:

15. Եթե սույն կանոնակարգի 14-րդ կետում նշված բոլոր տեղեկությունները հասանելի չեն կասկածը հայտնող անձին, ապա կասկածի վերաբերյալ տեղեկացումը պետք է պարունակի առնվազն կասկածի հիմնավորումը:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան