Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1539
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.05.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.06.03/57(1612) Հոդ.689
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
26.05.2020
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
26.05.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.05.2020

 ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

        

Քաղ. Երևան

26 մայիսի 2020 թ.

 

2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ԲԵՌԼԻՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-ԻՆ ԿՆՔՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ (ՌԵԱԴՄԻՍԻԱՅԻ) ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ԿԻՐԱՐԿՈՂ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը՝ կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետ Ա. Ղազարյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2019 թվականի սեպտեմբերի 10-ին Բեռլինում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2013 թվականի ապրիլի 19-ին կնքված «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագիրը կիրարկող արձանագրությունում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր՝ 2020 թվականի փետրվարի 13-ի N 143-Ա որոշմամբ 2019 թվականի սեպտեմբերի 10-ին Բեռլինում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2013 թվականի ապրիլի 19-ին կնքված «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագիրը կիրարկող արձանագրությունում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու նպատակով դիմել է Սահմանադրական դատարան: Հիշյալ որոշումը Հայաստանի Հանրապետության վարչապետը Սահմանադրական դատարան է ներկայացրել 2020 թվականի մարտի 13-ին:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2020 թվականի մարտի 13-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։

Ուսումնասիրելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով վերոնշյալ արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2013 թվականի ապրիլի 19-ին կնքված «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագիրը կիրարկող արձանագրությունը (այսուհետ` Արձանագրություն) ստորագրվել է 2019 թվականի սեպտեմբերի 10-ին Բեռլինում:

«Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև՝ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2013 թվականի ապրիլի 19-ին և Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել՝ Ազգային Ժողովի 2013 թվականի նոյեմբերի 11-ի ԱԺՈ-091-Ն որոշմամբ (ՍԴՈ-1113)։

Արձանագրության նպատակն է ստեղծել անհրաժեշտ պայմաններ Համաձայնագրի կիրարկումը դյուրացնելու համար:

Արձանագրությամբ սահմանվում են ընթացակարգեր այն անձանց հայտնաբերման և անվտանգ ու կանոնակարգված վերադարձի համար, որոնք չեն բավարարում կամ այլևս չեն բավարարում Հայաստանի Հանրապետության կամ Եվրոպական միության անդամ որևէ պետության տարածք մուտք գործելու, այնտեղ գտնվելու կամ բնակվելու համար անհրաժեշտ պահանջները: Արձանագրությամբ կողմերը պայմանավորվում են Համաձայնագրի և Արձանագրության կիրարկման համար պատասխանատու իրավասու մարմինների, հետընդունման և տարանցման դիմումների ընդունման և դրանց ընթացք տալու, հետընդունման ենթակա անձի փոխադրման և ուղեկցման կարգի և հետընդունման կամ տարանցման հետ կապված ծախսերի մասին:

Արձանագրությունը բաղկացած է նախաբանից, 12 հոդվածներից և Հավելվածից:

 

2. Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունը փոխադարձության սկզբունքով ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

- դիվանագիտական ուղիներով գերմանական կողմին անմիջապես տեղեկացնել իր իրավասու մարմինների ցանկում ցանկացած փոփոխության մասին (1-ին հոդվածի 2-րդ կետ),

- ապահովել, որ Համաձայնագրի 8-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջներին համապատասխան լրացված հետընդունման դիմումն իրավասու մարմնի կողմից ֆաքսով, Ռեադմիսիոն հայցերի կառավարման էլեկտրոնային համակարգի միջոցով կամ էլեկտրոնային նամակով ուղարկվի գերմանական կողմի իրավասու մարմնին՝ Համաձայնագրի 11-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված ժամկետում (2-րդ հոդվածի 1-ին կետ),

- որպես Հայցվող կողմ՝ ապահովել, որ իր իրավասու մարմինը հետընդունման դիմումին պատասխանի Հայցող գերմանական կողմի իրավասու մարմնին ուղղված ֆաքսով կամ էլեկտրոնային նամակով՝ Համաձայնագրի 11-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված ժամկետում (2-րդ հոդվածի 2-րդ կետ),

- եթե իրավասու մարմինը կարծում է, որ Համաձայնագրի 1-4 Հավելվածներում թվարկված փաստաթղթերից կամ լրացուցիչ ապացույցներից բացի կան այլ փաստաթղթեր ևս, որոնք կարևոր են հետընդունման ենթակա անձի քաղաքացիությունը որոշելու կամ երրորդ երկրի քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց հետընդունման հիմքերը հաստատելու համար, ապա այդ փաստաթղթերը կամ լրացուցիչ ապացույցները հետընդունման դիմումի հետ ուղարկել գերմանական կողմի իրավասու մարմնին, իսկ որպես Հայցվող կողմ հանդես գալու պարագայում, եթե իրավասու մարմինը հաշվի չի առնում այդպիսի փաստաթղթերը, ապա Հայցող գերմանական կողմի իրավասու մարմնին տեղեկացնել այդ որոշման պատճառների մասին (3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետեր),

- ապահովել, որ քաղաքացիության հաստատման համար հարցազրույցի մասին գերմանական կողմի իրավասու մարմնի հայցը ֆաքսով կամ էլեկտրոնային նամակով ստանալուց հետո ՀՀ դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչությունն իր նստավայրում կամ իրավասու մարմինների միջև փոխադարձ համաձայնությամբ այլ վայրում հինգ աշխատանքային օրվա ընթացքում՝ առանց հետաձգման, հետընդունման ենթակա անձի հետ անցկացնի հարցազրույց, որին կարող է մասնակցել հայցող կողմի իրավասու մարմնի ներկայացուցիչը (4-րդ հոդվածի 1-3-րդ կետեր),

- եթե հարցազրույցի արդյունքում հաստատվում է, որ հետընդունման ենթակա անձն իր պետության քաղաքացի է, այդ արդյունքը ճանաչել որպես առերևույթ ապացույց և հայցը ստանալուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում այդ անձին տրամադրել վերադարձի վկայական (4-րդ հոդվածի 6-րդ կետ),

- տարանցման գործողություններ իրականացնելիս առաջնորդվել Համաձայնագրի 14-րդ հոդվածում թվարկված սկզբունքներով (5-րդ հոդվածի 1-ին կետ),

- հետընդունման և տարանցման գործողությունները, որպես կանոն, իրականացնել օդային ճանապարհով՝ օգտագործելով իր միջազգային օդանավակայանների սահմանային անցակետերը, և միայն առանձին դեպքերում փոխադարձ համաձայնությամբ օգտագործել այլ սահմանային անցակետեր (6-րդ հոդվածի 1- 3-րդ կետեր),

- ապահովել փոխանցվող անձնական տվյալների գաղտնիությունը (7-րդ հոդված),

- ուղեկցումների դեպքում երաշխավորել, որ Հայաստանի Հանրապետության ուղեկցողները Հայցվող գերմանական կողմի տարածքում գտնվելու ընթացքում պահպանեն Գերմանիայի Դաշնային Հանրապետության օրենքները, առաջադրանքը կատարեն քաղաքացիական հագուստով՝ առանց զենքի և իրենց հետ կրեն վավեր անձնագրեր, ինչպես նաև փաստաթղթեր, որոնք կհաստատեն, որ հետընդունումը կամ տարանցումը և ուղեկցման թույլտվությունը համաձայնեցված են (8-րդ հոդված),

- համագործակցել հայկական կամ գերմանական կողմի տարածքում ուղեկցողների կացության հետ կապված բոլոր հարցերի շուրջ և որպես Հայցվող կողմ, ըստ անհրաժեշտության, աջակցել ուղեկցողներին (8-րդ հոդվածի 6-րդ կետ),

- որպես Հայցող կողմ՝ հոգալ Հայցվող գերմանական կողմի կրած՝ սահմանը հասցնելու հետ կապված հետընդունման կամ տարանցման ծախսերը և փոխհատուցել կատարած ծախսերը՝ եվրոյով, հաստատող փաստաթղթերը ներկայացնելուց հետո՝ 60 աշխատանքային օրվա ընթացքում (9-րդ հոդված, 1-ին կետ),

- փորձագիտական պատվիրակության կողմից անցկացվող հարցազրույցի դեպքում, որպես Հայցող կողմ, հոգալ պատվիրակության ավիատոմսերի, հյուրանոցի, ինչպես նաև օդանավակայանից հարցազրույցի անցկացման վայր տեղափոխման հետ կապված ծախսերը (9-րդ հոդված, 2-րդ կետ),

- Համաձայնագրի և Արձանագրության մեկնաբանման և կիրառման վերաբերյալ ծագած խնդիրները լուծել կողմերի իրավասու մարմինների միջև խորհրդակցությունների միջոցով, իսկ եթե այդ միջոցով հնարավոր չէ լուծել, ապա դիմել Հետընդունման հարցերով համատեղ կոմիտեին (10-րդ հոդված, 2-րդ կետ),

- գերմանական կողմի հետ հաղորդակցությունը իրականացնել անգլերենով (11-րդ հոդված):

 

3. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Արձանագրությունով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրված՝ միջազգային իրավունքի հիման վրա բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ուղղված՝ արտաքին քաղաքականության իրականացման նպատակներին։

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2019 թվականի սեպտեմբերի 10-ին Բեռլինում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2013 թվականի ապրիլի 19-ին կնքված «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագիրը կիրարկող արձանագրությունում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Հ. Թովմասյան

 

26 մայիսի 2020 թվականի

ՍԴՈ-1539

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան