ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 ապրիլի 2020 թվականի N 564-Լ
«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ առաջարկության մասին
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-497-04.03.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
2020 թ. ապրիլի 17 Երևան |
«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-497-04.03.2020-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ առաջարկությՈՒնԸ
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է փոփոխություններ կատարել օրենքի 125-րդ հոդվածում, համաձայն որի՝ խմբակցությունը յուրաքանչյուր հերթական նստաշրջանի ընթացքում կարող է հրավիրել երեք լսում գործող մեկի փոխարեն:
Նախագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն՝ երեք լսում հրավիրելու անհրաժեշտությունը պայմանավորված է խմբակցությունների կողմից կազմակերպվող քաղաքացիների ընդունելությունների արդյունքում բացահայտվող հասարակական հնչեղություն և կարևորություն ունեցող բազմաթիվ խնդիրներով, որոնք հիմք են հանդիսանում հանրային լայնամաշտաբ քննարկման և արդյունքում նաև օրենսդրական բարեփոխումների իրականացման համար:
Վերոգրյալի համատեքստում անհրաժեշտ ենք համարում դիտարկել հետևյալ իրավական կարգավորումները: Այսպես`
«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 36-րդ հոդվածի համաձայն՝
«1. Հերթական նստաշրջանի առաջին հերթական նիստերը, որպես կանոն, գումարվում են երկուշաբթիից հինգշաբթի, իսկ մյուս հերթական նիստերը՝ երեք շաբաթը մեկ՝ երեքշաբթիից ուրբաթ, սակայն ոչ ուշ, քան Կանոնակարգի 35-րդ հոդվածի 1-ին մասում նշված ժամկետների ավարտը:
3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետներում օրակարգային հարցերի քննարկումը չավարտվելու դեպքում հերթական նիստերը շարունակվում են մինչև դրանց քննարկումն ավարտվելը, սակայն ոչ ավելի, քան երեք օր և ոչ ուշ, քան Կանոնակարգի 35-րդ հոդվածի 1-ին մասում նշված ժամկետների ավարտը:»:
Նույն օրենքի 37-րդ հոդվածի համաձայն՝
«1. Հերթական նիստերի յուրաքանչյուր օրը՝ ժամը 10:00-ից մինչև 18:00, տեղի է ունենում չորս հիմնական նիստ: Հերթական նիստերի առաջին շաբաթվա երեքշաբթի օրվա վերջին հիմնական նիստն ավարտվում է հերթագրված վերջին պատգամավորի հայտարարությունից, իսկ չորեքշաբթի օրվա վերջին հիմնական նիստը՝ հերթագրված վերջին պատգամավորի հարցին պատասխանելուց հետո:
2. Հերթական նիստերի յուրաքանչյուր օրվա ընթացքում՝ ժամը 18:30-ից մինչև 20:00-ն, Ազգային ժողովի որոշմամբ կարող է անցկացվել մեկ լրացուցիչ նիստ: Արտահերթ նիստի գումարման ժամին լրացուցիչ նիստ չի կարող անցկացվել:»:
Նույն օրենքի 125-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝
«3. Խմբակցությունը յուրաքանչյուր հերթական նստաշրջանի ընթացքում կարող է հրավիրել մեկ լսում:
4. Լսումների անցկացման օրը չպետք է համընկնի Ազգային ժողովի նիստի օրվա հետ:»:
Նույն օրենքի 125-րդ հոդվածի համաձայն՝
«1. Խորհրդարանական լսումներ կարող են հրավիրել՝
1) Ազգային ժողովի նախագահը.
2) մշտական հանձնաժողովները, առանձին օրենքի նախագծի հարցով ժամանակավոր հանձնաժողովները՝ իրենց վերապահված ոլորտներին վերաբերող հարցերով.
3) խմբակցությունը՝ իր կամ խմբակցության կազմում ընդգրկված պատգամավորի առաջադրած նախագծին վերաբերող հարցով:
2. Լսումները հրավիրվում են Ազգային ժողովի նախագահի, մշտական կամ ժամանակավոր հանձնաժողովի, ինչպես նաև խմբակցության որոշմամբ:
3. Խմբակցությունը յուրաքանչյուր հերթական նստաշրջանի ընթացքում կարող է հրավիրել մեկ լսում:
4. Լսումների անցկացման օրը չպետք է համընկնի Ազգային ժողովի նիստի օրվա հետ:
5. Լսումների արդյունքում կազմված արձանագրությունը հաստատվում է լսումները հրավիրած մարմնի որոշմամբ և տեղադրվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում:
6. Լսումների հրավիրման, ինչպես նաև արդյունքների ամփոփման ընթացակարգերը սահմանվում են Աշխատակարգով:»:
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման համաձայն՝
«87. Լսումները հրավիրելու վերաբերյալ Ազգային ժողովի նախագահի, մշտական կամ ժամանակավոր հանձնաժողովի, ինչպես նաև խմբակցության որոշմամբ սահմանվում են լսումների օրը, ժամը, անցկացման վայրը և ընթացակարգը:
88. Լսումների հրավիրման մասին հանձնաժողովի, ինչպես նաև խմբակցության որոշումն ուղարկվում է Ազգային ժողովի նախագահին: Լսումների հրավիրման մասին որոշումը տեղադրվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում, իսկ լսումների վերաբերյալ տեղեկատվությունը լսումների անցկացման օրվանից առնվազն երեք աշխատանքային օր առաջ տրամադրվում է զանգվածային լրատվության միջոցներին.
90. Լսումներ հրավիրող Ազգային ժողովի նախագահը, հանձնաժողովը կամ խմբակցությունը կարող են նախապատրաստել իրենց հրավիրած լսումների թեմայի վերաբերյալ ներկայացված գրավոր ելույթներ, առաջարկներ, եզրակացություններ, տեղեկանքներ, ինչպես նաեւ լսումների արդյունքներն ամփոփող այլ նյութեր, որոնք կարող են հրապարակվել հանձնաժողովի կամ խմբակցության առաջարկությամբ՝ Ազգային ժողովի նախագահի համաձայնությամբ:»:
Տվյալ դեպքում անդրադառնալով նախագծով նախատեսված կարգավորմանը՝ խմբակցության կողմից յուրաքանչյուր հերթական նստաշրջանի ընթացքում երեք լսում հրավիրելու մասով հարկ ենք համարում նախևառաջ նշել, որ խորհրդարանական լսումները որոշումների կայացման գործընթացում հանրության մասնակցությունն ու ազդեցությունն ապահովող հիմնական գործիք են: Մինչդեռ հատկանշական է նաև, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի ընդունմամբ Ազգային ժողովում լսումների կազմակերպման ընթացակարգը ենթարկվել է որոշակի փոփոխությունների, մասնավորապես՝ հանվել է յուրաքանչյուր նստաշրջանում առնվազն մեկ լսում կազմակերպելու պահանջը՝ նախատեսելով մեկ նստաշրջանի ընթացքում միայն մեկ լսում հրավիրելու հնարավորություն՝ լսումների անցկացման պահանջը վերածելով հայեցողության և վերացնելով օրենքի պահանջը ձևականորեն կատարելու հրամայականը:
Վերոշարադրյալ փոփոխության արդարացված լինելու մասին է փաստում նաև խորհրդարանական լսումներ հրավիրելու՝ օրենքով սահմանված իրավունքից օգտվելու վիճակագրությունը, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ԱԺ 7-րդ գումարման 3-րդ նստաշրջանի ընթացքում Ազգային ժողովի 3 խմբակցությունները խորհրդարանական լսումներ չեն հրավիրել, 11 մշտական հանձնաժողովներից միայն 3-ն են հանդես եկել խորհրդարանական լսումներ հրավիրելու նախաձեռնությամբ, իսկ ԱԺ նախագահը ԱԺ 7-րդ գումարման 3-րդ նստաշրջանում հանդես է եկել խորհրդարանական լսումներ հրավիրելու 3 նախաձեռնությամբ:1
Հիշյալ իրավական կարգավորումների և փաստերի բովանդակային վերլուծության արդյունքում կարող ենք փաստել, որ անգամ գործող կարգավորումների պարագայում խմբակցությունների՝ լսումներ հրավիրելու իրավունքն ըստ էության չի իրացվել, հետևաբար նախագծով նախատեսված՝ խմբակցության կողմից յուրաքանչյուր հերթական նստաշրջանի ընթացքում երեք խորհրդարանական լսումներ հրավիրելու հնարավորությունը հիմնավորված չէ:
Ելնելով վերոգրյալից` գտնում ենք, որ նախագծի ընդունման անհրաժեշտություն չկա:
_____________________________
http://parliamentmonitoring.am/am/monitoring/421?fbclid=IwAR1mopO4le1L73yCyZK3pLtPTkL3oAH2k7Ena4dZ4rQdlaD6CDbBQIKMcCE
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|