Գլխավոր տեղեկություն
Համար
N 357-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (12.04.2020-17.04.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 28.03.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.03.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.03.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.03.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 մարտի 2020 թվականի N 357-Լ

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ԵՐՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երրորդ միջոցառումը՝ համաձայն հավելվածի։

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին և առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին՝ մինչև 2020 թվականի մարտի 31-ը ներկայացնել սույն որոշման հավելվածի 8-րդ կետով սահմանված օժանդակության գործիքների կիրառման կարգը:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին և առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին՝ մինչև 2020 թվականի մարտի 31-ը ներկայացնել սույն որոշման հավելվածի 9-րդ կետով սահմանված շահառուների ընտրության ընթացակարգը:

4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ մինչև 2020 թվականի մարտի 31-ը ներկայացնել սույն որոշման հավելվածի 9-րդ կետով սահմանված վարկերի մարման ընթացակարգը:

  

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

  

2020 թ. մարտի 26

Երևան

 

   

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

մարտի 26-ի N 357-Լ որոշման

    

Ե Ր Ր Ո Ր Դ  Մ Ի Ջ Ո Ց Ա Ռ ՈՒ Մ

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ

  

1. Միջոցառման ԵՎ օժանդակության նպատակը   

 

1. Միջոցառման նպատակն է օժանդակել ՀՀ փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող, սույն միջոցառմամբ սահմանված չափանիշներին համապատասխանող տնտեսավարողներին (այսուհետ՝ տնտեսավարողներ)՝ կորոնավիրուսի տարածման հետևանքով վերջիններիս մոտ կանխատեսվող ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերը մեղմելու նպատակով:

2. Օժանդակության նպատակն է տնտեսավարողների համար ստեղծել ֆինանսական միջոցների ժամանակավոր հասանելիության հնարավորություն՝ շուկաների փոփոխվող պայմաններին արձագանքելու, արտաքին մարտահրավերներին դիմակայելու և ըստ այդմ գործունեությունը շարունակելու կամ վերադասավորվելու կամ փոփոխված տնտեսական իրավիճակին հարմարվելու և զարգացման ռազմավարությունը ճշգրտելու գործողություններ իրականացնելու համար։

2. Տնտեսավարողների շրջանակը

3. Սույն միջոցառման իմաստով տնտեսավարող է համարվում ՀՀ տարածքում գրանցված և փաստացի գործունեություն իրականացնող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը, որը ՀՀ տարածքում առևտրային գործունեություն է ծավալել առնվազն վերջին մեկ տարվա ընթացքում և ապահովում է ստորև թվարկված բոլոր չափանիշներին համապատասխանությունը։

1) հիմնական գործունեություն է ծավալում ստորև թվարկված ոլորտներից որևէ մեկում․

ա․ մշակող արդյունաբերություն,

բ․ կացության և հանրային սննդի կազմակերպում,

գ․ փոխադրումներ և պահեստային տնտեսություն,

դ․ զբոսաշրջային ծառայություններ,

ե․ սպասարկման այլ ծառայություններ,

զ. առողջապահություն .

2) 2019 թ․ շրջանառությունը կազմել է նվազագույնը 24 մլն դրամ առավելագույնը՝ 500 մլն դրամ.

3) 2019 թվականի յուրաքանչյուր եռամսյակի շրջանառությունը պակաս չի եղել տարեկան շրջանառության գումարի 10%-ից.

4) ունի բարվոք վարկային և հարկային պատմություն, այսինքն՝ դիմումի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ վարչական վարույթ հարուցված չէ.

5) ըստ ԱՔՐԱ տեղեկատվության ժամանակին է կատարել իր վարկային պարտավորությունները։

(3-րդ կետը փոփ. 03.04.20 N 464-Լ)

3.1. Ընդ որում, սույն որոշմամբ հաստատված միջոցառումից չեն կարող օգտվել այն տնտեսավարողները, ովքեր օգտվել են Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 355-Լ որոշմամբ սահմանված միջոցառումից:

(3.1-ին կետը լրաց. 09.04.20 N 503-Լ)

4. Օժանդակության մեխանիզմը

4. Օժանդակությունը տրամադրվում է տնտեսավարողներին Ներդրումների աջակցման կենտրոնի միջոցով։ ՀՀ տարածքում գործող և լիցենզավորված բանկերը և վարկային հաստատությունները հանդիսանում են վարկերի սպասարկման գործակալներ։

5. Օժանդակության գործիքների ներքո ստացվելիք վարկերի նպատակը

5. Օժանդակությամբ ստացվող վարկերի միջոցները կարող են տնտեսավարողների կողմից օգտագործվել միայն հետևյալ ծախսերից մեկի կամ մի քանիսի իրականացման նպատակով․

- աշխատակիցներին աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ, բայց յուրաքանչյուր աշխատակցի դեպքում ոչ ավել, քան ամսական 300 հազ դրամ գումարի չափով՝ առավելագույնը երեք ամսվա համար.

- պետական կամ համայնքի բյուջե հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների վճարումներ (այսուհետ՝ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների վարկեր)՝ առավելագույնը երեք ամսվա համար, բացառությամբ՝ կանխավճարների և գերավճարների.

- հումքի գնում կամ ներմուծում (այդ թվում՝ մեկից ավելի պայմանագրերի գծով, որոնց ընդհանուր գումարը չի գերազանցում սույն որոշման 6-րդ կետով սահմանված վարկի առավելագույն գումարը), պայմանով, որ պայմանագիրը կնքվել է 2020 թվականի փետրվարի 1-ից հետո, և հումքի ամբողջ ծավալը պետք է օգտագործվի Հայաստանի Հանրապետությունում՝ նույն տնտեսավարողի արտադրական նպատակներով: Օգտագործման նպատակայնության նկատմամբ հսկողությունն իրականացնում է ներդրումների աջակցման կենտրոնը.

- հանրային ծառայությունների վճարումներ (էլեկտրաէներգիայի, ջրի, գազի, կապի և հեռահաղորդակցության գծով ծախսերից մեկի կամ մի քանիսի իրականացում)` առավելագույնը երեք ամսվա համար, բացառությամբ՝ կանխավճարների և գերավճարների.

- վարձակալական վճարներ:

(5-րդ կետը փոփ., լրաց., խմբ. 09.04.20 N 503-Լ)

6. Օժանդակության գործիքների ներքո տրամադրվելիք վարկերի նկատմամբ հիմնական պահանջները

6. Օժանդակության գործիքների կիրառմամբ տրամադրվող վարկերը պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին.

- արժույթը՝ ՀՀ դրամ,

- ժամկետը՝ 36 ամիս, առաջին 6 ամսում վարկի մարում չի նախատեսվում,

- մեկ տնտեսավարող սուբյեկտի վարկի առավելագույն չափը՝ 50 մլն ՀՀ դրամ բայց ոչ ավել, քան տնտեսվարող սուբյեկտի 2019թ․ շրջանառության 10%-ը․

- վարկային միջոցների օգտագործման կարգը՝ միայն անկանխիկ և բանկային փոխանցումով՝ ծախսերի նպատակայնությունը հաստատելուց հետո, վարկի հաստատմանը հաջորդող երեք ամիսների ընթացքում։

7. Օժանդակության գործիքների ներքո վարկեր տրամադրող կառույցները

7. Վարկերը կարող են տրամադրվել ՀՀ-ում գործող բոլոր առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների միջոցով, որոնք Ներդրումների աջակցման կենտրոնից կստանան վարկի սպասարկման վճար յուրաքանչյուր վարկի դիմաց:

8. Օժանդակության գործիքների կիրառման կարգը կհաստատվի ՀՀ կառավարության որոշմամբ:

9. Շահառուների ընտրության և վարկերի մարման ընթացակարգերը կսահմանվեն ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։

8. Օժանդակության գործիքների բովանդակության նկարագրությունը

10. Օժանդակությունը տրամադրվում է տնտեսավարողներին՝ ՀՀ տարածքում գործող և լիցենզավորված բանկերից կամ վարկային կազմակերպություններից (այսհուհետև՝ ֆինանսական կազմակերպություն) ստացվող նպատակային վարկերի տրամադրմամբ։

11. Սույն միջոցառման շրջանակում վարկ ստանալու նպատակով ցանկացած տնտեսավարող, որը համապատասխանում է միջոցառմամբ նախատեսված պայմաններին, կարող է հայտ ներկայացնել Ներդրումների աջակցման կենտրոն թղթային կամ էլեկտրոնային եղանակով։ Հայտի գնահատումը իրականացնելուց հետո Ներդրումների աջակցման կենտրոնը պայմանագիր է կնքում տնտեսվարողին սպասարկող բանկի հետ և ապահովում վարկի գումարի հասանելիությունը բանկի համար։

12. Վարկի ապահովման համար կպահանջվի սեփականատիրոջ կամ կազմակերպության կառավարմանը մասնակցող այլ ֆիզիկական անձի (անձանց) անձնական երաշխավորություն, որը կներկայացվի Ներդրումների աջակցման կենտրոնին: Երաշխավորը պետք է բավարարի ԱՔՐԱ համակարգի չափանիշներով սքորինգի` Ներդրումների աջակցման կենտրոնի սահմանած նվազագույն պայմաններին:

13. Օժանդակության շրջանակներում տրամադրվող վարկերի տոկոսները կկազմեն՝ առաջին տարում 0%, երկրորդ տարում 0%, երրորդ տարում՝ 12%:

14. Ներդրումների աջակցության կենտրոնը իրականացնելու է ընթացիկ մշտադիտարկում՝ ՊԵԿ-ից, տնտեսավարողից և բանկից և/կամ ֆինանսական կազմակերպություններից ստացվող տեղեկության հիման վրա և կարող է դադարեցնել վարկի տրամադրումը և (կամ) պահանջել անհապաղ վարկի մարում։

(հավելվածը փոփ. 03.04.20 N 464-Լ, լրաց., փոփ., խմբ. 09.04.20 N 503-Լ)

   

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան