ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 նոյեմբերի 2019 թվականի N 1578-Լ
«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-321-17.10.2019-ՊԱ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-321-17.10.2019-ՊԱ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-321-17.10.2019-ՊԱ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ՝ նախագիծ) առաջարկվում է օրենքում նախատեսել կարգավորում, համաձայն որի՝ պարտադիր զինվորական ծառայության ենթակա չեն այն քաղաքացիները և պահեստազորի սպայական կազմը, որոնց համապատասխանաբար 27 և (կամ) 35 տարին լրանում է տվյալ զորակոչի ընթացքում` միաժամանակ ուժը կորցրած ճանաչելով այն կարգավորումը, համաձայն որի՝ հայտարարված զորակոչին պարտադիր զինվորական ծառայության ենթակա են նաև այն քաղաքացիները և պահեստազորի սպայական կազմը, որոնց՝ համապատասխանաբար 27 և (կամ) 35 տարին լրանում է տվյալ զորակոչի ընթացքում:
Համաձայն նախագծին կից ներկայացված հիմնավորման՝ նշված դրույթների միջև առկա է հակասություն, մինչդեռ օրենքը պետք է լինի այն աստիճանի որոշակի, որպեսզի քաղաքացին հստակ գիտակցի, թե երբ է ենթակա զորակոչի, այլ ոչ թե պայմանավորի այն զորակոչի ժամկետների հետ, ուստի, հնարավոր չարաշահումները բացառելու համար նախագծի ընդունմամբ առաջարկվում է վերացնել առկա հակասությունը` ամրագրելով, որ, եթե անգամ նշված անձանց տարիքը լրանում է տվյալ զորակոչի ընթացքում, ապա վերջիններս ենթակա չեն զորակոչման:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 14-րդ հոդվածի 3-րդ մասի, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ և նույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասերի բովանդակային վերլուծությունից պարզ է դառնում, որ պարտադիր զինվորական ծառայությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու սահմանադրական պարտականությունն է և դրա իրականացման հիմնական ձևը, որի շրջանակներում զորակոչի կազմակերպման հարաբերությունները կարգավորելիս, օրենսդիրը նախագծով քննարկվող հոդվածում հստակ ամրագրել է ընդհանուր կանոն` նախատեսելով զորակոչի ենթակա սուբյեկտներին և վերջիններիս զորակոչման առավելագույն տարիքը, իսկ հաջորդ կարգավորմամբ, որոշակիացնելով և հստակեցնելով զորակոչի ենթակա սուբյեկտների շրջանակը, ներառել է նաև նրանց, որոնց համապատասխան տարիքը լրանում է տվյալ զորակոչի ընթացքում:
Գտնում ենք, որ օրենքի գործող կարգավորումները պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա անձանց շրջանակի և զորակոչի ժամկետների հստակության տեսանկյունից համապատասխանում են օրենքին ներկայացվող իրավական որոշակիության, օրենքում օգտագործվող ձևակերպումների հստակության, բավարար մատչելիության, համապատասխան սուբյեկտների կողմից իրենց վարքագիծն օրենքի պահանջներին համապատասխանեցնելու գործնական հնարավորության և օրենքի պահանջներին չհետևելու դեպքում հնարավոր բացասական իրավական հետևանքների առաջացման կանխատեսելիության պահանջներին, հետևաբար, տվյալ դեպքում պարզ չէ նախագծի ընդունման անհրաժեշտությունը, դրանով հետապնդվող նպատակը և ակնկալվող արդյունքը:
Ավելին, օրենքի գործող կարգավորման բացակայությունը կարող է խնդրահարույց լինել զորակոչի ավարտից հետո զորակոչից խուսափող անձանց վերաբերյալ կազմված նյութերով վարույթն իրականացնող մարմնի կողմից վերջիններիս արարքին քրեաիրավական գնահատական տալու տեսանկյունից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայտարարված զորակոչից խուսափած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբերյալ համապատասխան տարածքային զինկոմիսարիատներից հաղորդումներ են ուղարկվում Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի համապատասխան բաժիններ` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի N 1132-Ն որոշման N 1 հավելվածի 37-րդ և N 2 հավելվածի 26-րդ կետերի:
Ինչ վերաբերում է նախագծի հիմնավորման մեջ նշված այն փաստարկներին, որ պայմանականորեն կարող է ստեղծվել մի իրավիճակ, որ զորակոչի ժամկետների փոփոխման արդյունքում անձը կարող է զորակոչվել նաև 27 տարեկանը լրանալուց հետո, գտնում ենք անհիմն՝ հետևյալ պատճառաբանությամբ՝
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասի՝
«1. Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:»:
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասի՝
«2. Սահմանադրության 73-րդ հոդվածին համապատասխան` անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն, իսկ անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով:»:
Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքներին և այլ իրավական ակտերին հետադարձ ուժ տալու անթույլատրելիության վերաբերյալ իր դիրքորոշումն է հայտնել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը: Այսպես՝
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանն իր 2012 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ ՍԴՈ-1061 որոշման մեջ արձանագրել է «(…) անձի իրավական վիճակը վատթարացնող նորմերի հետադարձ ուժի արգելման սկզբունքը՝ իրավական անվտանգության սկզբունքի հետ մեկտեղ, կոչված է ապահովելու լեգիտիմ ակնկալիքների հանդեպ հարգանքը» և որ անձի իրավական վիճակը վատթարացնող նորմերի հետադարձ ուժի արգելքը «…հանդիսանում է պետական իշխանության նկատմամբ վստահության և իրավական պետության սկզբունքների կարևոր բաղադրատարրերից մեկը: Այդ սկզբունքը, միաժամանակ հանդես է գալիս որպես իրավական որոշակիության սկզբունքի ապահովման կարևոր երաշխիք: Օրենքի հետադարձ ուժի մերժման սկզբունքից բխում է այն արգելքը, համաձայն որի՝ անթույլատրելի է այն իրավունքների սահմանափակումը կամ վերացումը, որոնք ամրագրվել են նախկինում գործող նորմերի հիման վրա: Նման պարտավորություն է նաև ստանձնել Հայաստանի Հանրապետությունը՝ մի շարք միջազգային պայմանագրերով:»:
Արդյունքում կարող ենք փաստել, որ, անգամ զորակոչի ժամկետների փոփոխման դեպքում, 27 տարին լրացած անձի համար իրավական վիճակը վատթարացնող նորմը հետադարձ ուժ ունենալ չի կարող:
Ամփոփելով շարադրվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախագծի և նախագծի հիմնավորումների համատեքստում առաջարկում է նախագծով քննարկվող գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ:
Միաժամանակ հայտնում ենք, որ օրենքի նախագծի ընդունման դեպքում համապատասխան փոփոխությունները կկատարվեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի N 1132-Ն որոշման մեջ: