Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (07.02.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.01.22/3(1558).1 Հոդ.6.21
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
07.02.2019
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
07.02.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.02.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԱՐԴ/0175/01/13

ԱՐԴ/0175/01/13

Նախագահող դատավոր՝ Մ. Պետրոսյան

Դատավորներ՝

Ս. Համբարձումյան

Գ. Մելիք-Սարգսյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

 

մասնակցությամբ` դատավորներ

Հ. Ասատրյանի

   

Ս. Ավետիսյանի

   

Ե. Դանիելյանի

   

ա. պողոսՅԱՆԻ

    Ս. Օհանյանի
 

 

քարտուղարությամբ` Մ. Ավագյանի
մասնակցությամբ` դատախազ Ա. ՆԱՂԴԱԼՅԱՆԻ
պաշտպան

Հ. ԳԱԼՍՏՅԱՆԻ

2019 թվականի փետրվարի 7-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով դատապարտյալ Ռազմիկ Հրաչի Խաչատրյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2015 թվականի նոյեմբերի 6-ի որոշման դեմ դատապարտյալ Ռ.Խաչատրյանի պաշտպան Հ.Գալստյանի` հիմնարար խախտման հիմքով ներկայացված բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2015 թվականի հուլիսի 8-ի դատավճռով Ռազմիկ Խաչատրյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 333-րդ հոդվածի 1-ին մասով: ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով Ռ.Խաչատրյանը դատապարտվել է ազատազրկման՝ 4 (չորս) տարի ժամկետով, 333-րդ հոդվածի 1-ին մասով՝ ազատազրկման՝ 3 (երեք) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ՝ Ռ.Խաչատրյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 4 (չորս) տարի 2 (երկու) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կարգով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան՝ 3 (երեք) տարի ժամկետով:

2. Դատախազի և պաշտպանի վերաքննիչ բողոքների հիման վրա քննության առնելով քրեական գործը` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2015 թվականի նոյեմբերի 6-ին որոշում է կայացրել պաշտպանի բողոքը մերժելու և դատախազի բողոքը բավարարելու մասին: Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի՝ 2015 թվականի հուլիսի 8-ի դատավճիռը բեկանել է, Ռ.Խաչատրյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացրել` թողնելով կրելու ազատազրկում` 4 (չորս) տարի 2 (երկու) ամիս ժամկետով:

3. Վճռաբեկ դատարանի՝ 2016 թվականի մարտի 9-ի որոշմամբ պաշտպանի ներկայացրած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

4. 2018 թվականի դեկտեմբերի 14-ին Ռ.Խաչատրյանի պաշտպան Հ.Գալստյանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի հիմքով բողոք է բերել Վճռաբեկ դատարան:

Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի հունվարի 31-ի որոշմամբ պաշտպան Հ.Գալստյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է Վճռաբեկ դատարանի վարույթ:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Ռ.Խաչատրյանը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 333-րդ հոդվածի 1-ին մասով մեղավոր է ճանաչվել այն բանի համար, որ նա «(...) [Ո]րպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դիտավորությամբ 2013 թվականի մայիսի 22-ին՝ ժամը 3-ի սահմաններում, ալկոհոլային խմիչքի ազդեցության տակ, Արմավիր քաղաքի «Ցեզար» գիշերային ակումբի պարասրահում, քաշքշելով պարահարթակում պարող պարուհիների ձեռքերից ու հագուստներից և չենթարկվելով անվտանգության աշխատակիցների ու տնօրենի օրինական պահանջներին, անհիմն վիճաբանության մեջ է մտել վերջիններիս հետ, որի ընթացքում ակումբի աշխատակիցների հասցեին տալով սեռական բնույթի հայհոյանքներ ու շուրջ 20 րոպե շարունակ խախտելով ակումբի բնականոն աշխատանքն ու հաճախորդների ժամանցը, խուլիգանական մղումներով կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է ակումբի տնօրեն Ա.Գևորգյանի, անվտանգության աշխատակիցներ Ա.Դավթյանի ու Մ.Սարիբեկյանի նկատմամբ բռնություն գործադրելով և բռնություն գործադրելու սպառնալիքներով, մասնավորապես կծել է Ա.Գևորգյանի վիզը` պատճառելով առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ, գլխով հարվածել է անվտանգության աշխատակից Ա.Դավթյանի ծնոտին` պատճառելով ֆիզիկական ցավ: Ռ.Խաչատրյանի գործողությունները զուգորդվել են նաև ակումբի գույքը ոչնչացնելով և վնասելով, այն է` կոտրել է սրահում դրված մոխրամանն ու ձեռքի հարվածով վնասել միջանցքի պատի երեսպատվածքը, որպես զենք օգտագործվող առարկաներով փորձել է հարվածել` ապակյա մոխրամանով Ա.Գևորգյանին, մետաղյա մոխրամանով` Մ.Սարիբեկյանին:

Բացի այդ, Ռ.Խաչատրյանը, թիվ 48110313 քրեական գործի նախաքննության ընթացքում գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկություններն ակնհայտ կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը, կատարել է սուտ մատնություն և որպես մեղադրյալ տված ցուցմունքներով հաղորդել է հանցագործությանն ակնհայտորեն առնչություն չունեցող, ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Գոռ Գևորգյանի կողմից 2013 թվականի մայիսի  22-ին՝ ժամը 3-ի սահմաններում, «Ցեզար» գիշերային ակումբում տեղի ունեցած դեպքին մասնակցելու, իրեն ծեծի ենթարկելու, այսինքն՝ հանցագործություն կատարելու մասին»1:

6. Ռ.Խաչատրյանը ենթադրյալ հանցագործության և հանցավորի մասին կեղծ տեղեկությունները վարույթն իրականացնող մարմնին հայտնել է 2013 թվականի օգոստոսի 22-ին2:

7. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն` «(...) [Վերաքննիչ դատարանը] հանգում է այն հետևության, որ ամբաստանյալ Ռ.Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 333-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված արարքները հիմնավորված և հաստատված են գործին վերաբերվող փոխկապակցված, հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ (...)»3:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքի հեղինակը գտել է, որ քրեական գործի նախորդ դատական քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը թույլ է տվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնք խաթարել են արդարադատության բուն էությունը:

Մասնավորապես բողոքաբերը վերլուծել է վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ օրենսդրական նորմերը, ինչպես նաև այդ կապակցությամբ Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումներն ու եզրահանգել, որ Ռ.Խաչատրյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը ենթակա էր դադարեցման` վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով, քանի որ 2015 թվականի օգոստոսի 19-ի դրությամբ Առաջին ատյանի դատավճիռը դեռևս չէր մտել օրինական ուժի մեջ:

9. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի` 2015 թվականի նոյեմբերի 6-ի որոշումը, այն է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնել՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով, կիրառել hամաներման ակտն ու Ռ.Խաչատրյանին ազատել պատիժը կրելուց:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. Ռ.Խաչատրյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը ենթակա՞ է արդյոք դադարեցման՝ քրեական պատասխանատվության ենթարկվելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

11. ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հանցագործության մասին սուտ մատնությունը, եթե անձը գործել է` գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով»:

ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Ոչ մեծ ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երկու տարի ժամկետով ազատազրկումը (…)»:

ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն` «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.

1) երկու տարի` ոչ մեծ ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.

(…)

2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը (…)»:

Վերոնշյալ քրեաիրավական նորմերի վերլուծությունից հետևում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասում նկարագրված արարքը դիտավորյալ հանցագործություն է, իսկ հոդվածի սանկցիայով նախատեսված ազատազրկման ձևով պատժի ժամկետը չի գերազանցում երկու տարին, ուստի քննարկվող հանցավոր արարքը դասվում է ոչ մեծ ծանրության հանցագործությունների թվին: Հետևաբար այն կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահն անցել է երկու տարի:

ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված նորմի վերլուծությունից հետևում է, որ դրանով նախատեսված հանցակազմը ձևական է. այդ հանցագործությունը համարվում է ավարտված հոդվածի դիսպոզիցիայում նշված գործողությունները կատարելու պահից: Մասնավորապես, այն ավարտված է համարվում այն պահից, երբ հասցեատերը ստանում է հանցագործության կամ հանցավորի մասին կեղծ տեղեկությունները4: 

12. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե`

(...)

6) անցել են վաղեմության ժամկետները.

(...)»:

Նույն օրենսգրքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Դատարանը, հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, լուծում է ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` «Սույն հոդվածի առաջին մասի 6-րդ [կետում նշված հիմքով] գործի վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե դրա դեմ առարկում է մեղադրյալը: Այս դեպքում գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով»:

Վերոգրյալ հոդվածի վերլուծությունից երևում է, որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական գործի վարույթը և քրեական հետապնդումը բացառող հանգամանք` սահմանելով, որ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները։ Միևնույն ժամանակ քրեադատավարական օրենքը վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու պարտադիր նախապայման է դիտում մեղադրյալի համաձայնությունը, որի բացակայությունը ենթադրում է վարույթի շարունակում ընդհանուր կարգով5:

Դատական քննության փուլում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանված հիմքերի կիրառման առնչությամբ Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ այն դեպքում, երբ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը լրանում է գործի դատական քննության փուլում, այդ հիմքով նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու ընթացակարգի իրականացման պարտականությունը կրում է դատարանը: Ընդ որում, դատական քննությունը ենթադրում է վարույթն ինչպես առաջին ատյանի, այնպես էլ վերաքննիչ ու վճռաբեկ դատարաններում:

Մասնավորապես, դատարանը պետք է պարզի, թե արդյոք ամբաստանյալը համաձայն է, որ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով: Անձի համաձայնությունը ստանալու դեպքում դատարանը պարտավոր է դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը, իսկ համաձայնության բացակայության դեպքում պետք է դատական քննությունը շարունակի ընդհանուր կարգով, սակայն դատավճիռ կայացնելիս` դադարեցնի անձի նկատմամբ քրեական հետապնդումը6:   

13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ թիվ 48110313 քրեական գործի նախաքննության ընթացքում Ռ.Խաչատրյանը, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկությունները կեղծ են, 2013 թվականի օգոստոսի 22-ին կատարել է սուտ մատնություն` հաղորդել է հանցագործությանն ակնհայտորեն առնչություն չունեցող Գ.Գևորգյանի կողմից 2013 թվականի մայիսի 22-ին` ժամը 03-ի սահմաններում, «Ցեզար» գիշերային ակումբում տեղի ունեցած դեպքին մասնակցելու, իրեն ծեծի ենթարկելու վերաբերյալ7:

Ռ.Խաչատրյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը, որով հաստատվել է  վերջինիս մեղքը ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքը կատարելու մեջ, կայացվել է 2015 թվականի հուլիսի 8-ին, իսկ Վերաքննիչ դատարանի որոշումը` 2015 թվականի նոյեմբերի 6-ին8:

14. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-12-րդ կետերում շարադրված իրավադրույթների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ռ.Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված արարքն ավարտվել է 2013 թվականի օգոստոսի 22-ին, իսկ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը 2015 թվականի օգոստոսի 22-ի դրությամբ օրինական ուժի մեջ մտած չի եղել, հետևաբար Ռ.Խաչատրյանին քրեական պատասխանատվության ենթարկելու` ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված վաղեմության ժամկետն անցել է:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ռ.Խաչատրյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

15. Հիմք ընդունելով վերոնշյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով Ռ.Խաչատրյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը չդադարեցվելու արդյունքում թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի խախտում, որն իր բնույթով հիմնարար է և հիմք է ստորադաս դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտը բեկանելու և փոփոխելու համար: Այսպես` դատապարտյալ Ռ.Խաչատրյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը պետք է դադարեցնել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ, իսկ նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով նշանակված պատիժը՝ 4 (չորս) տարի ժամկետով ազատազրկումը, թողնել անփոփոխ։

16. Վերոգրյալի հետ մեկտեղ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 1-ի ՀՀ օրենքի (այսուհետ` նաև Համաներման մասին օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ «Համաներում հայտարարելով՝ պատժից ազատել` առավելագույնը չորս տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատժի դատապարտված անձանց (…)»։

Համաներման մասին օրենքի 4-րդ հոդվածի 9-րդ մասի 3-րդ կետի համաձայն` «Սույն օրենքի կատարումը վերապահել (…) Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանին՝ այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերով վճռաբեկ բողոքներն ընդունվել են Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարույթ (…)»։

Նկատի ունենալով, որ Ռ.Խաչատրյանի նկատմամբ նշանակված պատիժը չի գերազանցում չորս տարի ժամկետով ազատազրկումը, ինչպես նաև քրեական գործի նյութերում բացակայում է Համաներման մասին օրենքի կիրառմանը խոչընդոտող որևէ հանգամանք, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատապարտյալ Ռ.Խաչատրյանին պետք է ազատել նշանակված պատիժը կրելուց։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 21-րդ, 35-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ,    419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2015 թվականի նոյեմբերի 6-ի որոշումը բեկանել ու փոփոխել: Դատապարտյալ Ռազմիկ Հրաչի Խաչատրյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ։

2. Ռազմիկ Խաչատրյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով նշանակված պատիժը՝ 4 (չորս) տարի ժամկետով ազատազրկումը, թողնել անփոփոխ։ «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա Ռազմիկ Խաչատրյանին ազատել նշանակված պատժից:

3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2015 թվականի նոյեմբերի 6-ի որոշումը մնացած մասով թողնել անփոփոխ:

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

_________________________

1 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 205-220:

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 262-263:

3 Տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթեր 88-103:

4 Տե՛ս Հեղինե Գալստյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի հունիսի 5-ի թիվ ԼԴ/0051/01/14 որոշման 23-րդ կետը:

5 Տե՛ս mutatis mutandis Լուսինե Նավասարդյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵՄԴ/0064/01/13 որոշումը:

6 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 6-րդ մասի մանրամասն վերլուծությունը տեԲս mutatis mutandis Անահիտ Սաղաթելյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ5/0022/01/10, Սիրաժ Ղամբարյանի և այլոց վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԵՇԴ/0055/01/11, Հրանտ Մազմանյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի մարտի 27-ի թիվ ԵԿԴ/0121/11/14 և Անդրանիկ Գրիգորյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի օգոստոսի 30-ի թիվ ԵԿԴ/0180/01/15 որոշումները:

7 Տե՛ս սույն որոշման 5-6-րդ կետերը:

8 Տե՛ս սույն որոշման 1-2-րդ և 7-րդ կետերը:

 

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

 

Ս. Ավետիսյան

 

Ե. Դանիելյան

 

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան