ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 դեկտեմբերի 2017 թվականի N 1634-Ա
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Պետական գույքի կառավարման կոմիտեին «Պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Երևան քաղաքի Մ. Մելիքյան փողոցի նրբանցք N 23 հասցեում գտնվող՝ 6319.04 քառ. մետր մակերեսով շենքն ու շինությունները և դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ՝ 5.802452 հեկտար մակերեսով հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 28022017-01-0092) (այսուհետ՝ գույք) ուղղակի վաճառքի ձևով օտարել «Դամալա Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ՝ գնորդ) (գտնվելու վայրը՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, Վերին Պտղնի, Նոր թաղամաս. 1-ին փողոց, N 19 տուն)՝ համաձայն իր կողմից ներկայացված ներդրումային ծրագրի՝ կոշիկի և հագուստի արտադրություն ստեղծելու նպատակով:
(1-ին կետը փոփ. 14.03.19 N 229-Ա, 04.07.19 N 886-Ա)
2. Սահմանել՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2017 թվականի նոյեմբերի 28-ի դրությամբ գույքի գնահատված արժեքը՝ 385 974 072 դրամ.
2) ուղղակի վաճառքի ձևով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը՝ 300 000 000 դրամ՝ ներառյալ 5.802452 հեկտար մակերեսով հողամասի կադաստրային արժեքը՝ 262 502 928 դրամ:
3. Պետական գույքի կառավարման կոմիտեի պետին` գնորդի կողմից գույքի արժեքի որոշման համար նախատեսված 758 285 դրամ գումարի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է՝
1) պայմանագրի կնքումից հետո մեկ տարվա ընթացքում, ըստ ամիսների հավասարաչափ բաշխվածքի՝ սկսած 2019 թվականի հունիսի 30-ից վճարել սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված գույքի վաճառքի գինը.
2) չորս տարվա ընթացքում իրականացնել 5 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի ներդրում՝ առաջին երեք տարում՝ 3 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, իսկ չորրորդ տարում՝ 2 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` ստեղծելով 350-450 աշխատատեղ.
3) իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման և նոտարական վավերացման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը:
(3-րդ կետը խմբ. 14.03.19 N 229-Ա, փոփ. 04.07.19 N 886-Ա)
4. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով՝ 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի կադաստրային արժեքը` «Շենքերի և շինությունների օտարման գործընթացում պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. դեկտեմբերի 20 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
04.07.2019, N 886-Ա | 17.07.2019, N 1634-Ա | |
14.03.2019, N 229-Ա | 20.03.2019, N 1634-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|