ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 դեկտեմբերի 2007 թվականի N 1445-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի N 1187-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերություններում վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) ձևավորման գործընթացի արդյունավետության բարձրացման, ինչպես նաև դրանց գործունեության նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 19-ի «50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) ձևավորումը և գործունեությունը կանոնակարգելու մասին» N 1187-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
1) որոշման 2-րդ կետի`
ա. «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերություններում «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ընկերության կանոնադրությամբ և վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) կանոնակարգով սահմանված վերստուգող հանձնաժողովի իրավասությունները դրվում են վերստուգողի վրա:
Վերստուգողի ընտրության տարվան նախորդող երեք տարիներին 500 մլն և ավելի դրամի չափով իրացման միջին տարեկան շրջանառություն ունեցող ընկերություններում ժողովի որոշմամբ կարող են ձևավորվել վերստուգող հանձնաժողովներ:»,
բ. «բ» ենթակետի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սույն որոշման պահանջներին համապատասխան վերստուգողի վարձատրության համակարգի կիրառման անհնարինության (անարդյունավետության) դեպքում, վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) պարտականությունները դրվում են բաժնետոմսերի կառավարման լիազորություն ունեցող պետական մարմինների աշխատակազմերի համապատասխան ստորաբաժանումների (ներքին աուդիտի, ֆինանսական, տնտեսագիտական, իրավաբանական և այլն) աշխատողների կամ տվյալ ընկերության կառավարման մարմիններում չընդգրկված անձանցից և բաժնետոմսերի կառավարման լիազորություն ունեցող պետական մարմինների աշխատակազմերի համապատասխան ստորաբաժանումների աշխատողներից ձևավորվող վերստուգող հանձնաժողովի վրա` անհրաժեշտության դեպքում վերջիններիս քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրերում կատարելով համապատասխան լրացում: Սույն հանձնաժողովը (վերստուգողը) իր գործունեությունն իրականացնում է ընկերությունից անհրաժեշտ փաստաթղթերի ստացման և ուսումնասիրման, և (կամ) բաժնետոմսերի կառավարման լիազորություն ունեցող պետական մարմնի ղեկավարի որոշմամբ (հրամանով)` ընկերությունում վերստուգող հանձնաժողովի գործունեության ծրագրով նախատեսված ստուգումներ իրականացնելու միջոցով: Ընդ որում, սույն վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) կողմից ստուգումների իրականացման հետ կապված ծախսերը կատարվում են ստուգվող ընկերության միջոցների հաշվին: Սահմանված կարգով ոչ ավելի, քան երեք անգամ հայտարարված նույն ընկերության վերստուգող հանձնաժողովների անդամների (վերստուգողի) ընտրության մրցույթներում դիմորդների բացակայության դեպքում, մրցույթները ժամանակավորապես (մինչև 1 տարի ժամկետով) դադարեցվում են և վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) պարտականությունները դրվում են սույն պարբերությամբ նախատեսված կարգով ձևավորվող վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) վրա:
Սույն որոշմամբ նախատեսված ժամկետում ընկերության վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) ձևավորման նպատակով նոր մրցույթների անցկացման որոշումն ընդունում է ժողովը:»,
գ. «դ» ենթակետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«դ) վերստուգող հանձնաժողովի անդամների (վերստուգողի) լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են ժողովի որոշմամբ՝ վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնող մարմնի (այսուհետ` հսկող մարմին) ներկայացմամբ կամ համաձայնությամբ:
Վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հիմք են հանդիսանում սահմանված իրավունքների վերազանցումը, աշխատանքային պարտականությունների և ծրագրի չկատարումը կամ ոչ լիարժեք կատարումը, ներկայացվող հաշվետվությունների, եզրակացությունների և ստուգման մասին կազմված տեղեկանքների անարժանահավատությունը, սույն որոշմամբ, ինչպես նաև նրա գործունեությանն առնչվող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դրույթների խախտումը:
Վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) կողմից ներկայացված հաշվետվությունների, եզրակացությունների և ստուգումների մասին տեղեկանքների արժանահավատությունն ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորություն ունեցող մարմինը (անհրաժեշտության դեպքում` նաև հսկող մարմինը) կարող է գնահատել վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) կողմից ներկայացված ստուգումների մասին տեղեկանքների տվյալներն ստուգման նույն օբյեկտների վերաբերյալ ներքին ու արտաքին աուդիտի եզրակացությունների ու ստուգման լիազորություն ունեցող մարմինների կազմած ակտերի համապատասխան տվյալների հետ համադրելու ուղիով:»,
դ. «ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ե) վերստուգող հանձնաժողովի նախագահի և վերստուգող հանձնաժողովի իրավասություններն իրականացնող վերստուգողի վարձատրության չափը սահմանվում է ժողովի որոշմամբ` տվյալ բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի ղեկավարի աշխատավարձի 80-90 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի երկուհարյուրապատիկը:
Մինչև բաժնետիրական ընկերությունների վերստուգող հանձնաժողովների անդամների (վերստուգողների) ընտրության մրցույթների անցկացումը, ընկերությունների ֆինանսական, տնտեսական և կառուցվածքային առանձնահատկություններից (գործարքների թիվ, դիվերսիֆիկացման աստիճան, մասնաճյուղերի, ներկայացուցչությունների, առանձնացված արտադրամասերի և տեղամասերի առկայություն և այլն) ելնելով, ժողովի որոշմամբ կարող են սահմանվել վերստուգող հանձնաժողովի նախագահի և վերստուգող հանձնաժողովի իրավասություններն իրականացնող վերստուգողի վարձատրության առավել բարձր չափեր՝ համաձայնեցնելով հսկող մարմնի հետ:»,
ե. «զ» ենթակետը «ղեկավարի աշխատավարձի 80-90 տոկոսի չափով» բառերից հետո լրացնել «բայց ոչ ավելի, քան օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի երկուհարյուրապատիկը» բառերով,
զ. «է» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«է) վերստուգող հանձնաժողովի անդամի վարձատրության չափը սահմանվում է ժողովի որոշմամբ՝ վերստուգող հանձնաժողովի նախագահի աշխատավարձի 85-90 տոկոսի, իսկ հանձնաժողովի քարտուղարի գործառույթներ իրականացնող անդամի աշխատավարձը՝ 90-95 տոկոսի չափով:»,
է. «ը» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Մինչև մրցույթի արդյունքում վերստուգող հանձնաժողովի քանակական կազմի համալրումը` վերստուգող հանձնաժողովի ընտրված անդամներն ընկերությունում գործում են որպես վերստուգողներ՝ վերստուգող հանձնաժողովի անդամի համար սահմանված վարձատրությամբ: Հանձնաժողովի համալրման նպատակով, ոչ ավելի, քան երեք անգամ հայտարարված մրցույթներում դիմորդների բացակայության դեպքում, հանձնաժողովի մրցույթով չընտրված անդամի (անդամների) պարտականությունները ժամանակավորապես (մինչև 1 տարի ժամկետով) դրվում են բաժնետոմսերի կառավարման լիազորություն ունեցող պետական մարմինների աշխատակազմերի համապատասխան ստորաբաժանումների (ներքին աուդիտի, ֆինանսական, տնտեսագիտական, իրավաբանական և այլն) աշխատողների վրա` անհրաժեշտության դեպքում քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրերում կատարելով համապատասխան լրացում: Վերջիններս վերստուգող հանձնաժողովի անդամի պարտականությունները կատարում են ընկերությունից անհրաժեշտ փաստաթղթերի ստացման և ուսումնասիրման, և (կամ) բաժնետոմսերի կառավարման լիազորություն ունեցող պետական մարմնի ղեկավարի որոշմամբ (հրամանով)` ընկերությունում վերստուգող հանձնաժողովի գործունեության ծրագրով նախատեսված ստուգումներին մասնակցելու միջոցով: Ընդ որում, վերստուգող հանձնաժողովների նշված անդամների կողմից ստուգումներին մասնակցելու հետ կապված ծախսերը կատարվում են ստուգվող ընկերության միջոցների հաշվին:
Սահմանված ժամկետում վերստուգող հանձնաժողովի կազմի համալրման նպատակով նոր մրցույթների անցկացման մասին որոշումն ընդունում է ժողովը:»,
ը. «թ» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) գործունեության ապահովման ծախսերը կարող են ներառել վերջինիս գործունեության իրականացման համար անհրաժեշտ և փաստաթղթերով հիմնավորված` գրասենյակային գույքի, ապրանքների, պիտույքների ձեռքբերման, ընկերության մասնաճյուղերի և ներկայացուցչությունների, առանձնացված արտադրամասերի և տեղամասերի ստուգման նպատակներով ծառայողական ուղևորությունների (գործուղումների) փոխհատուցման հետ կապված և նմանատիպ այլ ծախսեր:»,
թ. «ժ» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«Վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) աշխատավարձի տարեկան ֆոնդի 10 տոկոսը գերազանցող գործունեության ապահովման ծախսերի նախահաշիվը ժողովի հաստատմանն է ներկայացվում հսկող մարմնի համաձայնությամբ:
Հաստատված նախահաշվի ընթացիկ կատարման մասին եռամսյակային հաշվետվությունները մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը վերստուգող հանձնաժողովը (վերստուգողը) ներկայացնում է բաժնետոմսերի կառավարման լիազորություն ունեցող պետական մարմնին».
2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին կետով.
«2.1. Ընկերությունների վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) ձևավորման և գործունեության կարգավորման ուղղությամբ սույն որոշման շրջանակներից դուրս առաջացած խնդիրների լուծման վերաբերյալ որոշումներն ընդունում է ժողովը:»:
2. Բաժնետոմսերի կառավարման լիազորություն ունեցող պետական կառավարման մարմինների ղեկավարներին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ձեռնարկել միջոցներ վերստուգող հանձնաժողովների անդամների (վերստուգողների) հետ կնքված և ներկայումս գործող աշխատանքային պայմանագրերը սույն որոշման դրույթներին համապատասխանեցնելու ուղղությամբ` համաձայնեցնելով վերստուգող հանձնաժողովների անդամների (վերստուգողների) հետ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|