ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ 3-11 (ՏԴ) (2009թ.) |
Քաղաքացիական գործ թիվ 3-11(ՏԴ) 2010թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ե. Սողոմոնյանի | |
Վ. Աբելյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի |
2010 թվականի օգոստոսի 13-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ըստ «Մելտեքս» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) դիմումի` ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) 13.10.2003 թվականի թիվ 75-Ա որոշումն անվավեր ճանաչելու, Ընկերությանը 63-րդ դեցիմետրային կապուղու մրցույթի հաղթող ճանաչելու և արտոնագիր տալու որոշում ընդունելուն պարտավորեցնելու պահանջների վերաբերյալ, քաղաքացիական գործով Ընկերության վճռաբեկ բողոքը` Վճռաբեկ դատարանի 19.02.2009 թվականի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Հանձնաժողովի 13.10.2003 թվականի թիվ 75-Ա որոշումը, ինչպես նաև պարտադրել Հանձնաժողովին ընդունել Ընկերությանը 63-րդ դեցիմետրային կապուղու մրցույթի հաղթող ճանաչելու և արտոնագիր տալու մասին որոշում:
ՀՀ տնտեսական դատարանի 21.01.2004 թվականի վճռով Ընկերության դիմումը մերժվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատի 27.02.2004 թվականի որոշմամբ ՀՀ տնտեսական դատարանի 21.01.2004 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ, իսկ Ընկերության վճռաբեկ բողոքը` առանց բավարարման:
Վճռաբեկ դատարանի 19.02.2009 թվականի որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատի 27.02.2004 թվականի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ, իսկ Ընկերության բողոքը` առանց բավարարման:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորմամբ.
Վճռաբեկ բողոքը բերվել է նոր հանգամանքի հիմքով:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը, որով ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր է ճանաչվել տվյալ գործով կիրառված օրենքի դրույթը, դատական ակտը վերանայելու հիմք է: Տվյալ դեպքում ՀՀ սահմանադրական դատարանի 23.02.2010 թվականի թիվ ՍԴՈ-866 որոշմամբ հաստատվում է, որ Ընկերության նկատմամբ կիրառված օրենքի դրույթները ճանաչվել են ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր:
ՀՀ սահմանադրական դատարանի 23.02.2010 թվականի թիվ ՍԴՈ-866 որոշմամբ վերահաստատված սկզբունքների համաձայն` նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման արդյունքում նախորդ դատական ակտն ուժի մեջ թողնելու դատարանի լիազորության օրենսդրական կարգավորման դեպքում պետք է հաշվի առնվի, որ օրենքի դրույթը ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու մասին ՀՀ սահմանադրական դատարանի որոշման առկայության պարագայում նոր հանգամանքների հիմքով վերանայվող դատական ակտը բոլոր դեպքերում ուժի մեջ մնալ չի կարող, քանի որ այդ ակտով կիրառվել է հակասահմանադրական իրավանորմ: Իսկ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի (մասնավորապես` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի) (այսուհետ` Եվրոպական դատարան) ուժի մեջ մտած վճռի կամ որոշման հիմքով դատական ակտերը նոր հանգամանքներով վերանայելու իրավակարգավորման սահմանադրականության խնդրում ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ այդ ակտերն ուժի մեջ թողնելու հարցը լուծելիս ՀՀ համապատասխան դատարանը հիմք է ընդունում այդ դատարանի վճռով (որոշմամբ) մարդու իրավունքների խախտման փաստը հաստատված կամ չհաստատված համարվելու իրողությունը:
ՀՀ սահմանադրական դատարանի 23.02.2010 թվականի թիվ ՍԴՈ-866 որոշմամբ հաստատվում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի 09.09.2008 թվականի թիվ ՍԴՈ-758 որոշմամբ ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր են ճանաչվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածներ, այդ թվում` Ընկերության նկատմամբ կիրառված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.28-րդ հոդվածի 1-ին կետի դրույթները:
Նշված հանգամանքն օբյեկտիվորեն գոյություն է ունեցել մինչ վերանայման ենթակա դատական ակտի կայացման պահը` այն ծագել է 09.09.2008 թվականին, իսկ վերանայման ենթակա դատական ակտը կայացվել է դրանից շուրջ 6 ամիս անց` 19.02.2009 թվականին:
Ընկերությունից անկախ պատճառներով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում ինկորպորացիա կատարված չէին ՀՀ սահմանադրական դատարանի 09.09.2008 թվականի թիվ ՍԴՈ-758 որոշմամբ ՀՀ Սահմանադրությանը հակասելու հիմքով անվավեր ճանաչված` իրավաբանական ուժը կորցրած դրույթները:
Նշվածի կապակցությամբ ՀՀ սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարել արձանագրել, որ, ինչպես վկայում է դատական պրակտիկան, հաճախ օրենքի այս կամ այն դրույթը ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչելու վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի որոշումներից կամ իրավակարգավորման ընդհանուր անհրաժեշտությունից բխող օրենսդրական փոփոխությունների և լրացումների հետ կապված իրավատեխնիկական խնդիրների (այդ փոփոխությունները, լրացումներն օրենքում ներառելու (ինկորպորացնելու)) ոչ լիարժեք լուծումը հանգեցնում է ոչ թե փոփոխված (լրացված) օրենքի, այլ դրանում կատարված փոփոխությունների և լրացումների վերաբերյալ օրենքի կիրառմանը, որը չի բխում «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջներից և իրավակիրառական պրակտիկայում առաջացնում է անհստակություն:
Այսպիսով, ՀՀ սահմանադրական դատարանի 23.02.2010 թվականի թիվ ՍԴՈ-866 որոշմամբ հաստատվում է «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ՀՕ-277-Ն օրենքի` սույն գործով կիրառված դրույթների անվավեր (վերացված) լինելու հանգամանքը: Իսկ այդ դրույթները հիմք են ծառայել տվյալ դատական ակտի կայացման համար:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «հարուցել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 19.02.2009թ. 3-11(ՏԴ)/2009թ./ քաղաքացիական գործով կայացրած որոշումը նոր հանգամանքով կամ նոր երևան եկած հանգամանքով վերանայման վարույթ, բեկանել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 19.02.2009թ. 3-11(ՏԴ)/2009թ./ քաղաքացիական գործով կայացրած որոշումը, վարույթ ընդունել և քննել Ընկերության 17.12.2008թ. «ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատի 2004թ. փետրվարի 27-ին N 3-397(ՏԴ) քաղաքացիական գործով կայացրած որոշումը նոր հանգամանքով վերանայելու պահանջի մասին» դիմումը» (բողոքը):
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Ընկերությունը և Մեսրոպ Մովսիսյանն ընդդեմ Հայաստանի (գանգատ թիվ 32283/04) գործով 17.06.2008 թվականին կայացրած վճռով Եվրոպական դատարանը գտել է, որ Մեսրոպ Մովսիսյանի մասով գանգատը չի համապատասխանում «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 35-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին, և այդ մասով այն մերժել է: Միաժամանակ Եվրոպական դատարանն ընդունելի է հայտարարել Ընկերության գանգատը` Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտման մասով, իսկ գանգատի մնացած մասերը` անընդունելի: Արդյունքում Եվրոպական դատարանը վճռել է, որ «պատասխանող պետությունը վճիռը Կոնվենցիայի հոդված 44-ի 2-րդ մասի համաձայն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում դիմումատու ընկերությանը պետք է վճարի հետևյալ գումարները. 1) 20.000 եվրո` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, գումարած նշված գումարի վրա հաշվարկվող բոլոր տեսակի հարկերը` փոխարկված պատասխանող պետության ազգային արժույթով` վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով, 2) 10.000 եվրո, գումարած նշված գումարի վրա դիմումատու ընկերության նկատմամբ հաշվարկվող բոլոր տեսակի հարկերը` որպես ծախսերի և ծախքերի փոխհատուցում, որը պետք է վճարվի ֆունտ ստեռլինգով Միացյալ Թագավորությունում ներկայացուցիչների բանկային հաշվին»:
2) 09.09.2008 թվականին ՀՀ սահմանադրական դատարանը քննել է Սերինե Ֆլջյանի դիմումն այն տեսանկյունից, թե արդյոք իրավաչափ է նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայումն առաջին ատյանի դատարանի կողմից: ՀՀ սահմանադրական դատարանի 09.09.2008 թվականի թիվ ՍԴՈ-758 որոշման եզրափակիչ մասի 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերի համաձայն` «3. «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 80 հոդվածի 5-րդ մասը` իրավակիրառական պրակտիկայի կողմից դրան տրված բովանդակությամբ հանդերձ, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18, 19 և 42 հոդվածների պահանջներին հակասող և անվավեր: 4. «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3.2 բաժնի 204.20 հոդվածի 2-րդ մասը և 204.26 հոդվածը ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18, 19 հոդվածների պահանջներին հակասող և անվավեր: 5. Վերոհիշյալ նորմերի` ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու արդյունքում օրենսդրական բացը բացառելու անհրաժեշտությունից ելնելով, նկատի ունենալով սույն որոշման 10-րդ կետում սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումը, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 9-րդ մասով, ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչել նաև «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 28.11.2007թ. ՀՕ-277-Ն ՀՀ օրենքի` սույն որոշման 3-րդ և 4-րդ կետերով ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչված իրավադրույթների հետ համակարգային առումով փոխկապակցված 72 և 76 հոդվածները»:
3) Հիմք ընդունելով ՀՀ սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշումը` «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ ՀՕ-233-Ն օրենքով կատարվեցին մի շարք կարևոր փոփոխություններ, մասնավորապես` նշված օրենսգրքի 3.1-րդ և 3.2-րդ բաժինները շարադրվեցին նոր խմբագրությամբ` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայելու լիազորությունը վերապահվեց վերաքննիչ դատարանին, իսկ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանին (ՀՕ-233-Ն, ՀՀ պաշտոնական տեղեկագիր, N 76(666), 30 դեկտեմբերի 2008թ.):
4) Վճռաբեկ դատարանը, 19.02.2009 թվականի որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատի 27.02.2004 թվականի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ, իսկ Ընկերության բողոքը` առանց բավարարման, կիրառել է նաև գործի քննության ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.28-րդ հոդվածը:
5) ՀՀ սահմանադրական դատարանի 23.02.2010 թվականի ««Մելտեքս» ՍՊԸ-ի և քաղաքացիներ Սերինե Ֆլջյանի, Իրինա Օգանեզովայի, Աննա Բաղդասարյանի և Ագնեսա Բաղդասարյանի դիմումների հիման վրա` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.28-րդ հոդվածի 1-ին կետի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի վարույթը կարճելու մասին» թիվ ՍԴՈ-866 որոշմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.28-րդ հոդվածի 1-ին կետի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի վարույթը կարճվել է:
ՀՀ սահմանադրական դատարանը նույն որոշման եզրափակիչ մասի 1-ին կետի 2-րդ պարբերությամբ արձանագրել է նաև, որ «նախ` ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-758 որոշման 13-րդ կետում արտահայտած իրավական դիրքորոշման և եզրափակիչ մասի 5-րդ կետի հիմքով ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր է ճանաչվել նաև «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2007 թվականի նոյեմբերի 28-ին ընդունված ՀՀ օրենքի (ՀՕ-277-Ն) 72-րդ հոդվածում ընդգրկված 204.28-րդ հոդվածը, որը ՀՀ Ազգային ժողովի կողմից 2008 թվականի դեկտեմբերի 26-ին ընդունված` ինչպես ՀՕ-233-Ն, այնպես էլ դրան հաջորդող որևէ այլ օրենքով դեռևս ՀՀ Սահմանադրությանը չի համապատասխանեցվել, երկրորդ` ՀՀ սահմանադրական դատարանի` 2008 թվականի ապրիլի 15-ի ՍԴՈ-751 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 12-րդ մասի պահանջների հիմքով սպառված չպետք է համարվի սույն գործի առարկայի շրջանակներում նոր հանգամանքներով իրավասու դատարան դիմելու շահագրգիռ անձանց իրավունքը»:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 3-րդ մասի համաձայն` քաղաքացիական գործերով դատավարությունն իրականացվում է գործի քննության ժամանակ գործող օրենքներով:
ՀՀ սահմանադրական դատարանի 09.09.2008 թվականի թիվ ՍԴՈ-758 որոշման պահանջները կատարելու նպատակով «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով կատարվեցին մի շարք կարևոր փոփոխություններ, մասնավորապես` նշված օրենսգրքի 3.1-րդ և 3.2-րդ բաժինները շարադրվեցին նոր խմբագրությամբ` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայելու լիազորությունը վերապահվեց վերաքննիչ դատարանին, իսկ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանին (ՀՕ-233-Ն, ՀՀ պաշտոնական տեղեկագիր, N 76(666), 30 դեկտեմբերի 2008թ.): Ի դեպ, ՀՀ սահմանադրական դատարանի «2008թ. ընդունած որոշումների կատարման վիճակի վերաբերյալ» հաղորդման համաձայն (Երևան, «ՀՀ ՍԴ աշխատակազմ», Հունվար 2009թ., էջ 20, 22)` «… ՍԴՈ-754, ՍԴՈ-758, ՍԴՈ-765, ՍԴՈ-767 որոշումներում արտահայտված` սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների իրացման ուղղությամբ ՀՀ Ազգային ժողովը գործնական քայլեր է ձեռնարկել»: «2008թ. դեկտեմբերի 26-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց և դեկտեմբերի 29-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրվեցին ... Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում ... փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ... ՀՕ-233-Ն, ՀՕ-237-Ն և ՀՕ-235-Ն օրենքները, որոնք կարևոր երաշխիք հանդիսացան սահմանադրական դատարանի հիշյալ որոշումների կատարումն ապահովելու համար»:
Միաժամանակ մյուս` 23.02.2010 թվականի թիվ ՍԴՈ-866 որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ ՀՕ-233-Ն օրենքով օրենսդիրը չի անդրադարձել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.28-րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորումը ՀՀ Սահմանադրությանը համապատասխանեցնելու խնդրին, ինչի արդյունքում դատական պրակտիկայում կիրառվել է հակասահմանադրական ճանաչված այդ նորմը:
Սույն գործով Վճռաբեկ դատարանը, 19.02.2009 թվականի որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատի 27.02.2004 թվականի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ, իսկ Ընկերության բողոքը` առանց բավարարման, կիրառել է նաև գործի քննության ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.28-րդ հոդվածը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի` ուժի մեջ մտած որոշմամբ ամբողջությամբ կամ մի մասով հակասահմանադրական է ճանաչվել այն օրենքը կամ իրավական ակտը, որը կիրառել է դատարանը:
ՀՀ Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Սահմանադրական դատարանի որոշումները և եզրակացությունները վերջնական են և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից:
Վերոգրյալի հիման վրա և հիմք ընդունելով ՀՀ սահմանադրական դատարանի 23.02.2010 թվականի թիվ ՍԴՈ-866 որոշումը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վճռաբեկ դատարանի 19.02.2009 թվականի որոշումը ենթակա է վերանայման:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վճռաբեկ դատարանի 19.02.2009 թվականի որոշմամբ կիրառված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.28-րդ հոդվածով սահմանված էր նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման արդյունքում դատարանի լիազորությունները, ինչից հետևում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի 23.02.2010 թվականի թիվ ՍԴՈ-866 որոշումը վերաբերում է Վճռաբեկ դատարանի 19.02.2009 թվականի որոշմամբ կիրառված դատավարական իրավունքի նորմի` նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման արդյունքում դատարանի լիազորությունների, սահմանադրականության հարցին, և այն որևէ իրավական առնչություն չունի Վճռաբեկ դատարանի 19.02.2009 թվականի որոշմամբ Ընկերության ներկայացրած պահանջների մերժման պատճառաբանությունների հետ:
Հետևաբար վերանայելով Վճռաբեկ դատարանի 19.02.2009 թվականի որոշումը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերության 17.12.2008 թվականի բողոքը (դիմումը)` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատի 27.02.2004 թվականի որոշումը նոր հանգամանքով վերանայելու պահանջի մասին, ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.
Եվրոպական դատարան ներկայացված Ընկերության գանգատը վերաբերել է Հանձնաժողովի կողմից անցկացված մրցույթների արդյունքում Ընկերության հաղթող չճանաչվելը չպատճառաբանելուն, և Եվրոպական դատարանը զուտ անդրադարձել և հաստատված է համարել այն հանգամանքը, որ նման պատճառաբանության բացակայությունը հակասում է Կոնվենցիայի 10-րդ հոդվածի պահանջներին: Մինչդեռ Ընկերության բողոքով (դիմումով) ներկայացվել են մրցույթի արդյունքում այլ ընկերությանը հաղթող ճանաչելու վերաբերյալ որոշման անվավեր ճանաչման, ինչպես նաև անցկացված մրցույթում հաղթող ճանաչելու և արտոնագիր տալու պահանջներ: Վերոնշյալ պահանջների հիմնավորման հիմքում Ընկերությունը դրել է «restitution in integrum» սկզբունքը: Վերոնշյալ սկզբունքը մինչ իրավունքի խախտումը եղած դրության վերականգնումն է, այսինքն` այն ամենի վերականգնումը, ինչ անձն ուներ մինչև իր իրավունքի խախտումը եղած ժամանակ: Մինչդեռ Ընկերության բողոքում (դիմումում) ներկայացված պահանջները, այն է` մրցույթի արդյունքում այլ ընկերությանը հաղթող ճանաչելու վերաբերյալ որոշումն անվավեր ճանաչելը, անցկացված մրցույթում հաղթող ճանաչելը և արտոնագիր տալը չեն կարող որակվել որպես մինչ իրավունքի խախտումը եղած դրության վերականգնում, քանի որ Եվրոպական դատարանի որոշմամբ զուտ արձանագրվել է, որ Հանձնաժողովի կողմից չի պատճառաբանվել Ընկերությանը հաղթող չճանաչելը: Իսկ մերժումը չպատճառաբանելն ինքնին չի ենթադրում մրցույթում հաղթող ճանաչված ընկերության վերաբերյալ համապատասխան որոշման անվավեր ճանաչում և անցկացված մրցույթում Ընկերությանը որպես հաղթող ճանաչել, քանի որ Ընկերության իրավունքները (Կոնվենցիայի 10-րդ հոդված) խախտվել են ոչ թե մրցույթում այլ ընկերության հաղթող ճանաչվելու, այլ իրեն հաղթող չճանաչելը չպատճառաբանելու հետևանքով:
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Եվրոպական դատարանը հաստատված է համարել դատական ատյանների կողմից Ընկերության իրավունքի խախտման բացակայությունը, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատի 27.02.2004 թվականի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու և նոր դատական ակտ կայացնելու մասին Ընկերության բողոքը (դիմումը) ենթակա է մերժման: Նշված մոտեցումը բխում է Եվրոպական դատարանի կողմից ամրագրված «իրավական որոշակիության» սկզբունքի էությունից: Ինչպես Ռյաբիխն ընդդեմ Ռուսաստանի գործով, այնպես էլ Բրումարեսկուն ընդդեմ Ռումինիայի գործով Եվրոպական դատարանը նշել է, որ իրավական որոշակիության սկզբունքը ենթադրում է «res jսdicata» սկզբունքի, այն է` դատական ակտերի վերջնական լինելու սկզբունքի պահպանում: Այդ սկզբունքը պահանջում է, որպեսզի կողմերից ոչ մեկը չունենա իրավունք պահանջելու վերջնական և պարտադիր դատական ակտի վերանայում` ուղղակի գործի կրկնակի քննության և գործով նոր ակտի կայացման նպատակով: Վերադաս դատարանների իրավասությունները` կապված վերանայման հետ, պետք է օգտագործվեն` դատական սխալները, ոչ իրավաչափ դատական ակտերն ուղղելու նպատակով:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ենթակա է կիրառման ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածը, որի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման արդյունքով վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.30-րդ, 204.33-րդ, 204.38-րդ և 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 19.02.2009 թվականի որոշումը:
2. ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատի 27.02.2004 թվականի թիվ 3-397(ՏԴ) որոշումը թողնել օրինական ուժի մեջ, իսկ «Մելտեքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բողոքը` առանց բավարարման:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ս. Սարգսյան | |
Դատավորներ` |
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ | |
Վ. Աբելյան | ||
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆ | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան |