600.0034.29.11.99
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 նոյեմբերի 1999 թվականի N 34
քաղ. Երևան
ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի «ա» կետը և հաշվի առնելով, որ`
● Հայաստանի Հանրապետության գազատրանսպորտային համակարգի սեփականատերը
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն է,
● Հայաստանի Հանրապետությունում բնական գազի փոխադրման և բաշխման լիցենզավորված
գործունեություններն իրականացնում են «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից հիմնադրված
«Տրանսգազ» և «Գազաբաշխիչ» ՍՊԸ-ները,
● բնական գազի փոխադրման և բաշխման լիցենզավորված գործունեություններն իրականացվում
են «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի սեփականություն հանդիսացող գույքային համալիրով, որը
հանձնված է «Տրանսգազ» և «Գազաբաշխիչ» ՍՊԸ-ներին` հավատարմագրային կառավարման,
● բնական գազի որոշակի չափաքանակի ներկրումը և վաճառքը սպառողներին իրականացնում է
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն,
● «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կանոնադրական հիմնադրամի համալրման նպատակով բնական գազի
որոշակի չափաքանակի ներկրումը և վաճառքը իրականացնում է «Հայգազարդ» ՓԲԸ-ն:
Ինչպես նաև ուսումնասիրելով բնական գազի վաճառքի և ծառայությունների իրականացման
սակագների վերաբերյալ բնական գազի ոլորտում լիցենզավորված գործունեություն իրականացնող
ընկերությունների հայտերը,
ՀՀ էներգետիկայի հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել`
1.1. Բնական գազի վաճառքի սակագինը`
ա) ամսական մինչև 10.0 հազար նխմ սպառում ունեցող սպառողների և բնակչության համար`
51000 դրամ (ներառյալ ԱԱՀ)` սպառված յուրաքանչյուր 1000 նխմ բնական գազի դիմաց.
բ) ամսական 10.0 հազար նխմ-ից ավելի սպառում ունեցող սպառողների համար` 79.1 ԱՄՆ
դոլարին համարժեք դրամ (ներառյալ ԱԱՀ)` սպառված յուրաքանչյուր 1000 նխմ բնական
գազի դիմաց:
1.2. Բնական գազի փոխադրման սակագինը` 5.783 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (ներառյալ ԱԱՀ)`
փաստացի փոխադրված և բաշխողին («Գազաբաշխիչ» ՍՊԸ) ու (կամ) գազի ստորգետնյա պահեստ-
կայանին հանձնված յուրաքանչյուր 1000 նխմ գազի դիմաց:
Ընդ որում`
ա) բնական գազի փոխադրման ծառայություն իրականացնող ընկերության (Տրանսգազ» ՍՊԸ)
մասնաբաժինը կազմում է 2.113 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (ներառյալ ԱԱՀ)` փաստացի
փոխադրված և բաշխողին («Գազաբաշխիչ» ՍՊԸ) ու (կամ) գազի ստորգետնյա պահեստ-կայանին
հանձնված յուրաքանչյուր 1000 նխմ գազի դիմաց.
բ) բնական գազի փոխադրման ցանցի սեփականության իրավունքից («ՀայՌուսգազարդ» ՓԲԸ)
ծագող մասնաբաժինը կազմում է 3.67 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (ներառյալ ԱԱՀ)` փաստացի
փոխադրված և բաշխողին («Գազաբաշխիչ» ՍՊԸ) ու (կամ) գազի ստորգետնյա պահեստ-կայանին
հանձնված յուրաքանչյուր 1000 նխմ գազի դիմաց:
1.3. Բնական գազի բաշխման սակագինը` 6.126 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (ներառյալ ԱԱՀ)`
փաստացի բաշխված (վաճառված) յուրաքանչյուր 1000 նխմ գազի դիմաց:
Ընդ որում`
ա) բնական գազի բաշխման ծառայություն իրականացնող ընկերության («Գազաբաշխիչ» ՍՊԸ)
մասնաբաժինը կազմում է 4.195 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (ներառյալ ԱԱՀ)` փաստացի
բաշխված (վաճառված) յուրաքանչյուր 1000 նխմ գազի դիմաց.
բ) բնական գազի բաշխման ցանցի սեփականության իրավունքից («ՀայՌուսգազարդ» ՓԲԸ) ծագող
մասնաբաժինը կազմում է 1.932 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (ներառյալ ԱԱՀ)` փաստացի
բաշխված (վաճառված) յուրաքանչյուր 1000 նխմ գազի դիմաց: Սակագների հաշվարկում
տեխնոլոգիական կորուստներն ընդունված են հավասար`
● գազի փոխադրման ցանցում` ներկրողից և (կամ) գազի ստորգետնյա պահեստ-կայանից
ընդունված գազի քանակության 3.3 %-ը,
● գազի բաշխման ցանցում` փոխադրողից ընդունված գազի քանակության 2.5 %-ը):
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1.1 կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված
սակագներում ներառված են բնական գազի ներկրման գործունեության իրականացման ծախսերը`
0.611 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (ներառյալ ԱԱՀ)` փաստացի բաշխված (վաճառված)
յուրաքանչյուր 1000 նխմ բնական գազի դիմաց:
3. Հաշվի առնելով, որ`
● բնական գազի փոխադրման ցանցի հուսալի և անվտանգ շահագործման տարեկան նվազագույն
ծախսերը կազմում են 2.108 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (ներառյալ ԱԱՀ)` իսկ բնական
գազի բաշխման ցանցի հուսալի և անվտանգ շահագործման տարեկան նվազագույն ծախսերը`
4.762 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (ներառյալ ԱԱՀ), անկախ ներկրողից կամ փոխադրողից
ընդունած գազի քանակությունից.
● «Տրանսգազ» և «Գազաբաշխիչ» ՍՊԸ-ները ստացել են համապատասխան գործունեության
լիցենզիաներ և դրանց հիման վրա համապատասխան լիցենզավորված գործունեություն են
իրականացնում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի երաշխիքով.
● «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն համապարտ պարտավորություն է կրում «Տրանսգազ» և
«Գազաբաշխիչ» ՍՊԸ-ների կողմից լիցենզիայի պայմանների պահպանման համար`
առաջարկել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին կնքել համապատասխան պայմանագրեր «Տրանսգազ»
ՍՊԸ-ի (բնական գազի փոխադրման գործունեության լիցենզիա ունեցող անձ) և «Գազաբաշխիչ»
ՍՊԸ-ի (բնական գազի բաշխման գործունեության լիցենզիա ունեցող անձ) հետ` սույն կետում
նշված անհրաժեշտ ծախսերն ապահովելու համար:
4. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1997 թ. օգոստոսի 8-ի թիվ 7 և 1997 թ.
հոկտեմբերի 24-ի թիվ 14 որոշումները:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թ. հունվարի 1-ից:
ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի |
Վ. Մովսեսյան |