«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 նոյեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 նոյեմբերի 2005 թվականի N 1899-Ն
ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ԵՎ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել թունաքիմիկատների և պարարտանյութերի վաճառքի առանձնահատկությունները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված | |
1. Սույնով սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործման համար թույլատրված և գրանցված թունաքիմիկատների (քիմիական և կենսաբանական պատրաստուկներ, որոնք օգտագործվում են բույսերի վնասատուների և հիվանդությունների, գյուղատնտեսական արտադրանքի վնասատուների դեմ պայքարի, բույսերի աճի կարգավորման համար), օրգանական և ոչ օրգանական պարարտանյութերի վաճառքի առանձնահատկությունները: 2. Վաճառքի սույն առանձնահատկությունները տարածվում են թունաքիմիկատների և պարարտանյութերի վաճառք իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի վրա: 3. Հայաստանի Հանրապետության տարածքում վաճառքի ենթակա են միայն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից հաստատված` Հայաստանի Հանրապետությունում գրանցված և օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկում ընդգրկված թունաքիմիկատները: Թունաքիմիկատների վաճառք իրականացնող խանութներում` գնորդներին (սպառողներին) տեսանելի տեղում փակցվում է նշված անվանացանկը: 4. Թունաքիմիկատների և պարարտանյութերի (այսուհետ` ապրանքներ) վաճառքը խանութներում արտադրողի և մասնագիտացված կազմակերպության, այդ թվում` վաճառողի կողմից իրականացվում է միայն կշռափաթեթավորված: 5. Աշխատողը պարտավոր է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սպառողին, նրա պահանջով, տրամադրել ապրանքի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն: 6. Վաճառողն ապահովում է աշխատողների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված աշխատանքային անվտանգության պայմանները: 7. Վաճառողը պետք է ապահովի` ա) տեխնիկական կանոնակարգերով սահմանված` ապրանքների վաճառքի, խանութում տեղավորելու և պահելու անվտանգության պարտադիր պահանջները. բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` թունաքիմիկատների և պարարտանյութերի վաճառքին ներկայացվող անվտանգության հիգիենիկ պահանջները: 8. Ապրանքները մինչև վաճառքի հանելը պետք է անցնեն նախավաճառքային նախապատրաստություն, որը ներառում է ապրանքի փաթեթների բացումը և փաթեթավորման որակի ստուգումը, տեսակավորումը, անհրաժեշտ տեղեկատվության առկայությունը և գների ճշտությունը: 9. Կշռափաթեթավորված ապրանքները վաճառվելիս պետք է ունենան պիտակներ, որոնց վրա նշվում են ապրանքի անվանումը, արտադրող ու մասնագիտացված կազմակերպությունների և վաճառողի անվանումները, մաքուր քաշը կամ ծավալը, գինը, ազդող նյութի խտությունը, վտանգավորության դասը, արտադրման ամսաթիվը, պիտանիության ժամկետը և թունավորման ժամանակ առաջին բուժօգնության մասին տեղեկություններ: 10. Ապրանքների վաճառքի ժամանակ սպառողին, բացի օրենքով սահմանված պարտադիր տեղեկատվությունից, պետք է տրամադրվի մշակվող օբյեկտի, ծախսի նորմայի, կիրառման ժամկետի, եղանակի, մշակումների առավելագույն թվի և աշխատանքի անվտանգության միջոցառումների մասին տեղեկատվություն, առանց որի ապրանքի օգտագործումն ըստ նշանակության հնարավոր չէ: | |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |