«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 մայիսի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 60017192
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
10 մայիսի 2017 թ. ք. Երևան |
N 153-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 374-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի «Էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու և մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 374-Ն որոշման 1-ին կետով հաստատված` էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգում (այսուհետ՝ Կարգ) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) Կարգի 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ ենթակետով.
«5) բացառապես սեփական կարիքների համար, ինչպես նաև մինչև 150 կՎտ դրվածքային հզորությամբ ինքնավար արտադրողների կողմից էլեկտրական էներգիայի արտադրության գործունեությունը՝ արտադրության ժամանակահատվածում:».
2) Ուժը կորցրած ճանաչել Կարգի 7-րդ կետի վերջին պարբերությունը.
3) Կարգի 8.1 կետում «վերաձևակերպման» բառից հետո լրացնել «, լիցենզիայի կրկնօրինակի տրման» բառերը.
4) Կարգի 8.2 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8.2. Սույն կարգով նախատեսված իրազեկումը, այդ թվում փաստաթղթերի հանձնումը, կատարվում է օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:».
5) Կարգի 12-րդ կետում «համապատասխան ստորաբաժանումը ստուգում է» բառերը փոխարինել «աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումները ստուգում են» բառերով.
6) Կարգի 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13. Հայտում ոչ էական թերությունների (վրիպակների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերի թերի լինելու դեպքում հանձնաժողովը դրանք հայտնաբերելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան մինչև սույն կարգի 12-րդ կետում նշված ժամկետի ավարտը, գրավոր առաջարկում է հայտատուին 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները, որի դեպքում նշված կետով սահմանված ժամկետը երկարաձգվում է մինչև հայտատուի կողմից համապատասխան թերությունների վերացումը, բայց ոչ ուշ, քան մինչև դրա համար սահմանված ժամկետի ավարտը:».
7) Կարգի 14-րդ կետի 1-ին ենթակետում «ակնհայտ կեղծ են կամ խեղաթյուրված, կամ» բառերը փոխարինել «թերի են և» բառերով.
8) Կարգի 15-րդ կետում «գրավոր տեղեկացնում է» բառերը փոխարինել «իրազեկում է» բառով, իսկ «ընթացքում» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն կարգի 13-րդ կետով նախատեսված դեպքի» բառերը.
9) Կարգի 16-րդ կետում «դրանք» բառը փոխարինել «հայտը» բառով.
10) Կարգի 17-րդ կետում «ուսումնասիրելու» բառը փոխարինել «քննարկելու» բառով.
11) Կարգի 18-րդ կետի 1-ին ենթակետից հանել «թերի են կամ կեղծ կամ խեղաթյուրված կամ» բառերը.
12) Կարգի 18-րդ կետի 4-րդ ենթակետում «գործունեության տեսակով,» բառերից հետո լրացնել «կամ գտնվում է սնանկության կամ լուծարման գործընթացում,» բառերը.
13) Ուժը կորցրած ճանաչել Կարգի 20-րդ, 24-րդ, 34.1-րդ և 35-րդ կետերը.
14) Կարգի 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«28. Էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության (ներառյալ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության), ջերմային էներգիայի արտադրության լիցենզիա (այսուհետ` Արտադրության լիցենզիա) ունեցող անձը պարտավոր է մինչև լիցենզիայով սահմանված կառուցման ժամանակահատվածի ավարտը կատարել կարգաբերման-գործարկման աշխատանքներ և լիցենզիայում փոփոխություններ կատարելու համար դիմել Հանձնաժողով՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.
1) ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտի և ավարտական ակտի (շահագործման թույլտվության), Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ ինքնակամ կառույցների օրինականացման, անհրաժեշտության դեպքում նաև տնօրինման մասին որոշումների պատճենները,
2) կայանի (շենքի, իսկ հիդրոէլեկտրակայանների դեպքում նաև գլխամասային հանգույցի) նկատմամբ իրավունքների պետական գրանցումը հավաստող փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները), եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվում է նշված իրավունքների պետական գրանցում, իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն նշված իրավունքների պետական գրանցում չպահանջվելու դեպքում՝ իրավասու մարմնի կողմից տրված համապատասխան հիմնավորումներ,
3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ էներգատեղակայանքի գործարկման եզրակացության պատճենը,
4) կայանում տեղակայված ագրեգատների վերաբերյալ տեղեկանք, որը կներառի տեղեկություններ ագրեգատների, մակնիշի, հզորության, արտադրության տարեթվի վերաբերյալ՝ կցելով անհրաժեշտ հիմնավորումներ,
5) էլեկտրական էներգիայի (հզորության) կամ ջերմային էներգիայի վաճառքի սակագնի սահմանման հայտ, բացառությամբ սույն կարգի 7-րդ կետով նախատեսված դեպքերի:».
15) Կարգի 30-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«30. Սույն կարգի 28-րդ կետով սահմանված փաստաթղթերը ներկայացնելուց հետո Հանձնաժողովը սույն կարգի 17-րդ կետով սահմանված ժամկետում կայացնում է կայանի փաստացի տեղակայված հզորությունն ու կայանում տեղակայված ագրեգատների տվյալները Արտադրության լիցենզիայում ամրագրելու վերաբերյալ որոշում՝ անհրաժեշտության դեպքում ճշգրտելով Արտադրության լիցենզիայով ամրագրված ժամանակահատվածը (ժամանակահատվածները), կամ գրավոր մերժում է դիմումը` սույն կարգի 18-րդ կետով սահմանված հիմքերով:».
16) Կարգի 31-րդ և 31.1-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«31. Կայանի վերակառուցման այն դեպքերում, որի ընթացքում կատարվելու են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ շինարարության թույլտվություն պահանջող աշխատանքներ, և որոնք հանգեցնելու են կայանի՝ լիցենզիայով ամրագրված հաշվարկային հզորության փոփոխության, Արտադրության լիցենզիա ունեցող անձը լիցենզիայի պայմաններում վերակառուցման ժամանակահատված ամրագրելու համար դիմում է Հանձնաժողով՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան փորձաքննություն անցած նախագիծը` դրական փորձագիտական եզրակացություններով, ինչպես նաև Էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձից էլեկտրական ցանցին պահանջվող հզորությամբ միանալու նախնական տեխնիկական պայմաններ, որը կներառի էլեկտրական ցանցին միացման կետի վերաբերյալ տեղեկատվություն,
2) Կայանի հաշվարկային հզորության ավելացման դեպքում՝ ավելացող հաշվարկային հզորության չափով երաշխիք՝ համաձայն սույն կարգի N 3 հավելվածի,
3) լիցենզավորված գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ հողի նկատմամբ իրավունքները հաստատող փաստաթղթերը և համապատասխան որակավորում ունեցող անձի կողմից կազմված հողամասի հատակագծի պատճենը, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ իրավասու մարմնի կողմից տրված հատակագծի պատճենը,
4) հիդրոէլեկտրակայանի վերակառուցման դեպքում՝ Արտադրության լիցենզիայով ամրագրված հաշվարկային ելքի և/կամ ջրառի և ջրօգտագործման նիշերի փոփոխության դեպքում՝ ջրօգտագործման թույլտվություն:
31.1. Հանձնաժողովը սույն կարգի 17-րդ կետով սահմանված ժամկետում կայացնում է Արտադրության լիցենզիայի պայմաններում վերակառուցման ժամանակահատված ամրագրելու վերաբերյալ որոշում, կամ գրավոր մերժում է դիմումը՝ սույն կարգի 18-րդ կետով սահմանված հիմքերով:».
17) Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 31.2-րդ և 31.3-րդ կետերով.
«31.2. Արտադրության լիցենզիա ունեցող անձինք պարտավոր են մինչև լիցենզիայով սահմանված վերակառուցման ժամանակահատվածի ավարտը լիցենզիայի պայմաններում փոփոխություններ կատարելու համար դիմել Հանձնաժողով՝ ներկայացնելով սույն կարգի 28-րդ կետի 1-4-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև սակագնի սահմանման հայտ:
31.3. Սույն կարգի 31.2-րդ կետով սահմանված փաստաթղթերը ներկայացնելուց հետո Հանձնաժողովը որոշում է ընդունում Արտադրության լիցենզիայում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ որոշում՝ անհրաժեշտության դեպքում ճշգրտելով վերակառուցման ժամանակահատվածը, կամ գրավոր մերժում է դիմումը՝ սույն կարգի 18-րդ կետով սահմանված հիմքերով:».
18) Կարգի 32-րդ կետում «առնվազն» բառը փոխարինել «ոչ շուտ, քան 3 ամիս, և ոչ ուշ, քան» բառերով.
19) Կարգի 33-րդ կետի 1-ին ենթակետում «և դրանց իրականացման համար անհրաժեշտ ժամկետը» բառերից հետո լրացնել «՝ համապատասխան հիմնավորումներով» բառերը.
20) Կարգի 33-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ ենթակետով.
«3) Հիդրոէլեկտրակայաններում Արտադրության լիցենզիայով ամրագրված արտադրության ժամանակահատվածի երկարաձգման դեպքում՝ նաև ջրօգտագործման թույլտվություն, իսկ խմելու ջրատարների կամ ոռոգման համակարգերի վրա կառուցված հիդրոէլեկտրակայանների դեպքում՝ նաև այլ անձի (անձանց) պատկանող հիդրոկառույցը օգտագործելու (հիդրոկառույցից օգտվելու) վերաբերյալ պայմանագիր կամ հիդրոկառույցին միացման թույլտվություն:».
21) Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 33.1 կետով.
«33.1. Հանձնաժողովը որոշում է ընդունում լիցենզիայի գործողության ժամկետը (ժամանակահատվածը) երկարաձգելու կամ հայտը մերժելու մասին հայտի մուտքագրման օրվանից 25 աշխատանքային օրվա ընթացքում՝ բայց ոչ ուշ, քան մինչև լիցենզիայի գործողության ժամկետի (ժամանակահատվածի) ավարտը:».
22) Կարգի 34-րդ կետի 1-ին ենթակետից հանել «կամ կեղծ կամ խեղաթյուրված» բառերը.
23) Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 34.2 կետով.
«34.2. Եթե լիցենզիայի գործողության ժամկետի (ժամանակահատվածի) երկարաձգման հայտը ներկայացվել է լիցենզիայի գործողության կասեցման ժամանակահատվածում, ապա այդ ժամկետի (ժամանակահատվածի) երկարաձգման հարցը քննարկվում է միայն կասեցումը վերացվելուց հետո:».
24) Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 47-րդ և 47.1-րդ կետերով.
«47. Էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձի՝ տվյալ կայանի համար տրամադրված ջրօգտագործման թույլտվությունը կասեցվելու դեպքում լիցենզիայի գործողությունը կասեցվում է ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ մարմնի օրինական ուժի մեջ մտած ակտի հիման վրա:
47.1. Լիցենզիայի գործողությունը դադարեցվում է նաև հետևյալ դեպքերում.
1) Արտադրության լիցենզիա ունեցող անձը լիցենզիայով սահմանված կառուցման ժամանակահատվածում չի ավարտել կայանի կառուցման աշխատանքները, չի դիմել լիցենզիայի պայմաններում փոփոխություններ կատարելու համար կամ Հանձնաժողովը մերժել է փոփոխություններ կատարելու դիմումը, և Արտադրության լիցենզիա ունեցող անձը մինչև կառուցման ժամանակահատվածի ավարտը չի վերացրել մերժման հիմքերը, և Հանձնաժողով չի ներկայացրել համապատասխան հիմնավորող փաստաթղթեր,
2) Արտադրության լիցենզիա ունեցող անձը լիցենզիայով սահմանված կառուցման ժամանակահատվածում չի ավարտել կայանի կառուցման աշխատանքները, չի դիմել լիցենզիայով սահմանված կառուցման ժամանակահատվածը երկարաձգելու հայտով կամ Հանձնաժողովը մերժել է ներկայացված հայտը և Արտադրության լիցենզիա ունեցող անձը մինչև կառուցման ժամանակահատվածի ավարտը չի վերացրել մերժման հիմքերը, և Հանձնաժողով չի ներկայացրել համապատասխան հիմնավորող փաստաթղթեր,
3) Արտադրության լիցենզիայով ամրագրված կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածում Հանձնաժողովը կասեցրել է Արտադրության լիցենզիան և Արտադրության լիցենզիա ունեցող անձը մինչև կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածի ավարտը չի վերացրել Արտադրության լիցենզիայի կասեցման համար հիմք հանդիսացած խախտումը, Հանձնաժողով չի ներկայացրել համապատասխան հիմնավորող փաստաթղթեր և Հանձնաժողովը չի վերացրել Արտադրության լիցենզիայի կասեցումը,
4) Էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձի՝ տվյալ կայանի համար տրամադրված ջրօգտագործման թույլտվությունը ուժը կորցրած ճանաչվելու կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ջրօգտագործման թույլտվության գործողության ժամկետը չերկարաձգվելու դեպքում՝ ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ մարմնի օրինական ուժի մեջ մտած ակտի հիման վրա:».
25) Կարգի 49-րդ կետում «վերաբերյալ» բառից հետո լրացնել «՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի» բառերը.
26) Կարգի 51-րդ կետից հանել «, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված» բառերը.
27) Կարգի N 2 հավելվածի 1-ին կետի 2-րդ ենթակետը լրացնել «իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ իրավասու մարմնի կողմից տրված հատակագծի պատճենը,» բառերով.
28) Կարգի N 2 հավելվածի 1-ին կետի 4-րդ ենթակետում և 2-րդ կետի 4-րդ ենթակետում «թերթերում» բառից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային http://www.azdarar.am/ կայքում» բառերը.
29) Կարգի N 2 հավելվածի 1-ին կետի 8-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8) այլ անձի (անձանց) պատկանող հիդրոկառույցը օգտագործելու (հիդրոկառույցից օգտվելու) վերաբերյալ պայմանագիր կամ հիդրոկառույցին միացման թույլտվություն՝ միայն խմելու ջրատարների կամ ոռոգման համակարգերի վրա կառուցվող հիդրոէլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության համար,».
30) Կարգի N 2 հավելվածի 1-ին կետի 9-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9) Էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձից էլեկտրական ցանցին պահանջվող հզորությամբ միանալու նախնական տեխնիկական պայմաններ, որը կներառի էլեկտրական ցանցին միացման կետի վերաբերյալ տեղեկատվություն:».
31) Կարգի N 2 հավելվածի 1.1 կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) կայանում տեղակայված ագրեգատների վերաբերյալ տեղեկանք, որը կներառի տեղեկություններ ագրեգատների, մակնիշի, հզորության, արտադրության տարեթվի վերաբերյալ՝ կցելով անհրաժեշտ հիմնավորումներ,».
32) Կարգի N 2 հավելվածի 1.1 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ և 5-րդ ենթակետերով.
«4) ջրօգտագործման թույլտվություն՝ հիդրոէլեկտրակայաններում, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև այլ կայաններում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության համար,
5) այլ անձի (անձանց) պատկանող հիդրոկառույցը օգտագործելու (հիդրոկառույցից օգտվելու) վերաբերյալ պայմանագիր կամ հիդրոկառույցին միացման թույլտվություն՝ միայն խմելու ջրատարների կամ ոռոգման համակարգերի վրա կառուցված հիդրոէլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության համար:».
33) Կարգի N 3 հավելվածի վերնագրում «ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ» բառերից հետո լրացնել «ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՓՈԽԱՆՑՄԱՆ» բառերը.
34) Կարգի N 3 հավելվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Կառուցման ժամանակահատված ներառող Արտադրության լիցենզիա ստանալու, կամ Արտադրության լիցենզիայում վերակառուցման ժամանակահատված ամրագրելու, ինչպես նաև նշված ժամանակահատվածները երկարաձգելու նպատակով Անձը հանձնաժողով է ներկայացնում Հայաստանի Հանրապետությունում գործող որևէ բանկի կողմից տրամադրված երաշխիք, որով բանկը գրավոր պարտավորություն է ստանձնում Անձի կողմից լիցենզիայի պայմանները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում սույն կարգի 4-րդ կետի համաձայն հաշվարկված գումարը, Հանձնաժողովի որոշման կամ գրության հիման վրա, Հանձնաժողովի սահմանած ժամկետում, անվիճելի և անառարկելի կարգով փոխանցել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:».
35) Ուժը կորցրած ճանաչել Կարգի N 3 հավելվածի 2-րդ կետը.
36) Կարգի N 3 հավելվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Անձը պարտավոր է երաշխիքը ներկայացնել Արտադրության լիցենզիայի կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածի համար իր կողմից հայցվող, իսկ ժամականահատվածի երկարաձգման դեպքում՝ երկարաձգման ժամկետից առնվազն քառասունհինգ օր ավելի գործողության ժամկետով:».
37) Կարգի N 3 հավելվածի 4-րդ կետում «Երաշխիքի» բառը փոխարինել «Երաշխիքով սահմանված գումարի» բառերով և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության կայանի դեպքում կայանի հաշվարկային հզորությունը հաշվարկվում է որպես էլեկտրական և ջերմային հաշվարկային հզորությունների գումար:».
38) Կարգի N 3 հավելվածի 2-րդ գլխի վերնագրում «ԵՐԱՇԽԻՔԸ» բառը փոխարինել «ԵՐԱՇԽԻՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԳՈՒՄԱՐԸ» բառերով.
39) Կարգի N 3 հավելվածի 7-րդ կետում «երաշխիքն» բառը փոխարինել «երաշխիքով սահմանված գումարն» բառերով, իսկ 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) Արտադրության լիցենզիա ունեցող անձը լիցենզիայով սահմանված վերակառուցման ժամանակահատվածում չի ավարտել կայանի վերակառուցման աշխատանքները և չի դիմել լիցենզիայի պայմաններում փոփոխություններ կատարելու համար կամ Հանձնաժողովը մերժել է փոփոխություններ կատարելու դիմումը, և Արտադրության լիցենզիա ունեցող անձը մինչև վերակառուցման ժամանակահատվածի ավարտը չի վերացրել մերժման հիմքերը և Հանձնաժողով չի ներկայացրել համապատասխան հիմնավորող փաստաթղթեր,».
40) Կարգի N 3 հավելվածի 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ ենթակետով.
«3) Արտադրության լիցենզիա ունեցող անձը լիցենզիայով սահմանված վերակառուցման ժամանակահատվածում չի ավարտել կայանի վերակառուցման աշխատանքները և չի դիմել լիցենզիայով սահմանված վերակառուցման ժամանակահատվածը երկարաձգելու հայտով կամ Հանձնաժողովը մերժել է ներկայացված հայտը և Արտադրության լիցենզիա ունեցող անձը մինչև վերակառուցման ժամանակահատվածի ավարտը չի վերացրել մերժման հիմքերը և Հանձնաժողով չի ներկայացրել համապատասխան հիմնավորող փաստաթղթեր:».
41) Կարգի N 3 հավելվածի 8-րդ կետում «երաշխիքի» բառը փոխարինել «երաշխիքով սահմանված գումարի» բառերով, 1-ին ենթակետում «կառուցման» բառից հետո լրացնել «(վերակառուցման)» բառով, իսկ 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) Լիցենզիայի պայմաններով ամրագրված ժամկետում Արտադրության լիցենզիա ունեցող անձը Հանձնաժողով չի ներկայացրել Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան փորձաքննություն անցած նախագիծը` դրական փորձագիտական եզրակացություններով, և Հանձնաժողովը որոշում է ընդունել այդ նախագծի ներկայացման ժամկետը երկրորդ անգամ երկարաձգելու մասին:».
42) Կարգի N 3 հավելվածի 10-րդ կետից հանել «նոր» բառը.
43) Կարգի N 3 հավելվածի 11-րդ կետում «երաշխիքը» բառը փոխարինել «երաշխիքով սահմանված գումարը» բառերով.
44) Կարգի N 4 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1 կետով.
«6.1. Ռեսուրսների արդյունավետ օգտագործման նպատակով օբյեկտի տեխնիկատնտեսական ցուցանիշների համալիր վերլուծության արդյունքներով օպտիմալ տարբերակի ընտրության հիմնավորումը:».
45) Կարգի N 6 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հավելված N 6 |
ԼԻՑԵՆԶԻԱՅԻ (ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ) ՍՏԱՑՄԱՆ ԿՏՐՈՆ
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 20__ թվականի __________ «___»-ի N____ -Ա որոշում
2. Լիցենզավորված գործունեության տեսակը
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
3. Լիցենզիայի տրամադրման ամսաթիվը «___»_____________20 __ թվական
4. Լիցենզիայի համարը ԼԷ N_________
5. Ստացված էջերի քանակը՝ ________________
6. Լիցենզավորված անձի անվանումը
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
7. Լիցենզիա ստացող անձի անունը, ազգանունը, անձնագրի կամ այն փոխարինող փաստաթղթի սերիան և համարը, ում կողմից և երբ է տրված
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
8. Լիցենզիան ստացվել է՝ «____»________________20__ թվական
9. Լիցենզիա ստացողի ստորագրությունը ______________________________________»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, իսկ որոշման 1-ին կետի 20-րդ ենթակետը՝ պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Նազարյան |