ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հուլիսի 2024 թվականի N 1053-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-Ի N 312-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով 2018 թվականի փետրվարի 2-ի «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագրի 1-ին և 5-րդ հոդվածները և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ և 37-րդ հոդվածների 1-ին մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 10-ի «Հայաստանի Հանրապետությունում ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206, 2207, 2208 և 2402 ծածկագրերին դասվող ապրանքների դրոշմավորման փորձնական ծրագիրը հաստատելու և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր սահմանելու մասին» N 312-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) որոշման վերնագիրը «ազգային օպերատոր» բառերից հետո լրացնել «և իրավասու (լիազորված) մարմին» բառերով.
2) որոշման նախաբանը «մասը» բառից հետո լրացնել «և 2018 թվականի փետրվարի 2-ի «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագրի 1-ին և 5-րդ հոդվածները» բառերով.
3) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2․1-ին կետով․
«2․1․ «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագրի 5-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված իրավասու (լիազորված) մարմինը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն է (այսուհետ՝ լիազորված մարմին)։».
4) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3․1-ին կետով․
«3․1․ «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և լիազորված մարմնի միջև կնքվում է պայմանագիր, որով, ի թիվս այլնի, սահմանվում են լիազորված մարմնի և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորի միջև ծագող հարաբերությունները կանոնակարգող, ինչպես նաև պայմանագրով նախատեսված պարտականությունները չկատարելու դեպքում ազգային օպերատորի նկատմամբ պատասխանատվության միջոցներ կիրառելու և վերջինիս լիազորությունները դադարեցնելու հետ կապված դրույթներ։ Ընդ որում, որպես ազգային օպերատոր, վերջինիս լիազորությունների դադարման դեպքում ազգային օպերատորը պարտավոր է դադարեցումից առնվազն 6 ամիս առաջ դրա մասին տեղեկացնել լիազորված մարմնին։»։
2․ Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 28-ի «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր սահմանելու մասին» N 2195-Լ որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
08.07.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |