ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 4597-Ա |
«25» նոյեմբերի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևանի քաղաքապետարանի և «ԾԻԾԵՌՆԱԿ-23» ՍՊ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) միջև կնքված ԵՔ-ԲՄԱՇՁԲ-24/23-1 ծածկագրով Կապալային աշխատանքների կատարման գնման պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 1.1 կետի համաձայն՝ «Կապալառուն պարտավորվում է սույն պայմանագրով սահմանված կարգով, նախատեսված ծավալներով, ձևով և ժամկետներում կատարել սույն պայմանագրի N 1 հավելվածով սահմանված ծավալաթերթ-նախահաշվով նախատեսված Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի կարիքների համար թվով 15 պատշգամբների հիմնանորոգման աշխատանքները (այսուհետ` աշխատանք), իսկ Պատվիրատուն պարտավորվում է ընդունել կատարված աշխատանքը և վարձատրել դրա համար»:
Պայմանագրի 3.1.4 կետի «բ» ենթակետի համաձայն՝ Պատվիրատուն իրավունք ունի միակողմանի լուծել պայմանագիրը և պահանջել հատուցելու իրեն պատճառված վնասները, եթե.
բ) Կապալառուն խախտել է պայմանագրի 1.3 կետում նախատեսված ժամկետը /ներառյալ օրացուցային գրաֆիկը/:
Պայմանագրի 1.3 կետի համաձայն` Պայմանագրով նախատեսված աշխատանքները սկսվում են պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո և կատարման ժամկետը սահմանվում է` համաձայն հավելված 2-ի:
Պայմանագրի հ. 2 հավելվածի համաձայն` աշխատանքների կատարման ժամկետ է սահմանված շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության գնման պայմանագիրը վավերացնելու օրվանից սկսած մինչև 90-րդ օրացուցային օրը:
Շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության գնման պայմանագիրը` ծառայությունների մատուցման գնման N «ԵՔ-ԲՄԽԾՁԲ-24/33-1» պայմանագիրը, վավերացվել է 31.05.2024 թվականին:
Ըստ վերոգրյալի` Աշխատանքների կատարման համար Պայմանագրով սահմանված է 31.05.2024 թվականից մինչև 29.08.2024 թվականը ժամանակահատվածը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ընկերությունը խախտել է Պայմանագրի 1.3 կետում նախատեսված ժամկետը` Երևանի քաղաքապետարանը, ղեկավարվելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ինչպես նաև Պայմանագրի 3.1.4 կետի «բ» ենթակետով, միակողմանի մասնակի լուծել է կնքված Պայմանագիրը` համարելով այն լուծված՝ 2883469,38 ՀՀ դրամ գումարի չափով:
Պայմանագրի մասնակի լուծման վերաբերյալ ծանուցումը հրապարակվել է տեղեկագրում սույն թվականի նոյեմբերի 19-ին և պայմանագիրը սույն թվականի նոյեմբերի 20-ի դրությամբ համարվում է մասնակի լուծված։
Ղեկավարվելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետով և նույն հոդվածի 2-րդ մասով.
1. «ԾԻԾԵՌՆԱԿ-23» ՍՊ ընկերությունը ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի վրա:
3. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։
Տ. Ավինյան |