Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.03.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.27-2022.07.10 Պաշտոնական հրապարակման օրը 27.06.2022
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
11.03.2022
Подписан
Նախագահող
Дата подписания
11.03.2022
Дата вступления в силу
11.03.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական 

դատարանի որոշում

 Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/4367/02/16

2022 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/4367/02/16

Նախագահող դատավոր՝  Ն. Մարգարյան

Դատավորներ`

 Ա. Մխիթարյան

 

 Ա. Մկրտչյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող և զեկուցող

Ռ. Հակոբյան

Ս. անտոնյան

Ա. բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2022 թվականի մարտի 11-ին

գրավոր ընթացակարգով քննելով Անդրանիկ Հարությունյանի և Արտավազդ Մանուկյանի բերած վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.12.2018 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Անդրանիկ Հարությունյանի և Արտավազդ Մանուկյանի ընդդեմ «Դի Ընդ Էյջ Գրուպ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն), երրորդ անձ Երևանի քաղաքապետարանի` պայմանագրային պարտավորությունները պատշաճ կատարելուն, այն է` անշարժ գույքի օտարման պայմանագրեր կնքելուն պարտավորեցնելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Անդրանիկ Հարությունյանը և Արտավազդ Մանուկյանը պահանջել են պարտավորեցնել Ընկերությանը պատշաճ կատարել պայմանագրային պարտավորությունները, այն է` կնքել անշարժ գույքի օտարման պայմանագրեր:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Մազմանյան) (այսուհետ` Դատարան) 06.07.2018 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 10.12.2018 թվականի որոշմամբ Անդրանիկ Հարությունյանի և Արտավազդ Մանուկյանի վերաքննիչ բողոքը մերժվել է և Դատարանի 06.07.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Անդրանիկ Հարությունյանը և Արտավազդ Մանուկյանը ( ներկայացուցիչ Հարություն Ազատյան)։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 10-րդ և 60-րդ հոդվածների 1-ին մասերը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածը, 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Նախկին օրենսգիրք) 5-րդ և 6-րդ հոդվածները, 51-րդ և 53-րդ հոդվածների 1-ին կետերը, 130-րդ և 132-րդ հոդվածները:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ նախնական պայմանագրերը կնքելիս հայցվորների իրական կամքն ուղղված է եղել Երևան քաղաքի Փ. Բուզանդի թիվ 13-21 հասցեի անշարժ գույքերի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերմանն ու առուվաճառքի հիմնական պայմանագրեր կնքելուն: Գումարը վճարելով՝ հայցվորներն ունեցել են «օրինական սպասելիք», որ հետագայում սեփականության իրավունքով բնակարան են ունենալու կամ գոնե բնակարաններ չտրամադրվելու դեպքում իրավունք են ունենալու հետ ստանալ իրենց կողմից վճարված ամբողջ գումարը, որը ևս Կոնվենցիայի իմաստով հանդիսանում է գույք: Արդյունքում՝ ստորադաս դատարանների դատական ակտերով խախտվել է հայցվորների՝ ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված սեփականության պաշտպանության հիմնարար իրավունքը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Դատարանը չի հետազոտել և ճիշտ չի գնահատել գործում առկա հայցը հիմնավորող բոլոր ապացույցները, այդ թվում չի սպառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված դատավարական բոլոր գործողությունները, իսկ Դատարանի վճիռը պատճառաբանված, հիմնավորված և օրինական չէ:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ Դատարանի կողմից ապացույցները ճիշտ չգնահատելու և չհետազոտելու, մրցակցության և իրավահավասարության սկզբունքները սահմանափակելու հետևանքով խախտվել է հայցվորների արդար դատաքննության իրավունքը, ինչը հանգեցրել է նաև գործի սխալ լուծմանը։

 

Վերաքննիչ դատարանն ընդհանրապես չի անդրադարձել հայցվորների կողմից անշարժ գույք ձեռք բերելու նպատակով նախնական պայմանագրերով վճարված գումարներին, որոնցով ապացուցվում է հայցվորների բարեխղճությունը: Արդյունքում Վերաքննիչ դատարանը զրկել է հայցվորներին դատական պաշտպանության իրենց իրավունքից լիարժեք ու լիիրավ կերպով օգտվելու հնարավորությունից:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերող անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 10122018 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը բավարարել կամ գործն ուղարկել նոր քննության։

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Վճռաբեկ բողոքն ակնհայտ անհիմն է և ամբողջությամբ ենթակա է մերժման:

Հայցվորները, հանդիսանալով խարդախության զոհ, իրենց կամքով գույքային հարաբերությունների մեջ են մտել կառուցապատվող հողամասի հետ կապ չունեցող «Նարեկ-Շելթեր» ՍՊԸ-ի հետ և վերջինիս վճարել գումարներ: Իրենց օրինական սպասելիքն արդարացնելու պետության գործառույթը սպառվել է այդ խարդախությունը կատարած անձ Սիմոն Աղազարյանի մեղադրական դատավճռի արձակմամբ և հայցվորներին քաղաքացիական հայցի իրավունք վերապահելով:

Ընկերությունը չի հանդիսանում «Նարեկ-Շելթեր» ՍՊԸ-ի իրավահաջորդը և որևէ այլ կերպ չի ստանձնել «Նարեկ-Շելթեր» ՍՊԸ-ի հետ կնքված գործարքների պայմաններով վերջինիս պարտավորությունների կատարումը:

Հայցվորները սահմանված ժամկետում ՀՀ կառավարության 28.11.2013 թվականի «Երևան քաղաքի Փավստոս Բուզանդի փողոցին հարող տարածքներում գտնվող անավարտ շինարարության օբյեկտի օտարման պայմանների և ՀՀ կառավարության 26.04.2012 թվականի թիվ 599-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 1333-Ա որոշման հավելվածով սահմանված ծրագրում (այսուհետ՝ Ծրագիր) չեն ընդգրկվել, քանի որ Անդրանիկ Հարությունյանը շահառու ճանաչվելու համար դիմել է միայն Ծրագրով սահմանված եռամսյա ժամկետը լրանալուց հետո, իսկ Արտավազդ Մանուկյանն ընդհանրապես Ընկերությանը չի դիմել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) 12.02.2007 թվականին «Նարեկ-Շելթեր» ՍՊ ընկերության և Արտավազդ Մանուկյանի միջև կնքված անշարժ գույքի առուվաճառքի նախնական պայմանագրի համաձայն՝ վաճառողը պարտավորվել է ՀՀ կառավարության 30.06.2004 թվականի թիվ 909-Ն որոշման համաձայն Երևան քաղաքի Փ. Բուզանդի փողոցում կառուցվող բազմաբնակարան շենքի վեցերորդ հարկից Արտավազդ Մանուկյանին վաճառել 95քմ ընդհանուր տարածքով բնակարան։

- Պայմանագրի 3.1 կետի համաձայն՝ գույքի վաճառքի գինն ամբողջությամբ կազմել է 37.097.500 ՀՀ դրամ, որից 26.447.500 ՀՀ դրամը՝ գնորդը նախավճարի կարգով 09.02.2007 թվականին վճարել է, իսկ մնացած գումարը՝ 10.650.000 ՀՀ դրամը պարտավորվել է վճարել մինչև 2007 թվականի դեկտեմբեր ամիսը։

- Պայմանագրի 5.1 կետի համաձայն՝ կողմերը պարտավորվել են նախնական պայմանագիրը ստորագրելու օրվանից սկսած 18 ամսվա ընթացքում կնքել առուվաճառքի հիմնական պայմանագիր, կատարել գույքի ընդունում-հանձնում (հատոր 1-ին, գ.թ. 22-23)

2) 26.11.2007 թվականին «Նարեկ-Շելթեր» ՍՊ ընկերության և Անդրանիկ Հարությունյանի միջև կնքված անշարժ գույքի առուվաճառքի նախնական պայմանագրի համաձայն՝ վաճառողը պարտավորվել է ՀՀ կառավարության 30.06.2004 թվականի թիվ 909-Ն որոշման համաձայն՝ Երևան քաղաքի Փ. Բուզանդի 13-21 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի վեցերորդ հարկից Անդրանիկ Հարությունյանին վաճառել 142քմ ընդհանուր տարածքով բնակարան։

- Պայմանագրի 3.1 կետի համաձայն՝ գույքի վաճառքի գինն ամբողջությամբ կազմել է 50.120.000 ՀՀ դրամ, որից 33.000.000 ՀՀ դրամը գնորդը կանխավճարի կարգով 26.11.2007 թվականին վճարել է, իսկ մնացած գումարը՝ 18.120.000 ՀՀ դրամը պարտավորվել է վճարել մինչև 2008 թվականի փետրվար ամիսը։

- Պայմանագրի 5.1 կետի համաձայն՝ կողմերը պարտավորվել են նախնական պայմանագիրը ստորագրելու օրվանից սկսած 18 ամսվա ընթացքում կնքել առուվաճառքի հիմնական պայմանագիր, կատարել գույքի ընդունում-հանձնում (հատոր 1-ին, գ.թ. 27-28)

3) Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 04.07.2012 թվականին քննված թիվ ԵԿԴ/0334/01/10 քրեական գործով ըստ մեղադրանքի Սիմոն Աղազարյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածով կայացվել է դատավճիռ, որով Անդրանիկ Հարությունյանը և Արտավազդ Մանուկյանը հանդիսացել են տուժողներ (հիմք՝ Court.am պաշտոնական կայք)

4) Ընկերության տնօրեն Վ.Պետրոսյանը 26.04.2014 թվականին Անդրանիկ Հարությունյանին ուղղված գրությամբ հայտնել է, որ Ծրագրում որպես շահառու ընդգրկվելու նախատեսված ժամկետը լրացել է 16.04.2014 թվականին և համաձայն Ծրագրի 11-րդ կետի` Ծրագրի մեկնարկից երեք ամսվա ընթացքում Ընկերությանը չդիմած անձի հանդեպ Ընկերությունը որևէ իրավական կամ ֆինանսական պարտավորություն չունի (հատոր 1-ին, գ.թ. 24)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից առերևույթ թույլ է տրվել ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի, Նախկին օրենսգրքի 51-րդ և 53-րդ հոդվածների 1-ին կետերի խախտում, որը, հաստատվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

2005 թվականի ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը:

2005 թվականի ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը (...), իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով՝ օրենքով նախատեսված դեպքերում։

Համանման բովանդակությամբ իրավադրույթներ են նախատեսված նաև 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասով, 60-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով: Այսպես՝

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք:

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով սահմանված դեպքերի:

Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել իր գույքից, բացառությամբ` ի շահ հանրության, և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով և միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացիական իրավունքների օբյեկտներն են գույքը` ներառյալ դրամական միջոցները, արժեթղթերը և գույքային իրավունքները:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերության համաձայն` սեփականության իրավունքը սուբյեկտի` օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան), անդրադառնալով Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածին, իր որոշումներում նշել է, որ թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածը, հռչակելով սեփականության իրավունքը, միաժամանակ նախատեսում է սեփականության իրավունքի սահմանափակման հնարավորություն ի շահ հանրության, եթե այդ սահմանափակումը նախատեսված է օրենքով և միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով, և ընդհանուր շահերին համապատասխան սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար: Եվրոպական դատարանը նշել է նաև, որ ինչ հիմքով էլ, որ տեղի ունենա միջամտությունը սեփականության իրավունքին, դա կարող է արդարացված համարվել բացառապես այն դեպքում, երբ այն տեղի է ունեցել ի շահ հանրության և հետապնդել է իրավաչափ նպատակ () (տե՛ս, Sporrong and Lonnroth v. Sweden գործով Եվրոպական դատարանի 23.09.1982 թվականի վճիռը, կետ 61, Mkhchyan v. Russia գործով Եվրոպական դատարանի 07.02.2017 թվականի վճիռը, կետեր 65-67, Barcza and Others v. Hungary գործով Եվրոպական դատարանի 11.10.2016 թվականի վճիռը, կետեր 41-45):

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենքը կարգավորում է նորմատիվ իրավական ակտի հանրային քննարկման, կարգավորման ազդեցության գնահատման, փորձաքննության, հրապարակման, ուժի մեջ մտնելու, գործողության, փոփոխման, լրացման և գործողության դադարեցման, ինչպես նաև իրավական հակասությունների (իրավական կոլիզիաների) և օրենսդրական բացերի դեպքում իրավական ակտերի նորմերի կիրառման, մեկնաբանման, պարզաբանման հետ կապված հարաբերությունները և օրենսդրական տեխնիկայի կանոնները:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից:

Նշված նորմերի վերլուծությունից բխում է նաև, որ իրավական ակտերի համապատասխան նորմերը ենթակա են մեկնաբանման և(կամ) պարզաբանման միայն այն դեպքում, երբ առկա է իրավական հակասություն (իրավական կոլիզիա) և(կամ) օրենսդրական բաց: Ընդ որում, նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանելիս պարտադիր պետք է հաշվի առնել նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով այդ նորմում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի կարգավորման համատեքստից:

Նախկին օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործով ապացույցներ են նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Այդ տեղեկությունները հաստատվում են`

1) գրավոր և իրեղեն ապացույցներով.

2) փորձագետների եզրակացություններով.

3) վկաների ցուցմունքներով.

4) գործին մասնակցող անձանց ցուցմունքներով:

Նախկին օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Համանման դրույթներ է բովանդակում նաև 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, որի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը՝ ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ապացույցների գնահատման հարցին, նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը՝ հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը: Ապացույցի գնահատումն ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակումն է՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ընդ որում, ապացույցների բավարարությունը գործով ձեռք բերված ապացույցների այնպիսի համակցությունն է, որը հնարավորություն է տալիս վերջնական եզրահանգում կատարելու որոնվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ: Ապացույցների գնահատումը բավարարության տեսանկյունից հետապնդում է ապացույցների միջև հակասությունները վերացնելու նպատակ այնպես, որ փարատվեն ստացված ամբողջ ապացուցողական զանգվածից կատարված հետևությունների ճշմարտացիության վերաբերյալ կասկածները: ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ապացույցների անբավարար լինելու դեպքում գործի հանգամանքների վերաբերյալ դատարանը կարող է կատարել ոչ թե որոշակի, այլ՝ հավանական եզրակացություններ, մինչդեռ դատարանի կողմից գործն ըստ էության լուծող դատական ակտը չի կարող հիմնված լինել հավանական եզրակացությունների և դատողությունների վրա (տե՛ս «Շենքերի կառավարում» համատիրությունն ընդդեմ Մասիս Ղազանչյանի թիվ ԵԱՔԴ/0483/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ դատարանի կողմից ապացույցների գնահատման արդյունքներն արտացոլվում են դատական ակտի պատճառաբանական մասում, որտեղ դատարանը պետք է մատնացույց անի այն ապացույցները, որոնց վրա կառուցում է իր եզրահանգումներն ու հետևությունները, ինչպես նաև այն դատողությունները, որոնցով հերքվում է այս կամ այն ապացույցը: Դատական ակտը կարող է համարվել պատշաճ կերպով պատճառաբանված միայն այն դեպքում, երբ դրա պատճառաբանական մասում դատարանը ցույց է տվել ապացույցների գնահատման հարցում իր ներքին համոզմունքի ձևավորման օբյեկտիվ հիմքերը (տե՛ս Արման Վարդազարյանն ընդդեմ Կարինե Վարդազարյանի թիվ ԵԱՔԴ/0598/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):

 

Սույն գործի փաստերի համաձայն՝ 12.02.2007 թվականին «Նարեկ-Շելթեր» ՍՊ ընկերության և Արտավազդ Մանուկյանի միջև կնքված անշարժ գույքի առուվաճառքի նախնական պայմանագրի համաձայն՝ վաճառողը պարտավորվել է ՀՀ կառավարության 30.06.2004 թվականի թիվ 909-Ն որոշման համաձայն Երևան քաղաքի Փ. Բուզանդի փողոցում կառուցվող բազմաբնակարան շենքի վեցերորդ հարկից Արտավազդ Մանուկյանին վաճառել 95քմ ընդհանուր տարածքով բնակարան։

Պայմանագրի 3.1 կետի համաձայն՝ գույքի վաճառքի գինն ամբողջությամբ կազմել է 37.097.500 ՀՀ դրամ, որից 26.447.500 ՀՀ դրամը՝ գնորդը նախավճարի կարգով 09.02.2007 թվականին վճարել է, իսկ մնացած գումարը՝ 10.650.000 ՀՀ դրամը պարտավորվել է վճարել մինչև 2007 թվականի դեկտեմբեր ամիսը։ «Նարեկ-Շելթեր» ՍՊ ընկերության և Անդրանիկ Հարությունյանի միջև 26.11.2007 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի նախնական պայմանագրի համաձայն՝ վաճառողը պարտավորվել է ՀՀ կառավարության 30.06.2004 թվականի թիվ 909-Ն որոշման համաձայն՝ Երևան քաղաքի Փ. Բուզանդի 13-21 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի վեցերորդ հարկից Անդրանիկ Հարությունյանին վաճառել 142քմ ընդհանուր տարածքով բնակարան։ Պայմանագրի 3.1 կետի համաձայն՝ գույքի վաճառքի գինն ամբողջությամբ կազմել է 50.120.000 ՀՀ դրամ, որից 33.000.000 ՀՀ դրամը գնորդը կանխավճարի կարգով 26.11.2007 թվականին վճարել է, իսկ մնացած գումարը՝ 18.120.000 ՀՀ դրամը պարտավորվել է վճարել մինչև 2008 թվականի փետրվար ամիսը։

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 04.07.2012 թվականի դատավճռով Սիմոն Աղազարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածով, իսկ Անդրանիկ Հարությունյանն ու Արտավազդ Մանուկյանը ճանաչվել են տուժողներ:

Ընկերությունը՝ ի դեմս Երևանի քաղաքապետարանի, ստանձնել է Ծրագրի իրականացում, որով որպես շահառու են հանդիսանում նաև վերոնշյալ քրեական գործով տուժող ճանաչված անձինք: Ծրագրին մասնակցելու կարգը, պայմանները և այլ հանգամանքներ սահմանված են ՀՀ կառավարության որոշմամբ:

Անդրանիկ Հարությունյանն ու Արտավազդ Մանուկյանը դիմել են Դատարան և պահանջել են հարկադրել Ընկերությանը պատշաճ կատարել պայմանագրային պարտավորությունները, այն է՝ պարտավորեցնել կնքել անշարժ գույքի օտարման պայմանագրեր:

Դատարանը հայցը մերժել է` պատճառաբանելով, որ հայցվորների կողմից բաց է թողնվել Ծրագրին մասնակցելու համար ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ժամկետը:

Վերաքննիչ դատարանը մերժել է Անդրանիկ Հարությունյանի և Արտավազդ Մանուկյանի վերաքննիչ բողոքը՝ հիմնավոր համարելով Դատարանի պատճառաբանությունները։ Վերաքննիչ դատարանը միաժամանակ արձանագրել է հետևյալը. «Ինչ վերաբերում է բողոքաբերների փաստարկին այն մասին, որ Դատարանը չի անդրադարձել հայցվորների կողմից ներկայացված ապացույցներին` անշարժ գույքի առուվաճառքի նախնական պայմանագրերին և վճարման անդորրագրերին, ապա` Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ քննարկվող պարագայում վեճի լուծման համար կարևոր նշանակություն է ունեցել հայցվորների կողմից` ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված փոխհատուցման կարգն ու ձևը չպահպանելը, ինչն էլ դարձել է հայցի մերժման հիմք»:

Վերոգրյալ իրավական վերլուծությունների լույսի ներքո անդրադառնալով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

ՀՀ կառավարության 28.11.2013 թվականի թիվ 1333-Ա որոշման (այսուհետ` թիվ 1333-Ա որոշում) 1-ին գլխի 6-րդ կետի համաձայն` Ընկերությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի 02032012 թվականի թիվ 194-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովին (այսուհետ` հանձնաժողով) ներկայացրել է Բուզանդի 13-21 հասցեում գտնվող հողի ձեռքբերման առաջարկ` նույն ծրագրի իրականացումն ստանձնելու պայմանով: Ընկերությունը Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղի 1/2 հասցեում գտնվող անավարտ շինարարության օբյեկտի սեփականատեր-կառուցապատողն է և իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության 04042013 թվականի «Երևան քաղաքի Արամի փողոցի 72-80 հասցեներում ձախողված կառուցապատման ծրագրից տուժած անձանց գույքային կորուստների վերականգնման միջոցառումները և ծրագիրը հաստատելու մասին» 342-Ա որոշման 1-ին կետով հաստատված` Երևան քաղաքի Արամի փողոցի 72-80 հասցեներում ձախողված կառուցապատման ծրագրից տուժած անձանց գույքային կորուստների վերականգնման ծրագիրը (…):

Թիվ 1333-Ա որոշման 2-րդ գլխի 7-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի համաձայն` ծրագրի շահառուները ֆիզիկական անձանց հետևյալ խմբերն են` ըստ կրած կորստի չափերի`

1) Երևան քաղաքի Փավստոս Բուզանդի 13-21 հասցեներում իրացման գոտում իրացված գույքերի նախկին սեփականատերերը, օգտագործողները կամ սեփականատիրոջ, օգտագործողի ժառանգները՝ սեփականատիրոջ դեպքում՝ «Վիզկոն» ՍՊԸ-ի հետ կնքած իրացման պայմանագրով պետության կարիքների համար իրացված գույքի պայմանագրային (գնահատված) արժեքի չվճարված մնացորդի, իսկ օգտագործողի դեպքում` աջակցության և խրախուսման գումարի չհատուցված մնացորդի չափով, նվազեցրած` հետագայում ստացած գումարային հատուցումները և այլ անձի հատուցմամբ փոխանցված (զիջված) իրավունքի մակերեսներին համամասնական գումարը, ինչպես նաև 2013 թվականի հուլիսի 1-ից հետո նոտարական վավերացմամբ կնքված հատուցելի ցեսիայի գործարքով նրանց իրավահաջորդները,

2) ԵԿԴ/0334/01/10 քրեական գործով կայացված դատավճռով տուժող ճանաչված՝ նախնական պայմանագրով կանխավճարի կամ փոխառության հիմունքներով «Նարեկ Շելթեր» ՍՊԸ-ին գումար վճարած անձինք` 2012 թվականի հուլիսի 4-ի կայացած դատավճռով հաստատված գումարի չվերադարձված մնացորդի չափով (…):

Թիվ 1333-Ա որոշման 3-րդ գլխի 9-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն` նախկին սեփականատերերի և օգտագործողների իրավունքների դադարեցման դիմաց հատուցման դրամական մնացորդի սպասարկումը «Դի Ընդ Էյջ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավորվում է իրականացնել 3 հիմնական տարբերակներով` ըստ շահառուի ընտրության՝

1) Երևան քաղաքի Փավստոս Բուզանդի 13-21 շենքի վերգետնյա հատվածի կառուցման նախագծի հիման վրա կառուցվող շենքի կադաստրային գրանցումից հետո երեք ամսվա ընթացքում շահառուին առաջարկվում է կնքել այդ շենքից կառուցապատման ավարտից հետո առաջացող բնակելի նշանակության գույքային միավորի օտարման նախնական պայմանագիր (…):

Նույն կետի 3-րդ ենթակետի համաձայն` ծրագրի մեկնարկից երեք ամսվա ընթացքում շահառուին վճարվում է դրամական հատուցում «Վիզկոն» ՍՊԸ-ի կնքած իրացման պայմանագրով որպես հատուցման տեսակ նախատեսված` ապագայում տրամադրվելիք տարածքի մակերեսի 1 քառ. մետրի դիմաց 1000-1100 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով` հաշվի առնելով առանձին իրացման պայմանագրերում առկա՝ իրացված գույքի մակերեսի և իրացման պայմանագրով որոշված ապագա հատուցման մակերեսի համաչափությունից շեղումները, որի և իրացման պայմանագրով դադարեցված սեփականության կամ օգտագործման իրավունքի պայմանագրային (գնահատված) գնի միջև դրական տարբերությունը եկամտային հարկի առումով դիտվում է պետական մարմնի որոշման հիման վրա ֆիզիկական անձին տրամադրվող օգնություն (…):

Թիվ 1333-Ա որոշման 4-րդ գլխի 10-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն` սույն ծրագրի 7-րդ կետի 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերում նշված շահառուները դիտվում են դրամական կորուստներ կրած անձինք, որոնց «Դի Ընդ Էյջ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն առաջարկում է չվերականգնված կորուստների դիմաց օգնություն` 3 հիմնական տարբերակներով, ծրագրով ձեռք բերած շահառուի իրավունքները երրորդ անձի հատուցմամբ օտարելու հնարավորությամբ Երևան քաղաքի Փավստոս Բուզանդի 13-21 հասցեներում շենքի վերգետնյա հատվածի կառուցման նախագծի հիման վրա կառուցվող շենքի կադաստրային գրանցումից հետո երեք ամսվա ընթացքում շահառուին առաջարկվում է կնքել այդ շենքից կառուցապատման ավարտից հետո առաջացող գույքային միավորի (բնակելի, հասարակական, ավտոկայանատեղի նշանակությամբ) օտարման նախնական պայմանագիր` ԱՄՆ-ի դոլարով արտահայտված կորստի կրկնապատիկին հավասար կանխատեսվող շուկայական արժեք ունեցող գույքը 50 տոկոս զեղչված գնով օտարելու մասին` հետևյալ պայմաններով (…):

Նույն գլխի 11-րդ կետի համաձայն` ծրագրում ընդգրկվելու համար ծրագրի մեկնարկից երեք ամսվա ընթացքում «Դի Ընդ Էյջ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը չդիմած, ինչպես նաև նույն ծրագրի 10-րդ կետով նախատեսված տարբերակներից ոչ մեկին չհամաձայնող անձի հանդեպ «Դի Ընդ Էյջ Գրուպ» ընկերությունը որևէ իրավական կամ ֆինանսական պարտավորություն չունի:

Թիվ 1333-Ա որոշման 5-րդ գլխի 17-րդ և 18-րդ կետերի համաձայն` Ծրագրի մեկնարկը «Դի Ընդ Էյջ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալում բաժնեմասի շնորհի տրամադրման պայմանագրի հիման վրա Երևան համայնքին պատկանող բաժնեմասը «Դի Ընդ Էյջ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրինմանը հանձնելու մասին իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրառում կատարելու օրվան հաջորդող առաջին օրն է: Ծրագրի ավարտը ծրագրի շահառուներին տրամադրած գումարային հատուցումների և կատարած զեղչված օտարման գործարքների տվյալների վերաբերյալ «Դի Ընդ Էյջ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից վերջին եռամսյակի հաշվետվությունը Երևանի քաղաքապետարանի կողմից ընդունվելու օրն է:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թիվ 1333-Ա որոշմամբ ՀՀ կառավարությունը կանոնակարգել է ԵԿԴ/0334/01/10 քրեական գործով կայացված դատավճռով տուժող ճանաչված՝ նախնական պայմանագրով կանխավճարի կամ փոխառության հիմունքներով «Նարեկ Շելթեր» ՍՊԸ-ին գումար վճարած անձանց կողմից «Դի Ընդ Էյջ Գրուպ» ՍՊԸ-ից փոխհատուցում ստանալու հարցը, այդ թվում նաև սահմանելով որոշակի ընթացակարգ: Մասնավորապես ծրագրում ընդգրկվելու համար թիվ 1333-Ա որոշմամբ դրանում նշված սուբյեկտների համար սահմանվել է ծրագրի մեկնարկի պահից սկսած եռամսյա ժամկետում Ընկերությանը դիմում ներկայացնելու պարտականություն, որի կատարմամբ էլ պայմանավորվել է այդ սուբյեկտներին փոխհատուցում տրամադրելու Ընկերության պարտականության առաջացումը։

Միաժամանակ նույն որոշման 4-րդ գլխի 9-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ «Դի Ընդ Էյջ Գրուպ» ՍՊԸ-ը պարտավորվել է «Նարեկ Շելթեր» ՍՊԸ-ն գործունեությունից տուժած, այն է ՝ թիվ ԵԿԴ/0334/01/10 քրեական գործով կայացված դատավճռով տուժող ճանաչված՝ նախնական պայմանագրով կանխավճարի կամ փոխառության հիմունքներով «Նարեկ Շելթեր» ՍՊԸ-ին գումար վճարած անձանց առաջարկել չվերականգնված կորուստների դիմաց օգնություն ՝ կառուցվող շենքի կադաստրային գրանցումից հետո երեք ամսվա ընթացքում առաջարկել կնքել այդ շենքից, կառուցապատման ավարտից հետո առաջացող գույքային միավորի օտարման նախնական պայմանագիր՝ որոշմամբ սահմանված որոշակի արտոնյալ պայմաններով։ Վերը նշվածով հերքվում է պատասխանողի այն պատճառաբանությունը, թե հայցվորները բոլոր դեպքերում պայմանագիր կնքելու ակնկալիք չէին կարող ունենալ, այլ ՝ միայն մասնակի դրամական փոխհատուցման։

 «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտը` Հայաստանի Հանրապետության ժողովրդի, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված մարմինների կամ պաշտոնատար անձանց ընդունած գրավոր իրավական ակտն է, որը պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ անորոշ թվով անձանց համար, անհատական իրավական ակտը՝ նորմատիվ իրավական ակտի հիման վրա և դրան համապատասխան ընդունված գրավոր իրավական ակտ է, որը սահմանում է վարքագծի կանոն կամ առաջացնում է փաստական հետևանքներ և վերաբերում է միայն դրանում անհատապես նշված անձի կամ անձանց։

Վերը նշված իրավակարգավորումներից հետևում է, որ նշված իրավական ակտերը, ի թիվս այլ հատկանիշների, միմյանցից տարբերվում են դրանցում սահմանվող վարքագծի կանոնների բնույթով և այն անձանց շրջանակով, որոնց վերաբերում են տվյալ իրավական ակտերով սահմանված վարքագծի կանոնները։ Որպես կանոն վերը նշված հատկանիշների միջոցով էլ հենց որոշվում է տվյալ իրավական ակտերի բնույթը։ Մասնավորապես`

- նորմատիվ իրավական ակտը ընդունվելով ինչպես Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից, այնպես էլ Սահմանադրությամբ նախատեսված մարմինների կամ պաշտոնատար անձանց կողմից, պետք է պարունակի վարքագծի պարտադիր կանոններ անորոշ թվով անձանց համար,

- անհատական իրավական ակտը, ընդունվելով նորմատիվ իրավական ակտի հիման վրա և դրան համապատասխան, վերաբերում է միայն դրանում անհատապես նշված անձին կամ անձանց և սահմանում է վարքագծի կանոն կամ առաջացնում փաստական հետևանքներ։

«Նորմատիվ ակտերի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի հերթական համարից անմիջապես հետո իրավական ակտում իրավական ակտն ընդունող մարմինը «Ն» (նորմատիվ) տառով նշում է կատարում դրա նորմատիվ բնույթի մասին: Այլ իրավական ակտերում ակտի բնույթի մասին նշումը կատարվում է «Ա» տառով՝ անհատական իրավական ակտի դեպքում, «Լ» տառով՝ ներքին (լոկալ) իրավական ակտի դեպքում:

Նույն օրենքի 23-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ անհատական իրավական ակտն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին այն անձանց առձեռն կամ օրենքով սահմանված այլ կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից, որոնց ուղղված է ակտը, եթե օրենքով այլ կարգ սահմանված չէ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ կառավարության 28.11.2013 թվականի թիվ 1333-Ա որոշումը վերաբերում է միայն դրանում անհատապես նշված անձանց, որոշակի փաստական հետևանքներ է առաջացրել մասնավորապես հայցվորներ Արտավազդ Մանուկյանի և Անդրանիկ Հարությունյանի համար, ինչով էլ պայմանավորված է նշված որոշման անհատական բնույթ ունենալը։

Տվյալ դեպքում Ընկերության տնօրեն Վ.Պետրոսյանը 26.04.2014 թվականին Անդրանիկ Հարությունյանին ուղղված գրությամբ հայտնել է, որ Ծրագրում որպես շահառու ընդգրկվելու նախատեսված ժամկետը լրացել է 16.04.2014 թվականին և համաձայն Ծրագրի 11-րդ կետի` Ծրագրի մեկնարկից երեք ամսվա ընթացքում Ընկերությանը չդիմած անձի հանդեպ Ընկերությունը որևէ իրավական կամ ֆինանսական պարտավորություն չունի։ Մինչդեռ սույն գործում առկա չէ որևէ ապացույց անհատական իրավական ակտի մասին հայցվորներին սահմանված կարգով իրազեկելու վերաբերյալ, ինչպես նաև հայցվորներն իրենք էլ հայտնել են, որ չեն ստացել ոչ միայն ակտը, այլ նաև որևէ առաջարկ Ծրագրում որպես շահառու ընդգրկվելու վերաբերյալ: Նման պարագայում այդ իրավական ակտը սույն գործով հայցվորների մասով իրավական ուժի մեջ չի մտել, մինչդեռ Վերաքննիչ դատարանը հիմնավոր է համարել Դատարանի հետևություններն այն մասին, որ հայցվորների կողմից բաց է թողնվել Ծրագրին մասնակցելու համար ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ժամկետը և վճիռը թողել է օրինական ուժի մեջ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշվածից ուղղակիորեն բխում է, որ նման պայմանագրի կնքման առաջարկը տուժող ճանաչված անձանց պետք է նախաձեռնվեր «Դի Ընդ Էյջ Գրուպ» ՍՊԸ-ն կողմից։ Այդ տեսակետից, ՀՀ կառավարության որոշման 11-րդ կետի պահանջը, ինչից պատասխանողը բխեցրել է, որ Ընկերությունը պարտավորություններ կարող էր ունենալ միայն սահմանված ժամկետում իրեն դիմած անձանց հանդեպ, որևէ կերպ չի սահմանել, որ ծրագրում ընդգրկվելու համար հենց շահառուները պետք է նախաձեռնություն հանդես բերեին և դիմեին պատասխանողին։ Նկատի ունենալով, որ «Դի Ընդ Էյջ Գրուպ» ՍՊԸ-ն է նշված որոշմամբ պարտավորություններ ստանձնել, ուստի նա էլ պետք է շահառուներին տեղյակ պահեր ծրագրի առկայության և դրանով սահմանված փոխհատուցումների տեսակների, պայմանների մասին։ Հակառակ պարագայում ոչ մի շահառու էլ չէր կարող տեղյակ լինել ծրագրից և կարող էր այդ պատճառով սահմանված արտոնություններից չօգտվել։

Ընդ որում, ՀՀ կառավարության որոշման վերը նշված ենթակետից հետևում է, որ առաջարկը պետք է կատարվեր կառուցվող շենքի կադաստրային գրանցումից հետո երեք ամսվա ընթացքում, մինչդեռ ստորադաս դատարաններն այդ ժամկետին ուշադրություն չեն դարձրել և չեն պարզել, թե երբ է կատարվել կառուցվող շենքի կադաստրային գրանցումը։ Հայցվորները դեռևս հայցադիմումով պնդել են, որ պատասխանողի կողմից իրենց որևէ առաջարկ չի ներկայացվել, հետևաբար տեղյակ չեն եղել նաև ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ժամկետների մասին։

Այսպիսով առկա է իրավական ակտ, որով պատասխանողը պարտավորվել է պայմանագիր կնքել այն բոլոր շահառուների հետ, որոնք կհամաձայնեն ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված պայմաններին, մինչդեռ սույն գործով հայցվորների համաձայնությունը ստանալու համար վերջիններս չեն իրազեկվել։ Միաժամանակ առկա է պայմանագիր կնքելուն պարտավորեցնելու պահանջի հիմքը և նման պահանջը չէր կարող մերժվել ամբողջությամբ։

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն քաղաքացիական գործով ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն չի իրականացվել, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ոչ բոլոր հանգամանքներն են բացահայտվել, որպիսի պարագայում առկա է գործը նոր քննության ուղարկելու անհրաժեշտություն: Գործի նոր քննության ընթացքում դատարանը գործն ըստ էության լուծող պատճառաբանված դատական ակտ կայացնելու նպատակով, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, պետք է որոշի հայցի մերժման կամ բավարարման հարցը՝ ելնելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներից, մասնավորապես՝ հաշվի առնելով, որ պատասխանող ընկերության կողմից չեն պահպանվել ՀՀ կառավարության 28.11.2013 թվականի թիվ 1333-Ա որոշմամբ սահմանված պահանջները:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ] գլխի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.12.2018 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ՝ նոր քննության։

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող և զեկուցող

Ռ. Հակոբյան

 

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

  1103.2022 թ.

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ԵԿԴ/4367/02/16 քաղաքացիական գործով 11․03.2022 թվականին կայացված որոշման վերաբերյալ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 1103.2022 թվականին գրավոր ընթացակարգով քննելով Անդրանիկ Հարությունյանի և Արտավազդ Մանուկյանի բերած վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 10.12.2018 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Անդրանիկ Հարությունյանի և Արտավազդ Մանուկյանի ընդդեմ «Դի Ընդ Էյջ Գրուպ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն), երրորդ անձ Երևանի քաղաքապետարանի` պայմանագրային պարտավորությունները պատշաճ կատարելուն, այն է` անշարժ գույքի օտարման պայմանագրեր կնքելուն պարտավորեցնելու պահանջի մասին, նույն պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել Վերաքննիչ դատարանի 10.12.2018 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորներ Ռուզաննա Հակոբյանս, Գոռ Հակոբյանս և Նախշուն Տավարացյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշմամբ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության արտահայտած կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-10-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը նշված որոշման վերաբերյալ:

 

Սույն գործի փաստերի համաձայն՝ դիմելով դատարան, Անդրանիկ Հարությունյանը և Արտավազդ Մանուկյանը պահանջել են պարտավորեցնել Ընկերությանը պատշաճ կատարել պայմանագրային պարտավորությունները, այն է` կնքել անշարժ գույքի օտարման պայմանագրեր:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Մազմանյան) (այսուհետ` Դատարան) 06.07.2018 թվականի վճռով հայցը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ հայցվորների կողմից բաց է թողնվել ՀՀ կառավարության 28.11.2013 թվականի «Երևան քաղաքի Փավստոս Բուզանդի փողոցին հարող տարածքներում գտնվող անավարտ շինարարության օբյեկտի օտարման պայմանների և ՀՀ կառավարության 26.04.2012 թվականի թիվ 599-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 1333-Ա որոշման հավելվածով սահմանված ծրագրին (այսուհետ՝ Ծրագիր) մասնակցելու համար ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ժամկետը:

Վերաքննիչ դատարանը 10.12.2018 թվականի որոշմամբ մերժել է Անդրանիկ Հարությունյանի և Արտավազդ Մանուկյանի վերաքննիչ բողոքը՝ հիմնավոր համարելով Դատարանի պատճառաբանությունները։ Վերաքննիչ դատարանը միաժամանակ արձանագրել է հետևյալը. «Ինչ վերաբերում է բողոքաբերների փաստարկին այն մասին, որ Դատարանը չի անդրադարձել հայցվորների կողմից ներկայացված ապացույցներին` անշարժ գույքի առուվաճառքի նախնական պայմանագրերին և վճարման անդորրագրերին, ապա` Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ քննարկվող պարագայում վեճի լուծման համար կարևոր նշանակություն է ունեցել հայցվորների կողմից` ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված փոխհատուցման կարգն ու ձևը չպահպանելը, ինչն էլ դարձել է հայցի մերժման հիմք»:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Անդրանիկ Հարությունյանը և Արտավազդ Մանուկյանը ( ներկայացուցիչ Հարություն Ազատյան)։

 

Վճռաբեկ դատարանը որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել Վերաքննիչ դատարանի 10.12.2018 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։

Վերոգրյալ եզրահանգումը Վճռաբեկ դատարանը հիմնավորել է հետևյալով

«(…) թիվ 1333-Ա որոշմամբ ՀՀ կառավարությունը կանոնակարգել է ԵԿԴ/0334/01/10 քրեական գործով կայացված դատավճռով տուժող ճանաչված՝ նախնական պայմանագրով կանխավճարի կամ փոխառության հիմունքներով «Նարեկ Շելթեր» ՍՊԸ-ին գումար վճարած անձանց կողմից «Դի Ընդ Էյջ Գրուպ» ՍՊԸ-ից փոխհատուցում ստանալու հարցը, այդ թվում նաև սահմանելով որոշակի ընթացակարգ: Մասնավորապես ծրագրում ընդգրկվելու համար թիվ 1333-Ա որոշմամբ դրանում նշված սուբյեկտների համար սահմանվել է ծրագրի մեկնարկի պահից սկսած եռամսյա ժամկետում Ընկերությանը դիմում ներկայացնելու պարտականություն, որի կատարմամբ էլ պայմանավորվել է այդ սուբյեկտներին փոխհատուցում տրամադրելու Ընկերության պարտականության առաջացումը։

Միաժամանակ նույն որոշման 4-րդ գլխի 9-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ «Դի Ընդ Էյջ Գրուպ» ՍՊԸ-ը պարտավորվել է «Նարեկ Շելթեր» ՍՊԸ-ն գործունեությունից տուժած, այն է՝ թիվ ԵԿԴ/0334/01/10 քրեական գործով կայացված դատավճռով տուժող ճանաչված՝ նախնական պայմանագրով կանխավճարի կամ փոխառության հիմունքներով «Նարեկ Շելթեր» ՍՊԸ-ին գումար վճարած անձանց առաջարկել չվերականգնված կորուստների դիմաց օգնություն ՝ կառուցվող շենքի կադաստրային գրանցումից հետո երեք ամսվա ընթացքում առաջարկել կնքել այդ շենքից, կառուցապատման ավարտից հետո առաջացող գույքային միավորի օտարման նախնական պայմանագիր՝ որոշմամբ սահմանված որոշակի արտոնյալ պայմաններով։ Վերը նշվածով հերքվում է պատասխանողի այն պատճառաբանությունը, թե հայցվորները բոլոր դեպքերում պայմանագիր կնքելու ակնկալիք չէին կարող ունենալ, այլ՝ միայն մասնակի դրամական փոխհատուցման։

 «․․․» ՀՀ կառավարության 28.11.2013 թվականի թիվ 1333-Ա որոշումը վերաբերում է միայն դրանում անհատապես նշված անձանց որոշակի փաստական հետևանքներ է առաջացրել մասնավորապես հայցվորներ Արտավազդ Մանուկյանի և Անդրանիկ Հարությունյանի համար, ինչով էլ պայմանավորված է նշված որոշման անհատական բնույթ ունենալը։

Տվյալ դեպքում Ընկերության տնօրեն Վ.Պետրոսյանը 26.04.2014 թվականին Անդրանիկ Հարությունյանին ուղղված գրությամբ հայտնել է, որ Ծրագրում որպես շահառու ընդգրկվելու նախատեսված ժամկետը լրացել է 16.04.2014 թվականին և համաձայն Ծրագրի 11-րդ կետի` Ծրագրի մեկնարկից երեք ամսվա ընթացքում Ընկերությանը չդիմած անձի հանդեպ Ընկերությունը որևէ իրավական կամ ֆինանսական պարտավորություն չունի։ Մինչդեռ՝ սույն գործում առկա չէ որևէ ապացույց անհատական իրավական ակտի մասին հայցվորներին սահմանված կարգով իրազեկելու վերաբերյալ, ինչպես նաև հայցվորներն իրենք էլ հայտնել են, որ չեն ստացել ոչ միայն ակտը, այլ նաև որևէ առաջարկ Ծրագրում որպես շահառու ընդգրկվելու վերաբերյալ: Նման պարագայում այդպիսի իրավական ակտն սույն գործով հայցվորների մասով իրավական ուժի մեջ չի մտել, մինչդեռ Վերաքննիչ դատարանը հիմնավոր է համարել Դատարանի հետևություններն այն մասին, որ հայցվորների կողմից բաց է թողնվել Ծրագրին մասնակցելու համար ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ժամկետը և վճիռը թողել է օրինական ուժի մեջ:

«․․․» վերը նշվածից ուղղակիորեն բխում է, որ նման պայմանագրի կնքման առաջարկը տուժող ճանաչված անձանց պետք է նախաձեռնվեր «Դի Ընդ Էյջ Գրուպ» ՍՊԸ-ն կողմից։ Այդ տեսակետից, ՀՀ կառավարության որոշման 11-րդ կետի պահանջը, ինչից պատասխանողը բխեցրել է, որ Ընկերությունը պարտավորություններ կարող էր ունենալ միայն սահմանված ժամկետում իրեն դիմած անձանց հանդեպ, որևէ կերպ չի սահմանել, որ ծրագրում ընդգրկվելու համար հենց շահառուները պետք է նախաձեռնություն հանդես բերեին և դիմեին պատասխանողին։ Նկատի ունենալով, որ «Դի Ընդ Էյջ Գրուպ» ՍՊԸ-ն է նշված որոշմամբ պարտավորություններ ստանձնել, ուստի նա էլ պետք է շահառուներին տեղյակ պահեր ծրագրի առկայության և դրանով սահմանված փոխհատուցումների տեսակների, պայմանների մասին։ Հակառակ պարագայում ոչ մի շահառու էլ չէր կարող տեղյակ լինել ծրագրից և կարող էր այդ պատճառով սահմանված արտոնություններից չօգտվել։

Ընդ որում ՀՀ կառավարության որոշման վերը նշված ենթակետից հետևում է, որ առաջարկը պետք է կատարվեր կառուցվող շենքի կադաստրային գրանցումից հետո երեք ամսվա ընթացքում, մինչդեռ սոտրադաս դատարաններն այդ ժամկետին ուշադրություն չեն դարձրել և չեն պարզել, թե երբ է կատարվել կառուցվող շենքի կադաստրային գրանցումը։ Հայցվորները դեռևս հայցադիմումով պնդել են, որ պատասխանողի կողմից իրենց որևէ առաջարկ չի ներկայացվել, հետևաբար տեղյակ չեն եղել նաև ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ժամկետների մասին։

Այսպիսով առկա է իրավական ակտ, որով պատասխանողը պարտավորվել է պայմանագիր կնքել այն բոլոր շահառուների հետ, որոնք կհամաձայնեն ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված պայմաններին, մինչդեռ սույն գործով հայցվորների համաձայնությունը ստանալու համար վերջիններս չեն իրազեկվել։ Միաժամանակ առկա է պայմանագիր կնքելուն պարտավորեցնելու պահանջի հիմքը և նման պահանջը չէր կարող մերժվել ամբողջությամբ։

«․․․» սույն քաղաքացիական գործով ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն չի իրականացվել, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ոչ բոլոր հանգամանքներն են բացահայտվել, որպիսի պարագայում առկա է գործը նոր քննության ուղարկելու անհրաժեշտություն: Գործի նոր քննության ընթացքում դատարանը գործն ըստ էության լուծող պատճառաբանված դատական ակտ կայացնելու նպատակով, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, պետք է որոշի հայցի մերժման կամ բավարարման հարցը՝ ելնելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներից, մասնավորապես՝ հաշվի առնելով, որ պատասխանող ընկերության կողմից չեն պահպանվել ՀՀ կառավարության 28.11.2013 թվականի թիվ 1333-Ա որոշմամբ սահմանված պահանջները»:

 

Գտնում ենք, որ Վճռաբեկ դատարանի վերոգրյալ պատճառաբանությունները չէին կարող հիմք հանդիսանալ Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության ուղարկելու համար հետևյալ հիմնավորմամբ։

Այսպես.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի համաձայն՝ վճռաբեկ բողոքը բերվում է նույն օրենսգրքի 363-րդ հոդվածով նախատեսված հիմքերով:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նյութական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված, եթե առկա է նույն օրենսգրքի 364-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատավարական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված, եթե առկա է սույն օրենսգրքի 365-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 364-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նյութական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված, եթե դատարանը`

1) չի կիրառել այն օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը, որը պետք է կիրառեր.

2) կիրառել է այն օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը, որը չպետք է կիրառեր.

3) սխալ է մեկնաբանել օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նյութական իրավունքի նորմի խախտումը կամ սխալ կիրառումը վճռի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է գործի սխալ լուծման:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը դատական ակտի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման։ Դատարանի ըստ էության ճիշտ դատական ակտը չի կարող բեկանվել միայն ձևական նկատառումներով։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճռաբեկության կարգով բողոքի քննության ժամանակ Վճռաբեկ դատարանը գործով կայացված դատական ակտը վերանայում է միայն վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, բացառությամբ նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:

Տվյալ դեպքում, ըստ Վճռաբեկ դատարանի որոշման, վճռաբեկ բողոքը բերվել է հետևյալ հիմքերով.

«Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 10-րդ և 60-րդ հոդվածների 1-ին մասերը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածը, 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Նախկին օրենսգիրք) 5-րդ և 6-րդ հոդվածները, 51-րդ և 53-րդ հոդվածների 1-ին կետերը, 130-րդ և 132-րդ հոդվածները»:

Միևնույն ժամանակ, ըստ Վճռաբեկ դատարանի որոշման, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի, Նախկին օրենսգրքի 51-րդ և 53-րդ հոդվածների 1-ին կետերի խախտում առերևույթ թույլ տալու հանգամանքով:

Վերոգրյալ իրավակարգավորումների հաշվառմամբ գտնում ենք, որ սույն գործով Վերաքննիչ դատարանի որոշման իրավաչափության, հիմնավորվածության, այլ կերպ ասած դատական սխալի առկայության հարցը Վճռաբեկ դատարանը պետք է գնահատեր միայն վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում՝ իրավական դիրքորոշում արտահայտելով ՀՀ Սահմանադրության 10-րդ և 60-րդ հոդվածների 1-ին մասերը, Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածը, Նախկին օրենսգրքի 5-րդ և 6-րդ հոդվածները, 51-րդ և 53-րդ հոդվածների 1-ին կետերը, 130-րդ և 132-րդ հոդվածները կամ թվարկվածներից առնվազն մեկը կամ մի քանիսը Վերաքննիչ դատարանի կողմից խախտած լինելու կամ չլինելու կապակցությամբ:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ տվյալ դեպքում ըստ Վճռաբեկ դատարանի որոշման՝ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորվել է Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի, Նախկին օրենսգրքի 51-րդ և 53-րդ հոդվածների 1-ին կետերի խախտում առերևույթ թույլ տալու հանգամանքով, գտնում ենք, որ Վճռաբեկ դատարանը պետք է իրավական դիրքորոշում արտահայտեր նշված իրավանորմերը Վերաքննիչ դատարանի կողմից խախտած լինելու և դրանով արդարադատության բուն էությունը խախտած լինելու մասին:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանի որոշումը հիմնավորումներ չի պարունակում ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի, Նախկին օրենսգրքի 51-րդ և 53-րդ հոդվածների 1-ին կետերի խախտումը Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տալու վճռաբեկ բողոքի հիմքերի և այդ խախտման հետևանքով արդարադատության բուն էությունը խաթարելու վերաբերյալ, որը, փաստորեն, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմք է հանդիսացել:

Հարկ ենք համարում ընդգծել, որ Վճռաբեկ դատարանն իր որոշմամբ վկայակոչել է 2005 թվականի ՀՀ Սահմանադրության1 8-րդ հոդվածի 1-ին մասը, 31-րդ հոդվածի 1-ին մասը, նշված իրավանորմերին համանման իրավադրույթներ պարունակող 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին կետը, 163-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերությունը, ի շահ հանրության սեփականության իրավունքի սահմանափակման հնարավորության մասին Sporrong and Lonnroth v. Sweden գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) 23.09.1982 թվականի վճռով՝ կետ 61, Mkhchyan v. Russia գործով Եվրոպական դատարանի 07.02.2017 թվականի վճռով, կետեր՝ 65-67, Barcza and Others v. Hungary գործով Եվրոպական դատարանի 11.10.2016 թվականի վճռով, կետեր 41-45, արտահայտված իրավական դիրքորոշումները, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասը, 41-րդ հոդվածի 1-ին մասը, Նախկին օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետը, 53-րդ հոդվածի 1-ին կետը, 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականից ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասը, ապացույցների գնահատման վերաբերյալ «Շենքերի կառավարում» համատիրությունն ընդդեմ Մասիս Ղազանչյանի թիվ ԵԱՔԴ/0483/02/15 և Արման Վարդազարյանն ընդդեմ Կարինե Վարդազարյանի թիվ ԵԱՔԴ/0598/02/15 քաղաքացիական գործերով ՀՀ վճռաբեկ դատարանի համապատասխանաբար 22.07.2016 թվականի և 19.04.2019 թվականի որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումները, սակայն այդ իրավական վերլուծությունների լույսի ներքո անդրադառնալով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը Վճռաբեկ դատարանը որևէ իրավական գնահատական չի տվել այն հարցին, թե ի վերջո ինչումն է կայացել Վերաքննիչ դատարանի կողմից 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի, Նախկին օրենսգրքի 51-րդ և 53-րդ հոդվածների 1-ին կետերի խախտում թույլ տալը:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանի որոշումը որևէ հիմնավորում չունի այն մասին, թե ինչպես են ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը համարվել խախտված կամ սխալ կիրառված, արդյոք Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, որոնք պետք է կիրառեր, կիրառել է ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, որոնք չպետք է կիրառեր, թե սխալ է մեկնաբանել ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանի որոշումը որևէ հիմնավորում չունի այն մասին, թե Վերաքննիչ դատարանն ինչպես է խախտել Նախկին օրենսգրքի՝ «Ապացույցների թույլատրելիությունը և վերաբերելիությունը» վերտառությամբ 51-րդ և «Ապացույցների գնահատումը» վերտառությամբ 53-րդ հոդվածների 1-ին կետերը, արդյո՞ք գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, հաստատվել են այլ ապացույցներով կամ դատարանը յուրաքանչյուր ապացույց չի գնահատել գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

 

Գտնում ենք, որ ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի, Նախկին օրենսգրքի 51-րդ և 53-րդ հոդվածների 1-ին կետերի խախտումը Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տալու հանգամանքը հիմնավորված չէ հետևյալ պատճառաբանությամբ.

Նախկին օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապացույցները ներկայացնում են գործին մասնակցող անձինք։

Նախկին օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: Եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:

Նախկին օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:

Նախկին օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով վերոգրյալ իրավանորմերի վերլուծությանը արձանագրել է, որ ապացույցներ հավաքելու և դատարան ներկայացնելու պարտականությունը կրում են կողմերը` ապացուցման բեռի բաշխմանը համամասնորեն (տե՛ս Հենրիկ Երիցյանն ընդդեմ Մերուժան Ղզրոյանի և մյուսների թիվ ՇԴ3/0325/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.10.2013 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի լինելու դեպքում դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը (տե՛ս Էդգար Մարկոսյանը և Զարուհի Գևորգյանն ընդդեմ Սեդա Սարգսյանի թիվ ԵԱՆԴ/0479/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

ՀՀ սահմանադրական դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է Նախկին օրենսգրքի 48-րդ հոդվածի մեկնաբանությանը, մասնավորապես` նշելով, որ հայցային վարույթի գործով հայցվորը պետք է ապացուցի իր պահանջների հիմքում ընկած փաստերը, իսկ պատասխանողը, եթե չի ընդունում հայցը և հենվում է որոշակի փաստերի վրա, պարտավոր է ապացուցել իր առարկությունների հիմքում ընկած փաստերը կամ եթե հայցվորն է առարկում պատասխանողի բերած փաստերի դեմ, ապա նա է պարտավոր ապացուցել իր առարկությունների հիմքում ընկած փաստերը։ Նման իրավակարգավորումը հետևում է այն տրամաբանությանը, որ տվյալ փաստի վրա հիմնվող կողմն ավելի իրազեկ է և դատարանին կարող է ներկայացնել տվյալ փաստն ապացուցող հանգամանքները, և որ շահագրգռված կողմը կձեռնարկի բոլոր միջոցներն իր մատնանշած փաստն ապացուցելու համար (տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի 08.12.2009 թվականի թիվ ՍԴՈ-845 որոշումը):

Համանման դրույթներ է բովանդակում նաև 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, որի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով: Նույն օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը՝ հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս, Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ դատարանը գործն ըստ էության լուծող պատճառաբանված դատական ակտ կայացնելու նպատակով պետք է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գնահատի գործում եղած բոլոր ապացույցները՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Դատարանի կողմից ապացույցների գնահատման արդյունքներն արտացոլվում են դատական ակտի պատճառաբանական մասում, որտեղ դատարանը պետք է մատնացույց անի այն ապացույցները, որոնց վրա կառուցում է իր եզրահանգումներն ու հետևությունները, ինչպես նաև այն դատողությունները, որոնցով հերքվում է այս կամ այն ապացույցը: Դատական ակտը կարող է համարվել պատշաճ կերպով պատճառաբանված միայն այն դեպքում, երբ դրա պատճառաբանական մասում դատարանը ցույց է տվել ապացույցների գնահատման հարցում իր ներքին համոզմունքի ձևավորման օբյեկտիվ հիմքերը (տե՛ս Արման Վարդազարյանն ընդդեմ Կարինե Վարդազարյանի թիվ ԵԱՔԴ/0598/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):

 

Սույն գործի փաստերի համաձայն՝ հայցվորներ Անդրանիկ Հարությունյանի, Արտավազդ Մանուկյանի և «Նարեկ-Շելթեր» ՍՊԸ-ի միջև կնքվել են նախնական պայմանագրեր, համաձայն որոնց՝ հայցվորները վճարել են գումարներ:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 04.07.2012 թվականի դատավճռով Սիմոն Աղազարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածով, իսկ Անդրանիկ Հարությունյանն ու Արտավազդ Մանուկյանը ճանաչվել են տուժողներ:

Ընկերությունը՝ ի դեմս Երևանի քաղաքապետարանի, ստանձնել է Ծրագրի իրականացում, որով որպես շահառու են հանդիսանում նաև վերոնշյալ քրեական գործով տուժող ճանաչված անձինք: Ծրագրին մասնակցելու կարգը, պայմանները և այլ հանգամանքներ սահմանված են ՀՀ կառավարության որոշմամբ:

Անդրանիկ Հարությունյանն ու Արտավազդ Մանուկյանը դիմել են Դատարան և պահանջել են հարկադրել Ընկերությանը պատշաճ կատարել պայմանագրային պարտավորությունները, այն է՝ պարտավորեցնել կնքել անշարժ գույքի օտարման պայմանագրեր:

ՀՀ կառավարության 28.11.2013 թվականի թիվ 1333-Ա որոշման (այսուհետ` թիվ 1333-Ա որոշում) 1-ին գլխի 6-րդ կետի համաձայն` Ընկերությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի 02032012 թվականի թիվ 194-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովին (այսուհետ` հանձնաժողով) ներկայացրել է Բուզանդի 13-21 հասցեում գտնվող հողի ձեռքբերման առաջարկ` նույն ծրագրի իրականացումն ստանձնելու պայմանով: Ընկերությունը Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղի 1/2 հասցեում գտնվող անավարտ շինարարության օբյեկտի սեփականատեր-կառուցապատողն է և իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության 04042013 թվականի «Երևան քաղաքի Արամի փողոցի 72-80 հասցեներում ձախողված կառուցապատման ծրագրից տուժած անձանց գույքային կորուստների վերականգնման միջոցառումները և ծրագիրը հաստատելու մասին» 342-Ա որոշման 1-ին կետով հաստատված` Երևան քաղաքի Արամի փողոցի 72-80 հասցեներում ձախողված կառուցապատման ծրագրից տուժած անձանց գույքային կորուստների վերականգնման ծրագիրը (…):

Թիվ 1333-Ա որոշման 2-րդ գլխի 7-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի համաձայն` ծրագրի շահառուները ֆիզիկական անձանց հետևյալ խմբերն են` ըստ կրած կորստի չափերի`

1) Երևան քաղաքի Փավստոս Բուզանդի 13-21 հասցեներում իրացման գոտում իրացված գույքերի նախկին սեփականատերերը, օգտագործողները կամ սեփականատիրոջ, օգտագործողի ժառանգները՝ սեփականատիրոջ դեպքում՝ «Վիզկոն» ՍՊԸ-ի հետ կնքած իրացման պայմանագրով պետության կարիքների համար իրացված գույքի պայմանագրային (գնահատված) արժեքի չվճարված մնացորդի, իսկ օգտագործողի դեպքում` աջակցության և խրախուսման գումարի չհատուցված մնացորդի չափով, նվազեցրած` հետագայում ստացած գումարային հատուցումները և այլ անձի հատուցմամբ փոխանցված (զիջված) իրավունքի մակերեսներին համամասնական գումարը, ինչպես նաև 2013 թվականի հուլիսի 1-ից հետո նոտարական վավերացմամբ կնքված հատուցելի ցեսիայի գործարքով նրանց իրավահաջորդները,

2) ԵԿԴ/0334/01/10 քրեական գործով կայացված դատավճռով տուժող ճանաչված՝ նախնական պայմանագրով կանխավճարի կամ փոխառության հիմունքներով «Նարեկ Շելթեր» ՍՊԸ-ին գումար վճարած անձինք` 2012 թվականի հուլիսի 4-ի կայացած դատավճռով հաստատված գումարի չվերադարձված մնացորդի չափով (…):

Թիվ 1333-Ա որոշման 3-րդ գլխի 9-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն` նախկին սեփականատերերի և օգտագործողների իրավունքների դադարեցման դիմաց հատուցման դրամական մնացորդի սպասարկումը «Դի Ընդ Էյջ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավորվում է իրականացնել 3 հիմնական տարբերակներով` ըստ շահառուի ընտրության՝

1) Երևան քաղաքի Փավստոս Բուզանդի 13-21 շենքի վերգետնյա հատվածի կառուցման նախագծի հիման վրա կառուցվող շենքի կադաստրային գրանցումից հետո երեք ամսվա ընթացքում շահառուին առաջարկվում է կնքել այդ շենքից կառուցապատման ավարտից հետո առաջացող բնակելի նշանակության գույքային միավորի օտարման նախնական պայմանագիր (…):

Նույն կետի 3-րդ ենթակետի համաձայն` ծրագրի մեկնարկից երեք ամսվա ընթացքում շահառուին վճարվում է դրամական հատուցում «Վիզկոն» ՍՊԸ-ի կնքած իրացման պայմանագրով որպես հատուցման տեսակ նախատեսված` ապագայում տրամադրվելիք տարածքի մակերեսի 1 քառ. մետրի դիմաց 1000-1100 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով` հաշվի առնելով առանձին իրացման պայմանագրերում առկա՝ իրացված գույքի մակերեսի և իրացման պայմանագրով որոշված ապագա հատուցման մակերեսի համաչափությունից շեղումները, որի և իրացման պայմանագրով դադարեցված սեփականության կամ օգտագործման իրավունքի պայմանագրային (գնահատված) գնի միջև դրական տարբերությունը եկամտային հարկի առումով դիտվում է պետական մարմնի որոշման հիման վրա ֆիզիկական անձին տրամադրվող օգնություն (…):

Թիվ 1333-Ա որոշման 4-րդ գլխի 10-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն` սույն ծրագրի 7-րդ կետի 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերում նշված շահառուները դիտվում են դրամական կորուստներ կրած անձինք, որոնց «Դի Ընդ Էյջ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն առաջարկում է չվերականգնված կորուստների դիմաց օգնություն` 3 հիմնական տարբերակներով, ծրագրով ձեռք բերած շահառուի իրավունքները երրորդ անձի հատուցմամբ օտարելու հնարավորությամբ Երևան քաղաքի Փավստոս Բուզանդի 13-21 հասցեներում շենքի վերգետնյա հատվածի կառուցման նախագծի հիման վրա կառուցվող շենքի կադաստրային գրանցումից հետո երեք ամսվա ընթացքում շահառուին առաջարկվում է կնքել այդ շենքից կառուցապատման ավարտից հետո առաջացող գույքային միավորի (բնակելի, հասարակական, ավտոկայանատեղի նշանակությամբ) օտարման նախնական պայմանագիր` ԱՄՆ-ի դոլարով արտահայտված կորստի կրկնապատիկին հավասար կանխատեսվող շուկայական արժեք ունեցող գույք 50 տոկոս զեղչված գնով օտարելու մասին` հետևյալ պայմաններով (…):

Նույն գլխի 11-րդ կետի համաձայն` ծրագրում ընդգրկվելու համար ծրագրի մեկնարկից երեք ամսվա ընթացքում «Դի Ընդ Էյջ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը չդիմած, ինչպես նաև նույն ծրագրի 10-րդ կետով նախատեսված տարբերակներից ոչ մեկին չհամաձայնվող անձի հանդեպ «Դի Ընդ Էյջ Գրուպ» ընկերությունը որևէ իրավական կամ ֆինանսական պարտավորություն չունի:

Թիվ 1333-Ա որոշման 5-րդ գլխի 17-րդ և 18-րդ կետերի համաձայն` Ծրագրի մեկնարկը «Դի Ընդ Էյջ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալում բաժնեմասի շնորհի տրամադրման պայմանագրի հիման վրա Երևան համայնքին պատկանող բաժնեմասը «Դի Ընդ Էյջ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրինմանը հանձնելու մասին իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրառում կատարելու օրվան հաջորդող առաջին օրն է: Ծրագրի ավարտը ծրագրի շահառուներին տրամադրած գումարային հատուցումների և կատարած զեղչված օտարման գործարքների տվյալների վերաբերյալ «Դի Ընդ Էյջ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից վերջին եռամսյակի հաշվետվությունը Երևանի քաղաքապետարանի կողմից ընդունվելու օրն է:

Գտնում ենք, որ թիվ 1333-Ա որոշմամբ ՀՀ կառավարությունը կանոնակարգել է ԵԿԴ/0334/01/10 քրեական գործով կայացված դատավճռով տուժող ճանաչված՝ նախնական պայմանագրով կանխավճարի կամ փոխառության հիմունքներով «Նարեկ Շելթեր» ՍՊԸ-ին գումար վճարած անձանց կողմից «Դի Ընդ Էյջ Գրուպ» ՍՊԸ-ից փոխհատուցում ստանալու հարցը, այդ թվում նաև սահմանելով որոշակի ընթացակարգ: Մասնավորապես ծրագրում ընդգրկվելու համար թիվ 1333-Ա որոշմամբ դրանում նշված սուբյեկտների համար սահմանվել է ծրագրի մեկնարկի պահից սկսած եռամսյա ժամկետում Ընկերությանը դիմում ներկայացնելու պարտականություն, որի կատարմամբ էլ պայմանավորվել է այդ սուբյեկտներին փոխհատուցում տրամադրելու Ընկերության պարտականության առաջացումը։

Ընկերության տնօրեն Վ.Պետրոսյանը 26.04.2014 թվականին Անդրանիկ Հարությունյանին ուղղված գրությամբ հայտնել է, որ Ծրագրում որպես շահառու ընդգրկվելու նախատեսված ժամկետը լրացել է 16.04.2014 թվականին և համաձայն Ծրագրի 11-րդ կետի` Ծրագրի մեկնարկից երեք ամսվա ընթացքում Ընկերությանը չդիմած անձի հանդեպ Ընկերությունը որևէ իրավական կամ ֆինանսական պարտավորություն չունի։

Գտնում ենք, որ թիվ 1333-Ա որոշմամբ նախատեսված վերոգրյալ կանոնակարգման համապատասխան ծրագրի մեկնարկի պահից սկսած եռամսյա ժամկետում Ընկերությանը դիմում ներկայացրած լինելու փաստը հաստատող որևէ վերաբերելի ապացույց հայցվորների կողմից դատարան չի ներկայացվել։ Ավելին, հայցվորների ներկայացուցիչը 26.04.2018 թվականին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում ներկայացնելով հայցադիմումին կցված ապացույցների բնօրինակները և պատասխանելով Դատարանի հարցին՝ հայտնել է, որ իր տիրապետության տակ չունի այլ ապացույցներ: Բացի այդ հայցվոր կողմը չի վիճարկել Ընկերության կողմից ներկայացված այն փաստարկի դեմ, որ Անդրանիկ Հարությունյանի կողմից դիմումը ներկայացվել է սահմանված ժամկետից ուշ, իսկ Արտավազդ Մանուկյանի կողմից ընդհանրապես նման դիմում չի ներկայացվել։

Վերոգրյալի հաշվառմամբ գտնում ենք, որ թիվ 1333-Ա որոշման 11-րդ գլխի կարգավորման ուժով սույն գործով հայցվորների հանդեպ Ընկերությունը որևէ իրավական կամ ֆինանսական պարտավորություն չի կրում, որպիսի իրավաչափ հետևության հանգել են նաև ստորադաս դատարանները:

Այսպիսով, սույն գործով հերքվում են ապացույցները ճիշտ չգնահատելու և չհետազոտելու, մրցակցության և իրավահավասարության սկզբունքները սահմանափակելու վերաբերյալ բողոքաբերների կողմից վկայակոչած փաստարկները։

Ամփոփելով վերոգրյալը՝ հարկ ենք համարում արձանագրել, որ Դատարանը կայացրել է հիմնավորված և պատճառաբանված դատական ակտ, ինչն իրավաչափորեն արձանագրել է նաև Վերաքննիչ դատարանը: Այսպես. ստորադաս դատարաններն իրավացիորեն գտել են, որ սույն գործով պատասխանող Ընկերության և հայցվորների միջև վեճը պետք է առնչվի Ծրագրին, և մասնավորապես՝ Ծրագրին մասնակցելու համար սահմանված ժամկետի բաց թողնմանը: Ստորադաս դատարանները մանրամասն քննարկման առարկա են դարձրել Ծրագրի դրույթները, մասնակցության կարգը և պայմանները, և այն համադրելով սույն գործի փաստերի հետ՝ իրավացիորեն գտել են, որ հայցվորները բաց են թողել Ծրագրին մասնակցելու համար սահմանված եռամսյա ժամկետը: Սույն գործով հայցվորները չեն ներկայացրել որևէ հիմնավոր փաստարկ առ այն, որ ստորադաս դատարանների կողմից կայացված դատական ակտերը պատճառաբանված չեն, բացի այն փաստարկից, որ դատարանները որպես ապացույց չեն անդրադարձել նախնական պայմանագրերին, մինչդեռ, ինչպես վերը նշվեց, քննարկվող պարագայում վեճի լուծման համար կարևոր նշանակություն է ունեցել հայցվորների կողմից թիվ 1333-Ա որոշմամբ սահմանված փոխհատուցման կարգն ու ձևը չպահպանելը, ինչն էլ դարձել է հայցի մերժման հիմքը:

Նման պայմաններում գտնում ենք, որ Վերաքննիչ դատարանին չէր կարող վերագրվել ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի, Նախկին օրենսգրքի 51-րդ և 53-րդ հոդվածների 1-ին կետերի խախտում, քանի որ Դատարանը, մերժելով հայցը, իսկ Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողնելով Դատարանի վճիռը, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացույցների ճիշտ գնահատման արդյունքում կայացրել են գործն ըստ էության ճիշտ լուծող, հիմնավորված և պատճառաբանված դատական ակտեր, ուստի վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէր կարող համարվել Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար։ Հետևաբար սույն գործով անհրաժեշտ էր կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ վճռաբեկ բողոքը մերժելու և ստորադաս դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու լիազորությունը:

 

____________________

1 կարծում ենք նկատի է ունեցվել 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրությունը, քանի որ ՀՀ Սահմանադրությունը հանրաքվեով ընդունվել է 13.07.1995 թվականին, իսկ դրանից հետո՝ 2005 և 2015 թվականներին ենթարկվել է փոփոխությունների

 

Դատավոր

Ռ. Հակոբյան

Դատավոր

Գ. Հակոբյան

Դատավոր

Ն. Տավարացյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան