ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ՈՐՈՇՈՒՄ
Գանգատ թիվ 41126/13
Արսեն Արծրունին ընդդեմ Հայաստանի
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Չորրորդ բաժանմունք), 2021 թվականի նոյեմբերի 30-ին հանդես գալով Պալատի հետևյալ կազմով՝
Յոնկո Գրոզև [Yonko Grozev]՝ Նախագահ,
Թիմ Այքը [Tim Eicke],
Ֆարիս Վեհաբովիչ [Faris Vehabović],
Յուլիա Անտոանելլա Մոտոկ [Iulia Antoanella Motoc],
Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],
Գաբրիել Կուչկո-Ստադլմայեր [Gabriele Kucsko-Stadlmayer],
Անա Մարիա Գուերա Մարտինս [Ana Maria Guerra Martins]` դատավորներ,
և Անդրեա Տամիետտի [Andrea Tamietti]՝ Բաժանմունքի քարտուղար,
հաշվի առնելով 2013 թվականի հունիսի 21-ին ներկայացված վերոնշյալ գանգատը,
հաշվի առնելով կողմերի դիտարկումները,
անցկացնելով խորհրդակցություն, որոշեց հետևյալը.
ՓԱՍՏԵՐԸ
1. Դիմումատուն՝ պրն Արսեն Արծրունին, Լիբանանի քաղաքացի է, որը ծնվել է 1961 թվականին։ Գանգատը ներկայացվելու պահին նա ցմահ ազատազրկման ձևով պատիժ էր կրում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Նրան Դատարանում ներկայացրել է Երևանում գործող իրավաբան տկն Ն. Ռշտունին։
2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը (Կառավարություն) ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանը, իսկ այնուհետև՝ պրն Ե. Կիրակոսյանը:
Ա. Գործի փաստական հանգամանքները
3. Գործով փաստերն այնպես, ինչպես ներկայացրել են կողմերը, կարելի է ամփոփ շարադրել հետևյալ կերպ:
1. Դիմումատուի՝ մահապատժի դատապարտվելը
4. 1996 թվականի դեկտեմբերի 10-ին Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիան դատապարտել է դիմումատուին այն ժամանակ գործող Քրեական օրենսգրքի 72-րդ, 17-100-րդ հոդվածներով և 17-99-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված բանդիտիզմի, այդ թվում՝ թմրանյութերի առևտրի համար, սպանության կատարման հանցակցության մեկ դրվագով և ծանրացուցիչ հանգամանքներում սպանության կատարման հանցակցության մեկ այլ դրվագով (երկրորդ հանցանք) (այսուհետ՝ հին Քրեական օրենսգիրք, տե՛ս ստորև՝ 24-րդ պարբերությունը)՝ նրա նկատմամբ պատիժ նշանակելով մահապատիժ՝ անձնական գույքի բռնագրավմամբ։ Այդ վճռի համապատասխան մասերն ունեն հետևյալ բովանդակությունը.
«[Դիմումատուն] [Ա.Մ.-ին], [Ա.Զ.-ին] և [այլ անձանց] ներգրավել է կազմակերպված հանցավոր խմբավորման [բանդայի] կազմում։ Այնուհետև ... այլ անձինք են միացել բանդային, այդ թվում՝ [Ա.Գ.-ն]...
... [դիմումատուն] ... [Ա.Մ.-ի] հետ նախնական համաձայնությամբ ... պլանավորել և կազմակերպել է ... [Ա.Ն.-ի] սպանությունը ...
...
1993 թվականի հոկտեմբերի 12-ին ... [Ա.Մ.-ն], [Ա.Զ.-ն] և [Ա.Գ.-ն]... կրակոցներ են արձակել [Ա.Ն.-ի] ուղղությամբ նրա իսկ բնակարանում՝ սպանելով վերջինիս, իսկ ապա նաև սպանել կրակոցների ձայնից այդ սենյակ մտած նրա կնոջը ...
...
1994 թվականի ապրիլ ամսին [դիմումատուն] [Գ.Ս.-ին] սպանելու հանձնարարություն է տվել Ա.Մ.-ին ...
... 1994 թվականի մայիսի 2-ին ... [Ա.Մ.-ն] և [Ա.Գ.-ն] ... սպանել են [Գ.Ս.-ին] վերջինիս ավտոտնակի մոտ ...
... հաստատվել է, որ ... 1994 թվականին [դիմումատուն] թմրանյութեր է վաճառել ... բանդային ֆինանսավորելու նպատակով ...
Վերոնշյալ հանցագործությունների կատարման համար [դատախազության] կողմից [դիմումատուին] մեղադրանքներ են առաջադրվել [Քրեական օրենսգրքի] 72-րդ հոդվածով, 99-րդ հոդվածի 4-րդ և 8-րդ կետերով ...
...
Գնահատելով [Ա.Ն.-ի և նրա կնոջ սպանության] առնչությամբ ապացույցները՝ [դատարանը] գտնում է, որ [դատախազության] կողմից իրավական ճիշտ գնահատական չի տրվել մեղադրյալներից յուրաքանչյուրի գործողություններին ... Այսպիսով, թեև [Ա.Ն.-ի] կինը սպանվել է [Ա.Մ.-ի], [Ա.Զ.-ի] և [Ա.Գ.-ի] հավաքական սուբյեկտիվ նախաձեռնությամբ, [դատախազությունը] [Ա.Ն.-ի կնոջ] սպանությունը ներառել է [դիմումատուին] առաջադրված մեղադրանքների շրջանակում: Այնուամենայնիվ, գործի նյութերում առկա ապացույցներից պարզվում է, որ [դիմումատուն] սպանությունից հետո է միայն պարզել, որ [Ա.Ն.-ի կինը] սպանվել է ...
[Ա.Ն.-ի և նրա կնոջ սպանության] առնչությամբ հավաքված բոլոր ապացույցները վկայում են այն մասին, որ ... [դիմումատուն] հանդես է եկել որպես [Ա.Ն.-ի սպանության] կազմակերպիչ, իսկ Ա.Մ.-ն գործել է նրա հրահանգներով ...
... [Ա.Ն.-ի և նրա կնոջ սպանության] առնչությամբ [դիմումատուին] առաջադրված մեղադրանքների մեջ պետք է փոփոխություններ կատարվեն ... քանի որ նա անձամբ չի մասնակցել սպանությանը, այլ կազմակերպել է այն ... [դիմումատուին] պետք է մեղադրանք առաջադրել [Քրեական օրենսգրքի] 17-100-րդ հոդվածով՝ միայն [Ա.Ն.-ի] սպանությունը կազմակերպելու համար ..., իսկ [Ա.Ն.-ի կնոջ] սպանությունը չպետք է վերագրվի նրան՝ նկատի ունենալով, որ [նրա] սպանությունը [Ա.Մ.-ի] հետ [դիմումատուի] ունեցած նախնական համաձայնության մաս չի կազմել ... Հետևաբար 99-րդ հոդվածի 4-րդ կետով երկու անձի սպանություն կատարելու համար քրեական պատասխանատվություն պետք է կրեն միայն [Ա.Մ.-ն], [Ա.Զ.-ն] և [Ա.Գ.-ն] ...
... հաստատվել է, որ [դիմումատուն] [Ա.Ն.-ի] սպանությունը կազմակերպելուց հետո կազմակերպել է նաև [Գ.Ս.-ի] սպանությունը, իսկ տվյալ հանգամանքներում այդ դեպքի առնչությամբ նրան առաջադրված մեղադրանքը [նույնպես] ենթակա է փոփոխման [Քրեական օրենսգրքի] 17-99-րդ հոդվածի 8-րդ կետով։
...
Այսպիսով, ... [դիմումատուն] պետք է քրեական պատասխանատվություն կրի [Քրեական օրենսգրքի] 72-րդ, 17-100-րդ հոդվածներով և 17-99-րդ հոդվածի 8-րդ կետով՝ կազմակերպված հանցավոր խումբ ստեղծելու և ղեկավարելու համար ..., կազմակերպված հանցավոր խմբի անդամների կողմից [Ա.Ն.-ի] և [Գ.Ս.-ի] սպանությունները կազմակերպելու և թմրանյութերի առևտուր իրականացնելու համար։
...
Վերոնշյալից ելնելով՝ ... Քրեական գործերի դատական կոլեգիան ... մեղավոր է ճանաչում [դիմումատուին] ... [և որոշում է կայացնում] 72-րդ հոդվածով դատապարտել նրան տասներկու տարի ժամկետով ազատազրկման՝ նրա անձնական գույքի բռնագրավմամբ ... 17-100-րդ հոդվածով՝ 12 տարի ժամկետով ազատազրկման, և ... 17-99-րդ հոդվածի 8-րդ կետով՝ մահապատժի:
... նվազ խիստ պատիժն ավելի խիստ պատժի մեջ կլանելու սկզբունքով ... [որոշում է կայացնում] նրա նկատմամբ վերջնական պատիժ նշանակել մահապատիժ՝ անձնական գույքի բռնագրավմամբ»։
2. Դիմումատուի մեղադրական դատավճռի համապատասխանեցումը նոր Քրեական օրենսգրքին
5. 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունվել է նոր Քրեական օրենսգիրք, որով մահապատիժը վերացել է (տե՛ս ստորև՝ 26-րդ պարբերությունը):
6. Նախագահի 2003 թվականի օգոստոսի 1-ի հրամանագրով դիմումատուին ներում է շնորհվել, և մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ։
7. 2006 թվականի հուլիսի 31-ի միջնորդությամբ Գլխավոր դատախազի տեղակալը դիմել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների դատարան (Համայնքային դատարան)՝ 1996 թվականի դեկտեմբերի 10-ի դատավճիռը նոր Քրեական օրենսգրքին համապատասխանեցնելու նպատակով վերոնշյալ դատավճիռը վերանայելու խնդրանքով:
8. 2006 թվականի օգոստոսի 8-ի որոշմամբ Համայնքային դատարանը բավարարել է այդ միջնորդությունը հետևյալ պատճառաբանությամբ.
««Քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» 2003 թվականի ապրիլի 18-ի օրենքի համաձայն՝ 1961 թվականի մարտի 7-ին ընդունված [հին] Քրեական օրենսգիրքը դադարել է ուժի մեջ լինել 2003 թվականի օգոստոսի 1-ից։
Համաձայն վերոնշյալ օրենքի 3-րդ բաժնի՝ [հին Քրեական օրենսգրքով] դատապարտված, սակայն պատիժը դեռ չկրած անձանց պատիժը պետք է համապատասխանեցվի [նոր Քրեական օրենսգրքին] այն դեպքերում, երբ դատապարտյալի պատիժն ավելի խիստ է, քան [նոր Քրեական օրենսգրքի] համապատասխան դրույթով սահմանված առավելագույն պատժաչափը, իսկ վերոնշյալ օրենքի 6-րդ բաժնի համաձայն՝ [հին Քրեական օրենսգրքի] համաձայն... մահապատժի դատապարտված անձանց պատիժը փոխարինվում է ցմահ ազատազրկմամբ ...
... [դիմումատուի] նկատմամբ վերջինիս կողմից կատարված հանցավոր արարքների համար կայացված ... 1996 թվականի դեկտեմբերի 10-ի ... դատավճիռը պետք է համապատասխանեցնել [նոր Քրեական օրենսգրքին], իսկ [Նախագահի հրամանագրով] նշանակված ցմահ ազատազրկումը պետք է թողնել անփոփոխ։
[Համայնքային դատարանը]... որոշում է ... որ [դիմումատուի] կողմից կատարված հանցավոր արարքները համապատասխանում են [նոր Քրեական օրենսգրքի] 222-րդ հոդվածի 1-ին մասին, 38-104-րդ հոդվածի 1-ին մասին և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 15-րդ կետերին ...»։
9. Դիմումատուն անմիջապես չի բողոքարկել այդ որոշումը։
3. Նախկինում սպանություն կատարած անձի կողմից սպանություն կատարելու հանցագործությունը վերացնելը
10. 2011 թվականի մայիսի 23-ին օրենսդիր մարմինը փոփոխություն է կատարել նոր Քրեական օրենսգրքում, որով վերացվել է 104-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետը (սպանությունը՝ նախկինում սպանություն կատարած անձի կողմից) (տե՛ս ստորև՝ 33-րդ պարբերությունը):
4. Դիմումատուի՝ վերանայման և վերաքննիչ բողոք ներկայացնելու պահանջը
11. 2011 թվականի հունիսի 14-ին դիմումատուն միջնորդություն է ներկայացրել Համայնքային դատարան՝ խնդրելով վերանայել Գերագույն դատարանի 1996 թվականի դեկտեմբերի 10-ի վերջնական վճիռը (տե՛ս վերևում՝ 4-րդ պարբերությունը)՝ հաշվի առնելով 2011 թվականի մայիսի 23-ի փոփոխությունները, մասնավորապես՝ նոր Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետի վերացումը։
12. 2011 թվականի օգոստոսի 22-ին դիմումատուի փաստաբանը վերաքննիչ բողոք է ներկայացրել Համայնքային դատարանի 2006 թվականի օգոստոսի 8-ի որոշման դեմ (տե՛ս վերևում՝ 8-րդ պարբերությունը)՝ պնդելով, որ գործը քննած դատավորի անփութության պատճառով հիշյալ որոշման մեջ տեղ է գտել տեխնիկական սխալ այն առումով, որ դիմումատուի կողմից կատարված հանցավոր արարքը նշվել է որպես 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 15-րդ կետերին համապատասխանող՝ նոր Քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետի փոխարեն:
13. Վերաքննիչ քրեական դատարանը 2011 թվականի օգոստոսի 31-ի որոշմամբ 2011 թվականի օգոստոսի 22-ի միջնորդությունը թողել է առանց քննության՝ ժամկետանց լինելու պատճառաբանությամբ:
14. Վերոնշյալ որոշման դեմ դիմումատուի փաստաբանը բերել է վճռաբեկ բողոք:
15. 2011 թվականի նոյեմբերի 25-ի որոշմամբ դիմումատուի փաստաբանի վճռաբեկ բողոքը բավարարվել է։
16. 2011 թվականի դեկտեմբերի 22-ին Վճռաբեկ դատարանի կողմից Համայնքային դատարանի 2006 թվականի օգոստոսի 8-ի որոշումը (տե՛ս վերևում՝ 8-րդ պարբերությունը) և Վերաքննիչ դատարանի 2011 թվականի օգոստոսի 31-ի որոշումը (տե՛ս վերևում՝ 13-րդ պարբերությունը) բեկանվել է, և գործն ուղարկվել է Համայնքային դատարան՝ նոր քննության:
17. 2012 թվականի մարտի 6-ին Համայնքային դատարանը դիմումատուի 2011 թվականի հունիսի 14-ի պահանջը (տե՛ս վերևում՝ 11-րդ պարբերությունը) և նրա փաստաբանի կողմից 2006 թվականի օգոստոսի 8-ի որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը (տե՛ս վերևում՝ 12-րդ պարբերությունը) միացրել է մեկ վարույթում՝ պատճառաբանելով, որ երկուսն էլ վերաբերում են Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի՝ դիմումատուի վերաբերյալ դատավճռի վերանայմանը:
5. Համայնքային դատարանի որոշումը դիմումատուի՝ վերանայման և վերաքննիչ բողոք ներկայացնելու պահանջի վերաբերյալ
18. 2012 թվականի հուլիսի 12-ին Համայնքային դատարանը կայացրել է իր որոշումը, որի համապատասխան մասերն ունեն հետևյալ բովանդակությունը.
«... [1996 թվականի դեկտեմբերի 10-ի դատավճիռը] համապատասխանեցնելով 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքին՝ դատարանը գտնում է, որ ... [դիմումատուի] կողմից կատարված հանցավոր արարքները համապատասխանում են 2003 թվականի օգոստոսի 1-ին ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասին, 38-104-րդ հոդվածի 1-ին մասին և 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետին:
... համաձայն [2011 թվականի մայիսի 23-ի փոփոխության]՝ Քրեական օրենսգրքի 21-րդ հոդվածը, որով նախատեսվում էր հանցագործությունների կրկնակիություն, ուժը կորցրած է ճանաչվել ...
Այդ իսկ պատճառով Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետը (նախկինում սպանություն կատարած անձի կողմից սպանություն կատարելը) ուժը կորցրած է ճանաչվել։
...
[Հին Քրեական օրենսգիրքը] և գործող Քրեական օրենսգիրքը պարունակում են կազմակերպված հանցագործության միատեսակ նկարագրություն ... հետևաբար դատարանը գտնում է, որ [հին Քրեական օրենսգրքի] 72-րդ հոդվածով [դիմումատուին] մեղսագրվող հանցավոր արարքը համապատասխանում է գործող Քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հանցավոր արարքին ... ուստի սույն դրույթի համաձայն դատավճռով նշանակված պատիժը պետք է մնա անփոփոխ։
[Հին Քրեական օրենսգրքի] 99-րդ հոդվածը պատասխանատվություն էր սահմանում ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանության համար ..., մինչդեռ 100-րդ հոդվածը պատասխանատվություն էր սահմանում առանց ծանրացուցիչ հանգամանքների կատարված սպանության համար ...
[Հին Քրեական օրենսգրքի] 99-րդ հոդվածը նախատեսում էր հանցագործության երկու առանձին հատկանիշներ, որոնք դարձնում էին սպանությունը ծանրացուցիչ հանգամանքներում կատարված՝ երկու կամ ավելի անձանց սպանություն (99-րդ հոդվածի 4-րդ մաս) և նախկինում սպանություն կատարած անձի կողմից կատարված դիտավորյալ սպանություն ... (99-րդ հոդվածի 8-րդ մաս)։
[Քրեական օրենսգրքի] 104-րդ հոդվածի 2-րդ մասով երկու կամ ավելի անձանց սպանությունը ... և նախկինում սպանություն կատարած անձի կողմից կատարված սպանությունը ... համարվում էին սպանությունը ծանրացնող առանձին հատկանիշներ:
[2011 թվականի մայիսի 23-ի] օրենսդրական փոփոխությամբ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետը ... ուժը կորցրած է ճանաչվել։
Այսպիսով, [հին Քրեական օրենսգիրքը] և [2003 թվականի օգոստոսի 1-ին] ուժի մեջ մտած և ներկայումս գործող Քրեական օրենսգիրքը սահմանել և դեռ շարունակում են համարել երկու կամ ավելի անձանց (դիտավորյալ) սպանությունը ... որպես ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանություն:
... Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետի ապաքրեականացումը չի ... բացառում ծանրացուցիչ հանգամանքներում կատարված տվյալ տեսակի սպանության, այն է՝ երկու կամ ավելի անձանց սպանության առկայությունը ...
Գործի նյութերի ուսումնասիրման արդյունքում, մասնավորապես՝ հաշվի առնելով [դիմումատուի ղեկավարությամբ] կազմակերպված հանցավոր խմբի նպատակները ... հաստատվել է, որ մի շարք անձանց սպանությունը նախատեսված և սույն գործի շրջանակներում կազմակերպված հանցավոր խմբի գործունեության արդյունքում կատարված երկու սպանությունները և դրանց հետևանքներն ընդգրկված են եղել խմբի ստեղծման ու գործունեության համատեքստում։
... դատարանը եզրակացնում է, որ 1996 թվականի դեկտեմբերի 10-ի ... դատավճռով դիմումատուին մեղսագրված սպանության կազմակերպման երկու դեպքերի ընդգրկումը մեկ արարքի մեջ՝ որպես երկու անձանց սպանության կազմակերպում, համապատասխանում է [նոր Քրեական օրենսգրքի] 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետին: Դիտարկվող դրույթը նախատեսում է նաև ցմահ ազատազրկում:
... դատարանը որոշում է ... 1996 թվականի դեկտեմբերի 10-ի դատավճիռը համապատասխանեցնել ... [նոր Քրեական օրենսգրքի] 222-րդ հոդվածի 1-ին մասին և 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետին [և] [դիմումատուի] պատիժը, այն է՝ ցմահ ազատազրկումը թողնել անփոփոխ ...»։
6. Վարույթը Վերաքննիչ քրեական դատարանում
19. Դիմումատուն վերաքննիչ բողոք է ներկայացրել։ Նա մասնավորապես պնդել է, որ Համայնքային դատարանն իրավասություն չի ունեցել գործն ըստ էության վերանայելու: Կաշկանդված լինելով 1996 թվականի դեկտեմբերի 10-ի վերջնական դատավճռում նշված՝ իր [դիմումատուի] հանցանքների իրավական գնահատականի վերաբերյալ եզրահանգումներով (տե՛ս վերևում՝ 4-րդ պարբերությունը)՝ դատարանը պետք է սահմանափակվեր այդ դատավճիռը ներկայումս գործող օրենսդրությանը համապատասխանեցնելով: Նա նաև պնդել է, որ Համայնքային դատարանը, իր տրամադրության տակ չունենալով գործի նյութերը, դրանց մեծ մասի ոչնչացված լինելու պարագայում տվել է դիմումատուի գործողությունների իրավական գնահատական, ինչն արդեն քննության առարկա էր եղել 1996 թվականի վերջնական դատավճռում, և նշանակվել էին համապատասխան պատիժները: Մասնավորապես, չնայած այն հանգամանքին, որ Գերագույն դատարանը եկել էր այն եզրահանգման, որ դիմումատուի կողմից կազմակերպված սպանությունները կատարվել էին տարբեր ժամանակահատվածներում և չէին եղել ընդհանուր դիտավորության հետևանքով կամ չէին կատարվել միևնույն շարժառիթներով, Համայնքային դատարանը, այնուամենայնիվ, գտել էր, որ այդ երկու սպանությունները կազմակերպված հանցավոր խմբի գործունեության արդյունք էին եղել, և որ այդ գործունեության հետևանքները եղել էին խմբի ստեղծման և գործունեության նպատակներին համապատասխան։ Համայնքային դատարանը միացրել էր երկու առանձին հանցանքները, այն է՝ սպանության հանցակցության մի դրվագը և ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանության հանցակցության մյուս դրվագը ծանրացուցիչ հանգամանքներում սպանություն կատարելու մեկ դրվագում, ինչը հակասում էր Գերագույն դատարանի՝ դիմումատուին մեղսագրվող հանցանքների վերաբերյալ գնահատականին: Ի վերջո, դիմումատուն պնդել է, որ 1993 թվականին գործող օրենքի համաձայն՝ տարբեր տեսակի սպանություններ 99-րդ հոդվածի 4-րդ մասով (երկու կամ ավելի անձանց սպանություն) սահմանված լինելու համար դրանք պետք է լինեին կա՛մ միաժամանակ, կա՛մ տարբեր ժամանակահատվածներում ընդհանուր դիտավորությամբ կատարված մեկ հանցագործություն: Չի կարելի բացառել, որ 2011 թվականի մայիսի 23-ի փոփոխություններից հետո (տե՛ս վերևում՝ 10-րդ պարբերությունը) պրակտիկան կարող է փոխվել նոր Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը տարբեր սպանությունների նկատմամբ կիրառելու համար, սակայն գործնականում այդպիսի փոփոխությունը չպետք է տարածվի մինչև այդ փոփոխությունը կատարված հանցագործությունների վրա, առավել ևս այն դեպքերում, երբ վերջնական դատավճիռներ են կայացվել:
20. 2012 թվականի սեպտեմբերի 11-ին Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել Համայնքային դատարանի 2012 թվականի հուլիսի 12-ի որոշումը (տե՛ս վերևում՝ 18-րդ պարբերությունը): Որոշման մեջ մասնավորապես նշված էր հետևյալը.
«Վերաքննիչ դատարանը նշում է, որ կան տարբերություններ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և [նոր Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետով] սահմանված հանցանքների միջև:
104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված հանցանքը ... նկարագրված է որպես ընդհանուր դիտավորությամբ կատարված հանցանք, որը հանգեցրել է երկու կամ ավելի անձանց սպանության:
Ուժը կորցրած ճանաչված 104-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետի բովանդակությունից հետևում է, որ այն վերաբերում է տարբեր ժամանակներում կատարված ... առնվազն երկու հանցանքների, որոնք հանգեցրել են տվյալ դրույթով նախատեսված հետևանքների, և որ առկա է այդ հետևանքների և ընդհանուր դիտավորության միջև կապ: Հետևաբար 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը չի առնչվում հանցագործությունների կրկնակիությանը:
Ելնելով վերոգրյալից՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ... վերաքննիչ բողոքը բավարարելու հիմքեր առկա չեն ...»։
7. Վարույթը Վճռաբեկ դատարանում
21. Դիմումատուն վճռաբեկ բողոք է բերել՝ ներկայացնելով միևնույն փաստարկները, ինչ Վերաքննիչ քրեական դատարան ներկայացված իր վերաքննիչ բողոքում (տե՛ս վերևում՝ 19-րդ պարբերությունը):
22. 2012 թվականի նոյեմբերի 27-ի որոշմամբ նրա վճռաբեկ բողոքը բավարարվել է։
23. 2013 թվականի փետրվարի 15-ին Վճռաբեկ դատարանը մերժել է դիմումատուի վճռաբեկ բողոքը։ Վերոնշյալ որոշման համապատասխան մասերն ունեն հետևյալ բովանդակությունը.
«... Վճռաբեկ դատարանը գտնում է, որ [2011 թվականի մայիսի 23-ի փոփոխությունների] արդյունքում ... [նոր] Քրեական օրենսգրքի 21-րդ հոդվածի (հանցագործությունների կրկնակիությունը) և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետի (սպանություն նախկինում սպանություն կատարած անձի կողմից) վերացման և ... 20-րդ հոդվածում (հանցագործությունների համակցություն) ... կատարված փոփոխությունների համատեքստում ... առկա է Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքի (երկու կամ ավելի անձանց սպանություն) ... համար օրենքի միատեսակ կիրառման հարց ...
... Վճռաբեկ դատարանը նշում է, որ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետի համատեքստում ... ուժը կորցրած լինելով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հատկանիշը, այն է՝ երկու կամ ավելի անձանց սպանությունը շարունակում է համարվել սպանությունը ծանրացնող հանգամանք ... Ընդլայնելով հանցագործությունների համակցության հասկացությունը (20-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ ...), օրենսդիր մարմինը չի վերացրել երկու կամ ավելի անձանց նկատմամբ կատարված հանցանքների համար պատասխանատվություն սահմանող [հատուկ] իրավական դրույթները ... ներառյալ ... 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը: Մասնավորապես առկա է օրենքով նախատեսված բազմակարծություն առ այն, թե արդյոք օրենսդիր մարմինը մեկից ավելի հանցանքների կատարումը համարում է տվյալ հանցանքի որակման վրա ազդող հատկանիշ, որն այն դարձնում է ծանրացուցիչ հանգամանքներում կատարված հանցանք ...
... միևնույն դիտավորությամբ երկու կամ ավելի անձանց սպանության և իրար հետ չառնչվող դրդապատճառներով երկու կամ ավելի անձանց դիտավորյալ սպանության (այլ կերպ ասած՝ նախկինում սպանություն կատարած անձի կողմից կատարված նոր սպանություն) դեպքերը պետք է որակվեն 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով ... եթե անձը չի դատապարտվել այդ հանցանքների համար ...
... Վճռաբեկ դատարանը նշում է, որ ... [Համայնքային դատարանը] գտել է, որ [դիմումատուի] կողմից կազմակերպված՝ երկու անձանց սպանությունը պետք է որակվի Քրեական օրենսգրքի հատուկ դրույթի [այն է՝ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի] համաձայն ... և ոչ թե 20-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված՝ հանցագործությունների համակցության վերաբերյալ կանոնների հիման վրա ...
Հետևաբար ... Համայնքային դատարանի 2012 թվականի հուլիսի 12-ի որոշումը և Վերաքննիչ դատարանի 2012 թվականի սեպտեմբերի 11-ի որոշումը ... հիմնավոր են ...
... ակնհայտ է, որ [դիմումատուի] կողմից հանցանք կատարելու ժամանակ գործող քրեական օրենսդրության համաձայն, երկու կամ ավելի անձանց սպանություն և նախկինում դիտավորյալ սպանություն կատարած անձի կողմից սպանություն կատարելու հանցագործությունները ... նախատեսված էին [հին Քրեական օրենսգրքի] համապատասխանաբար 99-րդ հոդվածի 4-րդ և 8-րդ մասերով ... Հետևաբար Գերագույն դատարանի քրեական գործերով դատական կոլեգիայի դատավճռով [դիմումատուն] մեղավոր է ճանաչվել 72-րդ, 17-100-րդ հոդվածներով և 17-99-րդ հոդվածի 8-րդ մասով՝ երկու անձանց սպանություն կազմակերպելու համար ...
... [դիմումատուին] մեղսագրված հանցանքները համապատասխանեցվել են [նոր] Քրեական օրենսգրքի դրույթներին՝ նույն փաստական հանգամանքների շրջանակներում ... և ... արդյունքում նրա վիճակը չի վատթարացել: Այլ խոսքով` [դիմումատուն] նույն արարքի համար ոչ թե կրկին դատապարտվել է, այլ վերջնական դատավճռով նրան մեղսագրված արարքները համապատասխանեցվել են [նոր] Քրեական օրենսգրքի [համապատասխան] դրույթներին ...
... Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ [2011 թվականի մայիսի 23-ի փոփոխությամբ] 104-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետն ուժը կորցրած ճանաչելու հետևանքով երկու կամ ավելի անձանց սպանությունը՝ որպես ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանության տեսակ, չի ապաքրեականացվել, հետևաբար արարքի քրեաիրավական որակման իմաստով [դիմումատուի] վիճակը որևէ կերպ չի բարելավվել:
Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ ... [դիմումատուի] գործով ... թույլ չի տրվել [նոր] Քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածով սահմանված [առավել մեղմ քրեական օրենքի հետադարձ ուժի սկզբունքի] խախտում ...»։
Բ. Համապատասխան ներպետական օրենսդրությունը
1. Հին Քրեական օրենսգիրքը (ուժի մեջ է եղել 1961 թվականի մարտի 7-ից մինչև 2003 թվականի օգոստոսի 1-ը)
24. Հին Քրեական օրենսգրքի համապատասխան դրույթները շարադրվել են հետևյալ բովանդակությամբ.
Հոդված 17. Հանցակցություն
«Հանցակցություն է համարվում երկու կամ ավելի անձանց դիտավորյալ համատեղ մասնակցությունը հանցագործության կատարմանը:
...
Կազմակերպիչ է համարվում այն անձը, որը կազմակերպել է հանցագործության կատարումը կամ ղեկավարել է դրա կատարումը»։
Հոդված 72. Բանդիտիզմ
«Պետական կամ հասարակական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների կամ առանձին անձանց վրա հարձակվելու նպատակով զինված բանդաներ կազմակերպելը, այլև այդպիսի բանդաներին և դրանց կողմից կատարվող հարձակումներին մասնակցելը պատժվում է ազատազրկմամբ երեքից մինչև տասնհինգ տարի ժամանակով` գույքի բռնագրավումով և աքսորով, կամ մահապատժով` գույքի բռնագրավումով»։
Հոդված 99. Ծանրացուցիչ հանգամանքներում կատարված դիտավորյալ սպանություն
«Դիտավորյալ սպանությունը`
...
4. երկու կամ մի քանի անձանց.
...
8. առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստի կողմից, կամ նախկինում դիտավորյալ սպանություն կատարած անձի կողմից (բացառությամբ անհրաժեշտ պաշտպանության սահմանների անցումով ...,
... պատժվում է ազատազրկմամբ ութից մինչև տասնհինգ տարի ժամանակով կամ մահապատժով»։
Հոդված 100. Դիտավորյալ սպանություն
«Դիտավորյալ սպանությունը, որ կատարվել է առանց սույն օրենսգրքի 99 հոդվածում մատնանշված ծանրացուցիչ հանգամանքների, պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից մինչև տասներկու տարի ժամանակով»։
25. Հին Քրեական օրենսգիրքը չէր պարունակում «հանցագործությունների ռեցիդիվ» հասկացության որևէ սահմանում։ 23.1 հոդվածում նշվում է, որ անձը դատավճռով կարող է ճանաչվել որպես 99-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված «առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստ», և նույն հոդվածը սահմանում է մի շարք պայմաններ, ներառյալ՝ այն հանցագործությունների ցանկը, որոնց համար անձը պետք է նախկինում դատապարտված լինի ազատազրկման։
2. Նոր Քրեական օրենսգիրքը (ուժի մեջ է 2003 թվականի օգոստոսի 1-ից)
26. Նոր Քրեական օրենսգրքի համապատասխան դրույթները, որոնք օրինական ուժի մեջ են մինչև 2011 թվականի մայիսի 23-ի փոփոխությունները (տե՛ս վերևում՝ 10-րդ պարբերությունը և ստորև՝ 27-33-րդ պարբերությունները), շարադրվել են հետևյալ բովանդակությամբ.
Հոդված 13. Քրեական օրենքի հետադարձ ուժը
«1. Արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն՝ տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածություն:
2. Արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենքը հետադարձ ուժ չունի:
3. Պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող և միաժամանակ պատասխանատվությունը մասնակիորեն խստացնող օրենքը հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որը մեղմացնում է պատասխանատվությունը»։
Հոդված 20. Հանցագործությունների համակցությունը
«1. Հանցագործությունների համակցություն է համարվում՝
1) սույն օրենսգրքով նախատեսված երկու կամ ավելի հանցանք կատարելը, որոնցից ոչ մեկի համար անձը դատապարտված չի եղել.
...
2. Հանցագործությունների համակցության դեպքում անձը պատասխանատվություն է կրում յուրաքանչյուր հանցագործության համար՝ սույն օրենսգրքի համապատասխան հոդվածով կամ հոդվածի մասով»։
Հոդված 21. Հանցագործությունների կրկնակիությունը
«1. Հանցագործությունների կրկնակիություն է համարվում սույն օրենսգրքի միևնույն հոդվածով կամ հոդվածի մասով նախատեսված երկու կամ ավելի հանցանք կատարելը:
...»։
Հոդված 22. Հանցագործությունների ռեցիդիվը
«1. Հանցագործությունների ռեցիդիվ է համարվում դիտավորությամբ հանցանք կատարելն այն անձի կողմից, ով դատվածություն ունի նախկինում դիտավորությամբ կատարված հանցանքի համար:
...»։
Հոդված 38. Հանցակիցների տեսակները
«...
3. Կազմակերպիչ է համարվում այն անձը, ով կազմակերպել կամ ղեկավարել է հանցանքի կատարումը, ինչպես նաև [այն անձը, որը] ստեղծել է կազմակերպված խումբ կամ հանցավոր համագործակցություն կամ ղեկավարել է դրանք ...»։
Հոդված 59. Ազատազրկումը որոշակի ժամկետով
«...
4. Հանցագործությունների համակցությամբ պատիժ նշանակելիս ազատազրկման ժամկետները լրիվ կամ մասնակիորեն գումարելու դեպքում ազատազրկման առավելագույն ժամկետը չի կարող գերազանցել տասնհինգ տարին, իսկ դատավճիռների համակցությամբ՝ քսան տարին»։
Հոդված 66. Պատիժ նշանակելը հանցանքների համակցությամբ
«1. Հանցանքների համակցությամբ յուրաքանչյուր հանցագործության համար առանձին պատիժ (հիմնական և լրացուցիչ) նշանակելով՝ դատարանը վերջնական պատիժը որոշում է նվազ խիստ պատիժն ավելի խիստ պատժով կլանելու կամ նշանակված պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու միջոցով:
...
4. Եթե հանցանքների համակցությունն ընդգրկում է ծանր կամ առանձնապես ծանր հանցանքներ, ապա վերջնական պատիժը նշանակվում է պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու միջոցով: Ընդ որում, ազատազրկման ձևով վերջնական պատիժը չի կարող գերազանցել տասնհինգ տարին: Եթե համակցության մեջ մտնող հանցանքներից մեկի համար դատարանը նշանակում է ցմահ ազատազրկում, ապա վերջնական հիմնական պատիժը որոշվում է կլանելու միջոցով ...»։
Հոդված 104. Սպանությունը
«1. Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը, պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով:
2. Սպանությունը՝
1) երկու կամ ավելի անձանց,
...
15) նախկինում սպանություն կատարած անձի կողմից ... պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ»։
Հոդված 222. Բանդիտիզմը
«1. Անձանց կամ կազմակերպությունների վրա հարձակվելու նպատակով կազմակերպված զինված խումբ (բանդա) ստեղծելը, այդպիսի խումբ ղեկավարելը կամ բանդայի կողմից կատարվող հարձակումներին մասնակցելը պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա»։
3. 2011 թվականին ներմուծված փոփոխությունները
27. «Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2011 թվականի մայիսի 23-ի օրենքով կատարվել են հետևյալ օրենսդրական փոփոխությունները.
28. 20-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ.
«1. Հանցագործությունների համակցություն է համարվում՝
1) սույն օրենսգրքով (տարբեր հոդվածներով կամ միևնույն հոդվածով կամ հոդվածի միևնույն կամ տարբեր մասերով կամ կետերով) նախատեսված երկու կամ ավելի հանցանք կատարելը, որոնցից ոչ մեկի համար անձը դատապարտված չի եղել.»։
29. 21-րդ հոդվածն ուժը կորցրած է ճանաչվել:
30. 59-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ.
«4. Հանցագործությունների համակցությամբ պատիժ նշանակելիս ազատազրկման ժամկետները լրիվ կամ մասնակիորեն գումարելու դեպքում ազատազրկման առավելագույն ժամկետը չի կարող գերազանցել քսանհինգ տարին, իսկ դատավճիռների համակցությամբ՝ երեսուն տարին:»։
31. 66-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը շարադրվել են հետևյալ խմբագրությամբ.
«1. Հանցանքների համակցությամբ յուրաքանչյուր հանցագործության համար առանձին պատիժ (հիմնական և լրացուցիչ) նշանակելով` դատարանը վերջնական պատիժը որոշում է նշանակված պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու միջոցով:
...
4. Եթե հանցանքների համակցությունն ընդգրկում է ծանր կամ առանձնապես ծանր հանցանքներ, ապա վերջնական պատիժը նշանակվում է պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու միջոցով: Ընդ որում, ազատազրկման ձևով վերջնական պատիժը չի կարող գերազանցել քսանհինգ տարին: Եթե համակցության մեջ մտնող հանցանքներից մեկի համար դատարանը նշանակում է ցմահ ազատազրկում, ապա վերջնական հիմնական պատիժը որոշվում է կլանելու միջոցով ...»։
32. Նոր Քրեական օրենսգիրքը լրացվել է 67.1 հոդվածով, որը սահմանում է հանցագործությունների ռեցիդիվի դեպքում պատիժ նշանակելու կանոնները (ինչպես սահմանված է 22-րդ հոդվածում): Համապատասխան մասն ունի հետևյալ բովանդակությունը.
«1. Հանցագործությունների ռեցիդիվի, վտանգավոր և առանձնապես վտանգավոր ռեցիդիվի դեպքում պատիժ նշանակելիս [դատարանի կողմից] հաշվի են առնվում կատարված հանցագործությունների քանակը, բնույթը և ծանրությունը, այն հանգամանքները, որոնց հետևանքով նախկին պատիժը բավարար չի եղել մեղավորի ուղղման համար, ինչպես նաև նոր հանցագործության բնույթը, ծանրությունը և հետևանքները»։
...»
33. 104-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետն ուժը կորցրած է ճանաչվել: Սպանության համար նախատեսված պատիժը (104-րդ հոդվածի 1-ին մաս) փոխվել է ութից տասնհինգ տարի ժամկետով ազատազրկման, իսկ ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանության համար սահմանվել է պատիժ (104-րդ հոդվածի 2-րդ մաս)՝ տասներկուսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկում։
ԲՈՂՈՔՆԵՐԸ
34. Դիմումատուն Կոնվենցիայի 7-րդ հոդվածի հիման վրա բողոք է ներկայացրել առ այն, որ 1996 թվականի դեկտեմբերի 10-ի վերջնական դատավճռով իր նկատմամբ նշանակված պատժի վերանայմանն առնչվող վարույթում սպանության այն երկու դրվագների վերաորակումը որպես երկու կամ ավելի անձանց սպանություն, որոնց համար ինքը դատապարտվել էր վերոնշյալ դատավճռով, հակասել է իր կողմից համապատասխան հանցանքները կատարելու ժամանակ գործող օրենքին և իրավական պրակտիկային: Արդյունքում դիմումատուն հնարավորություն չի ունեցել օգտվելու 2011 թվականի մայիսի 23-ին Քրեական օրենսգրքում կատարված փոփոխություններից հետո օրինական ուժի մեջ մտած ավելի մեղմ օրենքից։
35. Դիմումատուն Կոնվենցիայի թիվ 7 արձանագրության 4-րդ հոդվածով նաև բողոք է ներկայացրել առ այն, որ ինքը կրկնակի է դատապարտվել նույն հանցանքների համար, քանի որ պատժի վերանայման վարույթի շրջանակներում դատարանները նոր իրավական գնահատական են տվել այն հանցանքներին, որոնց համար ինքն արդեն դատապարտվել էր 1996 թվականի դեկտեմբերի 10-ի վերջնական դատավճռով։
ԻՐԱՎՈՒՆՔԸ
36. Դիմումատուն պնդել է, որ այն, ինչն ինքը 1996 թվականի դեկտեմբերի 10-ի վերջնական դատավճռով իր նկատմամբ նշանակված պատժի վերանայման վարույթում համարել է անկանխատեսելի իրավական վերագնահատում այն հանցանքների, որոնց համար ինքն արդեն դատապարտվել էր Գերագույն դատարանի 1996 թվականի դեկտեմբերի 10-ի վերջնական դատավճռով (տե՛ս վերևում՝ 4-րդ պարբերությունը), զրկել էր իրեն իր համար բարենպաստ օրենսդրական փոփոխությունից օգտվելու հնարավորությունից՝ հանգեցնելով Կոնվենցիայի 7-րդ հոդվածի պահանջների խախտման։ Նա նաև պնդել է, որ այն հանցանքների իրավական վերագնահատումը, որոնց համար ինքն արդեն դատապարտվել էր նույն դատավճռով, հանգեցրել էր իր՝ միևնույն հանցանքների համար կրկնակի դատապարտման, ինչը հակասում էր Կոնվենցիայի թիվ 7 արձանագրության 4-րդ հոդվածի պահանջներին:
37. Դատարանը, հանդես գալով որպես գործի փաստերին օրենքով տրվելիք որակավորման մասնագիտացված կառույց (տե՛ս Ռոդամիլյան և այլք ընդդեմ Խորվաթիայի [ՄՊ] [Radomilja and Others v. Croatia [GC]], թիվ 37685/10 և 22768/12, §§ 114, 124 և 126, 2018 թվականի մարտի 20), նպատակահարմար է գտնում դիմումատուի բողոքները քննել միայն Կոնվենցիայի 7-րդ հոդվածի համաձայն, որի համապատասխան մասերն ունեն հետևյալ բովանդակությունը.
«1. Ոչ ոք չի կարող հանցագործության մեջ մեղադրվել որևէ արարք կատարելու կամ անգործության համար, որոնք կատարվելու պահին ազգային օրենքներով կամ միջազգային իրավունքով հանցագործություն չեն համարվել: Չի կարող նաև նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը կիրառելի է եղել քրեական հանցագործության կատարման պահին։
...»։
Ա. Կողմերի փաստարկները
1. Կառավարությունը
38. Կառավարությունը պնդել է, որ հին Քրեական օրենսգրքի 99-րդ հոդվածի 4-րդ մասը (տե՛ս վերևում՝ 24-րդ պարբերությունը) երկու կամ ավելի անձանց դիտավորյալ սպանությունը ներառել էր որպես ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանության տեսակ այն ժամանակ, երբ դիմումատուն կատարել էր տվյալ հանցանքները: Հետևաբար դիմումատուի համար կանխատեսելի էր, որ երկու սպանությունների կազմակերպումը կարող էր որակվել որպես ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանություն:
39. Նրանք նաև պնդել են, որ դիմումատուի նկատմամբ նշանակված պատժի վերանայման վարույթի արդյունքում չեն վերագնահատվել նրա գործի փաստերը: Այդ վարույթի արդյունքում 1996 թվականի դեկտեմբերի 10-ի դատավճիռը (տե՛ս վերևում՝ 4-րդ պարբերությունը) ընդամենը համապատասխանեցվել էր 2011 թվականին փոփոխված նոր Քրեական օրենսգրքին:
40. Հիմնվելով Վճռաբեկ դատարանի 2013 թվականի փետրվարի 15-ի որոշման վրա (տե՛ս վերևում՝ 23-րդ պարբերությունը)՝ Կառավարությունը պնդել է, որ 2011 թվականին կատարված օրենսդրական փոփոխություններով չէր ապաքրեականացվել այն հանցանքներից որևէ մեկը, որոնց համար դիմումատուն դատապարտվել էր 1996 թվականի դեկտեմբերի 10-ի դատավճռով։ Հանցագործությունների կրկնակիության հասկացության (հետագայում՝ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետ) վերացումից հետո (տե՛ս վերևում՝ 29-րդ և 33-րդ պարբերությունները) ներպետական դատարաններն ընդլայնել էին 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի սահմանները: Այն է՝ մինչև 2011 թվականի փոփոխությունները ընդհանուր դիտավորությամբ երկու կամ ավելի անձանց դիտավորյալ սպանությունը կորակվեր 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, իսկ այն դեպքերում, երբ հանցանք կատարած անձն ունեցել է առանձին մտադրություններ, երկու կամ ավելի անձանց սպանությունը 104-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետով կորակվեր որպես ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանություն: Առկա չի եղել որևէ հիմք, որը թույլ կտար ենթադրել, որ մեկից ավելի անձանց սպանության փաստական հանգամանքը 2011 թվականի օրենսդրական փոփոխություններից հետո այլևս չէր համարվի ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանություն։
41. Կառավարությունն այնուհետև պնդել է, որ դիմումատուի կողմից կատարված հանցանքների ծանրությունն այնքան ակնհայտ է եղել, որ պատժի վերանայման վարույթի շրջանակներում ներպետական դատարանների եզրահանգումներն առ այն, որ դիմումատուն պատասխանատվություն է կրելու ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանության համար՝ անկախ օրենքի տեխնիկական փոփոխություններից, չի կարելի ասել, թե հակասում են Կոնվենցիայի 7-րդ հոդվածի առարկային ու նպատակին։
42. Կառավարության փաստարկում այն փաստը, որ դիմումատուն դատապարտված չի եղել հին Քրեական օրենսգրքի 99-րդ հոդվածի 4-րդ մասով, ըստ էության չի նշանակում, որ նրա գործողություններն այդ դրույթով օբյեկտիվորեն հանցանք չեն համարվել այն ժամանակ, երբ դրանք կատարվել են: Եթե հին Քրեական օրենսգիրքը չներառեր 99-րդ հոդվածի 8-րդ մասը, ապա դիմումատուի կողմից կազմակերպված սպանությունները, inter alia, կորակվեին 99-րդ հոդվածի 4-րդ մասով, որն էլ համարժեք էր նոր Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետին:
43. Վերջապես Կառավարությունը պնդել է, որ սույն գործի շրջանակներում չի առաջացել առավել մեղմ քրեական օրենքի հետադարձ ուժի սկզբունքին առնչվող որևէ հարց՝ հաշվի առնելով այն փաստը, որ 2011 թվականի օրենսդրական փոփոխությունների արդյունքում ամբողջությամբ կամ մասնակիորեն չի ապաքրեականացվել որևէ հանցանք, որի համար դիմումատուն դատապարտվել է, և ոչ էլ այդ փոփոխություններն այլ կերպ ավելի բարենպաստ իրավիճակ են նախատեսել դիմումատուի համար: Հանցագործությունների կրկնակիության հասկացության վերացումը միայն փոխել է մոտեցումը կրկնվող հանցանքների իրավական գնահատման հարցում։
2. Դիմումատուն
44. Դիմումատուն պնդել է, որ 1996 թվականի դեկտեմբերի 10-ի վերջնական դատավճռով իր նկատմամբ նշանակված պատժի վերանայմանն առնչվող վարույթում սպանություն կատարելու հանցակցության այն երկու տարբեր դրվագների վերաորակումը, որոնց համար ինքը դատապարտվել էր վերոնշյալ դատավճռով, հակասել էր իր կողմից համապատասխան հանցանքները կատարելու պահին գործող օրենքին և իրավական պրակտիկային: Արդյունքում դիմումատուն 2011 թվականին ներմուծված պատժման նոր կանոնների լույսի ներքո իր պատժի վերանայման հնարավորություն չէր ունեցել:
45. Մասնավորապես, 1996 թվականի դեկտեմբերի 10-ի վերջնական դատավճռով դիմումատուն մեղավոր էր ճանաչվել Ա.Ն.-ի և Գ.Ս.-ի սպանությունները կատարելու հանցակցության համար, որոնք ընդհանուր դիտավորություն չէին հետապնդել, ինչպես եզրակացրել էր Գերագույն դատարանը (տե՛ս վերևում՝ 4-րդ պարբերությունը): Այսպիսով, Գերագույն դատարանը տվյալ պահին գործողության մեջ դրված օրենքի և իրավական պրակտիկայի համաձայն նրան մեղավոր էր ճանաչել Ա.Ն.-ի՝ առանց ծանրացուցիչ հանգամանքների կատարված սպանության (հին Քրեական օրենսգրքի 17-100-րդ հոդված) և Գ.Ս.-ի՝ ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանության հանցակցության համար (հին Քրեական օրենսգրքի 17-99-րդ հոդվածի 8-րդ մաս, այն է՝ սպանություն, որը կատարվել է նախկինում դիտավորյալ սպանություն կատարած անձի կողմից) (տե՛ս վերևում՝ 24-րդ պարբերությունը): Դիմումատուն պնդել է, որ ինքը չէր կարող կանխատեսել, որ Ա.Ն.-ի և Գ.Ս.-ի սպանությունները նոր Քրեական օրենսգրքի 38-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով կորակվեին որպես «երկու անձի» սպանություն կատարելու հանցակցություն (տե՛ս վերևում՝ 26-րդ և 33-րդ պարբերությունները): Թեև երկու կամ ավելի անձանց սպանություն կատարելու հանցանքը գոյություն էր ունեցել այն ժամանակ, երբ ինքը դատապարտվել էր (հին Քրեական օրենսգրքի 99-րդ հոդվածի 4-րդ մաս), Գերագույն դատարանը, այնուամենայնիվ, իրեն չէր դատապարտել վերոնշյալ դրույթի համաձայն։
46. Դիմումատուն այնուհետև պնդել է, որ քանի որ նոր Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետը (այն է՝ նախկինում դիտավորյալ սպանություն կատարած անձի կողմից սպանության կատարման ծանրացուցիչ հանգամանքը) ուժը կորցրած էր ճանաչվել 2011 թվականի մայիսի 23-ի Քրեական օրենսգրքում կատարված փոփոխություններով (տե՛ս վերևում՝ 33-րդ պարբերությունը), Գ.Ս.-ի սպանությունը պետք է որակվեր որպես առանց ծանրացուցիչ հանգամանքների կատարված սպանություն, իսկ իր նկատմամբ նշանակված պատիժը պետք է համապատասխանաբար վերանայվեր հանցագործությունների համակցության դեպքում պատժման նոր կանոնների կիրառմամբ (տե՛ս վերևում՝ 30-րդ և 31-րդ պարբերությունները): Այնուամենայնիվ, ներպետական դատարանների կողմից նոր Քրեական օրենսգրքի 38-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սպանություն կատարելու հանցակցության երկու դրվագների անկանխատեսելի վերաորակման պատճառով ինքը զրկվել էր առավել մեղմ քրեական օրենքի հետադարձ ուժի կիրառությունից օգտվելու հնարավորությունից։
Բ. Դատարանի գնահատականը
47. Կոնվենցիայի 7-րդ հոդվածին համապատասխան Դատարանի նախադեպային իրավունքից բխող համապատասխան սկզբունքներն ամփոփված են «Հանցանքի սահմանման մեջ «բլանկետային հղում» կամ «օրենսդրություն՝ ըստ հղման» տեխնիկայի կիրառման և հանցանքի կատարման պահին գործող քրեական օրենքի ու փոփոխված քրեական օրենքի համեմատության չափորոշիչների վերաբերյալ» խորհրդատվական կարծիքում ([ՄՊ], դիմում թիվ P16-2019-001, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան, §§ 60-62, 2020 թվականի մայիսի 29), ինչպես նաև Դել Ռիո Պրադան ընդդեմ Իսպանիայի [Del Río Prada v. Spain] ([ՄՊ], թիվ 42750/09, §§ 77-93, ՄԻԵԴ 2013) և Ռոհլենան ընդդեմ Չեխիայի Հանրապետության գործերում [Rohlena v. the Czech Republic] ([ՄՊ], թիվ 59552/08, §§ 50-53, ՄԻԵԴ 2015):
48. Դատարանն արձանագրում է, որ Կոնվենցիայի 7-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է ոչ միայն ավելի խիստ քրեական օրենքների հետադարձ ուժ չունենալու սկզբունքը, այլև անուղղակիորեն ավելի մեղմ քրեական օրենսդրության հետադարձ ուժ ունենալու սկզբունքը: Այդ սկզբունքը տեղ է գտել այն կանոնի մեջ, համաձայն որի՝ այն դեպքում, երբ հանցանքի կատարման պահին գործող քրեական օրենքի և դրանից հետո ընդունված քրեական օրենքների միջև վերջնական վճիռ կայացնելիս առկա են տարբերություններ, ապա դատարանները պետք է կիրառեն այն օրենքը, որի դրույթներն ավելի բարենպաստ են մեղադրյալի համար (տե՛ս Սկոպոլան ընդդեմ Իտալիայի [ՄՊ] [Scoppola v. Italy [GC]] (թիվ 2), թիվ 10249/03, § 109, 2009 թվականի սեպտեմբերի 17): Թեև այս սկզբունքը հստակորեն նշված չէ Կոնվենցիայի 7-րդ հոդվածում, սակայն այն առաջին անգամ ձևակերպվել է Սկոպոլայի գործով (վերևում հիշատակված, §§ 106-09) և հետագայում կիրառվել է Գուառե Պատտեն ընդդեմ Անդորրայի (թիվ 33427/10, §§ 28 36, 2016 թվականի հունվարի 12) և Կոպրիվնիկարն ընդդեմ Սլովենիայի (թիվ 67503/13, § 59, 2017 թվականի հունվարի 24) գործերում՝ նշանակված տույժերի կամ պատժի կիրառման օրենսդրական փոփոխությունների համատեքստում: Ավելին, Դատարանը գտել է, որ ավելի մեղմ քրեական օրենքի հետադարձ ուժի կիրառման սկզբունքը կիրառվում է նաև հանցանքի սահմանման հետ կապված փոփոխության ենթատեքստում (տե՛ս Պարմակ Բաքիրն ընդդեմ Թուրքիայի [Parmak and Bakır v. Turkey], թիվ 22429/07 և 25195/07, § 64, 2019 թվականի դեկտեմբերի 3, վերևում հիշատակված՝ «Հանցանքի սահմանման մեջ «բլանկետային հղում» կամ «օրենսդրություն՝ ըստ հղման» տեխնիկայի կիրառման և հանցանքի կատարման պահին գործող քրեական օրենքի ու փոփոխված քրեական օրենքի համեմատության չափորոշիչների վերաբերյալ» խորհրդատվական կարծիքը, § 82):
49. Թեև սույն գործի փաստերի նկատմամբ 7-րդ հոդվածի կիրառելիության հարցին կողմերը չեն անդրադարձել իրենց դիտարկումներում, Դատարանը գտնում է, որ առարկայական իրավազորության առումով համատեղելիությունը մի հարց է, որն այն պետք է քննի սեփական նախաձեռնությամբ (տե՛ս Բլեչիչն ընդդեմ Խորվաթիայի [ՄՊ] [Blečić v. Croatia [GC]], թիվ 59532/00, § 67, ՄԻԵԴ 2006 III, և Դեմիրն ու Բայքարան ընդդեմ Թուրքիայի [GC] [Demir and Baykara v. Turkey [GC]], թիվ 34503/97, § 58, ՄԻԵԴ 2008):
50. Դատարանը նշում է, որ Գերագույն դատարանի 1996 թվականի դեկտեմբերի 10-ի վերջնական դատավճռով դիմումատուն դատապարտվել է բանդիտիզմի, այդ թվում՝ թմրանյութերի առևտրի, սպանության կատարման հանցակցության և ծանրացուցիչ հանգամանքներում սպանության կատարման հանցակցության (կատարված նախկինում սպանություն կատարած անձի կողմից) համար հին Քրեական օրենսգրքի համապատասխանաբար 72-րդ, 17-100-րդ հոդվածներով և 17-99-րդ հոդվածի 8-րդ մասով (տե՛ս վերևում՝ 4-րդ և 24-րդ պարբերությունները), և վերջին դրույթի համաձայն նրա նկատմամբ նշանակվել է կիրառելի առավելագույն պատիժը՝ մահապատիժ: 2003 թվականին նոր Քրեական օրենսգիրքն օրինական ուժի մեջ մտնելուց հետո դիմումատուի նկատմամբ նշանակված մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ (տե՛ս վերևում՝ 5-րդ և 6-րդ պարբերությունները):
51. Դատարանը նաև նշում է, որ նոր Քրեական օրենսգիրքը նմանատիպ դրույթներ էր պարունակում այն հանցանքների վերաբերյալ, որոնց համար դիմումատուն դատապարտվել է Գերագույն դատարանի վճռով (տե՛ս վերևում՝ 26-րդ պարբերությունը): Մասնավորապես՝ հին Քրեական օրենսգրքի 72-րդ (բանդիտիզմ), 100-րդ (դիտավորյալ սպանություն) հոդվածներով և 99-րդ հոդվածի 8-րդ մասով (դիտավորյալ սպանություն, որը կատարվել է նախկինում սպանություն կատարած անձի կողմից) սահմանված հանցանքները (տե՛ս վերևում՝ 24-րդ պարբերությունը) համապատասխանում էին նոր Քրեական օրենսգրքի համապատասխանաբար 222-րդ հոդվածին, 104-րդ հոդվածի 1-ին մասին և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետին (տե՛ս վերևում՝ 26-րդ պարբերությունը): Թեև Համայնքային դատարանը 2006 թվականի օգոստոսի 8-ի իր որոշման մեջ նշել է, որ այն հանցանքները, որոնց համար դիմումատուն դատապարտվել էր, համապատասխանում էին նոր Քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասին, 38-104-րդ հոդվածի 1-ին մասին (երկու կամ ավելի անձանց սպանություն) և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 15-րդ կետերին (տե՛ս վերևում՝ 8-րդ պարբերությունը), սակայն այդ որոշումը դիմումատուի կողմից վերաքննիչ բողոք ներկայացվելուց հետո բեկանվել է Վճռաբեկ դատարանի կողմից (տե՛ս վերևում՝ 12-րդ և 16-րդ պարբերությունները): Այնուհետև 2012 թվականի հուլիսի 12-ի իր որոշման մեջ (տե՛ս վերևում՝ 18-րդ պարբերությունը) Համայնքային դատարանը հաստատել է, որ այն հանցանքները, որոնց համար դիմումատուն դատապարտվել էր 1996 թվականի դեկտեմբերի 10-ի վերջնական դատավճռով, համապատասխանում էին նոր Քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածին, 38-104-րդ հոդվածի 1-ին մասին և 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետին. դրանք այն դրույթներն են, որոնք պատասխանատվություն են սահմանում բանդիտիզմի, սպանության և նախկինում սպանություն կատարած անձի կողմից սպանության հանցագործությունների համար:
52. 2011 թվականի մայիսի 23-ին նոր Քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունների արդյունքում 104-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետով (նույնն է, ինչ հին Քրեական օրենսգրքի 99-րդ հոդվածի 8-րդ մասը) սահմանված՝ «նախկինում սպանություն կատարած անձի կողմից սպանության կատարման» հանցագործությունը հանվել է 104-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանությունների ցանկից (տե՛ս վերևում՝ 27-րդ և 33-րդ պարբերությունները):
53. Այդ օրենսդրական փոփոխություններից հետո դիմումատուն պահանջել է վերանայել իր նկատմամբ նշանակված ցմահ ազատազրկման ձևով պատիժը (տե՛ս վերևում՝ 11-րդ պարբերությունը): Այդ առնչությամբ դիմումատուի պահանջը քննելիս ներպետական դատարաններից պահանջվել է համապատասխանեցնել, այն է՝ փոփոխված նոր Քրեական օրենսգրքի համաձայն իրավական որակում տալ այն հանցագործություններին, որոնց համար դիմումատուն դատապարտվել էր Գերագույն դատարանի 1996 թվականի դեկտեմբերի 10-ի դատավճռով (տե՛ս վերևում՝ 4-րդ պարբերությունը). որակում տալ մասնավորապես նախկինում սպանություն կատարած անձի կողմից սպանություն կատարելու այն հանցագործության մասով, որն այլևս գոյություն չուներ որպես ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանության տեսակ (տե՛ս վերևում՝ 33-րդ պարբերությունը): Դիմումատուն մասնավորապես պնդել է, որ հին Քրեական օրենսգրքի 99-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված՝ Գ.Ս.-ի՝ ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանության հանցակցության համար իր դատապարտումը պետք է որակվի որպես առանց ծանրացուցիչ հանգամանքների կատարված սպանություն՝ հաշվի առնելով այն փաստը, որ նոր Քրեական օրենսգրքի համապատասխան 104-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետն ուժը կորցրած էր ճանաչվել 2011 թվականի մայիսի 23-ի օրենսդրական փոփոխությունների արդյունքում (տե՛ս վերևում՝ 19-րդ և 33-րդ պարբերությունները): 2013 թվականի փետրվարի 15-ին Վճռաբեկ դատարանը վերջնական որոշմամբ անփոփոխ է թողել Համայնքային դատարանի՝ դիմումատուի ցմահ ազատազրկման ձևով պատիժը պահպանելու վերաբերյալ որոշումը՝ համարելով, որ դիտարկվող օրենսդրական փոփոխություններով դիմումատուի համար ավելի բարենպաստ իրավիճակ չէր ստեղծվել նոր Քրեական օրենսգրքի համաձայն այն հանցագործությունների համար իրավական որակման առումով, որոնց համար նա դատապարտվել էր Գերագույն դատարանի 1996 թվականի դեկտեմբերի 10-ի դատավճռով (տե՛ս վերևում՝ 18-րդ և 23-րդ պարբերությունները)։
54. Այս կապակցությամբ հարց է առաջանում առ այն, թե արդյոք Կոնվենցիայի 7-րդ հոդվածը կիրառվում է այն վարույթի նկատմամբ, որով դիմումատուն պահանջել է վերանայել իր պատիժը 2011 թվականի օրենսդրական փոփոխություններից հետո, որոնք հանգեցրել են այն հանցանքներից մեկի ծանրացուցիչ հանգամանքի վերացմանը, որոնց համար նա դատապարտվել էր 1996 թվականին կայացված վերջնական դատավճռով։
55. Այս համատեքստում Դատարանը վկայակոչում է իր հաստատված նախադեպային իրավունքը, համաձայն որի՝ առավել մեղմ քրեական օրենքի հետադարձ ուժի սկզբունքը դրսևորվում է այն կանոնի մեջ, համաձայն որի՝ այն դեպքում, երբ իրավախախտման կատարման պահին գործող քրեական օրենքի և դրանից հետո ընդունված քրեական օրենքների միջև վերջնական վճիռ կայացնելիս առկա են տարբերություններ, ապա դատարանները պետք է կիրառեն այն օրենքը, որի դրույթներն ավելի բարենպաստ են մեղադրյալի համար (տե՛ս վերևում հիշատակված՝ Սկոպոլայի գործը, § 109)։ Հետևաբար դիմումատուի այն փաստարկը, որ իրեն պետք է տրվի ավելի բարենպաստ օրենքից օգտվելու հնարավորություն, որն ուժի մեջ է մտել իր դատավճիռը վերջնական դառնալուց շուրջ տասնհինգ տարի հետո, չի հաստատվում Դատարանի նախադեպային իրավունքով:
56. Այսպիսով, Դատարանը նշում է, որ Գուառե Պատտեի գործով իր կողմից կայացված դատավճռում այն ընդլայնել է 7-րդ հոդվածի՝ առավել մեղմ քրեական օրենքի հետադարձ ուժի վերաբերյալ երաշխիքները մինչև վերջնական պատիժը հետադարձ ուժով վերանայելու հնարավորությունը, եթե ներպետական օրենսդրությունը նախատեսում է այդպիսի հնարավորություն (տե՛ս վերևում հիշատակված՝ Գուառե Պատտեի գործը, §§ 33-36, ինչպես նաև տե՛ս վերևում հիշատակված՝ Կոպրիվնիկարի գործը, § 49)։ Այս դեպքում Դատարանը, այնուամենայնիվ, կիրառել է ավելի մեղմ պատժի հետադարձ ուժի սկզբունքը վերջնական դատապարտված անձի նկատմամբ այնքանով, որքանով որ ներպետական օրենսդրությամբ ներպետական դատարաններից հստակորեն կպահանջվի իրենց սեփական նախաձեռնությամբ վերանայել պատիժը, եթե հաջորդիվ ընդունված օրենքով կրճատվել է հանցագործության համար կիրառելի պատժաչափը (տե՛ս վերևում հիշատակված՝ Գուառե Պատտեի գործը, §§ 33 և 34)։ Դատարանը գտնում է, որ սույն գործով իրավիճակն այլ է։
57. Մասնավորապես, թեև նոր Քրեական օրենսգիրքը (տե՛ս վերևում՝ 5-րդ պարբերությունը), որն օրինական ուժի մեջ է մտել այն ժամանակ, երբ դիմումատուն պահանջել է վերանայել իր պատիժը (տե՛ս վերևում՝ 11-րդ պարբերությունը), նախատեսում էր արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակը բարելավող օրենքի հետադարձ ուժի կիրառությունն այն անձանց դեպքում, որոնք կրում են իրենց պատիժը (տե՛ս վերևում 26-րդ պարբերությունում հիշատակված՝ նոր Քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածը), այդ դրույթն այնքան հստակ չէ, որքան սահմանված է Անդորրայի օրենսդրությամբ (տե՛ս վերևում հիշատակված՝ Գուառե Պատտեի գործը, §§ 17 և 34), և որ ավելի կարևոր է, ներպետական դատարանները գտել են, որ դա չի կարող հիմք հանդիսանալ դիմումատուի գործը վերանայելու համար: Ըստ էության, փաստական և իրավական գնահատական տալով՝ դատարանները համարել են, որ դիմումատուի վիճակը չի փոխվել փոփոխված նոր Քրեական օրենսգրքի համաձայն այն հանցագործությունների իրավական որակման հետ կապված, որոնց համար վերջինս դատապարտվել էր Գերագույն դատարանի 1996 թվականի դեկտեմբերի 10-ի դատավճռով (տե՛ս վերևում՝ 18-րդ, 20-րդ և 23-րդ պարբերությունները)։
58. Այսպիսով, ուշադիր ուսումնասիրելով դիմումատուի կողմից իր վերաքննիչ բողոքներում ներկայացված փաստարկները (տե՛ս վերևում՝ 19-րդ և 21-րդ պարբերությունները)՝ Վճռաբեկ դատարանը 2013 թվականի փետրվարի 15-ի իր վերջնական որոշման մեջ (տե՛ս վերևում` 23-րդ պարբերությունը) եկել է այն եզրահանգման, որ 2011 թվականի մայիսի 23-ին կատարված օրենսդրական փոփոխությունները (տե՛ս վերևում` 27-33-րդ պարբերությունները) չեն փոխել իրավիճակը հօգուտ դիմումատուի: Այդպիսով Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով 2011 թվականի օրենսդրական փոփոխությունները, այդ թվում՝ նոր Քրեական օրենսգրքի 20-րդ հոդվածում կատարված փոփոխությունները (տե՛ս վերևում՝ 28-րդ պարբերությունը), որդեգրել է նոր մոտեցում՝ նոր Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված ծանրացուցիչ հանգամանքի մեկնաբանման առնչությամբ։ Այն մասնավորապես որոշում է կայացրել առ այն, որ ի տարբերություն մինչ այդ փոփոխությունները կիրառված պրակտիկայի՝ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի նպատակներով երկու անձի դիտավորյալ սպանությունն իրար հետ չառնչվող դրդապատճառներով նույնպես պետք է որակվի որպես «երկու անձի սպանություն» (տե՛ս վերևում՝ 23-րդ պարբերությունը):
59. Այս համատեքստում Դատարանը կրկին նշում է, որ իր նախադեպային իրավունքում ընդունել է, որ իրավունքի, ներառյալ՝ քրեական իրավունքի ցանկացած համակարգում միշտ անհրաժեշտություն կլինի դատական մեկնաբանության միջոցով պարզաբանելու կասկածելի կետերը և հարմարեցնելու փոփոխվող հանգամանքներին (տե՛ս Կաֆկարիսն ընդդեմ Կիպրոսի [ՄՊ] [Kafkaris v. Cyprus [GC]], թիվ 21906/04, § 141, ՄԻԵԴ 2008)։
60. Դատարանն այնուհետև կրկին նշում է ներպետական օրենսդրության մեկնաբանման և կիրառման վերաբերյալ իր նախադեպային իրավունքով հաստատված հիմնարար սկզբունքը: Մասնավորապես ներպետական դատարաններին փոխարինելը Դատարանի խնդիրը չի համարվում։ Ներպետական օրենսդրության մեկնաբանման հետ կապված խնդիրները լուծելը հիմնականում ազգային իշխանությունների, մասնավորապես՝ դատարանների իրավասության շրջանակում է, այնպես որ իր դերը սահմանափակվում է պարզելով, թե արդյոք այդպիսի մեկնաբանության հետևանքները համատեղելի են Կոնվենցիայի հետ (տե՛ս Կորբելին ընդդեմ Հունգարիայի [ՄՊ] [Korbely v. Hungary [GC]], թիվ 9174/02, § 72, ՄԻԵԴ 2008, և Կոնոնովն ընդդեմ Լատվիայի [ՄՊ] [Kononov v. Latvia [GC]], թիվ 36376/04, § 197, ՄԻԵԴ 2010)։ Հետևաբար Դատարանը կասկածի տակ չի դնի ազգային դատարանների կողմից ազգային օրենսդրության մեկնաբանությունն ու կիրառությունը, քանի դեռ դա չի հանգեցրել Կոնվենցիային հակասող հետևանքների (տե՛ս, mutatis mutandis (համապատասխան փոփոխություններով), վերևում հիշատակված՝ Կոնոնովի գործը, § 197, և Պլեչկովն ընդդեմ Ռումինիայի [Plechkov v. Romania], թիվ 1660/03, § 67, 2014 թվականի սեպտեմբերի 16)։ Սույն գործով Դատարանը չի տեսնում կամայականության կամ ակնհայտ չհիմնավորվածության որևէ տարր ներպետական դատարանների եզրակացություններում՝ 2011 թվականի փոփոխություններով նոր Քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունների լույսի ներքո նույն օրենսգրքի 13-րդ հոդվածը և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը մեկնաբանելիս։
61. Ելնելով վերոնշյալից և հաշվի առնելով իր նախադեպային իրավունքում սահմանված սկզբունքները (տե՛ս մասնավորապես վերևում՝ 48-րդ, 55-րդ, 59-րդ և 60-րդ պարբերությունները), Դատարանը գտնում է, որ դիտարկվող վարույթի վրա չի տարածվել Կոնվենցիայի 7-րդ հոդվածը:
62. Այստեղից հետևում է, որ սույն բողոքը ratione materiae (առարկայական իրավազորության առումով) անհամատեղելի է Կոնվենցիայի դրույթների հետ՝ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով, և պետք է մերժվի 35-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան։
Այս հիմնավորմամբ Դատարանը միաձայն՝
Հայտարարում է գանգատն անընդունելի:
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2022 թվականի հունվարի 13-ին։
Անդրեա Տամիետտի |
Յոնկո Գրոզև |
Քարտուղար |
Նախագահ |
