ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական վերաքննիչ |
Վարչական գործ թիվ ՎԴ/3271/05/12 2012 թ. |
Վարչական գործ թիվ ՎԴ/3271/05/12 |
|
Նախագահող դատավոր՝ Հ. Բեդևյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ե. Սողոմոնյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Տ. Պետրոսյանի |
2012 թվականի դեկտեմբերի 10-ին,
քննարկելով ըստ հայցի ՀՀ առողջապահության նախարարության (այսուհետ` Նախարարություն) ընդդեմ «ՌԵՎԵՐԴԻ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` դեղատնային գործունեության իրականացման լիցենզիան դադարեցնելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 27.08.2012 թվականի «Բողոքը բավարարելու մասին» որոշման դեմ Նախարարության բերած վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Նախարարությունը պահանջել է դադարեցնել Ընկերությանը 07.07.2003 թվականին տրված դեղատնային գործունեության թիվ Կ-XX-000252 լիցենզիայի գործունեությունը` լիցենզիան ուժը կորցրած ճանաչելով:
ՀՀ վարչական դատարանի 11.06.2012 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է առ ոչինչ ճանաչել կամ վերացնել ՀՀ առողջապահության նախարարի (այսուհետ` Նախարար) 08.05.2012 թվականի թիվ 999-Ա հրամանի հիման վրա ստեղծված հանձնաժողովի կողմից 08.05.2012 թվականին կազմված ակտը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Կ. Բաղդասարյան) (այսուհետ` Դատարան) 10.07.2012 թվականի որոշմամբ հակընդդեմ հայցադիմումի ընդունումը մերժվել է:
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.08.2012 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է` որոշվել է վերացնել Դատարանի 10.07.2012 թվականի «Հակընդդեմ հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նախարարությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածը, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 5-րդ մասը, ՀՀ Կառավարության 24.09.2001 թվականի թիվ 895 որոշման 1-ին կետի «գ» ենթակետը, ՀՀ դատական օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ, 117.7-րդ հոդվածները, 117.9-րդ հոդվածի 2-րդ մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Տվյալ դեպքում Ընկերության կողմից վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարան է ներկայացվել 03.08.2012 թվականին, Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը վարույթ է ընդունել 14.08.2012 թվականին, Նախարարությունում վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը ստացվել է 17.08.2012 թվականին, Վերաքննիչ դատարանը սույն գործը քննել և որոշում է կայացրել 27.08.2012 թվականին: Մինչդեռ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117.9-րդ հոդվածի 2-րդ մասը գործը քննելու և որոշում կայացնելու համար սահմանել է 15-օրյա ժամկետ:
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ վարչական ակտը` որպես անհատական իրավական ակտ, ենթադրում է 2 տարրերի միաժամանակյա և պարտադիր առկայություն: Մասնավորապես` այդպիսիք են` հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակ հետապնդելը և այդ ակտն անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն ուղղված լինելը: Մինչդեռ, տվյալ դեպքում Նախարարի 08.05.2012 թվականի թիվ 999-Ա հրամանի հիման վրա իրականացված զննման արդյունքում կազմված ակտով արձանագրվել են ընդամենն Ընկերության դեղատնային կրպակում համապատասխան խախտումների առկայության կամ բացակայության փաստերը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել» Վերաքննիչ դատարանի 27.08.2012 թվականի «Բողոքը բավարարելու մասին» որոշումը:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները
Վերաքննիչ դատարանում միջանկյալ դատական ակտերի մասով գործի քննության ժամկետը սահմանող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117.9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վերաքննիչ դատարանը միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքները քննում և կայացնում է որոշում գործը ստանալուց հետո` 15-օրյա ժամկետում: Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը գործը ՀՀ վարչական դատարանից ստացել է 10.08.2012 թվականին, իսկ որոշումը կայացրել է 27.08.2012 թվականին` 15-օրյա ժամկետի պահպանմամբ (25.08.2012 թվականը շաբաթ օր էր): Հետևաբար, բողոք բերած անձի պնդումն այն մասին, որ Վերաքննիչ դատարանը խախտել է օրենքով սահմանված 15-օրյա ժամկետը, անհիմն է:
Բողոք բերած անձն անտեսել է, որ Նախարարի 08.05.2012 թվականի թիվ 999-Ա հրամանի հիման վրա ստեղծված հանձնաժողովի կողմից 08.05.2012 թվականին կազմված ակտն իր իրավական նշանակությամբ և առաջացրած իրավական հետևանքներով ըստ էության միջամտող վարչական ակտ է, քանի որ այն, նշվելով Նախարարության հայցում որպես փաստական հիմք, Ընկերության համար առաջացրել է ըստ էության բացասական հետևանքներ:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ սույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ`
1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, այդ թվում, եթե`
ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար,
բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ` այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտերի ուժով.
2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն.
3) նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության համաձայն` վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն:
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` լիցենզիայի գործողությունը կարող է դադարեցվել`
1) լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում լիցենզիան տալու համար էական նշանակություն ունեցող կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն հայտնաբերելու դեպքում.
2) լիցենզավորված գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լուծարման, անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցվելու կամ ֆիզիկական անձի մահվան դեպքերում.
3) եթե լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման հետևանքով պատճառվել է ծանր վնաս.
4) լիցենզավորված անձի կողմից սույն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված խախտումները պարբերաբար կատարելու դեպքում.
5) մեկ տարվա ընթացքում ոչ պակաս, քան երկու անգամ սույն օրենքի 36-րդ հոդվածի առաջին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ կետերի համաձայն լիցենզիայի գործողությունը կասեցվելու դեպքում.
6) լիցենզիայի գործողության կասեցման ժամկետում կասեցման պահանջների խախտմամբ կասեցված գործունեություն կամ այդ գործունեության առանձին գործառույթ կամ լիցենզիայով վերապահված առանձին գործողություն իրականացնելու դեպքում.
7) լիցենզավորված անձի դիմումի համաձայն.
8) լիցենզիայի ժամկետը լրանալու դեպքում.
9) օրենքով նախատեսված այլ դեպքերում:
Լիցենզիայի գործողությունը դադարեցվում է լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու միջոցով:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` սույն հոդվածի առաջին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 9-րդ կետերով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողությունը դադարեցվում է դատական կարգով` լիցենզավորող մարմնի դիմումի համաձայն:
Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ որևէ որոշում, կարգադրություն, հրաման կամ այլ անհատական իրավական ակտ որպես վարչական ակտ դիտարկելու համար անհրաժեշտ է օրենքով նախատեսված վարչական ակտի բաղկացուցիչ մասերը կազմող տարրերի միաժամանակյա առկայությունը:
Այսպես, վարչական ակտը պետք է ընդունվի վարչական մարմնի կողմից, ունենա արտաքին ներգործություն, ընդունվի հանրային իրավունքի բնագավառում, հետապնդի կոնկրետ գործի կարգավորման նպատակ, ինչպես նաև ուղղված լինի անձի համար իրավունքներ կամ պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն: Վերոգրյալ տարրերից թեկուզ և որևէ մեկի բացակայությունը բացառում է վարչական ակտի առկայությունը:
Սույն գործով Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը բավարարելու հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ Նախարարի 08.05.2012 թվականի թիվ 999-Ա հրամանի հիման վրա ստեղծված հանձնաժողովի կողմից 08.05.2012 թվականին կազմված ակտը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի իմաստով հանդիսանում է միջամտող վարչական ակտ:
Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի վերոգրյալ պատճառաբանությունն անհիմն է, քանի որ օրենքի ուժով Ընկերության դեղատնային գործունեության լիցենզիայի գործողությունը կարող է դադարեցվել, ուստիև Ընկերության համար պարտականություններ կարող են սահմանվել միայն դատական կարգով:
Ինչ վերաբերում է Նախարարի 08.05.2012 թվականի թիվ 999-Ա հրամանի հիման վրա ստեղծված հանձնաժողովի կողմից 08.05.2012 թվականին կազմված ակտին, ապա այդ մասով Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն ընդամենն Ընկերությունում հայտնաբերված խախտումների վերաբերյալ կազմված փաստաթուղթ է, որպիսի փաստաթուղթը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի իմաստով վարչական ակտ չէ, քանի որ այն ուղղված չէ Ընկերության համար որևէ պարտականություն սահմանելուն:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.9-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ, 118.9-րդ, 118.15-րդ և 118.17-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 27.08.2012 թվականի «Բողոքը բավարարելու մասին» որոշումը և ՀՀ վարչական դատարանի 10.07.2012 թվականի «Հակընդդեմ հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողնել օրինական ուժի մեջ:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ ` |
Ե. Սողոմոնյան | |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Տ. Պետրոսյան |