ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0051/02/10 |
Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0051/02/10 2010թ. |
Նախագահող դատավոր՝ Լ. Գրիգորյան |
Դատավորներ՝ |
Գ. Մատինյան |
Ա. Թումանյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ե. Խունդկարյանի | |
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2010 թվականի հուլիսի 28-ին,
քննարկելով «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի (այսուհետ`Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 14.05.2010 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Ժիրայր և Քրիստինե Սարգսյանների ընդդեմ Ընկերության` վնասի հատուցման պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. ¶áñÍáí ϳ۳óí³Í ¹³ï³Ï³Ý ³ÏïÇ ¿áõÃÛáõÝÁ
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 12.04.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 14.05.2010 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը վերադարձվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 4-րդ կետը, 213-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետը, 214-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Ընկերությունը վերաքննիչ բողոքին կից ներկայացրել է վերաքննիչ բողոքով վիճարկվող գումարի՝ 950.000 ՀՀ դրամի 3 տոկոսի չափով՝ 28.500 ՀՀ դրամ, պետական տուրքը վճարելու վերաբերյալ թվով 3 վճարման հանձնարարականների բնօրինակներ և մեկ վճարման անդորրագիր (23.07.2009 թվականի թիվ 1282 և 14.08.2009 թվականի թիվ 1519 վճարման հանձնարարականները` 4.000-ական ՀՀ դրամի, 14.08.2009 թվականի թիվ 1596 վճարման հանձնարարականը` 20.000 ՀՀ դրամի և 04.05.2010 թվականի թիվ 588117 անդորրագիրը՝ 500 ՀՀ դրամի վճարման վերաբերյալ): Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, անտեսելով Ընկերության կողմից վերաքննիչ բողոքի համար սահմանված պետական տուրքի ամբողջությամբ վճարման հանգամանքը, վերաքննիչ բողոքը վերադարձրել է` միաժամանակ նշելով, որ վերաքննիչ բողոքին կից ներկայացված վճարման հանձնարարականները վերաքննիչ բողոքին վերաբերելի չեն:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանը, մատնանշելով պետական տուրքը 2009 թվականին վճարված լինելու հանգամանքը, չի նշել այն օրենքը կամ ենթաօրենսդրական ակտը, որն արգելում է բողոք բերող անձին վերաքննիչ բողոքին կցել ավելի վաղ վճարված պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը։
Միաժամանակ, անհրաժեշտ է նշել, որ Ընկերությունը նույն ձևի վճարման հանձնարարականներ է ներկայացրել այլ դատարաններ` կցելով տարբեր վերաքննիչ և վճռաբեկ բողոքներին, որոնք ընդունվել են ՀՀ դատարանների կողմից։ Ավելին, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը, քննելով հայցադիմումը վերադարձնելու մասին 08.02.2010 թվականի թիվ ԵԱՔԴ/0164/02/10 որոշման դեմ բերված Ընկերության վերաքննիչ բողոքը, 19.03.2010 թվականին կայացրել է որոշում, որով վերացրել է հայցադիմումը վերադարձնելու մասին 08.02.2010 թվականի որոշումը, որով հաստատված է համարել, որ բողոք բերող անձի կողմից հայցադիմումին կից ներկայացված վճարման հանձնարարականները (նախկինում կատարված վճարումների մասին) հանդիսանում են պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 14.05.2010 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետի համաձայն՝ պետական տուրքը վճարվում է դատարանների վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, իսկ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ պետական տուրքի չափը սահմանելու, դրա վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու և դրա չափը նվազեցնելու հարցերը լուծվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ մասի «ա» կետի համաձայն` դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար գույքային պահանջի գործերով պետական տուրքը գանձվում է վերաքննիչ բողոքում նշված վիճարկվող գումարի երեք տոկոսի չափով, իսկ եթե վիճարկվում են առաջին ատյանի դատարանի կողմից բավարարված կամ չբավարարված պահանջներն ամբողջությամբ կամ բավարարված կամ չբավարարված պահանջները չեն վիճարկվում, ապա առաջին ատյանի դատարան հարուցված և բողոքարկվող հայցի հայցագնի երեք տոկոսի չափով:
Սույն քաղաքացիական գործով Դատարանի 12.04.2010 թվականի վճռով բավարարվել է Ժիրայր և Քրիստինե Սարգսյանների հայցն ընդդեմ Ընկերության՝ 950.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին: Նշված վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքին կից Ընկերությունը ներկայացրել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով սահմանված վիճարկվող գումարի 3 տոկոսի չափով պետական տուրքի վճարման մասին ապացույցներ՝ 23.07.2009 թվականի թիվ 1282 և 14.08.2009 թվականի թիվ 1519 վճարման հանձնարարականները 4.000-ական ՀՀ դրամ, 14.08.2009 թվականի թիվ 1596 վճարման հանձնարարականը 20.000 ՀՀ դրամ, ինչպես նաև 04.05.2010 թվականի թիվ 588117 վճարման անդորրագիրը 500 ՀՀ դրամ (ընդհանուր 28.500 ՀՀ դրամ) վճարելու վերաբերյալ:
Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը 14.05.2010 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը վերադարձնելիս պատճառաբանել է, որ «վերաքննիչ բողոքը ենթակա է վերադարձման, նկատի ունենալով, որ այն չի համապատասխանում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջին, քանի որ բողոքին կից չի ներկայացվել օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող ապացույց։ Վերաքննիչ բողոք ներկայացրած անձը բողոքին կից ներկայացրել է 500 ՀՀ դրամի չափով պետական տուրքի վճարման թիվ 588117 անդորրագիրը, սակայն պետական տուրքը պետք է վճարվեր հայցագնի՝ 950.000 ՀՀ դրամի 3 տոկոսի չափով։ Բողոքին կից ներկայացվել են նաև 2009 թվականին կատարված պետական տուրքի վճարումների անդորրագրեր, որոնք սույն գործով ներկայացված վերաքննիչ բողոքին վերաբերելի չեն»:
Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունն այն մասին, թե Ընկերությունը չի ներկայացրել սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ, իսկ ներկայացված վճարման հանձնարարականները չեն հանդիսանում որպես այդպիսին, Վճռաբեկ դատարանը գտնում է անհիմն հետևյալ պատճառաբանությամբ.
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի համաձայն` պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթի բնօրինակը, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից այլ բան սահմանված չլինելու դեպքում, պետական տուրքի տեսակի, վճարողի անվան, գումարի փոխանցման բանկային հաշվի համարի և վճարման ամսաթվի նշումով, մնում է պետական տուրք գանձող մարմնում` համապատասխան գործողությունների կատարումը կամ ծառայությունների մատուցումը հաստատող գործին կցված:
Նշված նորմի բովանդակությունից հետևում է, որ պետական տուրքի վճարումը հաստատող վճարման փաստաթղթերի բնօրինակը պետք է ներկայացվի համապատասխան գործողություններ կատարող կամ ծառայություններ մատուցող մարմնին, որպիսի փաստաթուղթն էլ պետք է կցվի համապատասխան գործողությունների կատարումը կամ ծառայությունների մատուցումը հաստատող գործին:
«Վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով տրվում է վճարման հանձնարարականի հասկացությունը, այն է` վճարման հանձնարարականը (բանավոր, գրավոր կամ էլեկտրոնային եղանակով) բանկին տրված հանձնարարությունն է` վճարել կամ հանձնարարել այլ բանկի` վճարել շահառուին հաuտատագրված կամ հաշվարկվող գումար: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վճարման հանձնարարականի գումարը վճարման հանձնարարականում նշված` շահառուին վճարման ենթակա գումարն է:
Վերը նշված օրենքի վերլուծության և գործի նյութերի համադրության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործում առկա վճարման հանձնարարականների բնօրինակները համապատասխանում են «Վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների մասին» ՀՀ օրենքի և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 8-րդ, 9-րդ, 32-րդ հոդվածների պահանջներին, քանի որ վճարված գումարը փոխանցվել է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` որպես պետական տուրք:
Վճռաբեկ դատարանը վերոգրյալ պատճառաբանությամբ գտնում է, որ վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարան է ներկայացվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջին համապատասխան, քանի որ վերաքննիչ բողոքին կցվել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ մասի «ա» կետով սահմանված չափով պետական տուրքի վճարման մասին ապացույց:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ բողոքը վերադարձնելու կամ վարույթ ընդունելու հարցը լուծելիս Վերաքննիչ դատարանը պետք է առաջնորդվի ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածներով, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածով նախատեսված անձի արդար դատական քննության իրավունքի ապահովման սկզբունքից, իսկ արդար դատաքննության բաղկացուցիչ տարրերից մեկը դատարանի մատչելիության իրավունքն է:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ այն դեպքերում, երբ բողոքարկման ընթացակարգեր են նախատեսված, Բարձր պայմանավորվող կողմերը պարտավոր են ապահովել իրենց իրավասության տակ գտնվող ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից վերաքննիչ դատարաններում Կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված այն նույն երաշխիքներից օգտվելը, ինչպիսիք նրանք ունեն առաջին ատյանի դատարանում (տես Բրուալլա Գոմեզ դե լա Տորրեն ընդդեմ Իսպանիայի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 1997 թվականի դեկտեմբերի 19-ի վճիռը):
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է նաև, որ վերաքննիչ դատարաններում Կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված նույն երաշխիքներից օգտվելու ժամանակ այն սահմանափակումները, որոնք զուտ ֆինանսական բնույթ ունեն և որոնք բացարձակապես կապված չեն վերաքննիչ բողոքի կամ վերջինիս հաջողության հեռանկարների հետ, պետք է արդարադատության շահերից ելնելով մանրակրկիտ քննության առնվեն (տես Բրուալլա Գոմեզ դե լա Տորրեն ընդդեմ Իսպանիայի, թիվ 26737/95, 1997 թվականի դեկտեմբերի 19, կետ 33, Թինելի էնդ Սանզ ՍՊԸ-ն ու այլոք և Մաքէլդաֆն ու այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ 20390/92, 21322/92, 1998 թվականի հուլիսի 10, կետ 72 և Խալֆաուին ընդդեմ Ֆրանսիայի, թիվ 34791/97, 37):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական պաշտպանության իրավունքը կարող է սահմանափակվել, սակայն կիրառվող սահմանափակումները չպետք է լինեն այն աստիճան, որ խաթարեն այդ իրավունքի բուն էությունը: Սահմանափակումը անհամատեղելի կլինի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հավասարակշռված կապ գործադրվող միջոցների և հետապնդվող նպատակի միջև (տես Վճռաբեկ դատարանի 14.04.2008 թվականի թիվ 3-365 (ՎԴ) քաղաքացիական գործով որոշումը):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ դատարանների կողմից չեն կարող ստեղծվել այնպիսի ձևական խոչընդոտներ, որոնց արդյունքում խախտվում է անձի՝ դատական ակտն օրենքով նախատեսված կարգով վերանայելու պահանջի իրավունքը, հետևյալ պատճառաբանությամբ.
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 1995 թվականի փետրվարի 7-ի թիվ R (95) 5 Հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն՝ պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարանի) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:
Վերը նշվածից հետևում է, որ առաջին ատյանի դատարանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի ապահովվի ցանկացած որոշման վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարանի) կողմից:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2411-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.05.2010 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» թիվ ԵՇԴ/0051/02/10 որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ս. Սարգսյան | |
Դատավորներ` |
Ե. Խունդկարյան | |
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |