ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 օգոստոսի 2018 թվականի N 871-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզավորման կարգերը և նշված գործունեությունների իրականացման լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» N 867 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝
1) որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետությունում կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզավորման կարգի՝
ա. 10-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ.
«2) լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար նախատեսված տարածքի նկատմամբ հայտատուի անվամբ սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականի և իրավասու մարմնի կողմից տրված՝ գործունեության համար նախատեսված հայտատուի անվամբ տարածքի հատակագծի պատճենները, բացառությամբ կալանավորված անձանց և դատապարտյալներին բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման նպատակով բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիա ստանալու համար դիմած պետական ոչ առևտրային կազմակերպություն հանդիսացող հայտատուների, որոնց դեպքում ներկայացվում է արդարադատության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարության կողմից համապատասխան տարածքների առկայության վերաբերյալ տեղեկանք.».
բ. N 2 ձևի 18-րդ կետը «պատճենները» բառից հետո լրացնել «(սույն կետի վանդակը չի լրացվում քրեակատարողական հիմնարկներում բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիա ստանալու համար դիմած պետական ոչ առևտրային կազմակերպություն հանդիսացող հայտատուների դեպքում):» բառերով:
2. Սահմանել, որ՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 30-ի N 669-Ն որոշման 2-րդ կետով սահմանված՝ վերջին հինգ տարում մասնագիտական վերապատրաստում անցնելու վկայականների պատճենները ներկայացնելու պահանջը կիրառվում է կալանավորված անձանց և դատապարտյալների բժշկական օգնության և սպասարկման համար հատուկ ստեղծված և բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ստացած պետական ոչ առևտրային կազմակերպությունների նկատմամբ՝ 2020 թվականի օգոստոսի 15-ից.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետությունում կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզավորման կարգի 18-րդ կետով նախատեսված շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի կամ մասնագիտական գործունեության հավաստագրի պատճենները ներկայացնելու պահանջը կիրառվում է կալանավորված անձանց և դատապարտյալների բժշկական օգնության և սպասարկման համար հատուկ ստեղծված և բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ստացած պետական ոչ առևտրային կազմակերպությունների նկատմամբ՝ 2023 թվականի օգոստոսի 15-ից:
3. Սույն որոշման 2-րդ կետով սահմանված ժամկետներն ավարտվելուց հետո մեկշաբաթյա ժամկետում՝ կալանավորված անձանց և դատապարտյալների բժշկական օգնության և սպասարկման համար հատուկ ստեղծված և բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ստացած պետական ոչ առևտրային կազմակերպությունները լիցենզավորող մարմին են ներկայացնում համապատասխանաբար այդ կազմակերպություններում մասնագիտական գործունեություն իրականացնող բուժաշխատողների՝ վերջին հինգ տարիներին մասնագիտական վերապատրաստում անցնելու վկայականների, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով տրված շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրերի պատճենները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի օգոստոսի 15-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. օգոստոսի 13 Երևան |