ՋԱԲԻՐԱՅԼՈՎԱՆ ԵՎ ՋԱԲՐԱԻԼՈՎԱՆ ԸՆԴԴԵՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԳՈՐԾՈՎ
2010թ. դեկտեմբերի 2-ի վճիռը
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
ՓԱՍՏԵՐ
ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
6. Առաջին դիմողը 1983 թվականին ծնված Իսա Այթամիրովի մայրն է: Երկրորդ դիմողը` վերջինիս քույրն է և Իսա Այթամիրովի մորաքույրը: Դիմողները ծնվել են համապատասխանաբար` 1955 և 1960 թվականներին: Առաջին դիմողն ապրում է Արգուն քաղաքում, երկրորդ դիմողն ապրում է Չեչնիայի Հանրապետության Նովի Ցենտորոյ գյուղում:
A. Իսա Այթամիրովի անհետացումը
1. Դիմողների դիրքորոշումը
7. Քննարկվող ժամանակահատվածում առաջին դիմողն Իսա Այթամիրովի հետ ապրել է Չեչնիայի Գրոզնենսկի շրջանի Արգուն քաղաքում: Երկրորդ դիմողն ապրել է Չեչնիայի Գրոզնենսկի շրջանի Նովի Ցենտորոյ գյուղի Գագարին փողոցի 36 տանը: Իսա Այթամիրովը հաճախ մնում էր գյուղում՝ իր մորաքրոջ տանը:
8. 2003թ. փետրվարի 19-ի գիշերը երկրորդ դիմողը, Իսա Այթամիրովը և մյուս հարազատները քնած են եղել Նովի Ցենտորոյ գյուղում գտնվող իրենց տանը: Այդ գիշեր գյուղում դադարեցվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը: Նախորդ ռմբակոծումների պատճառով երկրորդ դիմողի տան պատուհանները ապակու փոխարեն ծածկված են եղել պլաստիկե շերտերով:
9. Մոտավորապես առավոտյան ժամը 4-ին երեսուն ռուս զինծառայող երեք զրահամեքենաներով (БТР) եկել են երկրորդ դիմողի տան դարպասների մոտ: Նրանք դարպասի վրայով անցել են, ամրակներից հանել են մուտքի դուռը և ներխուժել տուն: Հարձակվողները եղել են դիմակով և զինվորական դաշտային համազգեստով, խոսել ռուսերեն և չեչեներեն: Օգտագործելով իրենց լուսարձակները` նրանք մտել են տան սենյակներ, իրենց զենքով նշան բռնել երկրորդ դիմողի և վերջինիս ազգականուհու վրա և նրանց հրամայել են չշարժվել: Այնուհետև, հարձակվողները մտել են Իսա Այթամիրովի սենյակ: Նրանք արթնացրել են վերջինիս, զենքով նրա վրա նշան բռնել և տնից դուրս հանել: Իսա Այթամիրովին, բոբիկ և հագին միայն ներքնաշոր, տարել են բակում գտնվող ամբարի մոտ և հարկադրել ձեռքերը բարձրացրած կանգնել պատի մոտ: Այդ նույն ժամանակ տիկին Մ.Ջ-ն` Իսա Այթամիրովի մյուս մորաքույրը, փորձել է տան պատուհանից օգնություն կանչել: Զինծառայողներից մեկը չեչեներեն հրամայել է լռել:
10. Երկրորդ դիմողը և նրա ազգականուհին խնդրել են զինծառայողներին իրենց դուրս թողնել: Նման թույլտվություն միայն երկրորդ դիմողն է ստացել: Երբ վերջինս դուրս է եկել բակ` տեսել է, որ իր զարմիկը, ձեռքերը բարձրացրած` կանգնած է պատի մոտ: Երկրորդ դիմողը խնդրել է իր զարմիկին փոխանցել նրա անձնագիրը: Երբ նա բերել է այն` զինծառայողը հրամայել է տուն մտնել: Այնուհետև, երկրորդ դիմողը տեսել է, թե ինչպես են իր զարմիկին նստեցնում զրահամեքենաներից մեկի մեջ: Նա փորձել է վազել, հասնել իր զարմիկին, բարձրանալ զրահամեքենայի վրա, սակայն զինծառայողներից մեկը ինքնաձիգի խզակոթով հարվածել է նրան, ինչի պատճառով նա ընկել է գետնին` կորցնելով գիտակցությունը: Զրահամեքենան, որի մեջ եղել է Իսա Այթամիրովը, հեռացել է անհայտ ուղղությամբ: Դրանից հետո, դիմողի ազգականները գտել են երկրորդ դիմողին ուշագնաց վիճակում` արյունահոսելիս:
11. Երկրորդ դիմողը նշում է, որ նրանք դիմել են Գրոզնի քաղաքի զինվորական հոսպիտալ բժշկական օգնության համար, որտեղ նրա ոտքերը ենթարկել են ռենտգենյան զննության: Այնուհետև, երկրորդ դիմողը Արգուն քաղաքի հիվանդանոցում զննության է անցել, որից հետո նրա ոտքերի վնասվածքները մշակվել են և վիրակապվել:
12. 2003թ. փետրվարի 19-ին տեղի ունեցած իրադարձությունների նկարագրությունը հիմնվում է դիմողների ներկայացուցիչների կողմից տրված ցուցմունքների վրա, մասնավորապես` տիկին Մ.Ջ.-ի` 2005թ. սեպտեմբերի 23-ի ցուցմունքի, երկրորդ դիմողի` 2004թ. դեկտեմբերի 1-ի և 2005թ. սեպտեմբերի 23-ի երկու ցուցմունքների, տիկին Տ.Ջ.-ի` 2005թ. սեպտեմբերի 23-ի ցուցմունքի, գործին անհայտ օրը տիկին Մ.-ի և պրն Գ.-ի ցուցմունքների, տիկին Ա.Ի.-ի և տիկին Կ.-ի` 2006թ. փետրվարի 25-ի ցուցմունքների, ինչպես նաև Նովի Ցենտորոյ գյուղի տանտիրոջ կողմից ձեռքով նկարված քարտեզի վրա:
13. Դիմողները որևէ տեղեկություն չեն ունեցել Իսա Այթամիրովի մասին` 2003թ. փետրվարի 19-ից սկսած:
2. Կառավարության ներկայացրած տեղեկությունները
14. Կառավարությունը չի հերքել դիմողների կողմից ներկայացված փաստերի մեծ մասը: Այն հավաստել է, որ 2003թ. փետրվարի 19-ին զինված անհայտ անձինք ներխուժել են Նովի Ցենտորոյ գյուղի տներից մեկը, առևանգել Իսա Այթամիրովին և տարել անհայտ ուղղությամբ: Նույն անձինք մարմնական վնասվածքներ են պատճառել երկրորդ դիմողին:
B. Իսա Այթամիրովի որոնումները և նախաքննությունը
1.Դիմողների դիրքորոշումը
15. Իսա Այթամիրովի առևանգումից անմիջապես հետո նրա ազգականները տեղի ունեցածի մասին հայտնել են իշխանություններին:
16. 2003թ. մարտի 3-ին առաջին դիմողը հաղորդում է ներկայացրել իր որդուն առևանգելու փաստի կապակցությամբ Արգուն քաղաքի վարչակազմի ղեկավարին և նրան խնդրել աջակցել իր որդու գտնվելու վայրը պարզելու համար:
17. 2003թ. մարտի 12-ին առաջին դիմողն իր որդուն առևանգելու փաստի կապակցությամբ հայտարարություն է ներկայացրել Արգուն քաղաքի Ներքին գործերի բաժնի ղեկավարին (Արգուն քաղաքի ՆԳԲ): Իր նամակում նա հայտնել է, որ իր որդուն առևանգել են դիմակներով, զինվորական հագուստներով մի խումբ զինված անձինք և խնդրել է որոնման հարցում իրեն աջակցություն ցույց տալ:
18. 2003թ. մարտի 24-ին առաջին և երկրորդ դիմողները բողոք են ներկայացրել Չեչնիայի Հանրապետության վարչակազմի ղեկավարին և մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությամբ զբաղվող` ՌԴ Նախագահի Հատուկ ներկայացուցչություն, որով հայտնել են, որ 2003թ. փետրվարի 19-ին, մոտավորապես ժամը 4-ի սահմաններում զրահամեքենաներով, զինվորական համազգեստով մի խումբ անձինք առևանգել են Իսա Այթամիրովին Նովի Ցենտորոյի գյուղի տներից մեկից:
19. Մեկ այլ նամակով նույն ամսաթվով մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությամբ զբաղվող` ՌԴ Նախագահի Հատուկ ներկայացուցչությունը դիմողների ներկայացրած հայտարարություններն ուղարկել է Չեչնիայի Հանրապետության զինվորական դատախազություն:
20. 2003թ. ապրիլի 21-ին երկրորդ դիմողը դիմել է Գրոզնիի շրջանի դատախազություն: Նա հայտնում էր այն մասին, որ իր զարմիկին առևանգել են ռուսերեն և չեչեներեն խոսող` ռուսական զինված ուժերում ծառայող մի խումբ անձինք, ովքեր եկել էին երեք զրահամեքենայով: Դիմողը նաև փաստել էր, որ զինծառայողները նույնիսկ չեն բացատրել, թե ինչ հիմքով են Իսա Այթամիրովի ձերբակալում, աչքի են ընկել կոպիտ վարքագծով և, բացի դրանից, իրեն ծեծի են ենթարկել, որի հետևանքով ինքը գիտակցությունը կորցրել է: Դիմողը մատնանշել է, որ իր այս բողոքները ներկայացրել է իրավապահ տարբեր մարմիններ, սակայն դրանք պատշաճ արձագանքի չեն արժանացել, նաև խնդրել է որոնել առևանգված Իսա Այթամիրովին:
21. 2003թ. մայիսի 30-ին դատախազության Միավորված զինվորական (ուժային) խմբավորումը (զինվորական դատախազությունը ՄԶԽ(ու)-ն առաջին դիմողի` իր որդու առևանգման մասին հայտարարությունը քննության առնելու նպատակով ուղարկել է զինվորական դատախազության թիվ 20102 զինվորական բաժին:
22. 2004թ. մարտի 23-ին զինվորական դատախազության ՄԶԽ(ու)-ն հայտնել է երկրորդ դիմողին, որ ներկայացված հայտարարության քննության ընթացքում պարզվել է, որ նշված հանցագործության կատարման հետ ռուս զինծառայողներն առնչություն չունեն: Համաձայն այդ նամակի` գործին անհայտ մի օր Արգուն քաղաքի դատախազությունը քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ կետով (ծանրացուցիչ հանգամանքներով առևանգում) թիվ 42023 քրեական գործ է հարուցել:
23. 2004թ. մայիսի 12-ին Չեչնիայի ներքին գործերի նախարարության քրեական հետախուզման բաժինը հայտնել է երկրորդ դիմողին, որ 2003թ. փետրվարի 20-ին Գրոզնիի շրջանի դատախազությունը (շրջանային դատախազություն) 42027 համարով քրեական գործ է հարուցել Իսա Այթամիրովի առևանգման փաստի առիթով: Համաձայն այդ նամակի՝ Իսա Այթամիրովի գտնվելու վայրը, ինչպես նաև հանցանք կատարած անձանց բացահայտելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են:
24. 2004թ. հունիսի 8-ին շրջանային դատարանը նամակ է ուղարկել Գրոզնիի շրջանի ՆԳԲ-ին և դիմողի ներկայացրած` 2004թ. հունիսի 14-ի բողոքը հասցեագրել է այդ մարմնին:
25. 2004թ. հունիսի 17-ին դիմողի ազգականուհին՝ տիկին Մ.Ջ.-ն՝ անհետացած Իսա Այթամիրովի մյուս մորաքույրը, թիվ 42027 քրեական գործով ճանաչվել է որպես տուժող: Այդ որոշման մեջ նշված էր, որ 2003թ. փետրվարի 19-ին զինվորական հագուստով, զինված մի խումբ անձին երեք զրահամեքենայով և երկու ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով առևանգել են Իսա Այթամիրովին Նոր Ցենտորոյ, Գագարինի փողոց, տուն 36 հասցեից:
26. 2004թ. հուլիսի 14-ին շրջանային դատախազությունը երկրորդ դիմողին կանչել է դատախազություն մի քանի քննչական գործողություններ կատարելու համար: Հայտնի չէ, թե այդ օրն իրականացվել է, արդյոք, որևէ քննչական գործողություն:
27. 2004թ. հուլիսի 15-ի հաշվետվության համաձայն՝ այդ օրը շրջանային դատախազության քննիչը՝ պրն Տ.-ն դիմողից ստացել է բժշկական տեղեկանք և ռենտգենյան երկու նկար:
28. 2004թ. հուլիսի 30-ին զարմիկի որոնմանն աջակցելու վերաբերյալ դիմողի ներկայացրած խնդրանքը զինվորական դատախազության ՄԶԽ(ու)-ից ուղարկվել է զինվորական դատախազության թիվ 20102 զինվորական բաժին:
29. 2004թ. սեպտեմբերի 20-ին զինվորական դատախազության թիվ 20102 զինվորական բաժնից հայտնել են, որ քննության ընթացքում պարզվել է, որ Իսա Այթամիրովի առևանգման հետ ռուսական զինծառայողներն առնչություն չունեն: Նամակով նաև հայտնել են, որ թիվ 42027 քրեական գործի նյութերից չի երևում, որ ռուսական զինծառայողները քննվող հանցագործության հետ առնչություն ունեն: Դիմողին նաև հայտնել են, որ քննության վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար վերջինս պետք է դիմի շրջանային դատախազություն:
30. 2005թ. փետրվարի 21-ին Չեչնիայի Հանրապետության զինվորական պարետը զարմիկի առևանգման վերաբերյալ երկրորդ դիմողի ներկայացրած բողոքն ուղարկել է Գրոզնիի շրջանի պարետին: Նամակում նշած էր, որ ուղարկված բողոքն անհրաժեշտ է քննել Գրոզնիի ՌՕՎԴ-ի և Անվտանգության դաշնային ծառայության հետ համատեղ և Իսա Այթամիրովի գտնվելու վայրը պարզելու համար համապատասխան միջոցառումներ իրականացնել:
31. 2005թ. մայիսի 17-ին դիմողների ներկայացուցիչները շրջանային դատախազությանը դիմում են ներկայացրել, որում մանրամասն նշվել են ռուս զինծառայողների կողմից Իսա Այթամիրովի առևանգման դեպքերը: Նրանք նշել են, որ Իսա Այթամիրովի առևանգման վերաբերյալ քննությունն սկսվել է առնվազն երկու տարի առաջ և դիմումը գրելու պահին դեռ ոչ մի արդյունք չի նկատվել: Նրանք նաև բողոք էին ներկայացրել այն առումով, որ քննության ընթացքի վերաբերյալ ոչ մի տեղեկություն նրանց չի տրամադրվում: Վերոգրյալից զատ, դիմողների ներկայացուցիչները խնդրել են տեղեկություններ տրամադրել հետևյալ հարցերի վերաբերյալ՝ Գրոզնիի շրջանում իրականացվե՞լ են, արդյոք, հատուկ միջոցառումներ 2003թ. փետրվարի 19-21-ն ընկած ժամանակահատվածում, արդյոք, գործողություններն իրականացվե՞լ են այդ շրջանի պարետային ժամի ընթացքում, արդյոք Նովի Ցենտորոյ գյուղի շրջակայքում գործո՞ւմ են դաշնային ուժերի հսկիչ անցակետերը, եթե` այո, ապա ինչպիսի՞ տրանսպորտային միջոցներ կային նրանց իրավասության ներքո, արդյոք քննություն իրականացվե՞լ է դիմողների ազգականի առևանգմանը ռուս զինծառայողների առնչության հարցը պարզելու համար և հատկապես ինչպիսի միջոցառումներ են իրականացվել այդ ուղղությամբ:
32. 2005թ. մայիսի 27-ին զինվորական դատախազության ՄԶԽ(ու)-ն հայտնել է երկրորդ դիմողին, որ շրջանային դատախազությունը նախաքննություն է իրականացնում վերջինիս զարմիկի առևանգման փաստի առիթով, հարուցվել է թիվ 42027 քրեական գործը և դրա վերաբերյալ տեղեկությունները կարելի է ստանալ շրջանային դատախազությունից:
33. 2005թ. հունիսի 8-ին Չեչնիայի Հանրապետության դատախազությունը երկրորդ դիմողի` իր զարմիկի առևանգման մասին հայտարարությունը քննություն իրականացնելու նպատակով ուղարկել է շրջանային դատախազություն:
34. 2005թ. հունիսի 9-ին շրջանային դատախազությունը պատասխանել է դիմողների ներկայացուցիչների դիմումին: Նամակում նշվել է, որ շրջանային դատախազությունը 42027 համարով քրեական գործ է հարուցել, քննչական մարմիններին հանձնարարվել է այդ մասին հայտնել բոլոր իրավապահ մարմիններին, իրականացվել են մի քանի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ հանցանք կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ, իրականացվել է վկաների հարցաքննություն, սակայն այս բոլոր միջոցառումներն արդյունք չեն տվել: Նամակի վերջում նշվել է, որ քրեական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 1-ին մասի (1) համաձայն` 2004թ. օգոստոսի 10-ին թիվ 42027 քրեական գործի քննությունը կասեցվել է, քանի որ հայտնի չէ այն անձը, ով գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ:
35. 2005թ. հունիսի 15-ին շրջանային դատախազությունը հայտնել է դիմողների ազգականներին, որ Իսա Այթամիրովի առևանգման փաստի առիթով հարուցվել է թիվ 42027 քրեական գործը: Նամակում նշվել է, որ իրականացվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ հանցանք կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
36. 2005թ. սեպտեմբերի 22-ին դիմողների ներկայացուցիչները նամակ են հղել շրջանային դատախազությանը: Նրանք հայտնել են, որ իրենց ներկայացրած հարցադրումներին և իրականացվող քննության վերաբերյալ իշխանությունները ամբողջական պատասխան չեն տվել: Բացի դրանից, նրանք խնդրել են իրականացնել արդյունավետ քննություն և վերսկսել սույն գործով քննությունը, եթե այն կասեցվել է, ինչպես նաև թույլատրել ծանոթանալ քրեական գործի նյութերին:
37. 2005թ. դեկտեմբերի 27-ին շրջանային դատախազությունը հայտնել է առաջին դիմողին, որ 2004թ. օգոստոսի 10-ին թիվ 42027 քրեական գործի քննությունը կասեցվել է, քանի որ հայտնի չէ այն անձը, ով գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ, սակայն վերջինիս հայտնաբերելու ուղղությամբ իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են:
38. 2005թ. դեկտեմբերի 29-ին դիմողների ներկայացուցիչները նամակ են հղել շրջանային դատախազություն այն մասին, որ նրանց անհրաժեշտ տեղեկություններ չեն տրամադրվել, և բողոք են ներկայացրել քննությանը մասնակցելու թույլտվության բացակայության վերաբերյալ: Նրանք խնդրել են քննության ընթացքի մասին տեղեկություններ տրամադրել, վերսկսել կասեցված քրեական գործը և իրականացնել արդյունավետ և մանրակրկիտ քննություն: Վերջապես, նրանք թույլտվություն են խնդրել քրեական գործի փաստաթղթերը պատճենահանելու համար: Նրանք նամակի պատճենն ուղարկել են Չեչնիայի Հանրապետության դատախազություն: Սակայն պարզ չէ, թե արդյոք դիմողները կամ նրանց ներկայացուցիչները պատասխան ստացե՞լ են, թե` ոչ:
39. 2008թ. հուլիսի 8-ին Չեչնիայի Հանրապետության դատախազության չեչենական միջշրջանային քննչական բաժինը (քննչական բաժին) հայտնել է դիմողներին, որ գործով անհայտ մի օր Իսա Այթամիրովի առևանգման փաստի առիթով հարուցված քրեական գործի քննությունը վերսկսվել է:
40. 2008թ. օգոստոսի 8-ի նամակով քննչական բաժնից դիմողներին հայտնել են, որ գործով անհայտ մի օր թիվ 42027 քրեական գործի քննությունը կասեցվել է:
41. 2008թ. օգոստոսի 25-ին քննչական բաժնից դիմողներին հայտնել են, որ նույն օրը Իսա Այթամիրովի առևանգման փաստի առիթով հարուցված քրեական գործի քննությունը վերսկսվել է:
42. 2008թ. սեպտեմբերի 25-ին քննչական բաժինը երկրորդ դիմողին հայտնել է, որ թիվ 42027 քրեական գործի քննությունը կասեցվել է հանցանք կատարած անձի ինքնությունը հայտնի չլինելու հիմքով:
2. Իշխանության ներկայացրած տեղեկությունները
43. 2003թ. փետրվարի 19-ին շրջանային դատախազությունը հայտարարություն է ստացել այն մասին, որ 2003թ. փետրվարի 19-ին, երեք զրահամեքենայով և երկու ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով, մի խումբ զինված անձինք առևանգել են Իսա Այթամիրովին իր ազգականների տնից, որը գտնվում է Նովի Ցենտորոյ, Գագարինի փողոց 36 հասցեում: Բացի դրանից, առևանգողները երկրորդ դիմողին մարմնական ծանր վնասվածներ են հասցրել, ինչի հետևանքով վերջինս հոսպիտալացվել է:
44. 2003թ. փետրվարի 20-ին շրջանային դատախազությունը քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ կետով (ծանրացուցիչ հանգամանքներով առևանգում) 42023 համարի քրեական գործ է հարուցել:
45. 2003թ. փետրվարի 20-ին տիկին Մ.Ջ.-ն որպես վկա հարցաքննվելիս հայտնել է, որ նախորդ օրը, առավոտյան մոտավորապես ժամը 4-ին յոթից-ութ անձինք զինվորական հագուստով ներխուժել են տուն, որտեղ ինքը եղել էր իր մոր, երկու քրոջ և զարմիկի` Իսա Այթամիրովի հետ: Հարձակվողները եղել են զինված, խոսել ռուսերեն և չեչեներեն: Նրանք մտել են այն սենյակ, որտեղ քնած է եղել Իսա Այթամիրովը, բոբիկ դուրս են հանել նրան: Իսա Այթամիրովին նստեցրել են զրահամեքենաներից մեկը և շարժվել Արգուն քաղաքի ուղղությամբ: Տիկին Մ.Ջ.-ն չի նկատել մեքենայի պետհամարանիշները: Ավելի ուշ նա իմացել է, որ ևս մեկ զրահամեքենա և երկու ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենա կանգնած են եղել փողոցի մյուս կողմում, որոնց պետհամարանիշները ևս նա չի նկատել: Երբ Իսա Այթամիրովին նստեցրել են զրահամեքենա` երկրորդ դիմողը նետվել է վերջինիս կողմը, սակայն նրան հրել են, որի հետևանքով ընկել է և կոտրել ոտքը:
46. 2003թ. փետրվարի 25-ին շրջանային դատախազությունը հանձնարարել է Գրոզնիի ՌՕՎԴ-ին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնել հանցանք կատարած անձանց հայտնաբերելու համար: Դատախազությունը նախ անհայտ աղբյուրներից պահանջել է ներկայացնել Իսա Այթամիրովի բնութագիրը և պարզել` արդյոք վերջինս հանցավոր գործունեություն ծավալե՞լ է, թե` ոչ: Ստացված պատասխաններից պարզվել է, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումներն արդյունք չեն տվել:
47. 2003թ. մարտի 25-ին ՉՀ դաշնային անվտանգության ծառայության վարչությունը հայտնել է, որ Իսա Այթամիրովը հանցավոր խմբավորումների անդամ է եղել: 2004թ. ապրիլի 1-ի պատասխանում նման տեղեկություններ չկան:
48. 2004թ. հունիսի 10-ին Ներքին գործերի հարավկովկասյան վարչությանը հանձնարարություն է տրվել Իսա Այթամիրովին առևանգած անձանց հետախուզման, վերջինիս գտնվելու վայրը պարզելու, ինչպես նաև նրա վերաբերյալ ցանկացած վարկաբեկիչ նյութեր հայտնաբերելու մասին: Վարչությունը հայտնել է, որ Իսա Այթամիրովի վերաբերյալ վարկաբեկիչ տեղեկություններ չունի, իսկ վարչության մարմինները համապատասխան միջոցառումներ են իրականացնում հանցանք կատարած անձանց բացահայտելու ուղղությամբ:
49. Նույն օրը գործով անհայտ մի իրավապահ մարմնի հանձնարարություն է տրվել հարցաքննել Իսա Այթամիրովի մերձավոր ազգականներին, ինչպես նաև վերջինիս բնակության վարից բնութագիր ներկայացնել: Բնութագրում Իսա Այթամիրովը դրական էր բնութագրվում:
50. 2004թ. հունիսի 17-ին տիկին Մ.Ջ.-ն թիվ 42027 գործով տուժող է ճանաչվել և հարցաքննվել: Տիկին Մ.Ջ.-ն ցուցմունք է տվել այն մասին, որ իր մայրը, Իսա Այթամիրովը և երկրորդ դիմողը գտնվել են Նովի Ցենտորոյ գյուղում: 2003թ. փետրվարի 19-ին, մոտավորապես առավոտը ժամը 4-ին մի խումբ զինված անձինք ջարդել են մուտքի դուռը և տուն ներխուժել: Նրանք մտել են այն սենյակ, որտեղ քնած էր Իսա Այթամիրովը, բռնել են նրան և տարել իրենց հետ: Երբ դուրս են եկել` զրահամեքենան այդտեղ է եղել: Առևանգողները խոսել են հիմնականում ռուսերեն, իսկ նրանց մեկը` չեչեներեն: Իսա Այթամիրովն աշխատանք չի ունեցել, սակայն ցանկացել է աշխատանքի անցնել ներքին գործերում: Նա հիմնականում տանն է գտնվել:
51. Նույն օրը հարցաքննվել է նաև պարոն Մ.Ջ.-ն` Իսա Այթամիրովի ոչ հարազատ պապը: Նա ցուցմունք է տվել այն մասին, որ ապրում է տիկին Մ.Ջ.-ի հետ: 2003թ. փետրվարի 19-ի առավոտյան նա իմացել է, որ մի խումբ զինված անձինք ներխուժել են իր տիկնոջ տուն և առևանգել Իսա Այթամիրովին: Պրն Մ.Ջ.-ին հայտնի չեն առևանգման պատճառները: Իսա Այթամիրովը հաճախ էր մեկնում Գրոզնի, որտեղ նրան ստուգման էին ենթարկում հսկիչ անցակետերում, և վերջինս ոչ մի խնդիր չի ունեցել:
52. Գործով անհայտ մի օր քննության ընթացքում Չեչնիայի Հանրապետության բոլոր շրջանային դատախազություններին հանձնարարվել է ներքին գործերի տեղի բաժանմունքներում Իսա Այթամիրովին հետախուզում հայտարարել և պարզել, թե վերջինս երբևէ ձերբակալվե՞լ է զինվորականների և իրավապահ մարմինների կողմից հատուկ միջոցառումների իրականացման ժամանակ, որևէ պահելու վայրում պահվե՞լ է, թե` ոչ, կամ արդյոք կա՞ն չճանաչված դիակներ, որոնք արտաքնապես նման են Իսա Այթամիրովին:
53. Վերոնշյալ մարմինները իշխանություններին առաջադրված բոլոր հարցերին բացասական պատասխան են տվել:
54. 2004թ. հուլիսի 15-ին երկրորդ դիմողը հարցաքննվել է որպես վկա: Նա ցուցմունք է տվել այն մասին, որ ապրում է մոր և տիկին Մ.Ջ.-ի հետ, և Իսա Այթամիրովը մինչև 2003թ. փետրվարի 19-ը, այսինքն` մինչև առևանգումն իրենց հետ է եղել: Այդ օրը, առավոտյան ժամը 4-ին մի խումբ զինված անձինք ներխուժել են տուն, որտեղ եղել են նրա մյուս քույրը և վերը նշված մարդիկ: Հարձակվողներն անմիջապես մտել են այն սենյակ, որտեղ քնած էր Իսա Այթամիրովը, կարծես նախապես իմանալով, թե որտեղ է վերջինս գտնվում: Նրանք արթնացրել են Իսա Այթամիրովին և տարել դուրս: Դրանից հետո, զինծառայողներից մեկն ասել է, որ նա բերի Իսա Այթամիրովի անձնագիրը, ինչը և նա արել է: Դրսում նա տեսել է երեք զրահամեքենա և մի քանի ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենա: Իսա Այթամիրովին նստեցրել են այդ զրահամեքենաներից մեկը: Երկրորդ դիմողը փորձել է հետևել Իսա Այթամիրովին, սակայն զինծառայողներից մեկը հրազենի խզակոթով հարվածել է նրա աջ ուսին, ինչի հետևանքով նա ընկել է գետնին և կորցրել գիտակցությունը: Վերջինս ուշքի է եկել արդեն տանը: Նա զգացել է աջ ուսի սուր ցավ, իսկ ձախ ոտքը եղել է արյունոտ և այտուցված: Նույն օրը նա հոսպիտալացվել է Արգուն քաղաքի հիվանդանոցում, նրա վիրավոր ոտքի վրա բեկակալներ են դրվել: Երկրորդ դիմողը ներկայացրել է բժշկական տեղեկանքը և ռենտգենային լուսանկարները:
55. 2004թ. հուլիսի 15-ին երկրորդ դիմողի ներկայացրած բժշկական տեղեկանքը և ռենտգենային երկու լուսանկարները կցվել են քրեական գործին:
56. 2004 թվականին քննության ընթացքում երկրորդ դիմողի նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ակնհայտ է, որ այն չի իրականացվել:
57. 2008թ. հուլիսի 9-ին քննիչ Կ.-ն երկրորդ դիմողի նկատմամբ նշանակել է դատաբժշկական փորձաքննություն` առաջացած վնասվածքի բնույթը, տեղը, վաղեմությունը, ինչպես նաև առողջությանը պատճառված վնասի ծանրության աստիճանը պարզելու համար: Փորձագետին տրամադրվել է երկու ռենտգենյան լուսանկար, որոնք քրեական գործին են կցվել 2004թ. հուլիսի 15-ին: Բժշկական տեղեկանքը չի ներկայացվել:
58. 2008թ. հուլիսի 28-ին Չեչնիայի Հանրապետության առողջապահության նախարարության դատաբժշկական փորձաքննությունների բյուրոն (ԴԲՓԲ) հրաժարվել է փորձաքննություն իրականացնել, քանի որ նրան չեն տրամադրվել երկրորդ դիմողի հետագա առողջական վիճակի մասին բժշկական զննության փաստաթղթերը, որոնք քննիչի վարույթում ևս առկա չեն եղել:
59. Ըստ կառավարության փաստարկների` թիվ 42027 քր. գործի քննությունը դեռ չի ավարտվել:
60. Չնայած այն հանգամանքին, որ Դատարանը դիմել է Կառավարությանը՝ խնդրելով տրամադրել թիվ 42027 քրեական գործի նյութերը, վերջինս ներկայացրել է միայն Իսա Այթամիրովի առևանգման փաստի առիթով 2003թ. փետրվարի 20-ին քրեական գործ հարուցելու մասին որոշման պատճենը, տիկին Մ.Ջ.-ի` 2003թ. փետրվարի 20-ի հարցաքննության արձանագրությունը, տիկին Մ.Ջ.-ին գործով տուժող ճանաչելու մասին 2004թ. հուլիսի 17-ին և երկրորդ դիմողի` նույն օրը 2004թ. հուլիսի 15-ին կատարված հարցաքննության պատճենը, 2008 թվականին դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին որոշումը և ԴԲՓԲ-ի` 2008թ. հուլիսի 28-ի պատասխանը:
61. Կառավարությունը նշել է, որ Դատարանին է ներկայացրել միայն այն փաստաթղթերը, որոնք «չեն վնասի օրենքով պաշտպանվող շահերը»` առանց այլ բացատրություն ներկայացնելու: Այնուհետև Կառավարությունը մանրամասնել է, որ իրավասու չէ պետության, ինչպես նաև քրեական դատավարության մասնակիցների շահերը ոտնահարող փաստաթղթեր տրամադրել: Կառավարությունը հղում է կատարել ՌԴ քր.դատ.օր.-ի 161-րդ հոդվածին:
a. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ
62. Տե՛ս համապատասխան փաստաթղթերի ամփոփ շարադրանքը Ախմադովան և Սադուլաևան ընդդեմ Ռուսաստանի (թիվ 40464/02, կետեր 67-69, 2007թ. մայիսի 10):
ԻՐԱՎՈՒՆՔ
ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՆ ՍՊԱՌՎԱԾ ՉԼԻՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱՐԿՆԵՐԸ
A. Կողմերի փաստարկները
63. Կառավարությունը փաստել է, որ դիմողների գանգատները` կապված իրենց ազգականի անհետացման հետ, պետք է համարել անընդունելի, քանի որ վերջիններս չեն սպառել իրավական պաշտպանության ներպետական միջոցները: Կառավարությունը հավաստել է, որ Իսա Այթամիրովի անհետացման փաստի առիթով իրականացված քննությունը դեռ չի ավարտվել: Բացի դրանից, Կառավարությունը նշել է, որ դիմողները կարող էին պահանջել իրենց գործով տուժող ճանաչել, սակայն նրանք նման պահանջ չեն ներկայացրել: Եթե նրանք գործով նման կարգավիճակ ունենային, ապա կարող էին ցանկացած որոշում բողոքարկել դատախազություն կամ դատարան: Նաև Կառավարությունը նշել է, որ դիմողները կարող էին քաղաքացիական օրենսգրքի 151-րդ և 1069-րդ հոդվածներով սահմանված կարգով պահանջել պատճառված վնասի հատուցում:
64. Դիմողները վիճարկել են այս փաստարկը: Նրանք հավաստիացրել են, որ քրեական գործի քննությունն անարդյունավետ է եղել, իսկ ներկայացված բողոքներն արդյունք չեն տվել: Բացի դրանից, դիմողները նշել են, որ քրեական գործով քննությունն իր արդյունավետությունը կորցրել է դեռ իրականացման վաղ փուլում, քանի որ իշխանությունները պատշաճ միջոցառումներ չեն իրականացրել: Վկայակոչելով Դատարանի պրակտիկան` նրանք նշել են, որ ներպետական իրավական պաշտպանության միջոցների սպառման նպատակով պարտավոր չէին դիմել քաղաքացիական դատարաններ:
B. Դատարանի գնահատականը
65. Դատարանը պետք է գնահատի կողմերի ներկայացրած փաստարկները Կոնվենցիայի և առկա պրակտիկայի լույսի ներքո (տե՛ս Էստամիրովը և այլոք ընդդեմ Ռուսաստանի, թիվ 60272/00, կետեր 73-74, 2006թ. հոկտեմբերի 12):
66. Դատարանը նշում է, որ Ռուսաստանի իրավական համակարգը իշխանության ներկայացուցիչների անիրավաչափ և անօրինական գործողությունների հետևանքով կրած վնասների հատուցման երկու ձև է նախատեսում՝ քրեական և քաղաքացիական դատավարություններ:
67. Ինչ վերաբերում է իշխանության ներկայացուցիչների անիրավաչափ և անօրինական գործողությունների հետևանքով պատճառված վնասների հատուցման համար ներկայացվող քաղաքացիական հայցին, Դատարանն այդ կապակցությամբ արդեն համանման մի շարք դեպքերով սահմանել է, որ նման հայցի ներկայացումը չի հանդիսանում Կոնվենցիայի 2-րդ հոդվածով նախատեսված իրավական պաշտպանության անարդյունավետության հարցի լուծում (տե՛ս Խաշիևը և Ակայովան ընդդեմ Ռուսաստանի, թիվ 57942/00 և 57945/00, կետեր 119-121, 2005թ. փետրվարի 24 և վերը նշված Էստամիրովը և այլոք ընդդեմ Ռուսաստանի, կետ 77): Նշվածի լույսի ներքո Դատարանը նշում է, որ դիմողը պարտավոր չէր քաղաքացիական հայց ներկայացնել: Այս կապակցությամբ Կառավարության առարկությունները մերժվում են:
68. Քրեական դատավարությունը կարգավորող` Ռուսաստանի օրենսդրության մասին Դատարանն ընդգծում է, որ դիմողները հայտարարություն են ներկայացրել համապատասխան իրավասու մարմիններին Իսա Այթամիրովի առևանգման փաստի առիթով, իսկ իրավապահ մարմիններն այդ կապակցությամբ հայտնել են, որ 2003թ. փետրվարի 20-ից գործը քննության է առնվել: Դիմողները և Կառավարությունը վիճարկել են առևանգման փաստի առթիվ իրականացված նախաքննության արդյունավետությունը:
69. Դատարանը գտնում է, որ Կառավարության նախնական առարկությունները վերաբերում են գործի քննության արդյունավետությանը, որոնք սերտորեն կապված են դիմողի գանգատի հետ: Հետևաբար, Դատարանը որոշում է այս առարկությունները միասին քննարկել՝ քրեական գործի գնահատականը տալ գանգատի էությունից ելնելով, և գտնում է, որ այս խնդիրը պետք է դիտարկվի Կոնվենցիայի դրույթների ենթատեքստում:
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
70. Մեջբերելով Կոնվենցիայի 2-րդ հոդվածը` դիմողը նշել է, որ իր ազգակցին կյանքից զրկել են զինծառայողները, իսկ իշխանության ներկայացուցիչներն արդյունավետ քննություն չեն իրականացրել այդ հանցագործությունը բացահայտելու համար: Կոնվենցիայի 2-րդ հոդվածը սահմանում է, որ`
«1. Յուրաքանչյուրի կյանքի իրավունքը պաշտպանվում է օրենքով:
Ոչ մեկին չի կարելի դիտավորությամբ զրկել կյանքից այլ կերպ, քան ի կատարումն դատարանի կայացրած դատավճռի՝ այն հանցագործության համար, որի կապակցությամբ օրենքով նախատեսված է այդ պատիժը:
2. Կյանքից զրկելը չի համարվում սույն հոդվածի խախտում, եթե այն հետևանք է ուժի գործադրման, ինչը բացարձակապես անհրաժեշտ է ՝
a. ցանկացած անձի անօրինական բռնությունից պաշտպանելու համար,
b. օրինական ձերբակալում իրականացնելու կամ օրինական հիմքերով կալանավորված անձի փախուստը կանխելու համար,
c. խռովությունը կամ ապստամբությունը ճնշելու նպատակով օրենքին համապատասխան գործողություններ ձեռնարկելու համար»:
A. Կողմերի փաստարկները
71. Կառավարությունը հավաստել էր, որ ներպետական մարմինների քննության արդյունքում ստացված տվյալները չեն վկայում այն մասին, որ Իսա Այթամիրովն առևանգվել է Պետության աշխատակիցների կողմից, ինչպես նաև այն մասին, որ դաշնային ուժային կառույցները առևանգման գիշերը Նովի Ցենտորոյ գյուղում հատուկ միջոցառումներ են իրականացրել: Դիմողների ազգակիցն անօրինական զինված միավորումների անդամ չի եղել, ծրագրել է աշխատանքի անցել իրավապահ մարմիններում, և պետական իշխանության ոչ մի մարմին չի ընդունել նրա ձերբակալման փաստը: Իսա Այթամիրովի դին չի հայտնաբերվել: Դիմողների այն պնդումը, որ վերջինիս առևանգել են զինծառայողները, չի կարելի հաստատված համարել: Մասնավորապես, ներպետական քննության ընթացքում դիմողները նշել են, որ առևանգողները խոսել են ռուսերեն և չեչեներեն և, չնայած այն հանգամանքներին, որ նրանք դիմակներով չեն եղել, դիմողները չէին կարողանա ճանաչել նրանց: Դիմողները նաև չեն կարողացել հստակ ասել, թե որ ուղղությամբ է շարժվել այն զրահամեքենան, որով ենթադրաբար տարել են Իսա Այթամիրովին: Նրանք նաև չեն մտապահել զրահամեքենայի պետհամարանիշը: Այն հանգամանքը, որ առևանգողները եղել են զինված և զինվորական հագուստով, չի վկայում այն մասին, որ այդ անձինք զինծառայողներ էին:
72. Բացի դրանից, Կառավարությունը փաստել է, որ Իսա Այթամիրովի առևանգման փաստի առիթով իրականացված քննությունը համապատասխանել է Կոնվենցիայի պահանջներին, մասնավորապես՝ արդյունավետության պահանջին: Քրեական գործի հարուցումն իրականացվել է ժամանակին՝ համապատասխան իշխանության անկախ մարմինների կողմից: Քննության ընթացքում տարբեր իրավապահ մարմիններ հարցումներ և այլ հետագա միջոցառումներ են իրականացրել:
73. Դիմողները հավաստիացրել են, որ Իսա Այթամիրովին, անկասկած, առևանգել են Պետության աշխատակիցները, և նրան կարելի է մահացած համարել այս չճանաչված առևանգումից հետո: Նրանք նշել են, որ Կառավարությունը չի վիճարկում այն փաստը, որ Իսա Այթամիրովը 2003թ. փետրվարի 19-ին ձերբակալվել է մի խումբ զինված, զինվորական հագուստով անձանց կողմից, որոնք եկել էին զրահամեքենաներով և ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենաներով: Ինչ վերաբերում է զինվորական հագուստին, ապա պետք է նշել, որ Չեչնիայի Հանրապետությունում ռազմական գործողություններից հետո` 1999 թվականից մինչև 2003 թվականն այն չէր կարող վաճառվել ֆիզիկական անձանց: Զինվորական հագուստ կրող անձինք հայտնաբերվել են և նրանցից առգրավվել են այդ հագուստները: Դիմողները նաև նշել են, որ 2003 թվականին Չեչնիայի Հանրապետության տարածքում միայն Պետության ներկայացուցիչները կարող էին զրահամեքենա վարել: Բացի դրանից, նաև նշել են, որ ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենաները հանդիսանում են ռուսական զինվորականների սպառազինման մի մասը:
74. Դիմողները նաև վիճարկել են Կառավարության առարկությունները և նշել, որ իրենք չեն կարողացել մտապահել այդ զրահամեքենաների պետհամարանիշները և դրանց մեկնելու ուղղությունը, քանի որ առևանգումը տեղի է ունեցել վաղ առավոտյան և, բացի դրանից, դիմողներին կուրացրել էր հարձակվողների մոտ առկա լուսարձակների լույսը: Սակայն Կառավարությունը հղում է կատարել վկաներից մեկի ցուցմունքին, որում, մասնավորապես, ասված էր, որ մեքենաները շարժվել էին Արգունի ուղղությամբ: Նաև քննիչին տված ցուցմունքներում, որի արձանագրության պատճենները Կառավարությունը Դատարանին չէր ներկայացրել, երկրորդ դիմողը հստակ նշել է, որ մեքենաները շարժվել էին Արգունի կամ Խանկալի ուղղությամբ: Դիմողները նաև նշել են, որ 2003 թվականին գյուղն ամբողջովին գտնվել է իշխանության մարմինների հսկողության ներքո, նրանք նաև սահմանել էին հսկիչ անցակետեր: Բացի դրանից, առևանգման ժամանակ գյուղում պարետային ժամ էր հայտարարված, և միայն Կառավարությունը կարող էր խախտել այն: Եվ վերջապես, դիմողները խնդրել են Դատարանին հետևություններ անել այն բանից, որ Կառավարությունը չի ցանկացել գործին վերաբերող բոլոր փաստաթղթերը ներկայացնել:
75. Ինչ վերաբերում է քննությանը, դիմողները նշել են, որ այն անարդյունավետ է եղել, քանի որ իշխանությունները համապատասխան միջոցառումներ չեն իրականացրել: Մասնավորապես, իշխանություններն այդպես էլ դեպքի վայրի զննություն չեն իրականացրել, չեն հարցաքննել իշխանության և ոչ մի աշխատակցի և սահմանափակվել են միայն գրավոր հարցումներով: Դիմողները չեն կարողացել ծանոթանալ գործի նյութերին, իրենք պատշաճ չեն ծանուցվել գործի քննության հետագա ընթացքի և կատարված փոփոխությունների մասին:
B. Դատարանի գնահատականը
1. Կիրառելիություն
76. Կողմերի ներկայացրած փաստերի լույսի ներքո՝ Դատարանը գտնում է, որ գանգատը Կոնվենցիայով կարգավորվող իրավունքին և փաստին վերաբերող հարցեր է շոշափում, որոնց պարզաբանման համար անհրաժեշտ է գանգատն ըստ էության ուսումնասիրել: Բացի դրանից, Դատարանն արդեն նշել է, որ ներպետական իրավական միջոցների սպառված են եղել գանգատներն ըստ էության ուսումնասիրելիս (տե՛ս վերը՝ կետ 69): Հետևաբար, Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտման վերաբերյալ ներկայացված գանգատը պետք է ընդունելի համարել:
2.Գործի էությունը
a. Իսա Այթամիթովի կյանքի իրավունքի ենթադրյալ խախտում
i. Ընդհանուր սկզբունքներ
77. Դատարանը կրկնում է, որ Կոնվենցիայի 2-րդ հոդվածով երաշխավորված պաշտպանության լույսի ներքո` կյանքի իրավունքի ցանկացած խախտում պետք է մանրամասն ուսումնասիրության ենթարկվի՝ հաշվի առնելով ոչ միայն Պետության մարմինների գործողությունները, այլև ուղեկցող մյուս հանգամանքները: Ձերբակալված անձինք խոցելի վիճակում են գտնվում, այդ իսկ պատճառով իշխանությունները լուրջ պատասխանատվություն են կրում ձերբակալված անձանց մահվան կամ անհետացման դեպքում (տե՛ս նաև Օրհանն ընդդեմ Թուրքիայի, թիվ 25656/94, 2002թ. հունիսի 18, կետ 326, ինչպես նաև այդտեղ մեջբերված դիրքորոշումը): Երբ վիճարկվող իրադարձություններն ամբողջությամբ կամ գլխավորապես վերաբերում են բացառապես պետության իրավասությանը, հատկապես այն դեպքերում, երբ ձերբակալված անձինք գտնվում են իշխանությունների հսկողության ներքո, կասկածներ են առաջանում ձերբակալման ընթացքում ձերբակալված անձանց մարմնական վնասվածքների կամ մահվան կապակցությամբ: Այս դեպքերում բավարար և համոզիչ ապացույցներ ներկայացնելու բեռն ընկնում է պետության վրա (տե՛ս, Սալման ընդդեմ Թուրքիայի [GC] թիվ 21986/93, կետ 100, ECHR 2000-VII և Քակիսին ընդդեմ Թուրքիայի [GC], թիվ 23657/94, կետ 85, ECHR 1999‑IV):
ii. Հաստատված փաստեր
78. Դատարանը նշում է, որ պրակտիկայի ընթացքում մշակվել են մի շարք սկզբունքներ, երբ անհրաժեշտ է գործի փաստը գնահատել այն դեպքում, երբ առկա են կողմերի տարակարծությունները դրանց վերաբերյալ, հատկապես, երբ խոսքը վերաբերում է Կոնվենցիայի 2-րդ հոդվածով նախատեսված` անձի անհետացմանը (տե՛ս, այս սկզբունքների հակիրճ շարադրանքը Բազիրովան ընդդեմ Ռուսաստանի գործում, թիվ 69481/01, 103-109 կետեր, 2006թ. հուլիսի 27): Դատարանը նշում է, որ նման դեպքերում առաջին հերթին քննության են առնվում այն փաստերը, որոնց վերաբերյալ ապացույցներ են ներկայացված (տե՛ս, Իռլանդիան ընդդեմ Միացյալ Թագավորության, 1978թ. հունվարի 18, կետ 161, Սերիա A, թիվ 25):
79. Դիմողները պնդել են, որ 2003թ. փետրվարի 19-ի առավոտյան, մոտավորապես ժամը 4-ին Իսա Այթամիրովն առևանգվել է ռուս զինծառայողների կողմից, որից հետո` անհետացել: Դիմողները Դատարանի ուշադրությունն են հրավիրել այն հանգամանքի վրա, որ Կառավարությունը չի ցանկացել Դատարանին ներկայացնել գործին վերաբերող մի շարք փաստաթղթեր: Նրանք նաև նշել են, որ մի քանի հոգի, այդ թվում ՝ երկրորդ դիմողը, ականատես են եղել Իսա Այթամիրովի առևանգմանը: Դիմողներն ասվածի վերաբերյալ ներկայացրել են նաև գրավոր ցուցմունքներ:
80. Կառավարությունը փաստել է, որ Իսա Այթամիրովը 2003թ. փետրվարի 19-ին առևանգվել է գործով չբացահայտված մի խումբ զինված անձանց կողմից, որոնք եղել են զինվորական հագուստով և եկել են երեք զրահամեքենաներով ու երկու ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով: Սակայն Կառավարությունը հերքել է, որ այդ հանցանքը կատարած անձինք զինծառայողներ են և նշել է, որ գործով իրականացվող քննությունը դեռ չի ավարտվել:
81. Դատարանը նշում է, որ թեև Իսա Այթամիրովի առևանգման վերաբերյալ քրեական գործի նյութերը տրամադրելու բազմաթիվ միջնորդություններ է ներկայացրել, այնուամենայնիվ, Կառավարությունն այդ նյութերի մեծ մասը Դատարան չի ներկայացրել: Չորոշակիացված շրջանակի սուբյեկտների «օրենքով պաշտպանվող շահերի» վերաբերյալ Կառավարության փաստարկը Դատարանը հավաստի չի համարում, ինչպես նաև նշում է, որ քրեական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածին հղում կատարելը բավարար հիմք չէ գաղտնի տեղեկությունները Դատարանի քննությանը չհանձնելու համար (տե՛ս, Imakayeva v. Russia, թիվ 7615/02, կետ 123, ECHR 2006-XIII (քաղվածքներ)):
82. Հիմք ընդունելով այս և վերոգրյալ սկզբունքները՝ Դատարանը ենթադրում է, որ կարող է Կառավարության վարքագծից հօգուտ դիմողների դատողություններ անել:
83. Հիմք ընդունելով դիմողների ցուցմունքները, տեղանքի նկարագրությունները և դրանց վերաբերյալ վկաների ցուցմունքները՝ Դատարանը գտնում է, 2003թ. փետրվարի 19-ին զինվորական մեքենաներով, մասնավորապես՝ զրահամեքենաներով, մի խումբ զինված և զինվորական հագուստով անձանց կողմից Իսա Այթամիրովի առևանգման վերաբերյալ դիմողները, ընդհանուր առմամբ, ներկայացրել են ամբողջական և հավաստի պատկեր: Դատարանը նշում է, որ այս տեղեկությունը դիմողները ներկայացրել են ինչպես ներպետական մարմիններին, այնպես էլ՝ Դատարանին (տե՛ս վերը՝ կետեր 8-10, 18 և 54): Դատարանը նաև չի կարող չնշել, որ Կառավարության մատնանշած ցուցմունքներն ակնհայտորեն հաստատում են դիմողների ազգակցի առևանգման փաստը (տե՛ս վերը՝ կետեր 45, 50 և 51):
84. Դատարանը նշում է, որ Կառավարությունը չի վիճարկել դիմողների և նրանց ազգականների ցուցմունքների հավաստիությունն առ այն, որ իրենց ազգականն առևանգվել է պարետային ժամին և, բացի դրանից, առևանգողները կարողացել են անխոչընդոտ անցնել գյուղի հսկիչ անցակետերը: Բացի դրանից, հսկիչ անցակետերի առկայությունը նշում է Կառավարությունը՝ հղում կատարելով դիմողների ցուցմունքներին (տե՛ս վերը՝ կետ 51-րդ):
85. Այսպիսով, Դատարանը գտնում է, որ այն փաստը, որ զինվորական մեքենաներով, մասնավորապես՝ զրահամեքենաներով եկած, զինվորական հագուստով, զինված մի խումբ անձինք պարետային ժամին անարգել անցել են հսկիչ անցակետը և ձերբակալել դիմողների ազգականին, բավարար են համոզվելու համար, որ այդ անձինք հանդիսացել են Պետության զինծառայողները, որոնք Իսա Այթամիրովի առևանգման գիշերը Նովի Ցենտորոյ գյուղում հատուկ միջոցառումներ են իրականացրել:
86. Դատարանը նաև նշում է, որ իշխանությանը դիմելիս դիմողները բազմիցս նշել են, որ Իսա Այթամիրովը ձերբակալվել է անհայտ զինծառայողների կողմից և խնդրել են այս վարկածի վերաբերյալ քննություն իրականացնել: Սակայն ավելի քան յոթ տարիների ընթացքում ոչ մի էական արդյունք չի նկատվել:
87. Դատարանը նշում է, որ այն դեպքում, երբ դիմողը բերում է prima facie փաստարկ, իսկ Դատարանը հնարավորություն չունի փաստերի հիման վրա համապատասխան դատողություններ անել, քանի որ բացակայում են գործին վերաբերող նյութերը, Կառավարությունը պարտավոր է կամ պատշաճ պատճառաբանություններ ներկայացնել այդ նյութերի բացակայության վերաբերյալ, կամ ներկայացնել առկա իրողության վերաբերյալ իր դատողություններն ու փաստերը: Այսպիսով, Կոնվենցիայի 2-րդ կամ 3-րդ հոդվածների ենթադրյալ խախտումների առկայության կամ բացակայության փաստի ապացուցման բեռը կրում է Կառավարությունը (տե՛ս, Toğcu v. Turkey, թիվ 27601/95, կետ 95, 2005թ. մայիս և Akkum and Others v. Turkey, թիվ 21894/93, կետ 211, ECHR 2005 II ):
88. Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Դատարանը հաստատված է համարում, որ դիմողները բավականին համոզիչ ապացույցներ են ներկայացրել առ այն, որ իրենց ազգականն առևանգվել է իշխանության ներկայացուցիչների կողմից: Կառավարության այն փաստարկը, որ քննության ընթացքում չի ապացուցվել, որ այդ անձինք իշխանության ներկայացուցիչներ են եղել, չի կարելի բավարար համարել և Կառավարությանը չի ազատում ապացուցման բեռի պարտականությունից: Հիմք ընդունելով, որ Կառավարությունն առանց հիմնավոր բացատրության Դատարանին չի ներկայացրել գործի վերաբերյալ նյութերը` Դատարանը հանգում է այն եզրակացությանը, որ Իսա Այթամիրովը 2003թ. փետրվարի 19-ին ձերբակալվել է Պետության ներկայացուցիչների կողմից՝ գործով չբացահայտված հատուկ միջոցառում իրականացնելու ընթացքում:
89. Դատարանն այնուհետև նշում է, որ առևանգման օրվանից սկսած՝ Իսա Այթամիրովին վերաբերող ոչ մի նորություն չկա: Նրա անունը նշված չի եղել քննչական մեկուսարանում պահվող անձանց ցուցակում: Եվ վերջապես, Կառավարությանը ոչ մի տեղեկություն հայտնի չէ Իսա Այթամիրովի մասին` նրա ձերբակալումից հետո:
90. Հիմք ընդունելով նախկինում քննության առնված՝ Չեչնիայում անձանց անհետացման մի շարք դեպքեր (տե՛ս նախ` վերը նշված Bazorkina և Imakayeva v. Russia, ինչպես նաև Luluyev and Others v. Russia, թիվ 69480/01, ECHR 2006 ... (հատվածներ), Baysayeva v. Russia, թիվ 74237/01, 2007 ապրիլի 5, վերը նշված Akhmadova and Sadulayeva և Alikhadzhiyeva v. Russia, թիվ 68007/01, 2007թ. հուլիսի 5), Դատարանը նշում է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ եթե Չեչնիայի Հանրապետությունում զինված ընդհարումների ժամանակ ինչ-որ մեկին ձերբակալում էին, հետագայում սակայն այն չէր ապացուցվում, նման դեպքերում միանշանակ պետք է համարել, որ առկա է կյանքը վտանգող իրավիճակ: Իսա Այթամիրովի և յոթ տարիների ընթացքում նրա մասին որևէ տեղեկությունների բացակայությունն ապացուցում է վերոգրյալը:
91. Այս հանգամանքների լույսի ներքո, Դատարանը նշում է, որ առկա ապացույցները վկայում են, որ Պետության ներկայացուցիչների անօրինական ձերբակալումից հետո Իսա Այթամիրովին պետք է մահացած ճանաչել:
iii. Կոնվենցիայի 2-րդ հոդվածի վերաբերյալ Պետության պարտավորությունները
92. Կյանքի իրավունքը երաշխավորող Կոնվենցիայի 2-րդ հոդվածով սահմանվող այն դեպքերը, որոնց պարագայում կյանքից զրկելն օրինաչափ է համարվում, հանդիսանում են Կոնվենցիայի հիմնաքարային դրույթներից, ինչը չի կարող մասնակիորեն մերժվել: Քննարկվող հոդվածով երաշխավորված պաշտպանության լույսի ներքո Դատարանը կյանքից զրկելու ցանկացած դեպք ենթարկում է մանրակրկիտ քննության՝ հաշվի առնելով ոչ միայն Պետության ներկայացուցիչների գործողությունները, այլև դրանց ուղեկցող այլ հանգամանքներ (տե՛ս, McCann and Others v. the United Kingdom, 1995թ. 27-ի որոշում, Սերիա A թիվ 324, էջեր 45-46, կետեր 146-147, Avşar v. Turkey, թիվ 25657/94, կետ 391, ECHR 2001‑VII (հատվածներ)):
93. Դատարանը նաև նշում է, որ դիմողների ազգականին պետք է մահացած ճանաչել նրա՝ իշխանության ներկայացուցիչների կողմից ձերբակալումից հետո անհետանալու պատճառով: Վերջինիս մահվան պատասխանատվությունը պետք է դրվի Պետության վրա:
94. Այս կապակցությամբ Դատարանը ենթադրում է, որ Իսա Այթամիրովի առնչությամբ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում:
(b). Առևանգման քննության ոչ պատշաճ լինելու վերաբերյալ ենթադրություններ
95. Դատարանը բազմիցս նշել է, որ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` կյանքի իրավունքի պաշտպանության պարտականությունը սահմանված է Կոնվենցիայի 1-ին հոդվածով, համաձայն որի` պետություններն իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար ապահովում են այն իրավունքներն ու պարտականությունները, որոնք սահմանված են Կոնվենցիայով: Վերոնշյալ պարտականության լույսի ներքո, անձանց մահվան կամ վերջիններիս նկատմամբ բռնության կիրառման դեպքում պետությունը պարտավոր է պաշտոնապես և արդյունավետ քննություն իրականացնել (տե՛ս mutatis mutandis վերը նշված McCann and Others, էջ 49, կետ 161, և Kaya v. Turkey, 1998թ. փետրվարի 9-ի վճիռ, Reports 1998-I, էջ 324, կետ 86): Այդ քննության հիմնական խնդիրը կյանքի իրավունքի պաշտպանության ներպետական օրենսդրության արդյունավետ կիրառումն է, ինչպես նաև անձանց մահվան մեջ մեղավոր պաշտոնատար մարմիններին պատասխանատվության ենթարկելու երաշխիքն ապահովելը: Տուժողի հարազատների և ընտանիքի համար այդպիսի քննությունը պետք է լինի բաց, անկողմնակալ, արագ և առանց անհարկի ձգձգումների և ուղղված լինի հաստատելու, թե արդյոք կիրառված բռնությունն արդարացվա՞ծ է եղել, թե` ոչ, արդյոք առկա են այլ օրինական հիմքեր, և այս հարցերի կապակցությամբ կատարված քննությունը պետք է հասանելի լինի գործով շահագրգիռ անձանց (տե՛ս Hugh Jordan v. the United Kingdom, թիվ 24746/94, կետեր 105-109, 2001թ. մայիսի 4 և Douglas-Williams v. the United Kingdom (որոշում) թիվ 56413/00, 2002թ. հունվարի 8):
96. Դատարանը նշում է, որ Կառավարությունը հրաժարվել է ներկայացնել թիվ 42027 գործին վերաբերող բոլոր փաստաթղթերը և տրամադրել միայն անհետ կորած անձի հարազատների դիմումները, հարցաքննությունների արձանագրությունների և տիկին Մ.Ջ.-ին տուժող ճանաչելու մասին որոշման պատճենները: Այդ պատճառով Դատարանը քննության արդյունավետությունը կգնահատի հիմք ընդունելով Կառավարության և, որոշ դեպքերում` դիմողների ներկայացրած փաստաթղթերը:
97. Անդրադառնալով գործի հանգամանքներին` Դատարանը նշում է, որ դիմողները, անմիջապես դեպքից հետո, հայտնել են իշխանություններին Իսա Այթամիրովի առևանգման մասին: 2003թ. փետրվարի 20-ին, այսինքն` առևանգման անմիջապես հաջորդ օրը, փաստի առիթով քրեական գործ է հարուցվել: Այսպիսով, Դատարանը գտնում է, որ քրեական գործի հարուցումն անհապաղ է իրականացվել:
98. Բացի դրանից, Դատարանը պետք է գնահատի նաև ձեռնարկված միջոցառումների ծավալը: Կառավարության ներկայացրած փաստաթղթերից երևում է, որ 2003թ. փետրվարի 20-ին իշխանությունների ներկայացուցիչները հարցաքննել են տիկին Մ.Ջ.-ին և մեկ տարի անց վերջինիս ճանաչել որպես գործով տուժող: Ակնհայտ է, որ ավելի քան մեկ տարի հետո են իշխանության մարմինները որպես վկա հարցաքննել տիկին Մ.Ջ.-ի հարևանին և երկրորդ դիմողին: Ինչ վերաբերում է Կառավարության կողմից թվարկված մյուս միջոցառումներին, ապա համապատասխան փաստաթղթերի բացակայության պատճառով Դատարանը նշում է, որ չի կարող գնահատել ոչ միայն դրանց ժամանակին, այլև տեղին կատարված լինելը:
99. Եթե նույնիսկ ենթադրենք, որ այդ միջոցառումներն իրականացվել են, Դատարանը զարմացած է, որ իրականացված քննչական միջոցառումները կարող էին այդքան երկարաձգվել: Մասնավորապես, դժվար է պատկերացնել, թե ինչու են իշխանությունները երկրորդ դիմողին և պրն Մ.Ջ.-ին հարցաքննել քրեական գործը հարուցելուց ավելի քան մեկ տարի հետո, այն դեպքում, երբ վկաների ինքնությունը և գտնվելու վայրը քննությամբ հաստատված է եղել: Բացի դրանից, պարզ չէ, թե ինչու՞ Իսա Այթամիրովին հետախուզում հայտարարելու մասին կարգադրությունը մեկ տարի հետո ներկայացվել այլ իրավապահ մարմինների (տե՛ս վերը` կետ 48):
100. Ակնհայտ է, որ քննչական մի շարք կարևոր միջոցառումներ ընդհանրապես չեն իրականացվել: Մասնավորապես, գործով առկա չէ նախ` դեպքի վայրի զննության արձանագրությունը, ինչպես նաև չեն իրականացվել այլ վկաներ հայտնաբերելուն ուղղված միջոցառումներ: Ամենայն հավանականությամբ, չեն իրականացվել նաև զրահամեքենաների պատկանելությունը և դրանց գտնվելու վայրը պարզելուն ուղղված միջոցառումներ: Բացի դրանից չեն պարզվել նաև դրանց մեկնելու ուղղությունը, չնայած այն հանգամանքին, որ դիմողներն իրենց հարցաքննության ժամանակ նշել են մեկնելու հավանական ուղղությունը: Կառավարությունը նաև չի հարցաքննել որևէ զինծառայողի, որը դեպքի օրը հերթապահել է հսկիչ անցակետերից մեկում:
101. Ամենայն հավանականությամբ, այս գործողությունները կարող էին էական նշանակություն ունենալ, եթե դրանք իրականացվեին հանցագործության մասին հաղորդում ստանալուց կամ քրեական գործ հարուցելուց անմիջապես հետո: Այս անհարկի ձգձգումները ոչ միայն ցուցադրում են իշխանությունների անտարբերությունը, այլև առաջացնում են լուրջ խախտումներ, քանի որ նման հանցագործությունը ենթակա է անհապաղ և բարեխիղճ քննության (տե՛ս, Ճneryıldız v. Turkey [GC], թիվ 48939/99, կետ 94, ECHR 2004‑XII):
102. Դատարանը նաև նշում է, որ թիվ 47027 քրեական գործով դիմողներից և ոչ մեկը տուժող չի ճանաչվել: Դիմողների ներկայացրած հարցումներն ու միջնորդությունները հիմնականում իշխանության մարմինների կողմից անպատասխան են մնացել, իսկ քննության վերաբերյալ տեղեկություններ դիմողներին չեն տրամադրվել: Սա նշանակում է, որ իշխանության մարմինները քննության նկատմամբ հասարակական հսկողություն չեն իրականացրել և չեն պահպանել մերձավոր ազգականների օրինական շահերը:
103. Եվ վերջապես, Դատարանը նշում է, որ գործի քննությունը մի քանի անգամ կասեցվել է և նորից վերսկսվել: Բացի դրանից, երկար ժամանակ դատախազությունը տվյալ գործի քննության ընթացքում ոչ մի միջոցառում չի իրականացրել:
104. Ինչ վերաբերում է Կառավարության այն առարկություններին, որ կիրառելիության հարցը պարզելիս չպետք է գործն ըստ էության ուսումնասիրվի, քանի որ այն կապված է անհետացած անձի վերաբերյալ քրեական հետապնդման հետ, Դատարանը գտնում է, որ ժամանակ առ ժամանակ կասեցված և վերսկսված գործի քննությունն իրականացվել է անհարկի ձգձգումներով և տարիներ շարունակ էական արդյունք չի ունեցել:
105. Բացի դրանից, դիմողները հնարավորություն չեն ունեցել ծանոթանալ քննվող գործի նյութերին և համապատասխան ձևով տեղեկացված չեն եղել դրա քննության ընթացքի վերաբերյալ և, հետևաբար, հնարավորություն չեն ունեցել բողոքարկել իշխանության մարմինների գործողությունները կամ անգործությունը: Բացի դրանից, հաշվի առնելով, որ քննությունն ի սկզբանե անարդյունավետ է իրականացվել, վիճելի է դառնում, որ իրավական պաշտպանության միջոցները կարող էին որևէ դրական արդյունք ապահովել:
106. Դատարանի կարծիքով, Կառավարությունը նաև չի կարողացել բացատրել, թե վերը նշված իրավիճակում ինչպիսի դրական արդյունքներ կնկատվեին, եթե սույն գործով դիմողները ճանաչվեին որպես տուժողներ: Այս դեպքում, հաշվի առնելով, որ իշխանությունները տեղեկացված են եղել Իսա Այթամիրովի առևանգման, ինչպես նաև նրա ազգականների մասին և, բացի դրանից, երկրորդ դիմողին գործով հարցաքննել են որպես վկա, Դատարանը չի կարող համաձայնել Կառավարության այն առարկություններին, որ դիմողները չեն սպառել ներպետական իրավական պաշտպանության միջոցները և կարող էին այլ քայլեր ձեռնարկել, մասնավորապես, կարող էին դիմել վարույթն իրականացնող մարմնին իրենց տուժող ճանաչելու համար:
107. Հետևաբար, Դատարանը գտնում է, որ Կառավարության կողմից նշված իրավական պաշտպանության միջոցներն անարդյունավետ են եղել: Դատարանը մերժում է այս կապակցությամբ ներկայացված առարկությունները:
108. Վերոգրյալի լույսի ներքո` Դատարանը նշում է, որ իշխանությունները Իսա Այթամիրովի առևանգման կապակցությամբ արդյունավետ քննություն չեն իրականացրել, ինչի հետևանքով խախտվել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածի դատավարական կողմը:
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
109. Կոնվենցիայի 3-րդ հոդվածով դիմողները նշել են, որ իրենց ազգականի անհետացման, ինչպես նաև այդ կապակցությամբ բարեխիղճ քննություն չիրականացնելու հետևանքով իրենք կրել են հոգեկան տանջանքներ և սթրեսի ենթարկվել: Երկրորդ դիմողը նույնպես վիճարկել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածը և նշել, որ Իսա Այթամիրովին առևանգած զինծառայողների կողմից ենթարկվել է վատ վերաբերմունքի, իսկ իշխանություններն այդ կապակցությամբ արդյունավետ քննություն չեն իրականացրել: Կոնվենցիայի 3-րդ հոդվածը սահմանում է`
«Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»:
A. Կողմերի փաստարկները
110. Կառավարությունը պնդել է, որ քննությամբ չի հաստատվել, որ ռուս զինծառայողներն են երկրորդ դիմողին մարմնական վնասվածքներ հասցրել: Բացի դրանից, Կառավարությունը նշել է, որ երկրորդ դիմողը չի սպառել ներպետական իրավական պաշտպանության միջոցները, քանի որ դաժան վերաբերմունքի ենթարկվելու փաստի առիթով չի դիմել տեղի իրավապահ մարմիններին: Մասնավորապես, վատ վերաբերմունքի ենթարկվելու փաստը նշված է եղել անմիջապես դեպքը կատարվելուց հետո` Իսա Այթամիրովի առևանգման մասին իրավապահ մարմիններ ներկայացված բողոքի, ինչպես նաև 2004թ. հուլիսի 15-ին դիմողին որպես վկա հարցաքննելու արձանագրության մեջ:
111. Ինչ վերաբերում է դիմողի հոգեկան ապրումներին, Կառավարությունը պնդել է, որ քննությամբ չի հաստատվել, որ դիմողները ենթարկվել են Կոնվենցիայի 3-րդ հոդվածով արգելված անմարդկային կամ վատ վերաբերմունքի:
112. Երկրորդ դիմողը պնդել է, որ վատ վերաբերմունքի ենթարկվելու մասին ներկայացրած գանգատների վերաբերյալ նա սպառել է իրավական պաշտպանության ներպետական միջոցները: Մասնավորապես, նա նշել է, որ իշխանություններն անմիջապես տեղեկացվել են, որ ինքը ենթարկվել է վատ վերաբերմունքի և հարկադրված է եղել դիմել բժշկական օգնության: Նա քննչական մարմիններին մանրամասն նկարագրել է իր հետ տեղի ունեցածը և ներկայացրել համապատասխան բժշկական փաստաթղթեր, որոնք քննության ընթացքում տրամադրել է քննության մարմիններին:
113. Ըստ էության դիմողը պնդել է, որ Իսա Այթամիրովին առևանգող երկու զինծառայողներ իրեն ծեծի են ենթարկել և զրահամեքենայից վայր գցել, ինչը տեղի է ունեցել Կառավարության կողմից հիշատակված մյուս վկաների ներկայությամբ: Դիմողը մանրամասն ներկայացրել է տեղի ունեցածը, ստացած վնասվածքները և դրանք բուժումն ապացուցող բժշկական փաստաթղթերը: Ներպետական իշխանության մարմինները վերցրել են այդ փաստաթղթերը, իսկ Կառավարությունը հրաժարվել է դրանք տրամադրել Դատարանին: Հետևաբար, դիմողը Դատարանի ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ ինքը ենթարկվել է վատ վերաբերմունքի, իսկ ներպետական մարմիններն այդ կապակցությամբ համապատասխան քննություն չեն իրականացրել: Դիմողը նշել է Aziyevy v. Russia գործը (թիվ 77626/01, 2008թ. մարտի 20):
114. Դիմողները պնդել են, որ իրենք ծանր հոգեկան ապրումներ են ունեցել իրենց ազգականի անհետացման և այդ կապակցությամբ իշխանության մարմինների ցուցաբերած անտարբերության հետևանքով:
B. Դատարանի գնահատականը
1. Ընդունելիություն
a) Երկրորդ դիմողի նկատմամբ վատ վերաբերմունքի մասին գանգատները և այդ կապակցությամբ քննության բացակայությունը
115. Կառավարությունը պնդել է, որ երկրորդ դիմողն այս կապակցությամբ չի սպառել ներպետական իրավական պաշտպանության միջոցները:
116. Դատարանը հիշեցնում է, որ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դիմողները պետք է սպառեն միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերին համապատասխան իրավական պաշտպանության բոլոր ներպետական միջոցները: Բացի դրանից, Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետը պահանջում է, որ Դատարանին ներկայացվող գանգատներն առաջին հերթին բողոքարկվեն ներպետական մարմիններին, համենայնդեպս` այն մարմիններին, որոնք իրավասու են այդ գանգատների կապակցությամբ միջոցառումներ ձեռնարկել: Սակայն ներպետական իրավական պաշտպանության միջոցների շարքին չպետք է դասվեն անարդյունավետ և ոչ համարժեք իրավական միջոցները (տե՛ս, Aksoy v. Turkey, 1996թ. դեկտեմբերի 18, կետեր 51-52-րդ, Reports of Judgments and Decisions 1996-VI և Akdivar and Others v. Turkey, 1996թ. սեպտեմբերի 16, կետեր 65-67, Reports 1996‑IV ):
117. Դատարանի կարծիքով, Կառավարության պնդումներն իրար հակասում են, քանի որ նախ` նշվում է, որ երկրորդ դիմողը գանգատ չի ներկայացրել վատ վերաբերմունքի ենթարկվելու մասին, այնուհետև նշվում է, որ այդ մասին հաղորդում է ներկայացվել Իսա Այթամիրովի առևանգման մասին գանգատը ներկայացնելիս (տե՛ս վերը՝ կետ 110):
118. Ինչ վերաբերում է Կառավարության այն առարկությանը, որ երկրորդ դիմողը վատ վերաբերմունքի ենթարկվելու մասին գանգատը ներկայացրել է ոչ իրավասու մարմնին և օրենքով սահմանված կարգի խախտմամբ, ապա պետք է նշել, որ Կառավարությունը չի կարողացել մատնացույց անել այն մարմնին, ում պետք է դիմողն իր գանգատները ներկայացներ: Համենայնդեպս, Դատարանի կարծիքով, այն փաստը, որ քննիչը դիմողից վերցրել է դեպքից հետո նրան պատճառված վնասվածքների վերաբերյալ բժշկական փաստաթղթերը և մի քանի անգամ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու փորձեր է կատարել, հաստատում է, որ ներպետական իշխանության մարմինները բավարար չափով տեղեկացված են եղել, որ դիմողը վատ վերաբերմունքի զոհ է եղել. և այդ հանգամանքը քննության չեն առել:
119. Դատարանն ընդհանուր առմամբ գտնում է, որ իշխանությունները տեղեկացված են եղել, որ երկրորդ դիմողը վատ վերաբերմունքի է ենթարկվել: Դատարանի կարծիքով, վատ վերաբերմունքի զոհ դառնալն անմիջականորեն կապված է Իսա Այթամիրովի առևանգման հետ: Այդ իսկ պատճառով վատ վերաբերմունքի զոհ դառնալու վերաբերյալ բողոքները չի կարելի հիմնավորված չհամարել այն պատճառաբանությամբ, որ չի նշվել առևանգման փաստի առիթով ներկայացված հայտարարության մեջ:
120. Հաշվի առնելով վերոգրյալը` Դատարանը մերժում է ներպետական իրավական միջոցները սպառված չլինելու վերաբերյալ Կառավարության առարկությունները: Դատարանը գտնում է, որ ներկայացված գանգատը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով ակնհայտ անհիմն չէ: Այնուհետև Դատարանը նշում է, որ այլ հիմքեր չկան գանգատն անընդունելի համարելու համար, այդ պատճառով այն պետք է ընդունելի համարել:
b) Դիմողների հոգեկան տառապանքների վերաբերյալ գանգատները
121. Դատարանը գտնում է, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի վերաբերյալ գանգատը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով ակնհայտ անհիմն չէ: Այնուհետև Դատարանը նշում է, որ այլ հիմքեր չկան գանգատն անընդունելի համարելու համար, այդ պատճառով այն պետք է ընդունելի համարել:
2. Գործի էությունը
a) Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման մասին գանգատ
(i) Ենթադրյալ վատ վերաբերմունք
122. Դատարանը կրկնում է, որ անմարդկային կամ վատ վերաբերմունքի ենթադրությունները պետք է հաստատված լինեն համապատասխան ապացույցներով: Այդ ապացույցները գնահատելիս Դատարանը կիրառում է ողջամիտ կասկածից դուրս գտնվող ապացուցման չափորոշիչները (տե՛ս Ireland v. the United Kingdom 1978թ. հունվարի 18, Սերիա A թիվ 25): Սակայն ավելացնում է, որ նման ապացույցները պետք է բխեն հստակ և փոխկապակցված դատողություններից կամ անալոգիայով անհերքելի կանխավարկածներից (տե՛ս, Salman v. Turkey [GC], թիվ 21986/93, կետ 100, ECHR 2000‑VII):
123. Դատարանը կրկնում է, որ վատ վերաբերմունքը պետք է հասած լինի նվազագույն սահմանին, որպեսզի համարվի Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում: Այս սահմանի գնահատականը կախված է հետևյալ հանգամանքներից` գործի բոլոր հանգամանքների փոխկապակցվածություն, այն է` այդ վերաբերմունքի տևողությունը, հոգեկան և/կամ ֆիզիկական ազդեցությունը և, որոշ դեպքերում` սեռը, տարիքը կամ տուժողին պատճառված մարմնական վնասվածքներ մակարդակը (տե՛ս վերը նշված Ireland v. the United Kingdom, կետ 162, և Jalloh v. Germany [GC], թիվ 54810/00, կետ 67, ECHR 2006 IX): Դատարանը վերաբերմունքը գնահատում է որպես «անմարդկային», քանի որ այն, ամենից զատ, դիտավորյալ է կատարվել, տևել մի քանի ժամ անընդմեջ, որի հետևանքով անձը մարմնական վնասվածքներ է ստացել կամ ֆիզիկական կամ հոգեկան տառապանքներ կրել (տե՛ս, Labita v. Italy [GC], թիվ 26772/95, կետ 118, ECHR 2006‑IX): Վերաբերմունքը գնահատվում է որպես «արժանապատվությունը նվաստացնող» այն դեպքում, երբ անձի մոտ վախի, տագնապի կամ անլիարժեքության զգացում է առաջացնում կամ վիրավորում և ստորացնում է վերջինիս (տե՛ս վերը նշված Jalloh, կետ 68):
124. Անդրադառնալով գործի հանգամանքներին` Դատարանը նշում է, որ Կառավարությունը չի վիճարկում երկրորդ դիմողի ներկայացրած բժշկական փաստաթղթերը: Նաև չի վիճարկվում այն փաստը, որ այդ փաստաթղթերը հանձնվել են քննչական մարմնին: Դատարանը նաև նշում է, որ չնայած պաշտոնապես ներկայացված դիմումին, առանց որևէ հիմնավոր պատճառաբանության Կառավարությունը հրաժարվել է Դատարան ներկայացնել վերը նշված փաստաթղթերը: Դատարանի համար մեծ նշանակություն ունի այն փաստը, որ դիմողը չի կարողացել քննչական մարմնից հետ վերցնել այդ փաստաթղթերը:
125. Հիմք ընդունելով վերոգրյալ սկզբունքները` Դատարանը գտնում է, որ Կառավարության ցուցաբերած վարքագծից կարող է հօգուտ երկրորդ դիմողի դատողություններ անել:
126. Դատարանն այնուհետև նշում է, որ Իսա Այթամիրովին առևանգած զինծառայողների կողմից երկրորդ դիմողի նկատմամբ վատ վերաբերմունք դրսևորելու հանգամանքը մանրամասն ու անընդմեջ նշվել է ներպետական քննության ընթացքում (տե՛ս վերը` կետեր 10, 11 և 54): Բացի դրանից, այն հանգամանքը, որ երկրորդ դիմողը վատ վերաբերմունքի զոհ է դարձել, որի հետևանքով նույնիսկ բժշկական օգնության է դիմել, հիշատակվում են նաև այլ վկաների ցուցմունքներում (տե՛ս վերը` կետեր 12 և 45): Հիմք ընդունելով այս հանգամանքները և այն, որ Կառավարությունը հրաժարվել է երկրորդ դիմողի վնասվածքներն ապացուցող փաստաթղթերը ներկայացնել, Դատարանը հաստատված է համարում, որ երկրորդ դիմողը ծեծի է ենթարկվել և վնասվածքներ ստացել այն անձանց կողմից, ովքեր առևանգել են Իսա Այթամիրովին և հանդիսացել են Պետության մարմինները (տե՛ս, ամենից զատ, վերը նշած Aziyevy, կետ 105): Բացի դրանից, Դատարանը գտնում է, որ Կառավարության կողմից ցուցաբերված վերաբերմունքը պետք է գնահատվի որպես «անմարդկային» և «արժանապատվությունը նվաստացնող»:
127. Այսպիսով, Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում:
(ii) Քննության ենթադրյալ ոչ պատշաճությունը
128. Դատարանը կրկնում է, որ այն դեպքերում, երբ անձը Կոնվենցիայի 3-րդ հոդվածով արգելված վատ վերաբերմունքի ենթարկվելու վերաբերյալ իշխանության մարմիններին գանգատ է ներկայացնում, Կոնվենցիայի 1-ին հոդվածով սահմանված կարգով Պետությունը պարտավոր է «իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար ապահովել…Կոնվենցիայով սահմանված իրավունքներն ու ազատությունները»: Այս պարտավորությունը վերաբերում է ոչ միայն արդյունքներին, այլև կիրառված միջոցներին, ինչպես նաև ենթադրվում է, որ պետք է արդյունավետ պաշտոնական քննություն իրականացվի: Այդ քննությունը պետք է հնարավորություն ունենա հայտնաբերել և պատժել հանցանք կատարած անձանց:
129. Անդրադառնալով սույն գործի հանգամանքներին և հիմք ընդունելով Կոնվենցիայի 3-րդ հոդվածի վերաբերյալ Դատարանի արած դատողությունները` Դատարանը գտնում է, որ շրջանային դատախազությունում 2003թ. փետրվարի 19-ին իրականացված` տիկին Մ.Ջ.-ի և երկրորդ դիմողի հարցաքննությունների արձանագրությունները, ինչպես նաև երկրորդ դիմողի բժշկական փաստաթղթերն իրենցից ներկայացնում են Պետության ներկայացուցիչների կողմից վատ վերաբերմունք կիրառելու վերաբերյալ «հատուկ բողոք», որը ենթադրում է, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածով սահմանված կարգով, իշխանության մարմիններն իրականացված խախտումները բացահայտելուն ուղղված միջոցառումներ պետք է իրականացնեն:
130. Սակայն Դատարանին տրամադրված սակավաթիվ փաստաթղթերից երևում է, որ առկա են Կոնվենցիայի 2-րդ հոդվածի դատավարական կողմի բազմաթիվ բացթողումներ, որոնք ամբողջությամբ վերաբերելի են նաև երկրորդ դիմողի ներկայացրած մյուս գանգատին` վատ վերաբերմունքի ենթարկվելու փաստին:
131. Դատարանը, սակայն, չի կարող չնշել, որ բժշկական փաստաթղթերը դիմողից վերցնելուց և նոր դատաբժշկական փորձաքննություն նշանակելուց բացի, քննության ընթացքում այլ միջոցառումներ չեն իրականացվել երկրորդ դիմողին վատ վերաբերմունքի ենթարկելու փաստը բացահայտելու ուղղությամբ: Ավելին` այս երկու գործողություններն իրականացվել են երկարատև ընդհատումներով, որի պատճառով կասկածի տակ է առնվում դրանց արդյունավետությունը:
132. Այս կապակցությամբ Դատարանը նշում է, որ դեպքից մոտ մեկ տարի անց` 2004 թվականին, դիմողից բժշկական փաստաթղթերը վերցնելուց (տե՛ս վերը` կետ 55), իսկ ավելի ուշ` նշանակված դատաբժշկական փորձաքննությունից հետո (տե՛ս վերը` կետ 56)՝ հետագա չորս տարիների ընթացքում դեպքի կապակցությամբ ոչ մի միջոցառում չի իրականացվել: Նույնիսկ քննիչի կողմից նշանակված երկրորդ փորձաքննությունը հավանաբար նույնպես չի իրականացվել, որի պատճառները շարունակում են Դատարանին անհայտ մնալ (տե՛ս վերը` կետ 57):
133. Այսպիսով, Դատարանը գտնում է, որ երկրորդ դիմողի նկատմամբ կիրառված վատ վերաբերմունքի վերաբերյալ իշխանություններն իրականացրել են անարդյունավետ և ոչ մանրակրկիտ քննություն: Հետևաբար, այս առումով տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի դատավարական կողմի խախտում:
(b) Քննության ենթադրյալ ոչ պատշաճությունը
134. Դատարանը բազմիցս նշել է, որ բռնության կիրառմամբ անձի անհետացման դեպքում վերջինիս մերձավոր ազգականները կարող են Կոնվենցիայի 3-րդ հոդվածի իմաստով տուժող ճանաչվել: Այս բնույթի հանցագործությունների դեպքում խախտում է համարվում ոչ միայն անձի «անհետացման» փաստը, այլ այն, թե իշխանություններն ինչպիսի վերաբերմունք են ցուցաբերել հանցանքի կատարման մասին հաղորդումն ստանալուց անմիջապես հետո (տե՛ս Orhan v. Turkey, թիվ 25656/94, կետ 358, 2002թ. հունիսի 18 և վերը նշված Imakayeva, կետ 164):
135. Սույն գործով Դատարանը նշում է, որ դիմողները համարվում են անհետացած անձի մերձավոր ազգականները, իսկ երկրորդ դիմողը՝ վերջինիս ձերբակալման ականատես վկա է եղել: Ավելի քան յոթ տարի նրանք անհետացած անձի մասին տեղեկություններ չեն ունեցել: Այդ ժամանակահատվածում դիմողներն ինչպես գրավոր, այնպես էլ անձամբ դիմել են տարբեր մարմինների և խնդրել գտնել Իսա Այթամիրովին: Չնայած գործադրած ջանքերին, դիմողներն այդպես էլ որևէ բացատրություն կամ տեղեկություն չեն ստացել իրենց ազգականի անհետացման փաստի վերաբերյալ: Հիմնականում Կառավարությունը ժխտել է ձերբակալման համար Պետության պատասխանատվությունը կամ ուղղակի հայտնել, որ առևանգման փաստի առիթով քննությունը դեռ շարունակվում է: Վերոգրյալի հետ անմիջական կապ ունեն նաև Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ընթացակարգային հարցերի վերաբերյալ Դատարանի կողմից արված հետևությունները:
136. Այսպիսով, Դատարանը հանգում է, որ առկա է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում:
IV. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
137. Դիմողները նաև նշել են, որ Իսա Այթամիրովը ձերբակալվել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածով սահմանված երաշխիքների խախտմամբ, որոնց համաձայն`
«1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով…
c. անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը՝ իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար…
…
2. Յուրաքանչյուր ձերբակալված իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվում է իր ձերբակալման պատճառների և ներկայացվող ցանկացած մեղադրանքի մասին:
3.Սույն հոդվածի 1-ի կետի (c) ենթակետի դրույթներին համապատասխան ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուր ոք անհապաղ տարվում է դատավորի կամ այլ պաշտոնատար անձի մոտ, որն օրենքով լիազորված է իրականացնելու դատական իշխանություն, և ունի ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունք կամ մինչև դատաքննությունն ազատ արձակվելու իրավունք: Ազատ արձակումը կարող է պայմանավորվել դատաքննության ներկայանալու երաշխիքներով:
4. Յուրաքանչյուր ոք, ով ձերբակալման կամ կալանավորման պատճառով զրկված է ազատությունից, իրավունք ունի վիճարկելու իր կալանավորման օրինականությունը, որի կապակցությամբ դատարանն անհապաղ որոշում է կայացնում և կարգադրում է նրան ազատ արձակել, եթե կալանավորումն անօրինական է:
5. Յուրաքանչյուր ոք, ով, ի խախտումն սույն հոդվածի դրույթների, ձերբակալման կամ կալանավորման զոհ է դարձել, իրավունք ունի հայցի ուժով օժտված փոխհատուցման:
A.Կողմերի փաստարկները
138. Կառավարության կարծիքով, քննությամբ պարզված չէ, որ Իսա Այթամիրովն ազատությունից զրկվել է: Նրա անունը գրանցված չի եղել քննչական մեկուսարանում պահվող անձանց ցուցակում, իսկ տարածաշրջանային իրավապահ մարմինները վերջինիս ձերբակալման մասին տեղեկություններ չեն ունեցել:
139. Դիմողները պնդել են իրենց գանգատը:
B. Դատարանի գնահատականը
1. Ընդունելիություն
140. Դատարանը գտնում է, որ այս գանգատը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով ակնհայտ անհիմն չէ: Այնուհետև Դատարանը նշում է, որ այլ հիմքեր չկան գանգատն անընդունելի համարելու համար, այդ պատճառով այն պետք է ընդունելի համարել:
2. Գործի էությունը
141. Դատարանն արդեն նշել է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածը ժողովրդավարական երկրներում արգելում է անօրինական, ինքնակամ ձերբակալումը: Նաև Դատարանը նշում է, որ անօրինական ձերբակալումն ամբողջությամբ ժխտում է վերոնշյալ հոդվածով սահմանված երաշխիքները, և համարվում է լուրջ խախտում (տե՛ս իiջek v. Turkey, թիվ 25704/94, կետ 164, 2001թ. փետրվարի 27 և վերը նշված Luluyev, կետ 122):
142. Դատարանը հաստատում է, որ 2003թ. փետրվարի 19-ին Իսա Այթամիրովին իշխանության մարմինը ձերբակալել է: Սակայն ոչ մի տեղ նշում չկա այս մասին, ուստի պաշտոնապես հնարավոր չէ տեղեկանալ նրա հետագա ճակատագրի կամ գտնվելու վայրի մասին: Դատարանն այս հանգամանքն ինքնին համարում է լուրջ բացթողում, քանի որ հնարավորություն է տալիս իշխանության մարմիններին խուսափել պատասխանատվությունից, թաքցնել հետքերը և պատասխանատու չլինել ձերբակալված անձի հետագա ճակատագրի համար: Բացի դրանից, ձերբակալման տեղի և ժամանակի, ինչպես նաև առանց ձերբակալված անձի ազգանունը կամ ձերբակալման հիմքերը նշելու իրականացված միջոցառումը պետք է համարել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի իմաստով անհամատեղելի (տե՛ս վերը նշված Orhan, կետ 371):
143. Այնուհետև Դատարանը ենթադրում է, որ իշխանությունները պետք է մանրակրկիտ և անհապաղ քննություն իրականացնեին դիմողների ազգականի ձերբակալման, ինչպես նաև վերջինիս անհայտ ուղղությամբ տանելու առնչությամբ: Հիմք ընդունելով Կոնվենցիայի 2-րդ հոդվածի փաստարկները` Դատարանը հանգում է այն եզրակացությանը, որ իշխանություններն անհապաղ և արդյունավետ միջոցառումներ չեն ձեռնարկել անձի անհետանալը կանխելու համար:
144. Վերոգրյալի լույսի ներքո` Դատարանը գտնում է, որ Իսա Այթամիրովը ենթարկվել է անհայտ ձերբակալման` առանց Կոնվենցիայի 5-րդ հոդվածով նախատեսված երաշխիքների պահպանման: Սա հանդիսանում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածով սահմանված իրավունքների և ազատությունների լուրջ խախտում:
V. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
145. Դիմողները նշել են նաև, որ զրկված են եղել Կոնվենցիայի 13-րդ հոդվածով սահմանված իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքից, համաձայն որի`
«Յուրաքանչյուր ոք, ում՝ սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե նման խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք»:
A. Կողմերի պնդումները
146. Կառավարությունը պնդել է, որ իրենց պահանջներին համապատասխան, դիմողներին տրամադրվել են Կոնվենցիայի 13-րդ հոդվածով սահմանված իրավական պաշտպանության արդյունավետ միջոցները, և իշխանությունները չեն խոչընդոտել նրանց այս իրավունքի իրացմանը: Դիմողներն իրավունք ունեին դատական կարգով բողոքարկելու իշխանության մարմինների գործողությունները կամ անգործությունը: Կառավարությունը նաև հայտնել է, որ քրեական դատավարության սուբյեկտները կարող են քաղաքացիական դատավարությամբ սահմանված կարգով նյութական վնասի հատուցում պահանջել: Ասվածը հաստատելու համար Կառավարությունը հղում է կատարել այն քրեական գործերին, որոնցով տուժողները նյութկան վնասի հատուցում են ստացել իշխանության մարմիններից, օրինակ` դատախազությունից: Ընդհանուր առմամբ, Կառավարությունը պնդել է, որ Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտում տեղի չի ունեցել:
147. Դիմողները պնդել են իրենց գանգատները:
B. Դատարանի գնահատականը
1. Կիրառելիություն
148. Դատարանը գտնում է, որ այս գանգատը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով ակնհայտ անհիմն չէ: Այնուհետև Դատարանը նշում է, որ այլ հիմքեր չկան գանգատն անընդունելի համարելու համար, ուստի այն պետք է ընդունելի համարել:
2. Գործի էությունը
149. Դատարանը կրկնում է, որ այն պայմաններում, երբ անհետ կորած անձին հայտնաբերելուն ուղղված միջոցառումներն անարդյունավետ են եղել, որի հետևանքով անարդյունավետ կարելի է համարել նրա իրավական պաշտպանության այլ միջոցները, այդ թվում` նաև Կառավարության մեջբերած քաղաքացիաիրավական միջոցները: Հետևաբար, Պետությունը չի իրականացրել Կոնվենցիայի 13-րդ հոդվածով սահմանված պարտականությունները (տե՛ս վերը նշված Khashiyev and Akayeva, կետ 183):
150. Այսպիսով, Կոնվենցիայի 2-րդ հոդվածի հետ մեկտեղ տեղի է ունեցել Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտում:
151. Ինչ վերաբերում է դիմողների` Կոնվենցիայի 3-րդ հոդվածի վերաբերյալ գանգատներին, ապա Դատարանը գտնում, որ այս դեպքում անհրաժեշտություն չկա առանձին քննության առնել Կոնվենցիայի 13-րդ հոդվածի հետ մեկտեղ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտումը (տե՛ս` Kukayev v. Russia, թիվ 29361/02, կետ 119, 2007թ. նոյեմբերի 15 և Aziyevy v. Russia, թիվ 77626/01, կետ 118, 2008թ. մարտի 20):
VI. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 14-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
152. Դիմողները նշել են, որ Կոնվենցիայով արգելված խտրական վերաբերմունքի զոհ են դարձել, քանի որ նշված հանցագործությունից տուժել են այն պատճառով, որ բնակվում են Չեչնիայում և ազգությամբ չեչեն են: Խտրական վերաբերմունքն արգելվում է Կոնվենցիայի 14-րդ հոդվածով, որը սահմանում է`
«Սույն Կոնվենցիայում շարադրված իրավունքներից և ազատություններից օգտվելը ապահովվում է առանց խտրականության, այն է՝ անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային փոքրամասնությանը պատկանելուց, գույքային դրությունից, ծննդից կամ այլ դրությունից»:
153. Դատարանը նշում է, որ իրեն չի ներկայացվել որևէ ապացույց առ այն, որ համանման գործեր քննելիս դիմողների նկատմամբ, առանց օբյեկտիվ և բանական պատճառների, այլ կերպ են վարվել, կամ դիմողները նման գանգատներ են ներկայացրել ռուսական իշխանություններին: Հետևաբար, Դատարանը գտնում է, որ սույն գանգատը հիմնավորված չէ:
154. Այսպիսով, Դատարանը գտնում է, որ բողոքի այս մասն ակնհայտ հիմնավորված չէ և, Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ հոդվածներով սահմանված կարգով, ենթակա է մերժման:
VII. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄ
155. Կոնվենցիայի 41-րդ հոդվածը նախատեսում է
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:
A. Նյութական վնասի հատուցում
156. Դիմողները պահանջել են հատուցել Իսա Այթամիրովի ձերբակալման և անհետացման հետևանքով վերջինիս աշխատավարձի կորուստը: Առաջին դիմողը պահանջել է ընդհանուր առմամբ 319,517,60 ռուսական ռուբլի (RUB) կամ համապատասխանաբար 9,153 եվրո (EUR): Երկրորդ դիմողը պահանջել է 331,803,02 ռուսական ռուբլի (մոտավորապես 9,505 եվրո):
157. Դիմողները նշել են, որ Իսա Այթամիրովը ձերբակալման պահին աշխատանք չի ունեցել, և այս պարագայում աշխատավարձի կորուստը պետք է հաշվել ներպետական օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի չափով: Դիմողների հաշվարկներն արվել են մարմնական վնասվածքների և պատահարների հետևանքով մահվան դեպքերում 2008թ. Մեծ Բրիտանիայի ապահովագրական վճարումների կառավարական բաժնի ապահովագրական վճարումների աղյուսակի հիման վրա («Օգդենյան աղյուսակներ»): Դիմողները, նկատի ունենալով դրամի տարեկան 10% արժեզրկումը, հաշվարկել են Իսա Այթամիրովի ենթադրյալ աշխատավարձը և նշել, որ իրենցից յուրաքանչյուրը կարող էր վերջինիս դրամական եկամուտներից 15% աջակցություն ստանալ:
158. Կառավարությունն այս պահանջները հիմնավոր չի համարել և նշել է կերակրողին կորցնելու հետևանքով թոշակներ ստանալու ազգային մեխանիզմների առկայությունը:
159. Դատարանը կրկնում է, որ դիմողների պահանջած նյութական փոխհատուցման և Կոնվենցիայի խախտումների միջև առկա է ակնհայտ պատճառահետևանքային կապ, և նշում, որ նման դեպքերում տուժողները կարող են եկամուտների կորստի հատուցում պահանջել: Հիմք ընդունելով վերոգրյալը` Դատարանը նշում է, որ դիմողների կողմից նշված եկամուտների կորստի և Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտումների միջև առկա է ակնհայտ պատճառահետևանքային կապ:
160. Հիմք ընդունելով վերոգրյալը և այն հանգամանքը, որ Իսա Այթամիրովը ձերբակալման պահին աշխատանք չի ունեցել, Դատարանը նպատակահարմար է գտնում որպես նյութական վնասի հատուցում առաջին դիմողին տրամադրել 5000 եվրո, իսկ երկրորդ դիմողին` 4000 եվրո` գումարած նաև այդ գումարը տրամադրելու հետ կապված բոլոր տեսակի հարկերը:
B. Բարոյական վնասի հատուցում
161. Որպես բարոյական վնասի հատուցում` դիմողները պահանջել են յուրաքանչյուրին 40000 եվրո` որպես իրենց ընտանիքի անդամի կորստի, այդ կապակցությամբ իշխանությունների ցուցաբերած անտարբերության և քննության վերաբերյալ տեղեկություններ չտրամադրելու պատճառով հոգեկան տանջանքների հատուցում: Երկրորդ դիմողը նույնպես բարոյական վնասի հատուցման պահանջ է ներկայացրել` իր նկատմամբ վատ վերաբերմունքը բացահայտելու ուղղությամբ իշխանությունների կողմից համապատասխան քննություն չիրականացնելու կապակցությամբ:
162. Կառավարությունը նշված գումարները չափազանց մեծ է համարել:
163. Դատարանը գտել է, որ դիմողների ազգականի անօրինական ձերբակալման և կորստի փաստի առումով տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ, 5-րդ և 13-րդ հոդվածների խախտում: Դիմողները ճանաչվել են որպես Կոնվենցիայի 3-րդ հոդվածով արգելված վերաբերմունքի զոհ իրենց ազգականի կորստի և իշխանությունների ցուցաբերած անտարբերության հետևանքով հոգեկան ապրումներ ունենալու իմաստով: Այդ պատճառով Դատարանը փաստում է, որ դիմողներին պատճառվել է բարոյական վնաս, որը կարող է հատուցվել միայն իրավունքների խախտման փաստի ճանաչմամբ: Դատարանն առաջին դիմողին տրամադրում է 40000 եվրո՝ որպես բարոյական վնասի հատուցում` գումարած վճարման ենթակա հարկերը: Երկրորդ դիմողին Դատարանը տրամադրում է 25,000 եվրո ` գումարած վճարման ենթակա հարկերը:
C. Ծախսեր և ծախքեր
164. Դատարանում դիմողներին ներկայացնում էր «Իրավական նախաձեռնությունը Ռուսաստանում» կազմակերպությունը: Այս կազմակերպության աշխատակիցները ներկայացրել են ծախսերի և ծախքերի վճարման ցուցակ, որում ներառված է Մոսկվայում և Ինգուշեթիայում կատարված քննության և հարցումների ծախսերը, ներպետական իշխանության մարմիններին և Դատարանին ներկայացվող փաստաթղթերը, որոնց համար պահանջվող ծախսերը կազմում են համապատասխանաբար` մեկ ժամվա համար 50 և 150 եվրո: Ընդհանուր առմամբ, դիմողներին իրավաբանական ծախսերի համար պետք է վճարվի 6,949,51 եվրո գումար, որը պետք է փոխանցվի Նիդեռլանդներ` ներկայացուցիչների բանկային հաշվեհամարներին:
165. Կառավարությունը նշել է, որ պետք է վճարի միայն այն ծախսերն ու ծախքերը, որոնք դիմողներն իրականում կրել են և տեղավորվում են ողջամիտ սահմաններում (տե՛ս Skorobogatova v. Russia թիվ 33914/02 կետ 61, 2005թ. դեկտեմբերի 1):
166. Դատարանը նախ պետք է համոզվի, թե իրականում դիմողների կողմից նշված ծախսերն ու ծախքերն արդյոք իրականացվել են կամ արդյոք դրանք անհրաժեշտ են եղել, թե` ոչ (տե՛ս McCann and Others v. the United Kingdom, Սերիա A թիվ 324, 1995թ. սեպտեմբերի 27, կետ 220):
167. Հիմք ընդունելով իրավաբանական օգնության վերաբերյալ պայմանագրերը` Դատարանը գտնում է, որ նշված գումարը ողջամտության սահմաններում է և արտահայտում է նման օգնության համար դիմողների կրած ծախսերը:
168. Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք Դատարանում գործը ներկայացնելու համար անհրաժեշտ էին այդքան ծախսեր և ծախքեր, ապա Դատարանը, հիմք ընդունելով ներկայացված փաստաթղթերի սակավությունն ու այն, որ գործին վերաբերող մի շարք փաստաթղթեր Կառավարությունն առհասարակ չի ներկայացրել, գտնում է, որ դիմողներից այդքան շատ միջոցներ հավանական է, որ պահանջված չլինի: Այսպիսով, Դատարանը գտնում է, որ գործին նախապատրաստվելու համար դիմողներից այդքան շատ ջանք չէր պահանջվում:
169. Հաշվի առնելով դիմողների գանգատների մի մասը` Դատարանն արդարացիորեն գտնում է, որ նրանց պետք է հատուցվի 5500 եվրո` գումարած նաև հարկերը, որոնք ենթակա են վճարման դիմողների կողմից նշված Նիդեռլանդների բանկային հաշվին այդ գումարը փոխանցելիս:
D. Տուգանային տոկոսներ
170. Դատարանը նպատակահարմար է գտնում, որպեսզի տուգանային տոկոսը գանձվի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած փոխառության միջին տոկոսադրույքի հիման վրա՝ հավելած երեք տոկոս:
ՎԵՐՈԳՐՅԱԼԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՝ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ
1. Վճռում է միավորել ներպետական օրենսդրությամբ իրավական պաշտպանության միջոցները չսպառելու վերաբերյալ Կառավարության առարկությունները և մերժել.
2. Միավորում է Կոնվենցիայի 2-րդ, 3-րդ, 5-րդ և 13-րդ հոդվածների հիման վրա ներկայացված գանգատները, դրանք ընդունելի է համարում, իսկ գանգատի մնացած մասը՝ անընդունելի.
3. Վճռում է, որ Իսա Այթամիրովի կապակցությամբ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում.
4. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում այն մասով, որ իրականացված անարդյունավետ քննության արդյունքում Իսա Այթամիրովն անհետացել է.
5. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում՝ կապված երկրորդ դիմողի նկատմամբ վատ վերաբերմունք դրսևորելու հետ.
6. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում՝ կապված երկրորդ դիմողի նկատմամբ կիրառված վատ վերաբերմունքի անարդյունավետ քննության հետ.
7. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում՝ կապված դիմողների հոգեկան տանջանքների հետ.
8. Վճռում է, որ Իսա Այթամիրովի նկատմամբ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի խախտում.
9. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտում՝ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ենթադրյալ խախտման մասով.
10. Վճռում է, որ գանգատները Կոնվենցիայի 13-րդ հոդվածի հիման վրա քննելու անհրաժեշտություն չկա՝ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտումներն արձանագրելու կապակցությամբ.
11. Վճռում է,
a). որ վճիռը վերջնական դառնալուց հետո երեք ամսվա ընթացքում պատասխանող պետությունը, Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան, բացառությամբ դիմողների պահումները և ծախսերը, պետք է վճարի հետևյալ գումարները՝
i. 5000 (հինգ հազար եվրո) առաջին և 4000 (չորս հազար եվրո) երկրորդ դիմողին՝ որպես նյութական վնասի հատուցում՝ բացառությամբ դիմողի ծախսերի և ծախքերի փոխհատուցման,
ii. 40000 (քառասուն հազար եվրո) առաջին և 25000 (քսանհինգ հազար եվրո) երկրորդ դիմողին՝ որպես բարոյական վնասի հատուցում՝ գումարած ցանկացած հարկ, որն անհրաժեշտ կլինի վճարել դիմողներին որպես նյութական վնասի հատուցում,
iii. 5500 (հինգ հազար հինգ հարյուր) եվրո ներկայացուցչության` Նիդեռլանդների բանկային հաշվի հետ կապված ծախսերի և ծախքերի վճարման համար՝ գումարած ցանկացած հարկ, որը անհրաժեշտ կլինի վճարել դիմողներին,
(b) Մերժում է արդարացի բավարարման հետ կապված դիմողների պահանջի մնացած մասը:
Կատարվել է անգլերենով և Դատարանի կանոնների 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն գրավոր հրապարակվել 2010թ. դեկտեմբերի 2-ին:
