ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 օգոստոսի 2018 թվականի N 878-Ն
ԱՌԱՆՁԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՓՈՐՁԱԳԵՏԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հանրային ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել առանձին խնդիրների իրականացման համար պետական մարմինների կողմից փորձագետի ներգրավման կարգը և դեպքերը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. օգոստոսի 13 Երևան |
Հավելված |
Կ Ա Ր Գ
ԱՌԱՆՁԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՓՈՐՁԱԳԵՏԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ
1. Սույն կարգով կանոնակարգվում են առանձին խնդիրների իրականացման համար պետական մարմինների կողմից փորձագետների ներգրավման հետ կապված հարաբերությունները:
2. Փորձագետները պետական մարմնի կողմից կարող են ներգրավվել տվյալ մարմնին վերապահված գործունեության ոլորտում որոշակի ծրագրերի, ինչպես նաև կանոնադրական խնդիրներից բխող որոշակի ժամկետով ծրագրերի կամ կոնկրետ հանձնարարականների իրականացման կամ պետական մարմնի կանոնադրական խնդիրներից բխող կոնկրետ գործառույթի իրականացման ծավալների կտրուկ ավելացման դեպքերում։
3. Պետական մարմնի կանոնադրական խնդիրներից բխող կոնկրետ գործառույթի իրականացման ծավալների կտրուկ ավելացման դեպքում փորձագետ ներգրավվում է մինչև մեկ տարի ժամանակահատվածով, ընդ որում, տվյալ դեպքում փորձագետի հիմնական աշխատավարձը սահմանվում է այդ գործառույթն իրականացնող քաղաքացիական ծառայողի հիմնական աշխատավարձի նվազագույն չափով (քաղաքացիական ծառայողի պաշտոնի ենթախմբին համապատասխանող սանդղակի նվազագույն գործակցի և բազային աշխատավարձի արտադրյալ)։
4. Փորձագետների առավելագույն թիվը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ տվյալ մարմնին հատկացված հաստիքների առավելագույն քանակի 5 տոկոսը։
5. Պետական և ծառայողական գաղտնիքին առնչվող առանձին խնդիրների իրականացման համար պետական մարմինների կողմից փորձագետ կարող է ներգրավվել՝ հաշվի առնելով «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի և դրանից բխող ենթաօրենսդրական ակտերի պահանջները։
6. Փորձագետի համար աշխատանքային ստաժի և (կամ) փորձի, կրթության, որակավորման և այլն չափանիշները համապատասխանաբար նախատեսում են սույն կարգի 9-րդ կետով նախատեսված պաշտոնատար անձինք, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով։
7. Փորձագետ ներգրավելու համար համապատասխան մարմնի գլխավոր քարտուղարը մարմնի ղեկավարի հաստատմանն է ներկայացնում փորձագետների կողմից իրականացվող աշխատանքների ծրագիրը, որում ներառվում են փորձագետ ներգրավելու դեպքը և հիմնավորումները, աշխատանքների իրականացման ժամանակահատվածը, ակնկալվող արդյունքը, հաշվետվություններ ներկայացնելու ժամկետները, աշխատանքների գնահատման չափանիշները և այդ աշխատանքները կատարելու համար փորձագետին ներկայացվող պահանջները։
8. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի գրասենյակներում փորձագետ ներգրավելու համար գրասենյակի ղեկավարը փորձագետների կողմից իրականացվող աշխատանքների ծրագիրը ներկայացնում է համապատասխան փոխվարչապետի հաստատմանը։
9. Փորձագետ ներգրավելու նպատակով գլխավոր քարտուղարը, իսկ սույն կարգի 8-րդ կետով նախատեսված դեպքում՝ գրասենյակի ղեկավարը համապատասխան պետական մարմնի պաշտոնական կայքում հրապարակում է հայտարարություն։ Հայտարարությունը ներառում է առնվազն հետևյալ տեղեկությունները՝
1) համապատասխան մարմնի անվանումը.
2) ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը.
3) փորձագետ ներգրավելու ժամկետը.
4) փորձագետի պարտականությունները.
5) փորձագետին ներկայացվող պահանջները.
6) դիմումների ներկայացման վերջնաժամկետը, որը պետք է լինի տվյալ հայտարարության հրապարակմանը հաջորդող յոթերորդ աշխատանքային օրը.
7) աշխատանքի վայրը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն.
8) հայտարարություն սույն կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին.
9) անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը։
10. Փորձագետների ընտրությունն իրականացվում է երկու փուլով՝ փաստաթղթային և հարցազրույցի։ Նախնական փաստաթղթային ընտրություն անցած հավակնորդները հրավիրվում են հարցազրույցի, որն անցկացնում է հայտարարությունը հրապարակած պաշտոնատար անձը՝ անձամբ կամ հանձնաժողովի միջոցով։ Հանձնաժողովը ձևավորում է հայտարարությունը հրապարակած պաշտոնատար անձը կամ համապատասխան մարմնի ղեկավարը։
11. Փորձագետների ընտրության գործընթացի և ընտրված փորձագետի վերաբերյալ տեղեկությունները հրապարակվում են պետական մարմնի պաշտոնական կայքում։
12. Փորձագետի ներգրավումն իրականացվում է փորձագետի և համապատասխան պետական մարմնի միջև կնքված պայմանագրի հիման վրա (այսուհետ՝ պայմանագիր) (ձև N 1)։
13. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
14. Փորձագետի վարձատրության չափը սահմանվում է պայմանագրով։ Վարձատրությունն իրականացվում է համապատասխան մարմնի տնտեսված միջոցներից, ինչպես նաև օրենքով չարգելված միջոցներից։
15. Փորձագետի կողմից իրականացված աշխատանքների վերաբերյալ ներկայացված հաշվետվությունները, ըստ ծրագրի փուլերի, հրապարակվում են պետական մարմնի պաշտոնական կայքում։
16. Համապատասխան պետական մարմնում փորձագետները պետք է ենթարկվեն տվյալ պետական մարմնում ընդունված աշխատանքային կարգապահական ներքին կանոններին, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ։
17. Փորձագետ ներգրավելու դեպքում քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում տեղադրվում են փորձագետների կողմից իրականացվող աշխատանքային ծրագիրը, պայմանագրի պատճենը, ինչպես նաև աշխատանքի գնահատման արդյունքները։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Ձև N 1
Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր N
ք.__________ |
«____» _____________ 20 թ. |
_______________________________-ը` (այսուհետ՝ համապատասխան մարմին) ի դեմս _______________________________ , որը գործում է կանոնադրության հիման վրա մի կողմից, և ____________________________ գրանցված ________________________________________________ անձնագիր թիվ _________________, տրված ___________ թ. (այսուհետ` փորձագետ) մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին`
1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
1.1. Համապատասխան մարմինը փորձագետին հանձնարարում է իրականացնել որոշակի աշխատանքներ, որոնց նկարագրությունը նշված է սույն պայմանագրի 1.3-րդ կետում և պարտավորվում է վճարել նրա կատարած աշխատանքի համար, իսկ փորձագետը պարտավորվում է կատարել հանձնարարված աշխատանքները սույն պայմանագրով սահմանված պայմաններով:
1.2. Փորձագետն անմիջականորեն ենթարկվում է _______________________ : Աշխատանքների կատարման վայրն է` համապատասխան մարմնի գտնվելու վայրը:
1.3. Սույն պայմանագրով փորձագետին առաջադրվող աշխատանքը ներառում է՝
______________________________________________________________________
______________________________________________________________________
______________________________________________________________________
1.4. Փորձագետի համար սույն պայմանագրով նախատեսված աշխատանքը համարվում է __________________________ (հիմնական, համատեղությամբ)։
2. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2.1. Փորձագետը պարտավորվում է`
2.1.2. Բարեխղճորեն կատարել սույն պայմանագրով ստանձնած աշխատանքները:
2.1.3. Պահպանել համապատասխան մարմնում սահմանված ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը:
2.1.4. Պահպանել աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները:
2.1.5. Իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» օրենքով և սույն պայմանագրով իրեն վերապահված այլ պարտականությունները:
2.2. Փորձագետն իրավունք ունի`
2.2.1. Սույն պայմանագրի 4-րդ կետի համաձայն ստանալու վարձատրություն:
2.2.2. Պահանջելու համապատասխան մարմնից ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իր հանգստի իրավունքը:
2.2.3. Իրականացնելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն պայմանագրով իրեն վերապահված այլ իրավունքներ:
2.3. Համապատասխան մարմինը պարտավորվում է`
2.3.1. Սույն պայմանագրի 4-րդ կետի համաձայն վճարել փորձագետի աշխատավարձը:
2.3.2. Սահմանված կարգով փորձագետին տրամադրել ամենամյա և նպատակային արձակուրդ։
2.3.3. Ապահովել անվտանգ և առողջության համար անվնաս աշխատանքային պայմաններ:
2.3.4. Փորձագետին ծանոթացնել կազմակերպությունում գործող ներքին կարգապահական կանոններին, աշխատանքի պաշտպանության և հակահրդեհային անվտանգության ապահովման պահանջներին:
2.3.5. Ժամանակին ապահովել փորձագետին անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներով։
2.3.6. Փորձագետի անձնական տվյալները մշակելիս պահպանել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պահանջները:
2.3.7. Իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ և սույն պայմանագրով իրեն վերապահված այլ պարտականություններ:
2.4. Համապատասխան մարմինն իրավունք ունի`
2.4.1. Ցանկացած պահին ստուգելու փորձագետին հանձնարարված աշխատանքների կատարման ընթացքը:
2.4.2. Փորձագետին ներգրավելու արտաժամյա աշխատանքների, որի տևողությունն իրար հաջորդող երկու օրերի ընթացքում չի կարող անցնել 4 ժամը:
2.4.3. Իրականացնելու աշխատանքային օրենսդրությամբ և սույն պայմանագրով իրեն վերապահված այլ իրավունքներ:
3. ԱՇԽԱՏԱՆՔԻ ՌԵԺԻՄԸ ԵՎ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ԱՐՁԱԿՈՒՐԴԸ
3.1. Փորձագետի համար սահմանվում է աշխատաժամանակի նորմալ տևողություն: Աշխատանքային օրվա սկիզբը սահմանվում է ժամը ___, ավարտը` ժամը ___։
3.2. Փորձագետին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրվում է ամենամյա նվազագույն արձակուրդ՝ 20 աշխատանքային օր տևողությամբ:
4. ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ
4.1. Սույն պայմանագրով նախատեսված աշխատանքների իրականացման համար համապատասխան մարմինը փորձագետին յուրաքանչյուր ամիս վճարում է հիմնական աշխատավարձ ___________________ դրամ։
4.2. Փորձագետի համար հավելավճարներ, լրավճարներ չեն սահմանվում:
4.3. Փորձագետին արտաժամյա աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար վճարվում է հավելում՝ ժամային դրույքաչափի 50 տոկոսի չափով:
5. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՓՈՓՈԽՈՒՄԸ, ԼՈՒԾՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐՈՒՄԸ
5.1. Սույն պայմանագիրը կարող է փոփոխվել և լրացվել միայն կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ բացառությամբ աշխատանքային օրենսգրքով նախատեսված դեպքերի: Սույն պայմանագրի փոփոխությունները և լրացումները կատարվում են լրացուցիչ համաձայնագրերով, որոնք կհանդիսանան սույն պայմանագրի անբաժան մասը:
5.2. Սույն պայմանագիրը լուծվում է աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված կարգով և դեպքերում, ինչպես նաև առանձին խնդիրների իրականացման համար պետական մարմինների կողմից փորձագետի ներգրավման կարգի խախտմամբ կնքված լինելու դեպքերում:
6. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
6.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման պահից և գործում է մինչև ___________________:
7. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
7.1. Սույն պայմանագրով չկարգավորված բոլոր հարցերը ենթակա են կարգավորման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
7.2. Սույն պայմանագրով չնախատեսված դեպքերում կողմերն իրենց պարտավորությունների չկատարման, կամ անպատշաճ կատարման համար պատասխանատվության են ենթարկվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
7.3. Սույն պայմանագիրը կազմված է երկու օրինակից, որոնք ունեն հավասար իրավաբանական ուժ, յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ:
Համապատասխան մարմինը |
Փորձագետը |
________________________ (ստորագրությունը) |
________________________ (ստորագրությունը) |