ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 նոյեմբերի 2018 թվականի N 1317-Լ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծի (Պ-404-24.10.2018-ՊԻՄԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններին:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-404-24.10.2018-ՊԻՄԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններԸ
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծի (Պ-404-24.10.2018-ՊԻՄԻ-011/0) վերաբերյալ:
1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է նախատեսել, որ Բարձրագույն դատական խորհուրդը դատավորի դիմումի հիման վրա իրավական հարցերի վերաբերյալ տալիս է խորհրդատվական բնույթի պարզաբանումներ:
Հարկ է նշել, սակայն, որ նախագծի փաթեթը չի պարունակում Բարձրագույն դատական խորհրդին նման լիազորություն վերապահելու անհրաժեշտության վերաբերյալ հիմնավորումներ: Միաժամանակ կարծում ենք, որ առաջարկվող կարգավորումը անհրաժեշտ է գնահատել դատավորի անկախության, այդ թվում՝ jura novit cura (դատավորը գիտի օրենքը) սկզբունքի ներքո: Այն խնդրահարույց է հետևյալ տեսանկյուններից.
1) Դատավորի վարույթում քննվող գործի քննության ընթացքում ծագող իրավական հարցերի վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի կողմից պարզաբանումներ տալը կարող է որոշակիորեն կանխորոշել գործի ելքը, ազդել արդարադատության իրականացման վրա, ինչպես նաև պարտադիր հաշվի առնվել այլ դատավորների կողմից նույն նորմի կիրառման ժամանակ: Ավելին, Բարձրագույն դատական խորհրդին նման լիազորություն վերապահելը խնդրահարույց է նաև այն առումով, որ արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտումը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ինքնուրույն հիմք է, որի պարագայում Բարձրագույն դատական խորհրդի կողմից իրավական հարցերի վերաբերյալ պարզաբանումներ տալու դեպքում չի բացառվում, որ պատասխանատվության ենթարկվելուց խուսափելու նպատակով՝ դատավորը հարկադրված հետևի Բարձրագույն դատական խորհրդի կողմից իրավական հարցերի վերաբերյալ տրված «խորհրդատվական» պարզաբանումներին: Ընդ որում՝ նման պարզաբանումներին այսպիսի պարտադիրության հաղորդումը տեղի է ունենում այն դեպքում, երբ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառություն ապահովելու սահմանադրական գործառույթով օժտված ՀՀ վճռաբեկ դատարանի դիրքորոշումները նույն օրենսգրքով զրկված են նախկին պարտադիրության հատկանիշից.
2) Jura novit cura (դատավորը գիտի օրենքը) սկզբունքի ուժով հաստատված է դատավորի՝ օրենքի իմացության կանխավարկածը, ուստի նշված սկզբունքի հրամայականով պայմանավորված՝ Բարձրագույն դատական խորհրդին իրավական հարցերով պարզաբանումներ տալու լիազորություն վերապահելու անհրաժեշտությունը բացակայում է:
Այնուամենայնիվ, հարկ է նկատի ունենալ, որ Բարձրագույն դատական խորհուրդն օժտված է ենթաօրենսդրական ակտեր ընդունելու սահմանադրական լիազորությամբ, իսկ դրանց առնչությամբ պաշտոնական պարզաբանում տալու ընդհանրական հնարավորություն նախատեսված է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 4-րդ մասում: Այս առումով անհրաժեշտ է, սակայն, արձանագրել, որ Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունները կարող են սահմանվել բացառապես ՀՀ Սահմանադրությամբ և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով:
2. Նախագծով առաջարկվում է նախատեսել, որ Բարձրագույն դատական խորհրդի կողմից «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 1-6-րդ, 8-9-րդ, 18-րդ և 24-րդ կետերով նախատեսված լիազորություններն իրականացնելիս ընդունվող որոշումները, ինչպես նաև դատավորի գնահատման արդյունքում կայացված որոշումները բողոքարկման ենթակա չեն: Այս առումով հարկ է նշել որ.
1) Նախագծի հիմնավորումում չի ներկայացվել, թե ինչու է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 1-6-րդ, 8-9-րդ, 18-րդ և 24-րդ կետերով նախատեսված լիազորությունների իրականացման արդյունքում ընդունվող որոշումների բողոքարկումը բացառվել, իսկ մյուսների իրականացման արդյունքում ընդունվող որոշումներինը՝ ոչ.
2) Նախագծով առաջարկվող բողոքարկման ոչ ենթակա Բարձրագույն դատական խորհրդի որոշումների ցանկում ներառված են որոշումներ, որոնք հիմնարար նշանակություն ունեն դատական իշխանության կազմավորման և բնականոն գործունեության ապահովման տեսանկյունից, օրինակ՝ դատավորների թեկնածուների՝ ներառյալ առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակները հաստատելու, դատավորին մեկ այլ դատարան գործուղելու վերաբերյալ և այլ որոշումներ, իսկ դրանց ընթացքում թույլ տրված հնարավոր սխալներն ուղղելու գործիքակազմի բացակայությունը կարող է առաջացնել փակուղային իրավիճակ: Տեղին է նշել, որ միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նախագծով բողոքարկման ոչ ենթակա որոշումների որոշ մասը ենթակա է բողոքարկման.
3) Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի ուսումնասիրությունը վկայում է, որ օրենսդրի կողմից որևէ օրենքի ընդունումն արդարադատության իրականացման գործընթացի վրա ազդելու նպատակով անհամատեղելի է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի պահանջների հետ և առաջացնում է պետության պատասխանատվություն այդ հոդվածի շրջանակներում: Մասնավորապես, Եվրոպական դատարանի Zielinski and Pradal and Gonzalez and others v. France գործով վճռի ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ օրենսդրի կողմից խնդրո առարկա հարցի կարգավորման առնչությամբ օրենքի ընդունումը Եվրոպական դատարանի կողմից որակվել է միջամտություն հետևյալ հանգամանքներում.
ա. օրենսդիրը հետադարձ ուժ է տվել իր սահմանած նորմերին՝ դրանք տարածելով այն վեճերի վրա, որոնց կապակցությամբ արդեն իսկ գործ է հարուցված դատարաններում և դրանք գտնվում են դատարաններում քննության ընթացքում, այդ թվում նաև՝ այն վեճերի վրա, որոնց կապակցությամբ ստորին ատյանի դատարանները կայացրել են դատական ակտեր, սակայն, որոնք դեռևս վերջնական ուժ չեն ստացել (նման կարգավորման արդյունքում դիմումատուների օգտին կայացված վճիռները նոր օրենսդրական կարգավորման հիման վրա բեկանվել էին ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից),
բ. օրենսդրական նման կարգավորումն իր բնույթով եղել է այնպիսին, որ կանխորոշել է դատարանների կողմից վեճի լուծումը, դատաքննության ելքը,
գ. տվյալ վեճի մի կողմում հանդես է եկել պետությունը, և նման օրենսդրական կարգավորման արդյունքում կողմերի միջև հավասարությունը խախտվել է հօգուտ պետության, քանի որ վեճի ելքը կանխորոշվել է ի շահ այդ կողմի:
Վերոնշյալի լույսի ներքո տեղեկացնում ենք, որ ներկայումս Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի վարույթում է գտնվում թիվ ՎԴ/8512/05/18 գործը՝ Բարձրագույն դատական խորհրդի «Սնանկության դատարանի դատավորներ նշանակելու համար թեկնածություններ առաջարկելու վերաբերյալ» 2018 թվականի օգոստոսի 6-ի ԲԴԽ-31-Ո-75/2018 թվականի որոշումն անվավեր ճանաչելու և որպես հետևանք՝ «Սնանկության դատարանի դատավորներ նշանակելու մասին» Հայաստանի Հանրապետության նախագահի 2018 թվականի օգոստոսի 10-ի ՆՀ-385-Ա հրամանագիրն անվավեր ճանաչելու պահանջով:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|