ԿԱԼԱՇՆԻԿՈՎՆ ԸՆԴԴԵՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԸ
CASE OF KALASHNIKOV v. RUSSIA
Դատարանի 2002թ. հուլիսի 15-ի վճիռը
Ստրասբուրգ
ՓԱՍՏԵՐ
I. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐ
11.Դիմողը ծնվել է 1955թ. Մոսկվայում: Նա Հարավարևելյան առևտրային բանկի նախագահն էր:
12.1995թ. փետրվարի 8-ին դիմողի դեմ հարուցվել էր քրեական գործ, որի մանրամասները բերված են ստորև՝ B ենթավերնագրում: 1995թ. հունիսի 29-ին դիմողը կալանավորվել էր և Մագադանի քաղաքային դատարանի 1999թ. օգոստոսի 3-ի դատավճռով յուրացման համար դատապարտվել էր ազատազրկման:
A. Կալանքի պայմանները
13. 1995թ. հունիսի 29-ից մինչև 1999թ. հոկտեմբերի 20-ը դիմողը գտնվել է Մագադան քաղաքի IZ-47/1 կալանավայրում (Քննչական մեկուսարան N1): 1999թ. հոկտեմբերի 20-ին նրան ուղարկել են կրելու իր ազատազրկումը Տալայա գյուղի AV-261/3 ուղղիչ հաստատությունում, ինչը հետևել է քաղաքային դատարանի՝ 1999թ. օգոստոսի 3-ի դատավճռին: 1999թ. դեկտեմբերի 9-ին նա տեղափոխվել է Մագադանի կալանավայր, որտեղ և մնացել է մինչև ազատ արձակվելը 2000թ. հունիսի 26-ը:
1. Դիմողի փաստարկները
14. Մագադանի կալանավայրում կրած կալանքի առաջին հատվածի կապակցությամբ դիմողը պնդել է, որ պահվել է 17 քառակուսի մետր տարածքով մի մենախցում, որտեղ եղել է 8 փայտյա մահճակալ: Այնուամենայնիվ, գրեթե մշտապես այնտեղ եղել է 24 կալանավոր: Միայն երբեմն է այդ թիվը նվազել մինչև 18: Քանի որ յուրաքանչյուր մահճակալում քնում էր 3-ական տղամարդ, կալանավորները քնում էին հերթով: Մնացածները կամ պառկում էին կամ նստում էին հատակին կամ ստվարաթղթե արկղերին՝ սպասելով իրենց հերթին: Անհնարին էր բնականոն քնել, քանի որ հեռուստացույցն անընդմեջ միացած էր, և օրվա ընթացքում մեկուսարանում առաջանում էր մարդկանց զգալի կուտակում: Մեկուսարանի լույս ընդհանրապես չէր անջատվում:
15. Անկյունում տեղադրված զուգարանը քողարկված չէր: Այն զատված էր լվացարանից մի պատով, սակայն առանձնացված կացարանից և ճաշասեղանից: Զուգարանը գետնից բարձր էր կես մետր, մինչդեռ այն զատող պատն ուներ 1,1 մետր բարձրություն: Այդ իսկ պատճառով, զուգարանից օգտվողը տեսանելի էր ինչպես իր հետ նույն մենախցում մնացող կալանավորներին, այնպես էլ հսկիչին, որը դիտում էր կալանավորներին դռան վրա եղած դիտանցքի միջոցով:
Կալանավորներն ստիպված էին իրենց մենախցում ճաշել զուգարանից ընդամենը մեկ մետր հեռավորության վրա գտնվող սեղանի շուրջ: Կերակուրները խիստ ցածրորակ էին:
16. Օդափոխություն չունեցող մենախցում ամռանը հեղձուցիչ տոթ էր, իսկ ձմռանը՝ անչափ ցուրտ: Քանի որ մենախցում վատթար օդ էր, պատուհանը ստիպված անընդմեջ բաց էր պահվում: Շրջապատված լինելով մոլի ծխողներով, դիմողը դարձել էր պասիվ ծխող: Դիմողը բողոքում է, որ իրեն երբեք պատշաճ անկողին, ափսեներ կամ խոհանոցային սպասք չէին տրվել: Նա վարչակազմից ստացել էր միայն բամբակյա ներքնակ և բրդյա բարակ վերմակ և ստիպված էր կալանավորներից խնդրել վերջիններիս ազգականներից ստացված խոհանոցային սպասքը:
17. Կալանավայրի մենախցերը լի էին խավարատեսներով և մժեղներով, սակայն որևէ միջոց չէր ձեռնարկվում դրանց ոչնչացման համար: Միակ միջոցն այն էր, որ շաբաթը մեկ անգամ հսկիչները կալանավորներին տալիս էին մեկ լիտր վարակազերծող քլորիդ՝ զուգարանների համար:
18. Նա նշել էր մի շարք մաշկային հիվանդություններ և սնկային վարակներ, որոնց արդյունքում կորցրել էր իր ոտքի եղունգները և ձեռքի որոշ մատների եղունգները: 1996թ. նոյեմբերի 11-ից մինչև 1997թ. ապրիլի 23-ը և 1999թ. ապրիլի 15-ից մինչև 1999թ. օգոստոսի 3-ն անցկացված դատավարության ընթացքում հայտարարվել էր ընդմիջում, որպեսզի նա բուժվեր քոսից:
Վեց դեպքերում նրա մենախուց են բերվել տուբերկուլյոզով և սիֆիլիսով հիվանդ կալանավորներ, և նա ստացել էր կանխարգելիչ հակամանրէային ներարկումներ:
19. Դիմողը հայտարարել էր, որ ինքը կարող էր իր մենախցից դուրս զբոսնել օրական մեկ ժամ, և որ սովորաբար նա կարող էր տաք ցնցուղ ընդունել ամիսը երկու անգամ:
20. Վերջապես, դիմողը հայտարարել էր, որ 1999թ. դեկտեմբերի 9-ին իր՝ նույն հաստատություն վերադառնալուց հետո կալանավայրի պայմաններն ըստ էության չէին փոխվել: Նրան դարձյալ չէր տրվել պատշաճ անկողին, սրբիչ կամ խոհանոցային սպասք: Չէր իրականացվել մաշկային հիվանդության դեմ որևէ բուժում՝ պատշաճ դեղորայքի բացակայության պատճառով: Նրա մենախուցը դարձյալ լցված է եղել խավարատեսներով և 5 տարվա ընթացքում չէր իրականացվել վարակազերծիչ որևէ միջոցառում: Այնուամենայնիվ, 2000թ. մարտ-ապրիլ ամիսներին իր՝ 8 հոգու համար մենախցում կալանավորների թիվը հասել էր 11-ի:
2. Կառավարության փաստարկները
21. Կառավարությունը պնդել է, որ դիմողի մենախուցն ունեցել է 20.8 քառակուսի մետր տարածություն: Դիմողն ունեցել է առանձին մահճակալ, անկողին, խոհանոցային սպասք և առողջությունը պահպանելու միջոցներ: Մենախուցը նախատեսված է եղել 8 կալանավորի համար: Կապված տվյալ հաստատությանը բնորոշ ծանրաբեռնվածության հետ՝ յուրաքանչյուր մահճակալ օգտագործվել է 2 կամ 3 կալանավորի կողմից: Դիմողի մենախցում ցանկացած ժամանակ եղել է 11 կամ ավելի կալանավոր: Սովորաբար այդ թիվը հասել է մինչև 14-ի: Մահճակալներն օգտագործվել են հերթով՝ մի քանի կալանավորի կողմից, և յուրաքանչյուրն իր հերթափոխին քնել է ութ ժամ: Բոլոր կալանավորներն ունեցել են փափուկ ներքնակներ, բամբակյա վերմակներ և ծրարներ:
22. Դիմողի մենախցում եղել են սանիտարական պարագաներ, ներառյալ, զուգարանը և լվացարանը: Զուգարանը տեղադրված է եղել մենախցի անկյունում և բնակելի տարածքից զատված է եղել 1,1 մետր բարձրությամբ և անտեսանելիություն ապահովող պատով: Այսպիսի ստանդարտներ էր սահմանել «ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության՝ նախնական կալանքի հաստատությունների պլանավորման և կառուցման տնօրինությունը», որոնք հաստատվել էին 1971 թ. հունվարի 25-ին:
Կառավարությունը Դատարանին է ներկայացրել դիմողի մենախուցը պատկերող լուսանկարներ, որը թեթևակի վերանորոգվել էր կալանքի սկզբից: Կառավարությունը նաև ներկայացրել է դիմողի ազատ արձակվելուց հետո հաստատությունները և դրանց հիմնանորոգումը պատկերող տեսաժապավեն:
23. Մենախուցն ուներ մաքուր օդով և ցերեկային լույսով ապահովող պատուհաններ: Մենախուցը հնարավոր չէր ապահովել օդափոխիչ համակարգով: Շոգ եղանակին պատուհանը կարող էր բաց թողնվել: Կալանավորներին նաև հնարավորություն էր տրվում իրենց ազգականներից ստանալ փոքրածավալ տաքացուցիչներ:
24. Մենախցում կար դիմողին պատկանող հեռուստացույց, որն ինքն էր որոշում, երբ անջատել կամ միացնել: Ծրագրերը տարածաշրջանում ցուցադրվում էին միայն օրվա մի կեսին:
25. 1998թ. փետրվարի 11-ին դիմողի մենախցում մնացող կալանավորներից մեկը ախտորոշվել է սիֆիլիսով հիվանդ: Դիմողն անմիջապես տեղափոխվել էր առանձին մենախուց և ստացել լիարժեք բուժում: Մյուս կալանավորները, ներառյալ, դիմողը, որոնք մենախցում մնացել էին այդ անձի հետ, 1998թ. փետրվարի 26-ին ենթարկվել էին պատշաճ կանխարգելիչ բուժման և հսկողության՝ սիճուկային միջոցներով: Դա կատարվել էր համաձայն «ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության՝ նախնական կալանքի հաստատություններում և ուղղիչ աշխատանքային հիմնարկներում պահվող անձանց բուժսպասարկման վերաբերյալ սկզբունքների», որոնք հաստատվել էին 1989թ. նոյեմբերի 17-ին:
1999թ. հունիսին կալանավայրի շենքերից մեկը փակվել էր վերանորոգման նպատակով, և կալանավորները տեղափոխվել էին այլ մենախցերի ազատ մասերը: Դիմողի մենախուց տեղափոխված կալանավորներն այնտեղ մնացել էին մեկ շաբաթ, նրանցից ոմանք տառապում էին տուբերկուլյոզով: Այնուամենայնիվ, բուժանձնակազմի կարծիքով՝ վերջիններս որևէ վտանգ չեն ներկայացրել մյուս կալանավորների համար, քանի որ այդ անձինք ենթարկվում էին ամբուլատոր բուժման:
1999թ. հունիսի 2-ին մնացորդային տուբերկուլյոզով տառապող մի կալանավոր տեղափոխվել է դիմողի մենախուց: Նա երկու ամսվա ընթացքում ենթարկվել է կանխարգելիչ բուժման: Քանի որ նա չի տառապել բաց տեսակի տուբերկուլյոզով, մյուս կալանավորների վարակման որևէ վտանգ չի եղել:
Դիմողը բազմիցս ենթարկվել է ֆլյուրոգրաֆիկ հետազոտությունների, որոնք ցույց չեն տվել նրա կրծքավանդակի որևէ շեղում:
26. Դիմողը պարբերաբար ստուգվել է բուժանձնակազմի կողմից և օգնություն է ստացել մաշկաբանի, թերապևտի և ատամնաբույժի կողմից: Երբ դիմողը ախտորոշվել է տարբեր հիվանդություններով, նա ստացել է շտապ բուժօգնություն: Դատաքննության ընթացքում հայտարարվել է ընդմիջում դիմողին բուժօգնություն ցույց տալու նպատակով:
27. Դիմողը կարողացել է ցնցուղ ընդունել յոթ օրը մեկ և նրան թույլատրվել է զբոսնել իր մենախցից դուրս օրը երկու ժամ:
28. Վերջապես, Կառավարությունը հայտարարել է, որ վարակիչ հիվանդությունները կանխելու նպատակով կալանավորներին պահելու վայրերի վարչակազմերը ձեռնարկել են կանխարգելիչ վարակազերծիչ միջոցներ՝ ախտածին միկրոօրգանիզմների, կրծողների ի հայտ գալը կանխելու նպատակով՝ 1989թ.՝ վերոհիշյալ նախարարական սկզբունքներին համապատասխան: Այնուամենայնիվ, միջատների առումով կալանավայրերն ունեցել են խնդիրներ:
3. Բժշկական արձանագրությունները և մասնագետի հաշվետվությունը
29. Դիմողի բժշկական արձանագրությունների համաձայն՝ 1996 թ. դեկտեմբերին նա տառապել է քոսով, 1997թ. հուլիսին՝ ալերգիկ դերմատիտով, ոտքերի սնկային վարակով՝ 1999թ. հունիսին, ձեռքի մատի սնկային վարակով՝ 1999թ. օգոստոսին, սնկային հիվանդությամբ՝ 1999թ. սեպտեմբերին և ոտքի թաթերի, ձեռքերի և սեռական օրգանների սնկային վարակով՝ 1999թ. հոկտեմբերին: Արձանագրությունները նաև հավաստում էին, որ դիմողը ստացել է այս հիվանդություններին համապատասխան բուժօգնություն:
30. Բուժմասնագետների կողմից 1999թ. հուլիսին ներկայացված հաշվետվությունը հավաստում էր, որ դիմողը տառապում է նյարդացիրկուլյատոր դեստոնիայով, ասթենիկ-նյարդային սինդրոմով, քրոնիկ գաստրոդուոդենիտով, ոտքի թաթերի, ձեռքերի և սեռական օրգանների սնկային վարակով և սնկային հիվանդություններով:
B. Քրեական դատավարությունները և բողոքներն ընդդեմ նախնական կալանքի
31. 1995թ. փետրվարի 8-ին դիմողը կասկածվել է իր բանկի միջոցները վատնելու մեջ, և որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: Քրեական գործի համարն էր 48529:
32. 1995թ. փետրվարի 17-ին նրան պաշտոնապես առաջադրվել է մեկ այլ ընկերության 2,050,000 բաժնետոմս յուրացնելու մեղադրանք:
33. 1995 թ. հունիսի 29-ին դատախազի կողմից հաստատված՝ քննիչի որոշմամբ դիմողը կալանավորվել է՝ քրեական դատավարությունում ճշմարտությունը թաքցնելու հիմքով: Մասնավորապես, որոշման մեջ, վկայակոչելով կոնկրետ դեպքեր, նշված էր, որ դիմողը հրաժարվել է տրամադրել քննության համար անհրաժեշտ որոշ բանկային փաստաթղթեր, ցուցմունքներն ունեցել են որոշակի կեղծ ուղղվածություն և ներկայացրել է կեղծ փաստաթղթեր: Որոշման մեջ նաև հղում էր կատարվել դիմողին ներկայացված մեղադրանքի լրջությանը:
Արդյունքում դիմողի կալանքը իրավասու դատախազի կողմից երկարացվել էր անորոշ ժամկետով:
34. 1995թ. հուլիսի 4-ին, 1995թ. օգոստոսի 31-ին և 1995թ. սեպտեմբերի 26-ին դիմողի պաշտպանը Մագադան ի քաղաքային դատարանին ներկայացրել է դիմողին կալանքից ազատելու մասին միջնորդություններ, որոնք, համապատասխանաբար, 1995թ. հուլիսի 14-ին, 1995թ. սեպտեմբերի 9-ին, 1995թ. նոյեմբերի 4-ին մերժվել են:
35. Դիմողը պնդել է, որ 1995թ. օգոստոսից մինչև 1995թ. նոյեմբերը որևէ քննչական գործունեություն տեղի չի ունեցել, քանի որ գործի քննությամբ զբաղվող երկու քննիչները եղել են արձակուրդում, և անձը, որին ժամանակավորապես հանձնարարվել էր գործի քննությունը, որևէ գործունեություն չի ծավալել:
36. 1995թ. դեկտեմբերի 14-ին դիմողին մեղադրանք է առաջադրվել լրացուցիչ 8 կետերով՝ կապված իր բանկային միջոցների վատնման հետ:
37. 1996թ. փետրվարի 6-ին գործով նախնական քննությունն ավարտվել է և գործն ուղարկվել Մագադանի քաղաքային դատարան:
38. 1996թ. մարտի 1-ին դիմողը քաղաքային դատարանին ներկայացրել է կալանքից ազատելու մասին միջնորդություն, որը 1996 թ. մարտի 27-ին մերժվել է:
39. Նույն օրը քաղաքային դատարանը որոշել է գործը վերադարձնել Մագադանի տարածքային դատախազին՝ լրացուցիչ նախաքննության: Վերջինս դատարանի որոշման դեմ Մագադանի տարածքային դատարանին բողոք է ներկայացրել, որը 1996 թ. ապրիլի 29-ին մերժվել է:
40. 1996 թ. մայիսի 15-ի լրացուցիչ քննությունից հետո տարածքային դատախազը 1996թ. հունիսի 19-ին գործը փոխանցել է քաղաքային դատարանին:
41. Այդ ընթացքում` 1996թ. մայիսի 16-ին դիմողը քաղաքային դատարանին ներկայացրել Է կալանքից ազատելու մասին միջնորդություն, որում նա հայտնել է, որ ինքը պահվում է վատ պայմաններում, և որ իր առողջական վիճակը վատթարացել է: 1996թ. մայիսի 26-ին նրա միջնորդությունը մերժվել է:
1996թ. հունիսի 23-ին դիմողը ներկայացրել է իրեն ազատ արձակելու մասին մեկ այլ միջնորդություն:
42. 1996թ. նոյեմբերի 11-ին քաղաքային դատարանը սկսել է դիմողի գործով քննությունը: Նույն օրն այն մերժել է դիմողի՝ իրեն ազատ արձակելու մասին 1996թ. հունիսի 23-ին ներկայացրած միջնորդությունը:
43. 1996թ. դեկտեմբերի 27-ի դատաքննության ժամանակ դիմողը քաղաքային դատարանին ներկայացրել է իրեն կալանքից ազատելու մասին միջնորդություն՝ բժշկական հիմնավորումներով: Նա հայտարարել է, որ իր՝ 8 մահճակալ տեղադրված մենախցում մնում է 21 կալանավոր, մենախուցը, որտեղ բոլորը ծխում են, չի օդափոխվում, հեռուստացույցը մշտապես միացված է և ինքը վարակվել է քոսով: Հիվանդության առկայության բժշկական հաստատումն ստանալուց հետո քաղաքային դատարանը գործի քննությունը հետաձգել է մինչև 1997թ. հունվարի 14-ը: Այն մերժել է դիմողին կալանքից ազատելու միջնորդությունը՝ դիմողին ներկայացված մեղադրանքի լրջության և ազատության մեջ եղած ժամանակ ճշմարտության բացահայտմանը նրա խոչընդոտելու վտանգի հիման վրա:
44. Քաղաքային դատարանի կողմից դիմողի գործի քննությունը տևել է մինչև 1997թ. ապրիլի 23-ը:
1997թ. մայիսի 7-ին գործի քննությունը հետաձգվել է՝ գործի քննությունն անցկացնող դատավորին, դիմողի գործի հետ չկապված, անպատշաճ վարքագիծ դրսևորելու համար պարտականությունների կատարումից ազատելու պատճառով:
45. 1997թ. հունիսի 15-ին դիմողը ներկայացրել է ազատ արձակելու մասին ևս մեկ միջնորդություն՝ վկայակոչելով վատ պայմանները, որոնցում գտնվում էր:
46. 1997թ. հուլիսին դիմողի գործը հանձնարարվել է մեկ այլ դատավորի, որը գործի քննությունը նշանակել էր 1997թ. օգոստոսի 8-ին: Այդ օրը գործի քննությունը հետաձգվել էր՝ առողջական վիճակի պատճառաբանությամբ պաշտպանի բացակայության հետևանքով: Դիմողի՝ իրեն ազատ արձակելու մասին միջնորդությունը մերժվել է՝ նրան ներկայացված մեղադրանքի լրջության և քրեական գործով ճշմարտության բացահայտմանը խոչընդոտելու վտանգի հիման վրա:
Դիմողի՝ իրեն կալանքից ազատելու մասին 1997թ. սեպտեմբերի 21-ի միջնորդությունը մերժվել է 1997թ. հոկտեմբերի 21-ին:
47. 1997թ. հոկտեմբերի 22-ին դիմողն իր գործի կապակցությամբ բողոք է ներկայացրել Մագադանի տարածաշրջանային դատարանին՝ խնդրելով այն հանձնել քաղաքային դատարանից տարածքային դատարանին: Նա նաև բողոք է ներկայացրել Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանին, որն այն հասցեագրել է Մագադանի տարածքային դատարանի քննությանը: 1997թ. հոկտեմբերի 31-ի և 1997թ. նոյեմբերի 25-ի նամակներով տարածքային դատարանը հայտնել է դիմողին, որ ընդդատության փոփոխման որևէ պատճառ չկա, և առաջարկել է նրան քաղաքային դատարանին դիմել իր գործի հետ կապված ցանկացած հարցով: Այն նաև խնդրել է քաղաքային դատարանին միջոցներ ձեռնարկել դիմողի գործի քննության ուղղությամբ:
48. 1997թ. նոյեմբերի 21-ին նա բողոքներ է ներկայացրել տարբեր մարմինների, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության Նախագահի աշխատակազմին, Մագադանի քաղաքային դատարանին, Ռուսաստանի Դաշնության Դատավորների Բարձրագույն որակավորման կոլեգիային՝ մի մարմնի, որն զբաղվում է դատավորներին պատասխանատվության ենթարկելու հարցերով, դիմել է նաև Գլխավոր դատախազին: Իր բողոքներում նա նշել է, inter alia , որ իրեն պահում են զարհուրելի պայմաններում՝ առանց իր մեղադրանքների կապակցությամբ որևէ որոշման, ինքը ձեռք է բերել մի շարք մաշկային հիվանդություններ, կորցրել է ոտքի եղունգները, նաև որ ինքը գանգատվում է սրտի վիճակից:
49. 1998թ. փետրվարի 5-ի նամակով Մագադանի քաղաքային դատարանը դիմողին հայտնել է, որ դատարանը գործի քննությունը կավարտի մինչև 1998 թ. հուլիսի 1-ը՝ հիմնվելով դրա բարդության և դատավորների ծանրաբեռնվածության վրա:
50. 1998թ. փետրվարի 11-ին Մագադանի տարածքային դատարանը քաղաքային դատարանին է հանձնել դիմողի 11 բողոքները, որոնք ստացել է Գլխավոր դատախազից, Գերագույն դատարանից և այլ մարմիններից:
51. 1998թ. փետրվարի 23-ին դիմողը հացադուլ է հայտարարել՝ իշխանությունների ուշադրությունն իր՝ չափազանց երկարատև կալանավորման և դատական քննությունների բացակայության վրա հրավիրելու ակնկալիքով, ինչը շարունակել է մինչև 1998թ. մարտի 17-ը:
52. 1998թ. մարտի 1-ին իր գործի կապակցությամբ բողոք է ներկայացրել Ռուսաստանի Նախագահի աշխատակազմին և Պետական դումայի խորհրդարանական կոմիտեին՝ հայցելով նրանց աջակցությունը՝ իր գործը Մագադանի տարածքային դատարանին հանձնելու կապակցությամբ:
53. 1998թ. մարտի 3-ին Մագադանի տարածաշրջանի արդարադատության բաժանմունքն ի պատասխան դիմողի՝ Ռուսաստանի արդարադատության նախարարությանն ուղղված բողոքի, հայտարարել է, որ դատարանը կկարողանա զբաղվել նրա գործով 1998 թ. երկրորդ կեսին:
54. Այդ ընթացքում դիմողը գանգատ է ներկայացրել Ռուսաստանի Դաշնության Սահմանադրական դատարան՝ դատական քննություն սկսելու համար նախատեսված վերջնաժամկետներին վերաբերող՝ Քրեական դատավարության օրենսգրքի 223-1 և 239 հոդվածների դրույթների սահմանադրականությունն ստուգելու խնդրանքով: 1998թ. մարտի 10-ի նամակով Սահմանադրական դատարանը հայտնել է դիմողին՝ քանի որ վիճարկվող դրույթները չեն նախատեսում կալանքի տևողության հետ կապված որևէ վերջնաժամկետ, քանի դեռ գործը քննվում է դատարանների կողմից, հետևաբար նրա գանգատը չի կարող քննության առնվել:
55. Դիմողը նաև բողոք է ներկայացրել Ռուսաստանի Դաշնության Դատավորների բարձրագույն որակավորման կոլեգիային՝ իր գործի կապակցությամբ որոշման ընդունումը հետաձգելու կապակցությամբ, որն էլ իր՝ 1998 թ. մարտի 30-ի նամակով խնդրել է Մագադանի տարածքային դատարանին քննության առնել տվյալ հարցը:
56. 1998 թ. ապրիլի 2-ին դիմողը բողոք է ներկայացրել Գերագույն դատարանին՝ իր գործի քննության օրը հետաձգելու կապակցությամբ, որում նա նաև վկայակոչել է կալանավորման վատթար պայմանները: Իր բողոքի պատճեններն ուղարկվել են այլ մարմինների: Հասցեատեր մարմինների կողմից նրա բողոքները ուղարկվել են Մագադանի քաղաքային դատարան՝ քննության համար:
57. 1998 թ. ապրիլի 13-ին Մագադանի տարածքային դատարանը տեղեկացրել է դիմողին, որ քաղաքային դատարանին խնդրել է միջոցներ ձեռնարկել իր գործի լուծման համար: Այն նաև հայտնել է, որ գործը պետք է քննվի քաղաքային դատարանի կողմից, իսկ տարածքային դատարանը կարող է գործել միայն որպես վերաքննիչ դատարան:
58. 1998 թ. մայիսի 25-ին դիմողը միջնորդություն է ներկայացրել քաղաքային դատարանին՝ խնդրելով իր գործը հանձնել տարածքային դատարանին:
Տարածքային դատարանի նախագահի՝ 1998 թ. մայիսի 28-ի որոշմամբ դիմողի գործը հանձնվել է Խասինյան շրջանային դատարան՝ քննությունն արագացնելու նպատակով:
59. 1998թ. հունիսի 11-ին դիմողը բողոք է ներկայացրել դատաքննությունը սկսելը հետաձգելու կապակցությամբ՝ Ռուսաստանի Դաշնության Դատավորների բարձրագույն որակավորման կոլեգիային:
60. 1998թ. հունիսի 16-ին դիմողը Խասինյան շրջանային դատարանին ներկայացրել է իրեն կալանքից ազատելու մասին միջնորդություն, որում նա հայտնել է, որ իր առողջական վիճակը վատթարացել է՝ կալանավայրի իր մենախցի մարդաշատության և վատ պայմանների պատճառով:
Նույն օրը նա դիմում է ուղարկել Խասինյան շրջանային դատարանին՝ խնդրելով իր գործը հանձնել Մագադանի տարածքային դատարանին: Նա նշել է, որ Խասինյան շրջանային դատարանին իր գործի հանձնումն անօրինական է եղել, և որ Մագադանից դրա հեռավորությունը կխոչընդոտի իր գործի օբյեկտիվ և արդարացի քննությանը:
61. 1998թ. հուլիսի 1-ին դիմողը բողոքել է տարածքային դատարանին, որ Խասինյան շրջանային դատարանը դեռ չի նշանակել դատաքննության օրը, և խնդրել է արագացնել քննությունը:
62. 1998թ. հուլիսի 3-ին գործը վերադարձվել է Մագադանի քաղաքային դատարան, քանի որ դիմողն իր անհամաձայնությունն է արտահայտել իր գործի քննությունը Խասինյան շրջանային դատարանին հանձնելու կապակցությամբ:
63. 1998թ. հուլիսի 8-ին դիմողը նամակ է ստացել տարածքային դատարանից, որում ասվել էր, որ հիմքեր չկան, որպեսզի այն գործի որպես առաջին ատյանի դատարան կամ ստանձնի գործի ընդդատությունը:
Հաջորդ օրը դիմողը միջնորդել է քաղաքային դատարանին ազատ արձակել իրեն՝ վկայակոչելով կալանքի վատ պայմանները:
64. 1998թ. հուլիսի 31-ին դիմողը բողոք է ներկայացրել Ռուսաստանի Դաշնության Դատավորների բարձրագույն որակավորման կոլեգիային՝ իր գործի քննության կապակցությամբ քաղաքային դատարանի դրսևորած երկարատև անգործության վերաբերյալ: 1998թ. օգոստոսի 19-ին նրա բողոքը հանձնվել է Մագադանի տարածքային դատարանին՝ ինչպես բողոքի, այնպես էլ քաղաքային դատարանի կատարած աշխատանքի վերաբերյալ տեղեկություն տրամադրելու խնդրանքով: 1998թ. օգոստոսի 27-ին տարածքային դատարանը դիմողի բողոքը հանձնել է քաղաքային դատարանին:
Դիմողը դատական լսումները հետաձգելու մասին բողոք է ներկայացրել նաև Մագադանի տարածքային դատարանին, որը 1998թ. օգոստոսի 11-ին բողոքը հանձնել է քաղաքային դատարանին:
65. 1998թ. սեպտեմբերի 7-ին դիմողը մեկ այլ բողոք է ներկայացրել Ռուսաստանի Դաշնության Դատավորների բարձրագույն որակավորման կոլեգիային՝ հայտնելով, որ իր բոլոր նախորդ բողոքները Մագադանի տարածքային դատարանի կողմից ուղարկվել են քաղաքային դատարանին՝ առանց որևէ միջոց ձեռնարկելու: 1998 թ. սեպտեմբերի 23-ին դիմողի բողոքն ուղարկվել է Մագադանի տարածքային դատարանին՝ դիմողի գործի քննությունը երկարատև հետաձգելու կապակցությամբ տեղեկություն տրամադրելու խնդրանքի մասին հիշեցումով: 1998 թ. սեպտեմբերի 7-ին դիմողն իր գործի քննությունը հետաձգելու մասին բողոք է ներկայացրել նաև Գերագույն դատարան:
1998թ. հոկտեմբերի 5-ին դիմողը հերթական բողոք է ներկայացրել նաև դատավորների բարձրագույն որակավորման տարածքային կոլեգիային:
66. 1998թ. նոյեմբերի 13-ին քաղաքային դատարանը գործի դատաքննությունը նշանակել է 1999 թ. հունվարի 28-ին:
67. 1998թ. նոյեմբերի 25-ին դիմողը բողոք է ներկայացրել ՌԴ Դատավորների բարձրագույն որակավորման կոլեգիային՝ Մագադանի քաղաքային դատարանի նախագահի գործողության առնչությամբ, խնդրելով քրեական գործ հարուցել նրա դեմ: 1998թ. դեկտեմբերի 22-ին բողոքը հանձնվել է Մագադանի տարածքային դատարանի նախագահի քննությանը՝ իրավասու որակավորման կոլեգիային հաշվետվություն ներկայացնելու խնդրանքով՝ այն դեպքում, եթե դիմողի հայտարարությունները հաստատվեն:
1998թ. դեկտեմբերի 16-ին Մագադանի տարածքային դատարանը դիմողի մեկ այլ բողոք ուղարկել է քաղաքային դատարանին:
68. 1999թ. հունվարի 18-ին դիմողը միջնորդություն է ներկայացրել քաղաքային դատարանին՝ իրեն կալանքից ազատելու մասին:
69. 1999թ. հունվարի 28-ին Մագադանի քաղաքային դատարանը որոշել է դիմողի գործը վերադարձնել դատախազին՝ լրացուցիչ քննության՝ քննչական մարմինների կողմից դատավարական նորմերի խախտման պատճառով: Այս խախտումների էությունը կայանում էր նախաքննությունն ավարտվելիս մեղադրյալին գործի նյութերի հետ ոչ լրիվ ծանոթացնելու, ինչպես նաև գործի փաստաթղթերի ոչ ճշգրիտ արձանագրման խնդրում: Դատարանը մերժել է դիմողի՝ կալանքից ազատելու միջնորդությունը, նկատի ունենալով դիմողի դեմ առկա մեղադրանքների ծանրությունը և ազատության մեջ գտնվելու ժամանակ ճշմարտության բացահայտմանը նրա խոչընդոտելու վտանգը: Դիմողը բողոքարկել է այս մերժումը Մագադանի տարածքային դատարանում, որը 1999թ. մարտի 15-ին մերժել է այն: Այնուամենայնիվ, տարածքային դատարանը վերացրել է գործը քննչական մարմիններին վերադարձնելու որոշումը՝ որպես անհիմն, և հանձնարարել է քաղաքային դատարանին իրականացնել գործի քննությունը: Նույն օրն ընդունված մեկ այլ առանձին որոշման մեջ նա երկարատև ձգձգումը համարել է անհիմն՝ նկատի ունենալով այն փաստը, որ գործն առանձնակի բարդություն չի ներկայացնում, և խնդրել է քաղաքային դատարանին մեկ ամսվա ընթացքում տեղեկացնել իրեն ձեռնարկված միջոցների մասին:
70. 1999թ. մարտի 17-ին դիմողը քաղաքային դատարանին է ներկայացրել մեկ այլ միջնորդություն՝ իրեն կալանքից ազատելու վերաբերյալ:
Նույն օրը նա բողոք է ներկայացրել ՌԴ Դատավորների բարձրագույն որակավորման կոլեգիային՝ առանց դատավճռի իր երկարատև կալանավորման մասին: Հինգ օր անց դիմողը նույնաբնույթ բողոք է ներկայացրել դատավորների Գերագույն որակավորման տարածքային կոլեգիային:
1999թ. ապրիլի 5-ին դիմողը մեկ այլ բողոք է ներկայացրել ՌԴ Դատավորների բարձրագույն որակավորման կոլեգիային՝ քննության տևական ձգձգման մասին:
71. 1999թ. ապրիլի 15-ին քաղաքային դատարանը վերսկսել է դիմողի գործով քննությունը:
1999թ. ապրիլի 20-ի նիստում դատախազը միջնորդություն է ներկայացրել առ այն, որ հաշվի առնելով դիմողի կալանքի երկարատևությունը, անցկացվի դիմողի հոգեբուժական հետազոտություն՝ նրա հոգեկան վիճակը պարզելու նպատակով: Քաղաքային դատարանը բավարարել է այդ միջնորդությունը և գործի քննությունն ընդմիջել մինչև 1999թ. ապրիլի 30-ը:
72. 1999թ. ապրիլի 30-ի նիստում դիմողը միջնորդություն է հարուցել իրեն կալանքից ազատելու մասին. միջնորդությունը մերժվել է: Նա հայտարարել է, որ տառապում է քնի անբավարարությունից: Իր մենախցում մնում է 18 կալանավոր, որոնք ստիպված են քնել հերթով: Այնուհետև նա բողոքել է, որ չէր կարող խոչընդոտել գործով ճշմարտության բացահայտմանը, քանի որ արդեն ձեռնարկվել են բոլոր քննչական միջոցները:
Դատաքննությանը մասնակցող դատախազը միջնորդել է քաղաքային դատարանին՝ խնդրել կալանավայրի վարչակազմին դիմողի համար ապահովել քնելու և հանգստի բնականոն պայմաններ դատական քննության ամբողջ ընթացքում: Այնուհետև դատախազը հայտարարել է, որ նմանատիպ խնդրանք է ներկայացնելու կալանավայրերը վերահսկող դատախազին:
Դիմողը նշել է, որ իրավասու դատախազն այցելել է իր մենախուց, անտեղյակ լինելով պայմանների վատթար լինելուն, սակայն հայտարարել է, որ այլ մենախցերում վիճակն ավելի բարվոք չէ, և որ չկա համապատասխան գումար պայմանները բարելավելու համար:
73. 1999թ. հունիսի 8-ի նիստում դիմողը միջնորդություն է հարուցել իրեն ազատ արձակելու մասին: Նա հայտարարել է, որ իր՝ 18 կալանավորներով բնակեցված մենախցում նա չի կարող պատշաճ կերպով պատրաստվել դատարանում ցուցմունք տալուն: Ապա նա հայտարարել է, որ երկու անգամ վարակվել է քոսով, և որ իր անկողինը չի փոխվել: Դիմողի միջնորդությունը մերժվել է:
74. 1999թ. հունիսի 16-ի նիստում դիմողը հարուցել է մեկ այլ միջնորդություն իրեն ազատ արձակելու կապակցությամբ՝ վկայակոչելով կալանավորման պայմանները: Նա հայտարարել է, որ տառապում է սնկային վարակով, և որ իր մարմինը պատվել է իր մահճակալի թերությունների պատճառով առաջացած վերքերով: Ինքը կիսել է իր մահճակալը երկու այլ կալանավորների հետ: Կալանավորները կարող են ցնցուղ ընդունել երկու շաբաթը մեկ անգամ: Մենախցում մթնոլորտը հեղձուցիչ է, քանի որ բոլորը ծխում են: Ինքն իրեն վատ է զգում, տառապում է սրտի հիվանդությամբ: Քաշը 96 կգ-ից իջել է մինչև 67 կգ: Ապա նա հայտարարել է, որ ազատ արձակվելու դեպքում չի կարող խոչընդոտել իր գործի քննությանը:
Քաղաքային դատարանը որոշել է չքննարկել միջնորդությունը, քանի որ այն ակնհայտորեն արվել է դատալսման համատեքստից դուրս:
75. 1999թ. հունիսի 22-ին ՌԴ Դատավորների բարձրագույն որակավորման կոլեգիան գործի քննությունից հեռացրել է Մագադանի քաղաքային դատարանի նախագահին, ինչպես նաև տարածքային դատարանի նախագահին և նրա երկու օգնականներին՝ դիմողի գործի քննությունը ձգձգելու պատճառով:
76. Քաղաքային դատարանում 1999 թ. հունիսի 23-ին տեղի ունեցած նիստում դիմողը հայտարարել է, որ վատ է զգում և չի կարող մասնակցել նիստին: Դատարանը փորձագետների հանձնաժողովին հանձնարարել է անցկացնել դիմողի բժշկական հետազոտում՝ նպատակ ունենալով պարզել՝ արդյոք դիմողի առողջական վիճակը թույլ է տալիս մասնակցել նիստերին և արդյոք կարիք կա նրան հիվանդանոց տեղափոխել:
1999 թ. հուլիսին՝ չնշված օրը, փորձագետները գտել են, որ դիմողը տառապում է մի շարք հիվանդություններով (տես վերը՝ կետ 30): Նրանք եզրակացրել են, որ այդ հիվանդությունների բուժումը չի պահանջում հիվանդանոցային պայմաններ, և դիմողը կարող է մնալ կալանավայրում: Նրանք նաև եզրակացրել են, որ դիմողի վիճակը թույլ է տալիս նրան մասնակցել նիստերին և ցուցմունք տալ:
77. 1999թ. հուլիսի 15-ի նիստում դիմողը միջնորդություն է ներկայացրել դատարանին՝ իրեն կալանքից ազատելու մասին: Նա նշել է, որ դատարանը գրեթե ավարտել է ապացույցների հետազոտումը, և որ ինքը չի կարող խոչընդոտել ճշմարտության բացահայտմանը: Նրա միջնորդությունը մերժվել է:
78. Նույն օրն ընդունված մեկ այլ որոշման մեջ քաղաքային դատարանը նշել է, որ 1999թ. ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում ուսումնասիրել է դիմողի առավել քան 30 դիմումներ, ներառյալ կրկնվող դիմումները՝ ավելի վաղ մերժված միջնորդությունների մասին: Դատարանը նշել է, որ դիմողը հայտարարել է, որ ցուցմունք կտա միայն այն դեպքում, եթե բավարարվեն իր միջնորդությունները, և հանգել է այն եզրակացության, որ նման քայլերը նպատակ են հետապնդում հետաձգելու դատաքննությունը:
79. Քաղաքային դատարանը լսել է դատակոչված 29 վկաներից 9-ին: 12 բացակա վկաների ցուցմունքները, որոնք ստացվել էին մինչդատական քննության ընթացքում, ընթերցվել են դռնբաց նիստում:
80. 1999թ. օգոստոսի 3-ին կայացրած դատավճռով քաղաքային դատարանը դիմողին մեղավոր է ճանաչել մեկ կետով և արդարացրել՝ մեղադրական եզրակացությունում ներառված երկու կետով, որոնք ներառում էին 9 առանձին մեղադրանք: Դատարանը նշանակել է հինգ տարի և վեց ամիս ազատազրկում ընդհանուր ռեժիմի ուղղիչ գաղութում, որն սկսվել է 1995թ. հունիսի 29-ից: Քաղաքային դատարանը նշել է, որ նախաքննությունը եղել է ոչ լիարժեք, և որ քննիչներն անարդարացիորեն փորձել են ավելացնել մեղադրական եզրակացության կետերի թիվը: Դատարանը նաև գտել է, որ տեղի է ունեցել դատավարական նորմերի խախտում, որոնք բաղկացած են, inter alia, դատարանին համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու պատշաճ կարգի խախտումներից: Այս թերություններն ստիպված շտկվել են դատական քննության ընթացքում, որի արդյունքում գործի քննությունը ձգձգվել է: Դատարանը նշել է, որ քննության ընթացքում թերացել են քննությունն իրականացնող անձանց և Մագադանի տարածաշրջանային դատախազության նկատմամբ հսկողություն իրականացնելու հարցում:
Նույն օրն ընդունված առանձին որոշմամբ քաղաքային դատարանը վճռել է մեղադրական եզրակացության մի մասը վերադարձնել դատախազին՝ լրացուցիչ քննություն իրականացնելու նպատակով: Դիմողն այդ որոշումը բողոքարկել է Գերագույն դատարան, որը 1999թ. օգոստոսի 30-ին որոշումը ճանաչել է օրինական:
81. Քաղաքային դատարանի՝ 1999թ. օգոստոսի 3-ի դատավճիռը ենթակա էր բողոքարկման տարածքային դատարանում՝ դրա հրապարակումից հետո 7 օրվա ընթացքում: Դիմողը չի բողոքարկել այն, քանի որ նա գտել է, որ տարածքային դատարանը նպաստել է իր դատապարտմանը, և ուստի բողոքը հաջողության որևէ հեռանկար չի կարող ունենալ: 1999թ. օգոստոսի 11-ին քաղաքային դատարանի դատավճիռը մտել է ուժի մեջ:
82. 1999թ. օգոստոսի 11-ին դիմողը դիմել է կալանավայրի տնօրենին՝ խնդրելով իրեն տեղափոխել նույն հաստատությունում գտնվող նյութատեխնիկական ծառայությունների բրիգադ՝ իր պատիժն այնտեղ կրելու համար:
83. 1999թ. հոկտեմբերի 25-ին դիմողը բողոք է ներկայացրել Ռուսաստանի Գերագույն դատարանի նախագահին՝ քաղաքային դատարանի դատավճիռը վերանայելու նպատակով: 1999 թ. նոյեմբերի 11-ին բողոքը մերժվել է:
1999 թ. նոյեմբերի 30-ին դիմողը Գերագույն դատարանին ներկայացրել է ևս մեկ բողոք, որը մերժվել է 2000 թ. հունիսի 9-ին:
84. 1999 թ. սեպտեմբերի 24-ին շարունակվող քրեական վարույթում նախնական կալանքը փոխարինվել է չհեռանալու մասին ստորագրությամբ: Այնուամենայնիվ, դիմողը մնացել է կալանքի տակ՝ կրելով իր պատիժը:
85. 1999 թ. սեպտեմբերի 29-ին մնացած մեղադրանքների առնչությամբ գործի քննությունը կարճվել է՝ դիմողի գործողություններում հանցակազմի բացակայության հիմքով:
Այնուամենայնիվ, 1999թ. սեպտեմբերի 30-ին դիմողին առաջադրվել է նոր մեղադրանք՝ կապված, որպես բանկի նախագահ, իր տիրապետության տակ եղած սեփականության յուրացման հետ:
86. 1999թ. հոկտեմբերի 19-ին, ավարտելով նախաքննությունը, իրավասու դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել Մագադանի քաղաքային դատարան: Եզրակացությունում, որը կրում էր գործ թիվ 48529, նշվել է, որ տվյալ գործով վարույթը հարուցվել է 1995թ. փետրվարի 8-ին: Դատական քննությունն սկսվել է 1999թ. դեկտեմբերի 20-ին: 2000 թ. մարտի 31-ի դատավճռով քաղաքային դատարանը դիմողին արդարացրել է նոր մեղադրանքի կապակցությամբ:
87. 2000թ. հունիսի 26-ին դիմողն ազատվել է բանտից 2000թ. մայիսի 26-ին հայտարարված համաներման հիման վրա:
II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ
88. A. Ռուսաստանի Դաշնության Սահմանադրություն
Մաս 2, կետ 6(2)
«Մինչև Ռուսաստանի Դաշնության քրեադատավարական օրենսդրության համապատասխանեցումը Սահմանադրության տվյալ դրույթներին, գործում է հանցանքի կատարման մեջ կասկածվող անձի ձերբակալման, կալանավորման և կալանքի տակ պահելու նախկին ընթացակարգը»:
89. B. Քրեական դատավարության օրենսգիրք
Հոդված 11(1). Անձնական անձեռնմխելիություն
«Ոչ ոք չի կարող ձերբակալվել այլ կերպ, քան դատական որոշման կամ դատախազի կարգադրության հիման վրա»:
Հոդված 89(1). Խափանման միջոցների կիրառումը
«Երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ կասկածյալը կարող է խուսափել հետաքննությունից, նախաքննությունից կամ դատից կամ կխոչընդոտի քրեական գործով ճշմարտության բացահայտմանը կամ կիրականացնի հանցավոր գործունեություն, ինչպես նաև դատավճռի կատարումն ապահովելու նպատակով հետաքննությունն իրականացնող անձը, քննիչը, դատախազը, դատարանը կարող են կասկածյալի նկատմամբ կիրառել հետևյալ խափանման միջոցներից մեկը. ստորագրություն՝ չհեռանալու մասին, անձնական երաշխավորում կամ հասարակական կազմակերպության երաշխավորում, կալանավորում»:
Հոդված 92. Խափանման միջոց կիրառելու մասին կարգադրությունը կամ որոշումը
«Հետաքննություն իրականացնող անձը, քննիչը կամ դատախազը խափանման միջոց կիրառելու մասին պետք է ընդունեն պատճառաբանված կարգադրություն, իսկ դատարանը՝ պատճառաբանված որոշում, որում նկարագրվում են քրեական հանցագործությունը, որի կատարման մեջ կասկածվում է անձը, ինչպես նաև՝ կիրառված խափանման միջոցն ընտրելու հիմքերը: Կարգադրությունը կամ որոշումը պետք է ներկայացվի շահագրգիռ անձին, որին միևնույն ժամանակ պետք է պարզաբանվի խափանման միջոցի կիրառումը բողոքարկելու ընթացակարգը:
Խափանման միջոցի կիրառման մասին կարգադրության կամ որոշման պատճենը պետք է անմիջապես հանձնվի այն անձին, որի նկատմամբ այն կայացվել է»:
Հոդված 96. Կալանք
«Կալանքը, որպես խափանման միջոց, պետք է կիրառվի սույն օրենքի 11-րդ հոդվածին համապատասխան, այն հանցագործություններով, որոնց համար օրենքը նախատեսում է պատժամիջոց ազատազրկման ձևով՝ մեկ տարուց ավելի ժամկետով: Բացառիկ դեպքերում այս խափանման միջոցը կարող է կիրառվել այնպիսի քրեական գործերով, որոնց համար օրենքով նախատեսված է ազատազրկում մեկ տարուց պակաս ժամկետով»:
Հոդված 97. Կալանքի տակ պահելու ժամկետները
«Քրեական գործերով հանցագործությունների քննության ընթացքում կալանքի տակ պահելու ժամկետը չի կարող 2 ամսից ավելի լինել: Այս ժամկետը կարող է երկարացվել մինչև երեք ամիս՝ տարածքային կամ մունիցիպալ դատախազի կողմից…եթե անհնարին է ավարտել քննությունը, և հիմքեր չկան խափանման միջոցը փոխարինելու համար: Հաջորդ երկարացումը՝ մինչև 6 ամիս ժամկետով, սկսած կալանքի տակ գտնվելու օրվանից, կարող է իրականացվել միայն հատկապես բարդ գործերով Ռուսաստանի Դաշնության վարչատարածքային միավորի դատախազի կողմից:
Այսպիսի կալանավորման ժամկետի՝ վեց ամսից ավելի ժամկետով երկարացումը կարող է հնարավոր լինել բացառիկ դեպքերում և միայն ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություններ կատարած անձանց նկատմամբ: Այսպիսի երկարացումը պետք է իրականացվի Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազի տեղակալի կողմից (մինչև մեկ տարի ժամկետով) և Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազի կողմից (մինչև 18 ամիս ժամկետով):
Չի թույլատրվում որևէ այլ երկարացում, և կալանքի տակ գտնվող մեղադրյալը պետք է անմիջապես ազատ արձակվի:
Քրեական գործով ավարտված քննության նյութերը պետք է մեղադրյալին և նրա պաշտպանին ծանոթացնելու համար ներկայացվեն ոչ ուշ, քան կալանքի տակ գտնվելու առավելագույն ժամկետի լրանալը, ինչպես նախատեսված է սույն հոդվածի երկրորդ կետում: Այն դեպքում, երբ մեղադրյալն ի վիճակի չէ նյութերին ծանոթանալ մինչև կալանքի տակ գտնվելու առավելագույն ժամկետն անցնելը, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազը (կամ), Ռուսաստանի Դաշնության վարչատարածքային միավորի դատախազը կարող են ոչ ուշ ,քան կալանքի տակ գտնվելու առավել ժամկետի ավարտից հինգ օր առաջ դիմել շրջանի կամ երկրամասի կամ համապատասխան դատարանի դատավորին ժամկետը երկարացնելու միջնորդությամբ:
Ոչ ուշ, քան միջնորդությունն ստանալու օրվանից հինգ օրվա ընթացքում դատավորը պետք է կայացնի հետևյալ որոշումներից մեկը.
1. Երկարացնել կալանքի տակ գտնվելու ժամկետը՝ մինչև որ մեղադրյալը և նրա պաշտպանը կծանոթանան գործի նյութերին, և գործը դատախազի կողմից կփոխանցվի դատարան, բայց,այդուհանդերձ, ոչ ավելի , քանի վեց ամսով:
2. Մերժել դատախազի միջնորդությունը և համապատասխան անձին ազատել կալանքից:
Միևնույն ընթացակարգով կալանքի տակ պահելու ժամկետը կարող է երկարացվել մեղադրյալի կամ նրա պաշտպանի՝ գործը լրացուցիչ նախաքննության վերադարձնելու մասին միջնորդությունը բավարարելու անհրաժեշտության դեպքում:
Եթե դատարանը գործը վերադարձնում է լրացուցիչ քննության, երբ լրացել է մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը, իսկ գործի հանգամանքներով խափանման միջոց կալանքը փոխարինվել չի կարող, կալանքի տակ պահելու ժամկետը պետք է երկարացվի քննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից՝ գործը նրան հասնելու օրվանից մինչև մեկ ամիս ժամկետով: Այդ ժամկետի հետագա երկարացումն իրականացնելիս պետք է հաշվի առնվի կալանքի տակ դիմողի գտնվելու ժամանակը՝ մինչև գործը դատարանին հանձնվելը և պետք է կատարվի հոդվածի առաջին և երկրորդ կետերով նախատեսված ձևով ու սահմաններում:
Սույն հոդվածին համապատասխան կալանքի տակ գտնվելու ժամկետի երկարացումը ենթակա է բողոքարկման, և երկարացման օրինականությունն ու հիմնավորվածությունը ենթակա են դատական վերահսկողության՝ սույն օրենսգրքի 2201 և 2202 համապատասխան հոդվածներով նախատեսված ընթացակարգին:
Հոդված 101. Խափանման միջոցի դադարեցում կամ փոփոխում
«Խափանման միջոցը պետք է դադարեցվի, եթե դրա անհրաժեշտությունն այլևս չկա կամ պետք է փոխարինվի ավելի խստով կամ մեղմով, եթե այդպես են պահանջում գործի հանգամանքները: Խափանման միջոցի դադարեցումը կամ փոփոխումը պետք է կատարվի հետաքննության մարմնի, քննիչի կամ դատախազի պատճառաբանված կարգադրությամբ կամ գործը դատարանին հանձնվելուց հետո՝ դատարանի պատճառաբանված որոշմամբ:
Դատախազի ցուցումով ընտրված խափանման միջոցի՝ հետաքննութան մարմնի կամ քննիչի կողմից դադարեցումը կամ փոփոխումը պետք է կատարվի միայն դատախազի թույլտվությամբ»:
Հոդված 223-1. Դատական նիստի օրվա նշանակումը
«Եթե մեղադրյալը գտնվում է կալանքի տակ, դատական նիստի օրը նշանակելու հարցը պետք է լուծվի ոչ ուշ, քան դատարանի կողմից գործն ընդունելու օրվանից 14 օրվա ընթացքում»:
Հոդված 239. Գործը քննելու ժամկետները
«Դատարանի կողմից գործի քննությունը պետք է սկսվի ոչ ուշ, քան դատական նիստի օրը նշանակելու օրվանից 14 օրվա ընթացքում»:
90. C. Կասկածյալների և մեղադրյալների ձերբակալման և կալանավորման մասին Դաշնային օրենքը
Սույն Օրենքի 21-րդ հոդվածին համապատասխան՝ կասկածյալների և մեղադրյալների՝ պետության ներկայացուցիչներին, տեղական ինքնակառավարման մարմիններին և ոչ պետական կազմակերպություններին ուղղված դիմումները և բողոքներն ուղարկվում են ձերբակալման կամ կալանավորման հաստատության վարչակազմի միջոցով:
Դատախազին, դատարանին կամ կասկածյալների և մեղադրյալների համար նախատեսված ձերբակալման կամ կալանավորման հաստատությունները վերահսկող այլ պետական մարմիններին հասցեագրված դիմումները և բողոքներն ստուգման ենթակա չեն և պետք է հասցեատերերին ուղարկվեն կնքված ծրարներով՝ ոչ ուշ, քան հաջորդ աշխատանքային օրը:
III. ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՊԱՀՈՒՄԸ
91. Ռուսաստանի Դաշնության կողմից 1998թ. մայիսի 5-ին ավանդապահին հանձնված Կոնվենցիայի վավերագիրը պարունակում է հետևյալ վերապահումը.
«Կոնվենցիայի 64-րդ հոդվածին համապատասխան՝ Ռուսաստանի Դաշնությունը հայտարարում է , որ 5-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի դրույթները չեն արգելելու Ռուսաստանի Դաշնության՝ 1993 թ. Սահմանադրության 2-րդ մասի 6-րդ կետի 2-րդ ենթակետով թույլատրվող՝ հանցագործության կատարման մեջ կասկածվող անձանց ձերբակալման, կալանքի տակ պահելու և ազատազրկման ընթացակարգի ժամանակավոր կիրառումը, որը սահմանված է 1960 թ. հոկտեմբերի 27-ի ՌՍՖՍՀ քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին կետով, 89-րդ հոդվածի 1-ին կետով, 90-րդ, 92-րդ, 96-րդ, 96-1, 96-2, 97-րդ, 101-րդ և 122-րդ հոդվածներով՝ համապատասխան ուղղումներով և փոփոխություններով»:
ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՐՑԵՐ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՎԻՃԱՐԿՎՈՂ ԽԱԽՏՈՒՄ
92. Դիմողը բողոքել է Մագադանի IZ-47/1 կալանավայրում իրեն կալանքի տակ պահելու պայմանների առնչությամբ: Նա վկայակոչել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածը, որում նշված է.
«Ոչ ոք չպետք է ենթարկվի տանջանքի, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»:
Դիմողը մասնավորապես վկայակոչել է իր մենախցի մարդաշատությունը և հակասանիտարական պայմանները, ինչպես նաև այդպիսի պայմաններում կալանքի տակ իր գտնվելու երկարատև ժամկետը, ինչը վնասակար ազդեցություն է ունեցել իր ֆիզիկական վիճակի վրա և պատճառել նվաստացում ու տառապանք:
93. Կառավարությունը առարկել է, որ դիմողի կալանավորման պայմանները չեն կարող համարվել որպես տանջանք կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունք: Պայմանները չեն տարբերվել կամ առնվազն չեն եղել առավել վատթար, քան Ռուսաստանի կալանավորների մեծ մասի կալանավորման պայմանները: Մարդաշատությունն ընդհանրապես խնդիր է եղել նախնական կալանքի հաստատություններում: Իշխանությունները որևէ մտադրություն չեն ունեցել դիմողին պատճառելու ֆիզիկական տառապանք կամ վնասելու նրա առողջությունը: Կալանավայրի վարչակազմը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցները ցանկացած հիվանդությամբ տառապող անձի բուժումով ապահովելու և այլ կալանավորների վարակումը կանխելու ուղղությամբ:
94. Ակնհայտ էր, որ տնտեսական պատճառներով Ռուսաստանում կալանավորման պայմանները եղել են անբավարար և չեն համապատասխանել Եվրոպայի խորհրդի այլ անդամ-պետություններում ուղղիչ հաստատությունների համար նախատեսված պայմաններին: Այնուամենայնիվ, Կառավարությունն ամեն ինչ անում էր Ռուսաստանում կալանավորման պայմանները բարելավելու նպատակով: Այն ընդունել է մի շարք ծրագրեր՝ կալանքի տակ պահելու նոր հաստատություններ կառուցելու, եղածները վերանորոգելու և բանտերում տուբերկուլյոզն ու այլ վարակիչ հիվանդությունները բացառելու համար: Այս ծրագրերի իրականացումը թույլ կտար կրկնակի մեծացնել բանտախցերի տարածքը և բարելավել կալանքի տակ պահող հաստատություններում սանիտարական պայմանները:
95. Դատարանը նշել է, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածն ամրագրում է ժողովրդավարական հասարակության ամենահիմնարար արժեքներից մեկը: Այն բացարձակապես արգելում է տանջանքը կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը՝ անկախ հանգամանքներից և զոհի վարքագծից (տես, օրինակ, Լաբիտան ընդդեմ Իտալիայի {GC}, համար 26772/95, կետ 119, ECHR 2000-IV):
Այնուհետև Դատարանը նշել է, որ իր նախադեպային իրավունքին համապատասխան՝ վատ վերաբերմունքը պետք է ունենա դաժանության նվազագույն աստիճան, որպեսզի տեղավորվի 3-րդ հոդվածի շրջանակներում: Այս նվազագույնի գնահատումը հարաբերական է. այն կախված է գործի բոլոր հանգամանքներից՝ այնպիսիք, ինչպիսիք են վերաբերմունքի տևողությունը, դրա ֆիզիկական կամ հոգեկան ազդեցությունները, իսկ որոշ դեպքերում՝ զոհի սեռը, տարիքը և առողջական վիճակը (տես այլոց շարքում՝ Իռլանդիան ընդդեմ Միացյալ Թագավորության գործով 1978 թ. հունվարի 18-ի վճիռը, մաս A համար 25, էջ 65, կետ 162):
Դատարանը վերաբերմունքը համարել է «անմարդկային», քանի որ,inter alia, այն եղել էր կանխամտածված, կիրառվել է ժամերով և պատճառել ինչպես մարմնական վնասվածք, այնպես էլ՝ ֆիզիկական և հոգեկան տառապանք: Դատարանը վերաբերմունքը համարել է «նվաստացնող», քանի որ այն նպատակ է ունեցել զոհերի մոտ առաջացնել վախի զգացում, անվստահություն և ընկճվածություն և նվաստացում (տես, օրինակ, Կուդլան ընդդեմ Լեհաստանի գործը {GC}, համար 30210/96, կետ 92, ECHR 2000-XI): Որոշելիս՝ արդյոք վերաբերմունքի տվյալ տեսակը «նվաստացնող» է 3-րդ հոդվածի իմաստով, Դատարանը հաշվի է առնում՝ արդյոք դրա նպատակն անձին նվաստացնելն ու նսեմացնելն է, թե՝ ոչ, և եթե առկա են հետևանքներ, արդյոք դրանք անբարենպաստ ազդեցություն են ունեցել նրա անձի վրա՝ 3-րդ հոդվածին չհամապատասխանող ձևով (տես՝ օրինակ, Ռանինենն ընդդեմ Ֆինլանդիայի գործով 1997 թ. դեկտեմբերի 16-ի վճիռը, Վճիռների և որոշումների հավաքածու, 1997-VIII, էջ 2821-22, կետ 55): Այդուհանդերձ, այսպիսի ցանկացած նպատակի բացակայությունը չի կարող վերջնականապես բացառել 3-րդ հոդվածի խախտումը (տես, օրինակ, Փիրսն ընդդեմ Հունաստանի գործը, համար 28524/95, կետ 74, ECHR 2001-III): Տանջանքն ու նվաստացումը ցանկացած դեպքում պետք է գերազանցեն տանջանքի և նվաստացման այն պարտադիր տարրը, որը կապված է օրինական վերաբերմունքի կամ պատժի համապատասխան ձևի հետ:
Անձին ազատությունից զրկող միջոցները հաճախ կարող են ներառել այդպիսի տարր: Այդուհանդերձ, չի կարելի ասել, որ ազատազրկումն ինքնին հարց է առաջացնում՝ կապված Կոնվենցիայի 3-րդ հոդվածի հետ: Ոչ էլ տվյալ հոդվածը կարող է մեկնաբանվել, թե այն պարտավորեցնում է կալանավորին ազատ արձակել առողջական վիճակի պատճառով կամ նրան տեղավորել քաղաքացիական հիվանդանոց` համապատասխան բժշկական օգնություն ստանալու հնարավորություն տալու նպատակով:
Այնուամենայնիվ, այս դրույթի համաձայն՝ պետությունը պետք է ապահովի, որ անձի ազատազրկումն իրականացվի այնպիսի պայմաններում, որոնք համապատասխանում են նրա արժանապատվությանը, որ տվյալ միջոցի իրականացման ձևն ու մեթոդը չենթարկեն նրան այն աստիճան ցավի, որը գերազանցում է ազատազրկման մեջ գտնվելու ժամանակ բնորոշ անխուսափելի տառապանքի մակարդակը, և որ, հաշվի առնելով բանտարկության գործնական պահանջները, պահպանված լինեն անձի առողջությունն ու բարեկեցությունը (տես վերը՝ Կուդլան ընդդեմ Լեհաստանի գործը, կետ 92-94):
Ազատազրկման պայմանները գնահատելիս պետք է հաշվի առնել այդ պայմանների կուտակային ազդեցությունները, ինչպես նաև դիմողի արած կոնկրետ հայտարարությունները (տես` Դուգոզն ընդդեմ Հունաստանի, համար 40907/98, կետ 46, ECHR 2001-II):
96. Տվյալ գործում Դատարանը նշել է, որ դիմողը պահվել է Մագադանի IZ-47/1 կալանավայրում 1995 թ. հունիսի 29-ից մինչև 1999 թ. հոկտեմբերի 20-ը և 1999թ. դեկտեմբերի 9-ից մինչև 2000թ. հունիսի 26-ը: Դատարանը նշում է, որ, միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերին համապատասխան, Կոնվենցիան անդամ-պետություններին պարտավորեցնում է միայն այն փաստերի առնչությամբ, որոնք տեղի են ունենում Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո: Ռուսաստանի առնչությամբ Կոնվենցիան ուժի մեջ է մտել 1998 թ. մայիսի 5-ին: Այնուամենայնիվ, դիմողի վրա ազատազրկման պայմանների ազդեցությունը գնահատելիս, որոնք սովորաբար նույնն են եղել նրա ազատազրկման ընթացքում՝ ինչպես իր դատապարտման ժամանակ, այնպես էլ դրանից հետո, Դատարանը կարող է նաև հաշվի առնել նրա ազատազրկման ամբողջ ժամանակահատվածը, ներառյալ 1998թ. մայիսի 5-ին նախորդածը:
97. Դատարանն սկզբում նշել է, որ մենախուցը, որում գտնվել էր դիմողը, եղել է 17 քառակուսի մետր (ըստ դիմողի) և 20.8 քառակուսի մետր տարածք (ըստ Կառավարության): Այն կահավորված է եղել փայտյա մահճակալներով և նախատեսված է եղել 8 կալանավորի համար: Կարող է հարց ծագել՝ արդյոք այդպիսի տարածքը կարող է համապատասխանել թույլատրելի չափորոշիչներին: Այդ կապակցությամբ Դատարանը հիշեցրել է, որ Տանջանքի և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեն («the CPT’») սահմանել է մոտավորապես 7 քառակուսի մետր տարածք յուրաքանչյուր կալանավորի համար՝ որպես մոտավոր ցանկալի ցուցանիշ ազատազրկման մենախցի համար (տես՝ 2-րդ Ընդհանուր հաշվետվությունը-CPT/Inf(92)3, կետ 43, հետևաբար՝ 56 քառակուսի մետր՝ 8 կալանավորի համար:
Բացի այն փաստից, որ մենախուցը նախատեսված է եղել 8 կալանավորի համար, համաձայն Դատարանին ուղղված դիմողի հայտարարությունների, իր ազատազրկման ամբողջ ժամանակահատվածում կալանավորների թիվը եղել է 18-24: Կալանքից ազատ արձակելու վերաբերյալ 1996թ. դեկտեմբերի 27-ի իր միջնորդությունում դիմողը հայտնել է, որ իր՝ 8 մահճակալ ունեցող մենախցում եղել է 21 կալանավոր: 1999թ. հունիսի 8-ի նույնանման միջնորդությունում նա նշել է , որ կալանավորների թիվը եղել է 18 (տես վերը՝ կետեր 43 և 73):
Դատարանը նշել է, որ Կառավարությունը, իր հերթին, ընդունել է, որ կալանավայրի սովորական մարդաշատության պատճառով մենախցում յուրաքանչյուր մահճակալ օգտագործվել է 2 կամ 3 կալանավորի կողմից: Դրա հետ մեկտեղ, այն համաձայն չէ դիմողի հետ՝ կալանավորների թվի հարցում: Իր փաստարկներում Կառավարությունը նշել է, որ ցանկացած ժամանակ դիմողի մենախցում եղել է 11 կամ ավելի կալանավոր, և որ սովորաբար կալանավորների թիվը եղել է 14: Այդուհանդերձ, Կառավարությունը չի ներկայացրել իր փաստարկները հաստատող որևէ ապացույց: Ըստ դիմողի՝ միայն 2000թ. մարտ-ապրիլ ամիսներին է կալանավորների թիվը նվազել մինչև 11-ի:
Դատարանն անհրաժեշտ չի համարել լուծել Կառավարութան և դիմողի միջև այս կապակցությամբ եղած հակասությունը: Տվյալները հաստատում են, որ ցանկացած ժամանակ դիմողի մենախուցը յուրաքանչյուր կալանավորի համար ունեցել է 0.9-1,9 քառակուսի մետր տարածք: Այդպիսով, Դատարանի կարծիքով, մենախուցը տևական ժամանակ եղել է չափազանց մարդաշատ: Այսպիսի իրավիճակն ինքնին խնդրահարույց է՝ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի պահանջներից ելնելով:
Ավելին, հաշվի առնելով չափազանց մարդաշատությունը, դիմողի մենախցում կալանավորներն ստիպված են եղել քնել հերթով՝ յուրաքանչյուրն ութ-ժամյա հերթափոխով: Դիմողի՝ կալանքից իրեն ազատելու 1999թ. հունիսի 16-ի միջնորդությունից երևում է, որ այդ ժամանակ նա կիսում էր իր մահճակալը երկու այլ կալանավորների հետ (տես վերը՝ կետ 74): Քնելու պայմանները վատթարացնում էին մենախցում մշտական լուսավորությունը, ինչպես նաև կալանավորների մեծ թվի պատճառով առկա սովորական դարձած անցուդարձը և աղմուկը: Քնի խանգարման արդյունքում հնարավոր է, որ դիմողը ֆիզիկական և հոգեբանական առումով ունենար բարդություններ:
Այնուհետև Դատարանը ուշադրություն է դարձնում դիմողի մենախցում համապատասխան օդափոխիչի բացակայության վրա, որտեղ մնում էին մեծ թվով կալանավորներ, որոնց ակնհայտորեն թույլատրվում էր ծխել մենախցում: Չնայած որ դիմողին օրը մեկ կամ երկու ժամով թույլատրվում էր դուրս գալ մենախցից, մնացած ժամանակ նա մնում էր իր մենախցում, որն ուներ խիստ սահմանափակ տարածք և հեղձուցիչ մթնոլորտ:
98. Այնուհետև Դատարանը նշել է, որ դիմողի մենախուցը լեցուն է եղել միջատներով, և որ նրա ազատազրկման ընթացքում մենախցում չի անցկացվել որևէ ախտահանիչ միջոցառում: Կառավարությունն ընդունել է, որ կալանավայրերում միջատների դեմ պայքարը եղել է խնդրահարույց, և հղում է կատարել 1989թ. նախարարական ուղեցույցին, որը կալանավայրերի վարչակազմերին պարտավորեցնում էր ձեռնարկել ախտահանիչ միջոցառումներ: Այդուհանդերձ, չի երևում, որ այդպիսին իրականացվել է դիմողի մենախցում:
Իր ազատազրկման ընթացքում դիմողը ձեռք է բերել մաշկային տարբեր հիվանդություններ և սնկային վարակներ, մասնավորապես, 1996թ., 1997թ. և 1999թ., որոնցով էլ պայմանավորվել են դատական քննության ընդմիջումները: Չնայած ճիշտ է, որ դիմողն ստացել է այս հիվանդությունների դեմ համապատասխան բուժում, դրանց կրկնվելը ենթադրում է, որ դրանց ախտահարմանը նպաստած՝ մենախցի վատթար պայմանները մնացել են անփոփոխ:
Դատարանը խիստ մտահոգությամբ նաև նշել է, որ որոշ դեպքերում դիմողը պահվել է սիֆիլիսով և տուբերկուլյոզով տառապող անձանց հետ, չնայած որ Կառավարությունն ընդգծել է, որ վարակումը կանխվել է:
99. Վերը նկարագրված ծանրաբեռնված մենախցերի և հակասանիտարական պայմանների մյուս կողմն էլ զուգարանային հարմարություններն են: 1,1 մետր բարձրությամբ ունեցող մի պատ է բաժանել մենախցի անկյունում տեղադրված զուգարանը դրա կողքին գտնվող լվացարանից, որը, սակայն, չի զատվել կացարանից: Զուգարանի մուտքը չի քողարկվել: Այդպիսով, դիմողն ստիպված է եղել զուգարանից օգտվել այլ կալանավորների ներկայությամբ և ներկա լինել զուգարանից մյուսների օգտվելուն: Կառավարության կողմից ներկայացված լուսանկարներում պատկերված են կեղտոտ, կիսաքանդ մենախուց և չառանձնացված զուգարան:
Չնայած որ Դատարանը նշել է հիմնական բարելավումները, որոնք ակնհայտորեն կատարվել են Մագադանի կալանավայրում, որտեղ գտնվել է դիմողի մենախուցը (ինչպես ցույց է տրված Դատարանին ներկայացված տեսաժապավենում), այդ ամենը չի նվազեցնում պայմանների լիովին անընդունելի լինելը, որոնցում դիմողն ստիպված է եղել կրել իր պատիժը համապատասխան ժամանակահատվածում:
100. Դիմողի ազատազրկման պայմանները եղել են նաև նրա գործը քննող դատարանի մտահոգության առարկան: 1999թ. ապրիլին և հունիսին դատարանը փորձագետներից պահանջել է կարծիք տալ գրեթե չորս տարվա ազատազրկումից հետո դիմողի հոգեկան և ֆիզիկական վիճակի վրա ազատազրկման պայմանների ազդեցության վերաբերյալ, որպեսզի դատարանը կարողանա որոշել՝ արդյոք դիմողն ի վիճակի է մասնակցել դատաքննությանը, և արդյոք նրան անհրաժեշտ է տեղափոխել հիվանդանոց (տես վերը՝ կետեր 71 և 76): Չնայած այս երկու հարցադրումներին փորձագետների բացասական պատասխանին՝ Դատարանը նշել է նրանց՝ 1999թ. հուլիսին տված եզրակացությունները, որոնցում նշված են տարբեր հիվանդություններ, որոնցով դիմողը տառապել է (տես վերը՝ կետ 30):
101. Դատարանն ընդունել է , որ տվյալ գործում որևէ վկայություն չկա առ այն, որ առկա է եղել դիմողին նվաստացնելու կամ նսեմացնելու դրական դիտավորություն: Այնուամենայնիվ, չնայած որ վերաբերմունքի նպատակը՝ զոհին նվաստացրած կամ նսեմացրած լինելը կամ չլինելը գործոն է, որը պետք է հաշվի առնել, նման նպատակի բացակայությունը չի կարող բացառել 3-րդ հոդվածի խախտումը (տես վերը՝ Փիրսն ընդդեմ Հունաստանի): Դատարանը գտել է , որ ազատազրկման պայմանները, որոնցում դիմողը ստիպված է եղել կրել իր պատիժը մոտավորապես 4 տարի և 10 ամիս, պետք է որ նրան պատճառած լինեին բավականին մեծ հոգեկան տառապանք, որը կնվաստացներ նրա արժանապատվությունը և կնսեմացներ նրան:
102. Վերը նշվածի լույսի ներքո Դատարանը գտնում է, որ դիմողի ազատազրկման պայմանները, մասնավորապես՝ չափազանց մարդաշատությունը և հակասանիտարական միջավայրը և դրա մշտական ազդեցությունը դիմողի առողջության և բարեկեցության վրա, համակցված այն ժամանակահատվածի տևողության հետ, որի ընթացքում դիմողը գտնվել է տվյալ պայմաններում, համարվում են նվաստացնող վերաբերմունք:
103. Հետևաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում:
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ԿԵՏԻ ՎԻՃԱՐԿՎՈՂ ԽԱԽՏՈՒՄ
104. Դիմողը բողոքել է, որ իր երկարատև նախնական կալանքը խախտում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետը, որում նշված է հետևյալը.
«Տվյալ հոդվածի 1(c) կետի դրույթներին համապատասխան ձերբակալված կամ կալանավորված ցանկացած անձ պետք է... իրավունք ունենա ներկայանալ դատարանին կամ ազատ արձակվել: Ազատ արձակելը կարող է իրականացվել դատարան ներկայանալու երաշխիքով:
A. Կառավարության նախնական առարկությունը
105. Կառավարությունը պնդել է, որ դիմողի գանգատը պետք է քննվի Ռուսաստանի վերապահման լույսի ներքո: Նշել է, որ վերապահումը կիրառվում է ինչպես նախնական քննության, այնպես էլ դատական քննության ընթացքում դիմողի կալանավորման ժամանակահատվածի նկատմամբ: Կառավարությունը հղում է կատարել վերապահման տեքստին և դրանում նշված՝ Քրեական դատավարության օրենսգրքի հոդվածների բովանդակությանը: Մասնավորապես, օրենսգրքի 11-րդ , 89-րդ , 92-րդ և 101-րդ հոդվածները (տես վերը՝ կետ 89) դատարաններին իրավունք են վերապահում դատական քննության ընթացքում կիրառելու նախնական կալանք մինչև դատավճռի կայացումը:
106. Դիմողը հայտարարել է, որ Ռուսաստանի վերապահումը չի կարող կիրառվել տվյալ գործի առնչությամբ, քանի որ վերապահումը չի անդրադառնում կալանքի տևողությանը: Դիմողը պնդել է, որ վերապահման նպատակն է եղել պահպանել դատախազի՝ կալանավորման վերաբերյալ կարգադրություն ընդունելու և անհրաժեշտության դեպքում այդպիսի կալանքը երկարացնելու իրավունքը:
107. Դատարանը նկատել է, որ վերապահումը նպատակ ունի Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի շրջանակից բացառել Քրեական դատավարության օրենսգրքի առանձին դրույթների ժամանակավոր կիրառումը, որոնք նշված են վերապահման տեքստում՝ կապված հանցագործության կատարման մեջ կասկածվող անձանց ձերբակալման ընթացակարգի, կալանքի տակ պահելու և ազատազրկման հետ: Դրույթները սահմանում են խափանման միջոցների կիրառման պայմանները և ձևերը, ներառյալ` կալանավորումը, և թվարկում են համապատասխան որոշումներ ընդունելու իրավասություն ունեցող մարմինները:
Դատարանը նշել է, որ վերապահումը հղում է կատարում Քրեական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածին, համաձայն որի անձը քրեական գործով նախաքննության ընթացքում կալանքի տակ կարող է պահվել մինչև 18 ամիս իրավասու դատախազի կարգադրությամբ:
Չնայած նախաքննության փուլում կալանքի ժամկետների վկայակոչումների առկայությանը, Դատարանը գտել է, որ վերապահումը կապված է նախնական կալանքի կիրառման ընթացակարգի հետ, մինչդեռ դիմողի գանգատը կապված է իր կալանավորման տևողության հետ, այլ ոչ թե դրա օրինականության:
108. Այդ իսկ պատճառով Դատարանը գտել է, որ վերապահումը չի կիրառվում տվյալ գործի առնչությամբ:
B. Գանգատն ըստ էության
1. Հաշվի առնվող Ժամանակահատվածը
109. Անվիճելի է, որ խնդրո առարկա ժամանակահատվածն սկսվել է 1995 թ. հունիսի 29-ին, երբ դիմողը կալանավորվել է:
Ինչ վերաբերում է ժամանակահատվածի ավարտին, դիմողը հայտարարել է, որ համապատասխան ամսաթիվը համարվում է 2000 թ. մարտի 31-ը, երբ Մագադանի քաղաքային դատարանը կայացրել էր գործով երկրորդ դատավճիռը: Կառավարությունը պնդել է, որ ժամանակահատվածն ավարտվել է 1999թ. օգոստոսի 3-ին, երբ քաղաքային դատարանը կայացրել էր առաջին դատավճիռը: Կառավարությունը նաև պնդել է, որ Դատարանի կողմից դիմողի՝ կալանքի տակ գտնվելու տևողության քննությունը պետք է սահմանափակվի 1998թ. մայիսի 5-ից, երբ Կոնվենցիան ուժի մեջ է մտել Ռուսաստանի Դաշնությունում, մինչև 1999թ. օգոստոսի 3-ը ժամանակահատվածով:
110. Առաջին հերթին Դատարանը հիշեցրել է, որ դատական քննության ընթացքում Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան կալանքի տևողությունը որոշելիս խնդրո առարկա ժամանակահատվածն սկսվում է մեղադրյալին կալանքի տակ վերցնելու օրվանից և ավարտվում է, երբ որոշվում է մեղադրանքը, եթե նույնիսկ այն որոշվում է միայն առաջին ատյանի դատարանի կողմից (տես այլոց շարքում՝ ՈՒեմհոֆն ընդդեմ Գերմանիայի՝ 1968թ. հունիսի 27-ի վճիռը, մաս A, համար 7, էջ 23, կետ 9, և վերը՝ Լաբիտան ընդդեմ Իտալիայի, կետ 147): Այդպիսով, տվյալ գործում դիմողի կալանքի ժամկետն սկսվել է 1995թ. հունիսի 29-ից, երբ նա ձերբակալվել է, և ավարտվել է 1999թ. օգոստոսի 3-ին, երբ նա դատապարտվել է Մագադանի քաղաքային դատարանի կողմից: Մնացած մեղադրանքների կապակցությամբ հետագա կալանքը չի վերացրել այն փաստը, որ, ինչպես 1999թ. օգոստոսի 3-ին, դիմողը կրում էր իր պատիժն իրավասու դատարանի կողմից դատապարտվելուց հետո՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի կետ 1(a)-ի իմաստով:
Այդպիսով, դիմողի՝ կալանքի տակ գտնվելու ամբողջ ժամանակահատվածը կազմել է չորս տարի, մեկ ամիս և չորս օր:
111. Քանի որ 1998թ. մայիսի 5-ից առաջ ընկած ժամանակահատվածը, ratione temporis, դուրս է իր իրավասությունից, Դատարանը կարող է միայն հաշվի առնել մեկ տարի, երկու ամիս և քսանինն օր ժամանակահատվածը, որն անցել է այդ օրը լրանալու և Մագադանի քաղաքային դատարանի՝ 1999թ. օգոստոսի 3-ի դատավճռի միջև: Այնուամենայնիվ, Դատարանը պետք է հաշվի առնի այն փաստը, որ 1998թ. մայիսի 5-ի դրությամբ 1995թ. հունիսի 29-ից կալանքի տակ վերցված դիմողը կալանքի տակ է եղել արդեն երկու տարի, տասն ամիս և վեց օր (տես, օրինակ, mutatis mutandis, Մանսուրն ընդդեմ Թուրքիայի գործով 1995թ. հունիսի 8-ի վճիռը, մաս A, համար 319-B, էջ 49, կետ 51):
2.Կալանքի տևողության ողջամտությունը
(a) Կողմերի դիտողությունները
112. Դիմողը հայտարարել է, որ իրեն կալանավորելու և այդքան երկարատև կալանքի տակ պահելու անհրաժեշտություն չի եղել, քանի որ չի եղել որևէ ապացույց առ այն, որ ինքը փորձել է խոչընդոտել գործով ճշմարտության բացահայտմանը: Իր կալանավորումն արդարացնող՝ իշխանությունների կողմից բերված պատճառներն անբավարար են և ոչ հիմնավոր:
Նա նաև հայտարարել է, որ իր գործը չի եղել առանձնապես բարդ, ինչպես դա հաստատել է Մագադանի տարածքային դատարանը 1999թ. մարտի 15-ին: Գործի նյութերի ինը հատորներից երեքն ամբողջությամբ բաղկացած են եղել տարբեր մարմիններին ուղղված իր բողոքներից: Նախաքննության ընթացքում հարցաքննվել է 29 վկա, և գործով եղել է երկու քաղաքացիական հայցվոր:
Վերջապես, դիմողը բողոքել է, որ համապատասխան մարմինների կողմից քննությունը չի իրականացվել պատշաճ ջանասիրությամբ: Իր երկարատև կալանավորումը եղել է ցածրորակ քննության հետևանք, որն իրականացնողն ապօրինի քայլեր է ձեռնարկել ավելացնելու մեղադրական եզրակացության կետերը և որի գործողությունների նկատմամբ վերահսկողության մարմինների կողմից պատշաճ հսկողություն չի իրականացվել: Այս կապակցությամբ, դիմողը հղում է կատարում Մագադանի քաղաքային դատարանի՝ 1999թ. օգոստոսի 3-ի հետևություններին (տես վերը՝ կետ 80):
113. Կառավարությունը նշել է, որ դիմողը ձերբակալվել է քննությունը ճիշտ ճանապարհից շեղելու պատճառով: Այնուհետև այն դիմողի նախնական կալանքի տևողությունը ողջամիտ է համարել՝ հաշվի առնելով գործի բարդությունը, դրա նշանակալի ծավալը (9 հատոր) և վկաների ու տուժողների մեծ թիվը:
(b) Դատարանի գնահատականը
(i) Դատարանի նախադեպով սահմանված սկզբունքները
114. Դատարանը հիշեցրել է, որ կալանքի ժամկետի ողջամտության հարցը չի կարող գնահատվել վերացականորեն: Մեղադրյալին կալանքի տակ պահելու ողջամտությունը յուրաքանչյուր գործով պետք է որոշվի՝ հաշվի առնելով դրա առանձնահատկությունները: Շարունակական կալանքը կարող է արդարացված լինել կոնկրետ գործով միայն այն դեպքում, եթե այդպես է պահանջում հասարակական շահը, ինչը, չնայած անմեղութան կանխավարկածին, գերակայում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածով նախատեսված անձնական ազատությունը հարգելու նորմին (տես վերը՝ այլոց շարքում, Կուդլան ընդդեմ Լեհաստանի, կետ 110):
Առաջին հերթին ներպետական դատական մարմինների պարտականությունն է ապահովել, որպեսզի կոնկրետ գործով մեղադրյալի նախնական կալանքը չգերազանցի ողջամիտ ժամկետը: Այդ նպատակով նրանք, պատշաճ ուշադրություն դարձնելով անմեղության կանխավարկածի սկզբունքին, պետք է քննության առնեն բոլոր փաստերը, որոնք վկայում են հասարակության շահի վերը նշված պահանջի առկայության կամ բացակայության օգտին, որն էլ արդարացնում է շեղումը 5-րդ հոդվածով նախատեսված նորմից, և պետք է դրանք նշեն ազատ արձակելու միջնորդությունների վերաբերյալ իրենց որոշումներում: Այս որոշումներում նշված պատճառների և իր բողոքներում դիմողի՝ պատշաճ կերպով ներկայացված փաստերի հիման վրա է, որ Դատարանը պետք է որոշի՝ արդյոք տեղի է ունեցել 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում, թե՝ ոչ (տես վերը, օրինակ, Լաբիտան ընդդեմ Իտալիայի գործը, կետ 152):
Հիմնավոր կասկածի առկայությունը, որ ձերբակալված անձը կատարել է հանցագործություն, հիմք է հանդիսանում, sine qua non, շարունակվող կալանքի օրինականության համար, սակայն որոշակի ժամանակահատված անցնելուց հետո այն այլևս բավարար չէ: Այնուհետև Դատարանը պետք է պարզի՝ արդյոք դատական իշխանությունների կողմից նշված մյուս հիմքերը շարունակել են արդարացնել ազատությունից զրկելը, թե՝ ոչ: Երբ այդպիսի հիմքերը եղել են «համապատասխան» և «բավարար», Դատարանը պետք է նաև պարզի, արդյոք ներպետական մարմինները ցուցաբերել են «հատուկ ջանասիրություն» քննությունն իրականացնելիս, թե՝ ոչ: Քննության բարդությունն ու առանձնահատկությունները գործոններ են, որոնք պետք է հաշվի առնվեն այս կապակցությամբ (տես, օրինակ, Սքոթն ընդդեմ Իսպանիայի գործով 1996 թ. դեկտեմբերի 18-ի վճիռը, Զեկույցներ 1996-VI, էջ 2399-2400, կետ 74, և I.A.-ն ընդդեմ Ֆրանսիայի գործով 1998թ. սեպտեմբերի 23-ի վճիռը, Զեկույցներ 1998-VII, էջ 2978, կետ 102 ):
(ii) Վերը նշված սկզբունքների կիրառումը սույն գործի կապակցությամբ
(a) Կալանավորման հիմքերը
115. Դատարանի իրավազորության ներքո ratione temporise ընկնող ժամանակահատվածում Մագադանի քաղաքային դատարանը, մերժելով ազատ արձակել դիմողին, վկայակոչել է նրան առաջադրված մեղադրանքների խստության և ազատության մեջ գտնվելու ընթացքում նրա կողմից ճշմարտության բացահայտմանը խոչընդոտելու վտանգը (տես վերը՝ կետ 69): Դատարանը նկատել է, որ նման հիմքեր քաղաքային դատարանի կողմից նշվել են ավելի վաղ՝ 1996թ. դեկտեմբերի 27-ին և 1997թ. օգոստոսի 8-ին, որոնք նպատակ են ունեցել արդարացնելու դիմողի երկարատև կալանքը (տես վերը՝ կետեր 43 և 46):
Այնուհետև Դատարանը նշել է, որ 1995թ. հունիսի 29-ին դիմողին կալանքի տակ վերցնելու որոշման համար սկզբունքային պատճառ է եղել այն, որ նա խոչընդոտել է քննությանը՝ հրաժարվելով տրամադրել քննության համար անհրաժեշտ կոնկրետ բանկային փաստաթղթեր, նա ազդել է վկաների վրա և խուսափել ցուցմունք տալուց: Որոշումը նաև հաշվի է առել մեղադրանքների ծանրությունը:
116. Դատարանը հիշեցրել է, որ նմանատիպ փաստարկ սահմանելիս անձի՝ լուրջ հանցագործությունների մեջ ներգրավված լինելու կասկածի առկայությունը, թեև հանդիսանում է համապատասխան գործոն, սակայն չի կարող միայնակ արդարացնել նախնական կալանքի երկարատև ժամանակահատվածը (տես, օրինակ, վերը՝ Սքոթն ընդդեմ Իսպանիայի գործով վճիռը, էջ 2401, կետ 78): Ինչ վերաբերում է դիմողի կալանքը երկարացնելու կապակցությամբ Մագադանի քաղաքային դատարանի կողմից բերված մյուս հիմքերին, մասնավորապես, գործի քննությանը խոչընդոտելու վտանգին, ապա Դատարանը նշել է, որ, ի տարբերություն քննիչի՝ 1995թ. հունիսի 29-ի որոշմանը, քաղաքային դատարանը չի նշել իր եզրակացությունները հաստատող որևէ փաստացի հանգամանք, որոնք նույնն են եղել և' 1996, և' 1997, և' 1999թթ.: Նրա որոշումներում չկա որևէ փաստ, որը ցույց կտար, որ համապատասխան ժամանակահատվածում առկա է եղել նշված ռիսկը:
117. Դատարանն ընդունել է, որ քննությանը խոչընդոտելը, համապատասխան հանցագործությունները դիմողի կողմից կատարված լինելու հիմնավոր կասկածի հետ մեկտեղ, կարող էին սկզբնական շրջանում արդարացնել դիմողի կալանավորումը: Այդուհանդերձ, քանի որ քննությունն ընթացել էր և ավարտվել է ապացույցների ձեռքբերման փուլը, այդ հիմքն անխուսափելիորեն դարձել էր ոչ լիովին համապատասխան:
118. Արդյունքում, Դատարանը գտնում է, որ դիմողի կալանքն արդարացնող՝ իշխանությունների կողմից բերված պատճառները, որոնք չնայած համապատասխան և բավարար են եղել սկզբնական փուլում, որոշ ժամանակ անց հետո կորցրել են այդ բնույթը:
(b) Քննության իրականացումը
119. Ինչ վերաբերում է քրեական գործի քննության տևողությանը, Դատարանը նշում է ներպետական դատարանների եզրահանգումներն առ այն, որ գործը չի եղել առանձնապես բարդ, և որ գործի քննությունը եղել է ցածրորակ, ինչի հետևանքով քննությունը ձգձգվել է (տես վերը՝ կետեր 69 և 80): Դատարանն այլ եզրակացության հանգելու որևէ պատճառ չի տեսել: Այն նաև նշել է, որ, համաձայն ներպետական դատարանների, քննիչներն անարդարացիորեն փորձել են ավելացնել մեղադրական եզրակացության կետերի թիվը (տես վերը՝ կետ 80), մի եզրակացություն, որը բխում է այն փաստից, որ դիմողի դեմ եղած ինը մեղադրանքներից միայն մեկն է հաստատվել Մագադանի քաղաքային դատարանի՝ 1999թ. օգոստոսի 3-ի դատավճռում:
120. Ինչ վերաբերում է հետագա դատական քննությանը, Դատարանը նկատել է, որ Մագադանի քաղաքային դատարանի կողմից անցկացված քննության ընթացքում եղել են էական ձգձգումներ: 1996թ. նոյեմբերի 11-ին սկսված դատական քննությունն ընդմիջվել է 1997թ. մայիսի 7-ին` կապված նախագահող դատավորին գործից հեռացնելու հետ: Այն չի վերսկսվել մինչև 1999թ. ապրիլի 15-ը, չնայած որ համապատասխան դատավարական քայլեր են ձեռնարկվել 1997թ. հուլիս-օգոստոս ամիսներին (նոր դատավորի նշանակումը և դատալսման նշանակումը), 1998թ. մայիսին և հուլիսին (գործի տեղափոխումն այլ դատարան), 1998թ. նոյեմբերին (հետագա քննության համար անհրաժեշտ որոշումներ):
Չնայած ճիշտ է, որ 1997թ. օգոստոսի 8-ին նշանակված նիստն ստիպված հետաձգվել է դիմողի դատապաշտպանի բացակայության պատճառով, և դիմողը առարկել է, որ իր գործը տեղափոխվի այլ դատարան՝ մի քայլ, որն ուղղված էր քննությունն արագացնելուն, Դատարանը գտել է, որ երկու դատական ժամանակահատվածների միջև դիմողն էապես չի ազդել քննության տևողության վրա, երբ չի եղել գործի քննության որևէ առաջընթաց:
Այդպիսով ակնհայտ է, որ ձգձգված քննությունը չի կարող արդարացվել ո'չ գործի բարդությամբ, ո'չ էլ դիմողի վարքագծով: Հաշվի առնելով քննության առանձնահատկությունները և դատական քննության ձգձգումները՝ Դատարանը գտել է, որ իշխանություններն արագ չեն գործել:
(c) Եզրակացություն
121. Վերոհիշյալի հիման վրա՝ Դատարանը գտել է, որ դատական քննության ընթացքում դիմողի՝ կալանքի տակ եղած ժամանակահատվածը գերազանցել է «ողջամիտ ժամկետը»: Այդպիսով տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում:
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ՎԻՃԱՐԿՎՈՂ ԽԱԽՏՈՒՄ
122. Դիմողը բողոքել է, որ իր դեմ առկա քրեական մեղադրանքները չեն առաջադրվել պատշաճ ժամկետում, ինչպես պահանջում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը, որի համապատասխան մասում ամրագրված է հետևյալը.
«Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է ... իրեն ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքը, ունի օրենքի հիման վրա ստեղծված ... դատարանի կողմից ողջամիտ ժամկետում ... լսումների իրավունք»:
A. Ժամանակահատվածը, որը պետք է հաշվի առնվի
123. Դիմողը հայտարարել է, որ խնդրո առարկա ժամանակահատվածն սկսվել է 1995թ. փետրվարի 8-ին` իր դեմ գործ հարուցելու օրվանից, և ավարտվել 2000թ. մարտի 31-ին, երբ Մագադանի քաղաքային դատարանը կայացրել է գործով երկրորդ դատավճիռը:
Կառավարությունն առարկել է, որ խնդրո առարկա ժամանակահատվածը տևել է Մագադանի քաղաքային դատարան գործը 1999թ. փետրվարի 3-ին հանձնելուց մինչև դատարանի կողմից իր առաջին դատավճիռը 1999թ. օգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածը:
124. Դատարանը հիշեցրել է, որ քրեական դատավարության տևողությունը պարզելիս խնդրո առարկա ժամանակահատվածն սկսվում է անձին բառի ինքնուրույն և նյութաիրավական իմաստով «մեղադրանք առաջադրելու» օրվանից (տես այլոց շարքում՝ Կորիգլիանոն ընդդեմ Իտալիայի գործով 1982թ. դեկտեմբերի 10-ի վճիռը, մաս A, համար 57, էջ 13, կետ 34, և Իմբրիոսիան ընդդեմ Շվեյցարիայի գործով 1993 թ. նոյեմբերի 24-ի վճիռը, մաս A, համար 275, էջ 13, կետ 36): Այն ավարտվում է այն օրը, երբ մեղադրանքը վերջնականապես որոշվում է կամ գործը կարճվում է:
Այդպիսով, տվյալ գործով խնդրո առարկա ժամանակն սկսվել է 1995թ. փետրվարի 8-ին, երբ դիմողը կասկածյալ է դարձել յուրացման մեղադրանքով: Ինչ վերաբերում է ժամանակահատվածի ավարտին, Դատարանը նկատել է, որ 1999թ. սեպտեմբերի 29-ին մնացած մեղադրանքներով գործը կարճելու որոշմանը, քաղաքային դատարանի 1999թ. օգոստոսի 3-ի վճռի կայացումից հետո, հաջորդել է դիմողի դեմ 1999թ. սեպտեմբերի 30-ին նոր մեղադրանքը՝ նույն փաստերի հիման վրա: Այն նկատում է, որ նոր մեղադրանքը եղել է թիվ 48529 գործի մի մասը, որը հարուցվել է 1995թ. սեպտեմբերի 8-ին: Այս հանգամանքներում հաշվի առնելով նոր մեղադրանքի առաջադրման ժամանակը՝ Դատարանը գտել է, որ խնդրո առարկա ժամանակահատվածն ավարտվել է 2000թ. մարտի 31-ին, երբ քաղաքային դատարանը կայացրել է վերջնական մեղադրանքին առնչվող իր դատավճիռը:
Խնդրո առարկա ժամանակահատվածը՝ 1995թ. փետրվարի 8-ից մինչև 2000թ. մարտի 31-ը, որը, այդպիսով, կազմում է հինգ տարի, մեկ ամիս և քսաներեք օր, ըստ էության իրավազորության մեկ մակարդակ է՝ չնայած մի շարք լրացուցիչ քննություններին: Քանի որ Դատարանի իրավազորությունը ratione temporis ներառում է միայն Ռուսաստանի Դաշնության առնչությամբ 1998թ. մայիսի 5-ին Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո ընկած ժամանակահատվածը, Դատարանը կարող է հաշվի առնել քննության վիճակն այդ օրվա դրությամբ (տես այլոց շարքում mutatis mutandis Յախշին և Սարգինն ընդդեմ Թուրքիայի գործով 1995թ. հունիսի 8-ի վճիռը, մաս A, համար 319-A, էջ 16, կետ 40):
B. Դատաքննության տևողության ողջամտությունը
125. Դատարանը հիշեցրել է, որ քննության տևողության ողջամտությունը գնահատվում է գործի հատուկ հանգամանքներից ելնելով՝ հաշվի առնելով Դատարանի դատական նախադեպով ձևավորված չափանիշները, մասնավորապես, գործի բարդությունը, դիմողի վարքագիծը և իրավասու մարմինների վարքագիծը: Վերջին հաշվով, պետք է հաշվի առնել նաև այն, ինչ կարևոր է դիմողի համար (տես այլոց շարքում՝ վերը, Կուդլան ընդդեմ Լեհաստանի, կետ 124):
1. Կողմերի փաստարկները
126. Ինչ վերաբերում է գործի բարդությանը, ապա դիմողը հղում է կատարել Մագադանի տարածքային դատարանի՝ 1999թ. մարտի 15-ի այն հետևությանը, որ գործը չի եղել հատկապես բարդ, և որ դա չէր կարող արդարացնել տեղի ունեցած ձգձգումները:
Իր վարքագծի առնչությամբ դիմողը հայտարարել է, որ իր դիմում-բողոքները նպատակ են ունեցել արագացնելու դատաքննությունը: Իր ակտիվ համագործակցությունը դատարանի հետ՝ չի պահանջվում Կոնվենցիայի 6-րդ հոդվածով, ոչ էլ պաշտպանության միջոցներից օգտվելու իր փորձը կարող է օգտագործվել իր դեմ:
Ինչ վերաբերում է իշխանությունների վարքագծին, ապա դիմողը վկայակոչել է նախնական քննության վատ որակի և քննության թերությունները, ինչպես նշվել է Մագադանի քաղաքային դատարանի կողմից 1999թ. օգոստոսի 3-ին: Բացի դրանից, քաղաքային դատարանն ինքն է խախտել ներպետական դատավարական օրենսդրությունը, այն է՝ խախտելով դատական քննությունն սկսելու համար քրեական դատավարության օրենսգրքի 223-1 և 239-րդ հոդվածներով նախատեսված ժամկետները: Նշվել է, որ դատաքննության ժամանակ դատարանը հարցաքննել է միայն ինը վկայի: Դիմողը նաև վկայակոչել է դատավորին իր գործի քննությունից հեռացնելը, հանգամանք, որն իր հետ կապ չուներ, վկայակոչել նաև իր գործը Կազինյան շրջանի դատարան տեղափոխելը, ինչը գործի քննությունն արագացնելու հարցում ապարդյուն է եղել:
127. Կառավարությունն ընդունել է, որ դիմողի գործի քննությունը եղել է երկարատև, սակայն պնդել է, որ ժամանակահատվածը եղել է ողջամիտ: Նշվել է, որ դիմողի գործի երկարատև քննությունը եղել է դրա բարդության և ծավալի, ինչպես նաև լիարժեք և բազմակողմանի քննության անհրաժեշտության հետևանք:
Ավելին, դիմողը նպաստել է դատաքննության երկարատևությանը՝ ներկայացնելով բազում դիմումներ, ներառյալ կրկնվող միջնորդությունները, որոնք նախկինում մերժվել են: Այս կապակցությամբ Կառավարությունը հղում է կատարել Մագադանի քաղաքային դատարանի՝ 1999թ. հուլիսի 15-ի և 1999թ. հուլիսի 22-ի եզրահանգումներին, որոնցում նշվել է, որ դատական քննության ընթացքում արված մի շարք միջնորդություններ դիտավորյալ քայլեր են եղել՝ ուղղված քննությունը ձգձգելուն: Դիմողի միջնորդությունը՝ իր գործի քննությունն այլ դատարան տեղափոխելու մասին, նույնպես առաջացրել է ձգձգում: Նշվել է, որ դիմողի գործի նյութերի 30%-ը բաղկացած է եղել նրա բողոքներից և միջնորդություններից:
Կառավարությունը նաև նշել է, որ դիմողի կալանքի ժամկետը ներառվել է նրա դատապարտման ժամկետում: Այդ պատճառով դիմողի կալանավորման տևողությունը չի ազդել նրա ազատազրկման ամբողջ ժամանակահատվածի վրա:
Վերջապես, Կառավարությունը հայտարարել է, որ իշխանությունները դիմողի հանդեպ ցուցաբերել են մարդասիրական վերաբերմունք՝ համաներում կիրառելու միջոցով, որով նա ավելի վաղ է ազատվել պատիժը կրելուց՝ չնայած որ նա չի հատուցել բանկին և դրա բազում հաճախորդներին իր իսկ կողմից պատճառված վնասները:
2. Դատարանի գնահատականը
(a) Գործի բարդությունը
128. Դատարանը նշել է, որ գործի վարույթը, որում դիմողը եղել է միակ մեղադրյալը, վերաբերել է ֆինանսական հանցագործությունների, որոնց առումով են բավարար ապացույցներ, ներառյալ մի շարք վկաների ցուցմունքները: Այն նկատել է, այդուհանդերձ, որ 1997թ. մայիսի 7-ից, երբ դատական քննությունն ընդմիջվել է, մինչև 1999թ. ապրիլի 15-ը, երբ այն վերսկսվել է, որևէ քննչական միջոցառում տեղի չի ունեցել:
Դատարանը մատնանշել է ներպետական դատարանի այն հետևությունը, որ գործը չի եղել այնքան բարդ, որպեսզի արդարացնի քննության ձգձգումը (տես վերը՝ կետ 69):
Այդպիսով, ո'չ գործի բարդությունը, ո'չ քննության պահանջները չեն եղել քննության երկարատևության պատճառ:
(b) Դիմողի վարքագիծը
129. Դատարանը նշել է, որ ներպետական դատարանի կողմից անցկացված քննությունների ողջ ընթացքում դիմողը ներկայացրել է մի շարք միջնորդություններ՝ իր գործի կապակցությամբ: Այն հիշեցրել է, որ 6-րդ հոդվածը չի պահանջում քրեական հանցագործության մեջ մեղադրվող անձից ակտիվորեն համագործակցել դատական իշխանությունների հետ (տես, օրինակ, Ռոբերտինն ընդդեմ Ֆրանսիայի գործով 1993թ. փետրվարի 25-ի վճիռը, մաս A, համար 156-D, էջ 117, կետ 43):
Այն նկատել է, որ դատական քննության ընթացքում դիմողի հարուցած միջնորդությունները դատարանի կողմից ճանաչվել են իր գործի քննությանը խանգարող: Այնուամենայնիվ, չկա որևէ ցուցում առ այն, որ մյուս դատալսումների ընթացքում՝ 1996թ. նոյեմբերի 11-ից մինչև 1997թ. մայիսի 7-ը և 1999թ. դեկտեմբերի 20-ից մինչև 2000թ. մարտի 31-ը, դիմողի վարքագիծը կարող է որևէ կերպ անվանվել դիտավորյալ:
Ինչ վերաբերում է նիստերի միջև ընկած ժամանակահատվածներում հարուցած միջնորդություններին, ապա Դատարանը նշել է, որ դրանք մեծամասամբ վերաբերել են այն հանգամանքին, որ դատարանը երկար ժամանակ ձեռնամուխ չի եղել իր գործի քննությանը: Դատարանը չի կարող գտնել, որ այս միջնորդությունները նպաստել են քննության դանդաղեցմանը, հատկապես, որ դրանք լիովին եղել են անօգուտ: Չնայած ճիշտ է, որ քննությունն արագացնելու նպատակով դիմողի գործը տեղափոխվել է այլ դատարան, դիմողին չի կարելի մեղադրել այն հարցում , որ նա առարկել է դրա դեմ այն հանգամանքից հետո, երբ տեղափոխումն իր գործում չի հանգեցրել որևէ առաջընթացի:
Դատարանը նաև նշել է, որ մեկ անգամ՝ 1997թ. օգոստոսի 8-ին նիստն ստիպված հետաձգվել է՝ դիմողի պաշտպանի չներկայանալու պատճառով:
130. Դատարանը գտել է, որ չնայած դիմողը կարող է պատասխանատու լինել որոշ ձգձգումների համար, սակայն նրա վարքագիծն էապես չի ազդել քննության տևողության վրա:
(c) Ներպետական իշխանությունների վարքագիծը
131. Ինչպես արդեն նշվել է վերը, ներպետական քննության ընթացքում տեղի են ունեցել էական ձգձգումներ, որոնք չէին կարող բացատրվել գործի բարդությամբ կամ դիմողի վարքագծով: Մասնավորապես, գործի քննությունը փաստորեն կանգ է առել գրեթե երկու տարի՝ 1997թ. մայիսի 7-ից մինչև 1999թ. ապրիլի 15-ը:
132. Դատարանը նկատել է, որ քննության ողջ ընթացքում դիմողը գտնվել է կալանքի տակ՝ մի փաստ, որը պետք է ստիպեր գործի քննությունն իրականացնող դատարանին արդարադատությունն իրականացնել արագացված:
133. Այնուհետև Դատարանը նշել է, որ Մագադանի քաղաքային դատարանի՝ 1999թ. օգոստոսի 3-ի դատավճռից և մնացած մեղադրանքներով գործը կարճելու մասին 1999թ. սեպտեմբերի 29-ի որոշումից հետո իշխանությունները դիմողին նույն փաստերի հիման վրա նոր մեղադրանք են առաջադրել՝ դրանով իսկ առավել ազդելով քննության տևողության վրա, ինչն առաջին ատյանի դատարանում տևել է ավելի, քան չորսուկես տարի:
134. Դատարանը գտել է, որ իշխանությունները չեն ցուցաբերել հատուկ հետևողականություն, մասնավորապես, 1998թ. մայիսի 5-ին Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո:
3. Հետևություն
135. Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները՝ Դատարանը գտել է, որ քննության տևողությունը չի բավարարել «ողջամիտ ժամկետի» պահանջը: Հետևաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-ր հոդվածի 1-ին կետի խախտում:
ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
136. Կոնվենցիայի 41-րդ հոդվածով նախատեսված է.
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրա արձանագրությունների խախտում, և եթե Բարձր պայմանավորվող կողմի ներպետական օրենսդրությունը թույլ է տալիս միայն մասնակի հատուցում, ապա Դատարանն անհրաժեշտության դեպքում կարող է տուժող կողմին տրամադրել արդարացի բավարարում»:
A. Նյութական վնաս
137. Դիմողը պահանջել է վնասների փոխհատուցում.
(1) 130,599 ԱՄՆ դոլար («USD») 1995թ. հուլիսից մինչև 2000թ. ապրիլի 20-ը կալանքի տակ գտնվելու ընթացքում որպես Հարավարևելյան ֆինանսական բանկի նախագահ ստանալիք աշխատավարձի կորստի համար,
(2) 203,000 ԱՄՆ դոլար մեկ այլ կազմակերպության կողմից չվճարված աշխատավարձի կորստի համար, որը նրան ազատել էր աշխատանքից իր ձերբակալման պատճառով,
(3) 500,000 ԱՄՆ դոլար՝ իր կազմակերպության սեփականությունը կորցնելու համար, որը հետևել էր նրա ձերբակալմանը,
(4) 8,600 ԱՄՆ դոլար՝ իր ավտոմեքենայի կորստի համար,
(5) 11,734,376 ԱՄՆ դոլար՝ բաժնետոմսերից ստացվելիք եկամուտների կորստի համար, որոնք նա չի կարողացել վաճառել դրանց 1995թ. շուկայական արժեքով,
(6) 436,226 ԱՄՆ դոլար` մի գործարանում ունեցած իր բաժնետոմսերի մեծ մասի կորստի համար, որը 1997թ. ճանաչվել է սնանկ:
Կրած նյութական վնասների համար դիմողի պահանջած ամբողջ գումարը կազմել է 13,012,702 ԱՄՆ դոլար:
138. Կառավարությունը վիճարկել է այս պահանջները:
139. Դատարանը հիշեցրել է, որ կապահովվի դրամական փոխհատուցում Կոնվենցիայի 41-րդ հոդվածի ներքո, եթե միայն վիճարկվող կորուստը կամ վնասը պատճառվել են իր կողմից ճանաչված խախտումով:
Ինչ վերաբերում է կետ (1)-ում նշված պահանջին, Դատարանը նշել է, որ մեղադրյալը դատապարտվել է, և որ նրա նախնական կալանքի ժամկետը հաշվարկվել է իր ազատազրկման ամբողջ ժամկետում: Այդ պատճառով Դատարանը գտել է, որ պահանջը չի կարող քննության առնվել:
Ինչ վերաբերում է մնացած պահանջներին՝ Դատարանը գտել է, որ որևէ պատճառական կապ չկա կրած վնասների և իր կողմից ճանաչված խախտումների միջև:
Այդ պատճառով Դատարանը մերժել է դիմողի՝ այս կետում ներկայացրած պահանջը:
B. Ոչ նյութական վնաս
140. Դիմողը պահանջել է 9,636,000 ֆրանսիական ֆրանկ՝ ոչ նյութական վնասի համար:
141. Կառավարությունը հայտարարել է, որ պահանջը չափազանց մեծ է, և որ խախտման փաստի ճանաչումը հանդիսանում է բավարար հատուցում:
142. Դատարանը գտել է, որ դիմողի կալանավորման տևողությունը՝ նման պայմաններում, ինչպես նաև քրեական գործի քննության տևողությունը պետք է որ պատճառած լինեին նրան անորոշության և անհանգստության զգացում, որը չի կարող փոխհատուցվել միայն խախտման փաստի ճանաչմամբ:
143. Կայացնելով անկողմնակալ որոշում՝ Դատարանը սահմանել է դիմողի համար ամբողջական գումար՝ 5,000 եվրոյի չափով՝ ի հատուցումն ոչ նյութական վնասի:
B. Ծախսեր և ծախքեր
144. Դիմողը հայտարարել է, որ ներպետական դատավարության ընթացքում իր պաշտպանի մատուցած ծառայությունների դիմաց կրած ծախսերը կազմել են մոտավորապես 40,000 ԱՄՆ դոլար:
145. Կառավարությունն այս պահանջը համարել է անհիմն և չափազանց մեծ` նկատի ունենալով Մագադանի շրջանում համապատասխան ժամանակ պաշտպանների վարձատրության չափերը: Ապա Կառավարությունը քննության է առել դիմողի կողմից ներկայացված փաստաթղթերի իսկությունը: Նաև վիճարկել է, որ ներպետական դատավարության ժամանակ դիմողի կրած ծախսերը չպետք է հատուցվեն, քանի որ դիմողը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել որոշ ժամանակով ազատազրկման:
146. Դատարանը հիշեցրել է, որպեսզի ծախսերն ու ծախքերը փոխհատուցվեն 41-րդ հոդվածին համապատասխան, պետք է հաստատվի, որ դրանք փաստացի և անհրաժեշտաբար ծախսվել են՝ կանխելու կամ վերացնելու համար Կոնվենցիայի խախտումը, նաև այդ ծախսերն ու ծախքերը պետք է լինեն ողջամիտ չափերի (տես, օրինակ, Նեյլսենն ու Ջոնսոնն ընդդեմ Նորվեգիայի [GC], համար 23118/93, կետ 43, ECHR 1999-VIII): Նյութերից ակնհայտ է դառնում, որ դիմողը կրել է օրինական ծախսեր և ծախքեր՝ գրավի դիմաց կալանքից ազատվելուն հասնելու նպատակով: Այդուհանդերձ, նա իր կողմից պահանջվող գումարի համար ներկայացրել է միայն մասնակի փաստաթղթային հիմնավորում: Ավելին, կրած ծախսերը բացարձակապես կապ չունեն Կոնվենցիայի 3-րդ հոդվածի, 5-րդ հոդվածի 3-րդ կետի և 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտումների հետ:
Գնահատելով արդարության հիմքով` Դատարանը ողջամիտ է համարել այս կապակցությամբ տրամադրել 3.000 Եվրո:
C. Տոկոսներ՝ չվճարման դեպքում
147. Դատարանը գտել է, որ չբավարարված շահը պետք է հաշվարկվի Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանված տարեկան տոկոսադրույքով՝ ներառյալ 3 տոկոս տոկոսադրույքը:
ԱՅՍ ՀԻՄՔԵՐՈՎ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ
1. Վճռում
է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում,2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում,
3. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում:
4. Վճռում է,
(a) որ պատասխանող պետությունը պետք է Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2–րդ կետին համապատասխան վճիռն ուժի մեջ մտնելու օրվանից հետո երեք ամսվա ընթացքում դիմողին վճարի հետևյալ գումարները՝ վճռի կայացման օրվա դրությամբ ռուսական ռուբլուն համարժեք փոխարժեքով.
(i) 5,000 եվրո (հինգ հազար եվրո)՝ ոչ նյութական վնասի համար,
(ii) 3,000 եվրո (երեք հազար եվրո)՝ ծախսերի և ծախքերի համար,
(iii) ցանկացած հարկ , որ կարող է գանձվել վերը նշված գումարներից,
(b) որ Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ վճռորոշ նշանակություն ունեցող վարկային տոկոսին համարժեք տարեկան տոկոսադրույքի սովորական տոկոսները, ներառյալ երեք տոկոսը, պետք է վճարվեն վերոհիշյալ երեք ամիսը լրանալուց հետո՝ մինչև բոլոր գումարների վճարումը,
(5) Մերժում է արդարացի փոխհատուցման՝ դիմողի մնացած պահանջները;
Կատարված է անգլերեն և հրապարակված է գրավոր ձևով 2002թ. հուլիսի 15-ին՝ Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերին համապատասխան:
Քարտուղար |
Նախագահող |
Կոնվենցիայի 45-րդ հոդվածի 2-րդ և Դատարանի կանոնակարգի 74-րդ կանոնի 2-րդ կետին համապատասխան՝ պարոն Քովլերի առանձին, դատավորների կազմի մեծամասնության դիրքորոշմանը համընկնող կարծիքը կցվում է սույն վճռին:
ԴԱՏԱՎՈՐ ՔՈՎԼԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՄԸՆԿՆՈՂ ԿԱՐԾԻՔԸ
(Թարգմանություն)
Ընդհանուր առմամբ ես կիսում եմ իմ գործընկերների կարծիքն այս գործով: Այդուհանդերձ, հաշվի առնելով Դատարանի վճռի իրավական կարևորությունը, անհրաժեշտ եմ համարում տալ որոշ գնահատականներ:
1. Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի առնչությամբ Ռուսաստանի արած վերապահումը, որը վերաբերում է 1960թ. հոկտեմբերի 27-ի՝ ՌՍՖՍՀ քրեական դատավարության օրենսգրքի («ՔԴՕ») որոշ դրույթների կիրառմանը, կասկածյալների ազատազրկման ընթացակարգին առնչվող համապատասխան փոփոխությունների և լրացումների հետ մեկտեղ, տարածվում են նաև ՔԴՕ-ի՝ «Կալանավորման ժամանակահատվածին» առնչվող 97-րդ հոդվածի վրա, որը նշված է վերապահման մեջ՝ ՔԴՕ-ի այլ դրույթների հետ մեկտեղ: Ուստի ես գտնում եմ, որ դժվար է արդարացնել Դատարանի՝ վճռի 108-րդ կետում արած եզրակացությունն առ այն, որ վերապահումը չի ընդգրկում դիմողի նախնական կալանքի մի մասը:
Իմ կարծիքով, ավելի ճիշտ կլիներ, եթե Դատարանը որոշեր, որ վերապահումը գոնե տարածվում է քրեական գործի քննության ժամանակ դիմողի՝ կալանքի տակ անցկացրած ժամանակահատվածի վրա: Այդուհանդերձ, պետք է հիշել, որ վերապահման տեքստի լայն կառուցվածքն այնպես, ինչպես այն տարածվում է ՔԴՕ 97-րդ հոդվածի վրա, կարող է հանգեցնել կոնկրետ հետևությունների, որ ՔԴՕ 97-րդ հոդվածի 4-7-րդ մասերում նախատեսված ժամկետներից դուրս կալանավորման ժամկետի երկարացումներն օրինական են այնպիսի դեպքերում, երբ մեղադրյալը կամ նրա պաշտպանը չեն կարող ծանոթանալ գործի նյութերին մինչև կալանքի առավելագույն ժամկետի լրանալը, երբ մեղադրյալը կամ նրա պաշտպանը պահանջում են հետագա քննություն, կամ որ դատարանը գործը վերադարձնում է լրացուցիչ քննության, երբ արդեն լրացել է կալանավորման ժամկետը:
Այլ կերպ ասած՝ 5-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի կապակցությամբ Ռուսաստանի արած վերապահումը կիրառվում է ոչ միայն կալանքի տակ պահելու ընթացակարգի (որը, իմիջիայլոց, սկզբունքորեն փոփոխվել է, ինչպես 2002թ. հուլիսի 1-ին՝ նոր ՔԴՕ-ի ուժի մեջ մտնելով), այլ նաև նախնական կալանքի այլ ժամանակահատվածների նկատմամբ: Այս կապակցությամբ անհրաժեշտ է որոշել՝ արդյոք «կալանքի տակ գտնվելը» ներառում է գործը դատարան հանձնելուց հետո կալանքի տակ անցկացրած ժամկետը, թե՝ ոչ:
2. Ռուսաստանի դատավարական օրենքը տարբերում է ազատազրկման երկու տեսակ. նախնական կալանք՝ մինչդատական քննության ընթացքում և նախնական կալանք՝ դատական քննության ընթացքում: Այս տարբերությունն արտահայտված է 2001թ. հունիսի 13-ի օրենքում, որը քրեական գործով դատական քննության առավելագույն տևողությունը սահմանափակել է վեց ամսով: Այդուհանդերձ, իր վճռի 110-րդ հոդվածում Դատարանը, հղում կատարելով իր նախադեպային իրավունքին, գտավ, որ կալանքը ներառում է ողջ նախնական կալանքի ժամանակահատվածը՝ սկսած անձին կալանքի տակ առնելու օրվանից մինչև դատարանի կողմից վճռի կայացումը: Վերջապես, քանի որ դիմողը մնացել է ծանրաբեռնված մենախցում, ապա դիմողի համար ինչ տարբերություն կա, թե արդյոք նրա կալանավորումը եղել է մինչդատական քննության կամ դատական քննության ընթացքում կամ դա կատարվել է պատասխանող պետության առնչությամբ Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց առաջ, թե՝ հետո: Այս տարբերությունը կարող էր, այդուհանդերձ, կարևորություն ներկայացնել Դատարանի համար, եթե Դատարանն ընդուներ, որ պետության հայեցողության շրջանակը համապատասխանում է կալանավորման ժամկետների ողջամտության որոշմանը:
Դիմողը պահվել է կալանքի տակ նախնական քննության ընթացքում 1995թ. հունիսի 29-ից (նրան կալանքի տակ առնելու օրը) մինչև 1996թ. հունիսի 19-ը (տարածքային դատախազության կողմից գործը Մագադանի քաղաքային դատարանին փոխանցելու օրը), այսինքն, նա կալանքի տակ է պահվել տասնմեկ ամիս և քսաներկու օր, որը նվազ է, քան ՔԴՕ 97-րդ հոդված 2-րդ մասով նախատեսված տասնութ ամսյա առավելագույն ժամկետը, որից հետո մեղադրյալը կարող է անհապաղ ազատ ազատվել (ՔԴՕ 97-րդ հոդվածի 3-րդ մաս):Դիմողի կալանավորման այս մասը չի կարող մեղսագրվել պատասխանող պետությանը, քանի որ այն նախորդել է Ռուսաստանի առնչությամբ Կոնվենցիայի ուժի մեջ մտնելով (չհամատեղվող ratione temporis):
Դիմողի կալանքը դատական քննության ընթացքում տևել է մինչև 1999թ. օգոստոսի 3-ը, երբ Մագադանի քաղաքային դատարանը կայացրել է իր առաջին դատավճիռը, այսինքն՝ երեք տարի, մեկ ամիս և քսանմեկ օր (ինչպես հաստատել է Դատարանը վերը՝ իր վճռի 110-րդ կետում): Չպետք է մոռանալ այն, որ դատավճռի կայացման ձգձգումը և, համապատասխանաբար, դիմողի երկարատև կալանավորումը մասամբ եղել են դիմողի՝ դատավորներին ուղղված բացարկների և քննությունն այլ դատարանի կողմից իրականացվելու վերաբերյալ նրա միջնորդությունների, ինչպես նաև դատապաշտպաններին փոխելու և նրանց չներկայանալու հետևանք, փաստեր, որոնք Դատարանը հստակորեն ընդունում է իր վճռի 130-րդ կետում: Այս ձգձգումը տևել է մեկ տարի և երեք ամիս: Դա, իհարկե, չի արդարացնում հենց դատարանների պատճառով տեղի ունեցած դատավարական ձգձգումները, բայց, այնուամենայնիվ, ստեղծում է դատական քննության ընթացքում դիմողի կալանքի այլ պատկեր:
Վերջապես, գործը լրացուցիչ քննության վերադարձնելը և Մագադանի քաղաքային դատարանի կողմից 2000թ. մարտի 31-ին երկրորդ դատավճռի կայացումը երկարացրել են կալանավորման ժամկետը ևս յոթ ամսով՝ ՔԴՕ 97-րդ հոդվածի 7-րդ մասին համապատասխան:
Այդուհանդերձ, ընդհանուր առմամբ դիմողը կալանքի տակ է պահվել հինգ տարի, մեկ ամիս և քսաներեք օր, դրանից չորս տարի, ինն ամիս և երկու օր անցկացրել է Մագադանի N 1 նախնական կալանավայրում: Դա չի կարող համարվել կալանքի ողջամիտ ժամկետ՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի իմաստով, չնայած իմ՝ վերը նշած հանգամանքներին: ՔԴՕ 97-րդ հոդվածի 8-րդ մասին համապատասխան՝ դիմողը մի քանի անգամ դիմել է դատարանին իր կալանավորման օրինականության և հիմնավոր լինելու հարցի կապակցությամբ: Այդպիսով, նա սպառել է, Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան, իր տրամադրության տակ եղած պաշտպանության բոլոր ներպետական միջոցները:
3. Ինչ վերաբերում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հետ կապված հարցերին (արդարացի և հրապարակային քննություն պատշաճ ժամկետում), ապա Դատարանը, ցավոք, իմ կարծիքով, անտեսել է այն փաստը, որ դիմողը չի օգտագործել 1999թ. օգոստոսի 3-ի վճիռը բողոքարկելու իր իրավունքը՝ այդպիսով բաց թողնելով պաշտպանության ներպետական միջոցներն սպառելու հարցը: Այդուհանդերձ, ճիշտ է, որ դիմողի փաստարկներն ամրապնդվում են այն փաստով, որ այդ դատավճիռը չի եղել վերջնական, դրան հետևել է լրացուցիչ քննություն և նոր դատավճռի կայացում 2000թ. մարտի 31-ին:
4. Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները՝ գտնում եմ, որ կարելի է վիճել Կոնվենցիայի 3-րդ, 5-րդ հոդվածների 3-րդ կետի և 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտման կապակցությամբ իմ գործընկերների կարծիքի շուրջ, սակայն համոզված եմ, որ վճռի 143-րդ կետում արդարացի փոխհատուցման ապահովումը պետք է գնահատվի առանձին՝ կապված հայտնաբերված տարբեր խախտումների հետ:
