ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 դեկտեմբերի 2018 թվականի N 1520-Ն
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎԸ ՎԱՐԵԼՈՒ, ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎՈՒՄ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԵՎ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 11-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվը վարելու, կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հոկտեմբերի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Միրզոյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1520 -Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎԸ ՎԱՐԵԼՈՒ, ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎՈՒՄ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԵՎ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎԻՑ ՀԱՆԵԼՈՒ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվը (այսուհետ` կադրերի ռեզերվ) վարելու, քաղաքացիական ծառայողներին կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու ընթացակարգը:
2. Կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողի վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետում:
3. Կադրերի ռեզերվում գրանցված լինելու ժամանակահատվածը համարվում է քաղաքացիական ծառայության ստաժ:
4. Կադրերի ռեզերվում գտնվելու ժամանակահատվածում քաղաքացիական ծառայողը չունի արձակուրդի իրավունք, և կադրերի ռեզերվից հանելու ժամանակ ռեզերվում գրանցված լինելու ժամանակահատվածը չի ներառվում և չի հաշվարկվում վերջնահաշվարկում:
2. ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎԻ ՎԱՐՈՒՄԸ
5. Կադրերի ռեզերվը քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում (այսուհետ՝ տեղեկատվական հարթակ) վարում են համապատասխան մարմինները, իսկ գործունեությունը դադարած մարմինների կադրերի ռեզերվը վարում է քաղաքացիական ծառայության գրասենյակը:
6. Յուրաքանչյուր համապատասխան մարմին տեղեկատվական հարթակում ունի իր բաժինը, որտեղ լրացնում է սույն կարգով սահմանված տվյալները։
7. Համապատասխան մարմնի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի (այսուհետ` քաղաքացիական ծառայության գրասենյակ) կողմից վարվող կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու դեպքում տեղեկատվական հարթակի համապատասխան բաժնում լրացվում են հետևյալ տեղեկությունները՝
1) գրանցման դիմումի ամսաթիվը.
2) գրանցման հիմքը.
3) կադրերի ռեզերվում գրանցելու մասին հրամանի (որոշման) համարը, ամսաթիվը.
4) զբաղեցրած քաղաքացիական ծառայության վերջին պաշտոնը, ծածկագիրը.
5) ազատման հրամանի (որոշման) համարը, ամսաթիվը.
6) կադրերի ռեզերվից հանելու հիմքը.
7) կադրերի ռեզերվից հանելու հրամանի (որոշման) համարը, ամսաթիվը.
8) քաղաքացիական ծառայողի անունը, ազգանունը, հայրանունը.
9) ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը.
10) անձը հաստատող փաստաթղթի համարը, տալու և վավերականության ամսաթվերը, ում կողմից է տրվել, հանրային ծառայության համարանիշը.
11) կրթությունը (ուսումնական հաստատության անվանումը, ուսման սկիզբը (նշվում է առկայության դեպքում), ավարտը, ստացած մասնագիտությունը, որակավորումը կամ կրթական աստիճանը, դիպլոմի կամ վկայականի սերիան, համարը և տալու ամսաթիվը).
12) օտար լեզվի իմացությունը, տիրապետման աստիճանը.
13) համակարգչային գիտելիքների իմացությունը.
14) ընդհանուր աշխատանքային ստաժը, այդ թվում՝ հանրային ծառայության ստաժը և մասնագիտական աշխատանքային ստաժը.
15) հաշվառման, բնակության վայրը (փոստային հասցեն), հեռախոսահամարները, էլեկտրոնային փոստի հասցեն.
16) տեղեկատվություն՝ պաշտոնային դրույքաչափի մասին.
17) ծանոթություն (լրացվում է ըստ անհրաժեշտության):
8. Կադրերի ռեզերվում գրանցելու (հանելու) մասին համապատասխան հրամանն (որոշումն) ընդունելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում սույն կարգի 7-րդ կետում նախատեսված տեղեկությունները համապատասխան մարմինների, ինչպես նաև քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից ներառվում են տեղեկատվական հարթակում։
9. Կադրերի ռեզերվում գրանցելու (ռեզերվից հանելու) հրամանն (որոշումն) ընդունելու օրվան հաջորդող աշխատանքային օրը, կադրերի ռեզերվում գրանցված (հանված) քաղաքացիական ծառայողների տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը զբաղեցրած քաղաքացիական ծառայության վերջին պաշտոնը, ռեզերվում գրանցման (հանման) օրենքով սահմանված հիմքը և համապատասխան որոշման (հրամանի) ամսաթիվը) տեղադրվում են համապատասխան մարմինների պաշտոնական ինտերնետային կայքէջում:
10. Տեղեկատվական հարթակում կադրերի ռեզերվի վերաբերյալ լրացված տեղեկատվությունը յուրաքանչյուր համապատասխան մարմնի հասանելի է միայն իր մասով, իսկ քաղաքացիական ծառայության գրասենյակին հասանելի է ամբողջությամբ։
3. ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎՈՒՄ ԳՐԱՆՑԵԼԸ
11. Քաղաքացիական ծառայողները կադրերի ռեզերվում գրանցվում են՝ համաձայն իրենց դիմումի (Ձև N 1):
12. Կադրերի ռեզերվում գրանցվում են «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ Օրենք) նախատեսված հիմքերով քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատված քաղաքացիական ծառայողները, բացառությամբ քաղաքացիական ծառայության պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնող քաղաքացիական ծառայողների:
13. Կադրերի ռեզերվում գրանցման համար Օրենքով սահմանված հիմքերն են՝
1) հաստիքների և (կամ) Օրենքի 23-րդ հոդվածով սահմանված դեպքում քաղաքացիական ծառայության պաշտոնի կրճատումը.
2) Օրենքի 23-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքերում քաղաքացիական ծառայության պաշտոնի չնշանակվելը.
3) քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատելու կամ ծառայությունը դադարեցնելու որոշումն անվավեր ճանաչելու և անձին քաղաքացիական ծառայության իր պաշտոնում վերականգնելը.
4) համապատասխան մարմնի գործունեության դադարումը.
5) Օրենքի 23-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված դեպքում քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակվելուն համաձայնություն չտալը:
14. Սույն կարգի 13-րդ կետի 1-3-րդ և 5-րդ ենթակետերով սահմանված հիմքերի ի հայտ գալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատված քաղաքացիական ծառայողները համապատասխան մարմնի գլխավոր քարտուղարին (Օրենքով սահմանված պաշտոնատար անձին) ներկայացնում են կադրերի ռեզերվում գրանցվելու վերաբերյալ դիմում:
15. Համապատասխան մարմնի գլխավոր քարտուղարը (Օրենքով սահմանված պաշտոնատար անձը) կադրերի ռեզերվում գրանցվելու վերաբերյալ դիմումն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է հրաման (որոշում)՝ քաղաքացիական ծառայողին կադրերի ռեզերվում գրանցելու վերաբերյալ:
16. Գործունեությունը դադարեցնող համապատասխան մարմնի գլխավոր քարտուղարը (Օրենքով սահմանված պաշտոնատար անձը) համապատասխան մարմնի գործունեությունը դադարեցնելու վերջին օրվան նախորդող աշխատանքային օրը կադրերի ռեզերվում գրանցվող քաղաքացիական ծառայողների անձնական գործերը տեղեկատվական հարթակում փոխանցում է քաղաքացիական ծառայության գրասենյակ՝ կցելով սույն կարգի 7-րդ կետի 4-5-րդ և 8-16-րդ ենթակետերով սահմանված տեղեկությունները, ինչպես նաև կադրերի ռեզերվում գրանցումը հիմնավորող փաստաթղթերը՝ քաղաքացիական ծառայողի կողմից կադրերի ռեզերվում գրանցվելու մասին դիմումի հետ միասին: Տվյալ դեպքում քաղաքացիական ծառայողը կադրերի ռեզերվում գրանցվելու համար դիմումը ներկայացնում է համապատասխան մարմնի գործունեությունը դադարեցնելու վերջին օրվան նախորդող աշխատանքային օրվանից առաջ՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում։
17. Քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարը սույն կարգի 16-րդ կետով սահմանված՝ կադրերի ռեզերվում գրանցելու վերաբերյալ տեղեկատվությունն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում կայացնում է որոշում՝ քաղաքացիական ծառայողներին կադրերի ռեզերվում գրանցելու մասին:
18. Կադրերի ռեզերվում գրանցվելու դեպքում քաղաքացիական ծառայողի հետ վերջնահաշվարկ չի կատարվում: Այս դեպքում քաղաքացիական ծառայողի հետ վերջնահաշվարկը կատարվում է, եթե քաղաքացիական ծառայողի լիազորությունները դադարում են Օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետով նախատեսված հիմքով:
19. Համապատասխան մարմինների կողմից վարվող կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողները համապատասխան մարմնից սահմանված կարգով ստանում են վարձատրություն, իսկ քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից վարվող կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողները վարձատրությունն ստանում են քաղաքացիական ծառայության գրասենյակից:
20. Կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողներին վարձատրությունը տրամադրվում է կադրերի ռեզերվում գրանցվելու օրվանից հաշված երեք ամսվա համար:
4. ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎԻՑ ՀԱՆԵԼԸ
21. Քաղաքացիական ծառայողը կադրերի ռեզերվից հանվում է հետևյալ հիմքերի առկայության դեպքում, և կադրերի ռեզերվից հանելու մասին գլխավոր քարտուղարի (Օրենքով սահմանված պաշտոնատար անձի) հրամանում (որոշման մեջ), իսկ քաղաքացիական ծառայության գրասենյակի դեպքում՝ քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի որոշման մեջ, որպես կադրերի ռեզերվից հանելու օր, նշվում է՝
1) անձնական դիմումի հիման վրա կադրերի ռեզերվից հանելու դեպքում՝ դիմումում նշված օրը, որը կարող է լինել նաև դիմումի տրման օրվանից ուշ կամ շուտ: Այն դեպքում, երբ դիմումում կադրերի ռեզերվից հանելու ամսաթիվ նշված չէ, ապա ռեզերվից հանելու օր է համարվում կադրերի ռեզերվից հանելու մասին հրամանի ընդունման օրը․
2) օրենքով սահմանված առավելագույն տարիքը լրանալու դեպքում՝ առավելագույն տարիքը լրանալու օրվան հաջորդող օրը.
3) կադրերի ռեզերվում միանգամյա գտնվելու առավելագույն ժամկետը լրանալու դեպքում՝ միանգամյա գտնվելու առավելագույն ժամկետը լրանալու օրը․
4) հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու կամ այլ աշխատանքի անցնելու դեպքում՝ այդ պաշտոնը զբաղեցնելու կամ այլ աշխատանքի անցնելու օրը․
5) «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու դեպքում՝ այդ փաստի առթիվ կազմված համապատասխան եզրակացությամբ խախտման փաստի արձանագրման օրվան հաջորդող օրը, ինչպես նաև նույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված՝ հանրային ծառայության ընդունվելու իրավունքի սահմանափակման դեպքերի ի հայտ գալու օրվան հաջորդող օրը․
6) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու դեպքում՝ քաղաքացիությունը դադարեցնելու օրը․
7) կադրերի ռեզերվում գրանցված անձի մահվան դեպքում՝ նրա մահվան վկայականում նշված մահվան օրը.
8) Օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ, 12-րդ, 13-րդ և 14-րդ կետերով նախատեսված դեպքերում՝ համապատասխան դատավճռի ուժի մեջ մտնելու օրվան կամ համապատասխան բժշկական եզրակացության տրման օրվան հաջորդող օրը:
22. Սույն կարգի 21-րդ կետով սահմանված՝ կադրերի ռեզերվից հանման հիմքերի ի հայտ գալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան մարմնի գլխավոր քարտուղարը (Օրենքով սահմանված պաշտոնատար անձը), քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարը ընդունում են հրաման (որոշում)՝ կադրերի ռեզերվից հանելու մասին:
23. Եթե քաղաքացիական ծառայողն Օրենքով սահմանված կարգով քաղաքացիական ծառայության պաշտոն է զբաղեցնում նույն համապատասխան մարմնում, ապա կադրերի ռեզերվից դուրս գալու դեպքում նրա հետ վերջնահաշվարկ չի կատարվում։ Այն դեպքում, երբ քաղաքացիական ծառայողը պաշտոն է զբաղեցնում այլ համապատասխան մարմնում, ապա կադրերի ռեզերվից դուրս գալու դեպքում նրա հետ կատարվում է վերջնահաշվարկ:
24. Այն դեպքում, երբ քաղաքացիական ծառայողը կադրերի ռեզերվից հանվել է սույն կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված հիմքով, սակայն հետագայում պարզվել է, որ մինչև կադրերի ռեզերվից հանելու մասին դիմում ներկայացնելն առկա են եղել սույն կարգի 21-րդ կետի 4-րդ, 5-րդ, 6-րդ կամ 8-րդ ենթակետերով սահմանված կադրերի ռեզերվից հանելու հիմքեր, ապա տվյալ քաղաքացիական ծառայողին կադրերի ռեզերվից հանելու մասին հրամանում (որոշման մեջ) կատարվում է համապատասխան փոփոխություն, և օրենսդրությամբ այդ ժամանակահատվածի համար վարձատրություն նախատեսված լինելու դեպքում իրականացվում է կադրերի ռեզերվում գտնվելու համար տրամադրված վարձատրության վերահաշվարկ՝ նրանից հետ գանձելով ավել օրերի համար վճարված գումարը։
25. Այն դեպքում, երբ սույն կարգի 21-րդ կետի 2-8-րդ ենթակետերում նշված՝ կադրերի ռեզերվից հանելու հիմքերի վերաբերյալ տեղեկատվությունը ստացվել է այդ հիմքերի ի հայտ գալու ժամկետներից ավելի ուշ, ապա համապատասխան իրավական ակտով տվյալ քաղաքացիական ծառայողը հանվում է կադրերի ռեզերվից իրավական հիմքի ծագման պահից՝ միաժամանակ օրենսդրությամբ այդ ժամանակահատվածի համար վարձատրություն նախատեսված լինելու դեպքում կատարելով վարձատրության վերահաշվարկ։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Միրզոյան |
Ձև N 1
---------------------------------------------------------
(համապատասխան մարմնի գլխավոր քարտուղարի
(Օրենքով սահմանված պաշտոնատար անձի)
պաշտոնը, անունը, ազգանունը)
-------------------------------------------------------------
(զբաղեցրած պաշտոնից ազատված քաղաքացիական
ծառայողի անունը, ազգանունը, հայրանունը)
Դիմում
կադրերի ռեզերվում գրանցելու մասին
Խնդրում եմ ինձ գրանցել կադրերի ռեզերվում։
Հայտնում եմ, որ տեղեկացված եմ հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու կամ այլ աշխատանքի անցնելու դեպքում սահմանված կարգով ինձ ռեզերվից հանելու մասին դիմում ներկայացնելու վերաբերյալ։
Դիմող՝ (ստորագրություն, անուն, ազգանուն)
Ամսաթիվը, ամիսը, տարեթիվը