ԲԱՐԱԲԱՆՇԻԿՈՎՆ ԸՆԴԴԵՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԳՈՐԾՈՎ
2009թ. հունվարի 8-ի վճիռը
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
ՓԱՍՏԵՐ
I. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
6. Դիմողը ծնվել է 1961թ. և ապրել Լիպեցկի տարածաշրջանի Թերբունի գյուղում:
A. Դիմողի ձերբակալությունը և ոստիկանության կողմից վատ վերաբերմունքը
7. 2001թ. օգոստոսի 7-ին դիմողը գնել է շաքարավազ տկն Դ.-ից: Նա վճարել է հարյուր դոլարանոց թղթադրամով: Երբ տկն Դ.-ն փորձել էր փոխանակել այն ռուսական ռուբլով, նրան հայտնել էին, որ թղթադրամը կեղծ է: Տկն Դ.-ն բողոք է ներկայացրել Լիպեցկի քաղաքային ոստիկանության վարչություն` պնդելով, որ դիմողը նրան` տվել է կեղծ թղթադրամ:
8. Նույն օրը ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել են դիմողի մեքենան և ձերբակալել նրան` խարդախության և կեղծ արժույթի օգտագործման կասկածանքով: Ձերբակալության ընթացքում դիմողը փորձել է դոլարի որոշ թղթադրամներ հանձնել իր ընկերոջը, ով ոստիկանի հրամանով նշված թղթադրամները վերադարձրել է դիմողին:
9. Դիմողը տեղափոխվել էր Օկտյաբրսկի շրջանի ոստիկանության բաժանմունք:
10. Ըստ դիմողի` նա հրաժարվել էր պատասխանել քննիչի հարցերին, և ոստիկանության աշխատակիցները ռետինե մահակներով մի քանի անգամ հարվածել էին նրա գլխին, մեջքին ու ոտքերին: Ծեծին հաջորդել էին իր մեղքը խոստովանելու պահանջները: Ոստիկանության աշխատակիցը երկու անգամ հարվածել էր դիմողի ականջին և մեկ անգամ նրա երկու ականջներին` երկու ձեռքերով միաժամանակ: Ոստիկանության աշխատակիցները շարունակել էին ռետինե մահակներով հարվածել դիմողի ոտքերին և գլխին: Դիմողը փորձել է խուսափել հարվածներից, սակայն երբ նա հայտնվել էր աթոռի հետևում` մահակներով մի շարք հարվածներ էին հասցրել կրծքավանդակին և մեջքին: Դիմողն ընկել էր հատակին: Ոստիկանները շարունակել էին հարվածել նրա մեջքին և ոտքերին: Նրանք ստիպել էին դիմողին ընդունել կեղծ դրամի օգտագործման փաստը:
11. Կառավարությունը պնդել է, որ դիմողին ոստիկանության բաժանմունք տեղափոխելուց հետո Լիպեցկի ոստիկանության վարչության քննիչ տկն Զ.-ն հարցաքննել էր նրան: Դիմողը խոստովանել էր, որ ինքն զբաղվում է կեղծ թղթադրամների տարածմամբ: Մասնավորապես, նա նշել է, որ ինքն անհայտ անձից գնել էր երեք կեղծ հարյուր դոլարանոց թղթադրամ ու խնդրել իր ընկերոջը` պրն Մա.-ին այդ թղթադրամները փոխանակել ռուսական ռուբլով: Պրն Մա.-ն հայտնել էր նրան, որ թղթադրամները կեղծ են և հրաժարվել էր վերցնել դրանք: 2001թ. օգոստոսի 7-ին դիմողը շաքար էր գնել տկն Դ.-ից և վճարել այդ թղթադրամներից մեկով: Իր խոստովանության մեջ դիմողը նշել էր հետևյալը.
«Խոստովանական հայտարարությունը գրված է ձեռքով` իմ կողմից, առանց բարոյական կամ ֆիզիկական ճնշման գործադրման»:
Կառավարությունը նշել է, որ դիմողը նախքան խոստովանական ցուցմունք տալը տեղեկացվել էր փաստաբան ունենալու իր իրավունքի մասին: Այնուամենայնիվ, նա ուղղակի հրաժարվել էր այդ իրավունքից:
12. 2001թ. օգոստոսի 8-ին դիմողը տեղափոխվել էր Օկտյաբրսկի շրջանի ոստիկանության բաժանմունքի ժամանակավոր մեկուսարան: Ըստ Կառավարության` նրա մոտ հայտնաբերվել էր ձախ թևի վնասվածք և մարմնի ձախ կողմում` կապտուկ, որը հասցվել էր 2001թ. օգոստոսի 8-ին Օկտյաբրսկի շրջանի ոստիկանության բաժանմունքում, և որ նա չէր բողոքել իր առողջական վիճակի կապակցությամբ: Կառավարությունը ներկայացրել է գրանցամատյանից պահակի կողմից պատճենահանված և կալանավայրի ղեկավարի կողմից հաստատված մի քաղվածք: Ըստ Կառավարության կողմից ներկայացված այդ քաղվածքի` դիմողը նույն օրը հետազոտվել էր նաև բանտի քիթ-կոկորդ-ականջի բժշկի կողմից, ով նույնպես չէր հայտնաբերել ականջի վնասվածքի որևէ նշան:
13. 2001թ. օգոստոսի 9-ին դիմողը բերման էր ենթարկվել Օկտյաբրսկի համայնքի դատախազի մոտ, ով թույլատրել էր նրա կալանքը` հաշվի առնելով մեղադրանքի ծանրությունը: Դիմողը բողոքել է դատախազին, որ ոստիկանության աշխատակիցները դաժան ծեծի են ենթարկել իրեն իր ձերբակալության ընթացքում: Նույն օրը, դատախազի պահանջով, ոստիկանության քննիչ տկն Զ.-ի հրամանով դիմողը ենթարկվել էր բժշկական փորձաքննության: Քննիչի որոշման համապատասխան մասը շարադրված է հետևյալ կերպ.
«2001թ. օգոստոսի 9-ին, երբ [դիմողը] բերման է ենթարկվել Լիպեցկի քաղաքային դատախազի մոտ` նրան կալանքի տակ պահելու թույլտվություն ստանալու համար, [նա] բողոքել է, որ իրեն ծեծել են ոստիկանության աշխատակիցները: Ոստիկանության աշխատակիցները, ովքեր ձերբակալել էին [դիմողին], հայտարարել են, որ ձերբակալության ընթացքում [դիմողը] երկու անգամ կորցրել է գիտակցությունը»:
Քննիչը մի շարք հարցեր էր ներկայացրել փորձագետին` դիմողի մարմնի վրա հնարավոր վնասվածքների առկայության, դրանց ծանրության և բնույթի վերաբերյալ:
14. Մի քանի ժամ անց` մոտավորապես ժամը 6.00-ին, բժիշկ-փորձագետը հետազոտել էր դիմողին: 2001թ. օգոստոսի 13-ի նրա եզրակացության համապատասխան մասը շարադրված է հետևյալ կերպ.
«2.1. Հետազոտության արդյունքում [հայտնաբերվել է] կապտակարմիր գույնի կապտուկ ձախ կողի երկայնքով` 9-11-րդ կողոսկրերի միջև, որը չափավոր հագեցած է, ունի շերտագիծ [և] 4 սմ լայնություն և 7.5 սանտիմետր երկարություն: Աջ թիակի աջ եզրին [և] գլխի աջ կողմում [առկա են] երկարավուն քերծվածքներ, [որոնք] ծածկված են չոր մաշկով և [որն] ունի 0.3 սանտիմետր լայնություն և 3.5 սանտիմետր երկարություն: Որևէ այլ վնասվածք չի հայտնաբերվել»:
Եզրակացություն
3.1. [Դիմողի] բժշկական զննության ընթացքում հայտնաբերվել են հետևյալ վնասվածքները. կապտուկ գոտկատեղի շրջանի ձախ կողմում, քերծվածքներ աջ ուսի վրա և գլխի աջ կողմում:
3.2. Այս վնասվածքները պատճառվել էին նեղ, երկարավուն մակերես ունեցող բութ ամուր առարկայի օգնությամբ` մարմնի նշված մասերին վնասվածքներ հասցնելու հետևանքով: Սույն վնասվածքները չեն կարող դիտարկվել որպես առողջությանը վնաս պատճառել:
3.3. Այդ վնասվածքների տեսակը, բնույթը և ինտենսիվությունը թույլ են տալիս եզրակացնել, որ դրանք պատճառվել էին զննությունից երեքից հինգ օր առաջ, այսպիսով` չի բացառվում այն հավանականությունը, որ դրանք առաջացել էին ... 2001թ. օգոստոսի 7-ին:
3.4. Անհնար է գնահատել այդ վնասվածքները` որոշելու համար, թե արդյոք դրանք առաջացել էին ընկնելու կամ որոշակի առարկայի ազդեցության հետևանքով, քանի որ ենթադրյալ «ընկնելու» հանգամանքներն անհայտ են:
15. 2001թ. օգոստոսի 11-ին շտապօգնության անձնակազմը երկու անգամ այցելել էր դիմողին` սրտի շրջանում սուր ցավ ու գլխապտույտ ունենալու նրա բողոքների առիթով:
16. Հաջորդ օրը դիմողը հսկիչներին գանգատվել էր կրծքավանդակի աջ կողմում և մեջքի շրջանում սուր ցավից: Շտապօգնության անձնակազմը նրան տեղափոխել էր Լիպեցկի շրջանային հիվանդանոց: Դիմողը, առանց որևէ այլ բացատրության` տալու գանգատվել էր հիվանդանոցի բժիշկներին, որ իրեն ծեծել են 2001թ. օգոստոսի 7-ին: Դիմողի բժշկական զննության վերաբերյալ հիվանդանոցի զեկույցում նշված էր հետևյալը.
«1. Ուրոլոգի զննությունը: Ախտորոշում` աջ երիկամի վնասվածք: Այդ վնասվածքի բուժումն իրականացվում է ուրոլոգիական բաժանմունքում` տասնօրյա ժամկետում: Հետագա զննությունը կկատարվի վիրաբույժի կողմից` բնակության վայրում:
2. Քիթ-կոկորդ-ականջի բժշկի զննությունը: Ախտորոշում` երկկողմ ականջաբորդ, քթի արտաքին հետվնասվածքային ձևախախտում և քթի միջնապատի շեղում: Դիմողի մոտ բավականին երկար ժամանակ առկա են եղել սույն երկու խնդիրները, և [դրանք] չեն առաջացել մոտ մեկ շաբաթ առաջ` գլխի վնասվածքի հետևանքով:
3. Նյարդավիրաբույժի զննություն: Ախտորոշում` հետվնասվածքային ասթենիկ սինդրոմ: [Դիմողը] պետք է վերահսկվի նյարդաբանի կողմից բնակության վայրում ...»:
Զեկույցում նաև նշվել էր, որ դիմողը կողերի և մեջքի աջ կողմում ուներ կապտուկներ:
17. Դիմողը գտնվել էր հիվանդանոցում մինչև 2001թ. օգոստոսի 22-ը:
B. Դիմողի նկատմամբ վատ վերաբերմունքի վերաբերյալ բողոքների վարույթը
18. 2001թ. հոկտեմբերի 19-ին Լիպեցկի Օկտյաբրսկի շրջանի դատախազի օգնական տկն Ֆ.-ն մերժել էր դիմողի ծեծի վերաբերյալ բողոքը: Մեկէջանոց որոշումը շարադրված է հետևյալ կերպ.
«2001թ. հոկտեմբերի 8-ին Լիպեցկի Օկտյաբրսկի շրջանի դատախազությունը նյութեր էր ստացել ... 2001թ. օգոստոսի 7-ին ոստիկանության աշխատակիցների կողմից իրեն ծեծելու վերաբերյալ [դիմողի] բողոքի հետ կապված:
Հարցաքննության ընթացքում [դիմողը] հրաժարվել էր բացատրություն տալ ծեծի մասին` փաստաբանի բացակայության պատճառով: Այն բանից հետո, երբ [նրան] ասացին, որ փաստաբանի ներկայությունն անհրաժեշտ չէ այս դեպքում, [դիմողը] կրկին հրաժարվել էր տրամադրել որևէ բացատրություն` առանց իր մերժումը հիմնավորելու:
Հետևաբար, հնարավոր չէր պարզել դեպքի հանգամանքները:
Վերոնշյալի հիման վրա ... [դիմողի] պահանջը` ոստիկանության աշխատակիցներին քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, մերժվում է քրեական հանցագործության հատկանիշների բացակայության պատճառով»:
19. 2001թ. նոյեմբերի 19-ին Լիպեցկի Օկտյաբրսկի շրջանի դատախազը հանձնարարել էր կատարել լրացուցիչ քննություն դիմողի` վատ վերաբերմունքի բողոքների վերաբերյալ կապակցությամբ:
20. Երեք օր անց դիմողը դիմել էր քննիչին լրացուցիչ բժշկական զննություն թույլատրելու խնդրանքով և կրկին բողոքել էր ծեծի մասին, սակայն` ապարդյուն:
21. 2001թ. դեկտեմբերի 7-ին դատախազի օգնական տկն Ֆ.-ն զեկույց էր ներկայացրել, ով հաստատում էր իր` 2001թ. հոկտեմբերի 19-ի որոշման օրինականությունը: Այն հետևյալ ձևակերպմամբ էր.
«Հարցաքննության ընթացքում [դիմողը] պարզաբանել էր, որ 2001թ. օգոստոսի 7-ին նրան ձերբակալել էին... և տարել Լիպեցկի Օկտյաբրսկի շրջանի ոստիկանության բաժանմունք: Ոստիկանության բաժանմունքում իրեն հարցաքննել էին ոստիկանության աշխատակիցներ պրն Ս.-ն, պրն Մ.-ն և պրն Յ.-ն: Հարցաքննության ընթացքում ոստիկանության աշխատակիցներ` պրն Ս.-ն և պրն Յ.-ն ծեծի էին ենթարկել [դիմողին]` հարվածելով նրա գլխին, մասնավորապես, ականջներին և ծոծրակին: Պրն Մ.-ն չէր մասնակցել ծեծին: Ծեծից հետո [դիմողը] գրել էր խոստովանական վկայություն»:
Փաստերի կապակցությամբ հարցաքննված պրն Ս.-ն հայտարարել էր, որ 2001թ. օգոստոսի 7-ին ինքը` պրն Յ.-ի և պրն Մ.-ի հետ մեկտեղ, զրուցել էր [դիմողի] հետ Օկտյաբրսկի շրջանի ոստիկանության բաժանմունքի հարցաքննության սենյակում. [դիմողը] ձերբակալվել էր կեղծ թղթադրամներ օգտագործելու կասկածանքով: [Դիմողն] ինքնակամ տրամադրել էր իր ձերբակալմանը հանգեցրած բոլոր պարագաները: Բարոյական կամ ֆիզիկական ճնշում չի գործադրվել [դիմողի] նկատմամբ: [Դիմողի] հետ խոսելուց հետո պրն Ս.-ն և պրն Յ.-ն լքել էին սենյակը, և պրն Մ.-ն մնացել էր [դիմողի] հետ:
Պրն Յ.-ն արել էր նույնանման հայտարարություն:
Պրն Մ.-ի կողմից արված հայտարարությունները նման էին պրն Ս.-ի և պրն Յ.-ի հայտարարություններին, սակայն նա նաև ավելացրել էր, որ պրն Ս.-ի և պրն Յ.-ի գնալուց հետո [դիմողը] տեղեկացվել էր իր` Ռուսաստանի Սահմանադրության 51-րդ հոդվածով երաշխավորված [իրավունքների], ինչպես նաև պատիժը մեղմացնող հանգամանքների մասին: [Դիմողը] ցանկություն էր հայտնել խոստովանական հայտարարություն գրել... իր հանցանքների, այն է` ԱՄՆ կեղծ դոլարների վաճառքի վերաբերյալ:
Առերեսման ընթացքում, որին մասնակցել էր [դիմողը]... պրն Ս.-ն, պրն Մ.-ն և պրն Յ.-ն հաստատել էին իրենց հայտարարությունները:
2001թ. օգոստոսի 13-ի թիվ 785 փորձագիտական եզրակացության համաձայն` համաձայն [դիմողը] ուներ կապտուկ մեջքի ձախ կողմում` աջ ուսի և գլխի աջ կողմում վնասվածքներ, ինչը չի կարող դիտվել որպես առողջությանը վնաս պատճառելու հիմք:
Ըստ Լիպեցկ քաղաքի ոստիկանության բաժանմունքի ոստիկանության աշխատակիցներ պրն Պ.-ի և պրն Ա.-ի հայտարարությունների, ովքեր 2001թ. օգոստոսի 7-ին մասնակցել էին [դիմողի] ձերբակալությանը, երբ [դիմողը] տարվել էր Օկտյաբրսկի շրջանի ոստիկանության բաժանմունք, նա կորցրել էր գիտակցությունը և ընկել հատակին: Ուշքի գալուց հետո [դիմողը] բացատրել էր, որ ինքը սրտի կաթված է տարել և խնդրել էր բերել իր դեղերը: Նրանք կարծել էին, որ [դիմողի] ուշագնացությունը կեղծ էր:
Լիպեցկ քաղաքի ոստիկանության բաժանմունքի աշխատակից պրն Զա.-ն, ով նույնպես մասնակցել էր [դիմողի] ձերբակալությանը, արել էր նույնանման հայտարարություն:
2001թ. օգոստոսի 9-ին քիթ-կոկորդ-ականջի բժշկի կողմից զննության արդյունքում [դիմողի] մոտ չէին հայտնաբերվել ականջի վնասվածքի նշաններ:
Լիպեցկ քաղաքի ոստիկանության ժամանակավոր ձերբակալվածների բաժանմունքի գրանցամատյանում առկա է 2001թ. օգոստոսի 9-ին կազմված թիվ 1110 գրառումը, որում դիմողը նշել էր, որ վնասել էր իր աջ ձեռքի նախաբազուկը և մարմնի ձախ կողմը` 2001թ. օգոստոսի 8-ին Օկտյաբրսկի համայնքի ոստիկանության բաժանմունքում: Նա չուներ որևէ բողոք իր առողջական վիճակի հետ կապված: Սույն հայտարարությունը կատարվել է [դիմողի] կողմից. այդ [փաստը] հիմնավորվում է նրա ստորագրությամբ:
Օկտյաբրսկի շրջանային դատախազին ուղղված իր հայտարարության մեջ [դիմողը] խնդրել էր լրացուցիչ բժշկական զննություն անցկացնել, քանի որ նա ուներ երիկամների վնասվածք, և տասն օր` 2001թ. օգոստոսի 12-22-ն ընկած ժամանակահատվածում գտնվել էր Լիպեցկի շրջանային հիվանդանոցում բուժում ստանալու համար: Հաշվի առնելով այդ հանգամանքները` դատաբժշկական փորձաքննությունն գտնվել էր որոշելու համար [դիմողի] վնասվածքների ծանրությունը և պատճառահետևանքային կապ գտնելու հաստատված վնասվածքների և [դիմողի] Լիպեցկի շրջանային հիվանդանոցում գտնվելու միջև, որտեղ ախտորոշվել էր «մի երիկամի վնասվածք»:
Ըստ 2001թ. դեկտեմբերի 7-ի թիվ 7320 դատաբժշկական փորձաքննության զեկույցի` [դիմողի] իր աջ երիկամի բուժման նպատակով հիվանդանոցում պառկելը կապված չէր [իր] 2001թ. օգոստոսի 7-ին ստացած վնասվածքի հետ, քանի որ նախնական քննությամբ չէին արձանագրվել կապտուկներ կրծքավանդակի ու մեջքի շրջանում, թեև դրանք արձանագրվել էին Լիպեցկի շրջանային հիվանդանոցում զննության ժամանակ: Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ այդ վնասվածքները կարող էին պատճառվել [դիմողի] կողմից 2001թ. օգոստոսի 9-ին բժշկական փորձագետի զննումից հետո:
Հաշվի առնելով վերը նշվածը` պետք է եզրակացնել, որ հարցաքննության ընթացքում [քննիչը] չուներ օբյեկտիվ տվյալներ, որոնք ցույց կտային, որ ոստիկանության աշխատակիցների գործողությունները պարունակել են քրեական հանցագործության տարրեր, և, այդպիսով, չկա 2001թ. հոկտեմբերի 19-ի որոշումը չեղյալ համարելու, որևէ հիմք որով քրեական վարույթ սկսելու պահանջը մերժվել էր:
22. Դիմողը 2001թ. դեկտեմբերի 7-ի որոշման մասին տեղեկացել էր դատարանում:
C. Քրեական դատարանների կողմից դիմողի դեմ քրեական վարույթի և վատ վերաբերմունքի վերաբերյալ բողոքների քննությունը
23. Դիմողին լրացուցիչ մեղադրանք էր առաջադրվել գողություն կատարելու և փաստաթղթերը կեղծելու համար: 2001թ. դեկտեմբերի 7-ին լրացել էր նրա թույլատրված կալանքի ժամկետը: Հինգ օր անց նրա գործն ուղարկվել էր լիպեցկի Օկտյաբրսկի շրջանային դատարան: Դիմողը Շրջանային դատարան բողոք էր ներկայացրել` պնդելով, որ իր ձերբակալման ընթացքում նա ենթարկվել էր վատ վերաբերմունքի ոստիկանության աշխատակիցների կողմից:
24. Դատավարության ընթացքում դիմողը կրկնել էր իր 2001թ. օգոստոսի 7-ի հայտարարությունները, բացառությամբ այն փաստի, որ մինչև իրեն ձերբակալելը նրան հայտնի էր, որ հարյուր դոլարանոց թղթադրամը կեղծ էր:
25. 2002թ. հունվարի 10-ին Օկտյաբրսկի շրջանային դատարանը դիմողին մեղավոր էր ճանաչվել գողություն կատարելու և կեղծ արժույթ օգտագործելու մեջ, հանել էր նրան առաջադրված մնացած մեղադրանքները և նրան դատապարտել հինգ տարի և վեց ամիս ազատազրկման: Շրջանային դատարանի վճիռը հիմնված էր, մասնավորապես, դիմողի խոստովանական հայտարարությունների, ականատեսների վկայությունների, դիմողին խուզարկելու և հարյուր դոլարանոց թղթադրամներ բռնագրավելու և թղթադրամները կեղծ լինելու վերաբերյալ փորձագիտական եզրակացության վրա: Ուսումնասիրելով 2001թ. օգոստոսի 13-ի փորձագիտական եզրակացությունը, 2001թ. օգոստոսի 12-ի հիվանդանոցի եզրակացությունը` Շրջանային դատարանը մերժել էր դիմողի` վատ վերաբերմունքի վերաբերյալ գանգատը որպես անհիմն:
26. Դիմողի փաստաբանը վերաքննիչ բողոք էր ներկայացրել մասնավորապես առ այն, որ դիմողը ծեծի էր ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից ձերբակալությունից հետո:
27. 2002թ. փետրվարի 7-ին Լիպեցկի շրջանային դատարանը վճիռը թողել էր անփոփոխ: Մարզային դատարանը գտել էր, որ Շրջանային դատարանի կայացրած եզրակացությունն առ այն, որ վատ վերաբերմունքն ապացուցված չէր, օրինական էր: Մի քանի ոստիկաններ ցուցմունք էին տվել, որ դիմողը ոստիկանությունում ընկել էր և հարվածել գլուխը հատակին:
II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ
Քրեական հանցագործությունների քննությունը
28. ՌԽՖՍՌ քրեական դատավարության օրենսգիրքը (ուժի մեջ է 2002թ. հուլիսի 1-ից «CCrP») սահմանում է, որ քրեական հետաքննություն կարող է նախաձեռնվել անհատի կողմից քննիչին ներկայացված բողոքի առկայության դեպքում կամ քննչական մարմինների նախաձեռնությամբ, եթե առկա են պատճառներ ենթադրելու, որ կատարվել է հանցագործություն (հոդվածներ 108 և 125): Դատախազը պատասխանատու է քննության ընդհանուր ղեկավարման համար (հոդվածներ 210 և 211): Նա կարող է հանձնարարել հատուկ քննչական գործողություններ, փոխանցել գործը մեկ այլ քննիչի կամ հանձնարարել լրացուցիչ քննություն: Եթե առկա չեն քրեական քննություն նախաձեռնելու հիմքեր, դատախազը կամ քննիչը պատճառաբանված որոշում են ներկայացնում, որի մասին տեղեկացվում է շահագրգիռ կողմը:
ՕՐԵՆՔԸ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
29. Դիմողը բողոքել է, որ իր ձերբակալումից հետո նա ենթարկվել էր այնպիսի վերաբերմունքի, որն անհամատեղելի է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի հետ, և որ իշխանությունները չէին իրականացրել այդ միջադեպի արդյունավետ քննություն: Դատարանը կուսումնասիրի այս գանգատը 3-րդ հոդվածից բխող` պետության նեգատիվ և պոզիտիվ պարտավորությունների տեսանկյունից, որը նախատեսում է հետևյալը.
«Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»:
A. Կողմերի պնդումները
30. Կառավարությունը պնդել է, որ գանգատն ակնհայտորեն անհիմն է: Ոստիկանության աշխատակիցները դիմողին չէին ենթարկել անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի: Կառավարությունը մի շարք պարզաբանումներ է ներկայացրել առաջադրել դիմողի առնվազն որոշ վնասվածքների առաջացման վերաբերյալ: Մասնավորապես, այն պնդել է, որ դիմողը կարող էր կրել որոշակի մարմնական վնասվածքներ, երբ նա գտնվել էր Օկտյաբրսկի համայնքի ոստիկանության բաժանմունքում` տկն Դ.-ի և պրն Մի.-ի կողմից, ումից դիմողը շաքարավազ էր գնել` վճարելով կեղծ թղթադրամով: Կառավարությունը տրամադրել է 2005թ. հոկտեմբերի 19-ին ոստիկանության աշխատակիցներ պրն Ա.-ի և պրն Զա.-ի կողմից արված հայտարարությունների ձեռագիր պատճենները: Պրն Զա.-ն հայտարարել էր, որ նա ձերբակալել էր դիմողին, որի անունը նա չէր հիշում, և տարել նրան ոստիկանական բաժանմունք: Ոստիկանական բաժանմունքի մոտ նրանց մոտեցել էր տկն Դ.-ն, ով «փորձում էր վիճել ձերբակալված անձի հետ, հարձակվել էր նրա վրա»: Պրն Զա.-ն նշել էր, որ ոստիկանության աշխատակիցները «հեռացրել էին նրան ձերբակալվածից»: Պրն Ա.-ն գրել էր, որ «տուժողները փորձել էին ծեծել [դիմողին], սակայն իրենք նրանց հրել էին մի կողմ»:
31. Հիմք ընդունելով դատախազի օգնականի 2001թ. դեկտեմբերի 7-ի զեկույցը և 2005թ. հոկտեմբերի 19-ին ոստիկանի` պրն Զա.-ի կողմից կատարված ձեռագիր հայտարարությունը` Կառավարությունն այնուհետև պնդել է, որ դիմողը կեղծ ուշագնաց էր եղել Օկտյաբրսկի շրջանի ոստիկանության բաժանմունքում և ընկել էր` գլուխը հարվածելով հատակին:
32. Բացի դրանից, Կառավարությունը նշել է, որ դիմողի ձախ թևի վնասվածքը և մարմնի ձախ կողմի կապտուկը պատճառվել էին իր իսկ կողմից: Առանց որևէ մանրամասն տեղեկություն տրամադրելու` Կառավարությունը պնդել է, որ դիմողն էր ինքն իրեն վնասել 2001թ. օգոստոսի 8-ին Օկտյաբրսկի համայնքի ոստիկանության բաժանմունքում: Ըստ Կառավարության` դիմողն այդ մասին գրառել էր կալանավայրի գրանցամատյանում (տես վերը` կետ 12):
33. Ի վերջո, Կառավարությունը պնդել է, որ 2001թ. նոյեմբերի 30-ին անցկացվել էր դիմողի լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն: Այդ զննության արդյունքներն արձանագրվել էին 2001թ. դեկտեմբերի 7-ի զեկույցում: Ըստ այդ զեկույցի` դիմողը կարող էր ունենալ երիկամների վնասվածք 2001թ. օգոստոսի 9-12-ն ընկած ժամանակահատվածում, քանի որ փորձագետը, ով 2001թ. օգոստոսի 9-ին կատարել էր դիմողի նախնական զննություն, չէր արձանագրել դիմողի կրծքավանդակի և մեջքի վրա կապտուկներ, և դիմողը փորձագետին չէր բողոքել երիկամների ցավից:
34. Կառավարությունը նաև ընդգծել է, որ դիմողի նկատմամբ վատ վերաբերմունքի վերաբերյալ պնդումները մանրամասն քննվել էին դատախազության մարմինների և ներպետական դատարանների կողմից: Ըստ ոստիկանության աշխատակիցների հարցաքննության արդյունքների` դիմողի պնդումներն անհիմն էին:
35. Դիմողը վիճարկել է Կառավարության յուրաքանչյուր պնդում վնասվածքների առաջացման վերաբերյալ: Մասնավորապես, նա պնդել է, որ ինքը չէր իրեն հասցրել վնասվածքները և որ Կառավարությունը չի ներկայացրել հակառակն ապացուցող որևէ փաստ: Նա նշել է, որ Կառավարությունը պնդել է, որ ինքն 2001թ. օգոստոսի 8-ին ստորագրել էր գրանցամատյանից քաղվածքը, սակայն այնտեղ առկա չէ դիմողի ստորագրությունը: Նա նաև նշել է, որ իրեն չէին վնասել տկն Դ.-ն ու պրն Մի.-ն: Նա նաև վիճարկել է Կառավարության փաստարկներն առ այն, որ ինքը կարող էր կրել որոշակի մարմնական վնասվածքներ 2001թ. օգոստոսի 9-12-ն ընկած ժամանակահատվածում: Դիմողը պնդել է, որ այդ ժամանակահատվածում ինքն եղել էր կալանքի տակ` ոստիկանության վերահսկողության ներքո, և որ Կառավարությունը չի տրամադրել որևէ ճշմարտանման բացատրություն այդ ժամանակահատվածում իր վնասվածքների վերաբերյալ:
36. Դիմողը պնդել է, որ ինքը հետևողականորեն բողոք էր ներկայացրել ծեծի առնչությամբ` այն պահից, երբ կարողացել էր դա անել ազատորեն, այն է՝ շտապօգնության անձնակազմին, հիվանդանոցի բժիշկներին, դատախազներին և ներպետական դատարաններին: Նա հիմնվել է 2001թ. օգոստոսի 13-ին բժիշկ-փորձագետի կողմից ներկայացված եզրակացությունների վրա` որ նրա վնասվածքները կարող էին հասցվել ամուր բութ առարկայի օգնությամբ: Նա նշել է, որ նման նկարագրությունը համապատասխանում է ոստիկանների կողմից ծեծի ընթացքում օգտագործված ռետինե մահակի նկարագրությանը: Դիմողն այնուհետև նշել է, որ ներպետական իշխանություններին ուղղված` վատ վերաբերմունքի վերաբերյալ իր բողոքներն անօգուտ են եղել, և իր դիմումները` լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն կատարելու վերաբերյալ, մնացել էին անպատասխան:
B. Դատարանի գնահատականը
1. Ընդունելիությունը
37. Դատարանը նշում է, որ այս գանգատն ակնհայտորեն անհիմն չէ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի իմաստով: Այնուհետև այն նշում է, որ այն անընդունելի չէ որևէ այլ հիմքով: Հետևաբար, այն պետք է ճանաչվի ընդունելի:
2. Գործի հանգամանքները
(a) Ընդհանուր դրույթներ
38. Ինչպես Դատարանը բազմիցս հայտարարել է, 3-րդ հոդվածը երաշխավորում է ժողովրդավարական հասարակության առավել հիմնարար արժեքներից մեկը: Նույնիսկ ամենադժվարին պայմաններում, ինչպիսիք են ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարը, Կոնվենցիան բացարձակապես արգելում է խոշտանգումները և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը` անկախ տուժողի վարքագծից (տես` Լաբիտան ընդդեմ Իտալիայի [GC], թիվ 26772 / 95, կետ 119, ՄԻԵԴ 2000թ.-IV, և Շահալն ընդդեմ Միացյալ Թագավորության, 1996թ. նոյեմբերի 15, վճիռներ 1996թ.-V, էջ 1855, կետ 79): 3-րդ հոդվածում նախատեսված չէ որևէ դրույթ Կոնվենցիայի 15-րդ հոդվածի 2-րդ կետի թույլատրելի սահմաններից դուրս բացառությունների համար անգամ արտակարգ և ազգի կյանքին սպառնացող իրավիճակների դեպքում (տես` Սելմունին ընդդեմ Ֆրանսիայի [GC], թիվ 25803 / 94, կետ 95, ՄԻԵԴ 1999թ.-V, և Ասսենովը և այլոք ընդդեմ Բուլղարիայի, 1998թ. հոկտեմբերի 28-ի վճիռները, Վճիռների և որոշումների ժողովածու 1998թ.-VIII, էջ 3288, կետ 93):
39. Դատարանը հետևողականորեն շեշտել է, որ տառապանքը և ստորացումը ցանկացած դեպքում չպետք է դուրս գան տառապանքի կամ նվաստացման անխուսափելի տարրից` տվյալ ձևի իրավաչափ վերաբերմունքի կամ պատժի իմաստով: Անձին իր ազատությունից զրկելու միջոցները կարող են հաճախ ներառել նման տարրեր: Կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն պետությունը պետք է ապահովի, որպեսզի անձը ձերբակալվի այնպիսի պայմաններում, որոնք համատեղելի են իր մարդկային արժանապատվության նկատմամբ հարգանքին, և որպեսզի այդ միջոցառումների իրականացման նման եղանակն ու մեթոդը չենթարկեն նրան տառապանքի ավելին, քան դա նախատեսված է կալանքին բնորոշ անխուսափելի մակարդակով (տես` Կուդլան ընդդեմ Լեհաստանի [GC], թիվ 30210/96, կետեր 92-94, ՄԻԵԴ 2000թ.-XI):
40. Կալանավորների համատեքստում, Դատարանն ընդգծում է, որ` կալանքի տակ գտնվող անձինք խոցելի վիճակում են, և որ իշխանությունները պարտավոր են պաշտպանել նրանց ֆիզիկական բարեկեցությունը (տես` Թարարիևան ընդդեմ Ռուսաստանի, թիվ 4353/03, կետ 73, ՄԻԵԴ 2006թ. ... (քաղվածքներ), Սարբանն ընդդեմ Մոլդովայի, թիվ 3456/05, կետ 77, 2005թ. հոկտեմբերի 4, և Մուսին ընդդեմ Ֆրանսիայի, թիվ 67263/01, կետ 40, ՄԻԵԴ 2002թ.-IX): Ինչ վերաբերում է ազատությունից զրկված անձին՝ ֆիզիկական ուժի ցանկացած կիրառում, որը տեղի չի ունեցել խիստ անհրաժեշտության պայմաններում, նվաստացնում է մարդկային արժանապատվությունը և սկզբունքորեն համարվում Կոնվենցիայի 3-րդ հոդվածում ամրագրված իրավունքի խախտում (տես` Շեյդաևն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 65859/01, կետ 59, 2006թ. դեկտեմբերի 7, Րիբիչն ընդդեմ Ավստրիայի, 1995թ. դեկտեմբերի 4-ի վճիռները, Series A թիվ 336, կետ 38, և Կրաստանովն ընդդեմ Բուլղարիայի, թիվ 50222/99, կետ 53, 2004թ. սեպտեմբերի 30):
(b) Վերը նշված սույն գործի սկզբունքների կիրառումը
i. Փաստերի սահմանում
41. Դատարանը կրկնում է, որ վատ վերաբերմունքի վերաբերյալ պնդումները պետք է ունենան համապատասխան ապացույցներ: Ապացույցները գնահատելիս՝ Դատարանն ընդհանուր առմամբ կիրառում է «ողջամիտ կասկածից վեր» ապացուցման չափորոշիչը (տես` Իռլանդիան ընդդեմ Միացյալ Թագավորության, 1978թ. հունվարի 18, Series A, թիվ 25, էջեր 64-65, կետ 161): Այնուամենայնիվ, այդպիսի ապացույցը կարող է հետևել բավականաչափ ծանրակշիռ, պարզ և համահունչ եզրակացությունների և նմանատիպ փաստերի կանխավարկածի գոյակցությունից: Եթե իրադարձություններն ամբողջությամբ կամ մեծամասամբ հայտնի են իշխանություններին, ինչպես այն անձանց գործերում, ովքեր գտնվում են իրենց վերահսկողության ներքո` կալանքի տակ, ապա առկա են ծանրակշիռ կասկածներ կալանքի ընթացքում այդ վնասվածքների առաջացման առնչությամբ: Անշուշտ, ապացուցման բեռն ընկած է իշխանությունների վրա` բավարար և համոզիչ բացատրություն ապահովելու համար (տես` Սալմանն ընդդեմ Թուրքիայի [GC], թիվ 21986/93, կետ 100, ՄԻԵԴ 2000թ.-VII):
42. Այն դեպքերում, երբ ներպետական վարույթ տեղի է ունեցել, Դատարանի խնդիրը չէ գնահատել փաստերը և, որպես կանոն, ապացույցները պետք է գնահատեն դատարանները (տե՛ս Կլասն ընդդեմ Գերմանիայի, 1993թ. սեպտեմբերի 22, Series A, թիվ 269, էջ 17, կետ 29): Թեև Դատարանը կաշկանդված չէ ներպետական դատարանների եզրակացություններով, սովորական պայմաններում այն պահանջում է ծանրակշիռ տարրեր այդ դատարանների կողմից փաստերի վերաբերյալ եզրակացությունից հեռանալու համար (տես` Մատկոն ընդդեմ Սլովենիայի, թիվ 43393/98, կետ 100, 2006թ. նոյեմբերի 2): Եթե մեղադրանքները ներկայացվել են Կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն, միևնույն է, Դատարանը պետք է մանրակրկիտ ստուգումներ կատարի (տես` mutatis mutandis, վերը նշված Րիբիչի գործը, էջ 24, կետ 32):
43. Սույն գործում կողմերի կողմից չի վիճարկվել, և Դատարանը գտնում է, որ հաստատվել է այն, որ դիմողը ձերբակալվել և տեղափոխվել էր Օկտյաբրսկի շրջանի ոստիկանության բաժանմունք 2001թ. օգոստոսի 7-ին: Հաջորդ օրը նա տեղափոխվել էր ոստիկանության ժամանակավոր մեկուսարան, որտեղ նրան կալանավորել են և քրեական վարույթ սկսել նրա դեմ: Դատարանը նշում է, որ դիմողը չի ենթարկվել բժշկական զննության 2001թ. օգոստոսի 7-ին իր ձերբակալությունից անմիջապես հետո: Չկա նաև որևէ ապացույց, որ Կառավարությունը չի պնդել հակառակը, այն է՝ որ բանտի բժիշկը զննել է դիմողին 2001թ. օգոստոսի 8-ին` նախքան նրան ժամանակավոր մեկուսարան տեղափոխելը: Միաժամանակ Դատարանը կրկնում է, որ Կառավարության պնդել է, կալանավորվելուց հետո դիմողը գրանցամատյանում նշել էր, որ 2001թ. օգոստոսի 8-ին Օկտյաբրսկի շրջանի ոստիկանության բաժանմունքում վնասել էր իր ձախ թևը և մարմնի ձախ կողմը (տես վերը` կետ 12): Առանց որոշելու գործի քննությունը և վնասվածքների աստիճանը, որոնք կիրականացվեն ստորև` Կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն, Դատարանը գտնում է, որ այդպիսով հաստատվել է, որ իր ձերբակալման օրը դիմողի մոտ առկա էր ձախ թևի վնասվածք և կապտուկ` մարմնի ձախ կողմում: 2001թ. օգոստոսի 9-ին դիմողը զննվել էր բժշկական փորձագետի կողմից, ով արձանագրել էր կապտուկներ գոտկատեղի շրջանում, քերծվածքներ` աջ թիակի և գլխի աջ հատվածի վրա (տես վերը` կետ 14): 2001թ. օգոստոսի 12-ին շտապօգնության բժիշկներ էին հրավիրվել դիմողի` կրծքավանդակի և մեջքի հատվածում ուժգին ցավից բողոքելու պատճառով: Դիմողը տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ ախտորոշվել էր, inter alia, աջ երիկամի և գլխի վնասվածք: Հիվանդանոցի զեկույցում նույնպես նշվել էր, որ դիմողն ուներ կապտուկներ կողերի և մեջքի աջ կողմի շրջանում (տես վերը` կետ 16): Դիմողը ենթարկվել էր տասնօրյա բուժման` հիվանդանոցում, և ազատ էր արձակվել ուրոլոգի և նյարդաբանի կողմից հետագա վերահսկողության պայմանով:
44. Առաջին հերթին Դատարանը նշում է, որ Կառավարությունը չի պնդել, որ վնասվածքները հասցվել էին դիմողի կողմից մինչև նրա ձերբակալումը: Ի պատասխան բժշկական եզրակացությունների արդյունքների` Կառավարությունն առաջ էր քաշել իրադարձությունների մի քանի տարբերակներ, որոնց պարագայում կարող էր առաջանալ դիմողի վնասվածքների առնվազն մի մասը:
45. Մասնավորապես, հիմնվելով երկու ոստիկանների 2005թ. հոկտեմբերի 19-ի գրավոր հայտարարությունների վրա՝ Կառավարությունը պնդել է, որ դիմողի կողմից տուժած անձը հարձակվել էր նրա վրա ոստիկանության բաժանմունքի մոտակայքում (տես վերը` կետ 30): Այնուամենայնիվ, Դատարանին չի բավարարել այդ բացատրությունը: Այն առաջին հերթին նշում է, որ այդ վարկածը չի քննարկվել Օկտյաբրսկի շրջանի դատախազությունում և երբեք քննության չի առնվել դատախազի կողմից դիմողի` վատ վերաբերմունքի վերաբերյալ բողոքների քննության ընթացքում: Դատարանը նշում է, որ Կառավարությունը չի պնդել հակառակը, որ այդ ներպետական իշխանությունները չեն ձեռնարկել որևէ գործողություն դիմողի վրա ենթադրյալ հարձակվողների դեմ, որ նրանք երբեք չեն ենթարկվել որևէ պատասխանատվության և նույնիսկ չեն հարցաքննվել ենթադրյալ հարձակման կապակցությամբ: Բացի դրանից, Դատարանը գտնում է, որ արտառոց է այն փաստը, որ առանց որևէ պաշտոնական փաստաթղթի առկայության, 2005թ. հոկտեմբերին, այսինքն՝ դիմողի ձերբակալությունից ավելի քան չորս տարի անց, ոստիկանության աշխատակիցները կարողացել են վերհիշել դիմողին ոստիկանության բաժանմունք տեղափոխելու բոլոր հանգամանքները և տուժողների անունները, ովքեր իբր հարձակվել էին նրա վրա: Դատարանը նաև չի անտեսում այն փաստը, որ ոստիկանության աշխատակիցները չեն պնդել, որ տուժողները հարվածել էին դիմողին: Ընդհակառակը, նրանք պնդել են, որ իրենք կանխել են հարձակումը:
46. Դատարանն այնուհետև կրկնում է Կառավարության կողմից ներկայացված երկրորդ բացատրությունն առ այն, որ ոստիկանության բաժանմունքում դիմողն իր գլուխը հարվածել էր հատակին կեղծ ուշագնացության ընթացքում: Դատարանը գտնում է, որ Կառավարության բացատրությունը չի համապատասխանում 2001թ. օգոստոսի 13-ի բժշկական փորձագիտական զեկույցում արձանագրված դիմողի վնասվածքի բնույթին (տես վերը` կետ 14): Մինչդեռ Դատարանը չի բացառում կալանքի ընթացքում դժբախտ պատահարների հնարավորությունը, այն նաև նկատի է առնում փորձագետի եզրակացությունն առ այն, որ դիմողի վնասվածքները, այդ թվում՝ գլխի աջ կողմում քերծվածքը պատճառվել են «նեղ, երկարավուն մակերես ունեցող բութ ամուր առարկայի օգնությամբ»: Դատարանը նշում է, որ այս նկարագիրը համապատասխանում է փայտով կամ ռետինե մահակով ծեծի արդյունքում առաջացած ֆիզիկական բարդություններին, այլ ոչ թե հատակին ընկնելու հետևանքով առաջացած վնասվածքներին: Սույն եզրակացությունն ապացուցում է, որ փորձագետը չի ցանկացել եզրակացնել, որ վնասվածքներն առաջացել էին վայր ընկնելու հետևանքով: Բացի դրանից, չնայած Կառավարության կողմից ներկայացված փաստարկներին՝ Դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ Կառավարությունը չի տրամադրել որևէ բացատրություն, թե ինչու իր կողմից նկարագրված հանգամանքներում դիմողին անմիջապես չէր տրամադրվել բժիշկ՝ նրան բժշկական օգնություն ցուցաբերելու և նրա վնասվածքներն արձանագրելու համար:
47. Բացի դրանից, Կառավարությունը, հիմք ընդունելով գրանցամատյանից քաղվածքը՝ պնդել է, դիմողը գրանցամատյանում նշել էր, որ 2001թ. օգոստոսի 8-ին Օկտյաբրսկի շրջանի ոստիկանության բաժանմունքում վնասել էր իր ձախ թևը և մարմնի ձախ կողմը (տես վերը` կետ 32): Այս կապակցությամբ Դատարանը ընդունում է դիմողի փաստարկը, որ այդ քաղվածքը չունի ապացուցողական արժեք, քանի որ այն գրվել էր հսկիչի ձեռքով և չի կրում դիմողի ստորագրությունը: Դատարանը նշում է, որ նա դիմել էր Կառավարությանը գրանցամատյանի համապատասխան էջերի պատճենները տրամադրել՝ հաստատելու համար նրա պնդումն առ այն, որ դիմողը նշել էր, որ իր վնասվածքներն անձամբ իր կողմից էին հասցվել, սակայն նման փաստաթուղթ չէր տրամադրվել: Դատարանը գտնում է, որ տարօրինակ է այն, որ Կառավարությունը նախընտրել էր ներկայացնել հաստատության հսկիչի կողմից կատարված ձեռագիր օրինակը: Բացի դրանից, Դատարանը նշում է, որ Կառավարությունը չի ներկայացրել որևէ բացատրություն, թե ինչպես և երբ դիմողը կարող էր ինքն իրեն վնասել Օկտյաբրսկի շրջանի ոստիկանության բաժանմունքում հարցաքննվելու ընթացքում: Դատարանը նաև չի անտեսում այն փաստը, որ ո՛չ դատական փորձագետները, ո՛չ էլ հիվանդանոցի բժիշկները չէին արձանագրել դիմողի մարմնի վրա իր իսկ կողմից հասցված որևէ մարմնական վնասվածք:
48. Ի վերջո, պարզաբանելով դիմողի մնացած վնասվածքները, որոնք արձանագրվել էին հիվանդանոցի զեկույցում 2001թ. օգոստոսի 12-ին, սակայն չէին հայտնաբերվել փորձագետի կողմից 2001թ. օգոստոսի 9-ին՝ Կառավարությունը միայն հայտարարել է, որ վնասվածքներն առաջացել էին 2001թ. Օգոստոսի 9-12-ն ընկած ժամանակահատվածում և, հետևաբար չէին կարող լինել 2001թ. օգոստոսի 7-ի ենթադրյալ ծեծի արդյունք: Այս կապակցությամբ Դատարանն առաջին հերթին նշում է, որ բժշկական փորձագետը, ով զննել էր դիմողին 2001թ. օգոստոսի 9-ին, ոչ միայն չէր արձանագրել դիմողի որոշակի վնասվածքները, օրինակ՝ աջ երիկամի վնասվածքը, որն ավելի ուշ հայտնաբերվել էր հիվանդանոցում 2001թ. օգոստոսի 12-ին, այլև իր զեկույցում չէր նշել դիմողի նախաբազկի վնասվածքը, որը, ինչպես նշվել է Կառավարության կողմից առաջացել էր 2001թ. օգոստոսի 8-ին: Հետևաբար, Դատարանը չի տալիս որևէ ապացուցողական կշիռ այն հանգամանքին, որ դիմողի մարմնի վրա եղած որոշ վնասվածքներ արձանագրվել էին հիվանդանոցի բժիշկների կողմից 2001թ. օգոստոսի 12-ին: Բացի դրանից, թեև դիմողի` վատ վերաբերմունքի վերաբերյալ բողոքների քննության արդյունավետության հարցը կուսումնասիրվի ստորև, Դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել այն փաստը, որ 2001թ. օգոստոսի 9-ի փորձաքննությունը հանձնարարվել էր ոստիկանության նույն քննիչ տկն Զ.-ի կողմից, ով հարցաքննել էր դիմողին իր ձերբակալությունից հետո և կարող էր ենթադրյալ ծեծի ականատեսը լինել (տես վերը` կետեր 11-13): Ոստիկանության քննիչը նաև հարցեր էր ուղղել բժիշկ-փորձագետին: Դատարանը կասկած է հայտնում, որ դա կարող էր ազդել փորձագետի եզրակացության վրա:
49. Դատարանն այնուհետև նշում է, որ դիմողը տրամադրել է վատ վերաբերմունքի մանրամասն նկարագրություն, որին նա ենթադրաբար ենթարկվել էր, և նշել է տեղը, ժամը և դրա տևողությունը: Այն նշում է դիմողի կողմից ներկայացված բողոքների հաջորդականությունը, որ նա կալանքի ընթացքում ենթարկվել էր վատ վերաբերմունքի ոստիկանների կողմից, և այն փաստը, որ նա դատախազության մարմիններին և ներպետական դատարաններին ներկայացրել էր իր մեղադրանքները, երբ նա ունեցել էր ազատ հայտարարություններ անելու հնարավորություն: Միևնույն ժամանակ, Դատարանը նշում է, որ Կառավարությունն ուներ հնարավորություն հերքելու դիմողի մեղադրանքները՝ ներկայացնելով իրադարձությունների ճշմարտանման իր վարկածը և դրան համապատասխան ապացույցներ: Անշուշտ, Կառավարությունը չի ապահովել որևէ ճշմարտանման բացատրություն դիմողի վնասվածքների առաջացման վերաբերյալ:
50. Այս պայմաններում, հաշվի առնելով իշխանությունների պարտավորությունը կալանքի ընթացքում իրենց հսկողության տակ գտնվող անձանց պատճառված վնասվածքների համար, և սույն գործում Կառավարության կողմից համոզիչ և ճշմարտանման բացատրության բացակայության պարագայում Դատարանը գտնում է, որ Կառավարության վարքագծից ելնելով այն կարող է տալ իր եզրակացությունը, և գտնում է, որ դիմողի վնասվածքները նրա կողմից ներկայացված վերաբերմունքի արդյունք են, և որի համար Կառավարությունը պատասխանատվություն է կրում (տես` Սելմունին ընդդեմ Ֆրանսիայի [GC ], թիվ 25803/94, կետ 88, ՄԻԵԴ 1999թ.-V, Մեհմեդ Էմին Յուքսելն ընդդեմ Թուրքիայի, թիվ 40154/98, կետ 30, 2004թ. հուլիսի 20, Միխեևն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 77617/01, կետեր 104-105, 2006թ. հունվարի 26, և Դեդովսկին և այլոք ընդդեմ Ռուսաստանի, թիվ 7178/03, կետեր 78-79, 2008թ. մայիսի 15): Դատարանը, հետևաբար, պետք է քննի վերաբերմունքի ծանրության աստիճանը, որին ենթարկվել էր դիմողը՝ իր պնդումների և գործում առկա փաստերի հիման վրա:
ii. Վատ վերաբերմունքի ծանրության գնահատումը
51. Պարզելու համար, թե վատ վերաբերմունքի որ դրսևորումն է պետք որակել որպես խոշտանգում, քննության պետք է առնվի 3-րդ հոդվածում ամրագրված տարբերակումն այդ հասկացության և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի միջև: Դատարանն արդեն նշել է նախորդ գործերում, որ դա միտումնավոր է, որ Կոնվենցիան պետք է այս տարբերակման միջոցով կատարի միտումնավոր անմարդկային վերաբերմունքի վրա, հատուկ տարբերակում որն առաջացնում է շատ լուրջ ու դաժան տառապանք: Բացի վերաբերմունքի ծանրությունից, առկա է նաև նպատակային տարր, որը սահմանում է խոշտանգման նպատակը` դիտավորությամբ ծանր ցավ կամ տառապանք պատճառելու, inter alia, տեղեկատվություն ստանալու համար (տես` Սալմանն ընդդեմ Թուրքիայի [GC], թիվ 21986/93, կետ 114, ՄԻԵԴ 2000թ.-VII): Դատարանի հետևողական մոտեցման համաձայն` վերաբերմունքը համարվում է «անմարդկային», եթե այն նախապես մտածված է, տևում է ժամեր շարունակ և առաջացնում ու փաստացի պատճառում է մարմնական վնասվածքներ կամ ծանր ֆիզիկական կամ հոգեկան տառապանք: Այն համարվում է «նվաստացնող», եթե այն առաջացնում է զոհի մոտ վախի, տանջանքի ու թերարժեքության զգացում, որոնք ստորացուցիչ և վիրավորական են (տե՛ս վերը նշված Կուդլայի գործը, կետ 92): Այն հարցը, թե արդյոք վերաբերմունքի նպատակը զոհին նվաստացնելը կամ ստորացնելն է, հանդիսանում է մի գործոն, որը պետք է հաշվի առնել, սակայն այդ նպատակի բացակայությունը չի կարող բացառել 3-րդ հոդվածի խախտումը (տե՛ս, օրինակ, Փիրսն ընդդեմ Հունաստանի, թիվ 28524/95, կետ 74, ՄԻԵԴ 2001թ.-III, և Կալաշնիկովն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 47095/99, կետ 101, ՄԻԵԴ 2002թ.-VI):
52. Դատարանը կրկնում է, որ գտնում է, որ հաստատվել է, որ դիմողին ծեծել են ոստիկանության աշխատակիցները, և որ այդ ծեծի հետևանքով նա ստացել էր վնասվածքներ: Դատարանը չի տեսնում որևէ հանգամանք, որը կարող էր անհրաժեշտ լինել նրա նկատմամբ բռնություն կիրառելու համար: Այն երբեք չի պնդել, որ դիմողը դիմադրություն էր ցուցաբերել կալանավորվելու ընթացքում, կամ փորձել էր փախչել կամ չէր ենթարկվել ոստիկանների հրամաններին: Ավելին, չկա որևէ նշում, որ ձերբակալման կամ հետագա կալանավորման ընթացքում նա սպառնացել էր ոստիկանության աշխատակիցներին, օրինակ՝ բացահայտ կերպով զենք կրելու կամ նրանց վրա հարձակվելու առումով (տե՛ս, ի հակադրություն, Նեքդեթ Բալաթն ընդդեմ Թուրքիայի, թիվ 77092/01, կետ 25, 2007թ. նոյեմբերի 20, և Բերլիսկին ընդդեմ Լեհաստանի, թիվ 27715/95 և 30209/96, կետ 62, 2002թ. հունիսի 20): Հետևաբար, ուժի կիրառումը եղել է դիտավորյալ և ուղղված էր դիմողին ստորացնելու միջոցով իրեն ենթարկելուն: Բացի դրանից, վերաբերմունքը, որին ենթարկվել էր դիմողը, պետք է որ նրան պատճառեր հոգեկան և ֆիզիկական տառապանք, չնայած, որ դա չէր հանգեցնի երկարատև առողջական վատ վիճակի:
53. Հետևաբար, հաշվի առնելով դիմողի վնասվածքների բնույթը՝ Դատարանը եզրակացնում է, որ պետությունը կրում է պարտավորություն 3-րդ հոդվածի ներքո՝ հաշվի առնելով անմարդկային վերաբերմունքը, որին ոստիկանության կողմից ենթարկվել էր դիմողը, և որ տեղի է ունեցել այդ դրույթի խախտում:
(c) Քննության ենթադրյալ անհամապատասխանությունը
54. Դատարանը կրկնում է, որ եթե անձը ներկայացնում է վիճելի բողոք, որ նա ենթարկվել է վատ վերաբերմունքի` ի խախտումն 3-րդ հոդվածի, ապա այդ դրույթը կիրառվում է Կոնվենցիայի 1-ին հոդվածի ներքո պետության ընդհանուր պարտավորության հետ համատեղ... Կոնվենցիան պահանջում է, որպեսզի անցկացվի արդյունավետ պաշտոնական քննություն: Քննություն կատարելու պարտավորությունը «ոչ թե արդյունքի, այլ միջոցների պարտավորությունն է»: Պարտադիր չէ, որ քննությունը հանգի այն եզրակացությանը, որը համընկնում է դիմողի պնդումներին, սակայն այն պետք է սկզբունքորեն հաստատի գործի փաստերը, և պնդումները ճշմարիտ լինելու դեպքում` հայտնաբերի և պատժի պատասխանատու անձանց: Այսպիսով, վատ վերաբերմունքի լուրջ պնդումների քննությունը պետք է լինի հիմնավոր: Դա նշանակում է, որ իշխանությունները պետք է լուրջ միջոցներ ձեռնարկեն պարզելու համար, թե ինչ է տեղի ունեցել, և չպետք է հիմնվեն հապճեպորեն արված կամ անհիմն եզրակացությունների վրա` քննությունը դադարեցնելու համար: Նրանք պետք է ձեռնարկեն բոլոր հնարավոր քայլերն ապահովելու համար դեպքի հետ կապված ապացույցները, ներառյալ, inter alia, ականատեսների վկայությունները, դատաբժշկական ապացույցները և այլն: Քննության ցանկացած թերություն, որը վտանգում է վնասվածքներ հասցնելու պատճառների կամ պատասխանատու անձանց ինքնության հաստատումը, կարող է խախտել այդ չափորոշիչը (տես վերը` նշված Միխեևի գործը, կետ 107 և Ասսենովը և այլոք ընդդեմ Բուլղարիայի, 1998թ. հոկտեմբերի 28, Զեկույց 1998թ.-VIII, կետ 102):
55. Սույն գործում ներկայացված ապացույցների հիման վրա Դատարանը գտնում է, որ Պատասխանող պետությունը պատասխանատու է 3-րդ հոդվածի ներքո դիմողի նկատմամբ վատ վերաբերմունք կիրառելու համար (տես վերը` կետ 53): Հետևաբար, դիմողի բողոքն այս առումով «վիճելի» է: Իշխանությունները, այսպիսով, պարտավոր էին իրականացնել այն հանգամանքների արդյունավետ քննություն, որոնց ընթացքում դիմողն ստացել էր վնասվածքները (տես` Կրաստանովն ընդդեմ Բուլղարիայի, թիվ 50222/99, կետ 58, 2004թ. սեպտեմբերի 30):
56. Այս կապակցությամբ Դատարանը նշում է, որ դիմողին ծեծի ենթարկելու մասին տեղեկացված դատախազության մարմինները կատարել էին նախաքննություն, որն այդպես էլ չէր հանգեցրել ծեծի համար պատասխանատու անձանց քրեական հետապնդման: Դիմողի` անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ բողոքները նույնպես ենթակա էին ներպետական դատարանների կողմից քննության` արդարադատության երկու մակարդակներում: Դատարանի կարծիքով, հարցն այն չէ, թե արդյոք անցկացվել էր քննություն, քանի որ կողմերը չեն առարկել այն, այլ այն, թե արդյոք այն կատարվել էր ջանասիրաբար, թե արդյոք իշխանություններն ունեին վճռականություն հայտնաբերել և քրեական պատասխանատվության ենթարկել մեղավորներին և, հետևաբար, արդյոք քննությունն «արդյունավետ» էր:
57. Դատարանը կրկնում է, որ դիմողը լիովին կախվածության մեջ էր դատախազից իր բողոքը հաստատելու համար անհրաժեշտ ապացույցները հավաքելիս: Դատախազը լիազորված էր հարցաքննելու ոստիկանության աշխատակիցներին, վկաներին հրավիրել, այցելելու դեպքի վայր, դատական ապացույցներ հավաքելու և այլ կարևորագույն քայլեր ձեռնարկելու ճշմարտությունը հաստատելու համար: Նրա դերը շատ կարևոր էր ոչ միայն հանցագործներին պատասխանատվության ենթարկելու, այլև դիմողի` այլ կրած վնասի դիմաց փոխհատուցում ստանալու նպատակով միջոցների կիրառման հարցում (տես վերը` կետ 28):
58. Դատարանը, հետևաբար, առաջին հերթին գնահատում է դատախազի կողմից քննության կատարման օպերատիվությունը և դիմողին վատ վերաբերմունքի ենթարկած անձանց իշխանության կողմից պատասխանատվության ենթարկելու պատրաստակամությունը (տես` Սելմունին ընդդեմ Ֆրանսիայի [GC], թիվ 25803/94, կետեր 78 և 79, ՄԻԵԴ 1999թ.-V): Սույն գործում դիմողը 2001թ. օգոստոսի 9-ին Օկտյաբրսկի շրջանի դատախազին բողոք էր ներկայացրել իր նկատմամբ վատ վերաբերմունքի վերաբերյալ (տես վերը` կետ 13): Պարզվում է, որ դատախազությունն սկսել էր քննությունն ենթադրյալ ծեծի մասին տեղեկանալուց անմիջապես հետո:
59. Այնուամենայնիվ, քննության մանրակրկիտության առումով Դատարանը նշում է որոշ անպատասխանատվություն, որն կարող էր խափանել դրա հուսալիությունն ու արդյունավետությունը: Նախ` չի իրականացվել դիմողի վնասվածքների քանակի և բնույթի համապատասխան գնահատում: Դատարանն արդեն նշել է, որ ապշեցուցիչ է այն, որ դատաբժշկական փորձագետի կողմից դիմողի նախնական զննությունը հանձնարարվել էր նույն այն քննիչի կողմից, ով կարող էր հանդես գալ որպես նրա ծեծի ականատես (տես վերը` կետ 48): Դատարանն այնուհետև կրկնում է, որ պատշաճ բժշկական քննությունը կարևոր երաշխիք է վատ վերաբերմունքի դեմ: Դատական բժիշկը պետք է ունենա պաշտոնական և փաստացի անկախություն (տես` Աքոչն ընդդեմ Թուրքիայի, թիվ 22947/93 և 22948/93, կետեր 55 և 118, ՄԻԵԴ 2000թ.-X): Երբ բժիշկը պատրաստում է բժշկական զննության զեկույց անձի վերաբերյալ, ով պնդում է, որ ենթարկվել է վատ վերաբերմունքի, ապա չափազանց կարևոր է, որ բժիշկը նշի վատ վերաբերմունքին պնդումների համապատասխանության աստիճանը: Եզրակացությունը, որում նշվում է վատ վերաբերմունքի վերաբերյալ պնդումներին համապատասխանող աստիճանը, պետք է հիմնված լինի հնարավոր տարբերակող ախտորոշումների քննարկման վրա (վատ վերաբերմունքին չառնչվող վնասվածքներ, այդ թվում` ինքն իրեն հասցված վնասվածքներ և հիվանդություններ): Դա չի կատարվել սույն գործում: 2001թ. օգոստոսի 13-ի իր զեկույցում փորձագետը ոչ միայն պատշաճորեն չի գրանցել դիմողի վնասվածքները, այլ նաև նա չի կատարել դիմողի` վատ վերաբերմունքի վերաբերյալ պնդումների աստիճանի գնահատում (տես վերը` կետ 48): Հաշվի առնելով նախնական փորձագիտական զեկույցի լուրջ թերությունները` Դատարանը գտնում է, որ ցավալի է, որ լրացուցիչ փորձաքննությունը նշանակվել էր միայն 2001թ. նոյեմբերի 30-ին` դիմողի նկատմամբ կիրառված վատ վերաբերմունքից գրեթե չորս ամիս անց: Դատարանը նշում է, որ լրացուցիչ փորձագիտական եզրակացության ձգձգումը, ի թիվս այլ խնդիրների առաջացրել էր լուրջ հակասություններ դիմողին զննած Լիպեցկի շրջանային հիվանդանոցի և դատական բժիշկների եզրակացությունների միջև:
60. Դատարանը նաև գտնում է, որ արտասովոր է այն, որ 2001թ. հոկտեմբերի 19-ին իր որոշումն ընդունելիս դատախազի օգնականը չի կատարել քննության ընթացքում հավաքված բժշկական ապացույցներին որևէ հղում և պարզապես մերժել էր դիմողի բողոքը, քանի որ նա պահանջել էր իր փաստաբանի օգնությունը (տես վերը` կետ 18):
61. Երկրորդ` Դատարանը նշում է քննչական մարմինների կողմից ապացույցների գնահատման նկատմամբ ընտրովի և որոշ չափով` հակասական մոտեցումը: Դատարան ներկայացված վճռից ակնհայտ է, որ դատախազի օգնականի եզրակացությունները հիմնված էին գլխավորապես միջադեպում ներգրավված ոստիկանության աշխատակիցների ցուցմունքների վրա: Թեև դիմողի վկայություններից քաղվածքներն ընդգրկվել են քրեական վարույթի հարուցումը մերժելու որոշման մեջ` դատախազի օգնականը չի գտել, որ այդ վկայությունն արժանահավատ է, ըստ երևույթին այն պատճառով, որ այն արտացոլում էր անձնական կարծիք և դիմողի կողմից մեղադրական դիրքորոշում:
Այնուամենայնիվ, քննիչն ոստիկանների ցուցմունքներն ընդունել էր որպես արժանահավատ, չնայած այն հանգամանքին, որ նրանց հայտարարությունները կարող էին բխել պաշտպանական մարտավարությունից և նպատակաուղղված լինեին դիմողի հանդեպ վստահություն չտածելուն: Դատարանի կարծիքով, քննչական մարմինները վկայությունները գնահատելիս կիրառել էին տարբեր չափորոշիչներ: Ոստիկանության աշխատակիցների վկայությունների արժանահավատությունը նույնպես պետք է ստուգվեր, քանի որ դատախազությունը պետք է հաստատեր, թե արդյոք ոստիկանության աշխատակիցները ենթակա են կարգապահական կամ քրեական պատասխանատվության (տես` Օգնիանովան և Չոբանն ընդդեմ Բուլղարիայի, թիվ 46317/99, կետ 99, 2006թ. փետրվարի 23):
62. Դատարանն այնուհետև նշում է, որ դատախազի օգնականի որոշումները չեն պարունակում այն վկաների որևէ հայտարարություն, ովքեր ոստիկանության աշխատակիցներ չէին: Մինչդեռ քննչական մարմինները չեն տրամադրել այն անձանց անունները, ովքեր կարող էին դիմողին տեսած լինել ոստիկանության բաժանմունքում կամ ավելի ուշ` կալանավայրում, կամ կարող էին նրա ենթադրյալ ծեծի ականատեսը լինել: Նրանք պետք է սեփական նախաձեռնությամբ քայլեր ձեռնարկեին բացահայտելու համար հնարավոր վկաներին: Ավելին, պարզվում է, որ քննիչը չի ձեռնարկել որևէ միջոցառում հայտնաբերելու այն տարածքը, որտեղ դիմողը ենթադրաբար ենթարկվել էր վատ վերաբերմունքի: Դատարանը, այդպիսով, գտնում է, որ քննչական մարմինների կողմից լրացուցիչ, հիմնավոր ապացույցների որոնման ձախողումը և նրանց կանխակալ վերաբերմունքը ոստիկանների հանդեպ պետք է դիտարկվի որպես քննության լուրջ թերություն (տես` Այդինն ընդդեմ Թուրքիայի, 1997թ. սեպտեմբերի 25, Զեկույց 1997թ.-VI, կետ 106):
63. Բացի դրանից, Դատարանը գտնում է, որ զարմանալի է, որ 2001թ. հոկտեմբերի 19-ի որոշման օրինականության վերաբերյալ զեկույցը, որով մերժվել էին դիմողի բողոքները, առաջին անգամ արվել էին նույն դատախազի օգնականի կողմից, ով ընդունել էր վերը նշված որոշումը: Ինչ վերաբերում է դատական վարույթին, Դատարանը նշում է, որ եթե խոսքը վերաբերում է վատ վերաբերմունքի վերաբերյալ դիմողի բողոքներին, ապա ներպետական դատարանները չեն արել որևէ եզրակացություն վնասվածքների վերաբերյալ դիմողի բժշկական եզրակացությունների հիման վրա (տես վերը` կետ 25): Նրանք եզրակացրել էին, որ դիմողի պնդումները «համոզիչ չէին»` ընդունելով ոստիկանության աշխատակիցների վկայությունները: Թե՛ շրջանային և թե՛ մարզային դատարանները հիմնվել էին դատախազի օգնականի 2001թ. դեկտեմբերի 7-ի զեկույցի վրա: Իրականում պարզվում է, որ ներպետական իշխանությունները որևէ փորձ չեն կատարել վատ վերաբերմունք կիրառած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար:
64. Հաշվի առնելով Ռուսաստանի իշխանությունների վերը նշված ձախողումները` Դատարանը գտնում է, որ վատ վերաբերմունքի վերաբերյալ դիմողի պնդումների քննությունը չի եղել բազմակողմանի, համարժեք կամ արդյունավետ: Հետևաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում:
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԱՅԼ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ
65. Դիմողը բողոքել է 5-րդ հոդվածի և 6-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ներքո, որ ինքն անօրինական եղանակով կալանքի է ենթարկվել, որ իրեն 2001թ. օգոստոսի 7-ին չի տրամադրվել փաստաբան, և որ այդ փաստաբանը չէր հրավիրվել 2001թ. հոկտեմբերի 19-ին դատախազի օգնականի կողմից անցկացված հարցաքննությանը, և որ ներպետական դատարանները հրաժարվել էին պահպանել ապացույցների որոշակի տարրերը, օրինակ` փորձագիտական տարբեր քննություններ կատարելու վերաբերյալ իր խնդրանքը մերժվել էր, և որ քննչական մարմինները և ներպետական դատարանները թույլ էին տվել տարբեր ընթացակարգային խախտումներ:
66. Այնուամենայնիվ, հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած ներքո առկա բոլոր նյութերը` Դատարանը գտնում է, որ այն չի հայտնաբերել Կոնվենցիայում կամ դրա Արձանագրություններում ամրագրված իրավունքների ու ազատությունների խախտում: Հետևաբար, դիմումի այս մասը պետք է մերժվի որպես ակնհայտորեն անհիմն` համաձայն Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի:
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄ
67. Կոնվենցիայի 41-րդ հոդվածը սահմանում է`
«թե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:
A. Վնասը
68. Դիմողը պահանջել է 170.000 եվրո որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
69. Կառավարությունը պնդել է, որ պահանջված գումարը չափազանցված է և չհիմնավորված:
70. Ինչ վերաբերում է դիմողի ոչ նյութական վնասի փոխհատուցման պահանջին` Դատարանը կրկնում է, առաջին հերթին, որ դիմողից չի կարելի պահանջել ներկայացնել իր կողմից կրած ոչ նյութական վնասի որևէ ապացույց (տես` Գրիդին ընդդեմ Ռուսաստանի, թիվ 4171/04, կետ 20, 2006թ. հունիսի 1): Դատարանն այնուհետև նշում է, որ սույն գործում տեղի է ունեցել առանձնապես ծանր խախտում: Դատարանն ընդունում է, որ դիմողը վատ վերաբերմունքի ենթարկվելու հետևանքով տառապել է նվաստացումից: Բացի դրանից, նրա` վատ վերաբերմունքի վերաբերյալ բողոքները համարժեքորեն և արդյունավետորեն չեն քննվել: Այս պայմաններում, այն գտնում է, որ դիմողի տառապանքները չեն կարող փոխհատուցվել զուտ խախտման հայտնաբերմամբ: Այնուամենայնիվ, պահանջված գումարը չափազանցված է: Արդարացիության սկզբունքով գնահատումը կատարելով` այն դիմողին տրամադրում է 15,000 եվրո որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, գումարած բոլոր տեսակի հարկերը, որոնք կարող են գանձվել վճարվող գումարից:
B. Ծախսեր և ծախքեր
71. Դիմողը չի պահանջել ներպետական դատարաններում կամ Դատարանում վարույթներին ներկայանալու համար ծախսերի և ծախքերի փոխհատուցում. և սա այն հարցը չէ, որը Դատարանը պարտավոր է քննել սեփական նախաձեռնությամբ (տես` Մոտիեն ընդդեմ Ֆրանսիայի, թիվ 39615/98, կետ 26, 2000թ. դեկտեմբերի 5):
C. Տուգանային տոկոսներ
Դատարանը նպատակահարմար է գտնում, որպեսզի տուգանային տոկոսը գանձվի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած փոխառության սահմանային տոկոսադրույքի հիման վրա` հավելված երեք տոկոս:
ՎԵՐՈԳՐՅԱԼԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ
1. Վճռում է, որ ոստիկանության աշխատակիցների կողմից վատ վերաբերմունքի ենթարկվելու և միջադեպի քննության անարդյունավետության վերաբերյալ դիմողի գանգատներն ընդունելի են, իսկ դիմումի մնացած մասը անընդունելի:
2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում:
3. Վճռում է,
(a) որ Պատասխանող պետությունը պետք է Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան դիմողին վճարի 15000 (տասնհինգ հազար) եվրո որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում` վճիռն ուժի մեջ մտնելու օրվանից երեք ամսվա ընթացքում, որն պետք է հաշվարկվի վճարման օրվա դրությամբ ռուսական ռուբլու սահմանված փոխարժեքով,
(b) որ վճարումը վերոհիշյալ եռամսյա ժամկետի ավարտից հետո կատարելու դեպքում չվճարված գումարի մասով պետք է հաշվարկվի տուգանային տոկոս, որը հավասար է չկատարված պարտավորության ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած փոխառության սահմանային տոկոսադրույքին` հավելած երեք տոկոս:
4. Մերժում է դիմողի`արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը:
Կատարված է անգլերենով և գրավոր հրապարակվել է 2009թ. հունվարի 8-ին` Դատարանի կանոնների 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն:
Շորեն Նիլսոն |
Քրիստոս Ռոզակիս |
Քարտուղար |
Նախագահող |
