|
Ա-Ն ԸՆԴԴԵՄ ԽՈՐՎԱԹԻԱՅԻ
2010թ. հոկտեմբերի 14-ի վճիռը
ՍՏՐԱՍՏԲՈՒՐԳ
ՓԱՍՏԵՐ
I. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
1. Դիմողը ծնվել է 1979 թվականին և բնակվում է Զ.-ում:
1. Տեղեկություններ գործի վերաբերյալ
2. 2001թ. ապրիլի 21-ին դիմողն ամուսնացել էր Բ.-ի հետ, իսկ 2001թ. մայիսի 14-ին ամուսնությունից ծնվել էր նրանց դուստրը` Կ.-ն: 2005թ. դեկտեմբերի 13-ին դիմողը քաղաքացիական հայց էր ներկայացրել Զ.-ի մունիցիպալ դատարան (Općinski sud u Z.)` խնդրելով լուծել իր և Բ.-ի ամուսնությունը: 2006թ. նոյեմբերի 7-ին դատարանը դիմողի և Բ.-ի ամուսնությունը լուծելու որոշում էր կայացրել:
3. 2003 թվականին իր դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում Բ-ն (ով այդ ժամանակ դեռևս դիմողի ամուսինն էր) հոգեբուժական փորձաքննության էր ենթարկվել: 2004թ. դեկտեմբերի 6-ին երկու հոգեբույժների կազմած արձանագրության համապատասխան հատվածում նշվել էր, որ Բ-ն Հայրենիքի համար մղված պատերազմի ժամանակ գերեվարվել էր և 1992թ. ապրիլի 3-ից օգոստոսի 14-ն անազատության մեջ պահվել համակենտրոնացման ճամբարում, որտեղ նրան խոշտանգել էին և լուրջ մարմնական վնասվածքներ պատճառել: Դրանում նաև նշվել էր, որ 1992 թվականից ի վեր նա այնպիսի հոգեկան խանգարումներով է տառապում, ինչպիսիք են` տագնապի նոպաները, պարանոյան, էպիլեպսիան և հետտրավմատիկ սթրեսային խանգարումը (ՀՏՍԽ):
Արձանագրության համապատասխան մասում նշված է.
«Բուժվող անձը (պացիենտը) հուզականորեն տհաս անձ է` քրոնիկ ՀՏՍԽ ախտանիշներով (հուսահատության ցածր շեմ, եսակենտրոնություն, թաքնված ագրեսիվություն, սթրեսային իրավիճակներում դեպրեսիվ ռեակցիաների հակում, ինչպես նաև ինքնազգացողության վատթարացում և սոցիալական ֆունկցիաների թուլացում, մասնավորապես` ընտանեկան կյանքում):
...»:
2. Բ.-ի նկատմամբ քրեական հետապնդումը` ընտանիքում բռնություն գործադրելու համար նրան առաջադրված մեղադրանքի կապակցությամբ
4. 2005թ. նոյեմբերի 21-ին Բ.-ն ձերբակալվել էր` ընտանեկան բռնություն գործադրելու ձևով հանցանք կատարելու կասկածանքով: 2005թ. դեկտեմբերի 20-ին Զ.-ի պետական մեղադրողի գրասենյակը դիմել էր Զ.-ի մունիցիպալ դատարան` Բ.-ին մեղադրելով ընտանեկան բռնություն գործադրելու մեջ: Մեղադրական եզրակացությունում նշվել էր, որ 2003թ. նոյեմբերի 12-ից 2005թ. օգոստոսի 21-ն ընկած ժամանակահատվածում Բ.-ն պարբերաբար բանավոր վիրավորել և սպառնացել էր դիմողին, արգելել էր դուրս գալ տնից և ծեծել էր նրան. 2003թ. նոյեմբերի 12-ին բռնցքով հարվածել էր որովայնին, գցել էր գետնին և շարունակել ձեռքով ու ոտքով հարվածել նրա իրանին ու գլխին. 2005թ. օգոստոսի 7-ին նա ձեռքով հարվածել էր դիմողի դեմքին, մեջքին ու ձեռքերին` պատճառելով մարմնական վնասվածքներ, իսկ 2005թ. օգոստոսի 21-ին ոտքով հարվածել էր նրա ոտքին:
5. 2005թ. դեկտեմբերի 20-ին Բ.-ն ազատ էր արձակվել այն բանից հետո, երբ վերջինիս մայրը միջնորդություն էր ներկայացրել Բ.-ին անհապաղ Պ.-ում գտնվող իր տուն փոխադրելու պատրաստակամության վերաբերյալ: Սակայն ազատվելուց հետո էլ նա շարունակել էր բռնություն գործադրել դիմողի նկատմամբ, ինչի արդյունքում 2006թ. հունվարի 9-ին դիմողը` Կ--ի հետ մեկտեղ, փոխադրվել էր Զ.-ում գտնվող կանանց ապաստան (այսուհետ` ապաստան), որը պատկանում էր մի հասարակական կազմակերպության:
6. Գործով առաջին դատական նիստը, որը նշանակվել էր 2006թ. մարտի 29-ին` Զ.-ի մունիցիպալ դատարանում, հետաձգվել էր Բ.-ի չներկայանալու պատճառով: Երկրորդ նիստը կայացել էր 2006թ. ապրիլի 5-ին:
7. 2006թ. մայիսի 22-ին Զ.-ի պետական մեղադրողի գրասենյակն ընդլայնել էր մեղադրանքի շրջանակները` նրան մեղադրելով երեխային կամ մանկահասակին անտեսելու և հալածելու ձևով հանցագործություն կատարելու մեջ: Ընդլայնված մեղադրական եզրակացությունում նշվել էր, որ 2003թ. նոյեմբերից մինչև 2006թ. փետրվար Բ.-ն, իրենց դուստր Կ.-ի ներկայությամբ, պարբերաբար բանավոր և ֆիզիկական բռնություն է գործադրել դիմողի նկատմամբ, իսկ Կ.-ի հանդեպ կիրառել էր անպարկեշտ բառապաշար, մի քանի անգամ բռնցքով և ոտքով հարվածել էր նրան: Արդյունքում` գործը հանձնվել էր Զ.-ի մունիցիպալ դատարանի` անչափահասների գործերով ստորաբաժանմանը (odjel za mladež):
8. 2006թ. դեկտեմբերի 7-ին և 2007թ. փետրվարի 20-ին նշանակված նիստերը հետաձգվել էին Բ.-ի չներկայանալու պատճառով: 2007թ. ապրիլի 17-ին նշանակված նիստը Բ.-ի պաշտպանի միջնորդությամբ հետաձգվել էր մինչև 2007թ. մայիսի 9-ը: Այդ նիստի ժամանակ էլ դատավորը որոշել էր Բ.-ին հոգեբուժական փորձաքննության ենթարկել:
9. Հոգեբուժական փորձաքննությամբ պարզվել էր, որ Բ.-ն հոգեկան մի շարք խանգարումներ ունի, այդ թվում` ՀՏՍԽ: 2008թ. հունվարի 2-ի եզրակացության մեջ նշվել էր.
«Հաշվի առնելով անձի հոգեկան վիճակը և տևական հսկողության և ուշադրության անհրաժեշտությունը` դատարանին առաջարկվում է նրա նկատմամբ նշանակել անվտանգության միջոց` հոգեբուժական բուժման ձևով:
Բուժումը կարող է իրականացվել ցերեկային ստացիոնար հիվանդանոցում` առանց ազատությունը սահմանափակելու:
Դա նրան թույլ կտա բուժման կանոնավոր կուրս անցնել, ինչը կնպաստի նրա ներկայիս համեմատաբար կայուն հոգեկան վիճակը պահպանելուն` դրանով իսկ բացառելով նրա կողմից կրկնահանցագործության հնարավորությունը, այլ կերպ` կչեզոքացվի նրա կողմից շրջապատին սպառնացող վտանգը»:
10. Եվս մեկ նիստ անցկացվել էր 2008թ. մարտի 12-ին, որի ժամանակ հարցաքննվել էր հոգեբույժ-փորձագետը: Փորձագետը հայտնել էր, որ պատերազմական գործողությունների արդյունքում Բ.-ն տառապում է ՀՏՍԽ-ով. նա նյարդային անձնավորություն է` միջինից փոքր-ինչ ցածր մտավոր զարգացածության աստիճանով, նվազ հուզականությամբ, պասիվ ագրեսիվ: Այդ ամենի արդյունքում զգալիորեն պակասել են սեփական գործողությունները և մղումները վերահսկելու` վերջինիս կարողությունները: Փորձագետը կրկնել էր իր առաջարկությունն այն մասին, որ հարկավոր է հարկադիր հոգեբուժական բուժում կիրառել:
11. 2008թ. ապրիլի 29-ին նշանակված նիստը Բ.-ի պաշտպանի միջնորդությամբ հետաձգվել էր մինչև 2008թ. հունիսի 4-ը: Այդ նիստը ևս հետաձգվել էր` Բ.-ի չներկայանալու պատճառով: 2008թ. հուլիսի 14-ին և հոկտեմբերի 3-ին նշանակված նիստերը հետաձգվել էին, որովհետև վկաներից մեկը` Զ.-ի սոցիալական ապահովության կենտրոնի մի աշխատող, չէր ներկայացել:
12. 2008թ. նոյեմբերի 19-ին կայացած նիստի ժամանակ դիմողը ցուցմունք էր տվել, իսկ դատարանն ընդունել էր երկու կողմի միջնորդությունները` լրացուցիչ վկաներ հրավիրելու վերաբերյալ: 2008թ. դեկտեմբերի 10-ին կայացած նիստի ժամանակ չորս վկա էր հարցաքննվել: 2009թ. հունվարի 21-ին նշանակված նիստին լրացուցիչ վկաներ էին կանչվել, սակայն նիստը հետաձգվել էր մինչև 2009թ. մարտի 4-ը, քանի որ Բ.-ն և մեղադրող կողմի վկաներից մեկը չէին ներկայացել: 2009թ. մարտի 4-ին նշանակված նիստը ևս հետաձգվել էր Բ.-ի, իսկ 2009թ. ապրիլի 2-ին նշանակված նիստը հետաձգվել էր Բ.-ի և մեղադրողի չներկայանալու պատճառով:
13. 2009թ. ապրիլի 6-ին դատավոր Մ. Բ.-ն այդ գործով ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել, քանի որ 2009թ. մարտին Բ-ն սպառնալիք էր տեղացել իր հասցեին, ինչի առթիվ ինքը Բ.-ի դեմ բողոք էր ներկայացրել ոստիկանություն (տես ստորև` կետ 23): Զ.-ի մունիցիպալ դատարանի նախագահը 2009թ. ապրիլի 21-ին բավարարել էր միջնորդությունը:
14. 2009թ. մարտի 9-ին Բ.-ն ինքնակամ ներկայացել էր հոգեբուժական հիվանդանոց, ուր գտնվել էր մինչև 2009թ. ապրիլի 6-ը: Ապրիլի 18-ին նա կամավոր կրկին ներկայացել էր հոգեբուժական հիվանդանոց: 2009թ. մայիսի 13-ին նոր դատավորը Բ.-ի լրացուցիչ հոգեբուժական փորձաքննություն էր նշանակել` դատավարությանը մասնակցելու նրա ունակությունը պարզելու նպատակով: Փորձագետը եզրակացրել էր` չնայած այն հանգամանքին, որ Բ.-ի հոգեկան վիճակը որոշ չափով վատթարացել է, նա ի վիճակի է մասնակցելու դատավարությանը: Բ.-ն 2009թ. մայիսի 28-ին դուրս էր գրվել հիվանդանոցից: Հաշվի առնելով տվյալ գործով նախագահող դատավորի փոխարինումը` անհրաժեշտ էր ևս մեկ անգամ ներկայացնել բոլոր ապացույցները: Նոր դատավորի մասնակցությամբ առաջին նիստը կայացել էր 2009թ. նոյեմբերի 11-ին: 2009թ. դեկտեմբերի 14-ին նշանակված նիստը Բ.-ի պաշտպանի միջնորդությամբ հետաձգվել էր մինչև 2010թ. հունվարի 13-ը: Նիստը կայացել էր 2010թ. փետրվարի 16-ին: Քրեական գործով դատական քննությունը դեռևս շարունակվում է:
3. Բ.-ի նկատմամբ քրեական հետապնդումը` դիմողին և ոստիկանության աշխատողին սպառնալու համար նրան առաջադրված մեղադրանքի կապակցությամբ
15. 2006թ. մարտի 1-ին Զ.-ի պետական մեղադրողի գրասենյակը դիմել էր Զ.-ի մունիցիպալ դատարան` Բ-ին մեղադրելով 2006թ. մարտի 1-ին դիմողի հասցեին սպանելու սպառնալիք հնչեցնելու համար:
16. Դրանից հետո` 2006թ. հունիսի 30-ին, Բ.-ն ձերբակալվել էր` դիմողի և ոստիկանության ծառայող Ի.Գ.-ի հասցեին հնչեցված սպանելու սպառնալիքից ելնելով` նման ձևով հանցագործություն կատարելու կասկածանքով: 2006թ. հուլիսի 27-ին Զ.-ի պետական մեղադրողի գրասենյակը դիմել էր Զ.-ի մունիցիպալ դատարան` Բ.-ին մեղադրանք առաջադրելով դիմողին և Ի.Գ.-ին սպանելու սպառնալիքի համար:
17. 2006թ. սեպտեմբերի 8-ին երկու գործերը միավորվել էին: 2006թ. հոկտեմբերի 16-ին Բ.-ն մեղավոր էր ճանաչվել սպանելու սպառնալիքի (երեք անգամ) համար և դատապարտվել ութ ամսվա ազատազրկման: Դատավճռի եզրափակիչ մասի համապատասխան հատվածներում նշված է հետևյալը.
«Բ.-ն ...
Մեղավոր է ճանաչվում
Այն հիմքով, որ.
1. 2006թ. մայիսի 29-ից հունիսի 12-ն ընկած ժամանակահատվածում ... Սոցիալական ապահովության կենտրոնի տարածքում, մանկահասակ Կ.-ի հետ տեսակցությունների ժամանակ, իր նախկին կնոջ` Ա.-ի նկատմամբ վախի զգացում առաջացնելու նպատակով նա մի քանի անգամ Կ.-ի ականջին շշնջացել էր, թե Ա-ն սրիկա է, որ ինքը պատրաստվում է ազատվել նրանից, որ նա լավ գիտի, թե ինչի է ինքն ընդունակ, և որ նա դժոխքի բաժին է դառնալու: 2006թ. հունիսի 14-ին մանկահասակ երեխային տեսակցելուց հետո նա փողոցում` Սոցիալական ապահովության կենտրոնի շենքի դիմաց, մոտեցել էր Ա.-ին և նրա ականջին շշնջացել, որ զգուշանա իրենից, և որ ինքը պատրաստվում է ազատվել նրանից` ինչի արդյունքում Ա.-ի մոտ սեփական կյանքի համար անհանգստության և վախի զգացողություն էր առաջացել...
2. 2005թ. նոյեմբերի ընթացքում Զ.-ում` ոստիկանության ... բաժանմունքի շենքում [ոստիկանության կողմից] անցկացվող հարցաքննության ընթացքում, որն իրականացվում էր նրա կողմից ընտանեկան բռնություն գործադրելու ձևով հանցագործություն կատարելու վերաբերյալ ներկայացված բողոքի կապակցությամբ ... ոստիկանության կին ծառայողի մոտ վախի զգացողություն առաջացնելու նպատակով ... վերջինիս ասել էր, որ նա արատավորում է Խորվաթիայի ոստիկանության պատիվը, որ նա` իր նախկին կնոջ հետ մեկտեղ դավ է նյութում իր դեմ, իբրև թե ինքը ճանաչում է ոստիկանության պետին ... և Նախարարին ..., թե սրանք նրա վերջին օրերն են ոստիկանությունում, և որ ինքն ազատվելու է նրանից: 2006թ. հունվարի 19-ին Զագրեբի մանր իրավախախտումների գործերով դատարանում ոստիկանության կին աշխատողի հարցաքննության ժամանակ Բ.-ն կրկնել էր, որ նա արատավորում է Խորվաթիայի ոստիկանության պատիվը, որ նա` իր նախկին կնոջ հետ մեկտեղ իբրև դավ է նյութում իր դեմ, և որ ինքն ազատվելու է նրանից, որ չի ծեծելու նրան, բայց նրան այնպիսի դաս կտա, որ հիշի իրեն, ինչի արդյունքում ոստիկանության աշխատակցուհուն պատճառվել է անհանգստություն` անձնական կյանքին սպառնացող վտանգի կապակցությամբ...
3. 2005թ. նոյեմբերի 21-ին Զ.-ում` ոստիկանության ... ստորաբաժանման շենքում, իր կին Ա.-ի մոտ վախի և անձնական անվտանգության համար անհանգստության զգացողություն առաջացնելու նպատակով մի քանի անգամ զանգահարել էր վերջինիս բջջային հեռախոսին` հորդորելով հետ վերցնել իր դեմ ներկայացված բողոքը, և մերժում ստանալով` ասել էր, թե նա դժոխքի բաժին է դառնալու, ասելով, որ զգուշանա իրենից, որ ոչինչ առաջվա պես չի լինելու, և որ ինքը նրան ճաղերի հետևն է գցելու, ինչի արդյունքում Ա.-ի մոտ առաջացել էր վախի զգացողություն և նրան պատճառվել էր անհանգստություն անձնական անվտանգության համար...»:
18. 2006թ. հոկտեմբերի 24-ին Բ.-ն ազատ էր արձակվել: Նույն օրը Զ.-ի մունիցիպալ դատարանը սահմանափակող որոշում էր կայացրել` Բ.-ին արգելելով երեք հարյուր մետրից ավելի մոտենալ դիմողին և արգելելով շփումները վերջինիս հետ:
19. ԹեԲ Զ.-ի պետական մեղադրողի գրասենյակը և թե Բ.-ն բողոքարկել էին առաջին ատյանի դատարանի որոշումը: 2007թ. մայիսի 22-ի որոշմամբ Զ.-ի շրջանային դատարանն անփոփոխ էր թողել այդ որոշումը, և այն, այդպիսով, ուժի մեջ էր մտել: Որոշումը մինչ օրս չի իրականացվել:
4. Բ.-ի նկատմամբ քրեական հետապնդումը` դատավորի և նրա մանկահասակ դստեր հասցեին սպանելու սպառնալիքի համար նրան առաջադրված մեղադրանքի կապակցությամբ
20. Զ.-ի պետական մեղադրողի գրասենյակը դիմել էր Զ.-ի մունիցիպալ դատարան (դիմելու ամսաթիվն անհայտ է)` Բ.-ին մեղադրելով դատավոր Մ.Բ.-ի և նրա մանկահասակ դստեր հասցեին արված սպառնալիքների համար (տես վերը` կետ 16): Վարույթի շրջանակներում Բ.-ն 2009թ. սեպտեմբերի 4-ին ձերբակալվել էր և նախնական կալանքի վերցվել: 2009թ. հոկտեմբերի 19-ին Զ.-ի մունիցիպալ դատարանը Բ.-ին ըստ մեղադրանքի մեղավոր էր ճանաչել և նրան դատապարտել երեք տարի ժամկետով ազատազրկման` նրա նկատմամբ նշանակելով նաև հարկադիր բուժում հոգեբուժական հաստատությունում: Որքանով հայտնի է, Բ.-ն շարունակում է կրել ազատազրկումը, սակայն հոգեբուժական բուժման և դրա իրականացման վայրի մասին տեղեկություններ չեն տրամադրվել:
5. Վարույթները Բ.-ի դեմ` մանր իրավախախտումների կապակցությամբ
(a) Վարույթների առաջին փուլը
21. 2004թ. հունվարի 7-ին ոստիկանության բաժանմունքը դիմել էր Զ.-ի մանր իրավախախտումների գործերով դատարան (Prekšajni sud u Z.)` մանր իրավախախտումների կապակցությամբ Բ.-ի դեմ վարույթ սկսելու հարցով: Մեղադրանքը կայանում էր նրանում, որ 2003թ. նոյեմբերի 12-ին Բ.-ն հարձակվել էր դիմողի վրա և նրան գետնին տապալել` ոտքով հարվածելով նրա իրանին և գլխին:
22. 2004թ. հունիսի 8-ին կայացած նիստում դիմողը հրաժարվել էր ցուցմունք տալուց և գործի վարույթը կարճվել էր:
(b) Վարույթների երկրորդ և երրորդ փուլերը
23. 2005թ. նոյեմբերի 14-ին ոստիկանության բաժանմունքը երկու դիմում էր ներկայացրել Զ.-ի մանր իրավախախտումների գործերով դատարան` մանր իրավախախտումների կապակցությամբ Բ.-ի դեմ վարույթ սկսելու հարցով:
24. Առաջին դիմումի մեջ նշվել էր, որ 2005թ. օգոստոսի 21-ին Բ.-ն Կ.-ի ներկայությամբ բանավոր վիրավորել էր դիմողին և հարվածել նրա ոտքին: 2006թ. նոյեմբերի 20-ի որոշմամբ դատարանը Բ.-ին մեղավոր էր ճանաչել ընտանեկան բռնություն գործադրելու մեջ և նշանակել տուգանք` 2000 խորվաթական կունայի (ԽԿ) չափով: Նշանակված տուգանքի կատարման մասին տեղեկություններ չկան:
25. Երկրորդ դիմումի մեջ նշվել էր, որ 2005թ. օգոստոսի 7-ին Բ.-ն նախ` ուժի գործադրմամբ դիմողին արգելել էր լոգանք ընդունել, ապա հարվածել էր նրա դեմքին, մեջքին և ձեռքերին` պատճառելով վնասվածքներ: 2007թ. հուլիսի 19-ի որոշմամբ դատարանը Բ.-ին մեղավոր էր ճանաչել ընտանեկան բռնություն գործադրելու մեջ և նշանակել տուգանք` 7000 ԽԿ-ի չափով: Այդուհանդերձ, այդ որոշումն ուժի մեջ չէր մտել, քանի որ վարույթը 2007թ. նոյեմբերի 28-ին կարճվել էր` վաղեմության ժամկետը լրանալու կապակցությամբ:
(c) Վարույթների չորրորդ փուլը
26. 2006թ. մարտի 26-ին դիմողը Ընտանեկան բռնությունից պաշտպանության մասին օրենքի հիման վրա դիմել էր Զ.-ի մանր իրավախախտումների գործերով դատարան` մանր իրավախախտումների կապակցությամբ Բ.-ի դեմ վարույթ սկսելու համար: Նա հայտնել էր, որ 2005թ. մարտի 29-ից ի վեր Բ.-ն Կ.-ի ներկայությամբ պարբերաբար ծեծել է իրեն` պատճառելով մարմնական վնասվածքներ: Դրանք 2005թ. մարտի 29-ի և օգոստոսի 16-ի բժշկական արձանագրություններում բնութագրվել են որպես վերին շրթի, աջ սրունքի և աջ ոտքի վնասվածքներ` որակվելով որպես թեթև մարմնական վնասվածքներ: Այնուհետև նա 2006թ. փետրվարի 1-ին սպառնացել էր սպանել նրան:
27. Դիմողը նաև խնդրել էր անհապաղ պաշտպանության միջոցներ կիրառել` իրեն մոտենալու հետ կապված սահմանափակումների, իրեն անհանգստացնելն ու հետապնդելն արգելելու և հարկադիր սոցիալ-հոգեբանական բուժում նշանակելու ձևով: Դիմողը պարզաբանել էր, որ Բ.-ի մոտ ախտորոշվել էին մի շարք հոգեկան խանգարումներ, որոնց կապակցությամբ նա տարիներ շարունակ բուժում էր ստացել: Դիմողը խնդրել էր, որպեսզի վարույթն սկսվի անհապաղ:
28. Դատարանը 2006թ. հունիսի 27-ին նշանակել էր նախնական նիստ (pripremno ročište), իսկ հաջորդ նիստերը նշանակվել էին 2006թ. սեպտեմբերի 19-ին և սեպտեմբերի 26-ին: 2006թ. հոկտեմբերի 2-ի որոշմամբ դատարանը Բ.-ին մեղավոր էր ճանաչել ընտանեկան բռնություն գործադրելու մեջ և նշանակել տուգանք` 6000 ԽԿ-ի չափով: Սահմանվել էր նաև պաշտպանության միջոց` դիմողին հարյուր մետրից ավելի մոտենալու մեկամյա արգելքի ձևով, ինչպես նաև նշանակվել էր վեց ամիս տևողությամբ հարկադիր սոցիալ-հոգեբանական բուժում: Որոշման եզրափակիչ մասի համապատասխան հատվածը հետևյալ շարադրանքն ուներ.
«Բ.-ն ...
Մեղավոր է ճանաչվում
Այն հիմքով, որ.
2006թ. փետրվարի 1-ին իրենց բնակարանում ... նա իրենց մանկահասակ երեխա Կ.-ի ներկայությամբ սպառնացել էր իր կնոջը հետևյալ խոսքերով. «Ես սպանելու եմ քեզ, դու այլևս չես քայլելու ... դու այլևս երբեք չես տեսնելու երեխայիդ» ... բռնության նման դրսևորումները հետագայում տարբեր առիթներով կրկնվել էին` զուգակցվելով մարմնական վնասվածքներ պատճառելով ... »:
29. 2006թ. հոկտեմբերի 30-ին դիմողը բողոք էր ներկայացրել` նշելով, որ անհրաժեշտ է պաշտպանության միջոց կիրառել նաև իրեն և Կ.-ին անհանգստացնելն ու հետապնդելը, ինչպես նաև Կ.-ին մոտենալն արգելելու ձևով: Նա նաև վիճարկել էր, որ իրեն մոտենալու արգելքը բավարար չափով որոշակի չէ, քանի որ դատարանը չի նշել այն օրը, երբվանից այդ միջոցը պետք է կիրառվեր: Բ.-ն ևս բողոքարկել էր:
30. Բ.-ի և դիմողի բողոքները 2007թ. հունվարի 31-ին մերժվել էին Թեթև իրավախախտումների գործերով վերադաս դատարանի կողմից:
31. Բ--ն վճարել էր տուգանքի մի մասը` 1000 ԽԿ-ի չափով: Տուգանքի մնացած մասը` 5000 ԽԿ-ն, փոխարինվել էր ազատազրկմամբ, ինչը Բ.-ն չէր կրել: Կառավարությունը դա բացատրել էր նրանով, որ Զ.-ի բանտը լեփլեցուն է դատապարտյալներով: Ավելին, Բ.-ն հարկադիր սոցիալ-հոգեբանական բուժումը ևս չէր անցել` պաշտպանության այդ միջոցի իրականացումն ապահովելու համար լիցենզավորված անհատների կամ կազմակերպությունների բացակայության պատճառով: Պատժի կատարման վաղեմության ժամկետը լրացել էր 2009թ. հունվարի 31-ին:
32. 2007թ. դեկտեմբերի 10-ին դիմողը Զ.-ի մանր իրավախախտումների գործերով դատարանին հայտնել էր, որ Բ-ն խախտել է նշանակված սահմանափակումները և որ 2007թ. հոկտեմբերին նա մասնավոր խուզարկու էր վարձել, ով եկել էր այն գաղտնի հասցեով, ուր նա բնակվում էր ապաստանը լքելուց հետո: Դիմողը պնդել էր բռնության ենթարկվածի նկատմամբ հետապնդումներն ու անհանգստություն պատճառելու դեպքերն արգելելու ձևով պաշտպանության լրացուցիչ միջոց կիրառելու վերաբերյալ իր խնդրանքը, որը 2007թ. դեկտեմբերի 12-ին մերժվել էր Զ.-ի մանր իրավախախտումների գործերով դատարանի կողմից` այն հիմքով, որ նա չի ապացուցել, թե իր կյանքին անմիջական վտանգ է սպառնում: 2007թ. դեկտեմբերի 17-ին դիմողը բողոքարկել էր այդ որոշումը: Դատարանը 2008թ. հունվարի 7-ին մերժել էր նրա բողոքը: Դիմողն այդ որոշման դեմ 2008թ. փետրվարի 18-ին սահմանադրական բողոք էր ներկայացրել: 2008թ. մարտի 19-ին Սահմանադրական դատարանը գտել էր, որ այդ հարցն իր իրավասության շրջանակներից դուրս է:
6. Համապատասխան այլ փաստեր
33. Դիմողը և Կ.-ն լքել էին ապաստանը և գնացել էին բնակվելու մի գաղտնի հասցեում (ամսաթիվը հայտնի չէ): 2007թ. հոկտեմբերի 14-ին մի անհայտ տղամարդ էր հայտնվել նրանց դռների մոտ: Դիմողի զուգընկերը բաց էր արել, և դռան առջև կանգնած տղամարդը ներկայացել էր որպես մասնավոր խուզարկու, ում վարձել էր Բ.-ն` դիմողի և Կ.-ի որպիսությունը պարզելու համար:
34. Դիմողը տեղափոխվել էր և հինգ ամիս ապրել մերձակա մի գյուղում: Ըստ նրա` այլ վայրում կացարան գտնել չէր կարողացել, որովհետև բոլոր տանտերերը, ում ինքը մոտեցել էր, պատասխանել էին, թե ցանկություն չունեն գործ ունենալու այդ բռնարարի` իր նախկին ամուսնու հետ:
35. Դիմողի և Բ.-ի ամուսնալուծության գործի քննության ընթացքում Զ.-ի մունիցիպալ դատարանը 2006թ. մարտի 9-ին միջանկյալ միջոց էր կիրառել` Բ.-ի և Կ.-ի շփումները սահմանափակելով շաբաթական երկու անգամ մեկական ժամով, Զ.-ի սոցիալական ապահովության կենտրոնում, մասնագետների հսկողության ներքո: Դիմողը չէր կատարել այդ որոշման պահանջները, ինչի արդյունքում դատարանը 2006թ. մայիսի 23-ին նրան նախազգուշացրել էր տուգանք նշանակելու հնարավորության մասին, և դիմողը համակերպվել էր: Այդ որոշումից հետո դիմողը կատարել էր միջանկյալ միջոցի պահանջները` մինչև 2006թ. հունիսի կեսը:
36. 2006թ. նոյեմբերի 7-ին Զ.-ի մունիցիպալ դատարանը լուծել էր դիմողի և Բ.-ի ամուսնությունը, իսկ Բ.-ին պարտավորեցրել էր միջոցներ վճարել Կ.-ի խնամքի համար: Բացի դրանից, Բ.-ին արգելվել էր շփվել Կ.-ի հետ: Երկու կողմերն էր բողոքարկել էին, և 2007թ. սեպտեմբերի 11-ին Զ.-ի շրջանային դատարանը (Županijski sud u Z.) ամուսնալուծության մասով որոշումն ուժի մեջ էր թողել, սակայն Կ.-ի խնամքի համար վճարվելիք միջոցների չափի և Բ.-ի և Կ.-ի շփումների մասով բեկանել էր առաջին ատյանի դատարանի վճիռը և գործը վերադարձրել լրացուցիչ քննության:
37. 2008թ. հոկտեմբերի 7-ին Զ.-ի մունիցիպալ դատարանը նոր վճիռ էր կայացրել խնամքի համար վճարվելիք միջոցների վերաբերյալ և Բ.-ի ու Կ.-ի միջև շփումների տևողությունն ավելացրել մինչև ամսական երկու անգամ` երկուական ժամով, Զ.-ի մանկական ժամանցային կենտրոնում, Զ.-ի սոցիալական ապահովության կենտրոնի մասնագետի հսկողությամբ: Երկու կողմերն էլ բողոք էին ներկայացրել, և 2009թ. հունվարի 27-ին Զ.-ի շրջանային դատարանը մասամբ (Բ.-ի և Կ.-ի շփումների մասով) անփոփոխ էր թողել վճիռը, բեկանել էր խնամքի միջոցների վերաբերյալ որոշումը և գործն այդ մասով վերադարձրել լրացուցիչ քննության: Երեխայի խնամքի միջոցների հետ կապված դատաքննությունը դեռևս ընթացքի մեջ է:
II. ԳՈՐԾԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ
Գործին առնչվող քրեական օրենսդրություն
38. Քրեական օրենսգրքի (Kaznenei zakon Republike Hrvatske, Official Gazette nos. (Պաշտոնական տեղեկագիր)`թիվ 110/1997, 28/1998, 50/2000, 129/2000, 51/2001, 11/2003, 105/2004, 84/2005 և 71/2006) համապատասխան հատվածներն ամրագրում են հետևյալը .
Հոդված 75
«Հարկադիր հոգեբուժական բուժման ձևով անվտանգության միջոցը կարող է կիրառվել միայն հանցանք կատարած այն անձի նկատմամբ, ով հանցանքը կատարելու պահին լիովին չի գիտակցել արարքի հետևանքները, [և] եթե այդ վիճակը [հետևանքները չգիտակցելու] ծնող գործոնները կարող են հետագայում հանգեցնել այլ հանցագործության կատարման:
Հարկադիր հոգեբուժական բուժման ձևով անվտանգության միջոցը կարող է կիրառվել սույն հոդվածի 1-ին մասում նշված պայմաններում` ազատազրկման ձևով պատիժը կրելու ընթացքում, ազատազրկման փոխարեն կամ հետաձգված պատժի հետ մեկտեղ:
Հարկադիր հոգեբուժական բուժումը պետք է կիրառվի այնքան ժամանակ, քանի դեռ դրա կիրառման հիմքերն առկա են, սակայն այն ամեն դեպքում [չպետք է] գերազանցի ազատազրկման ժամկետը... Հարկադիր հոգեբուժական բուժումը որևէ պարագայում չի կարող գերազանցել երեք տարին:
...»:
ՄԱՐՄՆԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔԸ
Հոդված 98
«Այլ անձի մարմնական վնասվածք կամ առողջությանը վնաս պատճառող անձը պատժվում է տուգանքով կամ ազատազրկմամբ` մինչև մեկ տարի ժամկետով»:
Հոդված 102
«Մարմնական վնասվածք պատճառելու ձևով հանցագործության կապակցությամբ քրեական վարույթը (հոդված 98) պետք է իրականացվի մասնավոր մեղադրանքի կարգով»:
ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ
Հոդված 129
«(1) Այլ անձին ուղղված վնաս պատճառելու սպառնալիքը` ահաբեկելու կամ անհանգստություն պատճառելու նպատակով, պատժվում է տուգանքով` ամսական աշխատավարձի հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի չափով կամ ազատազրկմամբ` մինչև վեց ամիս ժամկետով:
(2) Այլ անձին ուղղված սպանելու լուրջ սպառնալիքը ... պատժվում է տուգանքով կամ ազատազրկմամբ` մինչև մեկ տարի ժամկետով:
...
(4) Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերում նշված հանցագործությունների կապակցությամբ քրեական վարույթը պետք է իրականացվի [մասնավոր] բողոքի առկայության դեպքում»:
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 215ա
«Ընտանիքի անդամի կողմից բռնությունը, վատ վերաբերմունքը կամ խիստ վիրավորական վարքագիծը, որի արդյունքում ընտանիքի որևէ անդամ նվաստացնող դրության մեջ է հայտնվում, պատժվում է ազատազրկմամբ` վեց ամսից մինչև հինգ տարի ժամկետով»:
Գործին առնչվող օրենսդրությունը մանր իրավախախտումների վերաբերյալ
39. Ընտանեկան բռնությունից պաշտպանության մասին օրենքի (Official Gazette no. (Պաշտոնական տեղեկագիր)`թիվ 116/2003, Zakon o zaštiti of nasilja u obitelji) համապատասխան դրույթները սահմանում են հետևյալը.
Բաժին 1
«Սույն օրենքով սահմանվում են «ընտանեկան բռնություն» հասկացությունը, սույն օրենքի իմաստով ընտանիքի անդամներ համարվող անձինք, ընտանիքի անդամների պաշտպանության ձևերը և մանր իրավախախտումների համար նախատեսված պատիժների տեսակներն ու նպատակները»:
Բաժին 2
«(1) Մանր իրավախախտումների մասին օրենքի դրույթները կիրառելի են ընտանեկան բռնության հետ կապված մանր իրավախախտումների նկատմամբ, եթե սույն oրենքով այլ բան նախատեսված չէ:
(2) Սույն օրենքի շրջանակներում հարուցված վարույթները պետք է քննվեն անհապաղ»:
Բաժին 4
«Ընտանեկան բռնություն է համարվում հետևյալը.
– անձի անձեռնմխելիության դեմ ֆիզիկական ուժ կամ հոգեբանական ճնշում գործադրելու ցանկացած դրսևորում,
– ընտանիքի անդամի կողմից կատարված ցանկացած գործողություն, որը կարող է ֆիզիկական կամ հոգեկան տառապանք պատճառել,
– վախ, անձնական անվտանգության համար անհանգստություն կամ անձի արժանապատվությանը վնաս պատճառելը,
– ֆիզիկական ցանկացած ոտնձգություն` անկախ մարմնական վնասվածք հասցնելու կամ չհասցնելու հանգամանքից,
– բանավոր ցանկացած ոտնձգություն, հայհոյանք, անվանարկում կամ լուրջ վիրավորանքի ցանկացած այլ դրսևորում,
– սեռական ոտնձգություններ,
– հետապնդումը կամ անհանգստություն պատճառելու ցանկացած դրսևորում,
– անձի անօրինական մեկուսացում, նրա տեղաշարժվելու ազատության կամ այլոց հետ շփվելու սահմանափակում,
– գույքի վնասում կամ ոչնչացում, կամ նման գործողություն կատարելու փորձ»:
Մանր իրավախախտումների դեպքում` ընտանեկան բռնությունից պաշտպանելու նպատակով կիրառվող պատժի տեսակները և նպատակները
Բաժին 6
«(1) Մանր իրավախախտումների դեպքում ընտանեկան բռնությունից պաշտպանելու նպատակով կիրառվող պատժի տեսակներն են` տուգանքը, ազատազրկումը և պաշտպանության միջոցները:
...»:
Պաշտպանության միջոցները
Բաժին 7
«Ընտանեկան բռնություն գործադրած անձի նկատմամբ դատարանը կարող է կիրառել պաշտպանության հետևյալ միջոցները.
(a) հարկադիր սոցիալ-հոգեբանական բուժում,
(b) տուժողին մոտենալու հետ կապված սահմանափակումներ,
(c) բռնությունից տուժած անձանց անհանգստացնելու և հետապնդելու հետ կապված սահմանափակումներ,
(d) բնակարանից, տնից կամ այլ կացարանից վտարում,
(e) բռնության առումով խոցելի անձանց պաշտպանության ապահովում,
(f) կախվածությունից հարկադիր բուժում,
(g) մանր իրավախախտումների համար նախատեսված կամ գործածված իրերի առգրավում»:
Պաշտպանության միջոցների նպատակը
Բաժին 8
«Պաշտպանության միջոցների նպատակն է` կանխել ընտանեկան բռնությունը, բռնության առումով խոցելի անձի անհրաժեշտ պաշտպանությունը, առողջությունն ու անվտանգությունն ապահովելը և հետագայում մանր իրավախախտում կատարելուն նպաստող կամ հրահրող հանգամանքները չեզոքացնելը»:
Պաշտպանության միջոցը` հարկադիր սոցիալ-հոգեբանական բուժման ձևով
Բաժին 9
«(1) Պարտադիր սոցիալ-հոգեբանական բուժման ձևով պաշտպանության միջոցը կարող է կիրառվել ընտանեկան բռնություն գործադրած անձի նկատմամբ` բռնացողի գործողություններին վերջ դնելու նպատակով, կամ այն դեպքում, երբ առկա է վերջինի կողմից սույն օրենքի 3-րդ բաժնում նշված անձանց դեմ կրկին հանցանք կատարելու հավանականություն:
(2) Սույն բաժնի 1-ին մասով նախատեսված միջոցը պետք է կիրառվի այնքան ժամանակ, քանի դեռ դրա անհրաժեշտությունը չի վերացել, սակայն ոչ ավելի, քան վեց ամիս տևողությամբ:
...»:
Պաշտպանության միջոցները` տուժողին մոտենալու հետ կապված սահմանափակումներ կիրառելու ձևով
Բաժին 10
«(1) Տուժողին մոտենալու սահմանափակումների ձևով պաշտպանության միջոցը կարող է կիրառվել ընտանեկան բռնություն գործադրած անձի նկատմամբ, եթե առկա է վերջինի կողմից սույն օրենքի 3-րդ բաժնում նշված անձանց դեմ կրկին հանցանք կատարելու հավանականություն:
(2) Տուժողին մոտենալու սահմանափակումների ձևով պաշտպանության միջոցը նշանակելիս պետք է նշվեն համապատասխան վայրերն ու տարածքները, ինչպես նաև մոտենալու թույլատրելի հեռավորությունը:
(3) Սույն բաժնի առաջին մասում նշված միջոցի տևողությունը չի կարող մեկ ամսից պակաս կամ մեկ տարուց ավելի լինել:
...»:
Բռնությունից տուժած անձանց անհանգստացնելու և հետապնդելու հետ կապված սահմանափակումները
Բաժին 11
«(1) Բռնությունից տուժած անձանց անհանգստացնելու և հետապնդելու հետ կապված սահմանափակումների ձևով պաշտպանության միջոցը կարող է կիրառվել բռնություն գործադրած անձի նկատմամբ, եթե առկա է վերջինիս կողմից սույն օրենքի 3-րդ բաժնում նշված անձանց դեմ կրկին հանցանք կատարելու հավանականություն:
(2) Սույն բաժնի առաջին մասում նշված միջոցը կարող է կիրառվել մեկ ամսից մինչև մեկ տարի ժամկետով:
...»:
Բռնության առումով խոցելի անձանց պաշտպանությունն ապահովելը
Բաժին 13
«(1) Բռնության առումով խոցելի անձանց պաշտպանությունն ապահովելու ձևով պաշտպանության միջոցը կարող է նշանակվել այն անձի նկատմամբ, ով անձնական պաշտպանության առումով խոցելի է բռնության հանդեպ` նրան հնարավորություն տալով տնից վերցնելու իր անձնական փաստաթղթերը, հագուստը, դրամը կամ ամենօրյա կյանքում անհրաժեշտ այլ պարագաներ:
(2) Սույն բաժնի 1-ին մասում նշված միջոցը ներառում է բռնության առումով խոցելի անձի ուղեկցումը ոստիկանության կողմից և այդ անձի պաշտպանությունը` անձնական իրերը վերցնելու ընթացքում, ինչպես նաև ուղեկցումը տնից դուրս գալու ժամանակ:
(3) Այս միջոցի տևողությունը պայմանավորված է դատարանի կարգադրությունն իրականացնելու համար անհրաժեշտ ժամանակով»:
Պաշտպանության միջոցների նշանակումը
Բաժին 16
«(1) Պաշտպանության միջոցները կարող են նշանակվել բռնության առումով խոցելի անձի միջնորդությամբ կամ դատարանի նախաձեռնությամբ:
(2) 7-րդ բաժնի (a) և (g) կետերով նախատեսված պաշտպանության միջոցները նշանակվում են դատարանի նախաձեռնությամբ:
(3) Սույն օրենքով նախատեսված պաշտպանության միջոցները նշանակվում են մեկ ամսից ոչ պակաս տևողությամբ, սակայն մանր իրավախախտման գործով վարույթի ավարտից հետո երկու տարուց ոչ ավելի ժամկետով կամ ոչ ավելի, քան մինչև ազատազրկման ժամկետի ավարտը, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ»:
Բաժին 17
«(1) Սույն օրենքի 7-րդ բաժնի (b), (c), (d) և (g) կետերով նախատեսված պաշտպանության միջոցները կարող են նշանակվել առանձին, եթե անգամ այլ պատժատեսակ նշանակված չէ:
(2) Սույն բաժնի առաջին մասով նախատեսված պաշտպանության միջոցը կարող է նշանակվել մանր իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելու դիմում ներկայացրած անձի միջնորդությամբ` բռնության առումով խոցելի անձանց կամ վերջիններիս ընտանիքների անդամների կյանքին սպառնացող վտանգը չեզոքացնելու նպատակով:
(3) Սույն բաժնի 1-ին և 2-րդ մասերում նշված հարցերով որոշումը դատարանը պետք է կայացնի 48 ժամվա ընթացքում:
...»:
Պատասխանատվությունը պաշտպանության միջոցը խախտելու համար
Բաժին 20
«(1) Ընտանեկան բռնություն գործադրած անձինք պարտավոր են կատարել [իրենց նկատմամբ նշանակված] պաշտպանության միջոցի պահանջները:
(2) Իրենց նկատմամբ նշանակված պաշտպանության միջոցների պահանջները խախտող անձինք մանր իրավախախտման համար պատժվում են տուգանքով, որը չի կարող 3.000 խորվաթական կունայից պակաս լինել, կամ ազատազրկմամբ` առնվազն քառասուն օր ժամկետով:
...»:
40. Մանր իրավախախտումների մասին օրենքը (Zakon o Prekršajima, Official Gazette no. (Պաշտոնական տեղեկագիր)` թիվ 88/2002), սահմանում է հետևյալը.
Բաժին 30
«Տուգանքն անձի նկատմամբ կարող է սահմանվել նվազագույնը 300 խորվաթական կունայից մինչև առավելագույնը 10.000 խորվաթական կունայի չափով»:
Բաժին 31
«Կարճաժամկետ ազատազրկումը կարող է սահմանվել նվազագույնը` 3 և առավելագույնը` երեսուն օր ժամկետով: Բացառիկ դեպքերում, կախված մանր իրավախախտման լրջությունից, այն կարող է սահմանվել առավելագույնը մինչև վաթսուն օր ժամկետով:
...»:
41. Ազատազրկման հետ կապված պատիժների իրականացման մասին օրենքի (Zakon o izvršavanju kazne zatvora, Official Gazette nos. (Պաշտոնական տեղեկագիր)` թիվ 128/1999 and 190/2003) համապատասխան բաժինները սահմանում են հետևյալը.
ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ
Բաժին 2
«Կարճաժամկետ ազատազրկման հիմնական նպատակը ազատազրկումը կրող անձի հանդեպ մարդկային վերաբերմունքից և նրա անձնական անվտանգությունը հարգելուց բացի ... ազատազրկվածի մոտ ազատ արձակվելուց հետո օրենքին և հասարակությունում ընդունված բարքերին համապատասխան ապրելու ունակության ձևավորումն է»:
ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
Բաժին 69
(1) «Կարճաժամկետ ազատազրկումն իրականացնելու անհատական ծրագիրը (այսուհետ` իրականացման ծրագիր) մանկավարժական, աշխատանքային, ժամանցային, առողջապահական, հոգեբանական և ապահովության հետ կապված միջոցառումների ծրագիր է, որի նպատակն անազատության մեջ անցկացրած ժամանակն ազատազրկվածի առանձնահատկություններին ու կարիքներին, ինչպես նաև այս կամ այն հաստատության կամ բանտի տեսակին ու հնարավորություններին համապատասխանեցնելն է: Իրականացման ծրագիրը պետք է մշակվի` հաշվի առնելով սույն օրենքի 7-րդ բաժնում նշված նպատակներին հասնելու անհրաժեշտությունը:
(2) Իրականացման ծրագիրը պետք է մշակվի բանտի ղեկավարի կողմից` քրեակատարողական ոլորտի փորձագիտական խմբի առաջարկությունների հիման վրա...
(3) Իրականացման ծրագիրը պետք է տեղեկատվություն պարունակի ... հատուկ ընթացակարգերի (... հոգեբանական և հոգեբուժական աջակցության ... անվտանգության հատուկ միջոցառումների ...) մասին:
...»
III. ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
42. Կանանց բռնությունից պաշտպանելու վերաբերյալ 2002թ. ապրիլի 30-ի իր թիվ Rec(2002)5 հանձնարարականում Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն, ի թիվս այլ հարցերի, արձանագրել էր, որ անդամ երկրները պետք է մշակեն, ընդունեն և (կամ) կատարելագործեն (եթե անհրաժեշտ է) բռնության դեմ ուղղված ներպետական քաղաքականություն` տուժողների առավելագույն անվտանգությունն ու պաշտպանությունը, աջակցությունն ու օժանդակությունն ապահովելու, քրեական և քաղաքացիական օրենսդրությունը համապատասխանեցնելու, հանրային իրազեկվածությունը բարձրացնելու, կանանց դեմ բռնություններին առնչվող մասնագետների վերապատրաստման և կանխարգելման միջոցով:
43. Նախարարների կոմիտեն, մասնավորապես, հանձնարարել էր, որպեսզի անդամ երկրները քրեականացնեն կանանց դեմ ուղղված լուրջ բռնությունները, ինչպիսիք են` սեռական բռնությունը և բռնաբարությունը, հղի կամ անպաշտպան, հիվանդ, հաշմանդամ կամ կախյալ վիճակում գտնվող տուժողների խոցելիությունը չարաշահելը, ինչպես նաև քրեականացնել բռնությունը գործադրողի կողմից դիրքի չարաշահումը: Հանձնարարականում նաև նշվել էր, որ անդամ երկրները պետք է ապահովեն, որպեսզի բռնությունից տուժած բոլոր անձինք կարողանան դիմել քրեական գործ հարուցելու հարցով. անդամ երկրները պետք է նաև ընդունեն դրույթներ` ապահովելու համար, որպեսզի դատախազներն օժտված լինեն քրեական վարույթ սկսելու լիազորությամբ, խրախուսեն դատախազներին` կանանց նկատմամբ բռնությունը որպես ծանրացնող հանգամանք կամ հանրային շահի առումով վճռորոշ հանգամանք համարելու հարցում, ըստ անհրաժեշտության ապահովեն, որպեսզի ձեռնարկվեն տուժողներին վտանգներից և հնարավոր վրեժխնդրությունից արդյունավետ պաշտպանելու քայլեր և առանձնակի միջոցներ ձեռնարկեն` դատավարության ընթացքում երեխաների իրավունքների պաշտպանությունը երաշխավորելու ուղղությամբ:
44. Ինչ վերաբերում է ընտանեկան բռնությանը, Նախարարների կոմիտեն հանձնարարել է, որպեսզի անդամ երկրներն ընտանեկան բռնության բոլոր ձևերը որակեն որպես քրեական հանցագործություններ և սահմանեն հնարավորություն, որպեսզի դատական համակարգը, ի թիվս այլ միջոցների, իրավունք ունենա նշանակելու տուժողների պաշտպանության միջանկյալ միջոցներ, բռնություն գործադրողին արգելելու շփվել, հաղորդակցվել տուժողի հետ կամ մոտենալ նրան, արգելել բնակվել այս կամ այն տարածքում կամ մուտք գործել այդ տարածք. անդամ երկրները պետք է նաև քրեականացնեն բռնություն գործադրողի նկատմամբ նշանակված միջոցների բոլոր խախտումները և սահմանեն ոստիկանության, առողջապահական կամ սոցիալական ծառայությունների համար պարտադիր պահանջ` արձանագրելու բռնության փաստերը:
ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՐՑԵՐ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 2-ՐԴ, 3-ՐԴ ԵՎ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
45. Դիմողը բողոքել էր, որ Բ.-ի բռնի գործողություններից պաշտպանվելու պատշաճ միջոցների բացակայության արդյունքում պետական իշխանության մարմինները չեն կատարել իրենց դրական պարտավորությունները: Նա հիմնվել էր Կոնվենցիայի 2-րդ, 3-րդ և 8-րդ հոդվածների վրա, որոնց համապատասխան հատվածները հետևյալ բովանդակությունն ունեն.
Հոդված 2 - Կյանքի իրավունք
«1. Յուրաքանչյուրի կյանքի իրավունքը պաշտպանվում է օրենքով:
Ոչ մեկին չի կարելի դիտավորությամբ զրկել կյանքից այլ կերպ, քան ի կատարումն դատարանի կայացրած դատավճռի` այն հանցագործության համար, որի կապակցությամբ օրենքով նախատեսված է այդ պատիժը»:
...»:
Հոդված 3 - Խոշտանգումների արգելում
«Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»:
Հոդված 8 - Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք
«1. Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք:
2. Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»:
A. Ընդունելիությունը
46. Դատարանը նշում է, որ դիմումի այդ մասը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով ակնհայտ անհիմն չէ: Դատարանն այնուհետ նշում է, որ որևէ հիմք չունի դիմումն անընդունելի համարելու համար: Հետևաբար, անհրաժեշտ է այն ընդունելի համարել:
B. Գործի էությունը
1. Կողմերի դիրքորոշումները
47. Դիմողը վիճարկել է, որ պետական իշխանության մարմինները չեն կատարել Կոնվենցիայի 2-րդ, 3-րդ և 8-րդ հոդվածներով նախատեսված դրական պարտավորությունները` Բ.-ի կողմից իր նկատմամբ գործադրված բռնության առումով: Նա համոզված էր, որ չնայած թե՛ քրեական հանցագործության և թե՛ մանր իրավախախտումների կապակցությամբ ներպետական դատարանները որոշակի միջոցներ նշանակել էին, դրանց մեծամասնությունն այդպես էլ չէր իրականացվել: Ներպետական դատարանները նաև թերացել են նյութական և դատավարական իրավունքի համապատասխան դրույթները կիրառելիս:
48. Նա նաև նշել է, որ այն պահանջը, թե տուժողին անհանգստությունից և հետապնդումից պաշտպանելու կապակցությամբ համապատասխան միջոցներ կիրառելու համար անհրաժեշտ է, որպեսզի տուժողը հայտնի իր կյանքին սպառնացող անմիջական վտանգի մասին, չափազանց ծանր պարտականություն է իր` որպես բռնություններից տուժած անձի համար (տե՛ս վերը` կետ 35): Ամեն դեպքում Զ.-ի մանր իրավախախտումների դատարանը նրա կյանքին սպառնացող վտանգի մասին բավարար ապացույցներ ունեցել է, քանի որ այդ ժամանակ Բ.-ն արդեն իսկ դատապարտված է եղել տուժողին սպանելու սպառնալիքի համար (տե՛ս վերը` կետ 20):
49. Դիմողը նաև համոզված էր, որ ներպետական իշխանության մարմինների կողմից իրեն պաշտպանության պատշաճ միջոցներ չտրամադրելու արդյունքում վախ է ապրել իր ֆիզիկական անվտանգության և կյանքի համար, ստիպված է եղել Կ.-ի հետ մեկտեղ պատսպարվել ապաստանում, ինչպես նաև տեղափոխվել բնակվելու մեկ այլ` գաղտնի հասցեում:
50. Կառավարությունը պնդել է, որ ընտանեկան բռնությունից տուժողների պաշտպանությունն ապահովված է քրեական օրենսդրությամբ, մասնավորապես` Ընտանեկան բռնությունից պաշտպանության մասին օրենքով: Սույն գործի պարագայում իշխանության համապատասխան մարմիններն արձագանքել էին Բ.-ի կողմից տուժողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքերին` քրեական հանցագործությունների ու մանր իրավախախտումների կապակցությամբ հարուցելով մի շարք վարույթներ, ինչպես նաև` Բ.-ի նկատմամբ կիրառելով համապատասխան քրեական պատիժներ և նշանակելով պաշտպանության միջոցներ: Կառավարությունը հայտնել է, որ Զ.-ի մանր իրավախախտումների գործերով դատարանի 2006թ. հոկտեմբերի 2-ի որոշմամբ նշանակված տուգանքն ամբողջությամբ չվճարելու համար Բ.-ի նկատմամբ նշանակված ազատազրկումը չէր իրականացվել, որովհետև Զ.-ի բանտը լեփլեցուն էր դատապարտյալներով: Նմանապես, նույն որոշմամբ Բ.-ի նկատմամբ հարկադիր սոցիալ-հոգեբանական բուժումը չէր իրականացվել` պաշտպանության այդ միջոցի իրականացումն ապահովելու համար լիցենզավորված անհատների կամ կազմակերպությունների բացակայության պատճառով (տե՛ս վերը` կետեր 31 և 34):
51. Բացի դրանից, Կառավարությունն ընտանեկան բռնությունից պաշտպանության ազգային ռազմավարության վերաբերյալ երկու փաստաթուղթ էր ընդունել (առաջինը 2005-2007, երկրորդը` 2008-2010 թվականների վերաբերյալ), որոնք, ի թիվս այլ հարցերի, անդրադառնում էին նաև ընտանեկան բռնության ենթարկված անձանց կրթության և այդ ոլորտում ներգրավված հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության, ինչպես նաև տուժողներին ցուցաբերվող ֆինանսական և այլ աջակցության խնդիրներին: Արդյունքում` միայն 2008 թվականին հիմնվել էր 329 անձի համար նախատեսված տասնվեց ապաստան բռնությունից տուժած անձանց համար, որից վեցը` պետական ֆինանսավորմամբ:
2. Դատարանի գնահատականը
52. Դատարանը հաշվի է առնում դիմողի նկատմամբ Բ.-ի բռնի վարքագիծը: Խնդրո առարկա փաստերը վերաբերում են 2003թ. նոյեմբերից մինչև 2006թ. հունիսն ընկած ժամանակահատվածում բռնություն գործադրելու բազմիցս կրկնված դրվագներին, ընդհանուր առմամբ` երկու տարի և յոթ ամիս տևողությամբ: Բռնությունը եղել է թե' բանավոր, ներառյալ` սպանելու լուրջ սպառնալիքները, և թե' ֆիզիկական, այդ թվում` ձեռքով և ոտքով դիմողի գլխին, դեմքին և իրանին հարվածելու ձևով` նրան պատճառելով վնասվածքներ: Հաշվի առնելով այն փաստը, որ սույն գործով ընտանեկան բռնության բոլոր դեպքերը կատարվել են միևնույն անձի կողմից և կատարվել են շարունակաբար, Դատարանը դրանք քննության կառնի որպես շարունակվող իրադրություն:
53. Դատարանը հաշվի է առնում նաև Բ.-ի վերաբերյալ հոգեբուժական փորձաքննության եզրակացությունները, որոնցում նշվել էր, որ նա տառապում է մի շարք հոգեկան խանգարումներով, այդ թվում` ծանր ձևի ՀՏՍԽ-ով: Եզրակացություններում նշվել էր նաև բռնության հանդեպ նրա հակումը և սեփական հույզերը վերահսկելու նվազ ունակությունը, առաջարկվել էր շարունակել հարկադիր հոգեբուժական բուժումը (տե՛ս վերը` կետեր 6, 12 և 13):
54. Վերը նշված փաստերը ցույց են տալիս, որ դիմողը համոզիչ պնդումներ էր ներկայացրել առ այն, որ Բ.-ն տևական ժամանակ սպառնացել է իր ֆիզիկական անվտանգությանը և բազմիցս հարձակվել իր վրա: Այս փաստերը հաշվի առնելով` Դատարանը գտնում է, որ պետական իշխանության մարմինները դիմողին իր (նախկին) բռնարար ամուսնուց պաշտպանելու դրական պարտավորություն ունեին: Այդ պարտավորությունը կարող էր ծագել Կոնվենցիայի այն հոդվածների առնչությամբ, որոնց վրա հիմնվել է դիմողը, այն է` 2-րդ, 3-րդ և 8-րդ հոդվածները: Ինչևէ, դիմողի հասցեին հնչած սպանելու սպառնալիքների` Կոնվենցիայի 2-րդ հոդվածի առումով պետության դրական պարտավորությանն առնչվելու կամ չառնչվելու հարցի հետագա քննարկումից, ինչպես նաև Կոնվենցիայի 3-րդ հոդվածով սահմանված շեմն անցնելուց խուսափելու նպատակով Դատարանը սույն գործի հանգամանքները քննության կառնի Կոնվենցիայի 8-րդ հոդվածի տեսանկյունից:
55. Այս կապակցությամբ Դատարանը պնդում է, որ սույն դիմումի համար հիմք հանդիսացած իրադարձությունները` Կոնվենցիայի 8-րդ հոդվածի իմաստով, անշուշտ, առնչվում են անձնական կյանքի ոլորտին: Ֆիզիկական և բարոյական անձեռնմխելիություն, անկասկած, անխզելի է անձնական կյանքի գաղափարից: Անձնական կյանքի գաղափարը տարածվում է նաև անհատների միջև փոխհարաբերությունների ոլորտի վրա: Այսինքն` ստացվում է, որ անձի անվտանգության դեմ ուղղված ոտնձգությունները կանխելն «անձնական կյանքի» գաղափարով պայմանավորելու որևէ հիմք սկզբունքորեն գոյություն չունի (տե՛ս X and Y v. the Netherlands գործը, 26 March 1985, կետ 23, Series A no. 91):
56. 8-րդ հոդվածի կարևորագույն իմաստն անհատին հանրային իշխանությունների կամայական գործողություններից պաշտպանելն է, սակայն կարող են լինել նաև այլ դրական պարտավորություններ, որոնք անքակտելի են անձնական և ընտանեկան կյանքի հանդեպ իրական «հարգանքից». այդ պարտավորությունները կարող են անհատների միջև փոխհարաբերություններին առնչվող միջոցների ձեռնարկում ենթադրել (որոշակի վերապահումներով տե՛ս վերը հիշատակված X and Y գործը, կետեր 23-24; Mikulić v. Croatia, no. 53176/99, կետ 57, ECHR 2002-I; և Sandra Janković v. Croatia, no. 38478/05, կետ 44, ECHR 2009-... (հատվածներ)):
57. Ինչ վերաբերում է անձնական կյանքի հանդեպ հարգանքին, Դատարանը նախկինում տարբեր առիթներով նշել է, որ անձնական կյանքի գաղափարն առնչվում է այլ անձանցից անհատի ֆիզիկական և բարոյական պաշտպանությանը: 8-րդ հոդվածի հիման վրա պետությունը պարտավոր է անհատի ֆիզիկական և բարոյական անձեռնմխելիությունը պաշտպանել այլ անձանցից: Այդ իմաստով հարկավոր է ձևավորել և գործնականում կիրառել մասնավոր անձանց կողմից կիրառվող բռնությունից պաշտպանելու պատշաճ իրավական գործիքներ (տե՛ս վերոհիշյալ X and Y գործը, կետեր 22 and 23; Costello-Roberts v. the United Kingdom գործը, 25 March 1993, կետ 36, Series A no. 247-C; D.P. and J.C. v. the United Kingdom գործը, no. 38719/97, կետ 118, 10 October 2002; M.C. v. Bulgaria գործը, no. 39272/98, կետեր 150 and 152, ECHR 2003-XII; Bevacqua and S. v. Bulgaria գործը, no. 71127/01, կետ 65, 12 June 2008 և վերը հիշատակված Sandra Janković գործը, կետ 45):
58. Ուստի Դատարանը քննության կառնի այն հանգամանքը, թե դիմողի գործի կապակցությամբ Խորվաթիան որքանով է խախտել Կոնվենցիայի 8-րդ հոդվածով ստանձնած իր դրական պարտավորությունը (որոշակի վերապահումներով տե՛ս Handyside v. the United Kingdom գործը, 7 December 1976, կետ 49, Series A no. 24):
(a) Նշանակված և իրականացված միջոցներ
(i) Կալանք
59. Ինչ վերաբերում է Բ.-ի նկատմամբ խորվաթական իշխանությունների ձեռնարկած միջոցներին, Դատարանը նկատում է, որ Բ.-ի դեմ գործադրված միջոցներից մեկը նախնական կալանքն էր: Ընտանեկան բռնության մեղադրանքի առթիվ 2005թ. նոյեմբերի 21-ին հարուցված քրեական վարույթի շրջանակներում (տե՛ս վերը` կետեր 7–17), Բ.-ն կալանքի տակ է գտնվել 2005թ. նոյեմբերի 21-ից մինչև դեկտեմբերի 20-ը: Այդ վարույթն առնչվում էր 2003թ. նոյեմբերից մինչև 2005թ. օգոստոսն ընկած ժամանակահատվածում դիմողի նկատմամբ գործադրված ֆիզիկական և բանավոր բռնությանը, ինչպես նաև երեխայի հանդեպ չարաշահումների վերաբերյալ պնդումներին: Այդ գործընթացը դեռևս չի ավարտվել:
60. Ոստիկանության կին ծառայողի հասցեին հնչեցրած սպանելու սպառնալիքների կապակցությամբ ներկայացված մեղադրանքների հիման վրա 2006թ. մարտի 1-ին հարուցված վարույթի ընթացքում (տե՛ս վերը` կետեր 18-22) Բ.-ն կալանքի տակ է գտնվել 2006թ. հունիսի 30-ից մինչև հոկտեմբերի 24-ը:
(ii) Պաշտպանության այլ միջոցներ
61. Բ.-ի կալանքից բացի, ներպետական դատարանները վերջինիս նկատմամբ կիրառել էին մի շարք այլ միջոցներ ևս: Այսպես, դիմողի և ոստիկանության կին ծառայողի հասցեին հնչեցրած սպառնալիքի վերաբերյալ վերը նշված վարույթի շրջանակներում Զագրեբի մունիցիպալ դատարանը նաև սահմանափակումներ էր կիրառել Բ.-ի դեմ` դիմողին երեք հարյուր մետրից ավելի մոտենալը և դիմողի հետ շփումներն արգելելու ձևով:
62. Ընտանեկան բռնություն գործադրելու մեղադրանքի հիման վրա հարուցված մանր իրավախախտումների վերաբերյալ 2006թ. մարտի 26-ին հարուցված վարույթի շրջանակներում Զագրեբի մանր իրավախախտումների գործերով դատարանը նշանակել էր պաշտպանության միջոց` դիմողին հարյուր մետրից ավելի մոտենալը մեկ տարի ժամկետով արգելելու ձևով (տե՛ս վերը` կետեր 29-35):
(b) Առաջարկված կամ նշանակված այն միջոցները, որոնք չեն իրականացվել կամ խախտվել են
63. Դատարանը նշում է, որ առաջարկված կամ նշանակված միջոցների մի մասը չի իրականացվել կամ խախտվել է: Հարկ է նշել, որ տվյալ դեպքում Դատարանի խնդիրը չէ պարզել, թե որքանով են ներպետական դատարանները ճիշտ կիրառել ներպետական քրեական օրենսդրությունը. տվյալ դեպքում խնդրո առարկան ոչ թե անհատի քրեաիրավական պատասխանատվությունն է, այլ Կոնվենցիայով պետության ստանձնած պարտավորությունը: Դատարանը պետք է հնարավորինս հարգի այս կամ այն համապատասխան միջոցն ընտրելու հարցում ներպետական դատարանների դիրքորոշումը` միաժամանակ պահպանելով վերանայելու և միջամտելու իր լիազորությունն այն դեպքերում, երբ խոսքը գործողության ծանրության և ներպետական մակարդակում դրա առաջացրած հետևանքների անհամաչափության մասին է (որոշակի վերապահումներով տե՛ս Nikolova and Velichkova v. Bulgaria գործը, no. 7888/03, կետ 62, 20 December 2007; Atalay v. Turkey գործը, no. 1249/03, կետ 40, 18 September 2008; and Beganović v. Croatia գործը, no. 46423/06, կետ 78, ECHR 2009-...):
64. Այս կապակցությամբ Դատարանը նշում է, որ դիմողի դեմ բռնի գործողությունների առնչությամբ Կոնվենցիայի 8-րդ հոդվածով պետության ստանձնած պարտավորությունը սովորաբար պահանջում է, որպեսզի պետությունը պատշաճ դրական միջոցներ մշակի քրեաիրավական պաշտպանության բնագավառում: Դատարանը շեշտում է, որ Կոնվենցիան կենսունակ գործիք է, որը պետք է մեկնաբանվի տվյալ պահի իրողությունների լույսի ներքո, և որ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ոլորտում պահանջվում են հարաճուն բարձր չափանիշներ. Կոնվենցիան, անկասկած, առավելագույնս հետևողական մոտեցում է պահանջում ժողովրդավարական հասարակությունների հիմնարար արժեքների ոտնահարումները գնահատելու հարցերում (որոշակի վերապահումներով տե՛ս Selmouni v. France, [GC] գործը, no. 25803/94, կետ 101, ECHR 1999-V; Mayeka and Mitunga v. Belgium գործը, no. 13178/03, կետ 48, ECHR 2006-XI և վերը հիշատակված Sandra Janković գործը, կետ 47): Բռնարարքների հեղինակներին արդարադատության առջև կանգնեցնելը հիմնականում թույլ է տալիս ապահովել, որ նման գործողությունները չանտեսվեն իշխանության համապատասխան մարմինների կողմից, ինչպես նաև տրամադրում է արդյունավետ պաշտպանություն այդ գործողություններից:
(i) Կալանք
65. 2006թ. մարտի 1-ին հարուցված վարույթի արդյունքում Զագրեբի մունիցիպալ դատարանը 2006թ. հոկտեմբերի 16-ի դատավճռով Բ.-ին մեղավոր էր ճանաչել դիմողին և ոստիկանության կին աշխատողին սպանելու կրկնակի սպառնալիքի համար` նրան դատապարտելով ութ ամիս ժամկետով ազատազրկման: Բ.-ն ազատազրկման այդ ժամկետի կրումը դեռևս չի սկսել:
66. Ընտանեկան բռնության ձևով մանր իրավախախտումների առթիվ հարուցված գործերից մեկի շրջանակներում 2006թ. հոկտեմբերի 2-ին որոշում էր կայացվել պարտավորեցնել Բ.-ին` վճարել 6000 ԽԿ-ի չափով տուգանք: Նա վճարել էր միայն 1000 ԽԿ-ն, իսկ մնացած 5000 ԽԿ-ն փոխարինվել էր ազատազրկմամբ, սակայն Բ.-ն երբևէ չէր կրել ազատազրկման ձևով նշանակված պատիժը: Կառավարությունը դա բացատրել է նրանով, որ Զ.-ի բանտը լեփլեցուն է դատապարտյալներով:
67. Փոխարենը նա 2009թ. սեպտեմբերի 4-ին ձերբակալվել էր դատավորին և նրա դստերն սպանելու սպառնալիքների առիթով հարուցված վարույթի շրջանակներում, ավելի ուշ` կալանավորվել: Այդ գործով 2009թ. հոկտեմբերի 19-ին դատավճիռ էր կայացվել` Բ.-ին երեք տարի ժամկետով ազատազրկման դատապարտելու վերաբերյալ:
(ii) Հոգեբուժական բուժումը
68. Միաժամանակ որոշվել էր, որ Բ.-ն պետք է պարտադիր հոգեբուժական բուժման ենթարկվի: Ընդունելով, որ այդ միջոցի կիրառումը ցանկալի է, Դատարանը, այնուամենայնիվ, չի կարող չնկատել, որ այն երբևէ չի նշանակվել դիմողի հանդեպ Բ.-ի գործադրած բռնությունների առիթով հարուցված վարույթներից որևէ մեկի շրջանակներում: Ավելին, նման միջոց նշանակվել էր մի քանի տարի անց միայն, երբ դիմողը հայտնել էր Բ.-ի կողմից բանավոր և ֆիզիկական բռնություն գործադրելու բազմաթիվ դեպքերի մասին: Դատարանը նաև հիշեցնում է, որ Կառավարությունը որևէ տեղեկություն չի տրամադրել բանտի վարչակազմի կողմից ազատազրկման իրականացման անհատական ծրագիր մշակելու վերաբերյալ, ինչպես սահմանված է Ազատազրկման հետ կապված պատիժների իրականացման մասին օրենքի 69-րդ բաժնով: Բ.-ի նկատմամբ նման միջոցի կիրառումն առավել կարևորվում է այն հանգամանքով, որ, ազատազրկման հետ մեկտեղ, նշանակվել է այնպիսի նշանակալի միջոց, ինչպիսին հարկադիր հոգեբուժական բուժումն է, որը ներպետական դատարանները նշանակել էին նրա կողմից հնչեցված սպանելու լուրջ սպառնալիքների կապակցությամբ (համեմատության համար տե՛ս Branko Tomašić and Others v. Croatia գործը, no. 46598/06, կետ 56, ECHR 2009-...):
69. Այս կապակցությամբ Դատարանը նշում է, որ 2004թ. դեկտեմբերին Բ-ին հետազոտած հոգեբույժը եզրակացրել էր, որ նա տառապում է քրոնիկ ՀՏՍԽ-ով, որն ուղեկցվում է այնպիսի ախտանիշներով, ինչպիսիք են` հուսահատության ցածր շեմը, թաքնված ագրեսիվությունը, ինքնազգացողության վատթարացումը և սոցիալական ֆունկցիաների թուլացումը, մասնավորապես` ընտանեկան կյանքում: 2008 թվականին կազմված մեկ այլ հոգեբուժական եզրակացության մեջ նշվել էր, որ Բ.-ն տևական հոգեբուժական հսկողության և ուշադրության, ինչպես նաև կանոնավոր բուժման կարիք ունի, ինչը կնպաստեր նրա` համեմատաբար կայուն հոգեկան վիճակը պահպանելուն` դրանով իսկ բացառելով նրա կողմից կրկնահանցագործության հնարավորությունը, այլ կերպ ասած` կչեզոքացներ նրա կողմից շրջապատին սպառնացող վտանգը:
70. Ընտանեկան բռնության ձևով մանր իրավախախտումների առթիվ հարուցված գործերից մեկի շրջանակներում 2006թ. հոկտեմբերի 2-ին որոշում էր կայացվել Բ.-ի նկատմամբ սոցիալ-հոգեբանական բուժում նշանակել` բռնությունների գործադրման կապակցությամբ նրա հոգեկան առողջության խնդիրները կարգավորելու նպատակով (տե՛ս վերը` կետ 31): Այդուհանդերձ, պաշտպանության նման միջոցի իրականացումն ապահովելու համար լիցենզավորված անհատների կամ կազմակերպությունների բացակայության պատճառով այն այդպես էլ չէր իրականացվել (տե՛ս վերը` կետեր 31-33):
(iii) Տուգանքներ
71. Դատարանը նշում է, որ Կառավարությունը որևէ տեղեկություն չի տրամադրել առ այն, որ Բ.-ն վճարել է 2000 ԽԿ-ի չափով տուգանքը, որը նրա նկատմամբ նշանակվել էր 2006թ. նոյեմբերի 20-ին` մանր իրավախախտումների կապակցությամբ հարուցված վարույթի շրջանակներում: Դրանից բացի, մանր իրավախախտումների կապակցությամբ հարուցված մեկ այլ գործի շրջանակներում նրա նկատմամբ 2007թ. հուլիսի 19-ին նշանակվել էր տուգանք` 7000 ԽԿ-ի չափով: Սակայն ներպետական դատարանները թույլ էին տվել, որպեսզի այդ ընթացակարգերի վաղեմության ժամկետը լրանա, քանի դեռ վերաքննիչ դատարանը քննում էր դրանք:
(c) Ամփոփում
72. Դատարանն ընդգծում է, որ իր խնդիրը ոչ թե խորվաթական իրավասու իշխանությունների փոխարեն որոշելն է, թե որն է անհատներին իրենց անձնական անվտանգության դեմ ուղղված ոտնձգություններից պաշտպանելու առավել պատշաճ միջոցը, այլ Կոնվենցիայի լույսի ներքո քննարկելը, թե ինչ որոշումներ են կայացրել այդ իշխանությունները` ի կատարումն իրենց հայեցողական իրավասությունների (տե՛ս վերը հիշատակված Sandra Janković գործը, կետ 46):
73. Վերը հիշատակված սկզբունքի համաձայն` Դատարանը նաև տեղյակ է, որ ներպետական իշխանությունները պարտավոր են իրենց իրավական համակարգերը կազմակերպել այնպես, որպեսզի համապատասխանեն Կոնվենցիայի շրջանակներում իրենց ստանձնած դրական պարտավորություններին, և այդ առումով, անկասկած, հնարավոր է միևնույն անձի նկատմամբ հարուցել տարբեր վարույթներ` միևնույն տուժողի նկատմամբ կատարված տարբեր հանցագործությունների կապակցությամբ: Ինչևէ, այնպիսի իրադրությունում, ինչպիսին առկա է սույն գործի պարագայում, երբ տարբեր քրեական հանցագործությունների և մանր իրավախախտումների կապակցությամբ հարուցված վարույթները վերաբերում են որպես միևնույն անձի, տվյալ դեպքում` Բ.-ի կողմից կատարված մի շարք բռնարարքների, պարզորոշ է, որ անձնական կյանքի նկատմամբ հարգանքի` դիմողի իրավունքը կարող էր ավելի լավ իրականացվել, եթե իշխանություններն իրադրությունը դիտարկեին որպես մեկ ամբողջություն: Դրանով նրանք կունենային իրադրության առավել լավ համայնապատկերը, ինչպես նաև հնարավորություն` գնահատելու դիմողին բռնության տարբեր դրսևորումներից ամենից հարմար և արագ ձևով պաշտպանելու անհրաժեշտությունը:
74. Դատարանն ընդունում է, որ ներպետական դատարանները մանր իրավախախտումների և քրեական հանցագործությունների կապակցությամբ Բ.-ի դեմ մի շարք վարույթներ էին հարուցել, որոնց շրջանակներում տարբեր միջոցներ էին նշանակվել, ինչպես, ասենք, նախնական կալանք, հոգեբուժական կամ սոցիալ-հոգեբանական բուժում, սահմանափակումներ և նման այլ միջոցներ, ընդհուպ` մինչև ազատազրկում: Այդ միջոցները նշանակելով` խորվաթական իշխանությունները ցույց են տվել, որ դիմողի դեմ գործադրված բռնությանն արձագանքելու առումով համարժեք և անհրաժեշտ են համարել այդ միջոցները: Դատարանին մնում է միայն համաձայնել այդ մոտեցմանը:
75. Ներպետական դատարանները երբևէ չեղյալ չեն համարել խնդրո առարկա միջոցները և ոչ էլ որոշել, թե դրանք այլևս անհրաժեշտ չեն: Սակայն, ինչպես մանրամասն նշվել է վերը, այդ միջոցներից շատերը, ինչպես, ասենք, կալանքը, տուգանքները, սոցիալ-հոգեբանական բուժումը և անգամ ազատազրկումը չեն իրականացվել (տե՛ս վերը` կետեր 68-74), իսկ տևական հոգեբուժական բուժման վերաբերյալ ավելի վաղ արված առաջարկություններն իրականացվել են միայն 2009թ. հոկտեմբերի 19-ին, ինչպես նաև ավելի ուշ` դիմողի դեմ գործադրված բռնություններին չառնչվող քրեական գործի շրջանակներում: Բացի դրանից, որևէ կերպ չի ապացուցվում, թե Բ.-ն անցել է որևէ հոգեբուժական բուժում (տե՛ս վերը` կետ 23): Դատարանն ընդգծում է, որ քրեական պատիժներ նշանակելու հիմնական նպատակն իրավախախտին զսպելն է և հետագա վնաս պատճառելուց նրան հետ պահելը: Ինչևէ, այս նպատակներին դժվար է հասնել` նշանակված պատժատեսակները չկիրառելու պայմաններում:
76. Ներպետական իշխանություններն ի կատար չէին ածել ներպետական դատարանների նշանակած միջոցները, որոնց նպատակը, մի կողմից, Բ.-ի` գործադրված բռնությունների խորքային պատճառ հանդիսացող հոգեկան վիճակը կարգավորելն էր, մյուս կողմից` դիմողին Բ.-ի հետագա բռնարարքներից պաշտպանելը: Նրանք դիմողին, այդպիսով, տևական ժամանակ թողել էին այնպիսի իրադրությունում, որը չի համապատասխանում անձնական կյանքի նկատմամբ հարգանքի պաշտպանությունն ապահովելու հարցում նրանց ստանձնած դրական պարտավորություններին:
77. Հետևաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում: Այդ եզրակացության հիման վրա Դատարանը գտնում է, որ Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների խախտման կապակցությամբ առանձին քննություն անհրաժեշտ չէ:
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
78. Դիմողն այնուհետև բողոքել էր քրեական հանցագործությունների և մանր իրավախախտումների կապակցությամբ Բ.-ի նկատմամբ հարուցված վարույթների անարդարացիությունից: Նա հիմնվել էր Կոնվենցիայի 6 (1) հոդվածի վրա, որի համապատասխան մասը սահմանում է հետևյալը.
«Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի ... դատարանի կողմից ողջամիտ ժամկետում ... դատաքննության իրավունք»:
79. Դատարանը նշում է, որ դիմողը չի կարող հիմնվել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի վրա, քանի որ գանգատը վերաբերում է երրորդ անձանց դեմ հարուցված քրեական գործին: Ավելին, դիմողի գանգատներն արդեն իսկ քննվել են Կոնվենցիայի 8-րդ հոդվածի կապակցությամբ ներկայացված գանգատի հետ մեկտեղ:
80. Այսինքն` այս գանգատն իմաստային առումով անհամատեղելի է Կոնվենցիայի 35 (3) հոդվածի հետ, և ենթակա է մերժման` 35 (4) հոդվածի հիման վրա:
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
81. Դիմողը պնդել է, որ Կոնվենցիայի հիման վրա ներկայացված բողոքի կապակցությամբ ինքն արդյունավետ պաշտպանության միջոց չի ունեցել: Նա հիմնվել է Կոնվենցիայի 13-րդ հոդվածի վրա, որը սահմանում է հետևյալը.
«Յուրաքանչյուր ոք, ում սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք»:
82. Կառավարությունն առարկել է այդ փաստարկի դեմ:
83. Դատարանը նկատում է, որ այս գանգատը կապված է Կոնվենցիայի 8-րդ հոդվածի առնչությամբ վերը քննարկված գանգատին և, հետևաբար, պետք է անընդունելի համարվի:
84. Դիմողն առարկել է` նշելով, որ իր դեմ բանավոր և ֆիզիկական բռնության առիթով Բ.-ի դեմ հարուցված վարույթի շրջանակներում իրենց իսկ կայացրած որոշումները ներպետական իշխանությունների կողմից չկատարելու արդյունքում ինքը զրկված է եղել արդյունավետ պաշտպանության միջոցից, այսինքն` Բ.-ի բռնարարքներից պաշտպանվելու հնարավորությունից: Դատարանը նշում է, որ ճիշտ և ճիշտ այդ հարցերն արդեն իսկ քննարկվել են վերը` Կոնվենցիայի 8-րդ հոդվածի կապակցությամբ ներկայացված բողոքի առնչությամբ, ինչի արդյունքում պարզվել է, որ տեղի է ունեցել այդ հոդվածի խախտում: Հետևաբար` Դատարանը համարում է, որ սույն գործի որոշակի հանգամանքները հաշվի առնելով` անհրաժեշտ չէ քննության առնել Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտման առկայության հարցը:
IV. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 14-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
85. Դիմողն այնուհետև բողոքել էր, որ ընտանեկան բռնությանը վերաբերող համապատասխան օրենքները բավարար ու արդյունավետ չեն, և, քանի որ ընտանեկան բռնությունը հիմնականում գործադրվում է կանանց դեմ, այդ օրենքները ևս հող են ստեղծում խտրականության համար: Նա հիմնվել էր Կոնվենցիայի 14-րդ հոդվածի վրա, որը սահմանում է հետևյալը.
«Սույն Կոնվենցիայում շարադրված իրավունքներից և ազատություններից օգտվելն ապահովվում է առանց խտրականության, այսինքն` անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային փոքրամասնությանը պատկանելուց, գույքային դրությունից, ծննդից կամ այլ դրությունից»:
1. Կողմերի դիրքորոշումները
86. Դիմողը 14-րդ հոդվածի խախտման վերաբերյալ իր փաստարկները երեք հիմնական ուղղությամբ էր կենտրոնացրել: Առաջին` նա պնդել է, որ ընտանեկան բռնության դեպքերին անդրադարձող օրենսդրությունը խտրականություն է պարունակում, քանի որ ընտանեկան բռնության բոլոր դրսևորումները, այդ թվում` լուրջ ֆիզիկական բռնարարքները, դիտարկվում են որպես մանր իրավախախտում, մինչդեռ նույն գործողությունները, որոնք կատարվում են ոչ ընտանեկան միջավայրում, քննվում են սովորական քրեաիրավական մեխանիզմների միջոցով: Ավելին, չնայած որ հարկադիր հոգեբուժական բուժումը նախատեսված է օրենքով, գործնականում այդ միջոցը միանգամայն անհետևանք է:
87. Երկրորդ` նա պնդել է, որ չնայած Կառավարությունն ընտանեկան բռնությունից պաշտպանության ազգային ռազմավարության վերաբերյալ երկու փաստաթուղթ էր ընդունել (2005-ին և 2008-ին), երկուսն էլ մնացել էին չիրականացված: Այդ կապակցությամբ նա ընդգծել է, որ ընտանեկան բռնության ոլորտում ներգրավված մասնագետների վերապատրաստումն անբավարար է, և որ նման վերապատրաստումների գնահատում չի իրականացվել:
88. Երրորդ` դիմողը համոզված է, որ Ընտանեկան բռնությունից պաշտպանության մասին օրենքի շրջանակներում կիրառված պաշտպանության միջոցների կիրառման վերաբերյալ վիճակագրությունից հետևում է, որ 2007 թվականին Զագրեբ քաղաքում 173 գործ է քննվել հիշյալ օրենքի առնչությամբ: Դրանցից 98-ի պարագայում պաշտպանության միջոց նշանակելու դիմում էր ներկայացվել, ընդ որում` դրանցից 40-ը մերժվել էր, իսկ 47-ի դեպքում դատավորը խնդրանքն անպատասխան էր թողել: Դիմողն այլ վիճակագրություն ևս ներկայացրել է` մատնացույց անելով, որ 2007թ. ընթացքում մանր իրավախախտումների կապակցությամբ քննված գործերի թիվը 172 էր: Դրանից 132-ն ավարտվել էր երկու (նախկին) ամուսիններին մեղավոր ճանաչելով, 70-ը` ազատազրկման դատավճռով, որոնցից 38-ի կատարումը հետաձգվել էր: 16 գործով (նախկին) ամուսիններից միայն մեկն էր մեղավոր ճանաչվել, ընդ որում` բռնություն գործադրողներից 14-ը տղամարդ էր, 2-ը` կին, իսկ մնացած գործերը կարճվել էին` առանց մեղադրական դատավճիռ կայացնելու:
89. Առանձին վիճակագրություն էր ներկայացվել Ընտանեկան բռնությունից պաշտպանության մասին օրենքի շրջանակներում Մանր իրավախախտումների գործերով վերադաս դատարան (որը մանր իրավախախտումների վերաբերյալ գործերով վերաքննիչ դատարանն է) ներկայացված գործերի քննության տևողության վերաբերյալ: 2007 թվականին այդ դատարանը հիշյալ օրենքի կապակցությամբ 1568 բողոք էր ստացել: 461 գործով վարույթը տևել էր երեսուն օր, 574 գործով` 31-60, 420 գործով` 61-ից 120 օր, իսկ 67 դեպքում` 121 օրից ավելի:
90. Կառավարությունը պնդել է, որ խնդրին առնչված իշխանության մարմիններից որևէ մեկի կողմից դիմողի նկատմամբ խտրական մոտեցում չի ցուցաբերվել: Ի տարբերություն Opuz-ի գործի (տե՛ս Opuz v. Turkey գործը, no. 33401/02, ECHR 2009-...), սույն գործի փաստերը ցույց են տալիս, որ իշխանության մարմիններից որևէ մեկը դիմողի դեմ գործադրված բռնությունների դեպքերը չի քննել որպես ընտանեկան միջադեպ, որին իրենք չէին կարող միջամտել: Ավելին, որևէ պաշտոնյա որևէ կերպ չէր փորձել համոզել դիմողին` հրաժարվել Բ.-ի դեմ ներկայացրած բողոքներից:
2. Դատարանի գնահատականը
91. Դատարանն արդեն իսկ ընդունել է, որ այնպիսի ընդհանուր քաղաքականությունը կամ միջոցը, որն ակնհայտորեն չեզոք է, սակայն անհամեմատ մեծ վնասակար ազդեցություն է գործում այնպիսի անձանց կամ անձանց խմբի վրա, ովքեր կարող են նույնականացվել միայն սեռի հիման վրա (ինչպես տվյալ գործում), կարող է խտրական համարվել, նույնիսկ երբ այն ուղղված չէ այդ խմբին (որոշակի վերապահումներով տե՛ս Hugh Jordan v. the United Kingdom գործը, no. 24746/94, կետ 154, 4 May 2001; Hoogendijk v. the Netherlands (dec.) գործը, no. 58461/00, 6 January 2005 և Oršuš and Others v. Croatia [GC] գործը, no. 15766/03, կետ 150, ECHR 2010-...), եթե այդ միջոցն օբյեկտիվորեն չի հիմնավորվում իրավաչափ նպատակներով, և եթե այդ նպատակին հասնելու միջոցները պատշաճ, անհրաժեշտ և համարժեք չեն: Ավելին, ի խախտումն Կոնվենցիայի` խտրականություն կարող է առաջանալ փաստացի տեղի ունեցած իրադրության արդյունքում (տե՛ս Zarb Adami v. Malta գործը, no. 17209/02, կետ 76, ECHR 2006-VIII): Եթե դիմողը ներկայացնում է արժանահավատ ապացույցներ առ այն, որ տվյալ միջոցի կամ գործունեության ազդեցությունը խտրականություն է առաջացնում, ապացուցման պարտավորությունն ընկնում է պատասխանող պետության վրա, որը պետք է ցույց տա, որ վերաբերմունքի տարբերությունները խտրականություն չեն (տե՛ս վերը հիշատակված Oršuš and Others գործը, կետ 150):
92. Դատարանը նշում է, որ Opuz-ի գործով, հիմնվելով դիմողների կողմից ներկայացված և Կանանց դեմ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի (CEDAW) հարցերով կոմիտեի, Դիարբեքիրի փաստաբանների միության և Էմնըսթի Ինթըրնեշընըլ կազմակերպության պատրաստած զեկույցների վրա` եզրակացրել է, որ դատական համակարգի պասիվությունը հանգեցրել է խտրականության, որը, թեպետ ոչ դիտավորյալ, հիմնականում անդրադարձել է կանանց վրա, և համարել է, որ դիմողի և նրա մոր նկատմամբ կիրառված բռնությունը կարող է գենդերային բռնություն համարվել, ինչն էլ, իր հերթին, կանանց դեմ խտրականության ձևերից մեկն է: Չնայած վերջին տարիներին Կառավարության իրականացրած բարեփոխումներին, դատական համակարգի` տվյալ գործի առումով ցուցաբերած համընդհանուր անտարբերությունը և բռնարարների անպատժելիությունը մատնացույց են անում ընտանեկան բռնության հետ կապված հարցերում ոչ բավարար պարտավորվածության և բավարար քայլեր չձեռնարկելու մասին (տե՛ս վերը, հիշատակված Opuz-ի գործը, կետ 200):
93. Ի պաշտպանություն այդ եզրահանգումների` Դատարանը հիմնվել էր այն հանգամանքի վրա, որ թուրքական կառավարությունն ընդունել էր տեղական իշխանությունների մոտ ձևավորված ընդհանուր վերաբերմունքը (օրինակ` ընտանեկան բռնության մասին հայտնող կանանց հետ ոստիկանության բաժանմունքներում ընդունված վարվելաձևը), ինչպես նաև դատական համակարգի պասիվությունը` տուժողներին արդյունավետ պաշտպանությամբ ապահովելու հարցերում (տե՛ս վերը հիշատակված Opuz-ի գործը, կետ 192): Ավելին, ներկայացված զեկույցները վկայում են, որ երբ տուժողներն ընտանեկան բռնության հարցերով դիմում են ոստիկանության բաժանմունքներ, ոստիկանության ծառայողները, նրանց բողոքները քննության առնելու փոխարեն, գերադասում են հաշտարարի դեր ստանձնել` փորձելով համոզել տուժողներին` վերադառնալ տուն և հետ վերցնել բողոքները: Տվյալ դեպքում ոստիկանության ծառայողները խնդիրը դիտում են որպես ընտանեկան միջադեպ, որին իրենք չեն կարող միջամտել (տե՛ս վերը հիշատակված Opuz-ի գործը, կետեր 92, 96, 102 and 195): Զեկույցներից նաև երևում է, որ ոստիկանության ծառայողների բացասական վերաբերմունքի արդյունքում բռնարարների նկատմամբ ներգործության միջոցների նշանակումն ու իրականացումն անհարկի ձգձգվել է: Ավելին, ընտանեկան բռնություն գործադրած անձինք կարծես թե համարժեք պատիժներ չեն կրում, քանի որ դատարանները մեղմում են պատիժները` դա հիմնավորելով բարքերի, ավանդույթների կամ արժանապատվության հետ կապված նկատառումներով (տե՛ս վերը հիշատակված Opuz-ի գործը, կետեր 91-93, 95, 101, 103, 106 և 196):
94. Դատարանը նախևառաջ նշում է, որ դիմողը սույն գործով Խորվաթիայի վերաբերյալ որևէ զեկույց չի ներկայացրել, ինչպես դա արվել է Թուրքիայի պարագայում` Opuz-ի գործով: Ընտանեկան բռնությունից տուժած կանանց նկատմամբ խորվաթական իշխանությունների (ոստիկանության, իրավապահ մարմինների կամ առողջապահական անձնակազմի, սոցիալական ծառայությունների, դատախազների, դատավորների կամ դատարանների) կողմից խտրական վերաբերմունքի վերաբերյալ բավարար վիճակագրական կամ այլ տեղեկատվություն չի ներկայացվել: Դիմողը չէր գանգատվել, թե իր դեմ գործադրված բռնություններին առնչված որևէ պաշտոնյա փորձել է տարհամոզել իրեն Բ.-ի քրեական հետապնդման կամ դատավարության ընթացքում նրա դեմ ցուցմունք տալու հետ կապված հարցերում, կամ այլ կերպ փորձել խանգարել իրեն` Բ.-ի բռնի գործողություններից պաշտպանվելիս:
95. Սկսելով դիմողի ներկայացրած փաստարկներից (տե՛ս վերը` կետեր 89-92), Դատարանը կուսումնասիրի, թե որքանով են այդ փաստարկներն արժանահավատ ապացույցներ ներկայացնում գենդերային խտրականության վերաբերյալ:
96. Ինչ վերաբերում է ընտանեկան բռնության դեպքերի վերաբերյալ օրենսդրական դրույթներին, Դատարանն ընդգծում է, որ ընդհանուր քրեական քաղաքականություն մշակելը, այդ թվում` այս կամ այն իրավական համակարգում հանցավորության կանխարգելման հետ կապված հարցերով, օրենսդիրների խնդիրն է (տե՛ս վերը հիշատակված Branko Tomašić and Others գործը, կետ 73): Դատարանի խնդիրն է` Կոնվենցիայի լույսի ներքո քննության առնել իշխանությունների կայացրած որոշումները:
97. Դատարանը նշում է, որ ընտանեկան բռնությունների դեպքերը Խորվաթիայում կարող են քննվել թե' մանր իրավախախտումների վերաբերյալ վարույթի և թե' սովորական քրեական դատավարության կարգով: Դատարանի կարծիքով` այն հանգամանքը, որ ընտանեկան բռնության որոշակի դրսևորումներ կարող են քննվել որպես մանր իրավախախտումներ, ինքնին գենդերային խտրականություն չի համարվում: Այս առնչությամբ Դատարանը նշում է, որ այդ վարույթների շրջանակներում կարող են նշանակվել տարբեր պատիժներ և միջոցներ, ինչպես, ասենք, մինչև 10000 ԽԿ-ի չափով տուգանք, մինչև վաթսուն օր ժամկետով ազատազրկում կամ Ընտանեկան բռնությունից պաշտպանության մասին օրենքի 7-10-րդ բաժիններում թվարկված կանխարգելիչ միջոցառումներ (տե՛ս վերը` կետ 42): Բացի դրանից, ընտանիքում բռնի գործողություններ կատարելը որպես քրեական հանցագործություն նախատեսված է Քրեական օրենսգրքի 215ա հոդվածով և պատժվում է վեց ամսից մինչև հինգ տարի ժամկետով ազատազրկմամբ: Դատարանի կարծիքով` խնդրո առարկա օրենսդրության շրջանակում գենդերային խտրականության որևէ երևույթ չի պարունակվում. ահավասիկ, սույն գործով Բ.-ի դեմ մանր իրավախախտումների կապակցությամբ և քրեական դատավարության կարգով հարուցված վարույթները:
98. Դատարանն արդեն իսկ պարզել է, որ այդ վարույթների շրջանակներում նշանակված կամ առաջարկված ոչ բոլոր պատժատեսակներն ու միջոցներն են իրականացվել: Կոնվենցիայի 8-րդ հոդվածի իմաստով խնդրահարույց լինելով հանդերձ, այդ հանգամանքն ինքնին չի վկայում դիմողի հանդեպ գենդերի վրա հիմնված խտրականության կամ խտրական մտադրությունների առկայության մասին:
99. Ինչ վերաբերում է ընտանեկան բռնության դեմ 2008 և 2010 թվականներին ընդունված ներպետական ռազմավարություններին, Դատարանը նշում է, որ համապատասխան մասնագետների վերապատրաստումների անբավարարության վերաբերյալ իր պնդումները դիմողը չի հիմնավորում համապատասխան օրինակներով, տվյալներով կամ զեկույցներով. սոսկ պնդումների հիման վրա չի կարելի եզրակացնել, որ Խորվաթիայում առկա է գենդերային խտրականություն` ընտանեկան բռնության դեպքերի քննության հետ կապված հարցերում:
100. Ինչ վերաբերում է պաշտպանության միջոցների իրականացման վերաբերյալ վիճակագրությանը` տրամադրված տեղեկատվությունը կրկին լիարժեք չէ և հիմնավորված չէ համապատասխան վերլուծություններով. այդ պատճառով Դատարանը չի կարող համապատասխան եզրահանգումներ անել այդ կապակցությամբ: Տրամադրված այլ վիճակագրության հետ կապված հարկ է նշել, որ քիչ թե շատ մտահոգիչ տեղեկությունն այն է, որ 2007թ. ընթացքում մանր իրավախախտումների կապակցությամբ քննված 172 գործերից 132-ն էր ավարտվել երկու ամուսիններին մեղավոր ճանաչելով: Սակայն դիմողի վերաբերյալ նման տվյալներ չէին ներկայացվել:
101. Վերը ներկայացված ընդհանուր տեղեկատվության հիման վրա Դատարանը գտնում է, որ դիմողը բավարար արժանահավատ ապացույցներ չի ներկայացրել առ այն, որ ընտանեկան բռնության առնչությամբ Խորվաթիայում ընդունված միջոցները և պրակտիկան կամ դրանց ազդեցությունը խտրականություն են պարունակում: Այսինքն` բողոքն այդ մասով ակնհայտ անհիմն է և ենթակա է մերժման` Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ պարբերությունների համաձայն:
V. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
105. Կոնվենցիայի 41-րդ հոդվածը սահմանում է հետևյալը.
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:
A. Վնասը
106. Որպես ոչ նյութական վնասների փոխհատուցում` դիմողը պահանջել է 20000 եվրո:
107. Կառավարությունն այդ գումարը չափազանցված և անհիմն է համարել:
108. Հաշվի առնելով տվյալ գործի բոլոր հանգամանքները` Դատարանն ընդունում է, որ դիմողին պատճառվել է ոչ նյութական այնպիսի վնաս, որը չի կարող փոխհատուցվել սոսկ խախտումն ընդունելու միջոցով: Կատարելով անկողմնակալ գնահատում` Դատարանը որոշում է, որ դիմողին պետք է վճարվի 9000 եվրո` որպես կրած ոչ նյութական վնասների փոխհատուցում` չհաշված այդ գումարների հետ կապված հարկային պարտավորությունների համար նրանից գանձվելիք բոլոր գումարները:
B. Ծախքեր և ծախսեր
102. Դիմողը նաև պահանջել էր 8.659.30 ԽԿ` որպես Խորվաթիայի Սահմանադրական դատարանում և ևս 23.515.60 ԽԿ` Մարդու իրավունքների եվրոպական դատարանում գործը ներկայացնելու հետ կապված ծախքերի և ծախսերի փոխհատուցում:
110. Կառավարությունը հայտարարել է, որ ներպետական դատարանների հետ կապված որևէ ծախքի և ծախսի փոխհատուցում ստանալու իրավունք դիմողը չունի:
111. Համաձայն Դատարանի նախադեպերի` ծախքերի և ծախսերի փոխհատուցում կարող է սահմանվել միայն այն դեպքում, երբ դրանք փաստացի և անհրաժեշտաբար կատարվել են դիմողի կողմից, և եթե դրանք չափի առումով ողջամտության սահմաններում են: Սույն գործով նկատի ունենալով իր տրամադրության տակ եղած փաստաթղթերը և վերը շարադրված չափանիշները` Դատարանն ընդունում է, որ դիմողի սահմանադրական բողոքի նպատակը սույն գործի առարկա խախտման կապակցությամբ պաշտպանություն ստանալն է եղել: Հետևաբար` Դատարանը որոշում է, որ, որպես ներպետական դատարաններում դիմողի կատարած ծախքերի և ծախսերի փոխհատուցում, դիմողին պետք է վճարվի 1200 եվրո, իսկ որպես Մարդու իրավունքների եվրոպական դատարանում գործը ներկայացնելու հետ կապված ծախքերի և ծախսերի փոխհատուցում` նպատակահարմար է գտնում դիմողին 3270 եվրոյի չափով փոխհատուցման տրամադրումը` չհաշված հարկային պարտավորությունների համար այդ գումարների կապակցությամբ նրանից գանձվելիք բոլոր գումարները:
C. Տուգանային տոկոսներ
112. Դատարանը նպատակահարմար է գտնում, որպեսզի տուգանային տոկոսը գանձվի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած փոխառության սահմանային տոկոսադրույքի հիման վրա` հավելած երեք տոկոս:
ՎԵՐՈԳՐՅԱԼԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ
1. Կոնվենցիայի 2-րդ, 3-րդ, 8-րդ և 13-րդ հոդվածների վերաբերյալ գանգատներն ընդունելի, իսկ դիմումի մնացած մասն անընդունելի է համարում.
2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում.
3. Վճռում է, որ Կոնվենցիայի 2-րդ, 3-րդ և 13-րդ հոդվածների խախտման կապակցությամբ քննություն անհրաժեշտ չէ:
4. Վճռում է,
(a) որ պատասխանող պետությունը պետք է Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` վճիռն ուժի մեջ մտնելու օրվանից երեք ամսվա ընթացքում դիմողին վճարի ներքոնշյալ գումարները, որոնք պետք է հաշվարկվեն խորվաթական կունայով` փոխհատուցման օրվա դրությամբ սահմանված փոխարժեքով.
(i) 9000 (ինը հազար) եվրո, գումարած գանձվելիք բոլոր հարկերը` որպես ոչ նյութական վնասների փոխհատուցում,
(ii) 4470 (չորս հազար չորս հարյուր յոթանասուն) եվրո, գումարած դիմողից գանձվելիք բոլոր հարկերը` որպես ծախքերի և ծախսերի փոխհատուցում,
(b) որ վճարումը վերոհիշյալ եռամսյա ժամկետի ավարտից հետո կատարելու դեպքում չվճարված գումարի մասով պետք է հաշվարկվի տուգանային տոկոս, որը հավասար է չկատարված պարտավորության ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած փոխառության սահմանային տոկոսադրույքին` հավելած երեք տոկոս:
5. Մերժում է դիմողի` արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը:
Կատարվել է անգլերենով. գրավոր հրապարակվել է 2010թ. հոկտեմբերի 14-ին` Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն:
Անդրե Ուոմփաչ Փոխքարտուղար |
Քրիստոս Ռոզակիս Նախագահող |
