ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2512/02/12 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2512/02/12 |
Նախագահող դատավոր՝ Դ. Խաչատրյան |
Դատավորներ՝ |
Ն. Տավարացյան |
Ս. Միքայելյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ա. Բարսեղյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Մ. Դրմեյնաի | ||
Գ. Հակոբյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի |
2013 թվականի սեպտեմբերի 18-ին,
քննարկելով ըստ հայցի «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) ընդդեմ Վահան և Արամ Մկրտչյանների` գումարի բռնագանձման պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.07.2013 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Վահան Մկրտչյանի ներկայացուցիչ Արմեն Խառատյանի բերած վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Վահան և Արամ Մկրտչյաններից բռնագանձել 18.013.388,96 ՀՀ դրամ` բռնագանձումը տարածելով Վահան և Արամ Մկրտչյաններին սեփականության իրավունքով պատկանող գույքի, ինչպես նաև` 20.12.2007 թվականի PL 073833 անշարժ գույքի հիփոթեքի և առուվաճառքի պայմանագրի համաձայն գրավադրված Երևանի Բաղրամյան 1-ին փակուղի 14-րդ շենքի թիվ 41 բնակարանի վրա, ինչպես նաև բռնագանձել 1.170.535 ՀՀ դրամ փաստաբանական ծառայության գումար:Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Կարախանյան) (այսուհետ` Դատարան) 05.06.2013 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն, վճռվել է` Վահան և Արամ Մկրտչյաններից համապարտության կարգով հօգուտ Բանկի բռնագանձել 18.013.388,96 ՀՀ դրամ, այդ թվում` 17.776.614,96 ՀՀ դրամը` որպես վարկի մայր գումար, 236.774,63 ՀՀ դրամը` տուգանքի տոկոսներ 08.11.2012 թվականի դրությամբ և 360.268 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար` բռնագանձումը տարածելով 20.12.2007 թվականի PL 073833 անշարժ գույքի հիփոթեքի և առուվաճառքի պայմանագրի համաձայն գրավադրված Երևանի Բաղրամյան 1-ին փակուղի 14-րդ շենքի թիվ 41 բնակարանի վրա։ Վահան և Արամ Մկրտչյաններից համապարտության կարգով հօգուտ Բանկի բռնագանձել 17.776.614,96 ՀՀ դրամ վարկի մայր գումարի նկատմամբ հաշվեգրվող տուգանքային տոկոսադրույք գումարած 23,75 տոկոս տարեկան տոկոսի չափով գումարներ` սկսած 09.11.2012 թվականից մինչև վարկային պարտավորությունն ամբողջությամբ կատարելու օրը` բռնագանձումը տարածելով 20.12.2007 թվականի PL 073833 անշարժ գույքի հիփոթեքի և առուվաճառքի պայմանագրի համաձայն գրավադրված բնակարանի վրա, իսկ հայցի մնացած մասը` Վահան և Արամ Մկրտչյաններին սեփականության իրավունքով պատկանող այլ գույքերի վրա բռնագանձում տարածելու մասով, մերժվել է։ Վահան և Արամ Մկրտչյաններից համապարտության կարգով հօգուտ Բանկի բռնագանձվել է 800.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանական ծախս:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.07.2013 թվականի որոշմամբ Դատարանի 05.06.2013 թվականի վճռի դեմ Վահան Մկրտչյանի ներկայացուցչի բերած վերաքննիչ բողոքը վերադարձվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վահան Մկրտչյանի ներկայացուցիչը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 75-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանը վճիռը կայացրել է 05.06.2013 թվականին, վերաքննիչ բողոքը ներկայացվել է 09.07.2013 թվականին, քանի որ 06.07.2013, 07.07.2013, 08.07.2013 թվականները հայտարարվել էին ոչ աշխատանքային օրեր: Օրենսդրությամբ հստակ կարգավորվում է, որ եթե ժամկետի վերջին օրը ոչ աշխատանքային է, ժամկետի ավարտման օր է համարվում դրան հաջորդող աշխատանքային օրը: Տվյալ դեպքում, ոչ աշխատանքային օրվան հաջորդող աշխատանքային օր է համարվում 09.07.2013 թվականը, այսինքն` վերաքննիչ բողոք ներկայացնելու օրը, որը և Վերաքննիչ դատարանի կողմից դիտվել է որպես դատավարական ժամկետի բացթողում: Հետևաբար, Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված խախտմամբ վերաքննիչ բողոք ներկայացրած անձը զրկվել է դատական պաշտպանության իրավունքից:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 19.07.2013 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար։
Սույն բողոքի շրջանակներում Վճռաբեկ դատարանն անդրադառնում է առաջին ատյանի դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու ժամկետների հաշվարկման հարցին։
ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը յուրաքանչյուր անձի համար սահմանում է արդար դատաքննության իրավունք, որի բաղկացուցիչ մասն է հանդիսանում անձի դատական պաշտպանության իրավունքը։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ընդհանուր իրավասության դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, բացառությամբ նույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերի:
Նույն օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը:
Նույն օրենսգրքի 74-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` տարիներով, ամիսներով կամ օրերով հաշվվող դատավարական ժամկետի ընթացքն սկսվում է այն օրացուցային տարվա, ամսվա, ամսաթվի հաջորդ օրվանից, որով որոշված է դրա սկիզբը:
Նույն օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` տարիներով հաշվվող ժամկետը լրանում է սահմանված ժամկետի վերջին տարվա համապատասխան ամսին և ամսաթվին: Ամիսներով հաշվվող ժամկետը լրանում է սահմանված ժամկետի վերջին ամսվա համապատասխան ամսաթվին: Եթե ամիսներով հաշվվող ժամկետի վերջը համընկնում է այնպիսի ամսվա, որը համապատասխան ամսաթիվ չունի, ապա ժամկետը լրանում է այդ ամսվա վերջին օրը: Այն դեպքում, երբ ժամկետի վերջին օրը ոչ աշխատանքային օր է, ժամկետի ավարտման օր է համարվում դրան հաջորդող աշխատանքային օրը:
«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի հետ կապված՝ կառավարությունը կարող է աշխատանքային օրերը տեղափոխել:
ՀՀ կառավարության 13.12.2012 թվականի թիվ 1558-Ն որոշմամբ սահմանվել է, որ հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածն ու «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածը` ազգային տաղավար տոների և դրանց հաջորդող հիշատակի օրերի կապակցությամբ` ՀՀ կառավարությունը որոշել է 2013 թվականի ապրիլի 01-ի, հուլիսի 08-ի, օգոստոսի 19-ի և սեպտեմբերի 16-ի աշխատանքային երկուշաբթի օրերը համապատասխանաբար տեղափոխել 2013 թվականի ապրիլի 13-ը, հուլիսի 13-ը, օգոստոսի 24-ը և սեպտեմբերի 28-ը` շաբաթ օրերը:
Վկայակոչված դրույթների համակարգային վերլուծությունից հետևում է, որ դատավարական ժամկետները հաշվարկվում են նաև ամիսներով, և ամիսներով հաշվվող ժամկետը լրանում է սահմանված ժամկետի վերջին ամսվա համապատասխան ամսաթվին: Այն դեպքում, երբ ժամկետի վերջին օրը ոչ աշխատանքային օր է, ժամկետի ավարտման օր է համարվում դրան հաջորդող աշխատանքային օրը: Միաժամանակ, ամիսներով հաշվարկվող դատավարական ժամկետների ընթացքն սկսվում է այն օրացուցային ամսաթվի հաջորդ օրվանից, որով որոշված է դրա ժամկետի սկիզբը, իսկ նշված ժամկետը լրանում է այդ ժամկետի վերջին օրը: Այսպես, 2013 թվականի հուլիսի 05-ից մինչև հուլիսի 08-ը ներառյալ ոչ աշխատանքային օրեր են: Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և դրա դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը: Տվյալ դեպքում վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված մեկամսյա ժամկետն ավարտվում է 06.07.2013 թվականին, որը ոչ աշխատանքային օր է, ոչ աշխատանքային օր է նաև հուլիսի 07-ը, իսկ հուլիսի 08-ը ՀՀ կառավարության 13.12.2012 թվականի թիվ 1558-Ն որոշմամբ հայտարարվել է ոչ աշխատանքային օր և տեղափոխվել է: Հետևաբար, վերաքննիչ բողոքը բերվել է ոչ աշխատանքային օրվան հաջորդող աշխատանքային օրը՝ 09.07.2013 թվականին:
Սույն գործով Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ վերաքննիչ բողոքը բոլոր դեպքերում վերադարձվում է, եթե այն բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո և միջնորդություն չի պարունակում բաց թողած ժամկետը վերականգնելու մասին, իսկ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում վերաքննիչ դատարանը կարող է կայացնել այն դեպքում, երբ բացակայում են վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմքերը և արձանագրել է, որ Դատարանի վճիռը կայացվել է 05.06.2013 թվականին, իսկ այդ վճռի դեմ վերաքննիչ բողոքը Վահան Մկրտչյանի կողմից ներկայացվել է 09.07.2013 թվականին: Վերաքննիչ բողոք բերելու ժամկետի հաշվարկը սկսվում է Դատարանի վճիռը կայացնելու հաջորդ օրվանից` 06.06.2013 թվականից և լրանում է 06.07.2013 թվականին, սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հուլիսի 06-ը ոչ աշխատանքային օր է, հետևաբար, ժամկետի ավարտման օր է համարվում դրան հաջորդող առաջին աշխատանքային օրը` 08.06.2013 թվականը: Մինչդեռ Վահան Մկրտչյանը, վերաքննիչ բողոք ներկայացնելով 09.07.2013 թվականին, բաց է թողել օրենքով սահմանված մեկամսյա ժամկետը և չի ներկայացրել միջնորդություն բաց թողած ժամկետը վերականգնելու մասին:
Համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի վճիռը հրապարակվել է 05.06.2013 թվականին, դրա դեմ վերաքննիչ բողոք բերվել է 09.07.2013 թվականին, իսկ ՀՀ կառավարության 13.12.2012 թվականի թիվ 1558-Ն որոշմամբ 2013 թվականի հուլիսի 08-ը հայտարարվել է ոչ աշխատանքային և տեղափոխվել է սույն թվականի հուլիսի 13-ը: Այսինքն` վերաքննիչ բողոքը ներկայացվել է օրենսդրությամբ սահմանված ժամկետում` ոչ աշխատանքային օրվան հաջորդող աշխատանքային օրը` 09.07.2013 թվականին և որևէ դատավարական ժամկետի խախտում առկա չէ, հետևաբար Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունները, որ վերաքննիչ բողոքը բոլոր դեպքերում վերադարձվում է, եթե այն բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո և չի ներկայացվել միջնորդություն բաց թողած ժամկետը վերականգնելու մասին, անհիմն են:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի հիման վրա վերաքննիչ բողոքի վերադարձմամբ վիճարկվող որոշմամբ խախտվել են ՀՀ Սահմանադրության և միջազգային իրավական փաստաթղթերով նախատեսված` անձի դատական պաշտպանության, դատարանի մատչելիության, դատարանում լսվելու, վերաքննիչ դատարանում իրավական պաշտպանություն հայցելու իրավունքները:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով վճռաբեկ բողոքը բավարարելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ, 240-րդ և 2411-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.07.2013 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ե. Խունդկարյան Դատավորներ` Գ. Հակոբյան
Ա. Բարսեղյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Մ. Դրմեյան
Է. Հայրիյան
Տ. Պետրոսյան