ԴԵՐՄԱՆՈՎԻՉՆ ԸՆԴԴԵՄ ՍԵՐԲԻԱՅԻ ԳՈՐԾՈՎ
2010թ. մայիսի 23-ի վճիռը
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
ՓԱՍՏԵՐ
I. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
A. Քրեական վարույթը
5. Դիմողը ծնվել է 1966թ. և ապրում է Նովի Սադում:
6. 2003թ. մարտի 24-ին իրավասու մարմինները քրեական հետապնդում են սկսել դիմողի նկատմամբ` իշխանության չարաշահման ("zloupotreba službenog položaja”) և պաշտոնական փաստաթղթեր կեղծելու ("falsifikovanje službenih isprava”) կասկածանքով: Նույն օրը դիմողը քննվել է դատավորի կողմից, ինչի ընթացքում նա ներկայացրել է իր ժամանակավոր բնակության հասցեն:
7. 2003թ. մայիսի 5-ին ոստիկանությունը խուզարկել է դիմողի մշտական բնակության բնակարանը (prebivalište): Դիմողի մայրը, ով ներկա էր խուզարկությանը, հայտարարել է, որ դիմողը չի ապրել այդ բնակարանում ավելի քան երկու տարի: Ըստ ոստիկանության պաշտոնական զեկույցի` ոստիկանությունը հեռախոսի միջոցով կապվել է դիմողի հետ, և նա տեղեկացրել է, որ փնտրում է նոր բնակարան:
8. Հետևաբար, հետևելով Նովի Սադի շրջանի դատախազության պահանջին ((Okružno javno tužilaštvo Novi Sad)` 2003թ. հունիսի 2-ին Նովի Սադի շրջանային դատարանը (Okružni sud u Novom Sadu) որոշել է դիմողին կալանավորել Քրեական դատավարության օրենսգրքի 142 (2) (1)-րդ բաժնի (փախուստի դիմելու վտանգի) հիմքով: Դիմողը բողոքարկել է այդ որոշումը: 2003թ. հունիսի 4-ին նրա փաստաբանը Նովի Սադի շրջանային դատարանին ներկայացրել է դիմողի նոր հասցեն` պնդելով, որ այն ներկայացվել է դեռևս 2003թ. մայիսի 8-ին: Այնուամենայնիվ, Գերագույն դատարանը 2003թ. հունիսի 23-ին մերժել է կալանքի որոշման դեմ բողոքը:
9. 2003թ. հոկտեմբերի 17-ին Հանրային դատախազությունը մեղադրանք է ներկայացրել դիմողի դեմ և կարճ ժամանակահատված անց` 2003թ. դեկտեմբերի 11-ին Շրջանային դատարանը դադարեցրել է դիմողի կալանքը սահմանված գրավի դիմաց 40000 եվրոյի (EUR) չափով: Դիմողն անձամբ ներկայացել է դատական լսումներին: Այնուամենայնիվ, Գերագույն դատարանը բեկանել է գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը և ազատել է գրավը վճարելուց: Այնուհետև Շրջանային դատարանը կրկին հրամայել է դիմողին կալանավորել` նրա պահվածքի պատճառով` այդպիսով մատնանշելով փախուստի դիմելու վտանգը: Գերագույն դատարանն անփոփոխ է թողել այդ որոշումը:
10. Ապա, 2004թ. փետրվարի 6-ին դիմողը տարվել է Շրջանային դատարան (քննող) դատավորի մոտ ("istražni sudija”) և կրկին կալանավորվել: Դիմողը պնդել է, որ իր կամքով է ներկայացել ոստիկանություն, սակայն Կառավարությունը հերքել է: Ինչպես հայտնի է դարձել` ոստիկանության որևէ պաշտոնական զեկույց առկա չի եղել դիմողին ձերբակալելու վերաբերյալ: Այդ ամսաթվի հետ կապված միակ փաստաթուղթը եղել է Նովի Սադի շրջանային դատարանի քննող դատավորի կողմից արված հետևյալ նշումը.
«Հայտնի է, որ [ոստիկանության] աշխատակիցները ... ժամը 10.30-ին [դիմողին] տարել են ... այդ դատարանի քննող դատավորի մոտ ... Մեղադրյալը նշել է, որ այս առավոտյան ժամը 9-ին տեղեկանալով, որ ոստիկանությունը փնտրում է իրեն, նա կամովին ներկայացել է Նովի Սադի ոստիկանության բաժին... »:
11. Դիմողը խնդրել է իրեն ազատ արձակել գրավի դիմաց և առաջարկել 50000 եվրո (EUR): Նրա խնդրանքը մերժվել է որպես անբավարար, քանի որ «նրա կողմից կատարված ապօրինի գործողությունների արդյունքում ստացված գումարը մի քանի անգամ ավելի մեծ է, քան առաջարկվող գումարը», և այսպիսով` որևէ երաշխիք առկա չէր, որ նա չէր դիմի փախուստի: Նրա կալանքի ժամկետը դրանից հետո պարբերաբար երկարաձգվել է նման վտանգի առկայության պատճառով:
12. 2004թ. նոյեմբերի 9-ին Նովի Սադի շրջանային դատարանը դատապարտել է դիմողին չորսուկես տարվա ազատազրկման: 2005թ. հունիսի 15-ին Գերագույն դատարանը բեկանել է այդ որոշումը և միևնույն ժամանակ երկարաձգել դիմողի նախնական կալանքի ժամկետը` նրա փախուստը կանխելու նպատակով:
13. Դիմողը մի քանի դիմում է ներկայացրել իրեն գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ, սակայն նրա խնդրանքները մերժվել են:
14. 2006թ. մայիսի 18-ին վերսկսված վարույթի ընթացքում Շրջանային դատարանը կրկին դիմողին մեղավոր է ճանաչել և նրան դատապարտել երեք տարի ազատազրկման: Այնուամենայնիվ, այդ վճիռը բեկանվել է Գերագույն դատարանի 2006թ. դեկտեմբերի 6-ի որոշմամբ, իսկ դիմողի կալանքի ժամկետը երկարաձգվել է:
15. 2007թ. սկզբին դիմողը պահանջել է իր կալանքը դադարեցնել ոչ բավարար բժշկական օգնության պատճառով, սակայն նրա խնդրանքը մերժվել է 2007թ. ապրիլին:
16. 2007թ. մայիսի 14-ի վարույթում դիմողի փաստաբանն առարկել է դատարան ներկայացված փորձագիտական եզրակացությունը: Նա մանրամասնել է դիմողի առողջական վիճակը, բողոքել նրան տրամադրված բժշկական օգնության անհամապատասխանությունից և ընդգծել, որ նրա առողջական վիճակը բավականին վատացել է կալանքի տևողության պատճառով:
17. Դիմողի գործով 2007թ. հունիսի 7-ին դատարանը նրան դատապարտել է չորս տարվա ազատազրկման, սակայն որոշել է ազատ արձակել նրան: Սակայն դիմողին արգելվել է բացակայել իր բնակության վայրից և յուրաքանչյուր ամիս ներկայանալ Շրջանային դատարան, ինչը չկատարելու դեպքում նա կրկին կարող է կալանավորվել:
B. Դիմողի առողջական վիճակը
18. Դիմողն առաջին անգամ ենթարկվել է զննության 2004թ. փետրվարի 9-ին` կալանավորումից անմիջապես հետո: Ըստ բժշկական եզրակացության` նա եղել է լավ առողջական վիճակում:
19. 2004թ. ընթացքում նրա մոտ ախտորոշվել են հոգեկան խնդիրներ, և նա մի քանի անգամ հիվանդանոց է տեղափոխվել: 2005թ. նա մեջքի շրջանում ունեցել է ուժեղ ցավեր և հիվանդանոց է տեղափոխվել հացադուլի հետևանքով: 2006թ. նրա մոտ ախտորոշվել է կրծքագեղձի բարորակ գոյացում: Բացի հանրային բուժօգնությունից, 2006թ. հունվարից ներպետական դատարանը թույլատրել է դիմողին ստանալ կանոնավոր խորհրդատվություններ իր անձնական բժշկից:
20. 2006թ. վերջերին դիմողի մոտ ախտորոշվել է հեպատիտ C: Զննությունը կազմակերպվել էր ՄԻԱՎ-ի և հեպատիտի կամավոր և գաղտնի խորհրդատվության փորձարկման շրջանակներում ("Dobrovoljno povjerljivo savjetovalište i testiranje”), որն այդ ժամանակահատվածում մատչելի էր բանտում:
21. Դիմողը պնդել է, որ այն իր մոտ ախտորոշվել է դեռևս 2006թ. նոյեմբերին, իսկ Կառավարությունը պնդել է, որ ախտորոշումը կատարվել է 2006թ. դեկտեմբերի 6-ին: 2006թ. դեկտեմբերի 1-ի զննության արդյունքում դիմողի անձնական բժիշկը չի հայտնաբերել հեպատիտ C-ի վարակի նշաններ:
22. 2007թ. հունվարի 25-ին դիմողը հացադուլ է հայտարարել:
23. 2007թ. փետրվարի 8-ին դիմողը զննվել է իր անձնական բժշկի կողմից, ով առաջարկել է, որ նա զննվի վարակիչ հիվանդությունների մասնագետի կողմից: Այդ զննությունը տեղի է ունեցել 2007թ. փետրվարի 13-ին, երբ դիմողը ենթարկվել է արյան հետագա հետազոտությունների:
24. Հացադուլի արդյունքում` 2007թ. մարտի 1-ին դիմողը տեղափոխվել է Բելգրադի բանտի հիվանդանոց` լյարդի մեծացման պատճառով: Այնուամենայնիվ, նա հրաժարվել է հիվանդանոցի անձնակազմի կողմից զննության ենթարկվել` պնդելով, որ նա վարակվել է հեպատիտով վերջին անգամ այնտեղ գտնվելու ընթացքում: 2007թ. մարտի 19-ին դիմողի փաստաբանը խնդրել է դատարանին, որ նրան վերադարձնեն Նովի Սադի շրջանի բանտ, և 2007թ. մարտի 28-ին իրավասու մարմինները բավարարել են այդ խնդրանքը: Բելգրադի բանտի հիվանդանոցի բժիշկները եզրակացրել են, որ դիմողի մոտ առկա չեն սովի հետևանքներ, և որ նա տառապում է թմրանյութերից կախվածությամբ:
25. Վերադառնալուն պես նա կրկին ենթարկվել է զննության վարակիչ հիվանդությունների մասնագետի կողմից, ով արյան հետազոտությունների հիման վրա եզրակացրել է, որ նրա լյարդի էնզիմները բարելավվել են, և որ նա պետք է ենթարկվի լյարդի բիոպսիայի, ինչը կատարվել է 2007թ. ապրիլի 23-ին: Բիոպսիայի կատարման արդյունքում արված եզրակացությամբ հաստատվել է, որ դիմողը տառապում է քրոնիկ հեպատիտ C-ով` նվազագույն գործունեությամբ և ֆիբրոսի նվազագույն առկայությամբ: 2007թ. մայիսին նմուշներն ուղարկվել են լրացուցիչ զննության` որոշելու համար նրա գենոտիպը` հակավիրուսային բուժում սկսելու նպատակով:
26. Դիմողն ազատ է արձակվել 2007թ. հունիսի 7-ին` գենոտիպային զննության եզրակացությունը կայացնելուց և բուժում ստանալուց առաջ:
27. Համաձայն 2008թ. հունվարին կատարված բժշկական փորձաքննության` համապատասխան հակավիրուսային բուժում ստանալուց հետո նրա մոտ առկա վարակը բուժվել է:
II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ
28. Քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան դրույթները (Zakonik o krivičnom postupku, հրապարակված OG FRY nos. 70/01, 68/02, 58/04, 49/07 և 115/05), որոնք ուժի մեջ են մտել այդ ժամանակահատվածում, ապահովում են հետևյալը.
Բաժին 136
«Եթե առկա են այնպիսի հանգամանքներ, որոնք հաստատում են, որ մեղադրյալը կարող է դիմել փախուստի, թաքնվել, գնալ անհայտ տեղ կամ արտասահման մեկնել, ապա դատարանը պատճառաբանված որոշմամբ կարող է արգելել նրան լքել իր բնակության վայրը...
Կողմերը կարող են բողոքարկել հրամանը` փոփոխելու կամ վերացնելու [այդ] միջոցառումները ... և գլխավոր դատախազը կարող է նաև բողոքարկել նրանց դիմումի հիման վրա իր պահանջը մերժելու դեպքում: Պալատը ... որոշում է կայացնում... [երեք օրվա ընթացքում] ... Դիմումը չի խոչընդոտում վճռի կատարումը ... »:
Բաժին 137
«Մեղադրյալը, ով պետք է կալանավորվի կամ արդեն կալանավորվել է միայն այն հանգամանքների հիման վրա, որ նա կարող է դիմել փախուստի ... [Կամ եթե նշվում է, որ նա չի խուսափում դատական նիստերին ներկայանալուց] ... կարող է ազատ արձակվել, անձամբ կամ այլ անձի կողմից գրավ վճարելու դեպքում երաշխավորելով, որ ինքը չի դիմի փախուստի մինչև վարույթի ավարտը, անձամբ խոստանալով, որ ինքը չի թաքնվի կամ չի փոխի իր բնակության վայրը` առանց թույլտվության»:
Բաժին 140 (1)
«[դատական] քննությունից առաջ կամ դրա ընթացքում գրավ կիրառելու վերաբերյալ որոշումը պետք է կայացվի քննող դատավորի կողմից: Մեղադրանքը ներկայացնելուց հետո գրավ կիրառելու վերաբերյալ որոշումը պետք է կայացվի Պալատի նախագահի կողմից և [հետագայում] հիմնական դատավարության ընթացքում` անմիջապես Պալատի կողմից»:
Բաժին 142 (2)
«Քրեական վարույթի անխափան անցկացման նպատակով... կալանք կարող է կիրառվել այն անձի նկատմամբ, ում հանդեպ առկա է քրեական հանցանք կատարելու հիմնավոր կասկած, եթե `
(1) նա գտնվում է փախուստի մեջ կամ նրա ինքնությունը հաստատված չէ կամ եթե առկա են փախուստի դիմելու վտանգի այլ հանգամանքներ ... »:
Բաժին 143
«Կալանքի վերաբերյալ որոշումը պետք է կայացվի համապատասխան դատարանի կողմից ...
Կալանքի մասին որոշումը տրամադրվում է անձին, ում դա վերաբերում է այն ժամանակ, երբ նա զրկվում է իր ազատությունից, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում ...
Կալանավորված անձը կարող է բողոքարկել կալանքի վերաբերյալ որոշումը` դիմում ներկայացնելով Պալատին 24 ժամվա ընթացքում: Կալանքի մասին որոշման վերաբերյալ բողոքը և մյուս փաստաթղթերը պետք է անհապաղ ներկայացվեն Պալատին: Բողոքը չպետք է դադարեցնի [վիճարկվող] որոշման կատարումը ...
[Վերը] ... նշված իրավիճակում... Պալատը պետք է 48 ժամվա ընթացքում որոշում կայացնի ներկայացված բողոքի վերաբերյալ»:
Բաժին 389 (4)
«Եթե մեղադրյալը գտնվում է կալանքի տակ, երկրորդ ատյանի դատարանը պետք է քննի նման միջոցի տևողությունը և որոշի դրա ժամկետի երկարաձգման հարցը: Որևէ բողոք չի կարող դադարեցնել այդ որոշման կատարումը»:
29. Ակտի քրեական պատժամիջոցների կիրառման օրենքի համապատասխան դրույթը 2005, (Zakon o izvršenju krivičnih sankcija, հրատարակվել է OG RS no. 85/05) սահմանում է`
Բաժին 101
«Դատապարտյալներն անվճար բժշկական օգնություն ստանալու իրավունք ունեն:
Այն բանտարկյալները, ովքեր չեն կարող ստանալ պատշաճ բուժում հաստատության ներսում, պետք է տեղափոխվեն բանտի հատուկ հիվանդանոց կամ այլ առողջապահական հաստատություն, իսկ հղի կանայք` մայրության կենտրոն` ծննդաբերության համար:
Բուժում ստանալու ժամանակահատվածը հաշվարկվում է որպես ազատազրկման ժամանակահատվածի մաս»:
Բաժին 102
(1) բանտարկյալի բուժումն անցկացվում է նրա համաձայնությամբ:
(2) բանտարկյալին իր կամքին հակառակ կերակրելն արգելված է…»:
Բաժին 245
«Կալանքի կիրառումը ենթակա է վերահսկողության Շրջանային դատարանի նախագահի կողմից, ով պատասխանատու է տարածքի համար, որտեղ գտնվում են կալանավայրերը»:
ՕՐԵՆՔ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
30. Դիմողը, Կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն, պնդել է, որ ինքը պատշաճ բուժօգնություն չի ստացել իր կալանքի ընթացքում: Այդ դրույթը սահմանում է`
«Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»:
31. Դիմողը Դատարանին ուղղված իր գրավոր դիտարկումներում 2008թ. հունվարի 30-ին առաջին անգամ բողոքել է նաև իր կալանքի ընդհանուր պայմաններից, այդ թվում` խցի չափսի և թույլատրելի բացօթյա զբոսանքների առնչությամբ:
32. Դատարանը կրկնում է, որ ինչ վերաբերում է բողոքներին, որոնք ներառված չեն սկզբնական դիմումում, դրանք պետք է ներկայացվեն առաջին գանգատը ներկայացնելու օրվանից վեցամսյա ժամկետում (տե՛ս Ալանն ընդդեմ Միացյալ Թագավորության (dec.), no. 48539/99, 2001թ. օգոստոսի 28):
33. Հաշվի առնելով, որ դիմողն ազատ է արձակվել 2007թ. հունիսի 7-ին, և որ նա իր կալանքի ընդհանուր պայմանների մասին գանգատը ներկայացրել է միայն վերը նշված ամսաթվին, այսինքն` գանգատի այս մասը ներկայացվել է ժամկետանց, ինչը պետք է մերժվի Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին և 4-րդ կետերի համաձայն:
34. Հետևաբար, դիմողի` 3-րդ հոդվածի հիմքով գանգատը քննելիս` Դատարանը, պետք է հաշվի առնի միայն կալանքի ընթացքում տրամադրված բուժօգնության հարցը:
A. Ընդունելիություն
35. Կառավարությունը պնդել է, որ դիմողը չի սպառել ներպետական միջոցները: Առանց ներպետական օրենսդրության որևէ դրույթի վրա հիմնվելու` այն պնդել է, որ դիմողը կարող էր դիմել Շրջանային դատարանի նախագահին, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկի կամ հիվանդանոցի իրավասու մարմիններին:
36. Դիմողը առարկել է: Նա պնդել է, որ ինքը բազմիցս տեղեկացրել է համապատասխան դատարանին իր առողջական վիճակի մասին, սակայն` ապարդյուն:
37. Դատարանը հիշեցնում է, որ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետում առկա` ներպետական միջոցներն սպառելու կանոնը պահանջում է, որպեսզի դիմողն օգտվի առկա և բավարար միջոցներից (տե՛ս Ակդիվարը և այլոք ընդդեմ Թուրքիայի, 1996թ. սեպտեմբերի 16, կետ 65, Վճիռների ու որոշումների Զեկույցներ 1996-IV): Միջոցների առկայությունը պետք է լինի բավականաչափ հստակ ոչ միայն տեսականորեն, այլև գործնականում, հակառակ դեպքում այն չի ունենա անհրաժեշտ մատչելիություն և արդյունավետություն:
38. Ներպետական միջոցներն սպառելու առումով առկա է ապացուցի ծանրության տարանջատում: Կառավարությունը պնդելով միջոցները չսպառելու մասին` պարտավոր է Դատարանին ապացուցել, որ միջոցները եղել են արդյունավետ և մատչելի ինչպես տեսականորեն, այնպես էլ գործնականում: Այնուամենայնիվ, այդ պահանջը բավարարելուց հետո, ապացուցելու ծանրությունն ընկնում է դիմողի վրա` հաստատելու, որ ինքն սպառել է Կառավարության կողմից տրամադրված միջոցները, կամ որ դրանք եղել են անբավարար և անարդյունավետ գործի որոշակի հանգամանքներում, կամ որ գոյություն ունեն հատուկ հանգամանքներ, որոնք ազատում են իրեն այդ պահանջները կատարելուց (կետ 68):
39. Դատարանը նշում է, որ վատ վերաբերմունքի մասին բողոքին առնչվող միջոցների արդյունավետությունը գնահատելիս որոշիչ հարցն այն է, թե արդյոք դիմողը կարող է այս բողոքը ներկայացնել ներպետական դատարաններին ժամանակին փոխհատուցում ստանալու համար, և ոչ թե` Կոնվենցիայի 3-րդ հոդվածով երաշխավորված պաշտպանություն: Միջոցը կարող է լինել և՛ կանխարգելիչ, և՛ փոխհատուցող այն դեպքերում, երբ անձինք բողոքում են կալանքի տակ գտնվելու ընթացքում վատ վերաբերմունքից կամ դրա պայմաններից (տե՛ս Մելնիկն ընդդեմ Ուկրաինայի, no. 72286/01, կետ 68, 2006թ. մարտի 28):
40. Անդրադառնալով սույն գործին` Դատարանը դիտարկում է, մի կողմից, որ Շրջանային դատարանին ուղղված իր դիմումում դիմողի փաստաբանը բողոքել է բուժօգնության անհամապատասխանությունից, որը կիրառվում էր իր պաշտպանյալի նկատմամբ կալանքի տակ գտնվելու ընթացքում (տե՛ս վերը` կետ 16): Մյուս կողմից` Կառավարությանը չի հաջողվել հստակեցնել ներպետական օրենսդրության որևէ դրույթ, որն ապահովում է դիմողի բողոքի բավարարումը:
41. Սերբիայում կալանքի կիրառման միջոցները կարգավորվում են Քրեական դատավարության օրենսգրքով և Ակտի քրեական պատժամիջոցների կիրառման օրենքով: Համաձայն Ակտի քրեական պատժամիջոցների կիրառման օրենքի 245-րդ բաժնի` կալանքի միջոցների կատարումը ենթակա է վերահսկողության Շրջանային դատարանի նախագահի կողմից, ով պատասխանատու է այն տարածքի համար, որտեղ գտնվում են կալանավայրերը:
42. Վեճը լուծելու` ներպետական նախադեպային իրավունքի բացակայության դեպքում Դատարանը պետք է եզրակացնի, որ Կառավարությանը չի հաջողվել ցույց տալ արդյունավետ միջոցների առկայությունը, որոնք մատչելի են եղել դիմողին Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ներքո: Հետևաբար, Կառավարության առարկությունը պետք է մերժվի:
43. Դատարանը նաև նշում է, որ այդ գանգատն ակնհայտորեն անհիմն չէ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի իմաստով: Այն նաև նշում է, որ դա անընդունելի չէ որևէ այլ հիմքով: Հետևաբար, այն պետք է ընդունելի համարվի:
B. Արդյունքները
1. Կառավարության կողմից ներկայացված փաստարկները
44. Կառավարությունը պնդել է, որ իր կալանքի տակ գտնվելու ընթացքում դիմողը Նովի Սադի շրջանի բանտում քննվել է 270 անգամ, նաև` մասնագետների կողմից: Բացի դրանից, նա տեղափոխվել է Բելգրադի բանտի հիվանդանոց ութ անգամ: Ավելին, 2006թ. հունվարից դիմողը կանոնավոր կերպով զննվել է իր անձնական բժշկի կողմից և նրա բուժումը թույլատրվել է անցկացնել ըստ օրենքի: Այս կապակցությամբ, Կառավարությունը մատնանշել է բժիշկների կողմից բանտային ռեժիմից դուրս կալանավորների բժշկական զննության կարևորությունը, ինչը դիմողի առումով լիովին ապահովված էր:
45. Կառավարությունն ընդունել է, որ դիմողին կալանավորելիս նա եղել է լավ առողջական վիճակում, և որ նա վատացել է իր կալանքի ընթացքում: Մեծամասամբ նա տառապում էր դեպրեսիայի և անհանգստության պատճառով, մասամբ` իր նախորդ հիվանդության պատմության և մասամբ` կալանքով պայմանավորված իր հոգեկան տառապանքների պատճառով: Իր հոգեբանական խնդիրների պատճառով, դիմողը, այնուամենայնիվ, պարբերաբար բուժում է ստացել երեք հոգեբույժների կողմից:
46. 2006թ. դեկտեմբերի 6-ին դիմողի մոտ ախտորոշվել է հեպատիտ C, և Կառավարությունը չի պնդել, որ նա այդ հիվանդությամբ վարակվել է կալանքի ընթացքում: Այնուամենայնիվ, Կառավարության կարծիքով, նա ենթարկվել է համապատասխան բուժման, քանի որ նա զննվել է անմիջապես վարակիչ հիվանդությունների մասնագետի կողմից և ուղարկվել Նովի Սադի բժշկական կենտրոն հետազոտության նպատակով: Ինչ վերաբերում է 2007թ. մարտին Բելգրադի բանտի հիվանդանոցում դիմողին տրամադրված բժշկական օգնությանը, Կառավարությունը պնդել է, որ դիմողը ոչ միայն հայտարարել է հացադուլ, ինչի հետևանքով նրա վիճակը վատացել է, այլ նաև հրաժարվել է զննության ենթարկվել հիվանդանոցի աշխատակիցների կողմից` պնդելով, որ ինքը վարակվել է վերջին անգամ այնտեղ գտնվելու ընթացքում: Վերջինը, Կառավարության կարծիքով, ողջամիտ կասկածից վեր է:
47. Վերջապես, Կառավարությունը վկայակոչել է 2004թ. Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի` Սերբիա այցի արդյունքները, այն է` այն գտել է, որ Սերբիայի բանտերում հեպատիտ C-ի վարակի կոնկրետ խնդիր չկա և նկատել, որ «բանտի հիվանդանոցի անձնակազմը հիվանդներին ապահովում է հնարավորին լավագույն օգնությամբ»:
2. Դիմողի փաստարկները
48. Դիմողը պնդել է, որ իր մոտ առկա հեպատիտ C-ի վարակի բուժումը եղել է անհամապատասխան: Առաջին անգամ ինքը զննվել է մի քանի ամիս առաջ` մասնագետի կողմից, և իր հակավիրուսային բուժումն սկսվել է իրեն կալանքից ազատ արձակելուց առաջ տրված ախտորոշումից յոթ ամիս հետո: Ավելին, իր հացադուլի ընթացքում նա չի ընդունել անհրաժեշտ վիտամիններ, դեղորայք կամ թեյ:
49. Ինչ վերաբերում է Բելգրադի բանտի հիվանդանոցում բուժում ստանալուն, դիմողը պնդել է, որ բժիշկներից մեկը սխալմամբ ախտորոշել է իր մոտ թմրանյութերից կախվածություն, մի բան, որը երբեք չի ախտորոշվել նախկինում իր` հիվանդանոցում գտնվելու ընթացքում: Նա նաև հայտարարել է, որ վարակվել է հեպատիտով այդ հիվանդանոցում գտնվելու ընթացքում, այդ պատճառով հրաժարվել է արյան ցանկացած հետազոտության ենթարկվելուց:
3. Համապատասխան սկզբունքները
50. Դատարանը կրկնում է, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածը սահմանում է ժողովրդավարական հասարակության հիմնարար արժեքներից մեկը. այն բացարձակապես արգելում է խոշտանգումները կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը` անկախ հանգամանքներից և տուժողի վարքագծից (տե՛ս Լաբիտան ընդդեմ Իտալիայի, 2000թ. ապրիլի 6, կետ 119, Զեկույցներ 2000-IV): Նմանատիպ վատ վերաբերմունքը պետք է հասցվի ծանրության նվազագույն մակարդակի, եթե դա գտնվում է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի շրջանակներում: Այս նվազագույն մակարդակի գնահատումը հարաբերական է, այն կախված է գործի բոլոր հանգամանքներից, ինչպիսիք են դրա տևողությունը, դրա ֆիզիկական և մտավոր հետևանքները և, որոշ դեպքերում, տուժողի սեռը, տարիքը և առողջական վիճակը (տե՛ս, ի թիվս այլնի, Իռլանդիան ընդդեմ Միացյալ Թագավորության, 1978թ. հունվարի 18, կետ 162, Series A no. 25): Թեև նման վերաբերմունքի նպատակն այնպիսի գործոն է, որը պետք է հաշվի առնվի, մասնավորապես` արդյոք տուժողին նվաստացնելը եղել է միտումնավոր, թե` ոչ, սակայն նման մտադրության բացակայությունն անխուսափելիորեն չի նշանակում, որ տեղի չի ունեցել 3-րդ հոդվածի խախտում (տե՛ս Պիրսն ընդդեմ Հունաստանի, no. 28524/95, կետ 74, ՄԻԵԴ 2001-III, Վալասինասն ընդդեմ Լիտվայի, no. 44558/98, կետ 101, ՄԻԵԴ 2001-VIII, Ցենբաուերն ընդդեմ Խորվաթիայի, no. 73786/01, կետ 43, ՄԻԵԴ 2006-III):
51. Դատարանը հետևողականորեն շեշտում է, որ տառապանքն անխուսափելիորեն կապված է օրինական ազատազրկման հետ: Այնուամենայնիվ, Կոնվենցիայի 3-րդ հոդվածի լույսի ներքո, պետությունը պետք է ապահովի, որպեսզի անձը կալանքի տակ պահվի այնպիսի պայմաններում, որոնք համատեղելի են մարդկային արժանապատվության հարգանքի հետ, և դրա կիրառման միջոցն ու եղանակը չպետք է անձին ենթարկեն ճնշվածության կամ գերազանցեն տառապանքի անխուսափելի մակարդակը և, հաշվի առնելով ազատազրկման գործնական պահանջները, մարդու առողջությունը և բարեկեցությունը պետք է ապահովվեն պատշաճ կերպով (տե՛ս Կուդլան ընդդեմ Լեհաստանի [GC], no. 30210/96, կետեր 92-94, ՄԻԵԴ 2000-XI), ինչպես նաև պետք է տրամադրվի անհրաժեշտ բժշկական օգնություն (տե՛ս, mutatis mutandis, Աերցն ընդդեմ Բելգիայի, 1998թ. հուլիսի 30, կետեր 64 et seq, Զեկույցներ-V 1998):
52. Բացառիկ դեպքերում, երբ կալանավորված անձի առողջական վիճակը լիովին անհամատեղելի է կալանքի հետ, նա կարող է պահանջել որոշակի պայմաններում իրեն ազատ արձակել` 3-րդ հոդվածի համաձայն (տե՛ս Պապոնն ընդդեմ Ֆրանսիայի (no. 1) (dec.), no. 64666/01, ՄԻԵԴ 2001-VI, և Պրիբկեն ընդդեմ Իտալիայի (dec.), no. 48799/99, 2001թ. ապրիլի 5): Այնուամենայնիվ, 3-րդ հոդվածը չի կարող մեկնաբանվել որպես կալանավորված անձանց առողջության հիմքերով ազատ արձակելու ընդհանուր պարտավորություն: Այն առավելապես պարտավորություն է դնում պետության վրա պաշտպանել ազատությունից զրկված անձանց ֆիզիկական դյուրակեցությունը: Դատարանն ընդունում է, որ բանտերի հիվանդանոցներում բժշկական օգնության մատչելիությունը չի կարող լինել նույն այն մակարդակի, ինչը լավագույն բժշկական հաստատություններում է: Այնուամենայնիվ, ինչպես նշվեց վերը, պետությունը պետք է համարժեքորեն ապահովի կալանավորների առողջությունը և դյուրակեցությունը (տե՛ս վերը նշված Կուդլայի գործը, կետ 94, ՄԻԵԴ 2000-XI, տե՛ս նաև Հուտարդոն ընդդեմ Շվեյցարիայի, 1994թ. հունվարի 28, Series A no. 280 - A, Հանձնաժողովի կարծիքը, էջեր 15-16, կետ 79, և Կալաշնիկովն ընդդեմ Ռուսաստանի, no. 47095/99, կետեր 95 և 100, ՄԻԵԴ 2002-VI):
4. Դատարանի գնահատականը
53. Որոշելու համար, թե արդյոք դիմողն ստացել է անհրաժեշտ բժշկական օգնություն կալանքի տակ գտնվելու ընթացքում, կարևոր է որոշել, թե արդյոք պետական մարմինները տրամադրել են նրան բավարար բժշկական վերահսկողություն իր հիվանդությունների ժամանակին ախտորոշման և բուժման համար (տե՛ս Պոպովն ընդդեմ Ռուսաստանի, no. 26853 / 04, կետ 211, 2006թ. հուլիսի 13, և Միչենկովն ընդդեմ Ռուսաստանի, no. 35421/05, կետ 102, 2008թ. փետրվարի 7):
54. Ինչ վերաբերում է հեպատիտ C-ի ախտորոշմանը, Դատարանը որևէ ապացույց չի տեսնում հաստատելու համար, որ իշխանությունները չեն հայտնաբերել դրա վարակը սկզբնական ժամկետում: Ավելին, ինչպես երևում է գործի նյութերից, դիմողը տեղեկացվել է իր վարակի մասին կամավոր գաղտնի խորհրդատվության միջոցով, որը տրամադրվել է նրան կալանքի տակ գտնվելու ընթացքում ՄԻԱՎ-ի և հեպատիտի վարակների մասին հանրային իրազեկվածության բարձրացման ծրագրի շրջանակներում (տե՛ս վերը` կետ 20): Ակնհայտ ախտանշանների բացակայության կամ հակառակի վերաբերյալ պնդումների դեպքում պետությանը, հետևաբար, չի կարելի մեղադրել հիվանդությունը ժամանակին չախտորոշելու համար:
55. Դիմողը պնդել է, սակայն, որ թեև իր հիվանդությունը ախտորոշվել է, ինքը չի ստացել համապատասխան և ժամանակին բուժում: Դատարանը նշում է, որ քրոնիկ հեպատիտը այնպիսի հիվանդություն է, որն առաջնային կերպով քայքայում է լյարդը և ժամանակի ընթացքում կարող է հանգեցնել լյարդի ցիրոզի, լյարդի քաղցկեղի ու մահվան: Այս կապակցությամբ Դատարանը կրկնում է` շատ կարևոր է, որ դիմողը ենթարկվի իր առողջական վիճակին համապատասխանող գնահատման` համապատասխան բուժում ստանալու նպատակով: Ներկայիս գործում, նման գնահատումը կարող է ստացվել լյարդի բիոպսիա և արյան համապատասխան հետազոտություն կատարելով (տե՛ս Թիսթան ընդդեմ Խորվաթիայի, no. 20877/04, կետ 52, 2007թ.12 հուլիսի):
56. Դատարանը նկատում է, որ դիմողի հիվանդությունն ախտորոշվել է 2006թ. նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին. այս փաստը կողմերի միջև վեճի առարկա է: Քանի որ 2006թ. դեկտեմբերի 1-ին դիմողին զննելիս նրան բուժող բժիշկը որևէ կերպ չի հիշատակել այդ ախտորոշումը (տե՛ս վերը` կետ 21), Դատարանը պետք է ենթադրի, որ դիմողի վարակն իսկապես ախտորոշվել է 2006 թ. դեկտեմբերի 6-ին:
57. Հետևելով նշված ամսաթվին` դիմողն առաջին անգամ քննվել է 2007թ. փետրվարին` և՛ իր անձնական բժշկի և վարակիչ հիվանդությունների մասնագետի կողմից (տե՛ս վերը` կետ 23): Այդ ժամանակ նա արդեն սկսել էր իր հացադուլը, ինչի արդյունքում նրա լյարդի էնզիմները բարձրացել են և պահանջվել է անհապաղ լյարդի բիոպսիա անցկացնել, ինչը, սակայն, կարևոր էր հաստատելու համար իր լյարդի արդեն գոյություն ունեցող վնասվածությունը և անհրաժեշտ բուժում նշանակելու համար: Նա այդ պատճառով տեղափոխվել է Բելգրադի բանտի հիվանդանոց, որտեղ նա հրաժարվել է զննության ենթարկվել հիվանդանոցի աշխատակազմի կողմից, հայտարարելով, որ հեպատիտի վարակը նա ստացել է այնտեղ գտնվելու ժամանակ: Դիմողի անձնական խնդրանքով` նա տեղափոխվել է Նովի Սադի բանտի հիվանդանոց, որտեղ 2007թ. ապրիլին նա ենթարկվել է լյարդի բիոպսիայի, արյան հետազոտության և մասնագիտական զննությունների` (տե՛ս վերը` կետ 25): 2007թ. հունիսի 7-ին` կալանքից ազատ արձակվելու պահին, հակավիրուսային բուժում սկսելու համար դիմողի արյան հետազոտության արդյունքները դեռևս չէին ստացվել:
58. Դիմողն ախտորոշման և կալանքից ազատվելու միջև ընկած յոթ ամսվա ընթացքում չի ստացել դեղորայքային բուժում հեպատիտ C-ի վարակի դեմ: Այնուամենայնիվ, այդ ընթացքում նա ենթարկվել է լյարդի բիոպսիայի, արյան բազմաթիվ հետազոտությունների և մասնագիտացված բժիշկների կողմից զննությունների (վերը նշված Թեսթայի գործի հետ համեմատում և տարբերակում, կետ 52, և Պողոսյանն ընդդեմ Վրաստանի, no. 9870/07, կետ 57, 2009թ. փետրվարի 24):
59. Սակայն դատարանը պետք է հաշվի առնի, որ հացադուլ սկսելով և հիվանդանոցում զննության ենթարկվելուց հրաժարվելով` դիմողն ինքն է զգալիորեն հետաձգել իր լյարդի` արդեն առկա վնասի լրջության գնահատումը: Այդպես վարվելով` նա ցույց է տվել, որ մտահոգված չէ իր առողջական վիճակով, ուստի չի կարող իշխանություններին պատասխանատու համարել այդ ընթացքում իր վիճակի սրման համար:
60. Դատարանը տեղյակ է, որ հեպատիտ C-ն լուրջ հիվանդություն է, և այն չբուժելու դեպքում հնարավոր է ճակատագրական հիվանդության առաջացումը: Սակայն այն գտնում է, որ սույն գործում իշխանությունները ցույց են տվել բավարար ջանասիրություն` դիմողի համար ապահովելով արագ և պատշաճ բժշկական օգնություն, ինչպես նաև հնարավորություն են տվել հայտնաբերել հիվանդությունը:
61. Վերոհիշյալի լույսի ներքո, չի կարելի պնդել, որ իշխանությունները դիմողին չեն տրամադրել համարժեք կամ բավարար բժշկական օգնություն: Ըստ այդմ, Դատարանը եզրակացնում է, որ տեղի չի ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում:
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
62. Դիմողը նաև բողոքել է, որ իր նախնական կալանքի տևողությունը չափազանց երկարատև էր, ինչը Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում է, որը սահմանում է`
«Յուրաքանչյուր ոք, ով ձերբակալվել կամ կալանավորվել է սույն հոդվածի 1 (c) կետի դրույթներին համապատասխան... ունի ողջամիտ ժամկետում վարույթի իրականացման կամ մինչ վարույթի ավարտը ազատ արձակվելու իրավունք: Ազատ արձակումը կարող է պայմանավորվել դատավարության ընթացքում ներկա լինելու երաշխիքներով»:
63. Կառավարությունը առարկել է այդ փաստարկը:
A. Ընդունելիություն
64. Դատարանը գտնում է, որ այս գանգատն ակնհայտորեն անհիմն չէ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի իմաստով: Ոչ մի այլ հիմք այն անընդունելի համարելու համար չի հայտնաբերվել:
B. Արդյունքները
1. Ժամանակահատվածը, որը պետք է հաշվի առնվի
65. Դատարանը կրկնում է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի հիմքով կալանքի տևողությունը որոշելիս, պետք է հաշվի առնվի մեղադրյալին կալանավորելու օրվանից մինչև նրան մեղադրանք ներկայացնելու օրվա ժամկետը, նույնիսկ միայն առաջին ատյանի դատարանի կողմից (տե՛ս Պանչենկոն ընդդեմ Ռուսաստանի, no. 45100/98, կետ 91, 2005թ. փետրվարի 8, և վերը նշված Լաբիտայի գործը, կետեր 145 և 147):
66. Բացի դրանից, Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի և այդ հոդվածի 1 (c) կետի միջև առկա էական կապի տեսանկյունից, նախնական կալանքի տակ գտնվող անձը չի կարող դիտարկվել որպես կալանավորված անձ` համաձայն 5-րդ հոդվածի 1 (a) կետի, ինչը թույլատրում է ազատազրկումը համապատասխան դատարանի վճիռը կայացնելուց հետո (տե ՛ս վերը նշված Պանչենկոյի գործը, կետ 93, և Կուդլան ընդդեմ Լեհաստանի [GC], no. 30210/96, կետ 104, ՄԻԵԴ 2000-XI): Այնուամենայնիվ, դիմողի նախնական կալանքի տևողության ողջամտությունը գնահատելով` Դատարանը պետք է գնահատի կալանքի տակ գտնվելու ընդհանուր ժամանակահատվածները` Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի ներքո (տե՛ս Սոլմազն ընդդեմ Թուրքիայի, no. 27561/02, կետեր 36-37, ՄԻԵԴ 2007թ.-... (քաղվածքներ)):
67. Համապատասխանաբար, սույն գործում ժամկետը, որը պետք է հաշվի առնվի, բաղկացած է երեք առանձին ժամանակահատվածներից` (1) 2004թ. փետրվարի 6-ից, երբ դիմողը կալանքի տակ է առնվել նախքան 2004թ. նոյեմբերի 9-ի վճիռը կայացնելը, (2) 2005թ. հունիսի 15-ից, երբ դիմողի դիմումի հիման վրա նրա ազատազրկումը դադարեցվել է մինչև 2006թ. մայիսի 18-ի հետագա վճիռը կայացնելը և (3) 2006թ. դեկտեմբերի 6-ից, երբ նրա երկրորդ դիմումի հիման վրա ազատազրկումը դադարեցվել է մինչև 2007թ. հունիսի 7-ին նրա ազատ արձակումը:
68. Գումարված ժամկետների ընդհանուր գնահատում կատարելով` Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի ներքո, Դատարանը եզրակացնում է, որ ժամկետը, որը պետք է հաշվի առնվի սույն գործում, կազմում է մոտավորապես երկու տարի և երկու ամիս:
2. Կողմերի փաստարկները
(a) Կառավարությունը
69. Կառավարությունը շեշտել է, որ 2003թ. ոստիկանության աշխատակիցները չեն կարողացել հայտնաբերել դիմողին, ահա թե ինչու է իրավասու դատարանն օրինականորեն ընդունել նրան կալանավորելու վերաբերյալ որոշումը: Դրանից հետո նրա կալանքի ժամկետը պարբերաբար երկարաձգվել է, ինչը պայմանավորված էր նրա` փախուստի դիմելու վտանգով, ինչը չէր կարող բացառել առավելագույն պատիժն այնպիսի հանցանքի համար, որում նա մեղադրվում էր, ինչպես նաև նրա վարքագիծը նախքան 2004թ. փետրվարի 6-ի ազատազրկումը:
70. Կառավարությունն այնուհետև պնդել է, որ ներպետական դատարանները մանրազնին ուսումնասիրել են դիմողին գրավի դիմաց ազատ արձակելու հարցը: Սակայն այդ պահանջները մերժվել են, քանի որ առաջարկվող գումարը բավարար չէր երաշխավորելու դիմողի ներկայությունը դատական վարույթներում, մասնավորապես հաշվի է առնվել այն փաստը, որ նա ապօրինաբար ձեռք է բերել մոտ տասն անգամ ավելի շատ գումար, քան առաջարկվող գումարն էր:
71. Իշխանությունները նաև մանրամասնորեն ուսումնասիրել են դիմողի` իրեն ազատ արձակելու պահանջները` ոչ բավարար բժշկական օգնություն տրամադրելու պատճառով, և եզրակացրել, որ առկա չեն բավարար ապացույցներ հաստատելու համար, որ դիմողի առողջական վիճակը կարող է արդարացնել նրա ազատ արձակումը: Եվ վերջապես, իր 2007թ. հունիսի 7-ի վերջնական վճռով Շրջանային դատարանը որոշել է ազատ արձակել դիմողին որոշակի պայմաններով` հիմնականում հաշվի առնելով նրա առողջական վիճակը:
(b) Դիմողը
72. Դիմողը պնդել է, որ իշխանությունները բավարար ապացույցներ չեն ներկայացրել, որ ինքը փախուստի դիմելու մտադրություն է ունեցել, այդպիսով նրա կալանքը չուներ որևէ իրավական հիմք: Բացի դրանից, երկարաձգելով նրա կալանքը` դատարանները պետք է հաշվի առնեին նրա առողջական վիճակը և այլ համապատասխան գործոնները: Նրա` գրավի դիմաց ազատ արձակելու խնդրանքը մերժվել է առանց հիմնավոր պատճառի, միևնույն ժամանակ` խախտելով իր անմեղության կանխավարկածի իրավունքը:
3. Դատարանի գնահատականը
(a) Ընդհանուր սկզբունքներ
73. Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` կալանքի ժամկետի ողջամտությունը չի կարող գնահատվել in abstracto: Մեղադրյալի կալանքի տևողությունը պետք է գնահատվի ըստ յուրաքանչյուր գործի առանձնահատկությունների: Շարունակական կալանքը կարող է արդարացվել միայն այն դեպքում, եթե առկա են կոնկրետ ապացույցներ հանրային շահերի իրական պահանջների վերաբերյալ, որոնք, չնայած անմեղության կանխավարկածին, գերակայում են անձի ազատության հանդեպ հարգանքի կանոնի նկատմամբ (տե՛ս, ի թիվս այլնի, Մակքեյն ընդդեմ Միացյալ Թագավորության [GC], no. 543/03, կետ 42, ՄԻԵԴ 2006-X, և վերը նշված Կուդլայի գործը, կետ 110):
74. Դատարանը նկատում է նաև, որ ազգային դատական իշխանություններն առաջին հերթին պետք է երաշխավորեն, որ տվյալ գործում մեղադրյալի մինչդատական կալանքը չի գերազանցում ողջամիտ ժամկետի տևողությունը (տե՛ս Վրինչիվն ընդդեմ Սերբիայի, no. 2361/05, կետ 73, 2008թ. սեպտեմբերի 23): Այդ նպատակով նրանք պետք է ուսումնասիրեն բոլոր փաստերը, որոնք կողմ կամ դեմ են հանրային շահերի իրական պահանջի առկայությանը` հաշվի առնելով անմեղության կանխավարկածի, անձի ազատության նկատմամբ հարգանքի կանոնը չկիրառելու սկզբունքը և ներառել դրանք դիմողների ազատ արձակումը չթույլատրելու վերաբերյալ որոշումներում: Այդ որոշումներում ներկայացված պատճառների և դիմողների կողմից իրենց բողոքներում նշված իրական փաստերի հիման վրա չափազանց կարևոր է, որ Դատարանը որոշի` տեղի է ունեցել, արդյոք, Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում, թե` ոչ (տե՛ս վերը նշված Լաբիտայի գործը, կետ 152):
75. Այն մասին հիմնավոր կասկածի առկայության դեպքում, որ ձերբակալված անձը կատարել է հանցանք, դա sine qua non շարունակական կալանքի օրինականության պայմանն է, սակայն որոշակի ժամանակահատված անց այն այլևս բավարար չէ: Նման դեպքերում Դատարանը պետք է հաստատի, թե արդյոք դատական իշխանությունների կողմից ներկայացված այլ հիմքերն արդարացնում են ազատազրկումը: Եթե նման հիմքերը «համապատասխան» և «բավարար» են, ապա Դատարանը պետք է նաև պարզի, թե արդյոք ներպետական իրավասու մարմինները ցուցաբերել են «հատուկ ջանասիրություն» վարույթն անցկացնելիս (տե՛ս վերը նշված Լաբիտայի գործը, կետ 153): Նման դեպքերում ապացույցի ծանրության բեռը չպետք է հանվի կալանավորված անձի վրայից` ցույց տալով, որ գոյություն ունեցող պատճառները երաշխավորում են ազատ արձակելը (տե՛ս Իլիչկովն ընդդեմ Բուլղարիայի, no. 33977/96, կետ 85, 2001թ. հուլիսի 26):
(b) Վերոնշյալ սկզբունքների կիրառումը տվյալ գործում
76. Ինչպես նշվել է վերը, դիմողը գտնվել է մինչդատական կալանքի տակ երկու տարի և երկու ամիս. այս ժամանակահատվածը կարող է բողոքարկվել Կոնվենցիայի ներքո (տե՛ս, օրինակ, Դոլասինսկին ընդդեմ Լեհաստանի, no. 6334/02, կետ 35, 2006թ. դեկտեմբերի 19, Բարկանյին ընդդեմ Հունգարիայի, no. 37214/05, կետ 27, 2009թ. հունիսի 30, Դորոնինն ընդդեմ Ուկրաինայի, no. 16505/02, կետ 61, 2009թ. փետրվարի 19):
77. Նրա կալանքի ժամկետը պարբերաբար երկարաձգվել է ներպետական իշխանությունների կողմից: Այնուամենայնիվ, յուրաքանչյուր պարբերական որոշում պարունակում է միևնույն պատճառը, այն է` փախուստի վտանգը, հաշվի առնելով այն փաստը, որ դիմողը չէր գտնվում իշխանությունների տիրապետման ներքո 2003 թվականին և որ իրենք ստիպված էին ստանալ միջազգային ձերբակալման հրաման: Դիմողը առարկել է այս փաստերը` պնդելով, որ նա տրամադրել է իշխանություններին իր ժամանակավոր հասցեն և ձերբակալման հրամանի մասին իմանալով` ինքնակամ ներկայացել է տեղական ոստիկանական բաժանմունք:
78. Դատարանը գտնում է, որ փախուստի հնարավորությունը կարող է ընդունելի հիմնավորում հանդիսանալ դիմողին նախնական կալանքի տակ վերցնելու համար: Այնուամենայնիվ, ազատազրկման անհրաժեշտությունը չի կարելի գնահատել զուտ վերացական տեսանկյունից: Իշխանությունները պետք է ուսումնասիրեն այս հարցը` հիմնվելով մի շարք այլ համապատասխան գործոնների վրա, որոնք նույնպես կարող են հաստատել փախուստի գոյության վտանգը կամ դրա անհիմն լինելը, ինչը չի կարող արդարացնել մինչդատական կալանքը (տե՛ս, ի թիվս այլնի Լետելյեն ընդդեմ Ֆրանսիայի, 1991թ. հունիսի 26, կետ 43, Series A no. 207, և վերը նշված Պանչենկոն ընդդեմ Ռուսաստանի, կետ 106):
79. Դիմողի գործում, սակայն, դատարանների պատճառաբանությունները բավարար չեն և նրանց չի հաջողվել ստուգել, թե արդյոք այս հիմքերը հիմնավորված էին վարույթի այդ փուլում (տե՛ս Բիկովն ընդդեմ Ռուսաստանի [GC], no. 4378/02, կետ 64, ՄԻԵԴ 2009թ.-...): Փոխարենը, իշխանությունները օգտագործել են չափորոշիչ կանոններ` հետևողականորեն անդրադառնալով դիմողի գտնվելու վայրը պարզելու համար առկա դժվարություններին:
80. Ավելին, երկարաձգելով դիմողի կալանքը` իշխանությունները չեն քննարկել այլընտրանքային միջոցների կիրառման հարցը` նրա ներկայությունը դատավարությանն ապահովելու համար, ինչպիսիք են, օրինակ, նրա անձնագրի առգրավումը: Ավելին, նրան ազատ արձակելու վերաբերյալ դիմումները մերժվել են նույնիսկ այն բանից հետո, երբ նա ձերբակալվել է երեք անգամ` չնայած նրա առողջական վիճակի սրմանը:
81. Վերոհիշյալ պատճառներով, Դատարանը գտնում է, որ իշխանությունները երկարաձգել են դիմողի կալանքն այնպիսի հիմքերով, որոնք չեն կարող դիտարկվել որպես «բավարար», հետևաբար, չեն արդարացնում դիմողի ավելի քան երկու տարի ժամկետով շարունակական ազատազրկումը: Ուստի անհրաժեշտություն չկա քննելու, թե արդյոք նրա դեմ իրականացված վարույթը եղել է հավուր պատշաճի:
82. Համապատասխանաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում:
3. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
83. Դիմողը վերջապես բողոքել է իր դեմ իրականացված վարույթի երկարատևության դեմ: Նա մեջբերել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը, որը սահմանում է`
«Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա ... կամ ցանկացած առնչությամբ, ունի ողջամիտ ժամկետում դատարանի կողմից արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք...»:
84. Ժամկետը, որը պետք է հաշվի առնվի, սկսվում է 2004թ. մարտի 3-ից, երբ Կոնվենցիան ընդունվել է Սերբիայի կողմից, և ավարտվում է 2007թ. հունիսի 7-ին: Այն, այդպիսով, կազմում է մոտավորապես երեք տարի և երեք ամիս:
85. Այդ ընթացքում գործը քննվել է երկու ատյաններում: Քանի որ այն ներառում է մի քանի մեղադրյալների և մի շարք ֆինանսական խախտումներ, այն ունի որոշակի իրավական և փաստացի բարդություն: Ավելին, գործի քննության ընթացքում դատարանների կողմից խախտումներ չեն հայտնաբերվել: Հետևաբար, հաշվի առնելով նախադեպային իրավունքը, Դատարանը չի գտնում, որ սույն գործի վարույթի ընդհանուր տևողությունը գերազանցել է «ողջամիտ ժամկետը»:
Հետևաբար, այդ գանգատն ակնհայտորեն անհիմն է և պետք է մերժվի Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի համաձայն:
4. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
86. Կոնվենցիայի 41-րդ հոդվածը նախատեսում է`
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:
A. Վնասը
87. Դիմողը պահանջել է 42,272.30 եվրո (EUR)` որպես նյութական վնասի և 116,575.80 եվրո (EUR)` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
88. Կառավարությունն առարկել է այդ փաստարկը:
89. Դատարանը չի տեսնում որևէ պատճառահետևանքային կապ հայտնաբերված խախտումների և ենթադրյալ նյութական վնասի միջև, ուստի այդ պատճառով մերժում է նշված պահանջը: Այնուամենայնիվ, այն գտնում է, որ դիմողը կրել է ոչ նյութական վնաս, որը չի կարող բավարար կերպով փոխհատուցվել միայն Կոնվենցիայի խախտում հայտնաբերելու հետևանքով: Հաշվի առնելով սույն գործում հայտնաբերված խախտումները և դրանք արդարացի հիմքերով գնահատելով` Դատարանը, հետևաբար, դիմողին տրամադրում է 1500 եվրո (EUR)` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
B. Ծախքեր և ծախսեր
90. Դիմողը նաև պահանջել է 26,155.98 եվրո (EUR)` որպես Դատարան դիմելու հետևանքով առաջացած ծախսերի և ծախքերի փոխհատուցում, որոնց ստացականները նույնպես ներկայացվել են:
91. Կառավարությունն առարկել է այդ պահանջները:
92. Համաձայն Դատարանի նախադեպային իրավունքի` դիմողն իրավունք ունի կատարված ծախսերի փոխհատուցում պահանջել միայն այն դեպքում, երբ դրանք եղել են փաստացի և անհրաժեշտ (տե՛ս, օրինակ, Իատրիդիսն ընդդեմ Հունաստանի (արդարացի բավարարում) [GC], no. 31107/96, կետ 54, ՄԻԵԴ 2000-XI):
93. Սույն գործում հաշվի առնելով առկա փաստաթղթերը և վերոնշյալ չափանիշները` Դատարանը ողջամիտ է գտնում դիմողին տրամադրել 1500 եվրո (EUR)` գումարած հարկերը:
C. Տուգանային տոկոսներ
94. Դատարանը նպատակահարմար է գտնում, որպեսզի տուգանային տոկոսը գանձվի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած փոխառության միջին տոկոսադրույքի հիման վրա՝ հավելած երեք տոկոս:
ՎԵՐՈԳՐՅԱԼԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ
1. Վճռում է, որ բժշկական օգնության և մինչդատական կալանքի տևողության անհամապատասխանության վերաբերյալ գանգատն ընդունելի է, իսկ դիմումի մնացած մասը` անընդունելի.
2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում.
3. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում.
4. Վճռում է, որ
(a) պատասխանող պետությունը վճիռը վերջնական դառնալուց հետո երեք ամսվա ընթացքում, Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան, պետք է դիմողին վճարի հետևյալ գումարը` վճարման օրվա դրությամբ համապատասխան արտարժույթի փոխարժեքին համապատասխան.
(i) 1500 եվրո (EUR) (մեկ հազար հինգ հարյուր եվրո)` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, հավելած բոլոր հարկերը,
(ii) 1500 եվրո (EUR) (մեկ հազար հինգ հարյուր եվրո)` դատական ծախսերի համար, հավելած բոլոր հարկերը.
(b) վերոհիշյալ եռամսյա ժամկետը լրանալու պահից մինչև վճարումը պետք է վճարվի սովորական տոկոս` պարտականությունը չկատարելու ընթացքում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած տոկոսադրույքի հիման վրա՝ հավելած երեք տոկոս,
5. Մերժում է դիմողի՝ արդարացի բավարարման վերաբերյալ պահանջի մնացած մասը:
Կատարվել է անգլերենով և Դատարանի կանոնների 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն գրավոր հրապարակվել 2010թ. փետրվարի 23-ին:
Նախագահող |
Սալլի Դոլլի Ֆրանկուս Թալքինս |
