ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/1017/02/14 |
Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/1017/02/14 |
|
Նախագահող դատավոր՝ Ի. Վարդանյան |
Դատավորներ` |
Գ. Մատինյան |
Կ. Հակոբյան |
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Վ. Աբելյանի | |
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2015 թվականի մարտի 11-ին
քննարկելով «Ռեքվիեմ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ներկայացուցիչ Գ. Գևորգյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.08.2014 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ` ըստ հայցի Ընկերության ընդդեմ «Մեգարոն» ՍՊԸ-ի (այսուհետ` Կազմակերպություն)` վարձակալության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է ճանաչել իր ենթավարձակալության իրավունքը Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցի թիվ 46Ա հասցեում գտնվող ոչ բնակելի տարածքների նկատմամբ:
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ի. Բարսեղյան) (այսուհետ` Դատարան) 02.07.2014 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 14.08.2014 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը վերադարձվել է և սահմանվել է ժամկետ` վերաքննիչ բողոքում թույլ տված խախտումները վերացնելու և այն կրկին ներկայացնելու համար:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Uահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մաuին» եվրոպական կոնվենցիայի (այuուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետը, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 8-րդ և 10-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ և 6-րդ հոդվածները, 210-րդ հոդվածի 4-րդ կետը, 213-րդ հոդվածը, չի կիրառել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի «դ» կետը և 31-րդ հոդվածի «գ» կետը, որոնք պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 4-րդ կետի կանոնը պահպանելու համար անհրաժեշտ է, որպեսզի բողոքին կցված լինի կա´մ պետական տուրքը վճարելու մասին ապացույցը, կա´մ պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու վերաբերյալ միջնորդությունը, քանի որ դրանցից մեկի առկայությունն ինքնին բացառում է մյուսի անհրաժեշտությունը: Հետևաբար պետական տուրքը վճարելու մասին ապացույցի կամ համապատասխան միջնորդության առկայությունն արդեն իսկ բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջը կատարված լինելու համար, ինչն էլ իր հերթին բացառում է նույն օրենսգրքի 213-րդ հոդվածով սահմանված վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմքը:
Ավելին, Վերաքննիչ դատարանը վերադարձրել է ներկայացված վերաքննիչ բողոքը` առանց մերժելու կամ բավարարելու բողոք բերած անձի` պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին միջնորդությունը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել Վերաքննիչ դատարանի 14.08.2014 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ` Ընկերության վերաքննիչ բողոքն ընդունել վարույթ, իսկ պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին միջնորդությունը` բավարարել»:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.
1) արդյո՞ք Վերաքննիչ դատարանն իրավասու է վերադարձնել վերաքննիչ բողոքն այն պայմաններում, երբ իր որոշման եզրափակիչ մասում որևէ անդրադարձ չի կատարել վերաքննիչ բողոք բերած անձի` «Պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին» միջնորդությանը և որևէ եզրահանգում չի արել այն բավարարելու կամ մերժելու վերաբերյալ.
2) արդյո՞ք բողոք բերած անձը կրում է պետական տուրք վճարելու պարտականություն այն պարագայում, երբ դատական ակտը բողոքարկել է միայն դատական ծախսերի մասով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ակտը, որով ըստ էության չի լուծվում գործը, կայացվում է որոշման ձևով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` առանձին ակտի ձևով կայացված որոշման մեջ պետք է նշվեն`
1) դատարանի անվանումը, դատարանի կազմը, գործի համարը, որոշումը կայացնելու ամսաթիվը, վեճի առարկան.
2) գործին մասնակցող անձանց անունը (անվանումը).
3) հարցը, որի վերաբերյալ որոշում է կայացվում.
4) շարժառիթները, որոնցով դատարանը հանգել է հետևությունների` օրենքներ և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ.
5) եզրահանգումը քննարկվող հարցով.
6) որոշումը բողոքարկելու կարգը և ժամկետը, եթե այն ենթակա է բողոքարկման:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 210-րդ հոդվածի պահանջները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետի համաձայն` վերաքննիչ բողոքը կազմվում է գրավոր, որում պետք է նշվեն բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու, բողոքի պատճենները` դատական ակտ կայացրած դատարանին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելու մասին ապացույցները: Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն`վերաքննիչ դատարանը, նույն օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով, գործը ստանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում, կայացնում է որոշում վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին: Որոշման մեջ նշվում են բողոքում թույլ տրված բոլոր առերևույթ խախտումները:
Վկայակոչված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ վերաքննիչ բողոքի վերադարձման հիմք է վերաքննիչ բողոքի համար օրենքով սահմանված կարգով պետական տուրքը վճարված չլինելու հանգամանքը և պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու վերաբերյալ միջնորդության բացակայությունը: Վերաքննիչ բողոքի վերադարձման հիմք է նաև պետական տուրքը վճարված չլինելու դեպքում պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու վերաբերյալ միջնորդության մերժումը Վերաքննիչ դատարանի կողմից:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոքին կցված է կամ բողոքում ներառված է պետական տուրքի վճարման արտոնություն սահմանելու վերաբերյալ միջնորդություն, ապա Վերաքննիչ դատարանը պարտավոր է անդրադառնալ այդ միջնորդությանը և դրա քննարկման արդյունքում որոշում կայացնելուց հետո միայն որոշել վերաքննիչ բողոքը վերադարձնելու կամ վարույթ ընդունելու հարցը:
Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերությունը Դատարանի 02.07.2014 թվականի վճռի դեմ բերել է վերաքննիչ բողոք` միաժամանակ միջնորդելով հետաձգել պետական տուրքի վճարումն այն պատճառաբանությամբ, որ Ընկերությունը ֆինանսական և այլ խնդիրների պատճառով հնարավորություն չունի այն վճարել (գ.թ. 65):
Վերաքննիչ դատարանը, վերադարձնելով վերաքննիչ բողոքը, որոշման պատճառաբանական մասում նշել է, որ բողոք բերած անձը չի ներկայացրել Ընկերության գույքային դրության վերաբերյալ որևէ ապացույց, հետևաբար բողոք բերած անձի կողմից չեն պահպանվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջները:
Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգման հիմնավորվածությանը, արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի 14.08.2014 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման մեջ բացակայում է որևէ նշում Ընկերության վերաքննիչ բողոքին կից ներկայացված պետական տուրքի վճարումը հետաձգելու միջնորդությունը մերժելու կամ բավարարելու վերաբերյալ: Այսինքն` Վերաքննիչ դատարանի 14.08.2014 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը չի պարունակում որևէ եզրահանգում վերաքննիչ բողոքին կից ներկայացված միջնորդությունը մերժելու կամ բավարարելու` պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանն իր որոշման պատճառաբանական մասում թեև անդրադարձել է պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին միջնորդությանը, սակայն այդ միջնորդության քննարկման արդյունքում որևէ որոշում չի կայացրել միջնորդությունը մերժելու կամ բավարարելու` պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին, ինչն անձի դատական պաշտպանության իրավունքի խախտում է: Մասնավորապես` շահագրգիռ անձը, իր դատական պաշտպանության իրավունքն իրացնելիս, դատավարական օրենքով նախատեսված որևէ միջնորդություն հարուցելով, ակնկալում է իր կողմից բարձրացված հարցի որոշակի լուծում` դատարանի կողմից համապատասխան որոշման կայացման ձևով: Այսինքն` դատավարության մասնակցի միջնորդություն հարուցելու իրավունքին համապատասխանում է տվյալ հարցով որոշում կայացնելու դատարանի պարտականությունը: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ դատարանի որոշմանը ներկայացվող պարտադիր պահանջ է քննարկվող հարցի վերաբերյալ համապատասխան եզրահանգումը, հետևաբար այդպիսի եզրահանգման բացակայության պայմաններում բացակայում է նաև դատարանի որոշումը, ինչի արդյունքում խախտվում է անձի` դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքը:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով բացակայել է պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու անհրաժեշտությունը` հետևյալ պատճառաբանությամբ.
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` պետական տուրք վճարողներն իրավունք ունեն դիմել համապատասխան պետական մարմիններ` պետական տուրքի վճարման արտոնություններ ստանալու համար:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի «ա» կետի համաձայն` պետական տուրքի գծով կարող է սահմանվել արտոնություն` պետական տուրքի վճարումից ազատում:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի առաջին պարբերության «գ» կետի համաձայն`առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ կարող են սահմանել դատարանները կամ դատավորները` նույն օրենքի 9-րդ հոդվածում նշված առանձին գործերով` ելնելով կողմերի գույքային դրությունից:
ՀՀ վճռաբեկ դատարանը, իր որոշումներում անդրադառնալով տվյալ իրավական խնդրին, նշել է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի առաջին պարբերության «գ» կետի համաձայն` առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ կարող են սահմանել դատարանները կամ դատավորները` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածում նշված առանձին գործերով` ելնելով կողմերի գույքային դրությունից, և այդ արտոնությունները ներառում են նաև պետական տուրքից ընդհանրապես ազատելու հնարավորությունը, որն ուղղված է ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված յուրաքանչյուր անձի դատական պաշտպանության իրավունքի լիարժեք իրականացմանը: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատական պաշտպանության իրավունքը կարող է սահմանափակվել, սակայն կիրառվող սահմանափակումները չպետք է լինեն այն աստիճան, որ խաթարեն այդ իրավունքի բուն էությունը։ Սահմանափակումն անհամատեղելի կլինի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հավասարակշռված կապ գործադրվող միջոցների և հետապնդվող նպատակի միջև (տե´ս, Արմենակ և Գուլյա Սահակյանների հայցն ընդդեմ ՀՀ կենտրոնական բանկի` նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրված ավանդի գումարը փոխհատուցելու պահանջի մասին, ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2008 թվականի թիվ 3-734(ՎԴ) որոշումը, «Պայքար և Հաղթանակ ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 20.12.2007 թվականի թիվ 21638/03 վճիռը, կետ 44):
ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը նախատեսում է դատարանում պետական տուրքի գծով արտոնությունների կիրառման երկու ընթացակարգ` օրենքի ուժով և դատարանի հայեցողությամբ: Այսպես, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը սպառիչ ամրագրել է այն հիմքերը, որոնց առկայության պարագայում դատական պաշտպանություն հայցող սուբյեկտն օրենքի ուժով ազատվում է պետական տուրքի վճարումից: Նման հիմքերից որևէ մեկի առկայությունը չի պահանջում շահագրգիռ անձի կողմից պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդության հարուցում և դրա քննարկում ու լուծում դատարանի կողմից: Միաժամանակ, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածը նման արտոնություն կիրառելու հնարավորություն ընձեռել է դատարաններին կամ դատավորներին այն դեպքերում, երբ թեև բացակայում են նույն օրենքի 22-րդ հոդվածով սահմանված հիմքերը, սակայն ելնելով կողմերի գույքային դրությունից` անհրաժեշտ է սահմանել նման արտոնություն` երաշխավորելու անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքը (տե´ս, Շամամ Կարապետյանն ընդդեմ Արայիկ Միրզոյանի թիվ ԱՐԴ/0913/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.01.2014 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նաև, որ յուրաքանչյուր դեպքում պետական տուրքի գծով արտոնությունների կիրառումը պետք է հիմնվի դատարանի ներքին համոզման վրա (սուբյեկտիվ չափորոշիչ), որը, սակայն, ձևավորվում է ապացույցների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի հետազոտման վրա (օբյեկտիվ չափորոշիչ): Բացի այդ, ներքին համոզման հիման վրա ապացույցների գնահատումը, որպես ապացուցման գործընթացի բաղկացուցիչ մաս, չպետք է լինի կամայական, այլ պետք է ուղղված լինի քաղաքացիական դատավարության նպատակների իրականացմանը, որոնցից ամենահիմնականը` իրավունքի սուբյեկտների խախտված կամ վիճարկվող իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն է (տե´ս, «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Հասմիկ, Ռոբերտ, Անահիտ Ափինյանների, Սիրանուշ Ծատինյանի թիվ ԵԿԴ/0536/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.06.2014 թվականի որոշումը):
Վերահաստատելով նշված դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ յուրաքանչյուր դեպքում պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդության առկայության պայմաններում դատարանները պետք է նշված միջնորդությունները քննության առնեն և լուծեն` հաշվի առնելով նաև գործի հանգամանքները: Այսպես, օրինակ, օրենսդիրը, ամրագրելով հայցադիմումների, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար պետական տուրք վճարելու պարտականություն, տարբերակված մոտեցում է դրսևորել պետական տուրքի չափի հարցում` հիմք ընդունելով վիճելի իրավահարաբերության բնույթը` գույքային կամ ոչ գույքային: Դատարանները միջնորդություն ներկայացրած անձի գույքային դրությունը գնահատելիս որպես ուղղորդող չափանիշ հիմք են ընդունում նաև վճարման ենթակա պետական տուրքի չափը, հետևաբար վիճելի իրավահարաբերության բնույթը պարզելը յուրաքանչյուր դեպքում օբյեկտիվորեն անհրաժեշտ է կամ միջնորդություն հարուցած անձի գույքային դրության վերաբերյալ փաստարկները կարող են հիմնավորվել քննվող գործի շրջանակներում ձեռնարկված դատավարական միջոցներով (օրինակ` որպես հայցի ապահովման միջոց` արգելանք է դրվել անձի դրամական միջոցների վրա):
Վերոգրյալից հետևում է, որ միջնորդություն ներկայացրած անձի գույքային դրության գնահատումը չի կարող իրականացվել` անտեսելով գործի հանգամանքները, հետևաբար դատարանները նման միջնորդություններ քննության առնելիս պետք է ուսումնասիրեն նաև համապատասխանաբար հայցադիմումները, վերաքննիչ և վճռաբեկ բողոքները:
Սույն գործով Ընկերության կողմից 01.08.2014 թվականի ներկայացված վերաքննիչ բողոքի «Վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը» բաժնում նշվել է. ««Ռեքվիեմ» ՍՊԸ-ն իր վարձակալության իրավունքը ճանաչելու պահանջի մասին հայցադիմում դատարան չի ներկայացրել: «Ռեքվիեմ» ՍՊԸ-ն դատարանում գործը վարելու լիազորագիր Կարինե Մարգարյանին երբևէ չի տվել, առավել ևս` չի լիազորել ստորագրել հայցադիմումը: Դատարանը հայցվոր «Ռեքվիեմ» ՍՊԸ-ին պատշաճ կարգով չի ծանուցել գործի քննության վայրի և ժամանակի մասին»: Միաժամանակ, վերաքննիչ բողոքում բողոք բերած անձը նշել է, որ Դատարանի կողմից հայցադիմումը չվերադարձնելու արդյունքում Ընկերությունը կրելու է պետական տուրքի վճարման պարտականություն (գ.թ. 63-64):
Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով բողոք բերած անձի փաստարկներին, գտնում է, որ դատական ակտը վերաքննության կարգով բողոքարկվել է հայց չհարուցելու պայմաններում անհիմն կերպով պետական տուրքի պարտավորություն կրելու հիմքով, այսինքն` դատական ծախսերի մասով:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված` նույն օրենքով սահմանված ծառայությունների կամ գործողությունների համար ֆիզիկական և իրավաբանական անձանցից Հայաստանի Հանրապետության և (կամ) համայնքների բյուջեներ մուծվող օրենքով սահմանված պարտադիր վճար է:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը սահմանում է պետական տուրքի հասկացությունը, մասնավորապես` Հայաստանի Հանրապետությունում պետական տուրք վճարողներ են համարվում նույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված ծառայություններից կամ գործողություններից օգտվող ֆիզիկական և իրավաբանական անձինք:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածը պետական տուրքի գանձման օբյեկտ, այսինքն` պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված գործողություն է դիտարկում, մասնավորապես, դատարան տրվող հայցադիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների քննությունը:
ՀՀ սահմանադրական դատարանն իր 25.05.2010 թվականի թիվ ՍԴՈ-890 որոշմամբ անդրադառնալով վկայակոչված իրավանորմերին` նշել է, որ դատարաններում պետական տուրք վճարելու պարտականության սահմանումը նպատակ է հետապնդում փոխհատուցել պետության` արդարադատության իրականացման հետ կապված ծախսերը, կանխարգելել ակնհայտ անհիմն հայցադիմումների հոսքը, դատարան դիմելու իրավունքի չարաշահումը:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքն առանձնացնում է գույքային պահանջի և ոչ գույքային պահանջի առնչությամբ գանձվող պետական տուրքերը` դրանց համար սահմանելով հաշվարկման միմյանցից էապես տարբերվող կարգ, ինչն օբյեկտիվորեն պայմանավորված է այդ պահանջների բնույթով և առանձնահատկություններով: Գույքային պահանջի առնչությամբ գանձվող պետական տուրքը համամասնական տուրք է, և հաշվարկվում է հայցագնի նկատմամբ տոկոսային հարաբերակցությամբ, իսկ ոչ գույքային պահանջի առնչությամբ գանձվող տուրքը պարզ տուրք է, և գանձվում է հաստատագրված գումարի չափով: Եթե հայցադիմումը ներառում է գույքային և ոչ գույքային պահանջներ, ապա օրենքը, այդ պահանջներից յուրաքանչյուրի քննությունը դիտարկելով որպես օրենքի իմաստով ինքնուրույն և առանձին գործողություն, պահանջում է, որ պետական տուրք վճարվի միաժամանակ և՛ գույքային, և՛ ոչ գույքային պահանջների առնչությամբ (հոդվ. 32-րդ, մաս 4-րդ)` այդպիսով հետապնդելով իրավաբանորեն հիմնավոր փաստարկված նպատակ:
Վճռաբեկ դատարանը, ՀՀ սահմանադրական դատարանի վերը նշված իրավական դիրքորոշման լույսի ներքո անդրադառնալով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումներին, գտնում է, որ պետական տուրքի հաշվարկման հիմքն այն գույքային կամ ոչ գույքային պահանջն է, որով անձը դիմել է դատարան` իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության նպատակով` արդյունքում ակնկալելով ներկայացված պահանջի ըստ էության քննություն և լուծում: Այսինքն` գործող իրավակարգավորման պայմաններում պետական տուրքի գանձում իրականացվում է ոչ թե դատարանի ցանկացած գործողության, այլ այն գործողությունների համար, որոնց արդյունքում վերջնական դատական ակտի կայացմամբ քննարկվում և լուծվում է ներկայացված գույքային կամ ոչ գույքային պահանջը: Հետևաբար, այն դեպքում, երբ դատարան դիմած անձը հայցում է դատարանի որևէ գործողության իրականացում, որն անմիջականորեն պայմանավորված չէ ներկայացված գույքային կամ ոչ գույքային պահանջի լուծման հետ, այլ ուղղված է վարույթի կանոնավոր ընթացքն ապահովելուն, թեկուզև այդ գործողության հայցումն իրականացվում է բողոքարկման ընթացակարգի միջոցով, այնուամենայնիվ, պետական տուրքի գանձման օբյեկտը և հաշվարկման հիմքը, ըստ էության, բացակայում են, հետևաբար բացակայում է նաև պետական տուրքի վճարման պարտականությունը, օրինակ` միջանկյալ դատական ակտերի բողոքարկման պարագայում:
Վերը քննարկված իրավիճակը կարող է արտահայտվել նաև այն դեպքում, երբ անձը դատական ակտը բողոքարկում է միայն դատական ծախսերի մասով: Այս պարագայում անձի բողոքարկման իրավունքի իրացումն ուղղված չէ ներկայացված գույքային կամ ոչ գույքային պահանջի քննությանը և լուծմանը, ընդհակառակը` շահագրգիռ անձը տվյալ դեպքում վիճարկում է այդ պահանջի լուծման արդյունքում բաշխված դատական ծախսի իրավաչափության հարցը: Հետևաբար, բոլոր այն դեպքերում, երբ դատական ակտը բողոքարկվել է միայն դատական ծախսերի մասով, բողոք բերող անձը վերոգրյալ պատճառաբանությունների հիմքով պետական տուրքի վճարման պարտականություն չի կրում: Ընդ որում, դատական պրակտիկան զարգացել է հենց նշված ուղղությամբ, որպիսի հանգամանքն իր արտացոլումն է գտել նաև ՀՀ դատարանների նախագահների խորհրդի «ՀՀ-ում դատարանների կողմից պետական տուրքի գանձման դատական պրակտիկայի մասին» 29.01.2013 թվականի թիվ 129 որոշման մեջ: Համաձայն նշված որոշման 10-րդ կետի` եթե բողոքարկվում է դատական ակտը միայն դատական ծախսերի մասով, ապա ներկայացված բողոքի համար պետական տուրք չի վճարվում:
Սույն գործով Վերաքննիչ դատարանը, պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու մասին միջնորդությանն անդրադառնալով միայն որոշման պատճառաբանական մասում, որևէ եզրահանգում չկատարելով միջնորդության վերաբերյալ որոշման եզրափակիչ մասում, միաժամանակ անտեսել է նաև այն հանգամանքը, որ Դատարանի վճիռը բողոքարկվել է դատական ծախսերի մասով, հետևաբար բողոք բերած անձը վերը շարադրված պատճառաբանությունների հիմքով ազատված է պետական տուրքի վճարումից, որպիսի պայմաններում բացակայում է նաև նման միջնորդություն ներկայացնելու և այն քննության առնելու անհրաժեշտությունը:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից չի ապահովվել ստորադաս դատարանի դատական ակտի վերանայման հնարավորությունը` դրանով իսկ խախտելով Ընկերության` ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ, 240-րդ և 2411-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.08.2014 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Վ. Աբելյան | |
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ | ||
Վ. Ավանեսյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |