ԿԵՍՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ գործով
Վ Ճ Ի Ռ
Ստրասբուրգ, 19 հոկտեմբերի 2006թ.
Կեսյանն ընդդեմ Ռուսաստանի գործով՝
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Առաջին բաժանմունք), որպես Պալատ նիստ գումարելով հետևյալ կազմով՝
Նախագահ՝
պրն C.L. ROZAKIS,
Դատավորներ՝ պրն L. LOUCAIDES, տկն F. TULKENS, տկն N. VAJIĆ,
պրն A. KOVLER, պրն D. SPIELMANN, պրն S.E. JEBENS,
և Բաժանմունքի քարտուղար՝
պրն S. NIELSEN,
դռնփակ խորհրդակցելով 2006թ. սեպտեմբերի 28-ին, կայացրեց հետևյալ վճիռը, որը հաստատվեց նույն օրը:
4. Դիմողը ծնվել է 1952թ. և բնակվում է Սոչիում՝ Կրասնոդարի երկրամաս:
I. Գործի հանգամանքները
A. Քաղաքացիական գործի քննությունը
5. 1998թ. հուլիսի 31-ին դիմողը հայց է ներկայացրել դաշնային ֆինանսների նախարարության Ռոստովի տարածքային ստորաբաժանման և տիկին Օ.-ի դեմ: Նրա հայցադիմումի վրա առկա կնիքը ցույց է տալիս, որ Ռոստովի մարզի Կույբիշևսկի շրջանային դատարանն այն ստացել է նույն օրը: Ըստ Կառավարության` շրջանային դատարանը հայցադիմումը ստացել է 1998թ. օգոստոսի 5-ին և առաջին դատական նիստը նշանակել 1998թ. սեպտեմբերի 22-ին:
6. 1998թ. սեպտեմբերի 22-ի դատական նիստը հետաձգվել է դատավորի՝ արձակուրդում գտնվելու պատճառով: Հաջորդ՝ 1998թ. դեկտեմբերի 28-ի նիստը չի կայացել պատասխանողների բացակայության պատճառով:
7. 1999թ. փետրվարի 11-ին շրջանային դատարանը նշանակել է փորձաքննություն և կասեցրել գործի վարույթը: Փորձագետի եզրակացությունը շրջանային դատարանում ստացվել է 1999թ. սեպտեմբերին:
8. 1999թ. հոկտեմբերին դիմողի ներկայացուցիչը փոխել է հայցապահանջը և միջնորդել շրջանային դատարանին վերսկսել դատաքննությունը և հարցաքննել վկաներին: Այնուհետև դիմողը 1999թ. նոյեմբերին կրկին փոխել է հայցապահանջը:
9. 1999թ. նոյեմբերի 25-ին շրջանային դատարանը վերսկսել է դատաքննությունը և վկաներին կանչել հարցաքննության:
10. 1999թ. նոյեմբերի 25-ից մինչև 2000թ. հոկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում շրջանային դատարանը նշանակել է ութ նիստ, որից երեքը հետաձգվել է պատասխանողների, իսկ հինգը՝ երկու կողմերի չներկայանալու պատճառով:
11. 2000թ. հոկտեմբերի 3-ին շրջանային դատարանը կասեցրել է վարույթը, քանզի պարզվել է, որ դիմողը կորցրել է գործով շահագրգռությունը: Դիմողի ներկայացուցիչն առարկել է այդ որոշման դեմ՝ նշելով, որ ո՛չ ինքը, ո՛չ էլ դիմողը պատշաճ կերպով ծանուցված չեն եղել նիստի ժամանակի մասին:
12. 2001թ. հուլիսի 12-ին շրջանային դատարանը վերացրել է 2000թ. հոկտեմբերի 3-ի որոշումը և վերսկսել գործի քննությունը՝ չունենալով որևէ ապացույց, որ դիմողը և/կամ նրա ներկայացուցիչը պատշաճ կերպով ծանուցված են եղել նիստի մասին:
13. Դիմողի միջնորդության համաձայն` 2001թ. հոկտեմբերի 10-ին շրջանային դատարանը կասեցրել է վարույթը, քանի որ նման վեճ քննվում էր մեկ այլ դատարանում: Գործի քննությունը վերսկսվել է 2002թ. սեպտեմբերի 30-ին:
14. 2002թ. սեպտեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում երեք դատական նիստեր հետաձգվել են կողմերի չներկայանալու պատճառով:
15. 2002թ. դեկտեմբերի 20-ին շրջանային դատարանը կասեցրել է գործով վարույթը, քանի որ դիմողը կրկին չէր ներկայացել նիստին: Այնուհետև նիստը վերսկսվել է 2004թ. հունվարի 23-ին, քանզի պարզվել էր, որ դիմողը և նրա ներկայացուցիչը պատշաճ ձևով ծանուցված չեն եղել նիստի մասին:
16. 2004թ. փետրվարի 20-ից մինչև նոյեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում չորս նիստ հետաձգվել է տիկին Օ.-ի բացակայության պատճառով, երկու նիստ՝ կողմերի բացակայության պատճառով, մեկը՝ դիմողի ներկայացուցչի միջնորդությամբ և երկուսը՝ նախագահող դատավորի արձակուրդ գնալու պատճառով:
17. 2004թ. նոյեմբերի 16-ին Կույբիշևսկի շրջանային դատարանը դիմողի հայցը մերժել է: 2005թ. փետրվարի 16-ին Ռոստովի մարզային դատարանը բեկանել է վճիռը և գործը վերադարձրել շրջանային դատարան՝ նոր քննության:
18. Կույբիշևսկի շրջանային դատարանն առաջին դատական նիստը նշանակել է 2005թ. մայիսի 18-ին: 2005թ. մայիսի 18-ից մինչև հունիսի 28-ն ընկած ժամանակահատվածում նշանակված երեք նիստերից երկուսը հետաձգվել են պատասխանողների չներկայանալու պատճառով և մեկը՝ դիմողի միջնորդությամբ:
19. 2005թ. հունիսի 28-ին դիմողի միջնորդությամբ շրջանային դատարանը նշանակել է փորձաքննություն և կասեցրել գործի վարույթը:
20. Այնուհետև գործի քննությունը վերսկսվել է, և 2005թ. դեկտեմբերի 15-ին Կույբիշևսկի շրջանային դատարանը մասնակիորեն բավարարել է դիմողի հայցը: 2005թ. դեկտեմբերի 15- ի վճռի դեմ բերված բողոքը Ռոստովի մարզային դատարանը վարույթ է ընդունել 2006թ. փետրվարի 28-ին:
B. Հարկադիր կատարման վարույթ
21. 1996թ. օգոստոսի 8-ին դիմողն իր մեքենայով Ուկրաինայից ապրանք է տեղափոխել Ռուսաստան և սահմանն անցել է առանց ռուսական մաքսային վարչությանն ապրանքների մասին հայտարարագիր ներկայացնելու: Նույն օրը Ռոստովի մարզային ոստիկանության վարչության ոստիկանները կանգնեցրել են դիմողին և մաքսային օրենքները խախտելու համար առգրավել նրա մեքենան: 1996թ. հոկտեմբերի 16-ին Տագանրոգի քաղաքային մաքսատունը կայացրել է մեքենան բռնագրավելու մասին որոշում և 1996թ. նոյեմբերին մասնավոր կազմակերպության միջոցով կազմակերպել դրա վաճառքը:
22. Դիմողը դիմել է դատարան` 1996թ. հոկտեմբերի 16-ի բռնագրավման մասին որոշումն անվավեր ճանաչելու պահանջով: 1999թ. հունիսի 29-ին Տագանրոգի քաղաքային դատարանը վերացրել է 1996թ. հոկտեմբերի 16-ի բռնագրավման որոշումը և կայացրել վճիռ, համաձայն որի՝ Տագանրոգի քաղաքային մաքսատունը պետք է մեքենան վերադարձնի դիմողին: Սակայն այդ վճիռն օրինական ուժի մեջ չի մտել, քանի որ Տագանրոգի մաքսատունը բողոք է ներկայացրել դրա դեմ:
23. 1999թ. հուլիսի 2-ին Տագանրոգի քաղաքային դատարանն արգելանք է դրել մեքենայի վրա՝ դրա վաճառքը կանխելու նպատակով, նշելով, որ մեքենան պետք է առգրավվի և վերադարձվի դիմողին: Արգելանքի մասին որոշումը պարտադիր էր կատարման, ենթակա էր կատարման դատական կարգով և ուղղված էր դիմողի մեքենան տիրապետող ցանկացած անձի:
24. 1999թ. հուլիսի 5-ին դիմողի ներկայացուցիչը 1999թ. հուլիսի 2-ին կայացված արգելանքի մասին որոշումը հանձնել է հարկադիր կատարողներին: 1999թ. հուլիսի 5-ի կից գրության մեջ որպես առդիր նշված է 1999թ. հուլիսի 2-ի որոշման կատարողական թերթը, և գրության վրա առկա է հարկադիր կատարման Տագանրոգի քաղաքային վարչության կնիքը:
25. 1999թ. հուլիսին հարկադիր կատարողները պարզել են, որ 1996թ. մասնավոր կազմակերպությունը մեքենան վաճառել է պարոն Ս.-ին: Չնայած դրան, նրանք մեքենան չեն առգրավել:
26. 2006թ. հունիսի 21-ին Ռոստովի մարզային դատարանը վերացրել է 1999թ. հունիսի 29-ի վճիռը և 1999թ. հոկտեմբերի 16-ի բռնագրավման մասին որոշմանն առնչվող գործն ուղարկել է նոր քննության: 1999թ. հուլիսի 2-ի արգելանքի մասին որոշումն ի կատար չի ածվել:
27. 2000թ. սեպտեմբերի 26-ին դիմողը փոխել է իր հայցապահանջը: Նա հրաժարվել է Տագանրոգի քաղաքային մաքսային վարչության դեմ ներկայացված հայցից և իր մեքենայի վերադարձման պահանջ է ներկայացրել պարոն Ս.-ի դեմ:
28. 2000թ. հոկտեմբերին հարկադիր կատարողը հարցրել է պարոն Ս.-ին մեքենայի գտնվելու վայրի մասին: Պարոն Ս.-ի գրավոր հայտարարությունում ասվել էր հետևյալը.
«Ես օգտագործում եմ մեքենան Մոսկվայից Ռոստով ապրանք փոխադրելու նպատակով: Այն պահվում է իմ տանը` Ազով քաղաքում, հետևյալ հասցեում. Յուժնայա փողոց 4, ՄՏՓ Իկարի տարածքում: Տվյալ պահին մեքենան Մոսկվայում է, սակայն այն տեղ կհասնի մոտավորապես Երկուշաբթի օրը…»
29. 2000թ. հոկտեմբերին, նոյեմբերին և դեկտեմբերին հարկադիր կատարողները կարգադրել են, որպեսզի պարոն Ս.-ն մեքենան ներկայացնի Տագանրոգի հարկադիր կատարման քաղաքային վարչություն: Պարոն Ս.-ն չի պատասխանել:
30. 2000թ. նոյեմբերի 20-ին Տագանրոգի քաղաքային դատարանը պարոն Ս.-ի դիմումի հիման վրա կասեցրել է կատարողական վարույթը: Որոշումը վերացվել է Ռոստովի մարզային դատարանի կողմից 2001թ. փետրվարի 14-ին: Գործը վերադարձվել է քաղաքային դատարան՝ նոր քննության, իսկ կատարողական վարույթը վերսկսվել է:
31. 2001թ. հոկտեմբերին պարոն Ս.-ն խնդրել է տեղական ճանապարհային ոստիկանության բաժնին մերժել մեքենայի գրանցումը՝ հիմնավորելով, որ այն Ուկրաինայում վաճառվելու է մի գնորդի:
32. 2001թ. նոյեմբերին պարոն Ս.-ն տեղեկացրել է հարկադիր կատարողներին, որ մեքենան վաճառվել է: Հարկադիր կատարողները, իրենց հերթին, տեղեկացրել են դիմողին, որ մեքենան վաճառվել է, և որ պարոն Ս.-ն հրաժարվում է ասել իրենց, թե ով է գնել մեքենան: Նրանք հարցրել են, թե արդյո՞ք դիմողը պատրաստ է վճարել մեքենան որոնելու համար: Դիմողը համաձայնել է հոգալ ծախսերը:
33. 2002թ. հունվարի 10-ին Տագանրոգի քաղաքային դատարանը կայացրել է վճիռ, համաձայն որի՝ պարոն Ս.-ն պետք է մեքենան վերադարձներ դիմողին: 2002թ. փետրվարի 28-ին տրվել է կատարողական թերթ: Դիմողն այն ներկայացրել է հարկադիր կատարողներին և խնդրել նրանց հաշվարկել որոնումների մոտավոր արժեքը: 2002թ. մարտի 15-ին հարուցվել է կատարողական վարույթ, սակայն հաշվարկների վերաբերյալ դիմողի խնդրանքը մնացել է անպատասխան:
34. 2002թ. հուլիսին պարոն Ս.-ն նոր մեքենա է գնել և խնդրել ճանապարհային ոստիկանությանը գրանցել այն: Դիմումի պատճենը պարունակում էր պարոն Ս.-ի տան հասցեն:
35. 2002թ. դեկտեմբերի 27-ին 2002թ. հունվարի 10-ի վճռի հետ կապված կատարողական վարույթը կասեցվել է, քանի որ հարկադիր կատարողներն իբրև թե չեն կարողացել գտնել պարոն Ս.- ի բնակության վայրը կամ մեքենան:
36. 2003թ. ապրիլի 1-ին Տագանրոգի քաղաքային դատարանը կարգադրել է հարկադիր կատարողներին արգելանքի տակ վերցնել պարոն Ս.-ին պատկանող երեք մեքենաները՝ 2002թ. հունվարի 10-ի վճիռը կատարելու նպատակով: Ըստ Կառավարության` հարկադիր կատարողները մեքենաների որոնումն սկսել են 2003թ. հոկտեմբերի 24-ից, սակայն այն ավարտին չեն հասցրել, քանի որ դիմողը հրաժարվել է կանխավճար տրամադրելուց:
37. 2003թ. մայիսի 29-ին Տագանրոգի քաղաքային դատարանը դիմողի միջնորդությամբ որոշել է, որ պարոն Ս.-ն մեքենայի փոխարեն դիմողին վճարի 462 384 ռուսական ռուբլի: Վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2003թ. հունիսի 10-ին, իսկ 2003թ. հուլիսի 2-ին հարուցվել է կատարողական վարույթ:
38. 2003թ. հունիսին պարոն Ս.-ն դիմել է նոր անձնագիր ստանալու համար: Անձնագիր ստանալու մասին նրա դիմումում նշվել էր նրա բնակության անփոփոխ վայրը: 2003թ. օգոստոսի 16- ին պարոն Ս.-ն ստացել է անձնագիրը:
39. 2003թ. մայիսի 29-ի վճռի կատարողական վարույթի շրջանակներում 2003թ. սեպտեմբերին կայացված որոշման մեջ հարկադիր կատարման ծառայությունը նշել էր, որ պարոն Ս.-ն որևէ սեփականություն չունի, և որ նրա բնակության վայրն անհայտ է:
40. 2004թ. հունվարին դիմողը ստացել է պարոն Ս.-ի ունեցվածքի որոնման համար կանխավճարի հաշվարկը: Նա պետք է վճարեր 50 000 ռուսական ռուբլի (մոտավորապես՝ 1 500 եվրո):
41. 2005թ. դիմողը դիմել է դատախազություն` օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չկատարելու համար պարոն Ս.-ի դեմ քրեական գործ հարուցելու խնդրանքով: 20005թ. մարտին, հուլիսին և օգոստոսին պարոն Ս.-ին հարցաքննել է քննիչը: Քրեական գործ չի հարուցվել: Դատախազի փաստաթղթերում նշվել էր պարոն Ս.-ի բնակության միևնույն վայրը, ինչ 2002թ.-ին և 2003թ.-ին:
42. 2005թ. հոկտեմբերի 3-ին հարկադիր կատարողները հայտարարել են պարոն Ս.-ի գույքի հետախուզում՝ առանց դիմողի կողմից վճարումներ կատարելու: Փաստորեն կատարողական վարույթը դեռևս շարունակվում է:
С. Քննություն հարկադիր կատարողների դեմ
43. Դիմողը մի քանի անգամ հայցադիմումներ է ներկայացրել դատարաններ՝ հարկադիր կատարողների կողմից 1999թ. հուլիսի 2-ի՝ գույքի վրա կալանք դնելու մասին որոշումը և 2002թ. հունվարի 10-ի ու 2003թ. մայիսի 29-ի վճիռները չկատարելու մասին:
44. 2001թ. նոյեմբերի 22-ին Տագանրոգի քաղաքային դատարանը մերժել է մի հայցադիմում՝ գտնելով, որ հարկադիր կատարողները գործել են պատշաճ կարգով, որ նրանք իրազեկ են եղել, որ պարոն Ս.-ն գնել է մեքենան, սակայն պատճառ չեն ունեցել կասկածելու, թե պարոն Ս.-ն չի ցանկանալու այն վերադարձնել: Հարկադիր կատարողները չէին կարող պատասխանատվություն կրել պարոն Ս.-ի կողմից մեքենան վաճառելու համար:
45. 2003թ. փետրվարի 12-ին Ազովի քաղաքային դատարանը մերժել է մեկ այլ հայցադիմում՝ գտնելով, որ 2002թ. դեկտեմբերի 27- ի որոշումը (որով 2002թ. հունվարի 10-ի վճռի հարկադիր վարույթը կասեցվել էր) օրինական էր, քանի որ անհնարին է եղել հայտնաբերել պարոն Ս.-ին կամ նրա գույքը: Չնայած 2001թ. նոյեմբերի 14-ին դիմողը համաձայնել է վճարել պարոն Ս.-ի գույքի որոնման ծախսերը, սակայն դրանք դեռևս հաշվարկված չեն եղել: 2003թ. փետրվարի 12-ի վճիռը բողոքարկվել է 2003թ. ապրիլի 9-ին:
46. 2003թ. նոյեմբերի 13-ին Ազովի քաղաքային դատարանը մերժել է դիմողի հայցադիմումը` հարկադիր կատարողների կողմից վճիռը չկատարելու և պարոն Ս.-ի գույքը փնտրելու համար ծախսերի հաշվարկն իրեն չներկայացնելու մասին: Դատարանը նշել է.
«Հարկադիր կատարողների գործողության (անգործության) դեմ դիմողի բերած բողոքների բովանդակությունից … չի Երևում, թե ինչպիսի իրավունքներ կամ օրինական շահեր են խախտվել, և թե արդյոք պատճառվել է որևէ վնաս, ուստի հայցն անհիմն է և չի կարող բավարարվել»:
II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ
47. «Կատարողական վարույթների» մասին Ռուսաստանի դաշնային օրենքի (1997թ. հուլիսի 21-ի թիվ 199-ԴՕ օրենք) 87-րդ հոդվածը նախատեսում է որոշ միջոցներ, որոնք հարկադիր կատարողը կարող է ձեռնարկել, երբ անձինք կամ հանրային ծառայողները հրաժարվում են կատարել օրինական կարգադրությունները, տրամադրում են կեղծ տեղեկություն պարտապանի եկամուտների կամ ֆինանսական դրության մասին, հարկադիր կատարողին տեղյակ չեն պահում պարտապանի՝ աշխատանքից ազատվելու մասին, պարտապանի աշխատանքի կամ բնակության վայրը փոխվելու մասին, կամ երբ նրանք չեն պատասխանում հարկադիր կատարողի դատական ծանուցագրին:
Այդ միջոցները ներառում են մինչև նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով տուգանք, չներկայացած կողմին կատարողական վարույթ իրականացնող մարմին հարկադրաբար բերման ենթարկելը և քրեական գործի հարուցում:
ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՐՑԵՐԸ
48. Դիմողը բողոքել է, որ քաղաքացիական գործի քննության տևողությունը չի համապատասխանում «ողջամիտ ժամկետի» պահանջին, որը նախատեսված է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում, համաձայն որի՝
«Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները ... ունի ... դատարանի կողմից ողջամիտ ժամկետում ... դատաքննության իրավունք»:
A. Ընդունելիությունը
49. Դատարանը գտնում է, որ խնդրո առարկա ժամանակահատվածն սկսվել է 1998թ. հուլիսի 31-ից, երբ Կույբիշևսկի շրջանային դատարանն ընդունել էր դիմողի հայցադիմումը, և ավարտվել 2006թ. փետրվարի 28-ին` Ռոստովի մարզային դատարանի վերջնական վճռով: Այդպիսով, այն տևել է մոտավորապես յոթ տարի և յոթ ամիս՝ երկու ատյանների դատարաններում:
50. Դատարանը նշում է, որ գանգատն ակնհայտ անհիմն չէ՝ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի իմաստով: Դատարանը նշում է նաև, որ գանգատն անընդունելի չէ որևէ այլ հիմքով: Ուստի այն պետք է համարել ընդունելի:
B. Ըստ էության
51. Կառավարությունն առարկել է` գտնելով, որ գործի քննությունը երկարաձգվել է դիմողի մեղքով: Նա երկու անգամ՝ 1999թ. և 2005թ., միջնորդել է նշանակել փորձաքննություն: Նա երեք անգամ փոխել է իր բողոքները, միջնորդել է հետաձգել երեք նիստ և բացակայել է երեք նիստից: Նիստերն առնվազն ութ անգամ հետաձգվել են պատասխանողների չներկայանալու պատճառով: Կողմերից երկուսն էլ չեն ներկայացել առնվազն տասն անգամ:
52. Դիմողը պնդել է, որ իրեն չի կարելի մեղադրել նիստերին չներկայանալու համար, քանի որ ինքը պատշաճ ձևով ծանուցված չի եղել: Գործի քննությունը շատ անգամ հետաձգվել է պատասխանողների չներկայանալու պատճառով: Շրջանային դատարանը որևէ քայլ չի ձեռնարկել նրանց բացակայության պատճառները պարզելու կամ բացակայող մասնակիցների կարգապահությունն ապահովելու ուղղությամբ: 53. Դատարանը կրկին ընդգծում է, որ գործի քննության տևողության ողջամտությունը պետք է գնահատվի գործի հանգամանքների լույսի ներքո՝ հետևյալ չափանիշներով. գործի բարդությունը, դիմողի և համապատասխան մարմնի վարքագիծը և այն, թե վեճի առարկան որքանով է դիմողի համար էական (ի թիվս այլոց տե՛ս Frydlender v. France [Մեծ պալատ] գործը, 30979/96, կետ 43, ECHR 2000-VII).
54. Կողմերը չեն վիճարկել, որ գործի լուծումը բարդ է եղել: Այնուհանդերձ, Դատարանը հաշվի է առնում այն, որ յոթ տարի և յոթ ամիս տևողությամբ ժամանակահատվածն ինքնին չի կարող արդարացվել գործի բարդության հանգամանքով:
55. Ինչ վերաբերում է դիմողի վարքագծին՝ Դատարանը բավարարված չէ Կառավարության այն փաստարկով, թե դիմողը պետք է պատասխանատվություն կրի իր հայցապահանջը փոխելու և լրացուցիչ ապացույցներ փնտրելու համար: Դատարանի հաստատուն մոտեցումն այն է, որ դիմողը չի կարող պատասխանատվություն կրել ի պաշտպանություն իր շահերի ներպետական օրենսդրությամբ նախատեսված միջոցներից լիարժեք օգտվելու համար (վերապահումներով՝ տե՛ս Yağcı and Sargın v. Turkey գործով 1995թ. հունիսի 8-ի վճիռը, Շարք A, թիվ 319- A, կետ 66):
56. Ինչ վերաբերում է Կառավարության այն փաստարկին, թե դիմողը չի ներկայացել որոշ նիստերի, ապա Դատարանը նշում է, որ ո՛չ դիմողը և ո՛չ էլ նրա ներկայացուցիչը պատշաճ ձևով չեն ծանուցվել 2000թ. և 2002թ. դատական նիստերի մասին (տե՛ս վերը՝ 10-11-րդ և 14-15-րդ կետեր): Այդ փաստը հաստատվում է շրջանային դատարանի կողմից (տե՛ս վերը՝ 12-րդ և 15-րդ կետեր):
Դիմողի բացակայության պատճառով դատական նիստերի հետաձգումը, որոնցից չորսի մասին նա պատշաճ ձևով ծանուցված չի եղել, դիտավորյալ չեն եղել:
57. Այդուհանդերձ, Դատարանը նկատում է, որ մոտավորապես երկու տարի տևած ընդմիջումը տեղի է ունեցել դիմողի միջնորդությամբ երկու փորձաքննություն կատարելու և 2001թ.-ին վարույթի կասեցման հետևանքով (տե՛ս վերը՝ 13-րդ կետ):
Այս կապակցությամբ Դատարանը նկատում է, որ եթե վարույթի կասեցման հետևանքով տասներկու ամիս տևած ընդմիջումը լիովին վերագրվում է դիմողին, ապա փորձաքննությունների պատճառով առաջացած ընդմիջումների համար հիմնական պատասխանատուն, վերջին հաշվով, մնում է պետությունը (տե՛ս Capuano v. Italy գործով 1987թ. հունիսի 25-ի վճիռը, Շարք A, թիվ 119, կետ 32, և Antonov v. Russia գործով 2005թ. նոյեմբերի 3-ի որոշումը, 38020/03): Ներպետական իշխանությունները որևէ քայլ չեն ձեռնարկել ընդմիջումներից խուսափելու համար, իսկ Դատարանը չի հետաքրքրվել փորձագետների աշխատանքի ընթացքով: Հետևաբար՝ այդ ժամանակահատվածը վերագրվում է պետությանը:
58. Դատարանը նաև նկատում է, որ մոտավորապես երեսուն ամիս տևած ընդմիջումը տեղի է ունեցել շրջանային դատարանի կողմից դիմողին և նրա ներկայացուցչին պատշաճ ձևով չծանուցելու արդյունքում (տե՛ս վերը՝ 10-12-րդ և 14-15-րդ կետեր): Դատարանը նաև գտնում է, որ ներպետական իշխանությունները պատասխանատու են եղել նիստերին պատասխանողների չներկայանալու պատճառով առաջացած ընդմիջման համար: Դատարանի կարծիքով՝ ներպետական իշխանությունները համապատասխան քայլեր չեն ձեռնարկել պատասխանողների ներկայությունն ապահովելու համար: Նրանք որևէ կերպ չեն արձագանքել պատասխանողների վարքագծին և չեն օգտագործել իրենց հասու միջոցները պատասխանողների կարգապահ վարքագիծն ապահովելու և գործի քննությունը ողջամիտ ժամկետում իրականացնելու համար (տե՛ս Sokolov v. Russia գործով 2005թ. սեպտեմբերի 22-ի վճիռը, թիվ 3734/02, կետ 40):
59. Հաշվի առնելով ներկայացված փաստերը և գործի առնչությամբ առկա նախադեպային իրավունքը՝ Դատարանը գտնում է, որ տվյալ գործով քննության տևողությունը եղել է չափազանց երկար և չի համապատասխանել «ողջամիտ ժամկետի» պահանջներին: Հետևաբար՝ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում:
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6–ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՎ ԹԻՎ 1 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 1–ԻՆ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ՝Ը 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՎՃՌՈՎ ՓՈՓՈԽՎԱԾ 2002Թ. ՀՈՒՆՎԱՐԻ 10-Ի ՎՃԻՌԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ
60. Դիմողը բողոքել է, որ կատարողական վարույթի ընթացքում հարկադիր կատարողների դրսևորած արդյունավետ վարքագծի հետևանքով ինքը չի կարողացել վերադարձնել իր մեքենան: Դատարանը գտնում է, որ գանգատը ենթակա է քննության Կոնվենցիայի 6–րդ հոդվածի 1-ին կետի և թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի հիման վրա: 6-րդ հոդվածը շարադրված է վերը, իսկ թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածում ամրագրված է հետևյալը.
«Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ իր գույքից անարգել օգտվելու իրավունք ունի: Ոչ ոքի չի կարելի զրկել սեփական գույքից՝ բացառությամբ հանրային շահերի պաշտպանության համար և օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով նախատեսված պայմաններով ...»:
61. Կառավարությունն առարկել է` գտնելով, որ գանգատը հիմնավորված չէ և անընդունելի է Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1- ին կետի իմաստով, քանի որ կատարողական վարույթը դեռևս շարունակվում է:
62. Համաձայն Դատարանի կայուն նախադեպային իրավունքի՝ դատավարության տևողությանն առնչվող գանգատներ կարող են ներկայացվել նախքան վիճարկվող վարույթի վերջնական ավարտը (տե՛ս Plaksin v. Russia գործով 2004թ. ապրիլի 30-ի վճիռը, թիվ 14949/02, կետ 35): Քանի որ կատարողական վարույթը պետք է դիտվի որպես գործի դատական քննության մաս (տե՛ս Ivanova v. Russia գործով 2004թ. ապրիլի 1-ի որոշումը, թիվ 74705/01, և Zappia v. Italy գործով 1996թ. սեպտեմբերի 25-ի վճիռը, արձանագրություններ 1996-IV, կետ 20), Դատարանը մերժում է Կառավարության առարկությունը:
63. Դատարանը նշում է, որ գանգատն ակնհայտ անհիմն չէ՝ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի իմաստով և որևէ այլ հիմքով այն անընդունելի չէ: Ուստի գանգատը պետք է ճանաչել ընդունելի:
B. Ըստ էության
1. Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը
(a) Ընդհանուր սկզբունքներ
64. Դատարանը կրկնում է, որ ցանկացած դատարանի կողմից կայացված վճռի կատարումը պետք է դիտվի որպես «դատաքննության» մաս՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով (տե՛ս Hornsby v. Greece գործով 1997թ. մարտի 19-ի վճիռը, Վճիռների և որոշումների ժողովածու 1997-II, էջ 510-511, կետ 40, և Immobiliar Saffin v. Italy [Մեծ ատյան] գործը, թիվ 22774/93, կետ 63, ECHR 1999-V): Այդուհանդերձ, «դատարանի մատչելիության» իրավունքը պետության վրա պարտականություն չի դնում կատարել քաղաքացիական բնույթի բոլոր վճիռները՝ առանց գործի առանձնահատուկ հանգամանքները հաշվի առնելու (տե՛ս Sanglier v. France գործով 2003թ. մայիսի 27-ի վճիռը, թիվ 50342/99, կետ 39): Պետությունը կրում է կոնկրետ պատասխանատվություն` կազմակերպելու վճիռների կատարման այնպիսի համակարգ, որն արդյունավետ է թե՛ իրավական և թե՛ գործնական առումներով, և որն ապահովում է դրանց կատարումն առանց անհարկի հետաձգումների (տե՛ս Fuklev v. Ukraine գործով 2005թ. հունիսի 7-ի վճիռը, թիվ 71186/01, կետ 84): Երբ իշխանությունները պարտավոր են գործել ի կատարումն վճռի, և նրանք դա չեն անում, նրանց անգործությունը կարող է առաջ բերել պետության պատասխանատվություն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա (տե՛ս Scollo v. Italy գործով 1995թ. սեպտեմբերի 28-ի վճիռը, Շարք A, թիվ 315-C, կետ 44):
65. Սույն Դատարանը կոչված չէ հետազոտելու, թե արդյոք պետության ներքին իրավակարգը ունակ է ապահովելու դատարանների կողմից ընդունված վճիռների կատարումը: Իսկապես, յուրաքանչյուր պետության պարտականությունն է ունենալ իրավական այնպիսի միջոցներ, որոնք համապատասխան են և բավարար իրականացնելու պետության վրա դրված կոնկրետ պարտականությունը (տե՛ս Ruianu v. Romania գործով 2003թ. հունիսի 17-ի վճիռը, թիվ 3464/97, կետ 66): Դատարանի միակ խնդիրն է քննել, թե արդյո՞ք ռուսական իշխանությունների կողմից տվյալ գործի առնչությամբ կիրառված միջոցները եղել են համաչափ և բավարար, թե` ոչ: Այնպիսի գործերում, ինչպիսին այս մեկն է, որոնք առնչվում են մասնավոր անձ պարտապանի գործողություններին, պետությունը, որպես հանրային իշխանության կրող, պետք է գործի պատշաճ կերպով՝ պարտատիրոջ նկատմամբ կայացված վճռի կատարմանն օժանդակելու նպատակով (տե՛ս Fociac v. Romania գործով 2005թ. փետրվարի 3-ի վճիռը, թիվ 2577/02, կետ 70):
(b) Գործի փաստերը
66. Տվյալ գործի փաստերի հիման վրա Դատարանը նկատում է, որ 1999թ. հուլիսի 2-ին դիմողի օգտին կայացվել էր որոշում, համաձայն որի` մեքենան պետք է վերադարձվեր դիմողին: Կողմերը համաձայնության չեն եկել այն հարցի շուրջ` արդյո՞ք կատարողական թերթն իրականում տրվել է, թե` ոչ: Չնայած Դատարանի տրամադրության տակ է դիմողի գանգատին կցված իրեղեն ապացույց, որը հաստատում է դիմողի պնդումն առ այն, որ կատարողական թերթը տրվել է նույն օրը (տե՛ս նախորդ կետը)՝ Դատարանը կարիք չունի շարունակել հարցի հետազոտումը, քանի որ, այսպես թե այնպես, հարկադիր կատարման վարույթը փաստացի տեղի է ունեցել, և հարկադիր կատարողները խնդրել են պարոն Ս.-ին վերադարձնել մեքենան: 2002թ. հունվարի 10-ին Տագանրոգի քաղաքային դատարանը հաստատել է, որ մեքենան պետք է վերադարձվի դիմողին: 2003թ. մայիսի 29-ին Տագանրոգի քաղաքային դատարանը փոխել է հարկադիր կատարման եղանակը և վճռել, որ պարոն Ս.-ն դիմողին պետք է որոշակի գումար վճարի: 2003թ. հուլիսի 2-ին սկսվել է հարկադիր կատարման գործընթացը, որը շարունակվում է մինչ օրս:
67. Դատարանի խնդիրն է պարզել, թե ինչպիսի միջոցներ են կիրառել հարկադիր կատարողները կատարողական վարույթի ընթացքում, և արդյոք դրանք եղել են համաչափ և բավարար, թե` ոչ:
Այդ իմաստով վարույթը կարելի է բաժանել երկու փուլի.
(a) 1999թ. հուլիսից մինչև 2003թ. մայիսն ընկած ժամանակահատվածը, որի ընթացքում հարկադիր կատարողները պետք է վերադարձնեին դիմողի մեքենան, և
(b) 2003թ. մայիսի 29-ից հետո ընկած ժամանակահատվածը, որի ընթացքում հարկադիր կատարողները պետք է պարոն Ս.-ից որոշակի գումար բռնագանձեին:
(с) 1999թ. հուլիսից մինչև 2003թ. մայիսի 29-ն ընկած ժամանակահատվածը
68. Կառավարությունն առարկել է` նշելով, որ 1999թ. հուլիսի 2-ի որոշումը չէր կարող ի կատար ածվել, քանի որ դիմողը չէր դիմել Տագանրոգի քաղաքային դատարան` կատարողական թերթ ստանալու համար: Ինչ վերաբերում է 2002թ. հունվարի 10-ի վճռին, ապա հարկադիր կատարման վարույթը կարճվել է 2002թ. դեկտեմբերին, քանի որ հարկադիր կատարողները չեն կարողացել գտնել պարոն Ս.-ին կամ մեքենան: Հարկադիր կատարողները չեն սկսել մեքենայի որոնումները, որովհետև դիմողը կանխավճար չի վճարել դրանց հետ կապված ծախսերի համար:
69. Դիմողը նշել է, որ 1999թ. հուլիսի 2-ի կատարողական թերթն ինքը ներկայացրել է Տագանրոգի հարկադիր կատարման քաղաքային ծառայություն, և կատարողական վարույթը հարուցվել է: Նա առարկել է, որ իրեն չի կարելի մեղադրել պարոն Ս.-ին կամ նրա գույքը հարկադիր կատարողների կողմից չորոնելու համար:
70. Անվիճելի է, որ 1999թ. հուլիսին հարկադիր կատարողները իրազեկ են եղել, որ դիմողի մեքենան եղել է պարոն Ս.-ի տիրապետության տակ: Այդուհանդերձ, նրանք առաջին անգամ հարցաքննել են պարոն Ս.-ին և խնդրել նրան վերադարձնել մեքենան միայն 2000թ. հոկտեմբերին, այսինքն` տասներեք ամիս անց: Ունենալով տեղեկություն այն մասին, թե որտեղ է մեքենան կայանված և որտեղ է հնարավոր այն հայտնաբերել (տե՛ս վերը՝ կետ 28)` հարկադիր կատարողներն անգործություն են դրսևորել, նրանք չեն այցելել պարոն Ս.-ին կամ արգելանք դրել մեքենայի վրա: Հետագա երեք ամիսների ընթացքում նրանց գործունեությունը սահմանափակվել է նախազգուշացումներ հղելով, որոնցից վերջինն առաքվել է 2000թ. դեկտեմբերին: Հատկանշական է, որ մեքենան վերադարձնելու` հարկադիր կատարողների պահանջները չկատարելն առաջ չի բերել պարոն Ս.-ի նկատմամբ որևէ իրավական հետևանք: Տվյալ իրավիճակների համար ներպետական օրենսդրությամբ նախատեսված որևէ սանկցիա, ինչպիսին է տուգանքը կամ քրեական գործի հարուցումը (տե՛ս վերը` կետ 47), չի կիրառվել պարոն Ս.-ին կարգի հրավիրելու կամ դատական որոշումը կատարելուն նրան հարկադրելու համար: 2000թ. դեկտեմբերից հետո հարկադիր կատարողները չեն կատարել որևէ գործողություն մինչև 2001թ. նոյեմբերը, երբ պարոն Ս.-ն նրանց տեղեկացրել է մեքենան վաճառելու մասին:
71. Ինչ վերաբերում է մեքենայի վաճառքին, ապա Դատարանը նշում է, որ ճանապարհային ոստիկանությունը ոչինչ չի ձեռնարկել դատարանի որոշմամբ արգելանքի տակ եղած գույքը պարտապանի տիրապետությունից վերջնականապես փոխանցելը կանխելու նպատակով: Դրանից հետևում է, որ դատարանները և հարկադիր կատարողները որևէ ջանք չեն գործադրել գույքի վրա արգելանք դնելու որոշման գոյության մասին իրազեկելու ճանապարհային ոստիկանությանը` պետական մարմնի, որը պատասխանատու է շարժիչով փոխադրամիջոցների գրանցման համար, ինչպես նաև այդ մարմնին հայտնելու կատարողական վարույթի առկայության ու մեքենան վաճառելու` պարոն Ս.-ի իրավունքի սահմանափակման մասին:
72. Դատարանը նկատում է, որ Կառավարությունը չի ներկայացրել որևէ բացատրություն այն մասին, թե հարկադիր կատարողներն ինչու չեն կատարել որևէ գործողություն 1999թ. հուլիսից մինչև 2001թ. նոյեմբերն ընկած ժամանակահատվածում` այն ամբողջ ընթացքում, երբ նրանք իրազեկ են եղել, թե որտեղ է գտնվում մեքենան և ի վիճակի են եղել այն արգելանքի տակ վերցնել: Առանձնապես հատկանշական է այն, որ անգործության այդ բավականին երկար ժամանակահատվածն ուղեկցվել է մեքենայի անարգել վաճառքով և ավարտվել է դիմողին ուղղված հարկադիր կատարողների առաջարկով` վճարելու մեքենայի որոնումների համար: Դիմողն անմիջապես համաձայնել է ծածկել այդ ծախսերը, ինչը հաստատվել է ներպետական դատարանի կողմից (տես վերը՝ կետ 43): Հարկադիր կատարողները պետք է կազմեին ծախսերի հաշվարկը և պայմանագիրը, սակայն այդ փաստաթղթերը դիմողն այդպես էլ չի ստացել: Դրան ուղղված 2002թ. իր պահանջը մնացել է անպատասխան: Կառավարության հայտարարությունից երևում է, որ այդ փաստաթղթերը չեն պատրաստվել մինչև 2004թ. հունվար` ժամանակահատված, երբ 2002թ. հունվարի 10-ի վճռի հարկադիր կատարման վարույթն արդեն կարճվել էր:
73. Հաշվի առնելով վերը նշված դատողությունները՝ Դատարանը գալիս է այն եզրակացության, որ հարկադիր կատարողները չեն գործադրել համաչափ ջանքեր 1999թ. հուլիսի 2- ի որոշման և 2002թ. հունվարի 10-ի վճռի կատարման ուղղությամբ: Նրանց կողմից գրեթե երկու տարի գործողություններ չկատարելը թույլ է տվել պարոն Ս.-ին վաճառել արգելանքի տակ դրված մեքենան և ստիպել է դիմողին ձեռնամուխ լինել նոր դատավարության՝ հարկադիր կատարման եղանակը փոխելու նպատակով:
(c) 2003թ. մայիսի 29-ից հետո ընկած ժամանակահատվածը
74. Կառավարությունը փաստարկել է, որ 2003թ. մայիսի 29-ին հարկադիր կատարողներն ի վիճակի չեն եղել հայտնաբերելու ո՛չ պարոն Ս.-ին, ո՛չ էլ վերջինիս գույքը: Նրանց համար ստեղծված միակ հնարավորությունը եղել է հետախուզում հայտարարելը: Այնուամենայնիվ, դիմողը հրաժարվել է ծախսերի դիմաց կանխավճար տրամադրել: Դիմողը պատասխանել է, որ մի քանի անգամ նա խնդրել է հարկադիր կատարողներին հաշվարկել ծախսերը, սակայն որևէ պատասխան չի ստացել:
75. Դատարանը բավարարված չէ Կառավարության փաստարկներով: Նախ, ընդունված փաստաթղթային տվյալներից երևում է, որ պարոն Ս.-ն տարիներ շարունակ բնակվել է միևնույն վայրում. 2002թ. հուլիսին նա մեքենայի գրանցման դիմումում նշել է նույն հասցեն, 2003թ. հունիսին՝ անձնագիր ստանալու դիմումում, իսկ 2005թ. դատախազությունից ստացված ծանուցագրերը նույնպես ուղարկվել են նույն հասցեով (տե՛ս վերը՝ 34, 38 և 41 կետեր):
76. Ավելին, Կառավարությունը չի մատնանշել հարկադիր կատարողների կողմից ձեռնարկված որևէ միջոց պարոն Ս.-ի գույքը հայտնաբերելու նպատակով: Որևէ նշում չկա այն մասին, որ հարկադիր կատարողները պարզել են պարոն Ս.-ի եկամուտների աղբյուրները կամ բանկային հաշիվը, կամ որ նրանք պարոն Ս.-ի անշարժ գույքի մասին հարցում են կատարել տեղական կադաստրային և հարկային մարմիններին:
77. Վերը նշված դիտարկումների լույսի ներքո Դատարանը հանգում է այն հետևության, որ հարկադիր կատարողները չեն ձեռնարկել համաչափ քայլեր 2003թ. մայիսի 29-ի վճռի կատարումն ապահովելու ուղղությամբ (ի հեճուկս, տե՛ս Fociac v. Romania գործով 2005թ. փետրվարի 3-ի վճիռը, 70-77 կետեր, թիվ 2577/02): Ավելին, Դատարանի ուշադրությունից չի վրիպել այն հանգամանքը, որ 2005թ. հոկտեմբերին հայտարարված հետախուզման արդյունքում դիմողի դրության որևէ փոփոխություն տեղի չի ունեցել:
78. Այսպիսով, Դատարանը գտնում է, որ պարտադիր կատարման ենթակա դատական որոշումների կատարման ապահովմանն ուղղված համաչափ և արդյունավետ միջոցներ տարիներ շարունակ չձեռնարկելով՝ ազգային իշխանություններն ի չիք են դարձրել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի դրույթների ողջ օգտակար ներգործությունը: Ուստի տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում:
2. Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածը
79. Հիմնվելով իր դատական պրակտիկայի վրա՝ Դատարանը նկատում է, որ իր կողմից արդեն սահմանվել են սկզբունքներ՝ կապված դիմողի սեփականության իրավունքի ենթադրյալ խախտման հետ, որը տեղի է ունեցել պետության կողմից մասնավոր անձի նկատմամբ դատարանի կայացրած վճիռը չկատարելու հետևանքով: Մասնավորապես, Fuklev v. Ukraine գործով Դատարանը գտավ հետևյալը.
«89. Դատարանը հիշեցնում է, որ Կոնվենցիայի 1-ին հոդվածի հիման վրա՝ յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իր իրավասության սահմաններում «յուրաքանչյուրի համար ապահովում [է] այն իրավունքներն ու ազատությունները, որոնք սահմանված են Կոնվենցիա[յով]»: Այդ իրավական ակտով սահմանված իրավունքների արդյունավետ իրականացման ապահովման պարտականությունը կարող է առաջացնել պետության համար հստակ պարտականություններ: Նման հանգամանքներում պետությունը չի կարող պարզապես անգործություն դրսևորել, և «հնարավոր չէ ... գործողությունները տարբերակել բացթողումնԵրից» …
91. Ինչ վերաբերում է Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածով երաշխավորված իրավունքին, ապա պետք է նշել, որ դրանով ամրագրված հստակ պարտականությունները կարող են առաջ բերել որոշակի միջոցառումներ, որոնք անհրաժեշտ են սեփականության իրավունքը պաշտպանելու համար՝ նույնիսկ այն դեպքերում, երբ առկա է դատական վեճ անհատների կամ կազմակերպությունների միջև: Դա մասնավորապես նշանակում է, որ պետությունները պարտավոր են երաշխավորել դատարանի վերջնական վճիռները կատարելու՝ օրենսդրությամբ ամրագրված վարույթների իրականացումը:
92. Դատարանը գտնում է, որ հարկադիր կատարողների անգործությունը և ազգային դատարանների կողմից իրավիճակը պատշաճ կերպով չվերահսկելը առաջացրել են երկարատև անորոշություն ինչպես դիմողի օգտին վճռի կատարման, այնպես էլ պարտքի վճարման առնչությամբ: Դրա հետևանքով դիմողը ստիպված է եղել երկար ժամանակ պայքարԵլ այդ անորոշության դեմ…
93. Վերը նշված դիտարկումները և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի առնչությամբ իր մոտեցումների հիման վրա՝ Դատարանը այն կարծիքին է, որ հարկադիր կատարման վարույթի իրականացման եղանակը, դրա ընդհանուր տևողությունը և այն անորոշ վիճակը, որում հայտնվել էր դիմողը, խախտել է այն «արդարացի հավասարակշռությունը», որը պետք է առկա լիներ հանրային շահի պահանջների և դիմողի՝ իր իրավունքների անխափան իրականացման իրավունքը պաշտպանելու անհրաժեշտության միջև: Հետևաբար՝ Պետությունը չի կատարել դիմողի կողմից Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածով երաշխավորված սեփականության իրավունքի արդյունավետ իրականացման հնարավորություն ընձեռելու իր պարտականությունը»: (թիվ 71186/01, 2005թ. հունիսի 7):
80. Ներկայացված դիրքորոշումից տվյալ գործով շեղվելու որևէ հիմք Դատարանը չի տեսնում: Կիրառելով այս սկզբունքները և 73-րդ, 77-րդ և 78-րդ կետերում ամրագրված եզրահանգումների հիման վրա՝ Դատարանը գտնում է, որ դիմողի օգտին կայացված դատական ակտերի հարկադիր կատարմանն ուղղված համաչափ և բավարար միջոցներ հարկադիր կատարողների կողմից չգործադրելը պատճառ է դարձել, որ դիմողը տարիներ շարունակ մնա անորոշության մեջ և 1999 թվականից ի վեր հնարավորություն չունենա տիրապետել, օգտագործել, տնօրինել իր սեփականությունը: Հետևաբար՝ տեղի է ունեցել Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտում:
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 14-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
81. Դիմողը բողոքել է, որ հարկադիր կատարողների կողմից իր նկատմամբ թույլ է տրվել խտրական վերաբերմունք:
82. Դատարանը գտնում է, որ դիմողի պնդումներն առ այն, որ իր նկատմամբ տեղի է ունեցել խտրականություն, գործի փաստերով չեն հաստատվում: Մասնավորապես, այն փաստը, որ հարկադիր կատարողները չեն ապահովել իր օգտին կայացված դատական որոշման կատարումը, ինքնին չի հանդիսանում Կոնվենցիայի 14-րդ հոդվածով արգելված խտրականություն (վերապահումներով՝ տե՛ս Des Fours Walderode v. The Czech Republic գործով 2004 թվականի որոշումը, թիվ 40057/98, ECHR 2004):
83. Հետևաբար՝ այս գանգատն ակնհայտ անհիմն է և Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերին համապատասխան ենթակա է մերժման:
IV. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
84. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն.
Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել:
A. Վնասը
85. Դիմողը պահանջել է 8 750 եվրո, որպես փոխհատուցում բարոյական վնասի համար, որն առաջացել է քաղաքացիական դատավարության չափազանց երկար տևողության պատճառով, և 13 220,87 եվրո՝ որպես փոխհատուցում բարոյական վնասի համար, որն առաջացել է ի շահ իրեն կայացված 1999թ. հուլիսի 2-ի դատական որոշումը և 2002թ. հունվարի 10-ի և 2003թ. մայիսի 29-ի վճիռները հարկադիր կատարողների կողմից չկատարելու հետևանքով:
86. Կառավարությունն առարկել է` գտնելով, որ պահանջը չափազանցված է և ոչ ողջամիտ:
87. Դատարանը նշում է, որ դիմողը նյութական վնասի փոխհատուցման պահանջ չի ներկայացրել: Այդուհանդերձ, Դատարանը նշում է, որ դիմողի օգտին կայացված վճիռների հարկադիր կատարումն ապահովելու՝ պետության առաջնային պարտականությունը վիճարկման ենթակա չէ: Համապատասխանաբար, դիմողը պահպանում է ներպետական դատավարական ընթացակարգերով իր վրա դրված դատական ծախսերի մայր գումարը հետ ստանալու իրավունքը: Դատարանը հիշեցնում է, որ 6-րդ հոդվածի խախտումը վերացնելու ամենահարմար եղանակը` ապահովելն է, որ դիմողը հնարավորության սահմաններում այնպիսի դրության մեջ լինի, որ չանտեսվեն 6-րդ հոդվածի պահանջները (տե՛ս Piersack v. Belgium գործով 1984 թվականի հոկտեմբերի 26-ի վճիռը, կետ 12 (հոդված 50), Շարք A, թիվ 85, էջ 16, և վերապահումներով՝ Genջel v. Turkey գործով 2003 թվականի հոկտեմբերի 23-ի վճիռը, թիվ 53431/99, կետ 27): Դատարանը գտնում է, որ հաշվի առնելով հայտնաբերված խախտումը, տվյալ գործով ևս այս սկզբունքը ենթակա է կիրառման: Այդ պատճառով Դատարանը գտնում է, որ Կառավարությունը պետք է պատշաճ կերպով ապահովի դիմողի օգտին 2002թ. հունվարի 10-ի վճռով (2003թ. մայիսի 29-ի վճռով կատարված փոփոխություններով) նախատեսված փոխհատուցումը:
88. Ինչ վերաբերում է բարոյական վնասի փոխհատուցման մասին դիմողի պահանջին, ապա Դատարանն ընդունում է, որ դիմողին պատճառվել է անհանգստություն, հոգեկան ապրումներ և անբավարարվածության զգացում, որոնք առաջացել են քաղաքացիական դատավարության չափազանց երկար տևողության և 1999թ. հուլիսի 2-ի որոշման ու 2002թ. հունվարի 10-ի վճռի կատարումը ներպետական իշխանությունների կողմից չապահովելու հետևանքով: Այդուհանդերձ, պահանջվող գումարը թվում է չափազանցված: Որոշումն արդարացիության հիման վրա կայացնելով՝ Դատարանը դիմողին տրամադրում է 6 000 եվրո՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում՝ գումարած դրանից գանձման ենթակա բոլոր տեսակի հարկերը:
B. Ծախքեր և ծախսեր
89. Դիմողը որևէ պահանջ չի ներկայացրել ներպետական դատարաններում և Դատարանում կրած ծախսերի և ծախքերի կապակցությամբ:
90. Ուստի Դատարանն այդ կապակցությամբ չի տրամադրում որևէ փոխհատուցում:
C. Տուգանային տոկոսները
91. Դատարանը նպատակահարմար է համարում, որպեսզի փոխհատուցումը չվճարելու դեպքում տոկոսները հաշվարկվեն Եվրոպայի կենտրոնական բանկի սահմանած փոխառության միջին դրույքաչափի հիման վրա` հավելած երեք տոկոս:
ՎԵՐՈԳՐՅԱԼԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ
1. քաղաքացիական դատավարության չափազանց երկար տևողության և ի շահ դիմողի կայացված դատական որոշումները չկատարելու առնչությամբ դիմողի բողոքները ճանաչում է ընդունելի, իսկ գանգատի մնացած մասը՝ անընդունելի,
2. վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1- ին կետի խախտում՝ կապված քաղաքացիական դատավարության չափազանց երկար տևողության հետ,
3. վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1- ին կետի և Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտում՝ կապված 1999 թվականի հուլիսի 2-ի որոշման և 2002 թվականի հունվարի 10-ի վճռի (2003թ. մայիսի 29-ի վճռով կատարված փոփոխություններով) չկատարման հետ,
4. վճռում է,
(a) որ պատասխանող պետությունը պետք է պատշաճ միջոցներով ապահովի` ներպետական դատարանի կողմից դիմողի օգտին սահմանված գումարների վճարումը, և Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` սույն վճռի օրինական ուժի մեջ մտնելու օրվանից երեք ամսվա ընթացքում դիմողին 6 000 (վեց հազար) եվրո գումարի վճարումը` կրած բարոյական վնասի դիմաց, որը պետք է փոխարկվի ռուսական ռուբլու՝ վճարումների կատարման օրվա դրությամբ սահմանված փոխարժեքով՝ գումարած դրանից գանձման ենթակա բոլոր տեսակի հարկերը,
(b) որ վճարումը վերոհիշյալ եռամսյա ժամկետի ավարտից հետո կատարելու դեպքում այդ ժամանակահատվածի համար պետք է վճարվի տուգանային տոկոս, որը հավասար է չկատարված պարտավորության ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած փոխառության միջին տոկոսադրույքին` հավելած երեք տոկոս,
5. մերժում է արդարացի փոխհատուցման վերաբերյալ դիմողի մնացյալ պահանջները:
Կատարվել է անգլերենով և գրավոր հրապարակվել 2006թ. հոկտեմբերի 19-ին՝ Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերին համապատասխան:
