ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 ապրիլի 2019 թվականի N 401-Ն
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 5-րդ մասի երկրորդ պարբերությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել դատավարական գործողությունների ընթացքում կիրառվող տեխնիկական միջոցների օգտագործման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. ապրիլի 17 Երևան |
Հավելված |
Կ Ա Ր Գ
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված դատավարական գործողությունների ընթացքում կիրառվող տեխնիկական միջոցների օգտագործման հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգի իմաստով՝ տեխնիկական միջոցներ են ցանկացած գործիքներ, սարքեր, համակարգեր, տարբեր տեսակի հարմարանքներ, որոնց միջոցով հնարավոր է հայտնաբերել, ամրագրել, վերցնել, հետազոտել գործի համար նշանակություն ունեցող տեղեկությունները, ամրագրել դատավարական գործողությունների ընթացքը և արդյունքները:
II. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՕԳՏԱԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ
3. Դատավարական գործողություններ կատարելիս՝ տեխնիկական միջոցներ օգտագործում են դատարանը, քննիչը, հետաքննության մարմնի աշխատողը, դատական նիստերի քարտուղարը։ Եթե տեխնիկական միջոցի օգտագործման համար պահանջվում են մասնագիտական հմտություններ և գիտելիքներ, ապա վարույթն իրականացնող մարմինը մասնակից է դարձնում մասնագետի:
4. Դեպքի վայրում տեխնիկական միջոցներ օգտագործող անձինք պահպանում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի N 1106-Ն որոշման պահանջները:
III. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
5. Տեխնիկական միջոցներն օգտագործելիս՝ պահպանվում են օրինականության, հավաստիության, համաչափության և անվտանգության սկզբունքները։
6. Տեխնիկական միջոցների օգտագործումը պետք է հետապնդի իրավաչափ նպատակ, իսկ դրանց կիրառման արդյունքում ստացված նյութերը կարող են օգտագործվել դատավարական, հանցագործությունների բացահայտման կամ կանխման, խափանման նպատակներով (օրինականության սկզբունք):
7. Տեխնիկական միջոցների օգտագործման արդյունքում ստացված տվյալները պետք է լինեն ամբողջական և ճշգրիտ (հավաստիության սկզբունք):
8. Տեսաձայնագրառումն օգտագործվում է այնպես, որ դրա տեսադաշտը ճշգրտորեն ընդգրկի միայն այն պատկերները, որոնք համապատասխանում են դրա կիրառման նպատակին: Տեսադաշտում պարտադիր ընդգրկվում են քննչական գործողության բոլոր մասնակիցները՝ հնարավորինս բացառելով դրանում կողմնակի անձանց հայտնվելը (համաչափության սկզբունք):
9. Տեխնիկական միջոցներ կիրառողը պետք է գնահատի տեխնիկական միջոցների հնարավոր բացասական ազդեցությունը: Դատավարական գործողությունների ընթացքում տեխնիկական միջոցների օգտագործումը չպետք է վտանգի մարդու կյանքը և առողջությունը (անվտանգության սկզբունք):
IV. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
10. Տեխնիկական միջոցների տեսակը, քանակը և կետայնությունը (resolution) պետք է համապատասխանի տեխնիկական միջոցի կիրառման նպատակին, վայրի, տարածքի ընդհանուր մակերեսին, սենյակի կառուցվածքին և այլ պայմանների:
11. Տեսաձայնագրառումը և լուսանկարահանումն իրականացվում են գունավոր եղանակով` համապատասխանաբար տեսաձայնագրառման և լուսանկարահանման հնարավորություն ունեցող թվային սարքով:
12. Թվային տեխնիկական սարքում ամրագրված ամսաթիվը և ժամը պետք է համապատասխանեն դատավարական գործողության իրականացման իրական ամսաթվին և ժամին: Տեսաձայնագրառման ֆայլից պետք է հնարավոր լինի պարզել տեսաձայնագրառման իրականացման ժամը և օրը:
V. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
13. Դատավարական գործողություններ կատարելիս տեխնիկական միջոցներ կիրառելու դեպքում նախապես պետք է ստուգել տվյալ տեխնիկական միջոցի սարքինությունը, այդ թվում՝ մարտկոցի, հիշողության կրիչի և դրանում բավարար ծավալի առկայությունը:
14. Անհրաժեշտության դեպքում դատավարական գործողությունն իրականացվում է երկու կամ ավելի տեխնիկական միջոցներով, ինչի մասին նշվում է դատավարական գործողության արձանագրության մեջ:
15. Տեխնիկական միջոցների կիրառման ընդհատման տևողությունը և պատճառները նշվում են համապատասխան արձանագրության մեջ:
16. Եթե դատավարական գործողությունն իրականացվելու է մեծ տարածություն ընդգրկող հատվածում կամ գործողության ընթացքում կատարվելու են տեղաշարժեր, ապա վարույթն իրականացնող մարմինը տեսաձայնագրառող անձին նախօրոք տեղեկացնում է գործողության ընթացքում կատարվող տեղաշարժերի հաջորդականության մասին:
17. Ամրագրման արդյունքում ստացված տեսաձայնագրությունը, տեսագրությունը, տեսաերիզները, համակարգչային տեղեկատվության կրիչները և (կամ) այլ նյութեր պահպանվում են առանձին լազերային սկավառակների կամ այլ թվային կրիչների վրա, որոնք կցվում են արձանագրությանը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |