Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.12.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.02.25/9(1098).1 Հոդ.114.4
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
26.12.2014
Подписан
Նախագահող
Дата подписания
26.12.2014
Дата вступления в силу
26.12.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/0230/02/12

Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/0230/02/12

2014 թ.

Նախագահող դատավոր` Ա. Պետրոսյան

Դատավորներ`

Ա. Խառատյան

Կ. Չիլինգարյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Տ. Պետրոսյանի

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Ե. Սողոմոնյանի

 

2014 թվականի դեկտեմբերի 26-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Յուրի Ջալալովի, Ռուզաննա Սահակյանի, Գայանե Գալստյանի, Արմեն Առաքելյանի, Կարինե Պողոսյանի, Արաքս Զաքարյանի (այսուհետ՝ Պատասխանողներ) ներկայացուցիչ Հովհաննես Մաթևոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.04.2014 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ) ընդդեմ Պատասխանողների` վարկի գումարի, տոկոսագումարների, տուժանքի բռնագանձման և բռնագանձումը գրավադրված գույքի և Յուրի Ջալալովին պատկանող անձնական գույքի վրա տարածելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Բանկը պահանջել է Յուրի Ջալալովից վաղաժամկետ բռնագանձել 10.708.807 ՀՀ դրամ պարտքը և Բանկի կողմից որպես դատական ծախս վճարված պետական տուրքի գումարը, որը կազմում է 214.176 ՀՀ դրամ, սկսած 15.02.2012 թվականից մինչև պարտավորության դադարման օրը վարկի գումարի և տոկոսագումարի հանրագումարի մնացորդի վրա հաշվեգրել և բռնագանձել օրական 0,12 տոկոս տուժանք` բռնագանձումը տարածելով գրավադրված գույքի և Յուրի Ջալալովին պատկանող անձնական այլ գույքի վրա։

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 15.10.2012 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.12.2012 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 15.10.2012 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Խաչատրյան) (այսուհետ՝ Դատարան) 13.11.2013 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ Յուրի Ջալալովից հօգուտ Բանկի բռնագանձվել է 13.168.030 ՀՀ դրամ պարտքի և 562.808 ՀՀ դրամ նախապես վճարված պետական տուրքի գումար։ 14.06.2013 թվականից մինչև պարտավորության վճարման օրը վարկի գումարի և տոկոսագումարի մնացորդի նկատմամբ հաշվեգրվել և բռնագանձվել է օրական 0,12 տոկոս տուժանք` բռնագանձումը տարածելով Ռուզաննա Սահակյանի, Գայանե Գալստյանի, Արմեն Առաքելյանի, Կարինե Պողոսյանի և Արաքս Զաքարյանի կողմից գրավադրված գույքի վրա։ Յուրի Ջալալովից հօգուտ ՀՀ պետական բյուջե բռնագանձվել է 49.184 ՀՀ դրամ և վճռով հաշվեգրվելիք ու բռնագանձվելիք տուժանքի ընդհանուր հանրագումարի երկու տոկոսը՝ որպես պետական տուրքի գումար։ Գործի վարույթը՝ բռնագանձումը Յուրի Ջալալովին պատկանող անձնական այլ գույքի վրա տարածելու պահանջի մասով, կարճվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 25.04.2014 թվականի որոշմամբ Պատասխանողների վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 13.11.2013 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Պատասխանողների ներկայացուցիչը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 51-րդ, 53-րդ, 54-րդ և 219-րդ հոդվածները։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Բանկի հայցապահանջը հիմնված է վարկի ոչ նպատակային օգտագործելու փաստի վրա, մինչդեռ գործում առկա ապացույցները վկայում են, որ Յուրի Ջալալովը Հրազդան քաղաքում իրականացնում է առևտրային գործունեություն:

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործում առկա ապացույցները, մասնավորապես՝ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Յուրի Ջալալովը մեկ անգամ առևտրային վարկ ստանալուց ու պատշաճ մարելուց հետո Բանկից նույն պայմաններով ստացել է հաջորդ վարկը և կրկին առանց ժամկետների խախտման մարել է այն, և հանգել է այն հետևության, որ վարկառուն չի իրականացնում ու երբևէ չի իրականացրել առևտրային գործունեություն, վարկն էլ չի օգտագործել ըստ նպատակային նշանակության:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 25.04.2014 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Բանկի (այսուհետ՝ Վարկատու) Հրազդանի մասնաճյուղի և Յուրի Ջալալովի (այսուհետ՝ Վարկառու) միջև 30.12.2010 թվականին կնքված թիվ 9 3407 3 02028/2 առևտրային վարկի պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) համաձայն՝ Բանկը տրամադրել է 13.000.000 ՀՀ դրամի վարկ, 1.800 օր ժամկետով, մինչև 01.12.2015 թվականը, տարեկան 15 տոկոս տոկոսադրույքով։ Վարկը եղել է նպատակային. ըստ Պայմանագրի 1.1 կետի՝ այն տրամադրվել է շրջանառու միջոցների համալրման նպատակով (հատոր 1-ին, գ.թ. 19)։

2) Պայմանագրի 4.2.2 կետի համաձայն` Վարկառուն պարտավոր է պահպանել վարկավորման սկզբունքները` ժամկետայնությունը, վերադարձելիությունը, նպատակայնությունը, հատուցելիությունը, իսկ նույն Պայմանագրի 5.1 և 5.2.3 կետերի համաձայն` Վարկառուն պատասխանատվություն է կրում Պայմանագրով սահմանված պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար: Պատասխանատվության ձևերն են` վարկի գումարի, տոկոսների վաղաժամկետ վճարում և տուժանք: Պատասխանատվության հիմքերն են` Վարկառուի կողմից վարկը նպատակային չօգտագործելը (հատոր 1-ին, գ.թ. 19)։

3) Բանկի աշխատակցի կողմից 12.01.2012 թվականին կազմված «Մոնիտորինգ» վերտառությամբ փաստաթղթի համաձայն՝ կատարվել է մոնիտորինգ վարկի նպատակայնությունը ստուգելու նպատակով և արձանագրվել է, որ վարկը նպատակային չի օգտագործվել: Փաստաթղթում միաժամանակ նշվել են վարկառուի ֆինանսական արդյունքները և տեղեկություններ գրավի առարկաների վիճակի մասին: Նշված փաստաթղթում որևէ նշում առկա չէ մոնիտորինգ կատարած վարկային գործակալի անվան, ազգանվան դիմաց, բացակայում է անցկացված մոնիտորինգի այցելության նպատակը (առկա չէ որևէ նշում հետևյալ սանդղակներում` սովորական մոնիտորինգ, սարքավորումների տեղադրման ստուգման նպատակ, շրջանառու կապիտալի օգտագործման ստուգում և այլ) (հատոր 1-ին, գ.թ. 98)։

4) Բանկը 18.01.2012 թվականի թիվ 034-58, 034-59, 034-60, 034-61, 034-62 և 034-63 գրություններով դիմել է Պատասխանողներին և հայտնել, որ մոնիտորինգի արդյունքում պարզվել է, որ վարկը նպատակային չի օգտագործվել, ուստի վերջիններս նախազգուշացվում են, որ կարող է վաղաժամկետ պահանջվել պարտքի ողջ գումարը (հատոր 1-ին, գ.թ. 23-29):

5) Սույն գործով Բանկի հայցի փաստական հիմքը տրամադրված վարկի ոչ նպատակային օգտագործելն է: Ի հիմնավորումն նշված փաստարկի՝ ներկայացվել է Բանկի աշխատակցի կողմից 12.01.2012 թվականին անցկացված «Մոնիտորինգ» վերտառությամբ փաստաթուղթը (հատոր 1-ին, գ.թ. 6):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար։

Սույն որոշմամբ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ապացույցների արժանահավատության, ինչպես նաև դրանց գնահատման հարցերին՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործով ապացույցներ են նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը։ Այդ տեղեկությունները հաստատվում են գրավոր և իրեղեն ապացույցներով, փորձագետների եզրակացություններով, վկաների ցուցմունքներով, գործին մասնակցող անձանց ցուցմունքներով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը։ Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը՝ գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա, իսկ նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը։

Վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի իրավական վերլուծությանը և կողմերի միջև ապացուցման դատավարական բեռի բաշխման հարցին: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր գործով կողմերի միջև ապացուցման պարտականությունը ճիշտ բաշխելու համար դատարանն առաջին հերթին պետք է պարզի յուրաքանչյուր գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը՝ ելնելով գործին մասնակցող անձանց պահանջներից և առարկություններից։ Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի լինելու դեպքում դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը (տե՛ս Էդգար Մարկոսյանը և Զարուհի Գևորգյանն ընդդեմ Սեդա Սարգսյանի թիվ ԵԱՆԴ/0479/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն, այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը: Պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և նույն օրենսգրքում նշված այլ հիմքերից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 887-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` վարկային պայմանագրով բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը (վարկատուն) պարտավորվում է պայմանագրով նախատեսված չափերով և պայմաններով դրամական միջոցներ (վարկ) տրամադրել փոխառուին, իսկ փոխառուն պարտավորվում է վերադարձնել ստացված գումարը և տոկոսներ վճարել դրանից: Վարկային պայմանագրից բխող հարաբերությունների նկատմամբ կիրառվում են նույն օրենսգրքի 46-րդ գլխում նախատեսված կանոնները, եթե այլ բան նախատեսված չէ նույն գլխի կանոններով և վարկային պայմանագրով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 888-րդ հոդվածի համաձայն` վարկային պայմանագիրը կնքվում է գրավոր: Գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է վարկային պայմանագրի անվավերության: Նման պայմանագիրն առոչինչ է:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 891-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` այն պայմանագրերով, որոնց կատարելը կապված է դրամական գումարը կամ տեսակային հատկանիշներով որոշվող այլ գույքը մյուս կողմի սեփականության հանձնելու հետ, կարող է նախատեսվել վարկի տրամադրում` ներառյալ ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների համար կանխավճարի, նախավճարի, դրանք ժամկետանց կամ տարաժամկետ վճարելու ձևերով (առևտրային վարկ), եթե այլ բան նախատեսված չէ օրենքով: Առևտրային վարկի նկատմամբ համապատասխանաբար կիրառվում են նույն գլխի կանոնները, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրի պայմաններով, որից ծագել է համապատասխան պարտավորությունը, և չի հակասում նման պարտավորության էությանը:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ պարտավորական իրավահարաբերությունների ծագման հիմք է նաև վարկային (առևտրային վարկ) պայմանագիրը, որը, լինելով երկկողմանի պայմանագիր, սահմանում է փոխառուի (պարտապանի) հիմնական պարտականությունը, այն է՝ վարկատուին (պարտատիրոջը) վերադարձնել փոխառությամբ ստացված գումարը և տոկոսներ վճարել: Ընդ որում, օրենսդիրը սահմանել է, որ վարկային իրավահարաբերությունների վրա տարածվում են փոխառության իրավահարաբերությունների ընդհանուր կանոնները, եթե այլ բան նախատեսված չէ վարկային պայմանագրով և փոխառության իրավահարաբերությունների ընդհանուր կանոններով:

Այսպես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 877-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` փոխառության պայմանագրով մեկ կողմը (փոխատուն) մյուս կողմի (փոխառուի) սեփականությանն է հանձնում դրամ կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույք, իսկ փոխառուն պարտավորվում է փոխատուին վերադարձնել միևնույն գումարի դրամ (փոխառության գումարը) կամ փոխատուից ստացված գույքին հավասար քանակի և նույն տեսակի ու որակի գույք: Փոխառության պայմանագիրը կնքված է համարվում դրամ կամ այլ գույք հանձնելու պահից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 884-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` եթե փոխառության պայմանագիրը կնքված է փոխառուի կողմից ստացված միջոցները որոշակի նպատակների համար օգտագործելու պայմանով (նպատակային փոխառություն), փոխառուն պարտավոր է ապահովել փոխառության գումարի նպատակային օգտագործման նկատմամբ փոխատուի վերահսկողության հնարավորությունը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 884-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` փոխառուի կողմից փոխառության գումարի նպատակային օգտագործման մասին փոխառության պայմանագրի պայմանը չկատարելու, ինչպես նաև նույն հոդվածի 1-ին կետով նախատեսված պարտականությունները խախտելու դեպքում փոխատուն իրավունք ունի փոխառուից պահանջել վաղաժամկետ վերադարձնելու փոխառության գումարը և վճարելու հասանելիք տոկոսները, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

Վերը նշվածը հաշվի առնելով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վարկային (առևտրային) պայմանագրի վրա տարածվում են նաև նպատակային փոխառության կանոնները, եթե այլ բան նախատեսված չէ այդ պայմանագրով: Ընդ որում, նպատակային փոխառության դեպքում փոխառուն (պարտապանը) պարտավոր է ստացված միջոցներն օգտագործել որոշակի նպատակների համար և ապահովել փոխատուի վերահսկողությունը՝ փոխառության գումարի նպատակային օգտագործման նկատմամբ: Փոխատուն էլ իր հերթին իրավունք ունի փոխառուի կողմից իր պարտականությունները խախտելու դեպքում պահանջել վաղաժամկետ վերադարձնելու փոխառության գումարը և վճարելու հասանելիք տոկոսները, եթե այլ բան նախատեսված չէ նպատակային փոխառության պայմանագրով:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի լուծման համար էական նշանակություն ունի փոխառու (պարտապան) Յուրի Ջալալովի կողմից նպատակային փոխառությամբ ստացված գումարը ոչ նպատակային օգտագործելու փաստը, որի ապացուցման բեռը կրում է հայցվորը` փոխատու (պարտատեր) Բանկը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ։

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը՝ հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս, Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու դեպքում պետք է հաշվի առնի, թե որքանով է այդ ապացույցը վերաբերելի և թույլատրելի տվյալ փաստական հանգամանքը հաստատելու կամ մերժելու համար (տե՛ս, Սվետլանա Ժուլիկյանն ընդդեմ Անահիտ Խաչատրյանի թիվ ԵՄԴ/0232/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է ապացույցների արժանահավատության հարցին` արձանագրելով, որ դատարանը յուրաքանչյուր ապացույցի վերաբերելիությունը և թույլատրելիությունը ստուգելուց հետո պարտավոր է ստուգել նաև տվյալ ապացույցի արժանահավատությունը, և ապացույցների միջև հակասության դեպքում մերժել իր կարծիքով ոչ արժանահավատ ապացույցը՝ հիմնավորելով տվյալ մերժումը, իսկ փաստը հաստատել արժանահավատ ապացույցի հիման վրա (տե՛ս ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ «Զարյա» արտադրական կոոպերատիվի թիվ 3-81(ՏԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.02.2008 թվականի որոշումը

Սույն գործով Դատարանը հայցը մասնակիորեն բավարարելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ վարկառուն, ի խախտումն Պայմանագրով ստանձնած պարտավորությունների, խոչընդոտել է Բանկի կողմից վերահսկողության իրականացմանը, իսկ մոնիտորինգի արդյունքում պարզվել է, որ վարկը նպատակային չի օգտագործվել, ինչը Պայմանագրի էական պայմանների խախտում է:

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ Բանկը դիմել է տրամադրված վարկի գումարը ոչ թե ժամանակին չմարելու կամ կետանցով վճարելու հիմքով հետ վերադարձնելու պահանջով, այլ վարկի նպատակայնության սկզբունքը խախտելու հիմքով, ինչը Պայմանագրով հանդիսանում է պարտավորությունների խախտում:

Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը նշել է, որ Պայմանագրով հստակ սահմանվել է, որ վարկը տրամադրվում է որոշակի՝ տվյալ դեպքում վարկառուի կողմից Հրազդան քաղաքի տարածաշրջանում առևտրային գործունեություն իրականացնելու համար, մինչդեռ սույն գործով չի հաստատվել, որ վարկառուն այդ տարածքում նման գործունեություն է իրականացնում և (կամ) ընդհանրապես իրականացրել է: Վարկային պարտավորությունների խախտում է համարվում ոչ միայն վարկի գումարը չմարելը կամ կետանցով վճարելը, այլ նաև Պայմանագրով սահմանված մյուս պայմանները չպահպանելը, ինչն էլ առկա է սույն պարագայում: Բացի այդ, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ վարկը նպատակային օգտագործելու վերաբերյալ բողոք բերողների փաստարկները հիմնավոր չեն, դրանք հիմնավորող որևէ ապացույց Պատասխանողները չեն ներկայացրել Դատարանին, որի բացասական հետևանքները կրում են հենց իրենք:

Անդրադառնալով բողոք բերողների այն փաստարկին, որ Դատարանը պատշաճ գնահատման չի արժանացրել ներկայացված ապացույցները, Վերաքննիչ դատարանն այն ևս գտել է անհիմն, քանի որ Դատարանը գնահատել է դրանք մյուս ապացույցների հետ համակցության մեջ, կատարել է գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն և հանգել այն եզրակացության, որ դրանք վերաբերելի չեն սույն գործին: Վերաքննիչ դատարանն արձանագրել է նաև, որ Դատարանը հիմք ընդունել է ոչ միայն Բանկի աշխատակցի կողմից կատարած մոնիտորինգը, այլ նաև Բանկի կողմից Պատասխանողներին ուղղված գրություններին որևէ ձևով չարձագանքելը, հետևաբար Դատարանը վճիռ կայացնելիս հիմնվել է ոչ թե ենթադրությունների, այլ գործում առկա փաստերի վրա:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Բանկի Հրազդանի մասնաճյուղի և Յուրի Ջալալովի միջև 30.12.2010 թվականին կնքված թիվ 9 3407 3 02028/2 Պայմանագրով Յուրի Ջալալովին տրամադրվել է 13.000.000 ՀՀ դրամի վարկ՝ շրջանառու միջոցների համալրման նպատակով։

Բանկի աշխատակցի կողմից 12.01.2012 թվականին կազմված «Մոնիտորինգ» վերտառությամբ փաստաթղթի համաձայն՝ կատարվել է մոնիտորինգ վարկի նպատակայնությունը ստուգելու նպատակով և արձանագրվել է, որ վարկը նպատակային չի օգտագործվել: Փաստաթղթում միաժամանակ նշվել են վարկառուի ֆինանսական արդյունքները և տեղեկություններ գրավի առարկաների վիճակի մասին: Նշված փաստաթղթում, սակայն, նշված չէ մոնիտորինգ կատարած վարկային գործակալի անունը, ազգանունը, անցկացված մոնիտորինգի այցելության նպատակը (առկա չէ որևէ նշում հետևյալ սանդղակներում` սովորական մոնիտորինգ, սարքավորումների տեղադրման ստուգման նպատակ, շրջանառու կապիտալի օգտագործման ստուգում և այլ):

Բանկը 18.01.2012 թվականի թիվ 034-58, 034-59, 034-60, 034-61, 034-62 և 034-63 գրություններով դիմել է Պատասխանողներին և հայտնել, որ մոնիտորինգի արդյունքում պարզվել է, որ վարկը նպատակային չի օգտագործվել, ուստի նախազգուշացնում է, որ կարող է վաղաժամկետ պահանջվել պարտքի ողջ գումարը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Բանկը, հայց ներկայացնելով Դատարան, նշել է, որ Յուրի Ջալալովը պատշաճ չի կատարում Պայմանագրով ստանձնած պարտավորությունները, մասնավորապես՝ վարկը ստանալով շրջանառու միջոցների համալրման նպատակով և գործունեության իրականացման վայր նշելով Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի շուկայի հարևանությամբ գտնվող տարածքը, վարկը նպատակային չի օգտագործել: Վարկը նպատակային չօգտագործելու և գրավադրված մեքենաները Բանկի զննմանը չներկայացնելու հանգամանքները Բանկը դիտել է որպես Յուրի Ջալալովի կողմից Պայմանագրով նախատեսված պայմանների էական խախտումներ և Դատարանից պահանջել է Յուրի Ջալալովից վաղաժամկետ բռնագանձել վարկի ողջ գումարը, տոկոսները, տուժանքը:

Որպես Յուրի Ջալալովի կողմից Պայմանագրով ստանձնած պարտավորությունների խախտման վերաբերյալ ապացույց՝ Բանկը Դատարան է ներկայացրել իր աշխատակցի կողմից 12.01.2012 թվականին մոնիտորինգ իրականացնելու վերաբերյալ փաստաթուղթը, որտեղ նշված չէ, թե ում կողմից է այն կազմվել և որտեղ է իրականացվել մոնիտորինգը, առկա չէ որևէ նշում անցկացված մոնիտորինգի այցելության նպատակների վերաբերյալ:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վկայակոչված փաստաթղթում նշված է, որ հաճախորդը խուսափում է հանդիպումից, մինչդեռ նման պարագայում պարզ չէ՝ ինչպես և որտեղից են հայտնի դարձել փաստաթղթում նշված Յուրի Ջալալովի ֆինանսական արդյունքները (ցուցանիշները), այն, որ նրա մեկ ամսվա շրջանառությունը կազմել է 5.694.500 ՀՀ դրամ, ապրանքանյութական պաշարների ծավալը՝ 12.069.700 ՀՀ դրամ, դեբիտորները (դեբիտորական պարտքը)՝ 4.267.900 ՀՀ դրամ, կրեդիտորները (կրեդիտորական պարտքը)՝ 2.500.000 ՀՀ դրամ: Ավելին, եթե գրավադրված մեքենաները Բանկի զննմանը չեն ներկայացվել, ապա պարզ չէ, թե ինչպես է Բանկի աշխատակցի կողմից պարզվել և արձանագրվել, որ գրավադրված մեքենաների մեծ մասը և հողակտորները գտնվում են լավ վիճակում:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով «Մոնիտորինգ» վերտառությամբ փաստաթղթում բովանդակվող տեղեկատվության ոչ լիարժեք և հակասական բնույթը, գտնում է, որ նշված փաստաթղթով չի հիմնավորվում այն հանգամանքը, որ Յուրի Ջալալովը տրամադրված վարկը չի օգտագործել ըստ նպատակային նշանակության՝ շրջանառու միջոցների համալրման նպատակով:

Ելնելով վերոգրյալից՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը և Վերաքննիչ դատարանը սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստը՝ վարկառուի կողմից վարկի նպատակայնության սկզբունքի խախտում թույլ տալը, հիմնավորել են միայն մոնիտորիգի վերաբերյալ փաստաթղթով՝ առանց անդրադառնալու դրա արժանահավատությանը, պատշաճ վերլուծության չենթարկելով դրանում առկա տեղեկատվության հավաստիությունը, ինչպես նաև այդ ապացույցը չգնահատելով գործում գտնվող մյուս ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու՝ վերոնշյալ հարցերը պարզելու և սույն որոշման մեկնաբանությունների լույսի ներքո դրանք գնահատելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 10.06.2014 թվականի ՀՕ-49-Ն ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.04.2014 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։

2. Դատական ծախսերի բաշխման հարցին, այդ թվում` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 02.07.2014 թվականի որոշմամբ հետաձգված և վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա պետական տուրքի գանձման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Տ. Պետրոսյան

Վ. Աբելյան

Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Է. Հայրիյան
Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան