ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
24 սեպտեմբերի 2013 թ. |
2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԵՐԵՎԱՆԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ-ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ» ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Ս. Կարայանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ, 38-րդ և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2013 թվականի մայիսի 2-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Երևանի մետրոպոլիտենի վերակառուցում-երկրորդ փուլ» ֆինանսական պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան` մուտքագրված 09.08.2013թ.:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով պայմանագիրը, ինչպես նաև գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Երևանի մետրոպոլիտենի վերակառուցում - երկրորդ փուլ» ֆինանսական պայմանագիրը Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրվել է 2013թ. մայիսի 2-ին:
Պայմանագրի նպատակն է` տրամադրել Հայաստանի Հանրապետությանը 5.000.000 եվրո գումարի չափով վարկ` «Երևանի մետրոպոլիտենի վերակառուցում - երկրորդ փուլ» ծրագիրը ֆինանսավորելու համար:
Պայմանագիրն ունի 4 առդիր` Առդիր Ա. «Տեխնիկական նկարագիրը», «Բանկ ներկայացվելիք` Ծրագրի վերաբերյալ տեղեկատվությունը և փոխանցման միջոցը», Առդիր Բ. «EURIBOR-ի սահմանումը», Առդիր Գ. «Վարկառուի համար ձևաթղթերը», Առդիր Դ. «Վարկառուի կողմից տրամադրվող հավաստագրի ձևը» և երկու հավելված: Դեկլարատիվ դրույթները, առդիրները կազմում են Պայմանագրի մասը: Հավելվածները ներկայացվում են Պայմանագրին կից:
II Փուլում իրականացվելիք վերականգնողական աշխատանքի նպատակն է Երևան քաղաքի մետրոպոլիտենի թունելների ջրի ներհոսքի զգալի նվազեցումը, թունելների վիճակի բարելավումը, տեխնիկական սպասարկելիության բարձրացումը և դրանց համար երկարաժամկետ ծառայության ապահովումը:
II Փուլը ներառում է մետրոյի թունելների ջրի ներհոսքի խնդրի լուծումը, ինչպես նաև գծային տնտեսության և անվտանգության լրացուցիչ բարելավումներ, վագոնների վերանորոգում ու արդիականացում:
2. Պայմանագրով Եվրոպական ներդրումային բանկը (այսուհետ` Բանկ) Հայաստանի Հանրապետությանը տրամադրում է հինգ միլիոն (5.000.000) եվրո գումարի չափով վարկ: Ծրագրի ավարտման ամսաթիվը 2016թ. վերջն է, իսկ Միջոցների ստացման վերջնաժամկետը նշանակված է 2016 թվականի ապրիլի 18-ը: Հատկացման և վճարման արժույթը եվրոն է:
Բանկի կողմից Վարկը հատկացվում է մինչև հինգ տրանշ ձևով` Երկրորդ փուլի իրականացման առաջընթացի համաձայն: Յուրաքանչյուր տրանշի գումարը, եթե այն չի համարվում վարկի օգտագործման մաս, կազմում է 1.000.000 (մեկ միլիոն) եվրո:
3. Պայմանագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.
● ոչ ուշ, քան Հատկացման սահմանված ամսաթվից 15 (տասնհինգ) օր առաջ (IBAN ծածկագրով կամ տեղական բանկային պրակտիկայում ընդունված համապատասխան ձևաչափով) Բանկին գրավոր տեղեկացնել ԵՆԲ փոխառության հաշվի մասին և ընդունել, որ այդ հաշվին կատարվող վճարումները կազմում են Պայմանագրով նախատեսված հատկացումները, կարծես վճարումները կատարվել են ՀՀ-ի սեփական բանկային հաշվին,
● Պայմանագրի ներքո տրանշները ստանալու համար` Հատկացման սահմանված ամսաթվից առաջ 7-րդ աշխատանքային օրը կամ դրանից շուտ, Բանկին ներկայացնել Բանկի պահանջները բավարարող ձևով և բովանդակությամբ (բացառապես նրա հայեցողությամբ), Պայմանագրի 1.04.Ա, 1.04.Բ և 1.04.Գ հոդվածներում նշված փաստաթղթերը կամ հաստատումները,
● կանխավճարի հատուցման իրավիճակի կամ Պայմանագրի 10.01 հոդվածով նախատեսված իրավիճակի առաջացման պատճառով Բանկի կողմից Ընդունված տրանշը կասեցնելու դեպքում Բանկին վճարել հետաձգման փոխհատուցում, որը հաշվարկվում է կասեցված հատկացման գումարի հիման վրա,
● Պայմանագրի 1.06.Ա հոդվածին համապատասխան Ֆիքսված տոկոսադրույքով տրանշը, որը Հաստատված տրանշ է, ՀՀ-ի կողմից չեղյալ հայտարարման պարագայում, փոխհատուցել Բանկին Պայմանագրի 4.02Բ հոդվածով սահմանված կարգով,
● կատարել տոկոսի վճարումը մասերով ֆիքսված տոկոսադրույքով յուրաքանչյուր տրանշի չմարված հաշվեկշռի մասով` ֆիքսված տոկոսադրույքով, կիսամյակային կտրվածքով, Հատկացման առաջարկում նշված համապատասխան Վճարման ամսաթվերին` սկսած տրանշի հատկացման օրվան հաջորդող առաջին Վճարման ամսաթվից,
● կատարել տոկոսի վճարումը մասերով Լողացող տոկոսադրույքով յուրաքանչյուր տրանշի չմարված հաշվեկշռի մասով` Լողացող տոկոսադրույքով, կիսամյակային կտրվածքով, Հատկացման առաջարկում նշված համապատասխան Վճարման ամսաթվերին` սկսած տրանշի հատկացման օրվան հաջորդող առաջին Վճարման ամսաթվից,
● չխախտելով Պայմանագրի 10-րդ հոդվածը և բացառություն կատարելով 3.01-ին հոդվածից` Պայմանագրի պայմանների ներքո վճարվելիք ցանկացած ժամկետանց գումարի դիմաց վճարել տոկոսներ վճարման ենթակա ամսաթվից մինչև վճարման ամսաթիվը, տարեկան տոկոսադրույքով, որը համարժեք է EURIBOR + 2% (200 բազիսային կետ), և ենթակա են վճարման Բանկի պահանջագրի համաձայն,
● ֆիքսված տոկոսադրույքով տրանշի ներքո որևէ ուշացած գումարի համար ցանկացած տոկոս վճարել տարեկան տոկոսադրույքով, այսինքն` Պայմանագրի 3.01.Ա հոդվածում նշված տոկոսադրույքը` գումարած 0.25% (25 բազիսային կետ), եթե այդ տարեկան տոկոսադրույքը ցանկացած տվյալ ժամանակահատվածի համար գերազանցում է Պայմանագրի 3.02 հոդվածի 1-ին պարբերությունում նշված տոկոսադրույքը,
● ֆիքսված տոկոսադրույքով տրանշը նախօրոք վճարելու պարագայում` վճարել Կանխավճարի փոխհատուցում Կանխավճարի ամսաթվին,
● հնարավորինս սեղմ ժամկետներում Բանկին տեղեկացնել ՀՀ-ի կամ Շահագործողի մասով Օրենքի փոփոխության իրավիճակ առաջանալու կամ այդպիսի իրավիճակ առաջանալու հավանականության մասին,
● եթե Ծրագրի հետ կապված ընդհանուր ծախսը գերազանցում է 3-րդ Դեկլարատիվ դրույթում նշված գումարի չափը, ապա առանց Բանկին դիմելու, ձեռք բերել միջոցներ` Ծրագրի հավելյալ ծախսերը վճարելու համար, որպեսզի Ծրագիրն ավարտին հասցվի Տեխնիկական նկարագրին համապատասխան և Հավելյալ ծախսեր վճարելու վերաբերյալ ծրագրերը անհապաղ ներկայացնել Բանկ,
● ապահովել, որպեսզի ՀՀ-ի վճարման պարտավորությունները Պայմանագրի շրջանակներում դասակարգվեն բոլոր ներկա և ապագա` չապահովված ու չստորակարգված այլ պարտավորությունների վճարման իրավունքին հավասար առաջնահերթությամբ` ՀՀ-ի ցանկացած Պարտքային փաստաթղթի ներքո,
● Բանկի կողմից գրավոր պահանջ ներկայացվելու դեպքում` համաձայն Պայմանագրի 10-րդ Հոդվածում սահմանված պարտավորությունների, անմիջապես հետ վճարել Փոխառությունը ամբողջությամբ կամ մասամբ` Պայմանագրի ներքո կուտակված տոկոսների կամ այլ չվճարված գումարների հետ միասին և այլն:
4. Պայմանագրում ամրագրված դրույթները համահունչ են ՀՀ Սահմանադրության 9-րդ հոդվածին և բխում են միջազգային փոխշահավետ համագործակցության հաստատման սահմանադրական սկզբունքից:
5. Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ «Երևանի մետրոպոլիտենի վերակառուցում» 30 մլն եվրո ընդհանուր արժողությամբ փաթեթային ծրագիրը բաղկացած է 2 փուլից` յուրաքանչյուրը` 15 մլն եվրո: «Երևանի մետրոպոլիտենի վերակառուցում - առաջին փուլ»-ի շրջանակներում 2010 թվականի մարտի 10-ին կնքվել է 15 մլն եվրո ընդհանուր արժողությամբ սինդիկացված վարկային համաձայնագիր, որից 5 մլն եվրոն` որպես դրամաշնորհ, տրամադրել է Եվրոպական Միության Հարևանության Ներդրումային գործիք-NIF-ը և 5-ական մլն եվրոյի չափով վարկեր տրամադրել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (այսուհետ` ՎԶԵԲ) և ԵՆԲ-ն: Ըստ ՀՀ Նախագահի պաշտոնական ներկայացուցչի բացատրության` գումարն ուղղվել է Երևան քաղաքի մետրոյի համակարգի վերակառուցման և մատուցվող ծառայությունների անվտանգության բարձրացման նպատակով իրականացվող գերակա կապիտալ ներդրումների ֆինանսավորմանը: Այս ծրագրի շրջանակներում մասնավորապես թարմացվել է մետրոյի շարժակազմը, նորոգվել է ռելսերի և էլեկտրամատակարարման մաշված համակարգը, գնվել է տեխնիկական սպասարկում իրականացնող դրեզինա և փոխվել են պոմպակայանները, որոնց միջոցով դուրս է մղվում թունել ներթափանցող ջուրը: Ներդրումների արդյունքում ապահովվել են մետրոպոլիտենի շահագործման բարելավված անվտանգությունը և ուղեգծերի հարմարավետությունը: Ծրագրի առաջին փուլով նախատեսված աշխատանքներն ամբողջությամբ իրականացվել են:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2013 թվականի մայիսի 2-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Երևանի մետրոպոլիտենի վերակառուցում-երկրորդ փուլ» ֆինանսական պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող |
Վ. Հովհաննիսյան |
24 սեպտեմբերի 2013 թ. ՍԴՈ-1117 |