ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի որոշում |
Վարչական գործ թիվ ՎԴ/4590/05/10 2013 թ. |
Վարչական գործ թիվ ՎԴ/4590/05/10 |
|
Նախագահող դատավոր՝ Ա. Բաբայան |
|
Դատավորներ` Հ. Բեդևյան |
|
Ա. Սարգսյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Տ. Պետրոսյանի | |
Վ. ԱԲԵԼՅԱՆԻ | ||
Ս. Անտոնյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2013 թվականի հոկտեմբերի 04-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 20.03.2013 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Արայիկ Բաբայանի ընդդեմ «ՀՀ դատախազության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի (այսուհետ` Հիմնարկ), երրորդ անձ ՀՀ ֆինանսների նախարարության` երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելը մերժելուն ուղղված գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու և պատասխանողին երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելուն պարտավորեցնելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Արայիկ Բաբայանը պահանջել է երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելը մերժելուն ուղղված Հիմնարկի գործողությունը ճանաչել ոչ իրավաչափ և որպես պահանջի հետևանքի վերացման ածանցյալ պահանջ` Հիմնարկին պարտավորեցնել նշանակել երկարամյա ծառայության կենսաթոշակ։
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Կ. Բաղդասարյան) (այսուհետ` Դատարան) 25.10.2012 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 20.03.2013 թվականի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 25.10.2012 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Արայիկ Բաբայանը։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ Կառավարության 12.05.2005 թվականի «ՀՀ Կառավարության 2000 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 778 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 701-Ն որոշումը, որը պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը, 73-րդ հոդվածի 2-րդ մասը, «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը, կիրառել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 1-ին մասը, որը չպետք է կիրառեր, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հիմնավոր չի համարել այն փաստարկները, որ ՀՀ Կառավարության 2000 թվականի նոյեմբերի 27-ի թվականի թիվ 778 որոշման 1-ին կետի «գ» ենթակետը և այդ ենթակետով հաստատված «Զինծառայողներին երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ զինվորական ծառայության ստաժում հաշվարկվող, այդ թվում` արտոնյալ պայմաններով, ծառայողական կամ այլ բնույթի գործունեության տեսակների ցանկի, հաշվառման կարգի ու պայմանների» 2-րդ կետի 1-ին պարբերության «գ» ենթակետը և նույն կետի 2-րդ պարբերության «դ» ենթակետը սույն իրավահարաբերության համար կիրառելի չեն, քանի որ ՀՀ Կառավարության 12.05.2005 թվականի «ՀՀ Կառավարության 2000 թվականի նոյեմբերի 27-ի թվականի թիվ 778 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 701-Ն որոշման 1-ին կետի «ա» ենթակետով ՀՀ Կառավարության 2000 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 778 որոշման 1-ին կետի «գ» ենթակետով կատարված փոփոխության արդյունքում նշված կետից հանվել է «այդ թվում` արտոնյալ պայմաններով» բառակապակցությունը, որից հետևում է, որ «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի «ա» կետի հիմքով զինծառայողների երկարամյա ծառայության կենսաթոշակ ստանալու իրավունքը ծագում է օրացուցային հաշվարկով հաշվառված ծառայությունից սահմանված կարգով արձակվելու պահին 20 և ավելի տարվա զինվորական ծառայության ստաժի առկայության պայմաններում, մինչդեռ Արայիկ Բաբայանի դատախազությունում ծառայության ստաժն աշխատանքից ազատվելու դրությամբ օրացուցային հաշվարկով կազմում է 11 տարի 10 ամիս և 17 օր, հետևաբար վերջինս չի կարող օգտվել 01.07.1998 թվականի` «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածին համապատասխան երկարամյա ծառայության կենսաթոշակ ստանալու իրավունքից:
Այսպիսով, ՀՀ Կառավարության 12.05.2005 թվականի թիվ 701-Ն որոշումն ուժի մեջ է մտել 30.06.2005 թվականին, հետևաբար մինչև նշված որոշումն ուժի մեջ մտնելն Արայիկ Բաբայանի ծառայության ստաժն արտոնյալ պայմաններով հաշվարկելու պահանջն անհիմն է, քանի որ հայցվորը ՀՀ գլխավոր դատախազի հրամանով աշխատանքից ազատվել է 01.12.2007 թվականին, այսինքն` վիճելի իրավահարաբերությունը ծագել է 01.12.2007 թվականին, իսկ ծագած իրավահարաբերությունների նկատմամբ կիրառվում է տվյալ պահին գործող օրենսդրությունը:
Վերաքննիչ դատարանը, ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 3-րդ կետով և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 1-ին մասով, գտել է, որ ՀՀ Կառավարության 12.05.2005 թվականի թիվ 701-Ն որոշմամբ հաստատված կարգը չի կարող հետադարձ ուժ ունենալ, քանի որ այն ունի վատթարացնող բնույթ, և Հիմնարկի` Արայիկ Բաբայանին երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելը մերժելուն ուղղված գործողությունները դիտել է ոչ իրավաչափ:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 73-րդ հոդվածի 2-րդ կետի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ ՍԴՈ-723 գործով ՀՀ Սահմանադրական դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ օրենսդիրն իրավասու է օրենսդրական փոփոխությունների արդյունքում սահմանելու կենսաթոշակի հետ կապված իրավահարաբերությունների կարգավորման նոր համակարգ, սակայն նման փոփոխությունները չեն կարող վերացնել այն կենսաթոշակները, այդ թվում արտոնյալ կարգով նշանակվող, որոնք ստանալու իրավունքն անձը ձեռք է բերել նախկինում գործող օրենսդրության հիման վրա, այսինքն` տվյալ գործով ՀՀ Սահմանադրական դատարանն անդրադարձել է նախկինում գործող օրենսդրության հիման վրա կենսաթոշակի իրավունք ձեռք բերած անձանց իրավունքներն օրենսդրության փոփոխությունների արդյունքում վերացնող կամ սահմանափակող նորմերի հետադարձ ուժի արգելման սկզբունքին, մինչդեռ սույն գործով վիճարկվում է Արայիկ Բաբայանի երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու, այլ ոչ թե նախկին օրենսդրության հիման վրա ձեռք բերված իրավունքներն օրենսդրության փոփոխությունների արդյունքում վերացնելու կամ սահմանափակելու հարցերը:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Արայիկ Բաբայանին երկարամյա կենսաթոշակ չի կարող նշանակվել նաև այն պատճառով, որ ՀՀ գլխավոր դատախազի 27.11.2007 թվականի թիվ 697 հրամանով Արայիկ Բաբայանն աշխատանքից ազատվելուց հետո տեղափոխվել և շարունակում է իր ծառայությունը` աշխատում է ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայությունում, իսկ տվյալ իրավահարաբերությունները ծագելու պահին գործող «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին կետի և գործող «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` զինծառայողներին երկարամյա ծառայության կենսաթոշակ է նշանակվում և վճարվում միայն ծառայությունից սահմանված կարգով արձակվելու դեպքում:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 20.03.2013 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը մերժել:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները
Վճռաբեկ բողոքի ներկայացված հիմքերը և հիմնավորումներն անհիմն են, դրանցում նշված են ՀՀ օրենսդրության պահանջներին հակասող իրավական վերլուծություններ, փաստերի ակնհայտ խեղաթյուրումներ, ինչպես նաև կամայական մեկնաբանություններ:
Մինչև 30.06.2005 թվականի ՀՀ Կառավարության 12.05.2005 թվականի թիվ 701-Ն որոշման ուժի մեջ մտնելը «ՀՀ Կառավարության 2000 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 778 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշմամբ իր զինվորական ծառայության ստաժը պետք է հաշվարկվի արտոնյալ կարգով, իսկ դրանից հետո մինչև 27.11.2007 թվականը` օրենքով սահմանված կարգով ՀՀ զինվորական դատախազության քննիչի պաշտոնից, այսինքն` զինվորական ծառայությունից ազատվելը, օրացուցային օրերի հաշվարկով, որոնց ընդհանուր գումարը ստացվում է 20 տարի, 8 ամիս, 24 օր, որը բավարար զինվորական ծառայության ստաժ է հանդիսացել իր կողմից տվյալ ժամանակ օրենքով սահմանված կարգով ՀՀ դատախազությունից երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու համար: Բողոքաբերը, փաստացի ընդունելով, որ 30.06.2005 թվականի դրությամբ իր զինվորական ծառայության ընդհանուր ստաժն արտոնյալ հաշվարկով կազմել է 18 տարի և ավելի, սխալ պատճառաբանությամբ դրան չի գումարել իր կողմից նույն համակարգում ծառայության 30.06.2005 թվականից մինչև 27.11.2007 թվականն ընկած ժամանակահատվածը: Այսինքն` բողոքաբերը 30.06.2005 թվականից հետո օրինական ուժի մեջ մտած, իր վիճակը վատթարացնող ՀՀ Կառավարության թիվ 701-Ն որոշմանը տվել է հետադարձ ուժ: Ընդ որում, «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածը և այլ իրավական ակտեր թույլատրում են երկարամյա զինվորական ծառայության կենսաթոշակ նշանակելուց հետո դրա վճարումը կասեցնել, ինչն էլ կազմել է դատախազությանն ուղղված իր պահանջի բովանդակությունը:
ՀՀ վճռաբեկ դատարանը 29.10.2010 թվականի թիվ ՎԴ/4892/05/09 վարչական գործով կայացրել է որոշում, որն ունի նույնանման փաստական հանգամանքներ: Բողոքաբերը դիտավորյալ ո՛չ վերաքննիչ, ո՛չ էլ վճռաբեկ բողոքներում չի անդրադարձել վճռաբեկ դատարանի նշված որոշմանն այն պարզ պատճառով, որ այն նույնանման փաստական հանգամանքներ ունի սույն գործի հետ և հիմնավորում է իր օրինական պահանջները:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) ՀՀ գլխավոր դատախազի 13.10.1999 թվականի թիվ 510 հրամանով Արայիկ Բաբայանը նշանակվել է Սևանի կայազորի զինվորական դատախազության քննիչի պաշտոնում, 27.11.2007 թվականին ազատվել է այդ պաշտոնից և 01.12.2007 թվականին ծառայության նշանակվել ՀՀ ՊՆ քննչական վարչության ՀԿԳ քննչական բաժնում` որպես ՀԿԳ քննիչ (հատոր 1-ին, գ.թ. 13-14, 16-18):
2) Ի պատասխան Արայիկ Բաբայանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին ուղղված դիմումի` «Հիմնարկի ղեկավարն իր 09.12.2008 թվականի թիվ 28/257-08 գրությամբ պատասխանել է, որ համաձայն «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի` զինծառայողներին երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակվում և վճարվում է ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո, և քանի որ Արայիկ Բաբայանը շարունակում է ծառայությունը ՀՀ պաշտպանության նախարարությունում, ապա առայժմ նրան կենսաթոշակ նշանակել հնարավոր չէ (հատոր 1-ին, գ.թ. 7):
3) 28.07.2010 թվականին Արայիկ Բաբայանը ՀՀ դատախազությունից երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու դիմումով դիմել է «Հիմնարկի ղեկավարին` հայտնելով, որ դիմումին կից ներկայացված փաստաթղթերով հիմնավորվում է, որ Սևանի կայազորի զինվորական դատախազության քննիչի պաշտոնից 27.11.2007 թվականին ՀՀ ՊՆ քննչական վարչության ՀԿԳ քննչական բաժին տեղափոխվելու ժամանակ ինքն արդեն իսկ ունեցել է ՀՀ դատախազությունից երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու իրավունք, սակայն այդ իրավունքից չի օգտվել, և համաձայն «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի` կարող է այդ իրավունքից օգտվել դիմում տալու օրվանից։
Միաժամանակ հայցվորը խնդրել է համապատասխան հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել իր երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու հարցը և կենսաթոշակ նշանակելու դեպքում կենսաթոշակի վճարումը կասեցնել, քանի որ «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածը և այլ օրենսդրական նորմերը թույլ են տալիս կենսաթոշակ նշանակելուց հետո կենսաթոշակի վճարումը կասեցնել և շարունակել զինվորական ծառայությունը (հատոր 1-ին, գ.թ. 8-11):
4) Արայիկ Բաբայանի 28.07.2010 թվականի դիմումին ի պատասխան` «Հիմնարկի ղեկավարը 05.11.2010 թվականին թիվ 28/8-1045-10 գրությամբ հայտնել է, որ «Ի պատասխան ՀՀ դատախազության համակարգից երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու Ձեր 28.07.2010 թվականի դիմումի` հայտնվում է, որ այն քննարկվել է ՀՀ դատախազության կենսաթոշակների նշանակման հանձնաժողովի 07.10.2010 թվականի նիստում, և տրվել է բացասական եզրակացություն` նկատի ունենալով, որ Ձեր զինվորական ծառայության ստաժը (օրացուցային օրերով) կազմում է 11 տարի, 10 ամիս 17 օր և չի բավարարում «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի ոչ մի մասի պահանջներին` Ձեզ երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու համար» (հատոր 1-ին, գ.թ. 12):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար։
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի լուծման համար էական նշանակություն ունի հետևյալ իրավական հարցի պարզաբանումը. արդյո՞ք զինծառայողին կարող է նշանակվել երկարամյա ծառայության կենսաթոշակ, եթե նա սահմանված կարգով չի արձակվել ծառայությունից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը վճռի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս`
1) գնահատում է ապացույցները.
2) որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, և որոնք չեն պարզվել.
3) որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը.
4) որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:
Վերը նշված նորմերից հետևում է, որ Դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզման հանգելու համար պարտավոր է հետազոտել և գնահատել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը, և միայն նշված պահանջների պահպանման արդյունքում որոշել հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ մերժելու հարցը։
01.07.1998 թվականի «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի համաձայն` դատախազների և քննիչների թոշակավորումն իրականացվում է ներքին գործերի մարմիններում ծառայության անցնող ղեկավար կազմի անձանց համար կիրառվող պայմաններով, նորմերով և կարգով (ուժի մեջ է եղել մինչև 01.01.2008 թվականը)։
«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային ապահովության և սոցիալական պաշտպանության իրավական, տնտեսական և կազմակերպական դրույթները:
«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` նույն օրենքի համաձայն` զինծառայող են համարվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ներքին գործերի, ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմինների (այսուհետ` համապատասխան մարմիններ) համակարգի հրամանատարական և շարքային անձնակազմի ծառայողները:
«Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքի 53.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի քննիչը (այսուհետ` քննիչ) պաշտպանության բնագավառի զինվորական ծառայող է։
«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` զինծառայողներին երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակվում և վճարվում է ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո (7-րդ հոդվածն ուժը կորցրել է 22.12.2010 թվականին ՀՕ-248-Ն):
«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` զինվորական ծառայության անցնելու դեպքում նույն օրենքով նշանակված կենսաթոշակների վճարումը դադարեցվում է ծառայության անցնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից (7-րդ հոդվածն ուժը կորցրել է 22.12.2010 թվականին ՀՕ-248-Ն):
Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ դատախազության քննիչների թոշակավորումը, այդ թվում` երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելն իրականացվել է «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքով զինվորական ծառայողների համար սահմանված կարգով: Ընդ որում, «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքով վիճելի իրավահարաբերության ժամանակ սահմանված կարգով զինծառայողներին երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակվել և վճարվել է զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո: Ընդ որում, նշանակված կենսաթոշակների վճարման դադարեցումը պայմանավորվել է զինվորական ծառայության անցնելու հանգամանքով: Նույն օրենքով է կարգավորվում նաև ՀՀ պաշտպանության նախարարության քննչական վարչության քննիչների` որպես զինվորական ծառայողների թոշակավորման կարգը:
Սույն գործով Դատարանը հայցը բավարարելու հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ արտոնյալ պայմաններով Արայիկ Բաբայանի ծառայության ստաժի օրացուցային հաշվարկը պետք է կատարվի մինչև 30.06.2005 թվականի` ՀՀ կառավարության թիվ 701-Ն որոշումն ուժի մեջ մտնելը սահմանված կարգով: Դատարանը հաստատված է համարել, որ 27.11.2007 թվականի դրությամբ` ծառայությունից ազատվելու պահին, Արայիկ Բաբայանի ծառայությունը կազմել է 20 տարի, 8 ամիս, 24 օր, որը բավարար զինվորական ծառայության ստաժ է օրենքով սահմանված կարգով երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու համար:
Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժելու հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ Արայիկ Բաբայանը, ունենալով երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք տվող առնվազն 20 տարվա զինվորական ծառայության ընդհանուր ժամկետ (ստաժ), իր երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունքը վիճարկում է 27.11.2007 թվականի դրությամբ, սահմանված կարգով ՀՀ դատախազության համակարգից ազատվելու պահին, այսինքն` «Հիմնարկը պետք է Արայիկ Բաբայանի կողմից ՀՀ դատախազությունից երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու դիմում ներկայացնելու օրվանից նշանակեր կենսաթոշակը:
Սույն գործի փաստերի համաձայն` ՀՀ գլխավոր դատախազի 13.10.1999 թվականի թիվ 510 հրամանով Արայիկ Բաբայանը նշանակվել է Սևանի կայազորի զինվորական դատախազության քննիչի պաշտոնում, դատախազության համակարգում փոփոխությունների կատարման պատճառով 27.11.2007 թվականին ազատվել է այդ պաշտոնից և 01.12.2007 թվականին ծառայության է նշանակվել ՀՀ ՊՆ քննչական վարչության ՀԿԳ քննչական բաժնում որպես ՀԿԳ քննիչ:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում ստորադաս դատարանները հաշվի չեն առել, որ վիճելի իրավահարաբերության ժամանակ գործող «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի համաձայն` զինծառայողին երկարամյա ծառայության կենսաթոշակ կարող է նշանակվել և վճարվել միայն զինծառայությունից սահմանված կարգով արձակվելու դեպքում:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Արայիկ Բաբայանին երկարամյա ծառայության կենսաթոշակ չէր կարող նշանակվել այն պատճառով, որ վերջինս ՀՀ գլխավոր դատախազի 27.11.2007 թվականի թիվ 697 հրամանով աշխատանքից ազատվելուց հետո նշանակվել է ՀՀ ՊՆ քննչական վարչության ՀԿԳ քննչական բաժնի ՀԿԳ քննիչի պաշտոնում, այսինքն` օրենքով սահմանված կարգով անցել է զինվորական ծառայության: Մինչդեռ «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքով սահմանված երկարամյա ծառայության կենսաթոշակ կարող էր նշանակվել միայն զինվորական ծառայությունից արձակվելու դեպքում: Վճռաբեկ դատարանի նման դիրքորոշումը հիմնավորվում է նաև այն հանգամանքով, որ նշված օրենքը նշանակված կենսաթոշակի վճարման դադարեցումը պայմանավորել է զինվորական ծառայության անցնելու փաստով:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհիմն է Արայիկ Բաբայանի այն պատճառաբանությունը, թե «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածը թույլատրում է կենսաթոշակ նշանակելուց հետո դրա վճարումը կասեցնել: Նշված հոդվածը, որով կարգավորվել են կենսաթոշակների նշանակման պայմանները, նման հնարավորություն չի սահմանել: Ընդհակառակը` դրա 1-ին կետը կատեգորիկ կերպով սահմանել է, որ երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակվում և վճարվում է ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո, իսկ հոդվածի 2-րդ կետը կարգավորել է երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ստացած և զինվորական ծառայությունը շարունակող զինծառայողների ամսական դրամական բավարարմանը հավելումների նշանակման հարցը, ինչը ոչ մի առնչություն չունի կենսաթոշակ նշանակելու և կասեցնելու հարցի հետ:
Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:
Վերոգրյալի հիման վրա` Վճռաբեկ դատարանն այլևս չի անդրադառնում Արայիկ Բաբայանի զինվորական ծառայության ստաժը երկարամյա զինվորական ծառայության կենսաթոշակ նշանակելու համար բավարարելու հարցին, քանի որ այն կարող է էական նշանակություն ունենալ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.9-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիայի) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից։
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-118.18-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 20.03.2013 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը մերժել:
2. Արայիկ Բաբայանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար վճարման ենթակա պետական տուրքի գումար, և 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա պետական տուրքի գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Տ. Պետրոսյան | |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Է. Հայրիյան | ||
Ե. Սողոմոնյան |