ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
28 մարտի 2017 թ. |
ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 407-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2.2-ՐԴ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ, 414.2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ 426.4-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝
դիմողի ներկայացուցիչ՝ ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետ Գ. Բաղդասարյանի,
գործով որպես պատասխանող կողմ ներգրավված՝ ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչներ՝ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հ. Սարգսյանի և նույն վարչության խորհրդատու Ս. Թևանյանի,
համաձայն ՀՀ Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 71-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «ՀՀ գլխավոր դատախազի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի 2.2-րդ մասի 2-րդ կետի, 414.2-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 426.4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը ՀՀ գլխավոր դատախազի` 2016 թվականի դեկտեմբերի 2-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, ինչպես նաև հետազոտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը, գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը (այսուհետ` օրենսգիրք) ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի հուլիսի 1-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել՝ 1998 թվականի սեպտեմբերի 1-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 12-ից:
Օրենսգրքի` «Վճռաբեկ բողոքը» վերտառությամբ 407-րդ հոդվածի 2.2-րդ մասի՝ սույն գործով վիճարկվող 2-րդ կետը սահմանում է.
«2.2. Վճռաբեկ բողոքը սույն օրենսգրքի 414.2 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով ներկայացնելու դեպքում բողոքը բերած անձը պետք է հիմնավորի, որ դրա վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կնպաստի օրենքի միատեսակ կիրառության ապահովմանը, մասնավորապես վճռաբեկ բողոքում հիմնավորելով, որ`
…
2) բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասում բացահայտված` տվյալ նորմի սահմանադրաիրավական բովանդակությանը` կցելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումը և մեջբերելով ստորադաս դատարանի դատական ակտի այն մասը, որը հակասում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասին, կատարելով համեմատական վերլուծություն` բողոքարկվող դատական ակտի և Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասի միջև առկա հակասության վերաբերյալ»:
Օրենսգրքի` «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը» վերտառությամբ 414.2-րդ հոդվածի՝ սույն գործով վիճարկվող 2-րդ մասի 2-րդ կետը սահմանում է.
«2. Սույն հոդվածի իմաստով` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, մասնավորապես, եթե`
…
2) բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասում բացահայտված` տվյալ նորմի սահմանադրաիրավական բովանդակությանը»:
Օրենսգրքի` «Գործերի վերանայման հիմքերն ու ժամկետները նոր հանգամանքների հետևանքով» վերտառությամբ 426.4-րդ հոդվածի՝ սույն գործով վիճարկվող 1-ին մասի 1-ին կետը սահմանում է.
«1. Նոր հանգամանքների հետևանքով դատական ակտերը վերանայվում են հետևյալ դեպքերում.
1) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը տվյալ քրեական գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը` գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ»:
Օրենսգրքի 407-րդ հոդվածի 2.2-րդ մասը՝ լրացվել, իսկ 414.2-րդ հոդվածը գործող խմբագրությամբ շարադրվել է «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-48-Ն ՀՀ օրենքով, որը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 10.06.2014 թվականին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել՝ 21.06.2014 թվականին և ուժի մեջ է մտել 03.07.2014 թվականին:
Օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը գործող խմբագրությամբ շարադրվել է «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-270-Ն ՀՀ օրենքով, որը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 26.10.2011 թվականին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել՝ 08.11.2011 թվականին և ուժի մեջ է մտել 21.11.2011 թվականին:
2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին.
2014 թվականի նոյեմբերի 14-ին ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման վարչության հետաքննության բաժնի հետաքննիչի որոշմամբ «Լեկմա Շուզ» ՍՊԸ-ի տնօրեն Ջ. Եղիազարյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը մերժվել է` հանցադեպի բացակայության պատճառաբանությամբ:
ՀՀ գլխավոր դատախազի 2015 թվականի մարտի 23-ի որոշմամբ վերացվել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին` վերը նշված որոշումը և հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասով:
2015 թվականի ապրիլի 13-ին Ջ. Եղիազարյանի ներկայացուցչի կողմից Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան /այսուհետ` դատարան/ բողոք է ներկայացվել, որով բողոքաբերը խնդրել է վերացնել ՀՀ գլխավոր դատախազի 2015 թվականի մարտի 23-ի որոշումը:
2015 թվականի մայիսի 4-ի որոշմամբ դատարանը վարույթ իրականացնող մարմնին պարտավորեցրել է վերացնել ՀՀ գլխավոր դատախազի 2015 թվականի մարտի 23-ի որոշմամբ թույլ տրված` Ջ. Եղիազարյանի իրավունքների և ազատությունների խախտումը:
Դատարանի 2015 թվականի մայիսի 4-ի որոշման դեմ դատախազի բերած վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի /այսուհետ` Վերաքննիչ դատարան/ 2015 թվականի հուլիսի 8-ի որոշմամբ մերժվել է:
Հիշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից բերված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը ՀՀ վճռաբեկ դատարանի /այսուհետ` Վճռաբեկ դատարան/ 2015 թվականի սեպտեմբերի 11-ի որոշմամբ մերժվել է:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և ՀՀ գլխավոր դատախազի դիմումների հիման վրա իր ՍԴՈ-1236 որոշմամբ Սահմանադրական դատարանը որոշել է.
«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 4-րդ մասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը՝ սույն որոշման մեջ սահմանադրական դատարանի կողմից բացահայտված սահմանադրաիրավական բովանդակության շրջանակներում:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի սահմանադրաիրավական բովանդակությունը հանգում է հետևյալին.
առաջին` այն դեպքերում, երբ հսկող դատախազը վերացրել է քրեական գործը կարճելու, քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը և քրեական դատավարության օրենսգրքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում տվել է կոնկրետ ցուցումներ կամ հանձնարարություններ, գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին նոր որոշում հնարավոր է կայացնել միայն իրավասու դատախազի կողմից տրված ցուցումների կամ հանձնարարությունների պարտադիր կատարման պարագայում,
երկրորդ՝ մինչդատական վարույթում հետաքննության մարմնից, քննիչից պահանջված նյութերը, փաստաթղթերը, քրեական գործը հսկողության նպատակով դատախազին տրամադրելու վերաբերյալ վերջինիս պահանջի կատարումը պետք է իրականացվի անհապաղ,
երրորդ` մինչդատական վարույթում դատախազական հսկողության շրջանակներում Սահմանադրությամբ և օրենքով ՀՀ գլխավոր դատախազին վերապահված լիազորությունների իրականացման արդյունքում ընդունված որոշումները պետք է դիտարկել որպես վերջնական և որևէ պայմանավորվածության մեջ չդնել հսկող դատախազի կողմից նման որոշում ընդունված կամ չընդունված լինելու հանգամանքի հետ»:
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որում, վկայակոչելով ՀՀ սահմանադրական դատարանի վերոհիշյալ որոշումը, որպես նոր հանգամանք, միջնորդել է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին 2015 թվականի սեպտեմբերի 11-ի որոշումը վերանայել, թիվ ԵԿԴ/0060/11/15 քրեական գործով դատարանի 2015 թվականի մայիսի 4-ի և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի 2015 թվականի հուլիսի 8-ի որոշումները բեկանել և կայացնել նոր դատական ակտ:
Վճռաբեկ դատարանի 2016 թվականի հունվարի 29-ի որոշմամբ նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վարույթի հարուցումը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1236 որոշման եզրափակիչ մասում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի սահմանադրաիրավական բովանդակությունը բացահայտելիս Սահմանադրական դատարանը վիճարկվող նորմին չի տվել այնպիսի մեկնաբանում, որ ՀՀ գլխավոր դատախազն իրավասու է յոթնօրյա ժամկետը լրանալուց հետո վեցամսյա ժամկետում, ի թիվս այլնի, այդ նորմում հստակ նշված մյուս որոշումների, վերացնել նաև քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը, ինչպես նաև չի արձանագրել, որ քննարկվող նորմը կիրառվել է այլ մեկնաբանությամբ:
3. Օրենսգրքի 407-րդ հոդվածի 2.2-րդ մասի 2-րդ կետի և 414.2-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի առնչությամբ դիմողը գտնում է, որ դրանք հակասում են ՀՀ Սահմանադրության /2015 թվականի փոփոխություններով/ 61-րդ, 63-րդ և 69-րդ և ՀՀ Սահմանադրության /2005 թվականի փոփոխություններով/ 93-րդ և 103-րդ հոդվածներին այնքանով, որքանով վճռաբեկ բողոք բերողին հնարավորություն չեն տալիս իր դիրքորոշումը հիմնավորելու համար վկայակոչել Սահմանադրական դատարանի որոշման այլ մասերում (բացի եզրափակիչ մասից) արտահայտված իրավական դիրքորոշումները:
Օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի առնչությամբ դիմողը գտնում է, որ այն հակասում է ՀՀ Սահմանադրության /2015 թվականի փոփոխություններով/ 61-րդ, 63-րդ և 69-րդ և ՀՀ Սահմանադրության /2005 թվականի փոփոխություններով/ 93-րդ և 103-րդ հոդվածներին՝ այնքանով, որքանով Սահմանադրական դատարանի որոշման այլ մասերում (բացի եզրափակիչ մասից) արտահայտված իրավական դիրքորոշումները չի համարում նոր հանգամանք:
Վիճարկվող նորմերի` ՀՀ Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 93-րդ հոդվածին ենթադրյալ անհամապատասխանությունը դիմողը հիմնավորում է Սահմանադրական դատարանի իրավական կարգավիճակի, Սահմանադրական դատարանի որոշումների կառուցվածքային ամբողջականության և Սահմանադրական դատարանի որոշումների իրավական բնույթի համատեքստում: Ըստ դիմողի`վիճարկվող դրույթները, դատավարական հետևանքների առաջացումը պայմանավորելով Սահմանադրական դատարանի որոշման բացառապես եզրափակիչ մասում սահմանված իրավական դիրքորոշումներով, սահմանափակում են Սահմանադրական դատարանի հետևությունների հիմքում դրված իրավական դիրքորոշումների, Սահմանադրական դատարանում վիճարկվող նորմի սահմանադրաիրավական բովանդակությունը բացահայտող մեկնաբանությունների իրավական նշանակությունը և դրանով իսկ բացառում դրանց դատավարական հետևանքները, որոնք արտահայտված են որոշման ոչ թե եզրափակիչ, այլ, օրինակ` նկարագրական-պատճառաբանական մասում:
Դիմողի կարծիքով, «…Սահմանադրական դատարանի որոշումներում արտահայտվող իրավական դիրքորոշումները, որոնք անբաժանելի են այդ որոշումների հետևություններից և ենթակա են գնահատման վերջիններիս հետ մեկ միասնության մեջ, կարող են արտահայտված լինել և առավելապես արտահայտվում են որոշման նկարագրական-պատճառաբանական մասում: Այդ դիրքորոշումների տեղակայումը որոշման որևէ հատվածում պատահական չէ: Իրավական դիրքորոշումները, որպես որոշման արդյունքում արձանագրվող հետևության պատճառաբանություններ, հատկապես պետք է արտահայտվեն որոշման նկարագրական-պատճառաբանական մասում: Ինչ վերաբերում է դրանք որոշման եզրափակիչ մասում շարադրելուն, ապա չբացառելով այդ հնարավորությունը, պետք է նշել, որ իրավական դիրքորոշումները իրենց բնույթով ու բովանդակային ծավալով շատ հաճախ չեն կարող տեղավորվել և ամբողջությամբ շարադրվել որոշման այդ մասում»:
Դիմողը նաև նշում է, որ «…սահմանադրական արդարադատության առարկայի ծավալով պայմանավորված` դատարանի վերլուծություններն ու դրանցում արտահայտվող կոնկրետ իրավական դիրքորոշումները, որոնք բոլոր դեպքերում ուղղված են սահմանադրաիրավական վեճի առարկան կազմող դրույթի սահմանադրաիրավական բովանդակության բացահայտմանը, կարող են վեճի առարկայի հետ ունենալ երկրորդային կապ, ինչը չի բացառում դրանց նշանակությունը դատարանի վերջնական հետևության հիմքում: Այլ կերպ ասած` սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների մի մասը կարող է անմիջականորեն պատճառաբանել նորմի` Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ դատարանի հետևությունները, իսկ մյուս մասը` ապահովելով վերլուծության համակարգային բնույթը, ընկած լինել ոչ թե անմիջականորեն դատարանի հետևությունների, այլ դրա առաջնային պատճառաբանությունների հիմքում: Երկրորդ խումբ իրավական դիրքորոշումներն իրենց այդ առանձնահատկությամբ պայմանավորված օրինաչափորեն չեն կարող տեղ գտնել որոշման եզրափակիչ մասում, բայց արժանի են կրկնության, դրանք պակաս նշանակություն չունեն վիճարկվող նորմի սահմանադրաիրավական բովանդակությունը բացահայտելու համար: Բոլոր դեպքերում սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների իրավական նշանակությունը պայմանավորված է բացառապես դրանց իրավաբանական բնույթով և չի կարող պայմանավորված լինել դրանց տեխնիկական տեղակայությամբ»:
Վիճարկվող նորմերի` ՀՀ Սահմանադրության /2015թ. փոփոխություններով/ 61-րդ, 63-րդ, 69-րդ հոդվածներին և ՀՀ Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 103-րդ հոդվածին ենթադրյալ անհամապատասխանությունը դիմողը հիմնավորում է այնպիսի փաստարկով, համաձայն որի՝ վիճարկվող դրույթները «…սահմանափակում են դատարանի մատչելիությունը առանց հիմնավոր, այսինքն` հասարակական կամ պետական պահանջմունքներով պայմանավորված անհրաժեշտության, նվազեցնում են իրավունքների դատական պաշտպանության արդյունավետությունը, սահմանափակում դատավճռի վերանայման իրավունքը և արդյունքում բովանդակազրկում սահմանադրական արդարադատության միջոցով իրավունքների պաշտպանության հնարավորությունը»:
Դիմողի գնահատմամբ՝ «…սահմանադրական դատարանի այնպիսի իրավական դիրքորոշման առկայության պայմաններում, որ իրավունքի նորմը անձի նկատմամբ կիրառվել է դրա սահմանադրաիրավական բովանդակությանը հակառակ մեկնաբանությամբ, այդ իրավունքների իրականացման սահմանափակումը բացառապես այն ձևական հիմնավորմամբ, որ նման դիրքորոշումն արտահայտվել է որոշման ոչ եզրափակիչ մասում», չի համապատասխանում այդ իրավունքների սահմանափակման չափանիշներին, չի բխում արդարադատության շահից և խաթարում է դրա էությունը:
Դիմողի կարծիքով, վիճարկվող դրույթներն անհարկի խոչընդոտներ են հարուցում անձի` Սահմանադրության վերոհիշյալ հոդվածներով ամրագրված իրավունքների իրացման համար նաև այն պատճառով, որ սահմանափակում են դրանց երաշխիքներից մեկի` դատական ակտերի բողոքարկման` դատախազության սահմանադրական լիազորության իրականացումը, և որպես պետական համակարգում ՀՀ դատախազության կարգավիճակի և նրա առջև դրված խնդիրների լուծման գործիքակազմի կարևոր բաղադրիչ՝ դատական ակտերի բողոքարկման սահմանադրական լիազորությունը չպետք է ենթարկվի չհիմնավորված և չարդարացված սահմանափակումների:
Ի հիմնավորումն իր վերոհիշյալ փաստարկների` դիմողը, մասնավորապես, վկայակոչում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի մի շարք դրույթներ, Սահմանադրական դատարանի և ՄԻԵԴ-ի կողմից արտահայտված մի շարք իրավական դիրքորոշումները, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի համապատասխան հանձնարարականում տեղ գտած դիրքորոշումներ:
4. Պատասխանող կողմը գտնում է, որ օրենսգրքի 407-րդ հոդվածի 2.2-րդ մասի 2-րդ կետի, 414.2-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 426.4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դրույթները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը:
Իր դիրքորոշումը պատասխանողը փաստարկում է նրանով, որ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-943 որոշման արդյունքում ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված 26.10.2011թ. ՀՕ-268-Ն և 26.10.2011թ. ՀՕ-270-Ն ՀՀ օրենքներով փոփոխություններ կատարվեցին համապատասխանաբար` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 12-րդ մասում և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում՝ այն տրամաբանությամբ, որ նոր հանգամանքներով վճռաբեկ բողոք բերելու հնարավորություն ընձեռվի նաև այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը, օրենքի դրույթը ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող, միաժամանակ որոշման եզրափակիչ մասում գտել է, որ այն դիմողի նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ:
Ըստ պատասխանողի` այս իմաստով «հենց եզրափակիչ մասում դրույթի սահմանադրաիրավական բովանդակության բացահայտում» ասելով` պետք է հասկանալ ոչ թե տվյալ նորմի և դրա կիրառության` Սահմանադրությանը համապատասխանության մասին Սահմանադրական դատարանի կողմից կատարված իրավական վերլուծությունը` ողջ ծավալով, այլ թեկուզ միայն այն նշումը, որը ցույց է տալիս Սահմանադրական դատարանի դիրքորոշումն առ այն, որ վիճարկվող նորմն ինքնին Սահմանադրությանը համապատասխանող լինելու պարագայում, այնուամենայնիվ, կոնկրետ գործի շրջանակներում դատարանը դրա գործնական կիրառության և մեկնաբանության մասով ունի վերապահումներ, որոնց մասին դատարանի կողմից ներկայացված իրավավերլուծությունը հետագայում պարտադիր է լինելու ինչպես այլ իրավակիրառողների, այնպես էլ վճռաբեկ դատարանի համար` այն որպես նոր հանգամանք դիտարկելու, անձի խախտված իրավունքների վերականգնման, ինչպես նաև տվյալ հարցի կապակցությամբ միասնական դատական պրակտիկա ապահովելու տեսանկյունից:
Պատասխանողի կարծիքով` Սահմանադրական դատարանի կողմից կոնկրետ գործի շրջանակներում արտահայտված դիրքորոշումը, որը համակողմանի և մանրամասն վերլուծության տեսքով շարադրվում է դատարանի որոշման նկարագրական-պատճառաբանական մասում և այդ մասին «հղում» է պարունակում որոշման եզրափակիչ մասում, բավարար է նոր հանգամանքի հիմքով վճռաբեկ բողոք բերելու համար:
Պատասխանողն ուշադրություն է հրավիրում նաև այն հանգամանքի վրա, որ, ի տարբերություն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքը Սահմանադրական դատարանի որոշումներն առանձին կառուցվածքային մասերի բաժանելու և դրանց առաջադրվող պահանջների վերաբերյալ որևէ իմպերատիվ դրույթ չի պարունակում, որպիսի պարագայում Սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասի դերը կընդգծվի բացառապես այն իմաստով, որ այն հնարավորություն է տալիս հստակորեն պատկերացում կազմել Սահմանադրական դատարանի վարույթում գտնված գործի ելքի վերաբերյալ և այդպիսով գնահատել կոնկրետ գործի շրջանակներում կամ կոնկրետ իրավունքի վերականգնման հետագա հնարավորությունները պարզելու տեսանկյունից որոշմանն ամբողջությամբ ծանոթանալու և գործի քննության ընթացքում Սահմանադրական դատարանի հայտնած դիրքորոշումներն ուսումնասիրելու անհրաժեշտությունը:
Վկայակոչելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 1-ին մասի 9.2-րդ կետը` պատասխանողը գտնում է, որ Սահմանադրական դատարանի կողմից կատարված ամրագրումը, համաձայն որի` «վիճարկվող նորմը Սահմանադրությանը հակասող և անվավեր չի ճանաչվում միայն Սահմանադրական դատարանի կողմից բացահայտված սահմանադրաիրավական բովանդակության շրջանակներում, բավարար է, որպեսզի համարենք, որ «Եզրափակիչ մասում բացահայտում է այդ դրույթի սահմանադրաիրավական բովանդակությունը» կանոնը պահպանված է, և այն դիտարկենք որպես վճռաբեկ բողոքարկման համար հիմք հանդիսացող նոր հանգամանք»:
5. Սույն գործով բարձրացված սահմանադրաիրավական վեճի շրջանակներում Սահմանադրական դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ հարցերին.
ա/ Հայաստանի Հանրապետությունում սահմանադրաիրավական զարգացումների ներկա տրամաբանության շրջանակներում ինչու՞մն են կայանում Սահմանադրական դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումների էությունն ու բովանդակությունը և դրանց նշանակությունն այդ որոշումների՝ որպես ամբողջական պաշտոնական փաստաթղթերի, պատշաճ իրավաընկալման և կիրառման տեսանկյունից,
բ/ Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումներով պայմանավորված իրավական հետևանքներն արդյո՞ք տարբեր են` կախված այդ դիրքորոշումների` Սահմանադրական դատարանի որոշման տարբեր մասերում ամրագրված լինելու ընթացակարգային /տեխնիկական/ հանգամանքից,
գ/ իրավակիրառ պրակտիկայում ինչպե՞ս են ընկալվում և իրացվում Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները որպես իրավունքի աղբյուր, որպես մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների անմիջական գործողության ու դրանց էության անխախտելիության սահմանադրական սկզբունքների, իրավունքի գերակայության և իրավական որոշակիության ապահովման երաշխիք:
6. Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում սկզբունքային անդրադարձ է կատարել Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների էության, բովանդակության, դրանց իրավաբանական ուժի ու դերի հարցերին: Մասնավորապես, ՍԴՈ-943 որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ.
- Սահմանադրական դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները «... կոչված են իրավակիրառական պրակտիկայում ապահովելու ՀՀ Սահմանադրության առավել ամբողջական և միակերպ ընկալումն ու սահմանադրական օրինականությունը, իրավակիրառական պրակտիկան նպատակամղելու նորմատիվ ակտերն իրենց սահմանադրաիրավական բովանդակությանը համապատասխան ընկալելու և կիրառելու ուղղությամբ: Որպես սահմանադրական իրավունքի կարևոր աղբյուր` դրանք սկզբունքային նշանակություն ունեն սահմանադրական դատարանի որոշումներից բխող օրինաստեղծ (նորմաստեղծ) գործունեության համար: Իր որոշումներում բացահայտելով օրենքի (դրա առանձին դրույթների) կամ այլ իրավական ակտերի նորմերի սահմանադրաիրավական բովանդակությունը` Սահմանադրական դատարանն արտահայտում է իրավական դիրքորոշումներ, որոնց հիման վրա էլ որոշում է տվյալ նորմերի կամ իրավական ակտի իրավաբանական ուժի հարցը՝ Սահմանադրությանը հակասելու դեպքում ճանաչելով այն անվավեր: Դրանով պայմանավորված` նաև առաջանում է այդ ակտով (նորմերով) նախկինում կարգավորվող իրավահարաբերության հետագա կարգավորման, հետևաբար՝ հանրային իշխանության իրավասու մարմնի իրավաստեղծ (օրինաստեղծ) գործունեության անհրաժեշտություն:
Ելնելով ՀՀ սահմանադրական դատարանի սահմանադրաիրավական կարգավիճակի ու իր կողմից ընդունվող որոշումների իրավաբանական ուժի և բնույթի առանձնահատկություններից` սահմանադրական դատարանը գտնում է, որ այդ որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները.
ա/ անմիջականորեն բխում են սահմանադրական դատարանի լիազորություններից, հետևաբար` կրում են պաշտոնական բնույթ,
բ/ ունեն կոնկրետ իրավական հետևանք, հասցեագրված են ինչպես տվյալ գործով կոնկրետ, այնպես էլ հանրային-իրավական հարաբերությունների բոլոր սուբյեկտներին (համընդգրկուն են),
գ/ ունեն գործողության անսահմանափակ ժամկետ, կարող են փոփոխվել միայն սահմանադրական դատարանի որոշումներով,
դ/ կոչված են ՀՀ իրավահամակարգում և իրավակիրառական պրակտիկայում նպաստելու իրավական անորոշության վերացմանը, դրվում են իրավահարաբերությունների սահմանադրականացման հիմքում, ունեն նախադեպային բնույթ,
ե/ մինչև վեճի առարկա հարաբերության նորմատիվ կարգավորումը, որոշ դեպքերում նաև իրավակարգավորման ժամանակավոր միջոց են,
զ/ ՀՀ Սահմանադրության նորմերի պաշտոնական մեկնաբանություններ են»:
Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում բազմիցս անդրադարձել է նաև օրինաստեղծ և իրավակիրառական պրակտիկայում Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների անվերապահ և հետևողական իրացման խնդիրներին (ՍԴՈ-765, ՍԴՈ-815, ՍԴՈ-833, ՍԴՈ-873, ՍԴՈ-966, ՍԴՈ-1192, ՍԴՈ-1254 և այլն):
Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերը նշված իրավական դիրքորոշումները կիրառելի են նաև սույն գործով վեճի առարկա իրավակարգավորման առնչությամբ:
Անդրադառնալով Սահմանադրական դատարանի որոշման տարբեր մասերում իրավական դիրքորոշումների տեղակայված լինելու և այդ դիրքորոշումներից բխող իրավական հետևանքների միջև կապի խնդրին՝ Սահմանադրական դատարանը հարկ է համարում նշել, որ այդ կապակցությամբ ևս արտահայտել է սկզբունքային իրավական դիրքորոշում, համաձայն որի. «Սահմանադրական դատարանի որոշումները պետք է ընկալվեն նաև իրենց կառուցվածքային ամբողջության մեջ (նախաբան, նկարագրական-պատճառաբանական և եզրափակիչ մասեր)՝ ապահովելու այդ որոշումներով առաջադրված իրավակարգավորման բովանդակության, սկզբունքների ու առանձնահատկությունների, ինչպես նաև դրանցից բխող օբյեկտիվ և սուբյեկտիվ վարքագծի կանոնների իրացման հստակությունը: Այդ խնդրի իրագործմանն են միտված հատկապես Սահմանադրական դատարանի որոշումների նկարագրական-պատճառաբանական մասում արտահայտված իրավական դիրքորոշումները, որոնցում, որպես կանոն, բովանդակվում են սահմանադրական դատարանին հասցեագրված դիմումների առարկայի (բարձրացված հարցերի, սահմանադրաիրավական վեճերի) իրավավերլուծության արդյունքում դատարանի կողմից արված և որոշման եզրափակիչ մասի հիմքում դրված եզրահանգումները, որոնց էության և բովանդակության անտեսման դեպքում չի կարող երաշխավորվել դատարանի որոշման կատարումը» /ՍԴՈ-943/:
Վերոհիշյալ իրավական դիրքորոշման հաշվառմամբ՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Սահմանադրական դատարանի` իրավանորմի սահմանադրաիրավական բովանդակությունը բացահայտող իրավական դիրքորոշման իրավական հետևանքը պայմանավորված չէ տվյալ իրավական դիրքորոշման` Սահմանադրական դատարանի որոշման այս կամ այն մասում ամրագրված լինելու փաստով: «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Սահմանադրական դատարանի գործով ըստ էության ընդունված որոշումները պարտադիր են բոլոր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց համար` Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում»։ Բացի դրանից, Սահմանադրական դատարանի որոշման, որպես պաշտոնական ամբողջական փաստաթղթի իրավաբանական ուժի առանձնահատկությունը, որպես նաև ՀՀ Սահմանադրության 102-րդ հոդվածը՝ իր սահմանադրաիրավական բովանդակությանը համապատասխան ընկալելու և կիրառելու երաշխիք, մանրամասնված է նաև «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածում: Հիշյալ նորմատիվ կարգավորումների հիմքում դրված է իրավական այն սկզբունքը, համաձայն որի՝ որպես իրավական հետևանքներ առաջացնող պաշտոնական փաստաթուղթ, պետք է առաջնորդվել ոչ թե միայն Սահմանադրական դատարանի որոշման կառուցվածքային մաս հանդիսացող այս կամ այն դրույթով, կամ՝ բացառապես եզրափակիչ մասով, այլ ողջ որոշմամբ, հիմք ընդունելով վերջինիս ինչպես եզրափակիչ, այնպես էլ պատճառաբանական մասերում արտահայտված իրավական դիրքորոշումները: Սահմանադրական դատարանը գտնում է, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 12-րդ մասի սահմանադրաիրավական բովանդակությունից չի բխում այնպիսի իրավաընկալում, համաձայն որի՝ կատարման է ենթակա Սահմանադրական դատարանի որոշման միայն եզրափակիչ մասը: Միաժամանակ, ՀՀ Սահմանադրության (2015թ. փոփոխություններով) 5-6-րդ, 167-170-րդ հոդվածների և ՀՀ Սահմանադրության (2005թ. փոփոխություններով) 100-102-րդ հոդվածների պահանջներից չի բխում որևէ նորմատիվ ակտով Սահմանադրական դատարանի որոշման իրավաբանական ուժի այլ առանձնահատկություն սահմանելը:
Հիշյալ համատեքստում Սահմանադրական դատարանն անթույլատրելի է համարում բողոքարկման հիմքում Սահմանադրական դատարանի որոշման պատճառաբանական մասում արտահայտված իրավական դիրքորոշումների և վիճարկվող դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու հնարավորության շրջանակներում անտեսումը:
ՀՀ սահմանադրական դատարանն իր որոշումների կատարման վիճակի վերաբերյալ գրեթե բոլոր տարեկան հաղորդումներում անդրադարձել է հիշյալ հիմնախնդրին՝ նշելով, որ Սահմանադրական դատարանի որոշումների պատշաճ կատարումն իրավական անվտանգության ապահովման երաշխիք է և կարևորել, որ օրենսդրորեն անհրաժեշտ է ապահովել, որպեսզի պետական մարմինները և պաշտոնատար անձինք Սահմանադրական դատարանի որոշումների կատարումը երաշխավորեն դրանց ամբողջության մեջ, հաշվի առնելով ոչ միայն որոշման եզրափակիչ, այլև պատճառաբանական մասում շարադրված իրավական դիրքորոշումները, որոնք սահմանադրական իրավունքի աղբյուր են և իրենց բնույթով հանդիսանում են սահմանադրական դրույթների պաշտոնական մեկնաբանություններ։ Սահմանադրաիրավական նման մոտեցում է դրսևորվում ՀՀ Ազգային ժողովի կողմից միջազգային պայմանագրերի վավերացման հարցերով ընդունվող որոշումներում, որոնցում շեշտվում են ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները:
Էական է նաև այն հանգամանքը, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներում տվյալ դատարանի նախադեպային իրավունք համարվող իրավական դիրքորոշումները նույնպես հիմնականում ամրագրվում են վճռի պատճառաբանական մասում և պարտադիր պետք է հաշվի առնվեն իրավական պրակտիկայում:
7. Կարևորելով քննության առարկա հիմնախնդիրը նաև 2015թ. սահմանադրական փոփոխությունների համատեքստում՝ ՀՀ սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ ինչպես սահմանադրագիտության, այնպես էլ սահմանադրական արդարադատության զարգացման միջազգային պրակտիկայում Սահմանադրական դատարանի որոշումներն այլևս չեն ընկալվում որպես սոսկ իրավական ակտերի սահմանադրականությունը կամ հակասահմանադրականությունն արձանագրող փաստաթղթեր, այլ առավելապես շեշտադրվում են վերջիններիս նախադեպային բնույթը, միասնական սահմանադրական դոկտրինայի ձևավորման ու Սահմանադրության և օրենսդրության զարգացման կարևորագույն աղբյուր հանդիսանալու հանգամանքը։
Իրավական դիրքորոշումները Սահմանադրական դատարանի ընդհանուր բնույթի իրավական եզրահանգումների ամբողջություն են, որոնք հանդես են գալիս որպես դատարանի կողմից իր լիազորությունների շրջանակներում ընդունված որոշումներով Սահմանադրության մեկնաբանման և օրենքների ու այլ նորմատիվ ակտերի դրույթների սահմանադրաիրավական բովանդակության բացահայտման արդյունք, դրանով իսկ վերացնելով դրանց իրավաընկալման անորոշությունը և վերջինով պայմանավորված` իրավակիրառական պրակտիկայի հնարավոր հակասահմանադրականությունը։
Սահմանադրական դատարանը միաժամանակ արձանագրում է, որ «իրավական դիրքորոշում» եզրույթի բովանդակությունը հստակեցված չէ ՀՀ օրենսդրությամբ։ Սակայն հարկ է համարում նշել, որ սահմանադրական արդարադատության պրակտիկայի շրջանակներում իրականացվել է քննարկվող իրավական հասկացության առանձնահատկությունների վերլուծություն։ Մասնավորապես, ՀՀ սահմանադրական դատարանն իր՝ 18 հոկտեմբերի 2006թ. ՍԴՈ-652 որոշմամբ արձանագրել է, որ «Սահմանադրական դատարանին է Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով իրավասություն վերապահված Սահմանադրության դրույթների վերաբերյալ վերջնական իրավական դիրքորոշում ներկայացնել՝ նորմատիվ ակտերի սահմանադրականությունը գնահատելիս։ Այդ իրավական դիրքորոշումների բովանդակությունը սահմանադրական նորմի պաշտոնական մեկնաբանությունն է»: Իսկ, ՍԴՈ-674 որոշմամբ Սահմանադրական դատարանն առանձնահատուկ կարևորել է վերոհիշյալ ՍԴՈ-652 որոշման պատճառաբանական մասում արտահայտված իրավական դիրքորոշումների կատարման անհրաժեշտությունը (5-րդ կետ):
Այսպիսով, ՍԴՈ-652 որոշմամբ Սահմանադրական դատարանն իր դիրքորոշումների իրավական բովանդակությունը սահմանափակել է սահմանադրական նորմի պաշտոնական մեկնաբանության շրջանակներով, արձանագրելով, որ Սահմանադրական դատարանն իր որոշման մեջ Սահմանադրության նորմի իրավական բովանդակության բացահայտման կամ օրենքի նորմի սահմանադրական բովանդակության բացահայտման միջոցով ձևակերպում է իր իրավական դիրքորոշումը, որը պարտադիր բնույթ ունի ինչպես իրավակիրառողների, այնպես էլ իրավաստեղծ բոլոր մարմինների համար։ Հետևաբար, Սահմանադրության մեկնաբանման, վիճարկվող իրավանորմի (նորմատիվ ակտի) սահմանադրաիրավական բովանդակության բացահայտման նպատակով իրավավերլուծությունը և համապատասխան եզրահանգումներն օբյեկտիվորեն հիմնավորվում ու շարադրվում են Սահմանադրական դատարանի որոշման ոչ միայն եզրափակիչ, այլ՝ հատկապես պատճառաբանական մասում, տրամաբանորեն միասնական ու համակարգված ձևով ապահովելով դրանց որոշակիությունն ու միակերպ ընկալումը:
ՀՀ սահմանադրական դատարանի 25 փետրվարի 2011թ. ՍԴՈ-943 որոշումն առանցքային նշանակություն ունի «իրավական դիրքորոշումներ» հասկացության բովանդակության, բնույթի ու առանձնահատկությունների իրավավերլուծության, ինչպես նաև դրանց իրավաբանական ուժի, իրավահամակարգում ունեցած դերի և նորմաստեղծ նշանակության խնդիրների լիարժեք լուծման տեսանկյունից։ Հիշյալ որոշումը նույնպես քննարկվող հասկացության առանձնահատկություններից մեկը դիտարկում է այն, որ դրանք ՀՀ Սահմանադրության նորմերի պաշտոնական մեկնաբանություններ են, սակայն, միևնույն ժամանակ, իրավական դիրքորոշումների բովանդակության առնչությամբ արձանագրում է, որ «Դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները, որպես կանոն, բովանդակում են տվյալ գործի լուծման հիմքում դրված իրավական այնպիսի չափորոշիչներ, որոնք վերաբերում են.
- ՀՀ Սահմանադրության նորմերի, միջազգային պայմանագրերում ամրագրված պարտավորությունների, օրենքների, ինչպես նաև օրենսդրության այլ ակտերի (ՀՀ Սահմ. 100-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետեր) սահմանադրաիրավական բովանդակության բացահայտմանը, դրանց սահմանադրական արժեբանությունից բխող ընկալմանն ու կիրառմանը, մարդու սահմանադրական իրավունքների անմիջական գործողության երաշխավորմանը, այդ ամենի արդյունքում՝ վիճարկվող նորմի (իրավական ակտի) սահմանադրականությունը գնահատելուն,
- իրավակիրառական (այդ թվում՝ արդարադատական) պրակտիկան գնահատելուն և այդ պրակտիկայում ՀՀ Սահմանադրության նորմերը, օրենքները և իրավական այլ ակտերն իրենց սահմանադրաիրավական բովանդակությանը համապատասխան կիրառելու անհրաժեշտությանը,
- սահմանադրաիրավական նշանակություն ունեցող խնդիրների լուծմանն ու փաստերին գնահատական տալուն»։
Ակնհայտ է, որ նշված որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանն առավել ամբողջական է ներկայացրել «իրավական դիրքորոշում» հասկացության բովանդակությունը՝ վերջինիս շրջանակներում, բացի սահմանադրական դրույթների պաշտոնական մեկնաբանությունից, ընդգրկելով նաև հիշյալ իրավական չափորոշիչները։
Հետևաբար, Սահմանադրական դատարանը գտնում է, որ «Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշում» հասկացության էությունն օրենսդրորեն հանգեցնելով միայն Սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասում ամփոփված եզրահանգմանը, իմաստազրկվում են Սահմանադրության գերակայության երաշխավորման գործառույթն ընդհանրապես և Սահմանադրական դատարանի որոշումների` որպես իրավունքի աղբյուր հանդիսանալու հանգամանքը` մասնավորապես: Հակառակ պարագայում Սահմանադրական դատարանը պետք է ստիպված լինի տվյալ որոշման շրջանակներում իր բոլոր իրավական դիրքորոշումները տեղափոխել որոշման եզրափակիչ մաս, ինչն իրավական առումով անընդունելի է:
8. Միջազգային սահմանադրաիրավական պրակտիկան նույնպես վկայում է, որ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումներն արտահայտվում են որոշման ինչպես պատճառաբանական, այնպես էլ եզրափակիչ մասերում։
Ավելին, սահմանադրական արդարադատության ժամանակակից պրակտիկան վկայում է, որ սահմանադրական դատարանի որոշումների եզրափակիչ մասում հաճախ արձանագրվում է ոչ միայն իրավական ակտի՝ Սահմանադրությանը համապատասխանելու կամ չհամապատասխանելու հանգամանքը, այլև ամրագրվում են դատարանի այլ եզրահանգումներ։ Ակնհայտ է, որ դրանք ինքնին ներկայացնում են հիշյալ մարմնի վերաբերմունքը կոնկրետ սահմանադրաիրավական հիմնախնդիրների առնչությամբ: Քննարկվող հանգամանքն առավել ընդգծվում է ՀՀ սահմանադրական դատարանի այն որոշումներում, որոնց շրջանակներում սահմանադրական արդարադատությունն իրականացնող մարմինը, վիճարկվող ակտը ճանաչելով Սահմանադրությանը հակասող, հետաձգում է այդ ակտի իրավաբանական ուժը կորցնելը։ Տվյալ պարագայում դատարանն արտահայտում է իր վերաբերմունքը կոնկրետ սահմանադրաիրավական հիմնախնդրի հնարավոր լուծման առնչությամբ, ընդ որում՝ այդ հանգամանքն իր արտահայտությունն է գտնում որոշման սոսկ եզրափակիչ մասում։
Սահմանադրական դատարանի որոշումների պատշաճ կատարումը երաշխավորելու համար անհրաժեշտ է օրենսդրորեն հստակ ապահովել, որպեսզի հանրային իշխանության մարմինները և պաշտոնատար անձինք Սահմանադրական դատարանի որոշումների կատարումը երաշխավորեն դրանց ամբողջության մեջ, հաշվի առնելով ոչ միայն որոշման եզրափակիչ մասը, այլև պատճառաբանական մասում շարադրված իրավական դիրքորոշումները, որոնք սահմանադրական իրավունքի աղբյուր են և իրենց բնույթով հանդիսանում են սահմանադրական դրույթների պաշտոնական մեկնաբանություն։
Սահմանադրական դատարանը 25 փետրվարի 2011թ. ՍԴՈ-943 որոշման մեջ արձանագրել է նաև, որ վիճարկվող ակտը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելիս Սահմանադրական դատարանը հաճախ մեկնաբանելով վիճարկվող իրավանորմերը՝ բացահայտում է դրանց սահմանադրաիրավական բովանդակությունը՝ շարադրելով որոշման եզրափակիչ մասում՝ ճանաչելով այդ նորմերի համապատասխանությունը Սահմանադրությանը կամ համապատասխանությունը Սահմանադրությանը՝ իրավական որոշակի դիրքորոշումների շրջանակում, կամ իր որոշմամբ բացահայտված սահմանադրաիրավական բովանդակության շրջանակներում, դրանցով իսկ մատնանշելով.
- իրավական այն սահմանները, որոնց շրջանակներում պետք է ընկալվի և կիրառվի տվյալ նորմը,
- իրավական այն սահմանները, որոնց շրջանակներից դուրս կիրառվող կամ մեկնաբանվող տվյալ նորմը կհանգեցնի հակասահմանադրական հետևանքների,
- սահմանադրաիրավական այն չափորոշիչները, որոնց հիման վրա հանրային իշխանության իրավասու մարմինը պարտավոր է ապահովել տվյալ նորմի լիարժեք կիրառման լրացուցիչ իրավակարգավորումներ։
Հետևաբար, Սահմանադրական դատարանի որոշումն անհնար է լիարժեք կատարել առանց վերը նշված իրավական դիրքորոշումները հաշվի առնելու, ինչն իր հերթին ենթադրում է, որ պարտադիր կատարման են ենթակա Սահմանադրական դատարանի որոշման ոչ միայն եզրափակիչ, այլ նաև պատճառաբանական մասում արտահայտված իրավական դիրքորոշումները։
Ի կատարումն ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-943 որոշման՝ օրենսդիրը 26 հոկտեմբերի 2011թ. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 8-րդ մասում կատարեց լրացում, նախատեսելով, որ Սահմանադրական դատարանը կարող է ընդունել ոչ միայն վիճարկվող ակտը կամ դրա վիճարկվող դրույթը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու և վիճարկվող ակտն ամբողջությամբ կամ մասամբ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու մասին որոշումներ, այլ նաև վիճարկվող ակտը կամ դրա վիճարկվող դրույթը՝ Սահմանադրական դատարանի որոշմամբ բացահայտված սահմանադրաիրավական բովանդակությամբ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշում։ Ավելին, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 12-րդ մասով սահմանվեց, որ հիշյալ հոդվածում նշված գործերով՝ դիմողի նկատմամբ կիրառված օրենքի դրույթը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելու դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ սահմանադրական դատարանը, որոշման եզրափակիչ մասում բացահայտելով օրենքի դրույթի սահմանադրաիրավական բովանդակությունը, այն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող և միաժամանակ գտել է, որ այդ դրույթը նրա նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ, դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով uահմանված կարգով:
2015 թվականի սահմանադրական փոփոխությունների արդյունքում վերոհիշյալ իրավակարգավորումները հստակ սահմանադրական ամրագրում ստացան: Համաձայն ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի՝ յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով իրավունք ունի դիմել Սահմանադրական դատարան, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Ակնհայտ է, որ Սահմանադրական դատարանին է վերապահվում «իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության» սահմանադրաիրավական բովանդակության գնահատումը` դրա վերաբերյալ արտահայտելով կոնկրետ իրավական դիրքորոշումներ:
Հետևաբար, Սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենսդրական կարգավորումների գլխավոր խնդիրներից պետք է լինի համակարգային ամբողջականության մեջ երաշխիքների ստեղծումը՝ Սահմանադրական դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումների կատարման լիարժեք համակարգ ձևավորելու համար, ինչը պարտադիր է Սահմանադրության պահանջների կատարման տեսանկյունից:
9. Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ վիճարկվող նորմը Սահմանադրական դատարանի որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանակներում Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու հանգամանքն իրավական համարժեք լուծումներով առկա է նաև մի շարք այլ պետությունների, այդ թվում, օրինակ, Գերմանիայի, Լիտվայի, ՌԴ-ի, Սլովենիայի, Իսպանիայի, Հունգարիայի, Բոսնիայի և Հերցեգովինայի սահմանադրական դատարանների գործունեության պրակտիկայում։ Հիշյալ բոլոր դատարանների համար ընդհանուր է այն, որ որոշման մեջ ներկայացված մեկնաբանությունը պարտադիր է դառնում հանրային իշխանության բոլոր մարմինների համար։ Այդ առումով ուշադրության է արժանի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով)՝ հիմնախնդրին առնչվող դիրքորոշումը, համաձայն որի՝ «Հստակ օրենսդրական, իսկ լավագույն դեպքում սահմանադրական կարգավորումը, որը կպարտավորեցնի այլ պետական մարմիններին, այդ թվում՝ դատարաններին, հետևելու Սահմանադրական դատարանի կողմից տրված սահմանադրական մեկնաբանությանը, հստակություն կմտցնի սահմանադրական և ընդհանուր դատարանների հարաբերություններում և կարող է հիմք հանդիսանալ անհատների համար՝ պահանջելու իրենց իրավունքների դատական պաշտպանություն» /CDL-AD(2010)039rev, Study on Individual Access to Constitutional Justice, Adopted by the Venice Commission at its 85th Plenary Session (Venice, 17-18 December 2010)/:
10. Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել նաև, որ իրավանորմի սահմանադրաիրավական բովանդակությունը բացահայտող իրավական դիրքորոշմամբ պայմանավորված իրավական հետևանքները նոր հանգամանքի հետ չկապված վճռաբեկ բողոքը հիմնավորելու և վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու քրեադատավարական ինստիտուտներն անմիջականորեն առնչվում են ՀՀ Սահմանադրության (2015թ. փոփոխություններով) 1, 3, 61 և 63-րդ հոդվածներով ամրագրված սահմանադրական դրույթների երաշխավորման, 75-րդ հոդվածում ամրագրված` այդ իրավունքների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր սահմանելու, ինչպես նա և 79-րդ հոդվածում ամրագրված` իրավական որոշակիության սկզբունքի արդյունավետ իրացման հարցերին:
Ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ վեճի առարկա հոդվածներում Վճռաբեկ դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների առնչությամբ նրանց կողմից ընդունվող ակտերի միայն եզրափակիչ մասին վերաբերող որևէ սահմանափակում չի նախատեսվում: Դրանք որպես իրավունքի աղբյուր՝ իրենց իրավակարգավորիչ նշանակությամբ դիտարկվում են ակտի ամբողջականության մեջ:
Այս կապակցությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն գործով վիճարկվող օրենսգրքի 407-րդ հոդվածի 2.2-րդ մասի 2-րդ կետով, 414.2-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով Սահմանադրական դատարանի որոշման միայն եզրափակիչ մասում ամրագրված` իրավանորմի սահմանադրաիրավական բովանդակությունը բացահայտող իրավական դիրքորոշումներին համապատասխան իրավական հետևանք վերապահելը չի բխում ՀՀ Սահմանադրության (2015թ. փոփոխություններով) 1, 3, 4, 61, 63, 75, 79 և 80-րդ հոդվածների և ՀՀ Սահմանադրության (2005թ. փոփոխություններով) 93-րդ հոդվածի պահանջներից:
Քննության առարկայի վերաբերյալ համանման տեսակետ է արտահայտել նաև ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչը` 13.03.2017թ. թիվ 05/3793-17 գրությամբ ՀՀ սահմանադրական դատարան ներկայացրած իր դիրքորոշման մեջ:
Նման իրավական դիրքորոշման տեսանկյունից խնդիրն առավել կարևոր ու հրատապ կդառնա 2015թ. փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 7-րդ գլուխն ուժի մեջ մտնելուց հետո, երբ ՀՀ վճռաբեկ դատարանի համար առաջնահերթ խնդիր կհանդիսանա Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջի անվերապահ կատարումը` վերացնելով մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները:
Ինչ վերաբերում է նոր հանգամանքի հետ կապված վճռաբեկ բողոքին, ապա Սահմանադրական դատարանը հիմնավոր է համարում սույն գործով վիճարկվող օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում ամրագրված իրավակարգավորումը որպես ՀՀ դատախազության սահմանադրական գործառույթներն արդյունավետ կատարելու խոչընդոտ հանդիսանալու վերաբերյալ դիմող կողմի փաստարկները:
Այդ կապակցությամբ Սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ գլխավոր դատախազը կամ նրա տեղակալներն ի կատարումն ՀՀ դատախազության սահմանադրաիրավական լիազորությունների` նոր հանգամանքի հիմքով դատական ակտը վերանայելու բողոք կարող են բերել անկախ Սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասում իրավանորմի` այլ մեկնաբանությամբ կիրառված լինելու վերաբերյալ նշում պարունակելու հանգամանքից` վեճի առարկա նորմի առնչությամբ Սահմանադրական դատարանի կողմից բացահայտված սահմանադրաիրավական բովանդակության շրջանակներում, առավել ևս, երբ որոշման պատճառաբանական մասում արձանագրվում է, որ իրավանորմի նման մեկնաբանությամբ կիրառումը հանգեցնում է մարդու իրավունքների ոտնահարման կամ չի երաշխավորում դրանց անմիջական գործողությունը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 1-ին կետով, 101-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 63, 64 և 71-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի 2.2-րդ մասի 2-րդ կետի և 414.2-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում «եզրափակիչ մասում» բառակապակցությունները ճանաչել ՀՀ Սահմանադրության /2015թ. փոփոխություններով/ 1-ին, 3, 4, 61, 63, 75, 79 և 80-րդ հոդվածների և ՀՀ Սահմանադրության /2005թ. փոփոխություններով/ 93-րդ հոդվածի պահանջներին հակասող և անվավեր, քանի որ իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված բովանդակության շրջանակներում նման ձևակերպման առկայությունը նոր հանգամանքի հետ չկապված վճռաբեկ բողոք բերելիս վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեցող անձին հնարավորություն չի տալիս իր դիրքորոշումը հիմնավորելու համար վկայակոչել Սահմանադրական դատարանի որոշման այլ մասերում (բացի եզրափակիչ մասից) արտահայտված` իրավանորմի սահմանադրաիրավական բովանդակությունը բացահայտող իրավական դիրքորոշումները, ինչը հաշվի պետք է առնվի բողոքը քննելիս:
2. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ «կամ այն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը` գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ» դրույթում «եզրափակիչ մասում» բառակապակցությունը ճանաչել ՀՀ Սահմանադրության /2005թ. փոփոխություններով/ 93-րդ և 103-րդ հոդվածներին հակասող և անվավեր այնքանով, որքանով դրա առկայության պայմաններում ՀՀ գլխավոր դատախազի կամ նրա տեղակալների կողմից օրենքով սահմանված կարգով նոր հանգամանքի հիմքով բերված վճռաբեկ բողոքի շրջանակներում Սահմանադրական դատարանի որոշման պատճառաբանական մասում ամրագրված` իրավանորմի սահմանադրաիրավական բովանդակությունը բացահայտող իրավական դիրքորոշումները դատական պրակտիկայում հիմք չեն ընդունվում բողոքի ընդունելության և քննության շրջանակներում:
3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
28 մարտի 2017 թվականի ՍԴՈ-1359 |
|