«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 հունվարի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 05017020
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
20 դեկտեմբերի 2016 թ.
թիվ 243-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի ԹԻՎ 16-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով օպտիմալացնել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆինանսական կազմակերպությունների շուրջօրյա հրդեհի ազդարարման ինքնաշխատ համակարգերի նկատմամբ կիրառվող պահանջները,
հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 7-րդ մասը, 36-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-ի ««Ներդրումային ընկերությունների գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ընկերությունների և օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, ներդրումային ընկերությունների կողմից ներկայացվող գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները, բանկի, վարկային կազմակերպության կողմից ներդրումային ծառայությունների մատուցման մասին տեղեկացումը» Կանոնակարգ 4/01-ը հաստատելու մասին» թիվ 16-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ընկերությունների գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ընկերությունների և օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, ներդրումային ընկերությունների կողմից ներկայացվող գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները, բանկի կողմից ներդրումային ծառայությունների մատուցման մասին տեղեկացումը» Կանոնակարգ 4/01-ում կատարել հետևյալ փոփոխությունը.
1) Կանոնակարգ 4/01-ի 113-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) հրդեհի ազդարարման ինքնաշխատ և անվտանգության ահազանգման շուրջօրյա գործուն համակարգ, որի էլեկտրասնուցումը կատարվում է տարբեր աղբյուրներից, որոնցից մեկը կարող է լինել տեղային (լոկալ): Ընդ որում, հրդեհի ազդարարման ինքնաշխատ շուրջօրյա համակարգը պետք է տեղադրված լինի ներդրումային ընկերության ամբողջ տարածքում և ներդրումային ընկերության գլխամասի համար միացված լինի Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնի «911» ծառայությանը, ինչպես նաև ներդրումային ընկերության գլխամասի և մասնաճյուղերի տարածքում պետք է տեղադրված լինեն պիտանելիության ժամկետում գտնվող կրակմարիչներ ըստ տարածքի մակերեսի: Անվտանգության ահազանգման շուրջօրյա համակարգը պետք է տեղադրված լինի առնվազն բոլոր արտաքին դռներին և պատուհաններին և միացված լինի ոստիկանության կամ արտոնագրված պահակախմբի համակարգին` հիմնավորված համապատասխան փաստաթղթերով: Եթե ներդրումային ընկերությունը կամ ներդրումային ընկերության մասնաճյուղերը գտնվում են ներքին շուրջօրյա պահակային (անվտանգության) ծառայություն կամ անվտանգության ահազանգման շուրջօրյա համակարգ ունեցող տարածքներում, ապա ներդրումային ընկերության կամ ներդրումային ընկերության մասնաճյուղի տարածքի անվտանգության ահազանգման շուրջօրյա համակարգը պետք է միացված լինի շուրջօրյա պահակային (անվտանգության) ծառայությանը կամ անվտանգության ահազանգման շուրջօրյա համակարգին` հիմնավորված համապատասխան փաստաթղթերով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Ջավադյան |
2016 թ. դեկտեմբերի 22 Երևան |