ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 մարտի 2017 թվականի N 242-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 275-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» N 275-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ կետով.
«5. Սույն որոշման N 2 հավելվածի 4-րդ կետի 7-րդ ենթակետը գործում է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ:».
2) որոշման N 2 հավելվածի 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7-րդ ենթակետով.
«7) նոր ծնված երեխայի մեկ տարին լրանալու ամսվան հաջորդող ամսվանից՝ ցանկացած բանկային հաշվի փոխանցելու միջոցով պարբերական վճարումներ կատարելով, բայց ոչ ավելի, քան ամսական 25000 դրամը:»:
2. Որոշման N 2 հավելվածի 4-րդ կետի 7-րդ ենթակետով սահմանված կարգով ընտանեկան դրամագլուխը տնօրինելու համար ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձը բանկին ներկայացնում է դիմում:
3. Բանկը մերժում է դիմումը, եթե դիմողը ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձ չէ:
4. Բանկը դիմումի հիման վրա ընտանեկան դրամագլխից գումարը փոխանցում է ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի ներկայացրած բանկային հաշվին ոչ ուշ, քան դիմում ներկայացնելուն հաջորդող 3-րդ աշխատանքային օրը:
5. Որոշման N 2 հավելվածի 4-րդ կետի 7-րդ ենթակետով սահմանված կարգով ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունքը ծագում է նոր ծնված երեխայի մեկ տարին լրանալու ամսվան հաջորդող ամսվանից, բայց ոչ ավելի վաղ, քան`
1) 2017 թվականի հունվարի 1-ից, եթե դիմումը ներկայացվում է մինչև 2017 թվականի ապրիլի 1-ը.
2) դիմելու ամսվա 1-ից՝ եթե դիմումը ներկայացվում է 2017 թվականի ապրիլի 1-ից հետո:
6. Որոշման N 2 հավելվածի 4-րդ կետի 7-րդ ենթակետով սահմանված կարգով ընտանեկան դրամագլուխը տնօրինելու համար 2017 թվականի դեկտեմբերի 30-ից հետո ներկայացված դիմումներն առոչինչ են:
7. Սույն որոշման 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերը գործում են մինչև 2017 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2017 թ. մարտի 14 Երևան
Հայաստանի Հանրապետության
վարչապետԿ. Կարապետյան