ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հունիսի 2017 թվականի N 718-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 18-ի N 677-Ն որոշման 2-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի կառավարման խորհրդի աշխատակարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. հունիսի 26 Երևան |
Հավելված |
Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի (այսուհետ՝ տեսչական մարմին) կառավարման խորհուրդը (այսուհետ` խորհուրդ) տեսչական մարմնի կառավարման համակարգում գործող կոլեգիալ մարմին է:
2. Խորհուրդը կազմված է տասն անդամից:
3. Խորհրդի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը (նախարարի տեղակալը), Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը (նախարարի տեղակալը), Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացուցիչը, Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ներկայացուցիչը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ներկայացուցիչը, առողջապահության բնագավառում քաղաքացիների կամ սպառողների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպության ներկայացուցիչը, առողջապահության բնագավառում գործունեություն իրականացնող գործարար միավորումների ներկայացուցիչը և առողջապահության բնագավառի գիտական կազմակերպությունների երկու ներկայացուցիչ:
4. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, Հայաստանի Հանրապետության օրենքներին, այլ իրավական ակտերին և սույն աշխատակարգին համապատասխան:
5. Խորհրդի լիազորությունները սահմանվում են «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենքներով:
6. Խորհուրդը նախագահում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը (նախարարի տեղակալը) կամ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը (նախարարի տեղակալը) ռոտացիոն կարգով՝ հաջորդաբար տարին մեկ պարբերականությամբ:
7. Խորհրդի նախագահը`
1) վարում է խորհրդի նիստերը.
2) ստորագրում է խորհրդի նիստերի արձանագրությունները.
3) իր բացակայության դեպքում խորհրդի անդամներից մեկին հանձնարարում է վարել խորհրդի նիստերը.
4) հանձնարարականներ է տալիս խորհրդի քարտուղարությանը.
5) կատարում է աշխատանքի բաժանում խորհրդի անդամների միջև:
8. Խորհրդի անդամն իրավունք ունի`
1) խորհրդի քննարկմանը ներկայացնելու հարցեր.
2) ներկայացնելու առաջարկություններ խորհրդի քննարկմանը ներկայացված հարցերի վերաբերյալ.
3) մասնակցելու քվեարկությանը:
9. Խորհրդի անդամը խորհրդի նիստերին մասնակցում է անձամբ:
10. Խորհրդում տեսչական մարմինը ներկայացնում է տեսչական մարմնի ղեկավարը, իսկ նրա բացակայության դեպքում` համապատասխան տեղակալը: Տեսչական մարմնի ղեկավարը կամ նրա բացակայության դեպքում` տեղակալը խորհրդի նիստերին մասնակցում է խորհրդակցական ձայնի իրավունքով:
11. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:
12. Խորհրդի աշխատանքների կազմակերպման, նիստերի հրավիրման և անցկացման հետ կապված կազմակերպչական աշխատանքներն իրականացնում է տեսչական մարմինը:
13. Տեսչական մարմնի փաստաթղթաշրջանառության համար պատասխանատու ստորաբաժանման (այսուհետ` խորհրդի քարտուղարություն) ղեկավարը խորհրդի քարտուղարն է (այսուհետ` քարտուղար):
14. Խորհրդի քարտուղարությունը`
1) նախապատրաստում է խորհրդի նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերն ու ապահովում դրանց տրամադրումը խորհրդի անդամներին.
2) ապահովում է խորհրդի նիստերի արձանագրումը.
3) խորհրդի նիստից հետո եռօրյա ժամկետում ապահովում է խորհրդի նիստերի արդյունքում ընդունված որոշումների և դրանց հանձնարարականների տրամադրումը տեսչական մարմնի համապատասխան պաշտոնատար անձանց.
4) խորհրդի նիստից հետո եռօրյա ժամկետում տեսչական մարմնի պաշտոնական կայքէջում հրապարակում է խորհրդի նիստերի արձանագրություններն ու խորհրդի ընդունած որոշումները.
5) խորհրդի անունից նախապատրաստում է հարցումներ` ուղղված պետական մարմիններին և հասարակական միավորումներին` խորհրդի իրավասությանը վերապահված հարցերի վերաբերյալ.
6) իրականացնում է խորհրդի որոշումների (դրանցում նշված ժամկետներում) կատարման ընթացքի մշտադիտարկումը և արդյունքների մասին զեկուցում խորհրդի նախագահին.
7) համակարգում է տեսչական մարմնի և գործարար միավորումների ներկայացուցիչների միջև համագործակցությունը.
8) իրականացնում է խորհրդի գործունեության տեղեկատվական ապահովումը:
15. Քարտուղարը`
1) կազմակերպում է քարտուղարության աշխատանքները.
2) խորհրդի նիստում զեկուցում է խորհրդի որոշումների կատարման ընթացքի մասին.
3) ապահովում է խորհրդի աշխատանքներին նրա անդամների և հրավիրված անձանց մասնակցությունը.
4) խորհրդի` մասնավոր հատվածը ներկայացնող անդամների վերաբերյալ շահերի բախում առաջացնող հանգամանքների մասին տեղեկություն ստանալու դեպքում հայտնում է խորհրդի նախագահին, որը խորհրդի քննարկմանն է ներկայացնում այդ անդամի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ առաջարկությունը.
5) իր բացակայության դեպքում լիազորում է քարտուղարության համապատասխան մասնագետին ապահովել քարտուղարության բնականոն աշխատանքների կազմակերպումը:
16. Խորհրդի նիստերը հրավիրվում են առնվազն յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անգամ:
17. Հրատապ լուծում պահանջող հարցերի քննարկման նպատակով կարող են հրավիրվել արտահերթ նիստեր:
18. Քարտուղարը նախապատրաստում է խորհրդի նիստի օրակարգի նախագիծը` այն համաձայնեցնելով խորհրդի նախագահի և տեսչական մարմնի ղեկավարի հետ:
19. Խորհրդի նիստի օրակարգը և դրա հետ կապված նյութերը նիստից առնվազն մեկ շաբաթ առաջ, իսկ արտահերթ նիստերի հրավիրման դեպքում` առնվազն երկու օր առաջ, էլեկտրոնային փոստով, ինչպես նաև այլ պատշաճ միջոցներով ուղարկվում են խորհրդի անդամներին և հրավիրված անձանց:
20. Խորհրդի նիստն սկսվում է օրակարգի հաստատմամբ:
21. Խորհրդի նիստերն իրավազոր են, եթե այդ նիստերին մասնակցել է խորհրդի անդամների 2/3-ից ավելին:
22. Խորհրդի անդամները քվեարկում են կողմ կամ դեմ:
23. Որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ:
24. Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը որոշիչ է:
25. «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված հարցերին հավանություն չտալու կամ չհաստատելու դեպքում խորհուրդը կարող է ընդունել հարցը` իր համար ընդունելի տարբերակով, կամ տեսչական մարմնի ղեկավարին տալ հանձնարարական` հարցը լրամշակելու և կրկին քննարկման ներկայացնելու համար:
26. Խորհուրդը յուրաքանչյուր հերթական նիստում լսում և հաստատում է տեսչական մարմնի ղեկավարի կողմից ներկայացված տեսչական մարմնի գործունեության գնահատումը, իսկ յուրաքանչյուր տարվա ավարտից հետո` հաջորդ նիստում` տեսչական մարմնի տարեկան հաշվետվությունը, որը խորհուրդը համադրում է կատարողականի ցուցանիշների և սահմանված տարեկան թիրախների կատարողականի հետ և ներկայացնում առաջարկություններ:
27. Խորհուրդը յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 1-ին նախորդող նիստում քննարկում և հաստատում է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-ին հոդվածով նախատեսված՝ տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների տարեկան ծրագիրը:
28. Տեսչական մարմնի ստուգումների տարեկան ծրագիրը խորհրդի հաստատմանն է ներկայացնում տեսչական մարմնի ղեկավարը:
29. Խորհրդի նիստի արձանագրությունն ստորագրում են խորհրդի նախագահը, խորհրդի անդամները և քարտուղարը: Խորհրդի նիստերի արձանագրություններն ու խորհրդի ընդունած որոշումները եռօրյա ժամկետում հրապարակվում են տեսչական մարմնի պաշտոնական կայքէջում:
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |