«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 հուլիսի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 60010271
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
14 հուլիսի 2010 թ. |
N 365-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 1-ին կետի ը) ենթակետը, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել էներգետիկայի բնագավառում ներդրումային ծրագրերի համաձայնեցման կարգը (հավելված)։
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի մայիսի 12-ի «Ներդրումային ծրագրերի համաձայնեցման կարգը հաստատելու մասին» N 56-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ` |
Ն. Գրիգորյան |
Հավելված ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2010 թվականի հուլիսի 14-ի N 365-Ն որոշման |
Էներգետիկայի բնագավառում ներդրումային ծրագրերի համաձայնեցման
Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ (այսուհետ՝ հանձնաժողով) այն ներդրումային ծրագրերի համաձայնեցման ընթացակարգը, որոնց շրջանակներում իրականացված ներդրումները հետագայում լրիվ կամ մասնակիորեն պետք է ներառվեն լիցենզավորված անձի սակագնում (ծառայությունների մատուցման վճարում):
Սույն կարգի դրույթները չեն տարածվում այն լիցենզավորված անձանց վրա, որոնց սակագները հաշվարկվում են հանձնաժողովի 2007 թվականի մայիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագների հաշվարկման մեթոդիկան հաստատելու և այդ կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի 2007 թվականի վաճառքի սակագները սահմանելու մասին» N 207-Ն որոշման 1-ին կետով հաստատված մեթոդիկայի համաձայն:
1. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգի իմաստով ներդրումներ են համարվում լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ օգտակար և օգտագործվող ակտիվների ավելացմանը կամ փոխարինմանն ուղղված ներդրումները:
2. Լիցենզավորված անձի կողմից հանձնաժողով ներկայացվող ներդրումային ծրագիրը պետք է նպատակաուղղված լինի հետևյալ հիմնախնդիրներից որևէ մեկի կամ մի քանիսի լուծմանը.
1) արտադրական հզորությունների ավելացում,
2) ծառայությունների մատուցման կամ սպասարկման որակի ցուցանիշների բարելավում,
3) տեխնոլոգիական ու առևտրային կորուստների կամ սեփական կարիքների ծախսերի իջեցում,
4) մաշված և դուրսգրման ենթակա ակտիվների նորով փոխարինում,
5) անվտանգության և հուսալիության մակարդակի բարձրացում,
6) շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված միջոցառումների իրականացում,
7) էներգախնայողության միջոցառումների իրականացում,
8) ժամանակակից արդյունավետ տեխնոլոգիաների ներդրում, տեղական պաշարների արդյունավետ օգտագործում,
9) հանձնաժողովի և իրավասու այլ մարմինների նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարում,
10) լիցենզավորված գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված այլ անհրաժեշտ միջոցառումների իրականացում,
11) էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի կողմից հաստատված՝ էլեկտրաէներգետիկական համակարգի զարգացման միասնական երկարաժամկետ ծրագրով համապատասխան ժամանակահատվածի համար նախատեսված այն բոլոր միջոցառումների իրականացում, որոնք վերաբերում են տվյալ լիցենզավորված անձին:
(2-րդ կետը լրաց. 17.05.17 N 161-Ն)
2. Հանձնաժողովի համաձայնեցմանը ներկայացվող ներդրումային ծրագրերը
3. Լիցենզավորված անձի կողմից հանձնաժողովի համաձայնեցմանը ներկայացվող ներդրումային ծրագրերը պետք է ներառեն.
1) ներդրումային ծրագրի նպատակը և հիմնական ուղղությունները,
2) հիմնական ուղղություններից յուրաքանչյուրով ներդրումներ կատարելու անհրաժեշտության հիմնավորումները,
3) հիմնական ուղղություններից յուրաքանչյուրով ներդրումների ծավալի, իրականացման ժամանակացույցի և սպասվող արդյունքների գնահատականը,
4) ծրագրի ֆինանսավորման աղբյուրները և պայմանները:
4. Հանձնաժողովն իրավասու է լիցենզավորված անձից պահանջել երկրորդ փուլով իր համաձայնեցմանը ներկայացնել ներդրումային ծրագրի առանձին ուղղությունների նախագծերը կամ դրանց իրականացմանն առնչվող այլ փաստաթղթեր:
5. Լիցենզավորված անձը, ներդրումների իրականացման անհրաժեշտությունը կանխատեսելու և ժամանակի սղության պատճառով դրանք հանձնաժողովի հետ նախապես համաձայնեցնելու անհնարինության դեպքում, կարող է իրականացնել անհետաձգելի ներդրումներ: Լիցենզավորված անձը պարտավոր է յուրաքանչյուր եռամսյակ հանձնաժողով ներկայացնել իրականացված անհետաձգելի ներդրումների մասին տեղեկատվություն` մինչև տվյալ եռամսյակին հաջորդող երկրորդ ամսվա 10-ը: Անհետաձգելի ներդրումների մասին տեղեկատվությունը պետք է ներառի դրանց իրականացման անհրաժեշտության հիմնավորումները:
3. Հանձնաժողովի հետ ներդրումային ծրագրերի համաձայնեցման ընթացակարգը
6. Հանձնաժողովը լիցենզավորված անձի ներդրումային ծրագիրը իր մոտ մուտքագրվելու օրվանից սկսում է դրա ուսումնասիրության գործընթացը և.
1) 30 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան գրությամբ լիցենզավորված անձին է ներկայացնում ներդրումային ծրագրի վերաբերյալ իր դիտողություններն ու առաջարկությունները կամ,
2) 60 աշխատանքային օրվա ընթացքում կայացնում է որոշում ներդրումային ծրագրին ամբողջությամբ կամ մասնակիորեն համաձայնություն տալու կամ այն մերժելու վերաբերյալ:
7. Սույն կարգի 6-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված դեպքում լիցենզավորված անձը դիտարկում է հանձնաժողովի ներկայացրած դիտողությունները և առաջարկությունները և ծրագրի լրամշակված տարբերակը կրկին ներկայացնում է հանձնաժողովի համաձայնեցմանը: Ներդրումային ծրագրի լրամշակված տարբերակում հանձնաժողովի դիտողություններն ու առաջարկությունները չընդունելու դեպքում լիցենզավորված անձը ներկայացնում է իր պարզաբանումները և հիմնավորումները: Հանձնաժողովը ներդրումային ծրագրի լրամշակված տարբերակն ստանալուց հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում կայացնում է որոշում` ներդրումային ծրագրին ամբողջությամբ կամ մասնակիորեն համաձայնություն տալու կամ այն մերժելու վերաբերյալ:
8. Հանձնաժողովի հետ համաձայնեցված ներդրումային ծրագրերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության դեպքում լիցենզավորված անձը դիմում է հանձնաժողով` ներկայացնելով ներդրումային ծրագրում փոփոխությունների կատարման անհրաժեշտությունը հիմնավորող համապատասխան փաստաթղթեր: Հանձնաժողովը առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ սույն կարգի 6-րդ և 7-րդ կետերում սահմանված ընթացակարգով և ժամկետներում կայացնում է համապատասխան որոշում:
9. Հանձնաժողովի հետ համաձայնեցված ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքում ներդրումային ծրագրի ուղղությունների ծավալներից ոչ էական շեղումների դեպքում լիցենզավորված անձը, այդ շեղումները հիմնավորող փաստաթղթերի հետ միասին, դիմում է հանձնաժողով` նրա գրավոր եզրակացությունը ստանալու նպատակով: Հանձնաժողովը 30 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում և տալիս է դրանց վերաբերյալ իր գրավոր եզրակացությունը: Սույն կարգի իմաստով ոչ էական են համարվում այնպիսի շեղումները, որոնց արդյունքում ներդրումային ծրագրի որևէ հիմնական ուղղությամբ հանձնաժողովի հետ համաձայնեցված ներդրումների ծավալի փոփոխությունը չի գերազանցում 3%-ի սահմանը:
4. Դրամաշնորհների ԵՎ միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկային միջոցներով իրականացվող նպատակային ներդրումային ծրագրերը
10. Դրամաշնորհների և միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխիքով տրամադրված վարկային միջոցներով իրականացվող նպատակային ներդրումային ծրագրերի համար հանձնաժողովն իրավասու է կիրառել առանձին ընթացակարգեր` ելնելով ներկայացված ծրագրի նպատակային առանձնահատկություններից:
(հավելվածը լրաց. 17.05.17 N 161-Ն)