«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
25 օգոստոսի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 60611408
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
11 օգոստոսի 2011 թ. |
N 55-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ, ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԵՎ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԸ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Ընդունել`
1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կանոնակարգը` համաձայն N 1 հավելվածի,
2) ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կանոնակարգը` համաձայն N 2 հավելվածի,
3) տեղամասային ընտրական հանձնաժողովի կանոնակարգը` համաձայն N 3 հավելվածի:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ՝ |
Գ. Ազարյան |
Հավելված N 1 ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի N 55-Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Գ Լ ՈՒ Խ 1
Ընդհանուր դրույթներ
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) ընտրությունները կազմակերպող և ընտրությունների օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնող պետական մարմին է:
2. Հանձնաժողովը գործում է մշտական հիմունքներով՝ օրինականության, կոլեգիալության և հրապարակայնության սկզբունքների հիման վրա:
3. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով (այսուհետ՝ օրենսգիրք), այլ օրենքներով և իրավական ակտերով, սույն կանոնակարգով:
4. Հանձնաժողովն իր լիազորությունների շրջանակներում ընդունում է նորմատիվ և անհատական իրավական ակտեր, որոնք ենթակա են պարտադիր կատարման հանրապետության ողջ տարածքում:
5. Հանձնաժողովի անունից պաշտոնական տեղեկատվություն և (կամ) մամուլի հաղորդագրություն տալիս են Հանձնաժողովի նախագահը և Հանձնաժողովի նախագահի մամուլի քարտուղարը կամ Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ` Հանձնաժողովի անդամը:
6. Հանձնաժողովի կրճատ անվանումն է՝ ՀՀ ԿԸՀ:
7. Հանձնաժողովն ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր հայերեն անվանմամբ կլոր կնիք, դրոշմակնիք, ձևաթուղթ, Հանձնաժողովի գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ անհատականացման այլ միջոցներ:
8. Հանձնաժողովի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան-0009, Գ. Քոչարի 21ա:
Գ Լ ՈՒ Խ 2
Հանձնաժողովի կազմավորումը ԵՎ աշխատանքների կազմակերպումը
9. Հանձնաժողովը կազմավորվում, Հանձնաժողովի անդամները նշանակվում են օրենսգրքով սահմանված կարգով: Հանձնաժողովի անդամը Հանձնաժողովում գործում է անկախ և չի ներկայացնում իրեն նշանակողին:
10. Հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը և հանձնաժողովի քարտուղարն ընտրվում են բաց քվեարկությամբ:
Եթե Հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի կամ հանձնաժողովի քարտուղարի պաշտոնի համար քվեարկվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրվում է, եթե ստացել է քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին:
Եթե Հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի կամ հանձնաժողովի քարտուղարի պաշտոնի համար քվեարկվել է մեկից ավելի թեկնածու, ապա ընտրվում է առավել թվով կողմ ձայներ ստացած թեկնածուն:
Ձայների հավասարության դեպքում առավել թվով կողմ ձայներ ստացած թեկնածուների միջև անցկացվում է վիճակահանություն:
11. Վիճակահանությունը կազմակերպելու և ընտրված թեկնածուին որոշելու համար, առավել կողմ ձայներ ստացած թեկնածուների թվին համապատասխան, պատրաստվում են իրարից չտարբերվող թերթիկներ, որոնցից մեկի վրա նշվում է «Ընտրվել է» բառերը, բոլոր թերթիկները ծալվում են այնպես, որ միմյանցից չտարբերվեն և տեղավորվում վիճակահանության արկղի մեջ: Թեկնածուներն ազգանունների, իսկ ազգանունները համընկնելու դեպքում` ըստ անունների (հայրանունների) այբբենական հերթականության, վիճակահանության արկղից հանում են մեկական թերթիկ:
Ընտրված է համարվում այն թեկնածուն, որին վիճակահանությամբ բաժին է ընկել «Ընտրվել է» բառերը պարունակող թերթիկը:
12. Հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի, հանձնաժողովի քարտուղարի լիազորությունները` պաշտոնից ինքնաբացարկի մասին դիմում ներկայացնելու կամ պաշտոնանկ արվելու հիմքով վաղաժամկետ դադարելու դեպքում` եռօրյա ժամկետում, հրավիրվում է Հանձնաժողովի նիստ՝ Հանձնաժողովի նախագահ, նախագահի տեղակալ, հանձնաժողովի քարտուղար ընտրելու համար: Հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի, հանձնաժողովի քարտուղարի նոր ընտրությունը կատարվում է օրենսգրքով և սույն կանոնակարգով սահմանված կարգով:
13. Հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի, հանձնաժողովի քարտուղարի լիազորությունները, որպես Հանձնաժողովի անդամի, վաղաժամկետ դադարելու կամ դադարեցվելու դեպքում` Հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի, հանձնաժողովի քարտուղարի նոր ընտրությունը կատարվում է Հանձնաժողովի նոր անդամի նշանակումից հետո` եռօրյա ժամկետում, օրենսգրքով և սույն կանոնակարգով սահմանված կարգով:
14. Հանձնաժողովի աշխատանքային օրերն ու ժամերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, բացառությամբ համապետական ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցով նախատեսված առանձին գործառույթների համար սահմանված ժամկետների:
Գ Լ ՈՒ Խ 3
Հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի, Հանձնաժողովի քարտուղարի ԵՎ Հանձնաժողովի անդամի իրավունքներն ու պարտականությունները
15. Հանձնաժողովի նախագահը՝
1) կազմակերպում և ղեկավարում է Հանձնաժողովի աշխատանքները.
2) սահմանում է հերթական նիստերի անցկացման ժամանակացույցը.
3) վարում է Հանձնաժողովի նիստերը.
4) հրավիրում է Հանձնաժողովի արտահերթ նիստ.
5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ընդունում է անհատական որոշումներ և կարգադրություններ, օրենսգրքի միատեսակ կիրառման վերաբերյալ հրահանգներ.
6) անցկացնում է խորհրդակցություններ, որոնք կարող են համառոտ արձանագրվել.
7) ստորագրում է Հանձնաժողովի որոշումները, նիստերի և խորհրդակցությունների արձանագրությունները, Հանձնաժողովի ելից փաստաթղթերը.
8) վերահսկում է Հանձնաժողովի ընդունած որոշումների կատարման ընթացքը.
9) տեղեկացնում է Հանձնաժողովի անդամների թեկնածուներ առաջադրելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց Հանձնաժողովի անդամի լիազորությունների ավարտի ժամկետի մասին.
10) հաստատում է ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացների անցկացման ժամանակացույցը.
11) ընդունում է պատվիրակություններ և հյուրեր, կազմում պատվիրակություններ.
12) ներկայացնում է Հանձնաժողովը.
13) հաստատում է Հանձնաժողովի աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկի (այսուհետ՝ Աշխատակազմ) կառուցվածքը, սահմանում պաշտոնային դրույքաչափեր.
14) նշանակում և ազատում է Աշխատակազմի ղեկավարին, Աշխատակազմի ղեկավարի տեղակալին, ինչպես նաև քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոնների 1-ին ենթախմբի քաղաքացիական ծառայողներին, Հանձնաժողովի նախագահի օգնականին, Հանձնաժողովի նախագահի մամուլի քարտուղարին, ռեֆերենտին, խորհրդականին.
15) իրականացնում է Աշխատակազմի ընթացիկ գործունեության վերահսկողությունը.
16) հաստատում է Աշխատակազմի քաղաքացիական ծառայության առաջատար թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ, ինչպես նաև առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորում անցկացնող մրցութային և ատեստավորման հանձնաժողովների կազմերը, նշանակում այդ հանձնաժողովների նախագահներին և քարտուղարներին.
17) տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 5 օր առաջ նրան նշանակած կուսակցության (կուսակցությունների դաշինքի) պահանջով վաղաժամկետ դադարեցնելու մասին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշման մասին տեղեկություն է հաղորդում այդ անդամին նշանակած կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին) էլետրոնային կապի հնարավոր որևէ միջոցով.
18) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնակարգով նախատեսված այլ լիազորություններ:
16. Հանձնաժողովի նախագահի տեղակալը`
1) փոխարինում է Հանձնաժողովի նախագահին նրա հանձնարարությամբ կամ բացակայության ընթացքում.
2) Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ իրականացնում է Հանձնաժողովի նախագահին վերապահված որոշակի լիազորություններ.
3) կազմակերպում է Հանձնաժողովում ստացված դիմումների, բողոքների հետ տարվող աշխատանքը:
17. Հանձնաժողովի նախագահի տեղակալի բացակայության ընթացքում նրա լիազորությունները Հանձնաժողովի նախագահի կողմից կարող են դրվել Հանձնաժողովի քարտուղարի կամ Հանձնաժողովի անդամի վրա:
18. Հանձնաժողովի քարտուղարը՝
1) նախապատրաստում է Հանձնաժողովի նիստերը.
2) կազմում և ստորագրում է Հանձնաժողովի նիստի օրակարգը.
3) տեղեկացնում է Հանձնաժողովի անդամներին նիստի օրակարգի հարցերի մասին.
4) ապահովում է Հանձնաժողովի նիստերի հրապարակայնությունը.
5) Հանձնաժողովի նիստերի օրակարգի մասին տալիս է պարզաբանումներ.
6) ստորագրում է Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.
7) կազմակերպում է Հանձնաժողովի որոշումների ուղարկումն ըստ պատկանելության.
8) կազմակերպում է ընտրական փաստաթղթերի ստացման, պահպանման և օրենսգրքով սահմանված դեպքերում` արխիվացման աշխատանքները:
19. Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ իրականացնում է Հանձնաժողովի նախագահին վերապահված որոշակի լիազորություններ:
20. Հանձնաժողովի քարտուղարի բացակայության ընթացքում նրա լիազորությունները Հանձնաժողովի նախագահի կողմից կարող են դրվել նախագահի տեղակալի կամ Հանձնաժողովի անդամի վրա:
21. Հանձնաժողովի անդամն իրավունք ունի՝
1) նախապես ծանոթանալու Հանձնաժողովի քննարկմանը ներկայացվող հարցերին և փաստաթղթերին.
2) ելույթ ունենալու Հանձնաժողովի նիստում.
3) ներկայացնելու առաջարկություններ և պահանջելու, որ այդ առթիվ անցկացվի քվեարկություն.
4) նիստի մասնակիցներին տալու հարցեր, ստանալու պատասխաններ.
5) Հանձնաժողովի նախագահի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ՝ խորհրդակցական ձայնի իրավունքով, մասնակցելու ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների նիստերին, իսկ քվեարկության օրը` ներկա լինելու քվեարկության սենյակում.
6) ծանոթանալու ստացված դիմումներին, բողոքներին, գրություններին և մյուս փաստաթղթերին.
7) հայտնել ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման և անցկացման վերաբերյալ իր կարծիքը.
8) Աշխատակազմից ստանալ մասնագիտական, խորհրդատվական, տեխնիկական և այլ բնույթի օժանդակություն:
22. Հանձնաժողովի անդամը պարտավոր է՝
1) իր մասնակցած առաջին նիստում ստորագրել «Ընտրական հանձնաժողովների անդամի պարտականությունները Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան իրականացնելու մասին» պարտավորության տեքստը.
2) կատարել Հանձնաժողովի նախագահի` իր իրավասության սահմաններում տրված հանձնարարությունները.
3) մասնակցել Հանձնաժողովի աշխատանքներին և կատարել իր լիազորությունները.
4) մասնակցել Հանձնաժողովի նիստերին և քվեարկությանը.
5) կազմակերպել Հանձնաժողովի քննարկմանն իր կողմից ներկայացվող հարցերի նախապատրաստումը:
Գ Լ ՈՒ Խ 4
Հանձնաժողովի նիստերի հրավիրման ԵՎ անցկացման կարգը
23. Հանձնաժողովի հերթական նիստերն անցկացվում են Հանձնաժողովի նախագահի սահմանած ժամանակացույցով` օրակարգում հարցեր ներառված լինելու դեպքում:
24. Արտահերթ նիստ հրավիրվում է՝
1) Հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ,
2) Հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի գրավոր պահանջով՝ նրանց նշած ժամկետում:
25. Նիստին Հանձնաժողովի անդամների մասնակցությունը նշվում է նիստերի գրանցամատյանում, որտեղ յուրաքանչյուրը ստորագրում է իր ազգանվան դիմաց:
26. Նիստերն անցկացվում են Հանձնաժողովի վարչական շենքում, իսկ անհաղթահարելի խոչընդոտների դեպքում, երբ անհնար է նիստը հետաձգել, Հանձնաժողովի անդամների կեսից ավելիի համաձայնությամբ` այլ վայրում:
27. Նիստի օրակարգը կազմում է Հանձնաժողովի քարտուղարը՝ Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ և համաձայնությամբ:
28. Նիստի օրակարգում լրացուցիչ հարցեր ընդգրկվում են Հանձնաժողովի նախագահի կողմից կամ Հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի պահանջով:
29. Նիստի օրակարգում, Հանձնաժողովի անդամներից բացի, հարցեր կարող են ներկայացնել վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավարը` ծառայությանը վերապահված իրավասության շրջանակներում և Աշխատակազմի ղեկավարը` ֆինանսատնտեսական հարցերի վերաբերյալ:
30. Նիստին ներկա լինելու իրավունք ունեցողներից բացի կարող են հրավիրվել`
1) Աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները, Աշխատակազմի աշխատակիցները.
2) այլ անձինք:
31. Հանձնաժողովի անդամները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները, դիտորդները, վստահված անձինք վերնազգեստի վրա պարտադիր կարգով տեսանելի ձևով պետք է կրեն նիստում ներկա լինելու իրավունքը հավաստող վկայական:
32. Նիստում ներկա լինելու իրավունք ունեցող անձինք կարող են մասնակցել համապատասխան հարցի քննարկմանը միայն նիստը վարողի թույլտվությամբ:
33. Նիստի օրակարգում ընդգրկված հարցերի որոշման նախագծերը Հանձնաժողովի անդամները ստանում են Հանձնաժողովի նիստերի դահլիճում նիստը սկսվելուց առնվազն 2 ժամ առաջ:
34. Որոշման նախագծերը նիստի օրակարգ ընդգրկելուց առաջ ներկայացվում են Աշխատակազմի իրավաբանական վարչություն` իրավական եզրակացության: Որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նախապատրաստված չլինելու դեպքում Աշխատակազմի իրավաբանական վարչությունը նախագծին կցում է իր առարկությունները ներկայացվող հարցի վերաբերյալ:
35. Նիստին ներկա լինելու իրավունք ունեցող անձանց տրվում է նիստի օրակարգը: Նրանք իրավունք ունեն ծանոթանալու ներկայացվող որոշումների նախագծերին:
Գ Լ ՈՒ Խ 5
Հանձնաժողովի նիստում քննարկումների կազմակերպման ԵՎ որոշումների ընդունման կարգը
36. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է Հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Նիստը վարում է Հանձնաժողովի նախագահը, իսկ նրա հանձնարարության կամ բացակայության դեպքում` նախագահի տեղակալը:
37. Նիստը սկսվում է օրակարգի հաստատումով: Մինչև օրակարգի հաստատումն այլ հարցեր չեն քննարկվում: Օրակարգի հարցերի վերաբերյալ առարկություն լինելու դեպքում առաջարկությունը դրվում է քվեարկության:
38. Նիստ վարողը, ընթերցում է օրակարգի հարցերը, անհրաժեշտության դեպքում տալիս պարզաբանումներ, աշխատանքի արդյունավետությունից ելնելով` փոխում օրակարգի հարցերի քննարկման հերթականությունը:
39. Նիստում հարցերը քննարկվում են հետևյալ հաջորդականությամբ`
1) որոշման նախագիծը ներկայացնողի զեկուցում.
2) հարցեր զեկուցողին.
3) առաջարկություններ.
4) ելույթներ՝ մինչև 5 րոպե, իսկ նիստը վարողը՝ մինչև 7 րոպե.
5) քվեարկություն:
40. Նիստ վարողը`
1) ելույթների համար, ըստ հերթականության, ձայն է տալիս Հանձնաժողովի անդամներին.
2) զգուշացում է անում սույն կանոնակարգը խախտողին.
3) ուղղում է ելույթներում տեղ գտած փաստական սխալները.
4) ձայն է տալիս հրավիրված անձանց, նիստը խանգարելու դեպքում՝ զրկում խոսքից, նիստը խանգարողներին հեռացնում նիստերի դահլիճից:
41. Նիստում յուրաքանչյուր հարցի վերաբերյալ քվեարկությունը կատարվում է հարցի քննարկման ավարտից հետո:
42. Նիստ վարողն ամփոփում է քննարկումը և քվեարկությունից առաջ ներկայացնում որոշման նախագծի վերաբերյալ արված դիտողություններն ու առաջարկությունները:
Դրանք զեկուցողի կողմից ընդունվելու դեպքում հարցը քվեարկության է դրվում` հաշվի առնելով արված դիտողություններն ու առաջարկությունները:
43. Առաջարկությունները զեկուցողի կողմից չընդունվելու և առաջարկության հեղինակի կողմից ներկայացված տարբերակը պնդելու դեպքում առաջարկություններն առանձին-առանձին դրվում են քվեարկության: Քվեարկության արդյունքում ընդունված առաջարկություններն ընդգրկվում են որոշման նախագծում, և նախագիծը քվեարկության է դրվում ընդունված առաջարկություններով:
44. Յուրաքանչյուր քվեարկությունից առաջ նիստ վարողը կրկնում է քվեարկության դրվող հարցը՝ ճշգրիտ ձևակերպմամբ, հաշվում և բարձրաձայն հայտարարում կողմ կամ դեմ քվեարկած Հանձնաժողովի անդամների թիվը:
45. Քվեարկությունը կարող է կրկնվել, եթե ինչ-որ կերպ խանգարվել է Հանձնաժողովի որևէ անդամի քվեարկությունը:
46. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են Հանձնաժողովի իրավազոր նիստում՝ բաց քվեարկությամբ: Հանձնաժողովի անդամը քվեարկում է անձամբ՝ կողմ կամ դեմ:
Հանձնաժողովի անդամների 2/3-ի համաձայնությամբ Հանձնաժողովը կարող է ընդունել հարցումով որոշումներ, որոնք ստորագրում են կողմ քվեարկած Հանձնաժողովի անդամները:
47. Որոշումն ընդունվում է, եթե կողմ է քվեարկել նիստին ներկա Հանձնաժողովի անդամների թվի կեսից ավելին, բացառությամբ օրենսգրքով սահմանված դեպքերի:
48. Քվեարկության արդյունքների հիման վրա նիստ վարողը հայտարարում է որոշումն ընդունվելու կամ չընդունվելու մասին:
49. Նիստը համառոտ արձանագրվում է:
Հավելված N 2 ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի N 55-Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ
ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Գ Լ ՈՒ Խ 1
Ընդհանուր դրույթներ
1. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) մշտական հիմունքներով գործող պետական մարմին է:
2. Հանձնաժողովը գործում է օրինականության, կոլեգիալության և հրապարակայնության սկզբունքների հիման վրա:
3. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով (այսուհետ՝ օրենսգիրք), Հայաստանի Հանրապետության օրենքներով, իրավական այլ ակտերով և սույն կանոնակարգով:
4. Հանձնաժողովն իր լիազորությունների շրջանակներում ընդունում է անհատական իրավական ակտեր:
5. Հանձնաժողովն ունի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հաստատված նմուշին համապատասխան կնիք, կարող է ունենալ ձևաթուղթ, իր գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ անհատականացման այլ միջոցներ:
Գ Լ ՈՒ Խ 2
Հանձնաժողովի կազմավորումը ԵՎ աշխատանքների կազմակերպումը
6. Հանձնաժողովը կազմավորվում է 6 տարի ժամկետով: Հանձնաժողովի անդամներին նշանակում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը մինչև Հանձնաժողովի լիազորությունների ավարտը:
7. Հանձնաժողովի առաջին նիստը գումարում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը գործող ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի լիազորությունների ավարտման օրվանից ոչ ուշ, քան 7 օր առաջ:
8. Հանձնաժողովն առաջին նիստում իր կազմից ընտրում է Հանձնաժողովի նախագահ, նախագահի տեղակալ և Հանձնաժողովի քարտուղար:
Հանձնաժողովի առաջին նիստը մինչև Հանձնաժողովի նախագահի ընտրվելը վարում է Հանձնաժողովի տարիքով ավագ անդամը:
9. Հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը և Հանձնաժողովի քարտուղարն ընտրվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի և հանձնաժողովի քարտուղարի ընտրության համար սահմանված կարգով:
10. Հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի, Հանձնաժողովի քարտուղարի լիազորությունները` պաշտոնից ինքնաբացարկի մասին դիմում ներկայացնելու կամ պաշտոնանկ արվելու հիմքով վաղաժամկետ դադարելու դեպքում` եռօրյա ժամկետում, հրավիրվում է Հանձնաժողովի նիստ՝ Հանձնաժողովի նախագահ, նախագահի տեղակալ, Հանձնաժողովի քարտուղար ընտրելու համար: Հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի, Հանձնաժողովի քարտուղարի նոր ընտրությունը կատարվում է օրենսգրքով և սույն կանոնակարգով սահմանված կարգով:
11. Հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի, Հանձնաժողովի քարտուղարի լիազորությունները, որպես Հանձնաժողովի անդամի, վաղաժամկետ դադարելու կամ դադարեցվելու դեպքում` Հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի, Հանձնաժողովի քարտուղարի նոր ընտրությունը կատարվում է Հանձնաժողովի նոր անդամի նշանակումից հետո` եռօրյա ժամկետում, օրենսգրքով և սույն կանոնակարգով սահմանված կարգով:
12. Հանձնաժողովի աշխատանքային օրերն ու ժամերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, բացառությամբ ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցով նախատեսված առանձին գործառույթների համար սահմանված ժամկետների:
Գ Լ ՈՒ Խ 3
Հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի, Հանձնաժողովի քարտուղարի ԵՎ Հանձնաժողովի անդամի իրավունքներն ու պարտականությունները
13. Հանձնաժողովի նախագահը՝
1) կազմակերպում և ղեկավարում է Հանձնաժողովի աշխատանքները.
2) սահմանում է հերթական նիստերի անցկացման ժամանակացույցը.
3) վարում է Հանձնաժողովի նիստերը.
4) հրավիրում է Հանձնաժողովի արտահերթ նիստ.
5) պահանջում է հրավիրել տեղամասային ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստ.
6) անցկացնում է խորհրդակցություններ.
7) ստորագրում է Հանձնաժողովի որոշումները, նիստերի արձանագրությունները, Հանձնաժողովի ելից փաստաթղթերը.
8) վերահսկում է Հանձնաժողովի ընդունած որոշումների կատարման ընթացքը.
9) ներկայացնում է Հանձնաժողովը.
10) արձանագրում է տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման կամ դադարեցման փաստը Հանձնաժողովի նիստերի արձանագրությունների և որոշումների գրանցամատյանում գրառում կատարելու միջոցով.
11) տեղեկություն է հաղորդում կենտրոնական ընտրական հանձնաժողով տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 5 օր առաջ նրան նշանակած կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կամ նրան նշանակած Հանձնաժողովի նախագահի կամ նրան առաջարկած Հանձնաժողովի անդամի պահանջով վաղաժամկետ դադարեցնելու մասին Հանձնաժողովի որոշման մասին.
12) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնակարգով նախատեսված այլ լիազորություններ:
14. Հանձնաժողովի նախագահի տեղակալը`
1) փոխարինում է Հանձնաժողովի նախագահին նրա հանձնարարությամբ կամ բացակայության ընթացքում.
2) Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ իրականացնում է Հանձնաժողովի նախագահին վերապահված որոշակի լիազորություններ.
3) ապահովում է Հանձնաժողովում ստացված դիմումների, բողոքների հետ տարվող աշխատանքը:
15. Հանձնաժողովի նախագահի տեղակալի բացակայության ընթացքում նրա լիազորությունները Հանձնաժողովի նախագահի կողմից կարող են դրվել Հանձնաժողովի քարտուղարի կամ Հանձնաժողովի անդամի վրա:
16. Հանձնաժողովի քարտուղարը՝
1) նախապատրաստում է Հանձնաժողովի նիստերը.
2) կազմում և ստորագրում է Հանձնաժողովի նիստի օրակարգը.
3) տեղեկացնում է Հանձնաժողովի անդամներին նիստի օրակարգի հարցերի մասին.
4) ապահովում է Հանձնաժողովի նիստերի հրապարակայնությունը.
5) Հանձնաժողովի նիստերի օրակարգի մասին տալիս է պարզաբանումներ.
6) ստորագրում է Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.
7) կազմակերպում է Հանձնաժողովի որոշումների ուղարկումն ըստ պատկանելության.
8) կազմակերպում է ընտրական փաստաթղթերի ստացման, պահպանման և օրենսգրքով սահմանված դեպքերում` արխիվացման աշխատանքները:
17. Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ իրականացնում է Հանձնաժողովի նախագահին վերապահված որոշակի լիազորություններ:
18. Հանձնաժողովի քարտուղարի բացակայության ընթացքում նրա լիազորությունները Հանձնաժողովի նախագահի կողմից կարող են դրվել նախագահի տեղակալի կամ Հանձնաժողովի անդամի վրա:
19. Հանձնաժողովի անդամն իրավունք ունի՝
1) նախապես ծանոթանալու Հանձնաժողովի քննարկմանը ներկայացվող հարցերին և փաստաթղթերին.
2) ելույթ ունենալու Հանձնաժողովի նիստում.
3) ներկայացնելու առաջարկություններ և պահանջելու, որ այդ առթիվ անցկացվի քվեարկություն.
4) նիստի մասնակիցներին տալու հարցեր, ստանալու պատասխաններ.
5) Հանձնաժողովի նախագահի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ, խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցելու տեղամասային ընտրական հանձնաժողովների նիստերին, իսկ քվեարկության օրը` ներկա լինելու քվեարկության սենյակում.
6) ծանոթանալու ստացված դիմումներին, բողոքներին, գրություններին և մյուս փաստաթղթերին.
7) հայտնել ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման և անցկացման վերաբերյալ իր կարծիքը:
20. Հանձնաժողովի անդամը պարտավոր է՝
1) իր մասնակցած առաջին նիստում ստորագրել «Ընտրական հանձնաժողովների անդամի պարտականությունները Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան իրականացնելու մասին» պարտավորության տեքստը.
2) կատարել Հանձնաժողովի նախագահի` իր իրավասության սահմաններում տված հանձնարարությունները.
3) մասնակցել Հանձնաժողովի աշխատանքներին և կատարել իր լիազորությունները.
4) մասնակցել Հանձնաժողովի նիստերին և քվեարկությանը.
5) կազմակերպել Հանձնաժողովի քննարկմանն իր կողմից ներկայացվող հարցերի նախապատրաստումը:
Գ Լ ՈՒ Խ 4
Հանձնաժողովի նիստերի հրավիրման ԵՎ անցկացման կարգը
21. Հանձնաժողովի հերթական նիստերն անցկացվում են Հանձնաժողովի նախագահի սահմանած ժամանակացույցով` օրակարգում հարցեր ներառված լինելու դեպքում:
22. Արտահերթ նիստ հրավիրվում է՝
1) Հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ.
2) Հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի գրավոր պահանջով՝ նրանց նշած ժամկետում:
23. Նիստին Հանձնաժողովի անդամների մասնակցությունը նշվում է նիստերի արձանագրությունների և որոշումների գրանցամատյանում, որտեղ յուրաքանչյուրը ստորագրում է իր ազգանվան դիմաց:
24. Նիստերն անցկացվում են Հանձնաժողովի նստավայրում, իսկ անհաղթահարելի խոչընդոտների դեպքում, երբ անհնար է նիստը հետաձգել, Հանձնաժողովի անդամների կեսից ավելիի համաձայնությամբ` այլ վայրում:
25. Նիստերի օրակարգը կազմում է Հանձնաժողովի քարտուղարը՝ Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ և համաձայնությամբ:
26. Նիստի օրակարգում լրացուցիչ հարցեր ընդգրկվում են Հանձնաժողովի նախագահի կողմից կամ Հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի պահանջով:
27. Նիստերին կարող են ներկա լինել`
1) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները.
2) միջազգային և տեղական դիտորդները: Տեղական դիտորդը նիստին կարող է ներկա լինել, եթե դիտորդի վկայականից բացի ունի ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու որակավորման կամ դիտորդական առաքելություն իրականացնելու վկայական.
3) Հանձնաժողովի կողմից հրավիրված անձինք.
4) Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի, համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուն կամ նրա լիազոր ներկայացուցիչը, թեկնածուի գրանցման հարցը քննարկելիս, իսկ գրանցումից հետո` յուրաքանչյուր թեկնածուի, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների մեկական վստահված անձ` խորհրդակցական ձայնի իրավունքով.
5) դիմումատուն (բողոք ներկայացնողը)` իր դիմումի (բողոքի) քննարկման ժամանակ:
28. Հանձնաժողովի անդամները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները, դիտորդները, վստահված անձինք վերնազգեստի վրա պարտադիր կարգով տեսանելի ձևով պետք է կրեն նիստում ներկա լինելու իրավունքը հավաստող վկայական:
29. Նիստում ներկա լինելու իրավունք ունեցող անձինք կարող են մասնակցել համապատասխան հարցի քննարկմանը միայն նիստը վարողի թույլտվությամբ:
Գ Լ ՈՒ Խ 5
Հանձնաժողովի նիստում քննարկումների կազմակերպման ԵՎ որոշումների ընդունման կարգը
30. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է Հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Նիստը վարում է Հանձնաժողովի նախագահը, իսկ նրա հանձնարարության կամ բացակայության դեպքում` նախագահի տեղակալը:
31. Նիստը սկսվում է օրակարգի հաստատումով: Մինչև օրակարգի հաստատումն այլ հարցեր չեն քննարկվում: Օրակարգի հարցերի վերաբերյալ առարկություն լինելու դեպքում առաջարկությունը դրվում է քվեարկության:
32. Նիստը վարողն ընթերցում է օրակարգի հարցերը, անհրաժեշտության դեպքում տալիս պարզաբանումներ, աշխատանքի արդյունավետությունից ելնելով փոխում օրակարգի հարցերի քննարկման հերթականությունը:
33. Նիստում հարցերը քննարկվում են հետևյալ հաջորդականությամբ`
1) որոշման նախագիծը ներկայացնողի զեկուցում.
2) հարցեր զեկուցողին.
3) առաջարկություններ.
4) ելույթներ՝ մինչև 5 րոպե, իսկ նիստ վարողը՝ մինչև 7 րոպե.
5) քվեարկություն:
34. Նիստ վարողը`
1) ելույթների համար, ըստ հերթականության, ձայն է տալիս Հանձնաժողովի անդամներին.
2) զգուշացումներ է անում սույն կանոնակարգը խախտողներին.
3) ուղղում է ելույթներում տեղ գտած փաստական սխալները.
4) ձայն է տալիս հրավիրված անձանց, նիստը խանգարելու դեպքում՝ զրկում խոսքից. նիստը խանգարողներին հեռացնում նիստերի դահլիճից:
35. Նիստի ընթացքում արված նոր առաջարկությունները գրանցում է Հանձնաժողովի քարտուղարը:
36. Նիստում յուրաքանչյուր հարցի վերաբերյալ քվեարկությունը կատարվում է հարցի քննարկման ավարտից հետո:
37. Նիստ վարողն ամփոփում է քննարկումը և քվեարկությունից առաջ ներկայացնում որոշման նախագծի վերաբերյալ արված դիտողություններն ու առաջարկությունները:
Դրանք զեկուցողի կողմից ընդունվելու դեպքում հարցը քվեարկության է դրվում` հաշվի առնելով արված դիտողություններն ու առաջարկությունները:
38. Առաջարկությունները զեկուցողի կողմից չընդունվելու և առաջարկության հեղինակի կողմից ներկայացված տարբերակը պնդելու դեպքում առաջարկություններն առանձին-առանձին դրվում են քվեարկության: Քվեարկության արդյունքում ընդունված առաջարկություններն ընդգրկվում են որոշման նախագծում, և նախագիծը քվեարկության է դրվում ընդունված առաջարկություններով:
39. Յուրաքանչյուր քվեարկությունից առաջ նիստ վարողը կրկնում է քվեարկության դրվող հարցը՝ ճշգրիտ ձևակերպմամբ, հաշվում և բարձրաձայն հայտարարում կողմ կամ դեմ քվեարկած Հանձնաժողովի անդամների թիվը:
40. Քվեարկությունը կարող է կրկնվել, եթե ինչ-որ կերպ խանգարվել է Հանձնաժողովի որևէ անդամի քվեարկությունը:
41. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են Հանձնաժողովի իրավազոր նիստում՝ բաց քվեարկությամբ: Հանձնաժողովի անդամը քվեարկում է անձամբ` կողմ կամ դեմ:
42. Որոշումն ընդունվում է, եթե կողմ է քվեարկել նիստին ներկա հանձնաժողովի անդամների թվի կեսից ավելին, բացառությամբ օրենսգրքով սահմանված դեպքերի:
43. Քվեարկության արդյունքների հիման վրա նիստ վարողը հայտարարում է որոշումն ընդունվելու կամ չընդունվելու մասին:
44. Նիստը համառոտ արձանագրվում է:
Հավելված N 3 ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2011թ. օգոստոսի 11-ի N 55-Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Գ Լ ՈՒ Խ 1
Ընդհանուր դրույթներ
1. Տեղամասային ընտրական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով ընտրական տեղամասում կազմակերպում է քվեարկությունը, ամփոփում քվեարկության արդյունքները:
2. Հանձնաժողովը գործում է օրինականության, կոլեգիալության և հրապարակայնության սկզբունքների հիման վրա:
3. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով (այսուհետ՝ օրենսգիրք), կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներով և սույն կանոնակարգով:
4. Հանձնաժողովն իր լիազորությունների շրջանակներում ընդունում է անհատական իրավական ակտեր:
5. Հանձնաժողովի նիստերը գումարվում են տեղամասային կենտրոնում:
Գ Լ ՈՒ Խ 2
Հանձնաժողովի կազմավորումը ԵՎ աշխատանքների կազմակերպումը
6. Հանձնաժողովը կազմավորվում, Հանձնաժողովի անդամները նշանակվում են օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում: Հանձնաժողովի նախագահը և քարտուղարը նշանակվում են համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշմամբ:
Հանձնաժողովի անդամը Հանձնաժողովում գործում է անկախ և չի ներկայացնում իրեն նշանակողին:
7. Հանձնաժողովի առաջին նիստը տեղամասային կենտրոնում հրավիրվում է Հանձնաժողովի կազմավորման օրվանից հետո` 3-րդ օրը, ժամը 12.00-ին:
8. Հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարի լիազորությունները պաշտոնանկ արվելու հիմքով վաղաժամկետ դադարելու դեպքում Հանձնաժողովի նախագահ կամ քարտուղար նշանակում է համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը` Հանձնաժողովի այլ անդամներից:
9. Հանձնաժողովի անդամի և Հանձնաժողովի նախագահի կամ Հանձնաժողովի քարտուղարի պաշտոնից ինքնաբացարկի մասին դիմումը դիմումատուն ներկայացնում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահին և այդ մասին անհապաղ տեղեկացնում իրեն նշանակողին:
10. Դիմումը պետք է պարունակի դիմումատուի ազգանունը, անունը, հայրանունը, տեղամասային ընտրական հանձնաժողովի համարը, դիմում ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը և ժամը:
11. Հանձնաժողովի անդամները վարձատրվում են ընտրությունների արդյունքներն ամփոփելուց հետո:
12. Վերաքվեարկություն անցկացվելու դեպքում Հանձնաժողովի նախագահին, քարտուղարին և անդամներին լրացուցիչ վարձատրություն չի տրվում:
13. Հանձնաժողովի նախագահին, քարտուղարին կամ անդամին վարձատրություն չի տրվում, եթե նա չի ստորագրել արձանագրությունը, կամ եթե նրա լիազորությունները վաղաժամկետ դադարել են:
14. Տեղամասային ընտրական հանձնաժողովի լիազորությունները դադարում են քվեարկության օրվանից 5 օր հետո, եթե ընտրության արդյունքները չեն բողոքարկվել: Ընտրության արդյունքները բողոքարկվելու և վերաքվեարկություն անցկացվելու դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովի լիազորությունները դադարում են վերաքվեարկության օրվանից 5 օր հետո:
Գ Լ ՈՒ Խ 3
Հանձնաժողովի նախագահի, Հանձնաժողովի քարտուղարի ԵՎ Հանձնաժողովի անդամի իրավունքներն ու պարտականությունները
15. Հանձնաժողովի նախագահը՝
1) կազմակերպում և ղեկավարում է Հանձնաժողովի աշխատանքները.
2) վարում է Հանձնաժողովի նիստերը.
3) հրավիրում է Հանձնաժողովի արտահերթ նիստ` ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի պահանջով.
4) ստորագրում է Հանձնաժողովի որոշումները, նիստերի արձանագրությունները, Հանձնաժողովի ելից փաստաթղթերը.
5) ապահովում է օրենսգրքով և կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներով նախատեսված պահանջների կատարումը, անհրաժեշտ կարգ ու կանոն հաստատում տեղամասային կենտրոնում.
6) փակցնում է ընտրողների ցուցակի, այդ թվում` լրացուցիչ ցուցակների օրինակը, տեղամասային կենտրոնում՝ բոլորի համար տեսանելի տեղում.
7) ստորագրում և կնքում է Հանձնաժողովի կազմած ընտրողների լրացուցիչ ցուցակի յուրաքանչյուր էջ, նշում լրացուցիչ ցուցակում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը.
8) հայտարարում է քվեարկության սկիզբը և ավարտը.
9) կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով կազմակերպում է տեղամասային կենտրոնի տեղակայման շենքի մոտ գտնվող շարժասայլակով տեղաշարժվող ընտրողի քվեարկությունը.
10) հրապարակում է ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրությունը, արձանագրության մեկ օրինակը փակցնում տեղամասային կենտրոնում.
11) հանձնաժողովի կնիքը, դրոշմակնիքը, գրանցամատյանը, քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրության 2 օրինակները, ընտրական փաստաթղթերի պարկը և քվեատուփը ներկայացնում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողով.
12) իրականացնում է օրենսգրքով և սույն կանոնակարգով նախատեսված այլ լիազորություններ:
16. Հանձնաժողովի քարտուղարը՝
1) փոխարինում է Հանձնաժողովի նախագահին նրա հանձնարարությամբ կամ բացակայության ընթացքում.
2) Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ իրականացնում է Հանձնաժողովի նախագահին վերապահված որոշակի լիազորություններ.
3) նախապատրաստում է Հանձնաժողովի նիստերը.
4) ստորագրում է Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.
5) իրականացնում է օրենսգրքով և սույն կանոնակարգով նախատեսված այլ լիազորություններ:
17. Հանձնաժողովի քարտուղարի բացակայության ընթացքում նրա լիազորությունները Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ կարող է կատարել Հանձնաժողովի այլ անդամ:
18. Հանձնաժողովի անդամն իրավունք ունի՝
1) նախապես ծանոթանալու Հանձնաժողովի քննարկմանը ներկայացվող հարցերին և փաստաթղթերին.
2) ելույթ ունենալու Հանձնաժողովի նիստում.
3) ներկայացնելու առաջարկություններ և պահանջելու, որ այդ առթիվ անցկացվի քվեարկություն.
4) նիստի մասնակիցներին տալու հարցեր, ստանալու պատասխաններ.
5) ծանոթանալու ստացված դիմումներին, բողոքներին, գրություններին և մյուս փաստաթղթերին.
6) հայտնելու ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման և անցկացման վերաբերյալ իր կարծիքը:
19. Հանձնաժողովի անդամը պարտավոր է՝
1) իր մասնակցած առաջին նիստում ստորագրել «Ընտրական հանձնաժողովների անդամի պարտականությունները Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան իրականացնելու մասին» պարտավորության տեքստը.
2) կատարել Հանձնաժողովի նախագահի` իր իրավասության սահմաններում տված հանձնարարությունները.
3) մասնակցել Հանձնաժողովի աշխատանքներին և կատարել իր լիազորությունները.
4) մասնակցել Հանձնաժողովի նիստերին և քվեարկությանը:
Գ Լ ՈՒ Խ 4
Հանձնաժողովի նիստերի հրավիրման ԵՎ անցկացման կարգը
20. Հանձնաժողովների հերթական նիստերը գումարում են օրենսգրքով սահմանված դեպքերում և ժամկետում:
21. Հանձնաժողովի արտահերթ նիստ հրավիրում է Հանձնաժողովի նախագահը` ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի պահանջով:
22. Նիստին Հանձնաժողովի անդամների մասնակցությունը նշվում է Հանձնաժողովի գրանցամատյանում, որտեղ յուրաքանչյուրն ստորագրում է իր ազգանվան դիմաց:
23. Նիստերն անցկացվում են տեղամասային կենտրոնում:
24. Նիստերի օրակարգը սահմանված է օրենսգրքով:
25. Առաջին նիստում Հանձնաժողովի անդամները ստորագրում են «Ընտրական հանձնաժողովների անդամի պարտականությունները Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան իրականացնելու մասին» պարտավորության տեքստը:
26. Քվեարկության նախորդ օրվա նիստում Հանձնաժողովը վիճակահանությամբ որոշում է քվեաթերթիկները ստորագրող հանձնաժողովի երեք անդամների, որոնք պարտավոր են այդ օրը` մինչև ժամը 24.00-ն, կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով ստորագրել կամ սեփական դրոշմով դրոշմել կամ անհատական կնիքով կնքել բոլոր քվեաթերթիկները և ընտրողների ցուցակների բոլոր էջերը:
27. Քվեարկության օրը Հանձնաժողովն անցկացնում է երկու նիստ`
1) ժամը 7.00-ին, որի ժամանակ Հանձնաժողովը վիճակահանությամբ որոշում է ընտրողների գրանցումն իրականացնող, քվեաթերթիկներ և քվեարկության ծրարներ հատկացնող, քվեարկության ծրարների կնքման և քվեատուփի համար պատասխանատու անդամներին, համապետական ընտրությունների ժամանակ նաև շրջիկ արկղի միջոցով քվեարկություն անցկացնող առնվազն մեկ անդամին և Հանձնաժողովի անդամների` 2 ժամը մեկ պարբերականությամբ գործառույթների հերթափոխը.
2) քվեարկության ավարտից հետո` ժամը 20.00-ին, որի ժամանակ Հանձնաժողովը սկսում է քվեարկության արդյունքների ամփոփումը:
28. Նիստերին կարող են ներկա լինել`
1) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները.
2) միջազգային և տեղական դիտորդները: Տեղական դիտորդը նիստին կարող է ներկա լինել, եթե դիտորդի վկայականից բացի ունի ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու որակավորման կամ դիտորդական առաքելություն իրականացնելու վկայական.
3) կենտրոնական և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամները.
4) յուրաքանչյուր թեկնածուի, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների մեկական վստահված անձ` խորհրդակցական ձայնի իրավունքով.
5) թեկնածուն` միայն տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփման նիստին:
29. Հանձնաժողովի անդամները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները, դիտորդները, վստահված անձինք վերնազգեստի վրա պարտադիր կարգով տեսանելի ձևով պետք է կրեն նիստում ներկա լինելու իրավունքը հավաստող վկայական:
Գ Լ ՈՒ Խ 5
Հանձնաժողովի նիստում քննարկումների կազմակերպման, որոշումների ընդունման ԵՎ արձանագրությունների կազմման կարգը
30. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է Հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Նիստը վարում է Հանձնաժողովի նախագահը, իսկ նրա հանձնարարության կամ բացակայության դեպքում` Հանձնաժողովի քարտուղարը:
31. Նիստում հարցերը քննարկվում և գործառույթներն իրականացվում են օրենսգրքով և կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներով սահմանված հաջորդականությամբ և կարգով:
32. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են Հանձնաժողովի իրավազոր նիստում՝ բաց քվեարկությամբ: Հանձնաժողովի անդամը քվեարկում է անձամբ` կողմ կամ դեմ:
33. Որոշումն ընդունվում է, եթե կողմ է քվեարկել նիստին ներկա հանձնաժողովի անդամների թվի կեսից ավելին, բացառությամբ օրենսգրքով սահմանված դեպքերի:
34. Քվեարկության ավարտից հետո՝ մինչև ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրություն կազմելը, Հանձնաժողովի նիստը չի կարող ընդհատվել:
35. Հանձնաժողովը քվեարկության արդյունքների ամփոփման նիստի վերջում, բայց ոչ ուշ, քան քվեարկության ավարտից 10 ժամ հետո, ավարտում է տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրության կազմումը: Արձանագրությունը կազմվում է չորս օրինակից: