ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հունիսի 2011 թվականի N 973-Ն
ԳՈՐԻՍ ՔԱՂԱՔՈՒՄ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Գորիս քաղաքը հայտարարել զբոսաշրջային կենտրոն:
2. Հաստատել Գորիս քաղաքի զարգացման ծրագրի հայեցակարգային նպատակները և գերակա խնդիրները` համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Գորիս քաղաքի պատմամշակութային հիմնավորման նախագիծը և քաղաքի պատմական տարածքի, նրա առանձին հատվածների վերակառուցման և օգտագործման հայեցակարգը:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին`
1) սույն որոշման 3-րդ կետով նախատեսված հիմնավորումը և հայեցակարգը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում ապահովել Գորիս քաղաքում զբոսաշրջության զարգացման ծրագրի մշակումը և այն Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը` Գորիս քաղաքի զարգացման ծրագրի հայեցակարգային նպատակներին և գերակա խնդիրներին համապատասխան` հաշվի առնելով Գորիս քաղաքի պատմամշակութային հիմնավորման նախագիծը և քաղաքի պատմական տարածքի, նրա առանձին հատվածների վերակառուցման և օգտագործման հայեցակարգը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի N 967-Ն որոշումը.
2) Գորիս քաղաքում զբոսաշրջության զարգացման ծրագրի մշակման գործընթացում ապահովել բոլոր շահագրգիռ կողմերի համագործակցությունը, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև միջազգային փորձագետների ներգրավումը։
5. Սահմանել, որ`
1) Գորիս քաղաքում զբոսաշրջության զարգացման ծրագիրը մշակվում է` հիմք ընդունելով Գորիս քաղաքի գլխավոր հատակագիծը.
2) անհրաժեշտության դեպքում Գորիս քաղաքի գլխավոր հատակագծում կարող են կատարվել փոփոխություններ` Գորիս քաղաքի պատմամշակութային հիմնավորմանը համապատասխան:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետՏ. Սարգսյան
2011 թ. հուլիսի 19
Երևան
Հավելված |
ԳՈՐԻՍ ՔԱՂԱՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Գորիս քաղաքի զարգացման ծրագրի հայեցակարգային նպատակները բխում են զբոսաշրջության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության որդեգրած պետական քաղաքականության նպատակներից` ամրագրված 2008 թվականի փետրվարի 13-ին Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած զբոսաշրջության զարգացման հայեցակարգով` այն է ավելացնել զբոսաշրջային արդյունաբերության ներդրումն ազգային եկամտի ավելացման, համաչափ տարածքային զարգացման, բնակչության կենսամակարդակի բարձրացման և աղքատության նվազեցման գործընթացում` պայմանավորված՝
1) զբոսաշրջային այցելությունների թվի աճով.
2) զբոսաշրջությունից ստացված եկամտի ավելացմամբ.
3) աշխատատեղերի ստեղծմամբ:
2. Հայաստանի զբոսաշրջային ռեսուրսների արդյունավետ օգտագործմամբ նոր, մրցունակ զբոսաշրջային ուղղությունների զարգացման, զբոսաշրջային սեզոնի երկարաձգման միջոցով Հայաստանի զբոսաշրջային մրցունակության բարձրացումը, Հայաստանի համայնքներում զբոսաշրջության զարգացումը զբոսաշրջության բնագավառում վարվող պետական քաղաքականության նպատակների իրականացմանն ուղղված հիմնական խնդիրներից են:
3. Իր բնակլիմայական պայմաններով, պատմամշակութային և ազգագրական առանձնահատկություններով ու ավանդույթներով և արդեն իսկ զարգացող ենթակառուցվածքներով Գորիս քաղաքը լուրջ հեռանկար ունի զբոսաշրջային կենտրոն դառնալու և Հայաստանի զբոսաշրջային արդյունաբերության մեջ իր ուրույն տեղն ու դերն ունենալու:
4. Գորիսն իր աշխարհագրական դիրքով ունի առանձնահատուկ բնություն, ինչը նպաստավոր պայմաններ կստեղծի էկոլոգիական և արկածային զբոսաշրջության զարգացման համար:
5. Հաշվի առնելով Գորիսում գոյություն ունեցող մշակութային հուշարձանների բնույթը, գեղարվեստական արժեքը, առանձին հուշարձանների և հուշարձանախմբերի` ժամանակակից կյանքի գործնական պահանջների համար օգտագործելու հնարավորությունները, քաղաքում զբաղեցրած դիրքը, ինչպես նաև, ելնելով նրանց ապագա օգտագործման, շրջապատող տարածքների գործառական ճիշտ կազմակերպման տեսանկյունից՝ հնարավոր է Գորիսի պատմական կենտրոնում ստեղծել քաղաքի էությանը համապատասխան մշակութային գոտի` «Հին Գորիս» պատմամշակութային արգելոցը:
6. Գորիսի արժեքավոր հուշարձաններից հատկապես առանձնանում է հին Գորիսը` վաղ շրջանի ամրոցով, ժայռափոր բնակելի և հասարակական համալիրներով, «քերծերով», «Քրատակներով» եկեղեցին, դպրոցը, տպարանը, «Պասսաժի» խանութները, հյուրանոցը, լիմոնադի գործարանը, բաղնիքը, Միրումյանների, Յոլյանների ու Բադիրյանների առանձնատները:
7. Գորիսը, հանդիսանալով միջազգային տարանցիկ ճանապարհների ակտիվ կենտրոն, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաև հարևան Իրանի համար լավագույն հնարավորություններ ունի վերածվելու նաև տարանցիկ զբոսաշրջային գոտու` իր յուրօրինակ բնական հանգստի գոտիներով և մշակութային միջավայրում հյուրընկալության կազմակերպման առանձնահատկություններով:
8. Զբոսաշրջային կենտրոնի զարգացման նպատակներից է նաև տեղի բնակչության հոգևոր-կրթական մակարդակի բարձրացումը, մարզում մշակութային կյանքի ակտիվացումը, արժևորումը:
II. ԳՈՐԻՍ ՔԱՂԱՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
9. Գորիս քաղաքի զարգացման ծրագրի հայեցակարգային նպատակներն են` մինչև 2016 թվականը`
1) Գորիս քաղաքը միջազգային չափանիշներին համապատասխանող, տարվա չորս եղանակի զբոսաշրջային կենտրոն դարձնելը` զարգացնելով այն որպես`
ա. մշակութային զբոսաշրջության կենտրոն,
բ. այլընտրանքային և արկածային զբոսաշրջության կենտրոն,
գ. էկոլոգիական զբոսաշրջության կենտրոն,
դ. համահայկական, ինչպես նաև միջազգային մանկապատանեկան և երիտասարդական ճամբարատեղի.
2) նպաստել Գորիս քաղաքի մշակութային կյանքի ակտիվացմանը, աղքատության հաղթահարմանը, մարզի համայնքներում կենսամակարդակի բարձրացմանը՝ արդի պետական քաղաքականության իրականացման համատեքստում.
3) զբոսաշրջային կենտրոնի զարգացումը կպլանավորվի և կիրականացվի այնպես, որ տեղի մշակութային ժառանգությունն առաջին հերթին կարժևորվի և պատշաճ կերպով կպահպանվի հենց տեղի բնակչության կողմից, զբոսաշրջային կենտրոն, որտեղ հենց համայնքի անդամներն ավանդական եղանակներով կներկայացնեն նախնիներից իրենց հասած ժառանգությունը` միաժամանակ զարգացնելով սպասարկման, հյուրընկալության, առևտրի, հուշանվերների արդյունաբերության ոլորտները և ստեղծելով եկամուտների այլընտրանքային աղբյուրներ:
III. ԳՈՐԻՍ ՔԱՂԱՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ
10. Գորիս քաղաքի զարգացման ծրագրի գերակա խնդիրներն են`
1) զարգացնել մշակութային մասնակցողական զբոսաշրջությունը Գորիս քաղաքում և հարակից համայնքներում: Զբոսաշրջային արդյունաբերության զարգացումը Գորիսում հատկապես կարևոր խթան կարող է հանդիսանալ Գորիսին կից համայնքներում ամբողջական պահպանվող գյուղ-թանգարաններ հիմնելու համար: Որպես հատուկ ազգային ինքնության ներկայացման և գրավիչ զբոսաշրջային օջախներ` վերջինները, հյուրընկալելով զբոսաշրջիկներին, իրենցում պահպանված կենցաղով ու ավանդական մշակութային կացութաձևերով կարող են հնարավորություն տալ այցելուներին ներգրավվել հաղորդակցության ինտերակտիվ միջավայր, գործնականում շփվել պահպանված մշակութային շերտերի և նրանց կրողների հետ.
2) ճանաչողական և կրթական մշակութային զբոսաշրջության համար իբրև կենտրոններ վերցնել Սյունիքի մարզի գյուղերը` Տաթևը, Խնձորեսկը, Հալիձորը, Քարահունջը, որտեղ ավելի լավ են պահպանված անցյալից եկող, ոչ նյութական ժառանգության մաս կազմող Գորիսի շրջանին բնորոշ ավանդույթները, կենցաղը, բարբառը, խոհանոցը և այլն.
3) մշակութային հուշարձանների հանդեպ հատուկ վերաբերմունքի ձևավորումը` «Հին Գորիս» արգելոցի ստեղծումը, ինչպես նաև առանձին կառույցների` տուն-թանգարանների, հուշատուն-արվեստի կենտրոնների հիմնումը և առկա գործող թանգարանների ու մշակութային օջախների գործունեության համապատասխան միջազգային որակի ապահովումը.
4) վերջերս Գորիսում շահագործման հանձնված սրտաբանական կենտրոնը, որն իր սարքավորումներով ու բուժտեխնիկայով անգամ գերազանցում է մայրաքաղաքային շատ բուժհաստատությունների՝ բուժական կարևոր կենտրոն կարող է դառնալ ոչ միայն Հայաստանի հարավային մարզերի ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, այլև ամբողջ հանրապետության համար.
5) ժայռափոր Գորիսի տարածքում յուրօրինակ զբոսաշրջային հանգրվանի ստեղծումը.
6) Գորիսը և ֆրանսիական Վիեն քաղաքները հայտարարվել են քույր-քաղաքներ: Համագործակցության այս հարթությունը հնարավորություն է ընձեռում իրականացնելու զբոսաշրջություն խթանող համատեղ ծրագրեր երկու քաղաքների միջև` երիտասարդական կրթական ու կամավորական ծրագրերով փոխանակում, համատեղ ֆորումներ, սեմինար-քննարկումների անցկացում և այլն, ինչը ևս կնպաստի Գորիսում մեծ թվով օտարերկրյա զբոսաշրջիկների ընդունման, սեփական մշակույթի ծանոթացման ու հանրահռչակման համար.
7) քաղաքի ենթակառուցվածքների զարգացումը` քաղաքի ազգային նկարագրին, առանձնահատկություններին ու ավանդույթներին, պատմամշակութային ժառանգությանը հարիր, միջազգային չափանիշներին համապատասխանող, լիարժեք ավարտված, խնամված և գրավիչ ճարտարապետական միջավայրին համապատասխան.
8) քաղաքի տրանսպորտային համակարգի, այլընտրանքային ճանապարհների բարելավումը.
9) Գորիսի օդանավակայանի վերագործարկումը.
10) քաղաքում առանձին ծառայություններով մասնագիտացված թաղամասերի, փողոցների, ինչպես նաև ավանդական արհեստագործական շարքի ձևավորումը.
11) քաղաքը համահայկական, ինչպես նաև միջազգային մանկապատանեկան և երիտասարդական ճամբարատեղի դարձնելը.
12) մարդկային ռեսուրսների զարգացումը` ապահովելով կադրերի շարունակական պատրաստումը և վերապատրաստումը.
13) քաղաքի` որպես տարվա չորս եղանակների, գրավիչ ու բարենպաստ զբոսաշրջային կենտրոնի նկարագրի ձևավորումը և այն միջազգային շուկայում պատշաճ ներկայացնելը.
14) նախադրյալների ստեղծումը` քաղաքի բնության ռեկրեացիոն ռեսուրսների պահպանության և կայուն օգտագործման համար.
15) քաղաքում երաժշտական, գորգագործական և այլ մշակութային մրցութային փառատոների անցկացումը և դրանով իսկ քաղաքի վարկանիշի բարձրացումը, մասնավոր ներդրումների ավելացման քաղաքականության խթանումը:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |